Ալեքսանդր Թոփչյան

Page 1

1 ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

ԱՐԴԱՐ ԴԱՏԱՍՏԱՆ Բեմը ներկայացնում է մի հարթակ, որտեղ դրված է մի սեղան և մեկ բազկաթոռ, որին հանդիսավորությամբ բազմել է ԱՌՅՈՒԾԸ: Վարը, որոշ տարածության վրա, տեղավորվել են մյուս գազանները՝ ով ինչպես և որտեղ կարող է: ԱՌՅՈՒԾ(դիմելով Աղվես-քարտուղարին) - Ի՞նչ բողոքներ ունենք այսօրվա ատյանի համար: ԱՂՎԵՍ - Շատ չեն, Ձերդ առյուծարքայություն, ընդամենը երկու բողոք: ԱՌՅՈՒԾ - Կարդա, տեսնենք: ԱՂՎԵՍ - Առաջին բողոքը ոչխարներից է… ԱՌՅՈՒԾ(զարմացած) - Նորի՞ց: ԱՂՎԵՍ - Այո, դարձյալ, Ձերդ փառահեղաբաշություն, գայլերից են բողոքում, գրել են, թե հանգիստ չունեն նրանց երեսից և խնդրում են արդար ու խիստ միջոցներ կիրառել: ԱՌՅՈՒԾ(դժգոհ, դիմելով Խոյին) - Լսի՛ր, ոչխար… ԽՈՅ(արժանապատվությամբ) - Ես ոչխար չեմ, ես խոյ եմ: ԱՌՅՈՒԾ(վրդովված) - Միևնույն է, ոչխար ես: Համը հանեցիք, ամեն անգամ ձեր բողոքներն ենք քննարկում և ամեն անգամ՝ գայլերի դեմ, ի՜նչ անհաշտ նկարագիր ունեք դուք՝ ոչխարներդ, չեք կարո՞ղ, ինչ է, հաշտ ու խաղաղ ապրել կողք-կողքի: Լեզու գտեք իրար հետ, վերջապես, օրինակ՝ ես, հրաշալի հարաբերություններ եմ հաստատել վագրերի հետ, մեկս մյուսից դժգոհելու ոչ մի պատճառ չունենք: Ճի՞շտ է, վագր եղբայր: ՎԱԳՐ(մռնչալով) - Ուաաաաա, ճիշտ է, մեծ եղբայր, մենք տարբեր տեղերում ենք որս անում, ուաաաա… ԱՌՅՈՒԾ - Ահա, տեսա՞ք: Իսկ դուք շարունակ բախումների մեջ եք: ԽՈՅ - Մենք խաղաղ ենք, մենք մեզ համար արածում ենք, բայց գայլերը շարունակ հարձակվում են և լուրջ վնասներ պատճառում մեզ: Մինչդեռ մենք երբեք չենք հարձակվել գայլերի վրա, հետևաբար ոչ մի վնաս չենք պատճառել նրանց: ԳԱՅԼ - Սո՜ւտ է, դուք ամենավտանգավոր, ամենաագրեսիվ և ամենանենգ կենդանիներն եք, և եթե դուք չլինեիք, մենք՝ բոլոր գազաններս հաշտ ու խաղաղ կապրեինք իրար հետ, մինչդեռ… ԱՌՅՈՒԾ(դժգոհ, ընդհատում է) - Ես քեզ ձայն չեմ տվել: ԱՂՎԵՍ(մեղրածոր) - Բայց նա բողոք ունի, Ձերդ սաստկամռնչություն, և շա՜տ լուրջ: ԱՌՅՈՒԾ - Ո՞ւմ դեմ է բողոքում: ԱՂՎԵՍ - Ոչխարների, և շատ հետաքրքիր փաստաթուղթ է, կարելի է ասել՝ նոր խոսք է իրավագիտության մեջ, և Ձերդ անաչառամտությանը լայն հնարավորություններ է ընձեռում առավել արդար վճիռներ հանելու:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.
Ալեքսանդր Թոփչյան by Ani Mardoyan - Issuu