Ara Gasparyan, France under the rule of napoleon bonaparte from 1799 to 1814

Page 1


ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

ԱՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՖՐԱՆՍԻԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ (1799-1814) (ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԸ) Պատմության ֆակուլտետի պատմություն մասնագիտության բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐ

ԵՐԵՎԱՆ ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ 2013

1


ՀՏԴ 93/99 (042.4) ԳՄԴ 63.3 g7 Գ 316

Հրատարակվում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Գիտական խորհրդի որոշմամբ

Խմբագիր՝ պ.գ.դ., պրոֆ. Ալբերտ Ստեփանյան Գասպարյան Արա Գ 316

Ֆրանսիան Նապոլեոն Բոնապարտի կառավարման տարիներին (17991814) / Ա. Գասպարյան; ԵՊՀ.- Եր.: ԵՊՀ հրատ., 2013, 48 էջ: Դասախոսության մեջ ներկայացվում են Բոնապարտի կողմից Ֆրանսիայի ներքին իրողությունների համակարգային վերափոխման և պետական կարգի արդիականացման ուղիները: Մասնավորապես քննարկվում են Ֆրանսիայի կառավարման նոր համակարգը, վարչական աստիճանակարգային (հիերարխիկ) տարաբաժանումները, իրավական վերափոխումները, հանրային հարկադրանքի և համաձայնության մեխանիզմները, ֆինանսատնտեսական հաստատությունները, կրթական համակարգը, կրոնական հիմնահարցի ու քաղաքացիական կոնֆլիկտների հանգուցալուծումները և Բոնապարտի վարչակարգի սոցիալական կարգավորումները: The lecture introduces systemic reforms of French internal realities and modernization of state governance by Bonaparte. It particularly states the new governing system of France, administrative hierarchic structure, legal reforms, mechanisms of public consent and coercion, financial and economical institutions, educational system, resolutions of religious and civil conflicts and social settlement of Bonaparte’s regime. Napoleon’s domestic achievements were successful and served to stabilize and further development of the Frances as a modern nation. Лекция представляет системные реформы внутренних реалий и модернизацию государственного строя Франции. Детально обсуждается новая структура правления Франции, административно-иерархическая структура, правовые реформы, механизмы социального принуждения и согласия, финансовые и экономические учреждения, система образования, решения религиозного вопроса и гражданских конфликтов и социальное переустройство Бонапарта. Внутриполитические достижения Бонапарта были удачными и помогли стабилизировать и продвинуть развитие французов как современную нацию.

ISBN 978-5-8084-1754-0

ՀՏԴ 93/99 (042.4) ԳՄԴ 63.3 ó7 © Գասպարյան Արա, 2013 © ԵՊՀ հրատարակչություն, 2013

2


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Դասախոսության կառույցը ................................................................................... 5 Դասախոսության նպատակը ................................................................................. 5 Թեմա 1. Ճանապարհ դեպի իշխանություն ....................................................... 8 Թեմա 2. Իշխանության համակարգի վերափոխումը .................................. 12 ԹԵՄԱ 3. Ֆինանսատնտեսական վերափոխումները .................................. 18 Թեմա 4. Կրթակական համակարգի վերափոխումը .................................... 23 Թեմա 5. Իրավական վերափոխումները .......................................................... 25 Թեմա 6. Հարկադրանքի արդիականացումը .................................................. 28 Թեմա 7. Ռազմական նորարարությունները ................................................... 31 Թեմա 8. Սոցիալական կարգավորման քաղաքականությունը ................. 37 Ա Մ Փ Ո Փ ՈՒ Մ ......................................................................................................... 41 ՀԱՆՁՆԱՐԱՐՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ .............................................................. 47

3


4


Դասախոսության կառույցը  Ճանապարհ դեպի իշխանություն  Իշխանության համակարգի վերափոխումը  Ֆինանսատնտեսական վերափոխումները  Կրթակական համակարգի վերափոխումը  Իրավական վերափոխումները  Հարկադրանքի արդիականացումը  Ռազմական նորարարությունները  Սոցիալական կարգավորման քաղաքականությունը  Ամփոփում Դասախոսության նպատակն է՝ ներկայացնել Նապոլեոն Բոնապարտի կողմից Ֆրանսիայի ներքին իրողությունների համակարգային վերափոխման և պետական կարգի արդիականացման ուղիները: Դրանք Ֆրանսիային հնարավարություն ընձեռեցին հեղափոխության փորձարարություններից ու (երբեմն էլ քաոտիկ կառավարումից) անցնել իշխանության նոր մոդելի և ներքին ռեսուրսների կենտրոնացման հաշվին կրկին հեգեմոն դերակատարություն ստանձնել Եվրոպայում: Դասախոսության մեջ քննարկվում են Ֆրանսիայի կառավարման նոր համակարգը, վարչական աստիճանակարգային (հիերարխիկ) տարաբաժանումները, իրավական վերափոխումները, հանրային հարկադրանքի և համաձայնության մեխանիզմները, ֆինանսատնտեսական հաստատությունները, կրթական համակարգը, կրոնական հիմնահարցի ու քաղաքացիական կոնֆլիկտների հանգուցալուծումները և Բոնապարտի վարչակարգի սոցիալական կարգավորման քաղաքականությունը: Ն. Բոնապարտի ներքին քաղաքականությանն անդրադառնալիս երբեմն նապոլեոնյան շրջանի ֆրանսիական սոցիումում հեղափոխության ձեռքբերումների ամրագրման և շարունակականության պարզունակ հարցադրում է արվում, որի մասնակի պատասխանը պայմանավորում են այդ ժամանակահատվածի իրողությունների ու հեղափոխության տարբեր փուլերի համադրմամբ: Մի դեպքում շարունակականությունը դիտարկվում է հեղափոխության չափավոր փուլի՝ 1789-1792 թվականների Ազգային և Օրենսդիր ժողովների ձեռքբերումների համատեքստում, մյուս դեպքում այն դիտարկվում է 1789-1799 թվականներին մեկը մյուսին փոխարինած վարչակարգերի՝ այդ թվում նաև յակոբինյան ահաբեկչական դիկտատուրայի 5


Նապոլեոնյան կայսրությունը 1804-1815 թթ.

ձեռքբերումների համատեքստում: Նապոլեոն Բոնապարտին որպես հեղափոխության ժառանգորդ համարողները կարծում են, որ հեղափոխության սկզբնական կառուցողական (կոնստրուկտիվ) ձեռքբերումները խաթարվել ու վտանգվել էին Կոնվենտի և Դիրեկտորիայի կառավարման տարիներին ու առաջին կոնսուլ Բոնապարտն է ավարտին հասցրել և ամրագրել հեղափոխական գործընթացները: Այս մոտեցման ընդդիմախոսներն ընդունելով, որ Բոնապարտի ներքին վերափոխումները տրամաբանական շարունակությունն են սահմանադրական միապետության շրջանի վերափոխումների՝ միաժամանակ համարում են, որ նապոլեոնյան Ֆրանսիայի քաղաքական հաստատությունները, ընդիմության նկատմամբ վերաբերմունքը, հանրային կարծիքի վերահսկողությունը, վարչարարության ավանդույթներն ուղղակի հակասության մեջ են 1789 թվականի գաղափարների հետ: Բոնապարտին նույնացնում են 18-րդ դարի լուսավորյալ միապետներ Ֆրիդրիխ Մեծի և Հովսեփ II-ի հետ, երբեմն էլ համարում են 20-րդ դարի դիկտատորների նախատիպ՝ նկատի ունենալով ռեժիմների՝ որպես իշխանության հիմնական հաստատությունների տիպական գործառնությունների,

6


օգտագործող ռեսուրսների, կիրառող հարկադրանքի միջոցների ընդհանրությունը: Ինչևէ, Բոնապարտի իշխանության հաստատմամբ Ֆրանսիայում կատարվեց հեղափոխական գործընթացների արդյունքում ձևավորված սոցիալական, իրավական, տնտեսական նոր իրողությունների և բացարձակ քաղաքական իշխանության համադրում, որի արդյունքում Ֆրանսիան Եվրոպայում շարունակեց հեգեմոնիան և դարձավ գերակա տերություն: Արդիական պետության գաղափարը, որը ենթադրում է նաև ամբողջ երկրի տարածքում բոլոր քաղաքացիների նկատմամբ միատեսակ օրենսդրություն կիրառող կենտրոնացված վարչակարգ, Բոնապարտի կառավարման ընթացքում ստացավ իրական մարմնավորում: Արդիական պետության հիմնատարրերը ձևավորվել էին դարերի ընթացքում և ոչ միայն Ֆրանսիայում: Բայց հեղափոխության հավասարարեցման և միատեսականացման քաղաքականությունն էր՝ հատկապես յակոբինյան կտրուկ մեթոդներն ու Բոնապարտի ամուր դիկտատուրան, որ քսան տարում քայքայեց մասնավոր և տեղական առանձնահատկությունների համակարգը, որի դեմ, Ռիշիելյեից սկսած, փոփոխական հաջողություններով պայքարում էր «Հին ռեժիմը»:

7


Թեմա 1. Ճանապարհ դեպի իշխանություն Նապոլեոն Բոնապարտը ծնվել է 1769 թվականի օգոստոսի 15-ին աղքատ ազնվականի ընտանիքում, Կորսիկա կղզում, որը դրանից մեկ տարի առաջ Ջենովայից անցել էր Ֆրանսիայի տիրապետության տակ: Տասը տարեկանում նա ընդունվել է Բրիեննի (Շամպայն) Թագավորական ռազմական ակադեմիան և 1784 թվականին ավարտել է այն՝ ստանալով հրետանու կրտսեր լեյտենանտի կոչում: Անկախ ընդունակություններից և աշխատասիրությունից, Նապոլեոնը հայտնվել էր օտար սոցիալական միջավայրում և չունենալով համապատասխան սոցիալական կապեր ֆրանսիական «Հին վարչակարգի» օրոք ռազմական կարիերայում առաջխաղացման մշուշոտ հեռանկարներ ուներ: Ֆրանսիական հեղափոխությունը, «Հին վարչակարգի» տապալումը և հասարակական-սոցիալական նոր աստիճանակարգի ձևավորումը լայն հնարավորություններ ստեղծեց Բոնապարտի և նրա նմանների համար: Հեղափոխության սկզբում Նապոլեոնը վերադարձավ Կորսիկա՝ մասնակցելու կղզու անկախացման պայքարին, սակայն հակադրվելով Կորսիկայի անկախացման առաջնորդ Պասկուալե դե Պաոլիի հետ, 1793 թվականի հունիսին ընտանիքով հեռացավ կղզուց և վերադարձավ Ֆրանսիա: Այնուհետև Օգյուստեն Ռոբեսպիերի հովանավորությամբ նշանակվեց Տուլոնի վրա գրոհող հանրապետական զորքերի հրետանու հրամանատար: Տուլոնը բրիտանական և հակակառավարական ուժերից ազատագրելու ռազմական օպերացիայում նշանակալի դերակատարման համար հրետանու կապիտանից միանգամից ստացավ բրիգադի գեներալի կոչում: 1794 թվականին մասնակցեց մի շարք ռազմական օպերացիաների անցկացմանը, սակայն Մաքսիմիլիան Ռոբեսպիերի և յակոբինյան դիկտատուրայի տապալումից հետո կարճատև ժամանակահատվածում հայտնվեց տնային կալանքի տակ, իսկ 1795 թվականի ամռանը հրաժարվելով ծառայել Վանդեայում կռվող Արևմտյան բանակի կազմում որպես հետևակային հրամանատար, նույն թվականի սեպտեմբերի 15-ին հանվեց կանոնավոր ծառայության մեջ գտնվող գեներալների ցանկից: Բայց հոկտեմբերին, երբ Փարիզում տերմիդորյան ռեժիմը հայտնվել էր ռոյալիստական ուժերի կողմից տապալման վտանգի առջև, Բոնապարտը նշանակվեց Կոնվենտը պաշտպանող զորքի հրամանատար և կտրուկ գործողություններով ցրեց 8


