Գարեգին Նժդեհի խորհրդածությունների և հոդվածների այս հրատարակությունը գրական արևելահայերեն է և ունի պատշաճ ծանոթագրություններ: Ժողովածուում Նժդեհը շարունակ դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության, և անցյալի պատմական անձանց ու դիպվածների քննությամբ անդրադառնում մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Հեղինակը խոսում է ռազմարվեստի փիլիսոփայությունից, խրախուսում Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը և զարգացումը՝ ապագայի պատերազմներում գերակա համարելով զենքը, այլ ոչ՝ մարդուժը: Գրքում շեշտվում է ժողովուրդների ինքնակազմակերպումն ու հավաքական պայքարը, որովհետև այդպես մենք «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»: Կարևորելով խոսքի արժեքը, քննադատելով բարոյական անկումը, մատնացույց անելով դամոկլյան սրի պես մեր ժողովրդի գլխին կախված թրքական վտանգը՝ Նժդեհն ընդգծում է հոգևոր հայրենիքի փայփայման կարևորությունը՝ որպես կորսված նյութական հայրենիքի վերադարձի միակ նախապայման: