Դեկտեմբեր 2016 #5 (41)

Page 35

Իսթ Քիլբրայդ, Շոտլանդիա

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Շոտլանդիայում մեծ խնդիր առաջացավ՝ կապված անօթևան բնակչության հետ: Հենց այդ պատճառով էլ նախաձեռնվեց նոր սպուտնիկ-քաղաքների հիմնում (այսպես կոչված՝ New Towns՝ «Նոր քաղաքներ» ծրագիրը), որտեղ կապահովվեին բոլոր պայմանները նոր կյանք ստեղծելու համար: Ընդհանուր առմամբ կառուցվեց քսանից ավելի այդպիսի քաղաք: Դրանցից ամենախոշորը Իսթ Քիլբրայդն է, որը գտնվում է Գլազգոյից 13 կիլոմետր հեռավորության վրա: Իսթ Քիլբրայդը ունի մոտ 100 000 բնակչություն: 1947 թվականին զրոյից ստեղծված քաղաքում արդեն գործում է 30 եկեղեցի, բավական զարգացած տրանսպորտային կապ, ֆուտբոլային թիմ և առհասարակ ամեն ինչ, որպեսզի քաղաքացին իրեն զգա ժամանակակից բրիտանական քաղաքի բնակչի պես:

Թել Ավիվ, Իսրայել

Իսրայելի ոչ պաշտոնական մայրաքաղաքը նույնպես հիմնադրվել է պլանային սկզբունքով՝ 1909 թվականին: Ի սկզբանե այն առաջացավ որպես փոքրիկ բնակավայր, իսկ 1948 թվականին, անկախություն ձեռքբերումից հետո, այնտեղ կենտրոնացվեց նորաստեղծ պետության հիմնական ֆինանսական և տեխնոլոգիական ներուժը: 1950 թվականին Թել Ավիվը միաձուլվեց Յաֆֆա քաղաքի հետ, որի արվարձանն էր կազմում ի սկզբանե: Հետաքրքիր է, որ Թել Ավիվում են գտնվում նաև բոլոր դեսպանատներն ու հյուպատոսությունները՝ չնայած այն փաստին, որ Իսրայելի մայրաքաղաքը Երուսաղեմն է: Ընդհանուր առմամբ 20-րդ դարում Իսրայելում հիմնվել է 30 քաղաք, որոնցից 19-ը պլանային են, այսինքն՝ արհեստական ստեղծված ինչ-որ նպատակով նախկինում ոչ բնակեցված տարածքներում: Թել Ավիվի այսպես կոչված Սպիտակ քաղաքը՝ շուրջ 4000 շինություններից բաղկացած թաղամասը, կառուցել են նացիստական Գերմանիայից գաղթած հրեա ճարտարապետները՝ կիրառելով այն ժամանակ շատ տարածված Բաուհաուս դպրոցի նորարարական գաղափարները: 2003-ին Սպիտակ քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության մշակութային ժառանգության ցանկի մեջ:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.