հակակառավարական ուժերը: Այս ծառայության համար 1796 թվականի մարտին նա նշանակվեց Իտալիայում ֆրանսիական բանակի հրամանատար: Բոնապարտը նախ վերակազմակերպում է բանակը, իսկ այնուհետև հրետանային տեխնոլոգիական առավելությունների, մարտավարական (տակտիկական) հմտությունների ու ռազմավարական ճշգրիտ պլանավորման կիրառմամբ ծավալում է հաջողված ռազմարշավ՝ ավարտելով այն 1797 թվականի հոկտեմբերին Կամպո Ֆորմիոյի հաշտության պայմանագրով: Այդ պայմանագրով Ավստրիան դուրս էր գալիս պատերազմից, զիջում էր Հռենոսի ձախ ափը, իսկ Իտալիայի կենտրոնական և հյուսիսային հատվածները, որտեղ ստեղծվում էին Ֆրանսիայի արբանյակ հանրապետություններ, փաստացի հայտնվում էին ֆրանսիական տիրապետության տակ: 1798 թվականին Բոնապարտի հրամանատարությամբ ֆրանսիական բանակը սկսեց եգիպտական արշավանքը՝ նպատակ ունենալով ապահովել ֆրանսիական ներկայությունը Մերձավոր Արևելքում, խոչընդոտել բրիտանացիների ծովուղիները դեպի Հնդկաստան և ի վերջո օգտագործելով անգլիացիների կոնֆլիկտները Հնդկաստանում՝ պայքարի մեջ մտնել ու լուրջ սպառնալիք ստեղծել Անգլիայի տիրապետությանը Հնդկաստանում: Բոնապարտը հուլիսի 1-ին 20 հազարանոց բանակով ափ իջավ Ալեքսանդրիայում և մամլյուքների զորքի նկատմամբ տարավ մի քանի հաղթանակներ: Սակայն ֆրանսիական ռազմական նավատորմը օգոստոսի 1-ին Աբուկիրի ծովածոցում ջախջախվեց անգլիացիների կողմից, որի արդյունքում ֆրանսիական արշավանքի ռազմավարական նպատակների իրագործումը դարձավ անհնար: Ֆրանսիայից օժանդակության բացակայության պայմաններում Բոնապարտը ստիպված էր սահմանափակվել Եգիպտոսի ռազմավարական որոշ կետերի ռազմակալմամբ և Լևանտում անհեռանկար ռազմական գործողությունների ծավալմամբ: 1799 թվականի օգոստոսին բանակի հրամանատարությունը հանձնելով Կլեբերին՝ Բոնապարտը վերադարձավ Ֆրանսիա: Փարիզում հայտնվեց հոկտեմբերին, երբ Դիրեկտորիայի ռեժիմը կարծես թե ճնշել էր աջ և ձախ ուժերի դիմակայությունը, վերացրել երկրորդ կոալիցիայի՝ Ֆրանսիա ռազմական ներխուժման վտանգը: Սակայն Դիրեկտորիան չէր կարող երկարակյաց լինել սահմանադրական հաստատությունների ձևավորման թերի կառույցների և հավասարակշռման, պարբերաբար անցկացվող ընտրությունների ու դրանց արդյունքների շարունակական բռնի վերանայման, տնտեսական վիճակի վատթարացման, կայուն ֆինանսական համակարգի բացակայության, միայն իրավիճակային լուծումներ ենթադրող «ճոճանակի քաղաքականության», քաղաքական 9


վերնախավի և պետական կառավարման կոռումպացվածության ու անարդյունավետության, ինչպես նաև քաղաքական համակարգի վարկաբեկվածության պատճառներով: Դիրեկտորիայի նորընտիր անդամներից Սիեյեսը ծրագրում էր զինվորականության օգնությամբ վերացնել Դիրեկտորիայի կառավարումը, այն փոխարինելով կառավարման և սահմանադրական հաստատությունների նոր համակարգով: Զինվորականության հետ համագործակցումը պատահական չէր, քանի որ զինվորականությունը հեղափոխության տարիներին դարձել էր կորպորատիվ շահերով համախմբված ուժային կենտրոն և զինվորականության շրջանում բավականին սուր էին երկրի ապագայի համար վտանգների գիտակցումը: Կառավարող համակարգի ապալեգիտիմացումը բանակի վրա չէր տարածվել և ի տարբերություն քաղաքական համակարգի, զիվորականությունը վարկաբեկված չէր: Այդ ձեռնարկումն իրականացնելու համար նրա հետ գործակցեցին Ֆուշեն, Թալեյրանը և Բոնապարտը: Վերջինս, լինելով Եգիպտոսում, հեռու էր մնացել ներքաղաքական խարդավանքներից և նրա անձի շուրջ հասարակության մեջ ու քաղաքական շրջանակներում սկսել էին ձևավորվել որոշակի սպասումներ: Նա անբեկանելի հեղինակություն ուներ բանակում, իսկ բանակը գրեթե միակ ուժային կենտրոնն էր, որն իշխանության համար պայքարում կարող էր մրցակից հանդիսանալ քաղաքական ռեժիմին: 1799 թվականի նոյեմբերի 9-ին (գործող հեղափոխական օրացույցով բրյումերի 18, հետագայում հեղափոխական օրացույցը հանեցին շրջանառությունից նորից համահարաբերակցելով ներքին սոցիալական ժամանակը եվրոպական ժամանակին) յակոբինյան հեղաշրջման սպառնալիքի պատրվակով օրենսդիր մարմնի երկու պալատների՝ Ավագների և Հինգհարյուրի խորհուրդների անդամներին տեղափոխեցին Սեն-Կլու և մեկուսացնելով Փարիզից զինվորականության օգնությամբ նոյեմբերի 10-ին օրենսդիրներին ստիպեցին, որ Բոնապարտին, Սիեյեսին ու Ռոժե-Դյուկոյին նշանակեն կոնսուլներ: Դրանից մեկ օր առաջ լուծարվել էր Դիրեկտորիան: Հինգ դիրեկտորներից Սիեյեսը և Ռոժե-Դյուկոն հրաժարական էին տվել, իսկ Բարրասին` Թալեյրանն էր համոզել հրաժարական տալ: Դիմադրություն ցույց տված Դիրեկտորիայի յակոբինյան երկու անդամներին՝ Գոյեին և Մոլինին ձերբակալեցին: Քսան յակոբինյան պատգամավորների արտաքսեցին, մի մասին էլ ձերբակալեցին: Վերացվեց նաև «երրորդ տարվա» սահմանադրությունը: Այսպիսով` պետական հեղաշրջումը կատարվեց առանց պետական վարչակազմի, քաղաքական ուժերի և հասարակական շերտերի դիմադրության: Վարչակազմի հետագա ձևավորումը և նոր սահմանադրական կարգի հաստատումն անցավ հասարակական և քաղաքական 10


ուժերի պասիվության և սպասումի պայմաններում: Տասնամյա հեղափոխական սոցիալական խորքային տեղաշարժերից, քաղաքացիական բախումներից և պատերազմներից հոգնած ֆրանսիական հասարակությունը քաղաքական համակարգի կողմից արդեն սոցիալական դեմագոգիայի վերածված երևակայական ազատության տեսլականին նախընտրեց ներքին կայունությունը և խաղաղությունը: Հեղափոխության արդյունքում ֆրանսիական նոր սոցիումի ներսում մարդը դարձել էր քաղաքացի, փոխվել էր նրա սոցիալական կարգավիճակը, տեղի էր ունեցել ռեսուրսների վերաբաշխում, հասարակական հիերարխիայի կառույցը դարձել էր առավել առաձգական: Բայց միաժամանակ պետության կառավարումն անարդյունավետ էր, իսկ քաղաքական համակարգը մի շարք պատճառներով կորցրել էր լեգիտիմությունը (քաղաքական համակարգի կողմից կառավարելու իրավունք ունենալու հանրային ընկալում), որոնք էլ հանգեցրել էին ներքին խոր ճգնաժամի, որի հաղթահարման եղանակ դարձավ Բոնապարտի կողմից ձևավորված ուժեղ ավտորիտար քաղաքական ռեժիմը: Այն իշխանության իրականացման մեթոդների արդյունավետությամբ և ընդարձակ սոցիալական հենարանով էականորեն տարբերվում էր Դիրեկտորիայի կառավարումից: Բոնապարտի բացարձակ իշխանությունը ֆրանսիական հասարակության քաղաքական համախմբման նոր ձև էր, ինչպես նաև բացարձակ իշխանության ու հանրապետական կարգի համադրման հերթական օրինակ:

11


Թեմա 2. Իշխանության համակարգի վերափոխումը Բոնապարտի՝ որպես Ֆրանսիայի նոր կառավարչի, կարևորագույն հիմնախնդիրն անձնական իշխանության լեգիտիմության ապահովումն էր: Լեգիտիմությունը քաղաքական համակարգի կողմից կառավարման իրավունք ունենալու հանրային ընկալումն է: Այն իշխանության գոյության ինքնաարդարացման դրսևորում է: Իշխանությունը լեգիտիմացման նպատակով պետք է անընդհատ ապացուցի, որ գոյություն ունեցող քաղաքական հաստատություններն ամենանպաստավորն են հասարակության համար: Իշխանություն բանեցնելու հիմնավորումներն են ավանդույթը, քարիզման և ռացիոնալ իրավական իշխանությունը: Ֆրանսիան կառավարելու համար Բոնապարտը չէր կարող օգտվել ավանդույթից և հիմնվեց քարիզմատիկ կերպարի ու ռացիոնալ իրավական իշխանության վրա: Բոնապարտի ներքին վերափոխումները, արտաքին քաղաքականությունն ու պատերազմները ծառայում էին լեգիտիմացման գերնպատակին: Բոնապարտը, գալով իշխանության, նպատակ էր դրել հաստատել ներդաշնակ սոցիալական, տնտեսական և քաղաքական հարաբերություններ սահմանադրական նոր կարգի և կենտրոնացված կառավարման համակարգի ձևավորմամբ, ինչպես նաև արտաքին հարաբերությունների ոլորտում ապահովել պատվաբեր խաղաղություն: Իր կառավարման առաջին հինգ տարիներին Բոնապարտի բոլոր ջանքերն ուղղված էին այդ ծրագրերի իրականացմանը: Հեղաշրջման կազմակերպիչներն իրենց գործողություններին օրինականություն հաղորդելու նպատակով Ավագների և Հինգհարյուրի խորհուրդների քսանհինգական անդամներից ձևավորեցին երկու հանձնաժողով, որոնք կազմեցին «ութերորդ տարվա» համառոտ սահմանադրությունը՝ սակայն այս անգամ առանց մարդու իրավունքների հռչակագրի: Սահմանադրության նախագծի հեղինակը Սիեյեսն էր, սակայն այդ գործընթացն ընթանում էր Բոնապարտի վերահսկողության ներքո: Վերոհիշյալ հանձնաժողովները հռչակեցին նաև ժամանակավոր կառավարություն՝ կոնսուլատ: Սիեյեսը պլանավորել էր հեղաշրջման արդյունքում իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում, բայց քանի որ հեղաշրջումն իրականացվել էր բանակի օգնությամբ, Սիեյեսի և Բոնապարտի միջև իշխանական լծակների բաշխման և տիրապետման հիմնահարցը 12


Ֆրանսիական առաջին կայսրության վարչական բաժանումը (1812)

ինքնըստինքյան լուծվեց վերջինիս օգտին: 1799 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունվեց նոր սահմանադրություն, որով պահպանվում էին հանրապետական հաստատությունները, սակայն զգալիորեն ավելանում էին գործադիր իշխանության լծակները և խախտվում էին գործադիր ու օրենսդիր իշխանությունների գործառնական համամասնությունները և ըստ էության դադարում էին գործել իշխանության երկու թևերի փոխադարձ հակակշռման մեխանիզմները: Հեղափոխության տարիներին հիմնականում ազնվականության և եկեղեցական ունեցվածքի բռնագրավումների ձևով տեղի էր ունեցել սեփականության վերաբաշխում և երկրում ավելացել էր տարբեր տրամաչափի սեփականատերերի քանակը: Այդ համատեքստում առանցքային հիմնախնդիր էր դարձել կառավարող վարչակարգի կողմից մասնավոր սեփականության ինստիտուտի երաշխավորումը և սահմանադրական պաշտպանությունը: Բոնապարտը հասկանում էր այդ հիմնախնդրի սոցիալական և քաղաքական նշանակությունը ու որ 13


դրա հանգուցալուծումն ընդլայնելու է կառավարող վարչակարգի սոցիալական հենարանը և բարձրացնելու է իր իշխանության քաղաքական լեգիտիմությունը: Հետևաբար, 1799 թվականի սահմանադրության 94րդ հոդվածով երաշխավորվում էր, որ ազգային սեփականության օրինական վաճառքից հետո՝ անկախ այդ սեփականության ծագումից, այն ձեռք բերողը չի կարող զրկվել դրանից: Ի տարբերություն նախորդ ֆրանսիական սահմանադրությունների՝ այս սահմանադրությունը չէր հաստատվել ներկայացուցչական մարմնի կողմից և միայն այն կազմած հանձնաժողովի կողմից ստորագրվելով՝ առաջին կոնսուլի կամքով դրվել էր համազգային հանրաքվեի: Հանրաքվեն անցկացվում էր պետական վարչակազմի խիստ վերահսկողության ներքո՝ նոտարների և հաշտարար դատավորների ցուցակներում ընդամենը ստորագրություն դնելու միջոցով: Սահմանադրությամբ նախատեսված էր, որ կոնսուլները պետք է ընտրվեն 10 տարի ժամկետով (վերընտրման իրավունքով), բայց միևնույն ժամանակ մասնավորեցված էր, որ առաջին կոնսուլ է «քաղաքացի Բոնապարտը», որն օժտվում էր արտակարգ լիազորություններով: Մասնավորապես, նա՝ որպես առաջին կոնսուլ, իրավասու էր օրենքներ հրապարակել, Պետական խորհրդի անդամներ, նախարարներ, դեսպաններ, վերին օղակների զինվորականներ նշանակել և հեռացնել: Առաջին կոնսուլն էր նաև նշանակում բոլոր դատավորներին՝ սկսած հաշտարար դատավորներից մինչև վճռաբեկ դատավորներ, հետևաբար իշխանության երրորդ թևը՝ դատականը, ուղղակի կախման մեջ էր գտնվում առաջին կոնսուլից: Բոնապարտը մյուս երկու կոնսուլներ նշանակեց Կամբասերեսին և Լեբրենին, որոնց սահմանադրությամբ որևէ անկախ գործառույթ վերպահված չէր, ոչ էլ նրանք էական քաղաքական ազդեցություն ունեին: Օրենսդիր իշխանության կողմից հնարավոր դիմադրությունը թուլացնելու նպատակով օրենքների ընդունման գործընթացն առավել մասնատվել էր: Նախորդ երկուսի՝ Ավագների խորհրդի և Հինգհարյուրի խորհրդի փոխարեն այժմ օրենսդիր իշխանությունը բաղկացած էր երեք պալատից՝ Սենատ, Տրիբունատ և Օրենսդիր կորպուս: Օրենքի ընդունման ընթացակարգը հետևյալն էր. Պետական խորհուրդը առաջին կոնսուլի հրահանգով կազմում էր օրենքի նախագիծ և ուղարկում Տրիբունատ: Տրիբուններն իրավասու էին միայն քննարկելու և իրենց կարծիքներով հանդերձ օրինագիծը ներկայացնելու Օրենսդիր կորպուս: Վերջինիս անդամներն իրավասու էին առանց քննարկման միայն ընդունելու կամ մերժելու օրինագիծը, որի համար ստացել էին «երեքհարյուր համրեր» ծաղրական անվանումը: Օրենսդիր կորպուսի կողմից արդեն ընդունված օրինագիծն առաջին կոնսուլի 14


հայեցողությամբ կարող էր ուղարկվել Սենատ օրինագծի սահմանադրականության հարցի քննության: Սենատի դրական եզրակացությունից հետո օրինագիծը ստորագրվում և հրապարակվում էր առաջին կոնսուլի կողմից: Բոնապարտն իշխանության լեգիտիմացմանը և համախմբմանը համընթաց նվազեցնում էր օրենսդիր իշխանության դերակատարումը: Այդ համատեքստում նախ նվազեցրեց և հասցրեց հիսունի Տրիբունատի անդամների քանակը, ապա 1807 թվականի օգոստոսի 16-ին լուծարեց: Անհրաժեշտ է նշել, որ չնայած օրենսդիր իշխանության հաստատութենականացմանը և օրենքների ընդունման հստակ ու մշակված ընթացակարգի առկայությանը՝ իրականում օրինաստեղծ գործունեությամբ զբաղվում էր փորձագետներից կազմված Պետական խորհուրդը, որի անդամները նշանակվում էին առաջին կոնսուլի կողմից և հաշվետու էին միայն նրան: Պետք է շեշտել նաև, որ օրենսդիր իշխանությունը զրկված էր վերահսկողական գործառույթներից: Իշխանության համակարգում Սենատի, Տրիբունատի և Օրենսդիր կորպուսի թույլ ու անարդյունավետ դերակատարումը պայմանավորված էր նաև դրանց ձևավորման սկզբունքով: Սենատորները, տրիբունները և Օրենսդիր կորպուսի անդամները ոչ թե ընտրվում էին, այլ նշանակվում: Սենատը բաղկացած էր ութսուն ցմահ անդամներից, որոնց մեծամասնությունը քաղաքական պայմանավորվածության արդյունքում նշանակվում էին հեռացող երկրորդ և երրորդ կոնսուլներ Սիեյեսի ու Ռոժե-Դյուկոյի կողմից: Վերջիններս նույնպես դարձան սենատորներ: Համազգային նոտաբլների ցուցակը ձևավորվում էր եռաստիճան ընտրական գործընթացի արդյունքում: Նոր սահմանադրությամբ վերականգնվել էր համընդհանուր ընտրական իրավունքը և վերացվել էր ընտրական գույքային ցենզը: Քսանմեկ տարին լրացած և մեկ տարի նույն վայրում մշտապես բնակվող բոլոր քաղաքացիները (արական սեռի) կարող էին մասնակցել կոմունայի ցուցակի ընտրությանը, որն իր մեջ ներառում էր կոմունայի քաղաքացիների 1/10-րդը: Այնուհետև կոմունայի ցուցակի անդամներն իրենց կազմից 1/10-րդին ընտրում էին որպես դեպարտամենտի նոտաբլներ, որոնք էլ իրենց կազմից 1/10-րդին ընտրում էին որպես համազգային նոտաբլներ: Սենատը համազգային նոտաբլների ցուցակից հարյուր հոգու հինգ տարի ժամկետով նշանակում էր որպես Տրիբունատի անդամ կամ տրիբուն: Սենատը համազգային նոտաբլների ցուցակից նշանակում էր նաև Օրենսդիր կորպուսի երեք հարյուր անդամներին: Բայց իրականում Սենատի, Տրիբունատի և Օրենսդիր կորպուսի անդամները Բոնապարտի համաձայնությամբ ընտրվեցին Սիեյեսի կողմից: Նրանք բոլորը, ինչպես նաև պետական պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը, 15


հեղափոխական տարբեր վարչակարգերի վետերաններ էին և Բոնապարտի վարչակարգի պաշտոնեությունը (նոմենկլատուրա) նախորդող հեղափոխական վարչակարգերի նույն պաշտոնեությունն էր: Այսպիսով, Ֆրանսիայում օրենսդիր իշխանությունը չէր ձևավորվում համընդհանուր ընտրական իրավունքի հիման վրա գործող ուղղակի ընտրությունների միջոցով: Սահմանադրական փոփոխություններն ընդունվում էին հանրաքվեների միջոցով: Համազգային նոտաբլների ցուցակի անդամները սահմանադրությամբ օժտված չէին պետական բարձրագույն պաշտոնների ընտրություններին մասնակցելու իրավասությամբ, այլ համարվում էին միայն պետական բարձրագույն պաշտոններում նշանակվելու թեկնածուներ: Փաստորեն, Ֆրանսիայում իշխանության ճյուղերը ձևավորում էին նշանակումների, կոպտացիայի (cooptation ընտրովի օրգանի նոր անդամներով առանց ընտրությունների համալրումը տվյալ օրգանի անդամների որոշմամբ) և ընտրությունների բարդ և խճճված մեխանիզմների միջոցով: Այս համակարգն օրենսդիր իշխանությունն աստիճանաբար վերածում էր Բոնապարտի բացարձակ կառավարման կցորդի և 1799 թվականի սահմանադրությունն առաջին կոնսուլի օրինաստեղծ գործունեության համար անխափան դաշտ էր ապահովում: Բոնապարտի գործունեության արդյունքում Ֆրանսիան ստացավ նոր կառավարման համակարգ, որը հիմք հանդիսացավ պետության արդիականացման և հետագա սոցիալական ու տնտեսական տեղաշարժերի համար, որոնց սկիզբը թերևս դրվել էր հեղափոխության տարիներին, ինչպես նաև «Հին վարչակարգի» օրոք: 1802 թվականին Բոնապարտը վերաձևակերպեց սահմանադրությունը՝ իրեն հռչակելով ցմահ կոնսուլ և նույնը կրկնեց 1804 թվականին՝ այս անգամ դառնալով կայսր, բայց հանրապետություն եզրը կայսրությունով վերջնականապես փոխարինվեց 1808 թվականին: Յուրաքանչյուր դեպքում իր իշխանական լծակների ավելացումն ամրապնդում էր հանրաքվեների միջոցով: Որպես առաջին կոնսուլ, իսկ հետագայում նաև որպես կայսր, նա իրականացրեց մի շարք վարչական, ֆինանսատնտեսական, կրթական և իրավական վերափոխումներ, որոնք ահռելի ազդեցություն ունեցան ֆրանսիական պետության արդիականացման ընթացքի վրա: Բոնապարտի կառավարման տարիներին Ֆրանսիայում գործադիր իշխանության կառավարման հիմնական մարմիններ դարձան նախարարությունները (մինիստրություն), որոնք գործում էին մեկ ղեկավարման և ուղղահայաց հստակ ենթակարգության հիման վրա: Կայսրության վերջին տարիներին ձևավորվել էին 12 նախարարություններ՝ որոնց կողմից իրականացվում էր պետության առևտրաարդ16


յունաբերական, հարկային, ռազմական և անվտանգության քաղաքականությունը: Կառավարման վարչական համակարգի վերափոխումներ իրականացնելիս Բոնապարտը հիմնականում պահպանեց 1789 թվականին Ազգային ժողովի կողմից ստեղծված աշխարհագրականվարչական բաժանումները՝ միաժամանակ փոխելով դրանց կառավարման սկզբունքները, որոնք արդեն տարբերվում էին 17891792 թվականների իրողություններից: Նա տեղական ինքնակառավարումը և ընտրովի պաշտոնյաներին փոխարինեց կենտրոնից նշանակված կադրերով: Դեպարտամենտը կառավարվում էր պրեֆեկտի կողմից, դիստրիկտները կառավարում էին սաբպրեֆեկտները, իսկ կոմունաները կառավարում էին համայնքագլուխները: Տեղական խորհուրդները նշանակովի պաշտոնյաներին օժանդակելու նպատակով շարունակում էին գործել, սակայն խորհուրդների անդամները, որոնք նախկինում ընտրվում էին, այժմ նույնպես նշանակվում էին Փարիզից: Կառավարման մեջ վերականգնելով «Հին վարչակարգին» հատուկ բյուրոկրատական մեթոդները՝ Բոնապարտը հասկանում էր, որ հզոր բյուրոկրատական մեքենան կարող էր վերահսկողությունից դուրս գալ և որպես վերահսկելիության մեխանիզմ՝ Պետական խորհրդին սահմանադրությամբ իրավունք էր վերապահվում հրահանգավորել վարչական ապարատին՝ գործունեության տարբեր իրավիճակային խնդիրների լուծման վերաբերյալ: Առաջնորդվելով «ոչ ոք չի կարող իր գործում դատավոր լինել» սկզբունքով՝ Բոնապարտը պրեֆեկտներին կից հիմնեց պրեֆեկտուրաների խորհուրդներ, որոնք իրավասու էին քննելու վարչարարության և կառավարման հետ կապված վեճերը: Այդպիսով հիմք դրվեց վարչական արդարադատության համակարգին, որը ֆրանսիական պետական կառավարման համակարգի առանձնահատկություններից է: Ի դեպ, նմանատիպ համակարգ փորձում են ներդնել նաև ներկայիս Ռուսաստանում: Ըստ էության Ֆրանսիայում կառավարման համակարգը, մի շարք վերափոխումներով հանդերձ, շարունակում է գործել մեր օրերում: Ֆրանսիացիները նախընտրեցին կենտրոնացված բյուրոկրատական համակարգը Միացյալ Նահանգներում և այլուր գործող ֆեդերալ կամ բրիտանական ապակենտրոնացված վարչական կառավարման համակարգերից: Բոնապարտի կողմից ստեղծված կենտրոնացված բյուրոկրատական համակարգը չէր համապատասխանում առաջին հեղափոխականների մտադրություններին և գաղափարներին, սակայն այն շարունակությունն էր կարդինալ Ռիշելյիեի, Լուի 14-ի և «Հին վարչակարգի» կողմից ուղղահայաց կառավարման և իշխանության հաստատմանն ուղղված քաղաքականության: 17


Թեմա 3. Ֆինանսատնտեսական վերափոխումներ Ֆինանսական հիմնահարցերը մեծ դեր են խաղացել 18-րդ և 19-րդ դարերի հակամարտություններում և քաղաքական փոփոխություններում: Հստակ հարկաբյուջետային քաղաքականությամբ է պայմանավորված բնակչության ու պետության տնտեսական բարեկեցությունը, պատերազմ վարելու կարողությունը և զինված ուժերի մատակարարումը: Հարկերի հավաքագրումն ընդհանրապես Ֆրանսիայում կառավարող բոլոր վարչակարգերի աքիլեսյան գարշապարն էր: Մինչ հեղափոխությունը «Հին վարչակարգի» օրոք Ֆրանսիայում հարկատու էին միայն երրորդ դասի ներկայացուցիչները, իսկ առաջին և երկրորդ դասերը՝ հոգևորականությունը և ազնվականությունը, հարկեր չէին վճարում: Ազնվականությանը և հոգևորականությանը հարկելու Լուի 14րդի հարկային նորամուծությունները, Լուի 15-րդի ֆինանսների նախարար դ’Արնովիլի 1749 թվականի փորձերը և Լուի 16-րդի տարբեր կաբինետների ջանքերն այդ ուղղությամբ որևէ արդյունք չէին տվել: Ֆրանսիական հեղափոխության պատճառներից էր նաև հասարակության ներսում հարկային բեռի անհամաչափ բաշխման արդյունքում առաջացած պետության ծանր ֆինանսական վիճակը: Հեղափոխությունը վերացրեց ֆրանսիական հասարակության դասային բաժանումները, արձանագրեց քաղաքացիների իրավահավասարությունը՝ այդ թվում հարկեր վճարելիս, սակայն հեղափոխական սկզբնական տարիների տնտեսական գործունեության և կառավարման քաոսի ու հետագա բռնագրավումների պայմաններում գործուն հարկային համակարգ չձևավորվեց: Դիրեկտորիան էլ փորձ էր անում լուծել հարկային և ֆինանսական հիմնախնդիրները նախորդող կառավարությունների համար բազմաթիվ դժվարություններ առաջացրած թղթադրամների վերացմամբ և ազգային պարտքի երկու երրորդի վճարումից հրաժարմամբ: Այս քայլերը չավելացրին ազգային եկամուտները և միաժամանակ վնասեցին կառավարության հեղինակությունը: Բոնապարտն իշխանությունը ստանձնելուց անմիջապես հետո կառավարման կենտրոնացման միջոցով վերափոխեց և կանոնակարգեց հարկային ոլորտը: Նա կարևորում էր հարկացուցակների ճշգրիտ կազմման, հարկերի գնահատման և հավաքման նոր մեթոդների կիրառումը: Կենտրոնական կառավարության կողմից գանձվող հարկերի 18


հավաքումը և հարկացուցակների կազմումը տեղական կառավարման մարմինների փոխարեն սկսեց իրականացվել կենտրոնական կառավարության առանձին ստորաբաժանման կողմից, որն ուներ գլխավոր տնօրեն Փարիզում ու վերջինիս ենթակայության տակ գործող տնօրենի տեղակալներ յուրաքանչյուր դեպարտամենտում, ինչպես նաև գնահատողներ և տեսուչներ բոլոր կոմունաներում: Փաստորեն, հարկահավաքման ամբողջ համակարգը կենտրոնացվեց և խստացվեց, որի արդյունքում ավելացան հարկային մուտքերը, իսկ կառավարությունն արդեն կարող էր ճշգրիտ կանխորոշել սպասվող հարկային եկամուտները: Չնայած հարկերից խուսափման անընդհատ նոր մեթոդների կիրառմանը՝ այնուամենայնիվ Բոնապարտի կողմից վերափոխված հարկերի հավաքման համակարգը, որոշ փոփոխություններով հանդերձ, շարունակում է գործել մինչև մեր օրերը: Մեծածավալ պետական ծախսեր իրականացնելու և պետական եկամուտներն ավելացնելու նպատակով անուղղակի հարկման էին ենթարկվում լայն սպառման ապրանքները՝ մասնավորապես ալկահոլային խմիչքները, ծխախոտն ու աղը: Պետական եկամուտների ավելացման կարևոր աղբյուր էր նաև այսպես կոչված domaine extraordinaire հիմնադրամը, որի միջոցները գոյանում էին պատերազմներից ստացվող կոնտրիբուցիաներից և բռնազավթումներից: Բոնապարտի կառավարման շրջանի կարևորագույն ձեռքբերումներից էր Ֆրանսիայի բանկի հիմնադրումը: Կայուն բանկային համակարգի բացակայությունը ֆրանսիական պետության լրջագույն հիմնահարցերից էր թե «Հին վարչակարգի» և թե դրան հաջորդող հեղափոխական վարչակարգերի օրոք: 18-րդ դարի երկրորդ տասնամյակում Ջոն Լոյի կողմից բանկային համակարգ ստեղծելու փորձը տապալվել էր և հետագայում այլևս ֆրանսիացիների կողմից այդ ուղությամբ լուրջ քայլեր չէին ձեռնարկվել, մինչդեռ անգլիացիները դեռևս 1694 թվականին էին հիմնադրել Անգլիայի բանկը: 18-րդ դարում ֆրանսիական տնտեսության` անգլիականի համեմատ դանդաղ զարգացումը պայմանավորված էր նաև արդյունաբերության համար մատչելի վարկային միջոցների սակավությամբ: Մինչ Ֆրանսիայի բանկի հիմնադրումը, երկրում ֆինանսական իշխանությունը կենտրոնացած էր 10-ից 15 բանկային տների ձեռքում, որոնց հիմնադիրները հիմնականում Ֆրանսիա էին եկել Շվեյցարիայից 18-րդ դարի երկրորդ կեսին: Դրանք բոլորը բողոքականներ էին և մինչ հեղափոխությունը տարբեր ձևերով մասնակցություն էին ունեցել «Հին վարչակարգի» ապալեգիտիմացմանը և տապալմանը: Սակայն հայտնվելով հեղափոխական ցնցումների 19


հորձանուտում՝ օժանդակել էին Բոնապարտի իշխանության գալուն՝ հանձին նրա տեսնելով կարգուկանոնի և կայունության երաշխավորի: 1800 թվականի փետրվարի 13-ին Բոնապարտը հիմնեց Ֆրանսիայի բանկը, որը կառավարության համար դյուրացնում էր պարտք վերցնելը, ամենամյա մուրհակների վճարումը և կայունացնում էր ազգային արժույթը՝ ֆրանկը: Բանկը մասնավոր հաստատություն էր, սակայն այն ստացավ հատուկ կարգավիճակ, քանի որ բանկում փայատերեր էին առաջին կոնսուլը, նրա ընտանիքի անդամները և պետական բարձրագույն պաշտոնյաները: Բոնապարտին օժանդակություն ցուցաբերելու դիմաց բանկում զգալի մասնաբաժիններ ստացան նաև վերոհիշյալ բանկային տները: Կայուն տնտեսական համակարգը ներդաշնակ հասարակական հարաբերությունների գրավականներից է: Հակահամակարգային տրամադրությունները և հանրային անվտանգության սպառնալիքները սրվում են տնտեսական ճգնաժամերի պայմաններում: Հետևաբար Բոնապարտի վերափոխումների ռազմավարության մեջ տնտեսական ոլորտը չէր կարող անտեսվել: Տնտեսության ոլորտում Բոնապարտը վարում էր մերկանտիլիզմի՝ տնտեսական ազգայնականության քաղաքականություն: Տնտեսական քաղաքականության այս տարբերակը Ֆրանսիայում նորություն չէր և այն նմանեցվում է 17-դարի մեկ այլ պետական գործիչի՝ Կոլբերի մերկանտիլիզմի կամ կոլբերիզմի քաղաքականության հետ: Ֆրանսիայի տնտեսական հզորացումը Բոնապարտի վարչակարգի առաջնային նպատակներից էր, և այն հետևողականորեն իրականացվում էր տնտեսության պետական կարգավորման ու, անհրաժեշտության դեպքում, նաև ուղղակի միջամտության եղանակով: Պատերազմի տնտեսական բաղադրիչը և բանակի մատակարարումները կարևորագույն նշանակություն ունեին, սակայն չէին անտեսվում նաև բնակչությանը մատչելի սննդի կանոնավոր մատակարարումները՝ հատկապես Փարիզում, որտեղ սննդի մատակարարման խափանումները կամ սննդամթերքի բարձր գները կարող էին դժգոհությունների ու անկարգությունների պատճառ հանդիսանալ: Սննդի մատակարարները՝ գյուղացիները բարգավաճում էին Կոնսուլատի և Առաջին կայսրության տարիներին: Մեծ շահույթներ էին ստանում հատկապես այն գյուղացիական տնտեսությունները, որոնք զբաղվում էին այն սննդատեսակների արտադրությամբ, օրինակ՝ շաքարի ճակնդեղ, որ չէին կարող ներկրվել անդրծովային առևտրի խափանման պատճառով: Բոնապարտն օժանդակում էր ֆրանսիական արդյունաբերության զարգացմանն օտարերկրյա ապրանքների վրա բարձր մաքսատուրքեր սահմանելու, տեղական արդյունաբերողներին սուբսիդավորելու և 20


վարկավորելու, ենթակառուցվածքները՝ ճանապարհները, կամուրջներն ու ջրանցքները պետության հաշվին նորոգելու և նորերը կառուցելու, ինչպես նաև գործարար հարաբերությունները կանոնակարգելու եղանակներով: Բոնապարտի տնտեսական քաղաքականության հիմնահարցերից էր անգլիացիների հետ մրցակցությունը, որը դրսևորվում էր Ֆրանսիայից, ֆրանսիական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներից և դաշնակից երկրներից անգլիական առևտրի դուրսմղմամբ: 1802 թվականի Ամյենի հաշտության պայմանագրով ֆրանսիացիները չկարգավորեցին առևտրատնտեսական հարաբաերություններն անգլիացիների հետ, իսկ այնուհետև 1806 թվականին «մայրցամաքային շրջափակման» ռեժիմ պարտադրեցին անգլիացիներին՝ փորձելով նրանց դուրս մղել եվրոպական շուկաներից: Շրջափակման կիրառումը հնարավորության ընձեռեց եվրոպացիներին բրիտանական առևտուրն էմբարգոյի ենթարկելու ու մրցակցությունից ազատվելու միջոցով ձևավորել սեփական արդյունաբերական հզորություններ: «Մայրցամաքային շրջափակումը» մի կողմից Եվրոպայում առաջացրեց միավորված տնտեսական հանրույթի իրավիճակ, մյուս կողմից ուժեղացրեց հակաֆրանսիական տրամադրությունները՝ հանգեցնելով Ֆրանսիայի դիրքերի թուլացմանը: Ներքին գործերի նախարար Շապտալի գլխավորությամբ հիմնվեց ազգային արդյունաբերության խրախուսման գործակալություն, որը նոր արդյունաբերական տեխնոլոգիաների մշակմանն էր ներգրավում ֆրանսիացի ճարտարագետներին և գիտնականերին: Զգալի արդյունքներ արձանագրվեցին հատկապես տեքստիլ արդյունաբերության ոլորտում, որտեղ անգլիական մեքենաների և արտադրական տեխնոլոգիաների կրկնօրինակումը հանգեցրեց բամբակի արտադրության շեշտակի ավելացմանը: Կառավարությունը հայտարարում էր, որ 1806-1810 թվականների ընթացքում բամբակի արտադրության ծավալները քառապատկվել էին: Հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության ոլորտներում նվաճումները պակաս տպավորիչ էին: Չնայած զենք-զինամթերքի պարբերական պահանջարկին, երկաթն արտադրվում էր անորակ աշխատուժ օգտագործող փոքր և անարդյունավետ ձեռնարկություններում: Բոնապարտի պատերազմների ընթացքում ֆրանսիական հրացանների արտադրության ծավալներն անբավարար էին, իսկ հրացանների որակն էլ բավականին ցածր էր: Պետք է նշել, որ Ֆրանսիայի ռազմական պարտությունը պայմանավորված էր նաև պատերազմի վերջին շրջանում ռազմամթերքի սակավությամբ: 21


Ընդհանուր առմամբ արդյունաբերողները Բոնապարտի վարչակարգի օրոք գտնվում էին բարենպաստ վիճակում, բայց նրանց խանգարում էին պետության կողմից գործունեության սահմանափակումները և ավելորդ մանր կարգավորումները: Բոնապարտի կառավարման օրոք միայն առևտրականներն էին հայտնվել աննպաստ վիճակում, քանի որ ֆրանսիացիների անդրծովային առևտրական ուղիները գտնվում էին անգլիացիների վերահսկողության տակ: Քայլեր էին արվում մատակարարման նոր աղբյուրների հայթհայթման ուղղությամբ, նույնիսկ 1810 թվականին մտցրեցին իրենց իսկ կողմից կիրառվող մայրցամաքային շրջափակման ռեժիմի փոփոխություններ՝ արտոնագրեր տրամադրելով մաքսանենգային ապրանքների ներմուծման համար: Այնուամենայնիվ արտաքին առևտրի ընդհանուր ծավալը չհասավ «Հին վարչակարգի» օրոք իրականացվող առևտրի մակարդակին: Բոնապարտն անշուշտ ձևավորեց կայուն ֆինանսատնտեսական համակարգ, չնայած երբեմն ռազմական հաղթանակներից բխող ֆինանսների և նյութական միջոցների կարճաժամկետ ներհոսքը շեղում էր երկարաժամկետ տնտեսական զարգացման ծրագրերի հետևողական իրագործումից: Բայց տնտեսական համակարգն ի զորու չեղավ դիմակայելու շարունակական պատերազմների ծանրությանը: Հսկայական ռազմաքաղաքական համակարգի ծախսերն աստիճանաբար քայքայում էին Ֆրանսիայի տնտեսությունը, աճում էին հարկերը, սկսվել էր ազգային արժույթի արժեզրկման գործընթաց, գործազրկությունը զանգվածային բնույթ էր կրում, իսկ 1811 թվականի վատ բերքից հետո բարձրացել էր հացի գինը: Ի վերջո, տնտեսական լճացումը, այնուհետև քայքայումը մեծապես նպաստեցին կայսրության փլուզմանը և Նապոլեոնի վերջնական պարտությանը:

22


Թեմա 4. Կրթակական համակարգի վերափոխումը Ն. Բոնապարտին պետք է վերագրել նաև դեռևս հեղափոխության տարիներին հիմնադրված հանրային կրթության համակարգի զարգացումը և կայացումը: Բոլոր մանկահասակների անվճար տարրական կրթություն ստանալու սկզբունքը ամրագրվել էր 1791 թվականի սահմանադրության մեջ, իսկ այնուհետև հաստատվել էր Կոնվենտի կողմից, սակայն նախնական կրթության դպրոցների հիմնման ուղղությամբ հեղափոխական տարիներին առաջընթաց չէր արձանագրվել: Բոնապարտի կառավարման տարիներին նախնական կրթության հանրայնացման ուղղությամբ որոշակի քայլեր իրականացվեցին, և 1813 թվականի տվյալներով տվյալ տարիքի յուրաքանչյուր ութերորդ երեխան արդեն հաճախում էր նախնական կրթության հանրային դպրոց: Կոնվենտը հիմնել էր պետության կողմից օժանդակվող միջնակարգ կրթության մեկական այսպես կոչված «կենտրոնական դպրոցներ» յուրաքանչյուր դեպարտամենտում և հինգը՝ Փարիզում: Չնայած դպրոցների կառավարման որոշակի դժվարություններին՝ դրանցում դասավանդումը գտնվում էր բավական բարձր մակարդակի վրա, և այդ դպրոցներն արագ զարգանում էին Կոնսուլատի առաջին տարիներին: Սակայն, 1802 թվականին այդ դպրոցների գործունեությունը դադարեցվեց, և դրանց փոխարեն ստեղծվեցին լիցեյներ, որոնք գտնվում էին արդեն կառավարության ուղիղ վերահսկողության տակ: Բոնապարտը թույլատրեց նաև սահմանափակ քանակով մասնավոր դպրոցների գործունեությունը: Լիցեյները պետք է վերածվեին «հայրենասիրության դարբնոցների»: Կառավարությունն էր տրամադրում ուսումնական ծրագրերը և դասացանկերը, նշանակում ուսուցիչներին ու տեսուչների կամ վերահսկիչների համակարգի միջոցով հետևում կանոնների պահպանմանը: Լիցեյներում մտցված էր զինվորական կարգապահություն, լիցեյականները կրում էին միասնական համազգեստ և ռազմական հմտություններ էին ստանում պաշտոնաթող սպաների կողմից: Բոնապարտը շարունակեց կրթության համակարգումը՝ 1808 թվականին հիմնելով համալսարան: Այս հաստատությունը մերօրյա պատկերացումներով կրթական հաստատություն չէր, այլ միասնական կրթական համակարգ էր, որն իր մեջ ներառում էր պետական կրթական ամբողջ համակարգը՝ դրա բոլոր աստիճանական փուլերով կամ մակարդակներով: Համալսարանի 23


հիմնման նպատակը կրթական ոլորտի վերահսկողության ուժեղացումն էր ու վարչակարգի նկատմամբ հավատարմության սերմանումը: 1808 թվականից հետո պետական կրթական համակարգին զուգահեռ պետական վերհսկողության ներքո շարունակում էին գործել նաև մասնավոր և եկեղեցական դպրոցները, սակայն համալսարանը մարմնավորում էր դեռևս հեղափոխության ժամանակ առաջ քաշված այն սկզբունքը, որ պետության կողմից վերահսկվող ու օժանդակվող կրթությունը պետք է հասանելի լինի բոլոր քաղաքացիներին:

24


Թեմա 5. Իրավական վերափոխումները Մինչ հեղափոխությունը Ֆրանսիայում գոյություն ունեին իրավունքի երկու համակարգեր՝ տևտոնական սովորութային իրավունքը հյուսիսում` մինչև Լուարա գետը, իսկ դրանից հարավ ընկած հատվածում գործածության մեջ էր հռոմեական իրավունքը, որը քիչ էր փոխվել Հուստինիանոսի օրենսդրության ներդրումից հետո: Հեղափոխությունը վերափոխել և խճճել էր օրենսդրությունը, ու հեղափոխական տարբեր օրենսդիր մարմինները բավարար ջանքեր չէին գործադրել իրավական դաշտի համակարգման ուղղությամբ: Բոնապարտի և հետագա վերլուծաբանների կարծիքով վարչակարգի ամենանշանակալի ձեռքբերումներից էր ֆրանսիական միասնական իրավական համակարգի ներդրումը և օրենսդրության կոդավորումը՝ մասնավորապես հինգ օրենսգրքերի ընդունումը, որի արդյունքում կանոնակարգվեցին սոցիալական և տնտեսական հարաբերությունները, երաշխավորվեց քաղաքացիների իրավահավասարությունը, համակարգվեցին կոմերցիոն գործառույթները, միասնականացվեցին չափերի և քաշերի համակարգերը: Բոնապարտի համոզմամբ ֆրանսիացիներին ազատությունից առավել անհրաժեշտ էր հավասարություն: Օրենսդրության կոդավորման գործընթացը Բոնապարտը սկսել էր դեռևս կոնսուլության շրջանում և ավարտին հասցրեց կայսրության ժամանակ: Ֆրանսիական իրավական նոր համակարգի անկյունաքարն էր «Քաղաքացիական օրենսգիրքը» կամ նապոլեոնյան կոդեքսը: 1800 թվականի օգոստոսին քաղաքացական օրեսգրքի նախագիծ մշակելու նպատակով ստեղծվեց Ֆրանսիայի մի քանի անվանի իրավաբաններից բաղկացած կոմիտե: Նախագծի դրույթները քննակվում էին Պետական խորհրդում՝ երբեմն Բոնապարտի նախագահությամբ, և նախատեսված էր, որ նախագիծը պետք է պատրաստ լինի վեց ամսվա ընթացքում: Ինչևէ, «Քաղաքացիական օրենսգրքի» ընդունումը հետաձգվեց մինչև 1804 թվական, քանի որ նախագծի որոշ դրույթներ դիմադրություն էին առաջացրել Օրենսդիր կորպուսում և Տրիբունատում: Այս այն եզակի դեպքերից էր, երբ օրենսդիր իշխանությունը դեմ էր գնում առաջին կոնսուլին և հետաձգում էր ներկայացված օրենսդարական նախագծի ընդունումը: 25


Օրենսգրքի վերջնական տարբերակում համադրվում էին հեղափոխական առավել կարևոր իդեալները բացարձակ իշխանության իրավաքաղաքական առաջնայնությունների հետ: Այն գրված էր հստակ և հակիրճ ձևակերպումներով, ներառում ու հավասարակշռում էր սովորութային իրավունքի և հռոմեական իրավունքի դրույթները, ինչպես նաև համադրում էր անհատական իրավունքների մասով հեղափոխական հավասարարական կամ էգալիտար սկզբունքները հռոմեական իրավունքի՝ սեփականության իրավունքների վերաբերյալ պահպանողական մոտեցման հետ: Օրենսգրքում ամրագրվում էին քաղաքացու համընդհանուր իրավունքները և օրենքի առջև բոլոր քաղաքացիների հավասարության՝ հեղափոխության հիմնարար սկզբունքներից մեկը: 360 տեղական օրենքների փոխարեն, Օրենսգիրքն իրավունքի միատեսակ համակարգ էր սահմանում ամբողջ երկրի համար, երաշխավորում էր կրոնական ազատությունն ու աշխարհիկ պետության գերակայությունը, հաստատում էր անհատի կողմից մասնագիտություն ընտրելու իրավունքը: Օրենսգրքի մի շարք դրույթներ արտացոլում էին Բոնապարտի ավտորիտար մոտեցումները: Մասնավորապես, ընտանիքի որպես պետության փոքր մոդելի հարաբերություններում հոր իշխանությունը տարածվում էր կնոջ և երեխաների վրա: Ընտանիքի հայրն էր սեփականատերը և ժառանգության տնօրինման որոշողը, իսկ որոշման բացակայության դեպքում ժառանգությունը հավասար բաժանվում էր արական սեռի ժառանգների միջև, մինչդեռ հեղափոխության շրջանի օրենսդրությամբ ժառանգությունը հավասար կիսվում էր ժառանգների միջև: Պահպանվում էր քաղաքացիական ամուսնությունը, ինչպես նաև փոխադարձ համաձայնությամբ բաժանության իրավունքը, բայց հանուն ընտանիքի միասնության կիրառվում էին որոշ սահմանափակումներ: Ամուսնացած կանայք չէին կարող գործարքներ կատարել: Հետագայում ընդունված օրենսգրքերն, օրինակ «Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը», որն ընդունվել էր 1806 թվականին, ավելի նման էին «Հին վարչակարգի» օրոք գործող օրենքներին: «Քրեական դատավարության օրենսգիրքը» և «Քրեական օրենսգիրքը», որոնք սկսվել էին մշակվել դեռևս Բոնապարտի կոնսուլության տարիներին, սակայն ընդունվեցին կայսրության հռչակումից հետո, հստակ արտահայտում էին Բոնապարտի իշխանության դեսպոտացման միտումները: Դրանք սահմանում էին խիստ պատիժներ քաղաքական իրավախախտումների, ինչպես նաև անձի և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների համար: Հեղափոխական շրջանի օրենսդրությամբ կիրառվում էր անմեղության կանխավարկածը, այսինքն մեղավոր կարող էր ճանաչվել միայն դատարանի որոշմամբ, մինչդեռ նոր 26


օրենսդրությամբ կրկին սկսեցին կիրառել մեղավորության կանխավարկածը: «Առևտրական օրենսգիրքը», որը թերևս ամբողջական չէր, ևս կրկնում էր «Հին վարչակարգի» իրավական կարգավորումները: Բնականաբար, ներկայումս կիրառվող տերմիանաբանության և օրենսդրական նորմերի համեմատությամբ կարելի է քննադատել Բոնապարտի իրավական դաշտի վերափոխումները, սակայն դրանք 19րդ դարասկզբի ժամանակային տիրույթում ֆրանսիական սոցիումի իրավական կազմակերպման զգալի առաջընթաց էին: Հեղափոխականների կողմից իրենց սկզբունքների ու բնական իրավունքների նույնականության վերաբերյալ պնդումների օրինակով, Բոնապարտի օրենսդրության մշակողները համարում էին, որ այն համադրելի է բնության օրենքներին, հետևաբար, ամենուրեք կիրառելի: Սակայն պետք է նշել, որ Բոնապարտի օրենսդրությունն ազգային ծագում ուներ: Այն իր մեջ համադրում էր դրույթներ հարավում կիրառվող հռոմեական իրավունքից, հյուսիսում գործածության մեջ գտնվող տևտոնական սովորութային իրավունքից, և դրանք միախառնված էին հեղափոխական շրջանի ֆրանսիական հասարակության հիերարխիկ կառուցվածքն ու մարդու սոցիալական կարգավիճակը փոփոխության ենթարկած օրենսդրական նորամուծությունների հետ: Ֆրանսիայի նոր իրավական համակարգը հարմարեցվում էր հեղափոխության արդյունքում քաղաքական թատերաբեմ ելած միջին խավի կամ բուրժուազիայի գերակայությամբ հասարակությանը, որում մի կողմից երաշխավորվում էր բոլոր քաղաքացիների հավասարությունն օրենքի առջև, իսկ մյուս կողմից ապահովվում էր մասնավոր սեփականության ինստիտուտը: Վերոհիշյալ հանգամանքներով է պայմանավորված այն իրողությունը, որ Բոնապարտի կառավարման շրջանի ֆրանսիական օրենսդրությունը 19-րդ դարում սկսեց կրկնօրինակվել և կիրառվել 30 ու ավելի երկրներում: Դրանք ուղղակի կիրառություն էին ստանում ֆրանսիական տիրապետության տակ հայտնված երկրներում (Ավստրիական Նիդերլանդներ, Հոլանդիա, Շվեյցարիա, Հռենոսի ավազանի գերմանական մի շարք պետություններ)՝ իրենց ազդեցությունը թողնելով այդ երկրների հետագա իրավակիրառ գործընթացների վրա: Ֆրանսիական օրենսդրությունը, որոշակի փոփոխություններով հանդերձ իր տարածումն է գտել Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Կանադայում, ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում, Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում և նույնիսկ Ճապոնիայում:

27


Թեմա 6. Հարկադրանքի արդիականացումը Բոնապարտը լուսավորյալ դեսպոտների կամ միապետերի ժառանգորդն էր, միգուցե նրանցից ամենահզորը: Միաժամանակ նա հեղափոխության ծնունդն էր, ով ամրագրեց հեղափոխության ձեռքբերումները, բայց դրանով հանդերձ հանրային ինքնիշխանության, համընդհանուր կամքի, խորհրդարանի միջոցով կառավարման, ազատ կամարտահայտման և այլ հեղափոխական արժեքների կրողը չէր: Նա հավատում էր բանականությանը, կոմպետենտությանը, արդյունավետությանը, մանավանդ, երբ դրանց հետևում հրետանին էր կանգնած: Հետևաբար, Բոնապարտի ձևավորած քաղաքական համակարգը՝ որպես հասարակության գերակա խմբերի նպատակներին հետամուտ և միևնույն արժեբանության ու նորմերի հիման վրա գործող դինամիկ հարաբերությունների, փոխլրացնող դերակատարումների և իշխանական հաստատությունների ամբողջություն, ուղղակի հակասության մեջ էր գտնվում «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի» հիմնարար սկզբունքներից մեկի՝ հանրային ինքնիշխանության սկզբունքի հետ: Կառավարման գործընթացում ժողովրդավարական մեխանիզմների կիրառման հավանականությունը խիստ կասկածելի էր: Ֆրանսիայի քաղաքացիներին տրվել էր ձայնի իրավունք, սակայն այն ըստ էության անիմաստ էր, քանի որ օրեսդիրներին ոչ թե ընտրում, այլ նշանակում էին: Բացի այդ, սահմանափակ գործառույթներով ֆրանսիական օրեսդիր մարմինները Բոնապարտի կողմից իշխանական լծակների կենտրոնացմանը համընթաց զրկվում էին որևէ էական դերակատարումից: Իհարկե, Բոնապարտն իր քաղաքականությանը օրինականություն և լեգիտիմություն հաղորդելու, ինչպես նաև հանրային լայն աջակցության տպավորություն ստեղծելու նպատակով կիրառում էր հանրաքվեների մեխանիզմը: Հանրաքվեի միջոցով հաստատվեց Կոնսուլատի ձևավորումը, որպես առաջին կոնսուլ՝ Բոնապարտի ցմահ պաշտոնավարումը, ինչպես նաև կայսրության ստեղծումը: Սակայն խորհրդարանական հաստատությունները և հանրաքվեների պարբերական անցկացումն ընդամենը լեգիտիմացման քողածածկույթ էին Բոնապարտի իշխանության համար: Ֆրանսիայում «Հին վարչակարգի» ապալեգիտիմացման և հեղափոխական գործընթացներում առանձնահատուկ դերակատարում էր 28


ունեցել մամուլը: Խոսքի ազատության սկզբունքն ամրագրված էր «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի» երկրորդ հոդվածում: Բայց, անվերահսկելի տեղեկատվական հոսքերը կարող էին հանրային կյանքի ապակայունացման լուրջ սպառնալիք հանդիսանալ պատերազմող երկրում: Հետևաբար, Բոնապարտն, իշխանություն ստանձնելով, մի քանի ամսվա ընթացքում Փարիզում լույս տեսնող թերթերի թիվը 73-ից նվազեցրեց 13-ի: Ի վերջո, Փարիզում և դեպարտամենտներում հրատարակվող թերթերը տեղակատվության վրա կիրառվող գրաքննության պայմաններում վերածվեցին վարչակարգի պաշտոնական տեղեկատվական օրգանների: Կառավարության կողմից վերահսկվում էին նաև գրահրատարակչությունը և թատրոնը: Ֆրանսիայում դեռևս Հեղափոխության սկզբից հասարակական հարաբերություններում բռնությունը որոշիչ գործոն էր դարձել և վերածվել էր քաղաքական մշակույթի առանցքային հիմնատարրի: Այս համատեքստում Բոնապարտի ռեժիմը կիրառեց հարկադրանքի քաղաքականության նոր մոտեցումներ և մեխանիզմներ: Մինչ հեղափոխությունը «Հին ռեժիմը» կամ դրա համապատասխան կառույցները քիչ էին ուշադրություն դարձնում պետությանն ուղղվող հանրային պահանջների, ապստամբական շարժումների, կազմակերպված հակաիշխանական գործողությունների կանխատեսմանը, ինչպես նաև նոր կազմակերպությունների տարածմանը: Դրանք իրենց գործունեության մեջ թիրախավորում էին ազդեցիկ շերտերը: Ապստամբություններին և այլևայլ խժդժություններին արձագանքում էին զինված ուժերի կիրառմամբ, սակայն անվտանգության իրավիճակի մշտադիտարկում և պոտենցիալ վտանգ ներկայացնողների հսկողություն չէր կատարվում: Հեղափոխության տարիներին և հատկապես դրանից հետո Բոնապարտի կառավարման շրջանում ուղիղ կառավարման մոդելին անցում կատարելիս պետության կողմից վարվող հանրային անվտանգության ապահովման քաղաքականությունը արձագանքողականից դարձավ նախաձեռնողական: Ձևավորվեցին ներքին հետախուզության և տեխեկատվության փոխանցման նոր համակարգեր, որոնց արդյունքում տեղական վարչակարգերը պատասխանատու դարձան պետական իշխանության ու դրա կարևոր կլիենտների դեմ ուղղված շարժումների կանխարգելման և խափանման համար: Ոստիկանական ուժերը դարձան հասարակության մեջ ավելի ներթափանցված: Ոստիկանական համակարգի գործունեության համար պետության կողմից հատկացվում էին հսկայական միջոցներ: Ոստիկանությունը պատրաստում էր թղթապանակներ և զեկույցներ հանրային կարգին սպառնալիք հանդիսացող իրադարձությունների, կազմակերպությունների ու անհատների վերաբերյալ՝ մշտապես դրանց 29


պահելով իր տեսադաշտում: Հակաիշխանական տրամադրությունների մեջ կասկածվող հազարավոր անհատներ գտնվում էին ոստիկանության ուշադրության կենտրոնում: Ոստիկանական համակարգը ղեկավարում էր հանրահայտ Ժոզեֆ Ֆուշեն, որը այն դարձրեց խիստ կենտրոնացված: Ոստիկանության կոմիսարները դեպարտամենտներում իրավական առումով ենթարկվում էին պրեֆեկտներին, սակայն փաստացի նրանք նշանակվում էին ոստիկանապետի կողմից և գործում էին վերջինիս ղեկավարությամբ: Հանրային կարգի պահպանման գործընթացում կարևոր դերակատարում ունեին ռազմականացված ոստիկանական միավորումները՝ ժանդարմերիաները (1800 թվականին ժանդարմների քանակը 15000 էր), որոնք, սակայն, գտնվում էին ռազմական նախարարի ենթակայության տակ: Լայնածավալ ոստիկանական գործողությունների ժամանակ ժանդարմերիան դրվում էր ներքին գործերի նախարարի կամ ոստիկանապետի ենթակայության տակ: Ժանդարմներն օժանդակում էին ոստիկանությանը նաև հանցագործների ձերբակալության ժամանակ, մաքսանենգության դեմ պայքարում և այլն: Պետք է նշել, որ Բոնապարտի իշխանության գալու պահին Ֆրանսիայում լրջագույն խնդիր էր դարձել ճանապարհների անվտանգությունը և անհապաղ անհրաժեշտ էր դրանք մաքրել տարբեր ավազակախմբերից: Նոր իշխանությունը շատ արագ լուծեց այդ խնդիրը և այդ գործողություններում ժանդարմերիան առանցքային դերակատարում ունեցավ: Ոստիկանության կողմից շարունակաբար անտեսվում էր քաղաքացուն կամայականորեն ազատությունից զրկելու սահմանադրական արգելքը: Ռեժիմն իր քաղաքական ընդդիմադիրների մի մասին բնակեցնում էր հատուկ վայրերում, որտեղ նրանք գտնվում էին ոստիկանության անմիջական հսկողության տակ, իսկ մյուսներին էլ մեկուսացնում էր հոգեկան հիվանդների պահման վայրերում: 1810 թվականից ընդդիմադիրներին պահում էին նաև պետական բանտերում: 1814 թվականին Ֆրանսիայում կար մոտ 2500 քաղբանտարկյալ:

30


Թեմա 7. Ռազմական նորարարություններ Բոնապարտի կառավարման համակարգում առանձնահատուկ դերակատարում ուներ բանակը, որը միաժամանակ ներքին կայունության հիմնական երաշխավորներից էր ու արտաքին քաղաքականության կարևորագույն գործիք: 18-րդ դարում պատերազմի միջոցով լուծվում էին արտաքին քաղաքական սահմանափակ խնդիրներ, մինչդեռ հեղափոխական ժամանակահատվածից սկսած՝ ֆրանսիացիների կողմից նոր ռազմարվեստի կիրառմամբ վերափոխվեց ամբողջ Եվրոպայի քաղաքական քարտեզը: Ֆրանսիական բանակը պատմական այդ ժամանակահատվածում համալրման ձևով և քանակով, կազմակերպական կառուցվածքով, անձնակազմի արհեստավարժությամբ (1798-1812 թվականներին), տարբեր օղակների միջև հստակ փոխգործակցությամբ, արագաշարժությամբ, ոչ ավանդական մարտավարական հնարքներով դարձավ ամենաառաջավորը Եվրոպայում: Ռազմարվեստում Բոնապարտի նորարարություների հիմքում նախորդ փորձի ուսումնասիրումն ու կիրառումն էր, սակայն այդ ամենը բավարար չէր ռազմական գերակայության հասնելու համար, եթե դրանք չհամադրվեին նոր տեխնոլոգիայի՝ «հանրապետական բանակի» հետ, որի հիմնարար գործոնը քաղաքացի-զինվորն էր: Բանակն ազնվականական սպայակազմից և լուսանցքային սոցիալական տարրերից բաղկացած երկփեղկված կառույցից վերափոխվում էր ազատ քաղաքացիներից կազմված զանգվածային կառույցի, որում քաղաքացի-զինվորի ծառայողական առաջխաղացումն արդեն պայմանավորված էր անհատական-մասնագիտական որակներով: Քաղաքական և սոցիալական տեղաշարժերի արդյունքում փոխվել էր պատերազմի բնույթը և այն դինաստիական՝ սահմանափակ միջոցներով ու մասնակցությամբ ձեռնարկումից վերածվել էր համախմբված ազգային պայքարի՝ յուրաքանչյուր քաղաքացու գոյությունն ապահովող համընդհանուր պատերազմի, որում զանգվածային բանակների հավաքումը, կազմակերպումը, մատակարարումը վերափոխեցին պատերազմի վարման ձևն ու արդիական պատերազմների սկիզբն ազդարարեցին: Ֆրանսիական բանակը համալրվում էր համընդհանուր զորակոչի, այն է՝ համընդհանուր զինապարտության հիմամբ իրականացվող զանգվածային զորակոչի միջոցով, որի հետևանքով բանակը ստանում 31


էր քանակական գերակշռություն հակառակորդների նկատմամբ, ինչպես նաև պատրաստված պահեստազոր: Առաջին անգամ համընդհանուր զորակոչ հայտարարվել էր 1793 թվականին, որպես մեկանգամյա արտակարգ միջոցառում, որով բոլոր չամուսնացած տղամարդիկ զորակոչվում էին բանակ, իսկ հանրության մնացած անդամները ներգրավում էին պատերազմական վիճակից թելադրվող մի շարք տնտեսական և սոցիալական գործառույթների մեջ: Այն համընդհանուր պատերազմի մոդել էր, որում երկրի ամբողջ բնակչությունը համադրվում էր պատերազմական նպատակների համար և պատերազմը դառնում էր համազգային ձեռնարկ ու յուրաքանչյուր քաղաքացու գոյության պայքար: 1798 թվականից Ֆրանսիայում սկսեց կիրառվել գեներալ Ժուրդանի մշակված վեց տարի ծառայության ժամկետով համընդհանուր զորակոչի սկզբունքը, որը, Բոնապարտի օրոք ենթարկվելով որոշ փոփոխությունների, դարձավ սոցիալական հարաբերությունների մշտական նորմ: Համընդհանուր զորակոչի կիրառումը սկզբում առաջացրեց որոշակի դիմադրություն, որը դրսևորվում էր զանգվածային խուսափումների, դասալքությունների, ինքնավնասումների, վաղ ամուսնությունների և նույնիսկ ապստամբությունների ձևերով: Սակայն Բոնապարտի վարչակարգի կողմից հանրային համաձայնության նոր իրավիճակի ձևավորմամբ, սոցիալական ապահովման համակարգի ներդրմամբ (1799 թվականի սահմանադրության 86-րդ հոդվածով նախատեսվում էր թոշակների տրամադրում հաշմանդամ զինվորականներին, մարտի դաշտում զոհված զինվորականների կանանց և երեխաներին), զորակոչի կազմակերպման մեթոդների բարելավմամբ ու երբեմն էլ արդյունավետ բռնության կիրառմամբ համընդհանուր զորակոչը դարձավ սովորական գործընթաց՝ նախատիպ հանդիսանալով ապագայում տոտալ պատերազմներ վարող երկրների կողմից զանգվածային բանակների կազմակերպման համար: Փաստորեն համընդհանուր զորակոչը համաձայնությունների և հարկադրանքի համակցված համակարգ էր, որի կիրառման արդյունքում Բոնապարտի կառավարման տարիներին մոտ երեք միլիոն ֆրանսիացիներ զորակոչվեցին բանակ: Ռազմական գերակայության կարևորագույն գործոններից էր ֆրանսիական բանակի ճկուն կառուցվածքը: Այն բաղկացած էր կորպուսներից (5-ից 7), որոնց քանակակազմը 10 հազարից 50 հազար էր, միջինը՝ 30 հազար: Կորպուսներն ինքնուրույն միավորներ էին և ներառում էին տակտիկական միավորներ բոլոր զորատեսակներից՝ հետևակ, հեծելազոր, հրետանի և օժանդակող ծառայություններ: Կորպուսներն ի վիճակի էին ինքնուրույն օպերացիաներ իրականացնելու, բանակի 32


ռազմավարական նպատակների շրջանակներում ունեին գործողությունների լայն ազատություն, սակայն հիմնականում արագ օժանդակություն ստանալու նպատակով պատերազմական թատերաբեմում տեղակայվում էին մեկը մյուսից մեկօրյա տարածության վրա: Կորպուսներն ընդհանուր ճակատային գծում շարժվում էին առանձին ուղղություններով, որը հնարավորություն էր ընձեռում տեղում լուծել մատակարարման խնդիրները, հետևաբար ավելի քիչ բեռներ տեղափոխել և արագ տեղաշարժվել: Ռազմական թատերաբեմում կորպուսների ցրվածության և արագ տեղաշարժերի միջոցով ֆրանսիական բանակը մշտապես անակնկալի էր բերում հակառակորդներին՝ վճռական պահին մարտադաշտում ապահովելով թվային գերակշռություն: Երբեմն, կարող էին ձևավորվել նաև առանձին հեծելազորային կորպուսներ: Կորպուսի առջև դրված մարտական խնդիրներով և քանակով պայմանավորված՝ դրա հրամանատարը կամ մարշալ էր կամ դիվիզիայի գեներալ: Կորպուսի հիմնական մարտավարական ստորաբաժանումը դիվիզիան էր, որը նույնպես ի վիճակի էր ինքնուրույն գործողություններ իրականացնելու և սովորաբար բաղկացած էր 4-ից 10 հազար հետևակայինից կամ 2-ից 4 հազար հեծելազորից, որոնք էլ իրենց հերթին բաժանվում էին բրիգադների և գնդերի: Ֆրանսիական բանակը կառավարվում էր գլխավոր շտաբի և մեծ մարտավարական միավորների շտաբների միջոցով: Բանակային շտաբները նորություն չէին նապոլեոնյան պատերազմների շրջանում և դրանից առաջ: Քրոմվելի, լեհական թագավոր Յ. Սոբյեսկու, Լուի 14-ի բանակներում, 1783 թվականից ֆրանսիական բանակում շտաբային կառույցներ գործում էին, բայց ժամանակավոր բնույթ էին կրում: Բոնապարտին պետք է վերագրել բանակում մշտապես գործող և ժամանակակից գործառույթներով գլխավոր շտաբի հիմնումը մարշալ Բերտիեի հրամանատարությամբ: Շտաբը կազմված էր մի քանի բաժիններից, որոնց պատասխանատվության ոլորտում էին զորքերի տեղաշարժերը, կապի պահպանությունը, զորքերի մատակարարումը, ոստիկանական գործառույթները, ռազմական արդարադատության համակարգը, ռազմական հոսպիտալները, ռազմագերիները, զորակոչը, դասալքության հետ կապված խնդիրները, կապի միջոցները և հետախուզությունը: Շտաբի կողմից տրամադրվող վարչական, լոգիստիկ, կոմունիկացիոն օժանդակության միջոցով բանակն ի վիճակի էր բարձր արագությամբ գործել Ֆրանսիայից մեծ հեռավորության վրա գտնվող անծանոթ տեղանքներում:

33


Բոնապարտը շարժուն պատերազմի ջատագով էր և այդ ռազմավարության մեջ չուներ իրեն հավասարը: Օգտագործելով ֆրանսիական բանակի շարժունակության առավելությունները և հրամանատարական կազմի բարձր կատարողական վարպետությունը՝ նա մշակեց հակառակորդի հետ քանակական տարբերության վրա հիմնված երկու ռազմավարական համակարգեր՝ «կենտրոնական դիրքի մարտավարությունը» և «անուղղակի մոտեցման մարտավարությունը»: Քանակական առավելության հակառակորդի հետ նա կիրառում էր այսպես կոչված «կենտրոնական դիրքի մարտավարությունը», երբ բանակն արագ անցումով հայտնվում էր հակառակորդի ուժերի տեղակայման կենտրոնում և գրավելով կենտրոնական դիրք՝ արգելելում էր դրանց միավորմանը: Ապա արագ տեղաշարժի միջոցով ստանալով թվային գերակշռություն հակառակորդի առավել սպառնալի դիրքում գտնվող հատվածի նկատմամբ՝ հիմնական ուժերով հարձակվում էր վերջինիս վրա (իսկ մյուս հատվածներին զսպում էր դրանց դեմ մեկ կամ երկու կորպուս ուղարկելով) և ճիշտ պահին ու ճիշտ վայրում նոր ռեզերվային ուժերի ներգրավմամբ՝ ոչնչացնում հակառակորդի այդ հատվածը, որից հետո ուժերը կենտրոնացնում էր հակառակորդի այլ հատվածների վրա: Բոնապարտը «կենտրոնական դիրքի մարտավարությունը» հաջողությամբ կիրառել էր 1809 թվականի ավստրիական ռազմարշավում, 1814 թվականի փետրվարի վեցօրյա ռազմարշավում, իսկ ահա 1815 թվականի բելգիական ռազմարշավում այս մարտավարության կիրառումն անհաջող վերջաբան ունեցավ: Քանակական առավելության և մանևրելու բավարար դաշտ ունենալու դեպքում Բոնապարտը կիրառում էր «անուղղակի մոտեցման մարտավարությունը»: Այն ավելի բարձր վարպետություն էր պահանջում և առավել վտանգավոր էր, քան «կենտրոնական դիրքի մարտավարությունը»: «Անուղղակի մոտեցման մարտավարությունը» հակառակորդի շուրջ զորքերի ծավալուն շրջապտույտ էր ենթադրում: Բանակային մեկ կորպուս տեղակայվում էր հակառակորդի ճակատային մասում և ագրեսիվ գործողություններով իր վրա կենտրոնացնում հակառակորդի ուշադրությունը, մինչդեռ բանակի հիմնական մասը, թաքնվելով հեծելազորի թիկունքում, իսկ հնարավորության դեպքում նաև օգտագործելով տեղանքի աշխարհագրական առանձնահատկությունները, արագ անցումով շրջանցում էր հակառակորդի թևերը և հայտնվում թիկունքում: Այս դեպքում հեծելազորը և տեղանքը հանդես էին գալիս բանակի հիմնական մասի անցումը քողարկողի դերում: Այնուհետև, հայտնվելով հակառակորդի թիկունքում, մեկ կորպուսի ուժերով փակվում էին հակառակորդի՝ համալրում ստանալու և նահանջելու ուղիները, որից հետո բանակի մնացած 34


հատվածը թիկունքից շեշտակի հարված էր հասցնում հակառակորդին: «Անուղղակի մոտեցման մարտավարության» կիրառումը շրջադարձային հաղթանակներ ապահովեց 1805 թվականի ավստրիացիների դեմ Ուլմի, 1806 թվականին պրուսների դեմ Ենայի և 1807 թվականին ռուսների դեմ Ֆրիդլանդի ճակատամարտերում: Երբեմն Բոնապարտը կարողանում էր համադրել այս երկու մարտավարությունները: Ֆրանսիական բանակի համեմատական առավելություններից էր զորքերի մատակարարման համակարգը: Հեղափոխության սկզբնական շրջանում բանակի մատակարարման համակարգը քայքայվել էր, որի հետևանքով բանակում առկա էր զենք-զինամթերքի և սննդամթերքի զգալի պակաս, և ընդհանրապես վտանգված էր բանակի, որպես կազմակերպված կառույցի գոյությունը: Կենտրոնացված մատակարարումների խափանման պայմաններում զինվորները ստիպված էին ինքնուրույն հոգալ գոյատևման խնդիրը, որը պարզապես վերածվում էր շրջակա բնակավայրերի թալանի: Բայց այն, ինչ սկզբնական շրջանում սոված զինվորների կողմից բնակչության ուղղակի թալան էր, հետագայում վերածվեց կազմակերպված բռնագրավումների, որոնք իրականացվում էին այդ խնդիրների լուծման համար հատուկ առանձնացված ջոկատների կողմից: Ֆրանսիացիները ճշգրիտ գնահատում էին զբաղեցրած տարածքի հաշվին զորքին կերակրելու հնարավորությունները և արդյունավետ բռնագրավումների համակարգի միջոցով կարողանում էին ապահովել մատակարարումներ նույնիսկ այն տարածքներում, որտեղ այլ բանակներն՝ առանց էական մատակարարման, դատապարտված էին սովի: Ֆրանսիական բանակի հիմնական բազաներից կտրված լինելու պայմաններում զբաղեցրած տարածքների հաշվին մատակարարման կազմակերպումը երաշխավորում էր զորքերի բարձր շարժունակությունը և ապահովեց 1800, 1805, 1806 ու 1809 թվականների հաղթարշավները: Զորքերի արագ անցումներն այլևս չէին խոչընդոտվում իրենց հետևից դժվարաշարժ բեռնասայլերով տեղափոխելու անհրաժեշտությամբ: Մատակարարման հիմնական բազաներից հեռու գտնվելիս ֆրանսիական զորքերի մատակարարման վերոհիշյալ մեխանիզմն ուներ նաև սահմանափակումներ: Այսպես, եթե Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում և Հյուսիսային Իտալիայում 100 հազար զինվոր, 250 հրանոթ ու 40 հազար ձի ունեցող բանակը հնարավոր էր մատակարարել մոտ 100 կիլոմետր երկայնքի տարածքում, իսկ Իսպանիայում և Լեհաստանում նույնաքանակ բանակը հնարավոր էր մատակարարել 170 կիլոմետր տարածքում, Ռուսաստանում այդ համակարգն ընդհանրապես խափանվեց: 35


Ինչ վերաբերում է պատերազմների ֆիանասավորմանը, ապա այդ ոլորտում Բոնապարտը լուրջ դժվարություններ չէր ունենում: Պատերազմական ծախսերը Բոնապարտը դնում էր պարտված կողմի և դաշնակիցների վրա: Այսպես, Ավստրիան 1805 թվականին պարտվելով Ֆրանսիային վճարեց 50 միլիոն ֆրանկ, Պրուսիան Տիլզիտի պայմանագրով պարտավորվել էր վճարել 120 միլիոն ֆրանկ, իսկ Վարշավայի Դքսությունը պետք է վճարեր 20 միլիոն ֆրանկ: Ռուսական արշավանքից առաջ Ավստրիան, Պրուսիան և Վարշավյան Դքսությունը հիմնականում պետք է ապահովեին ռազմական ենթակառուցվածքները՝ ճանապարհների կառուցումն ու վերանորոգումը, ռազմական ամրությունների շինարարությունը, մատակարարման բազաների ստեղծումը և այլն: Պետք է նշել որ, սկզբնական շրջանում Ֆրանսիայի ռազմական բյուջեն ամողջությամբ չէր կլանում երկրի ֆինանսական միջոցները, և տնտեսության համար առավել ծանր էր զորակոչի հետևանքով առաջացած աշխատուժի պակասը: Բոնապարտի բանակի առավելություններին անդրադառնալիս պետք է շեշտել բարձրագույն հրամանատարության՝ մարշալների իրողությունը: Ֆրանսիայում մարշալը կայսրության բարձրագույն քաղաքացիական կոչում էր, որը սակայն հիմնականում շնորհվում էր բացառիկ զորավարական ընդունակությունների դրսևորման համար: Ֆրանսիական մարշալներից շատերը, ինչպես նաև գեներալիտետի զգալի մասը սերում էին երրորդ դասի ստորին շերտերից՝ գյուղացիների կամ մանր բուրժուաների որդիներ էին, սակայն հեղափոխական բանակներում փայլուն ռազմական առաջընթաց էին ունեցել՝ ստանալով կալվածքներ, պետական թոշակներ և այլ առանձնաշնորհներ: Նրանք Բոնապարտի հասարակության սոցիալական կարգավորման քաղաքականության համատեքսում համալրել էին 1808 թվականին ձևավորված կայսերական նոր ազնվականության շարքերը:

36


Թեմա 8. Սոցիալական կարգավորման քաղաքականությունը Վերը թվարկվեցին Բոնապարտի քաղաքական-վարչական, իրավական, տնտեսական և այլ վերափոխումները, որոնց միջնաժամկետ արդյունավետությունն ու ազդեցությունը պայմանավորված էին ֆրանսիական հետհեղափոխական հասարակության սոցիալական կարգավորման քաղաքականությամբ: Դրա նպատակը հեղափոխությամբ ի հայտ եկած նոր քաղաքացու շուրջ ձևավարված քաղաքական, տնտեսական, իրավական հարաբերություններում հին սոցիալական շերտերի՝ հոգևորականության և ազնվականության ներգրավումն ու ներհասարակական բաժանարար ճեղքերի վերացումը և վարչակարգի սոցիալական բազայի ամրացումն էր: Ֆրանսիական հասարակությունը հեղափոխական շրջանից ժառանգել էր երկու ապակայունացնող հիմնահարց՝ մեկը կաթոլիկ եկեղեցու և «երդում չտված» հոգևորականության հետ պետության հաշտեցումն էր, իսկ մյուսը՝ երկրից փախած կամ արտաքսված 100 հազար էմիգրանտների հետ հարաբերություններն էին: Այս հիմնահարցերին ածանցյալ էր նաև Վանդեայում և դրա հարակից տարածքներում շարունակաբար ընթացող պարտիզանական շարժումը: Բոնապարտն իշխանության ստանձնումից և հաջող իտալական արշավանքից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ նշված հիմնահարցերի կարգավորմանը: Իշխանություն ստանձնելիս Բոնապարտը Ֆրանսիայում կաթոլիկ եկեղեցու կարգավիճակի վերաբերյալ հանրության առջև իր դիրքորոշումը չհայտնեց, բայց համոզված էր, որ անհրաժեշտ է այդ հիմնահարցին լուծում տալ՝ հնարավորության դեպքում նաև Հռոմի Պապի հետ համաձայնություն (կոնկորդատ) կնքելու միջոցով: Հոգևորականության և կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերությունների հիմնահարցը մի քանի շերտեր էր պարունակում: Ֆրանսիական հոգևորականությունը բաժանվել էր երկու խմբի, առաջինը սահմանադրական հոգևորականներն էին, որոնք հավատարմության երդում էին տվել հեղափոխությանը, երկրորդը չերդված հոգևորականներն էին, որոնք արտաքսվել կամ փախուստի մեջ էին, բայց վայելում էին ֆրանսիական կաթոլիկների զգալի մասի հարգանքը: Վերջին խմբի աջակցությունը ստանալու համար Բոնապարտին անհրաժեշտ էր Հռոմի Պապի աջակցությունը: Կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերություններում 37


կար նաև ազգայնացված եկեղեցական հողերի հարցը: Դրանց նոր սեփականատերերի կասկածները փարատելու նպատակով անհրաժեշտ էր, որ եկեղեցին հրաժարվեր այդ հողերի նկատմամբ իր իրավունքներից: Թեպետ կրոնի նկատմամբ հեղափոխության ոտնձգություններին և հոգևորականության հալածանքներին՝ Ֆրանսիան մնում էր կաթոլիկ երկիր և Բոնապարտը կարևորում էր կաթոլիկ եղեղեցու նշանակությունը նոր իշխանության ամրապնդման և օրինականացման հարցում: Պատահական չէր, որ Բոնապարտը հետագայում հայտարարալու էր, որ իր իշխանությունը հենված է պրեֆեկտների, ժանդարմների և հոգևորականների վրա: Հյուսիսային Իտալիայում 1800 թվականի հաղթարշավից հետո, Բոնապարտը բանակցություններ սկսեց Հռոմի Պիոս VII (1800-1823) Պապի հետ՝ հեռանկարում պահելով ռազմական ուժի հնարավոր կիրառումը և պապական տարածքների կրճատումը: Բանակցությունների ընթացքում քննարկվեց համաձայնության 21 տարբերակ և ի վերջո կողմերի միջև վերջնական փոխհամաձայնեցված տարբերակը ստորագրվեց 1801 թվականի հուլիսի 15-ին: Ըստ դրա հիմնական դրույթների՝  կաթոլիկությունը ոչ թե Ֆրանսիայի պետական կրոնի կարգավիճակ էր ստանում, այլ ճանաչվում էր որպես ֆրանսիացիների մեծամասնության և հանրապետության երեք կոնսուլների կրոն,  հոգևորականներն ի զորու էին անարգել կրոնական արարողություններ կատարել, որոնց անցկացումը սակայն հանրային անդորրի պահպանման նպատակով կանոնակարգում էր ոստիկանությունը,  կաթոլիկ եկեղեցին հրաժարվում էր 1790 թվականից պետության կողմից առգրավված եկեղեցական հողերի նկատմամբ պահանջատիրությունից,  պետությունն աշխատավարձ էր վճարում հոգևորականներին,  հոգևորականներն իրենց գործառույթների ստանձնումից առաջ հավատարմության երդում էին տալիս պետությանը,  արքեպիսկոպոսները և եպիսկոպոսները նշանակվում էին պետության կողմից, բայց Պապին իրավունք էր վերապահված ծառայությունից հեռացնելու նրանց: Պետք է նշել որ, 1801 թվականի համաձայնության մի շարք դրույթներ նույնական էին 1790 թվականի «Հոգևորականության քաղաքացիական սահմանադրության» դրույթների հետ: Կոնկորդատով Բոնապարտին հաջողվեց վերացնել հոգևորականության տարանջատվածությունը, երդում չտված հոգևորականությունը հաշտեցնել պետության հետ, երաշխավորել առգրավված եկեղեցական հողերի նոր տերերի սեփականության անձեռնմխելիությունը, պահպանել կաթոլիկ եկեղեցու 38


նկատմամբ պետության վերահսկողությունը: Այդ նպատակով 1802 թվականի ապրիլի 8-ին նաև ընդունվեցին այսպես կոչված կազմակերպական հոդվածները, (des articles organiques) որոնցով ամրագրվում էին պետության կրոնական քաղաքականության նորմերն ու կանոնները: Պետության որդեգրած նոր կրոնական քաղաքականության համատեքստում կանոնակարգվեցին նաև բողոքականների հետ հարաբերությունները: Բողոքականները կազմակերպվեցին ըստ համայնքների, որոնց հոգևորականները կաթոլիկ հոգևորականների նման սկսեցին աշխատավարձ ստանալ պետության կողմից: Վարչակարգի նկատմամբ ընդիմադիր ուժերի թուլացման կամ չեզոքացման քաղաքականության շրջանականերում Բոնապարտը թե ռազմական միջոցներ կիրառեց և թե ներում շնորհեց Վանդեայում ու հարակից տարածքներում գործող ապստամբական շարժումների մասնակիցներին: Իսկ այն յակոբինյաններին և հանրապետականներին, որոնք նրան մեղադրում էին հեղափոխությանը դավաճանելու մեջ, բանտարկեց կամ արտաքսեց: Միաժամանակ օգտագործելով կառավարման առաջին տարիների հաջողությունները՝ էմիգրանտներին և միապետականներին հաշտեցրեց նոր սոցիալ-քաղաքական իրողություններին: 1800 թվականի Մարենգոյի հաղթանակից հետո հեղափոխության ընթացքում կազմված էմիգրանտների ցուցակներից հանեց 50 հազար անուն: 1802 թվականի գարնանը Ամյենի հաշտության պայմանագրից հետո համաներում հայտարարվեց ևս 50 հազար էմիգրանտների, պայմանով, որ նրանք պետք է վերադառնային Ֆրանսիա մինչ 1802 թվականի սեպտեմբեր և հավատարմության երդում տային սահմանադրությանը: Վերադարձած ազնվականների նախկին կալվածքները, եթե միայն առգրավվել էին, բայց չէին վաճառվել, վերադարձվում էին դրանց հին տերերին: Վերադարձածների մի մասը համալրելու էր նաև նոր կայսերական ազնվականության շարքերը: Ներում չշնորհվեց միայն մոտ հազար ազնվական էմիգրանտների: Այս քայլերի միջոցով Բոնապարտը փաստացի երկրի ներսում վերացրեց հակահամակարգային կազմակերպված դիմադրությունը: Անձնական իշխանությունն ամրապնդելու, կառավարող վերնախավը հաստատութենականացման միջոցով իր անձի շուրջ համախմբելու նպատակով Բոնապարտը ձեռնամուխ եղավ նոր ազնվականության ձևավորմանը: Այդ համատեքսում առաջին քայլը եղավ 1802 թվականին «պատվո լեգեոնի» հիմնումը, որի անդամ մինչ 1815 թվականը դարձան 48 հազար լեգեոնականներ: Այդ քայլով Բոնապարտը հեղափոխական հավասարարական (էգալիտար) հասարակության մեջ աստիճանակարգման նոր տարրեր էր ներդնում: 39


Վերնախավի ձևավորման գործընթացն իր գագաթնակետին հասավ 1808 թվականին նոր կայսերական ազնվականական տիտղոսների ստեղծմամբ, որոնք շնորհվում էին քաղաքացիական և զինվորական ծառայության դիմաց: Առաջին հերթին կայսերական ազնվականի տիտղոսներ ստացան գեներալները, սենատորները և վարչակարգի հետ կապված այլ պետական պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները: Այնուհետև կայսերական ազնվականությունը համալրվեց «Հին վարչակարգի» ազնվականների մի մասով: Մինչ 1815 թվականը ազնվականի տիտղոսներ ստացան կայսրության 3263 քաղաքացներ, որոնցից 59 տոկոսը զինվորականներ էին, 22 տոկոսը՝ պետական պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ, իսկ մնացածը հին ազնվականներ էին: Շնորհվեցին 29 դքսի, 44 կոմսի, 1468 բարոնի, իսկ մնացածին ասպետի տիտղոսներ: Պետք է նշել, որ այդ տիտղոսները հետագայում ճանաչվեցին նաև Բուրբոնների կողմից:

40


Ա Մ Փ Ո Փ ՈՒ Մ Ի մի բերելով վերոգրյալը՝ արձանագրնք, որ Բոնապարտի իշխանության հաստատմամբ Ֆրանսիայում կատարվեց հեղափոխական գործընթացների արդյունքում ձևավորված սոցիալական, իրավական ու տնտեսական նոր իրողությունների և բացարձակ քաղաքական իշխանության համադրում: Ներկայացվեցին Բոնապարտի ներքին կյանքի համակարգային վերափոխման և պետական կարգի արդիականացման ուղիները, որոնց արդյունքում Ֆրանսիան կրկին գերիշխող դերակատարություն ստանձնեց Եվրոպայում: Արդիական պետության գաղափարը Բոնապարտի կառավարման ընթացքում ստացավ իրական մարմնավորում: Հեղափոխության հավասարեցման և միատեսականացման քաղաքականությունն ու Բոնապարտի ամուր դիկտատուրան քսան տարում քայքայեցին մասնավոր և տեղական առանձնահատկությունների համակարգն ու Բոնապարտի օրոք սահմանադրական նոր կարգի և կենտրոնացված կառավարման համակարգի ձևավորմամբ հաստատվեց ներդաշնակ սոցիալական, տնտեսական ու քաղաքական հարաբերությունների միջավայր: Բոնապարտն անձնական իշխանության լեգիտիմությունն ապահովեց քարիզմատիկ կերպարի ու ռացիոնալ իրավական իշխանության հիման վրա՝ ներքին վերափոխումները, արտաքին քաղաքականությունն ու պատերազմները ծառայեցնելով լեգիտիմացման գերնպատակին: Բոնապարտի վարչակարգի կողմից կատարվեցին իշխանության համակարգի, ֆինանսատնտեսական, կրթական համակարգի և իրավական վերափոխումներ, արդիականացվեց հարկադրանքը, իրականացվեցին ռազմական նորարարություններ ու սոցիալական կարգավորման նոր քաղաքականություն: Իշխանության համակարգի վերափոխումը. Պետական կառավարման համակարգում պահպանվեցին հանրապետական հաստատությունները, սակայն զգալիորեն ավելացան գործադիր իշխանության լծակները, խախտվեցին գործադիր ու օրենսդիր իշխանությունների գործառնական համամասնությունները և դադարեցին գործել իշխանության երկու թևերի փոխադարձ հակակշռման մեխանիզմները: Գործադիր իշխանության հիմնական մարմիններ դարձան մեկ ղեկավարման և ուղղահայաց ենթակարգության հիման վրա գործող նախարարությունները, որոնք իրականացնում էին պետության առևտրաարդյունաբերական, հարկային, ռազմական և անվտանգության 41


քաղաքականություն: Վերացվեց տեղական ինքնակառավարումը, և վարչատարածքային միավորները սկսեցին կառավարվել կենտրոնից նշանակված կադրերի կողմից: Ձևավորվեց վարչական արդարադատության համակարգ: Կենտրոնացված և հզոր վարչական մեքենայի կազմավորմանը զուգահեռ սահմանադրությամբ երաշխավորվեց մասնավոր սեփականության ինստիտուտի պաշտպանությունը: Ֆինանսատնտեսական վերափոխումները. Վարչարարության կենտրոնացմամբ և հարկերի հավաքման նոր մեթոդների կիրառմամբ կարգավորվեց հարկահավաքության գործընթացը: Կառավարության համար պարտք վերցնելը դյուրացնելու, ամենամյա մուրհակների վճարումն ապահովելու և ազգային արժույթը՝ ֆրանկը, կայունացնելու նպատակով հիմնվեց Ֆրանսիայի բանկը: Տնտեսության ոլորտում որդեգրվեց մերկանտիլիզմի՝ տնտեսական ազգայնականության քաղաքականություն, որն իրականացվում էր պետութան կողմից օտարերկրյա ապրանքների վրա բարձր մաքսատուրքեր սահմանելու, տեղական արդյունաբերողներին սուբսիդավորելու և վարկավորելու, տեխնոլոգիական նորարարությունների ուղղությամբ տարվող աշխատանքներն ու դրանց արդյունքների կիրառումն օժանդակելու, ենթակառուցվածքները՝ ճանապարհները, կամուրջները և ջրանցքները պետության հաշվին նորոգելու ու նորերը կառուցելու, ինչպես նաև գործարար հարաբերությունները կանոնակարգելու եղանակներով: Կրթական համակարգի վերափոխումը. Ն. Բոնապարտին պետք է վերագրել հանրային կրթության համակարգի զարգացումը և կայացումը: Պետության կողմից վերահսկվող ու օժանդակվող, ինչպես նաև պետության նկատմամբ հավատարմություն սերմանող կրթության հասանելիությունը բոլոր քաղաքացիներին, կրթական համակարգի վերափոխման գլխավոր նպատակն էր: Քայլեր իրականացվեցին նախնական կրթության հանրայնացման ուղղությամբ: Բացվեցին լիցեյներ, որոնք գտնվում էին կառավարության ուղիղ վերահսկողության տակ: Հիմնվեց համալսարան, այն է՝ միասնական կրթական համակարգ, որն իր մեջ ներառում էր պետական կրթական ամբողջ համակարգը՝ դրա բոլոր աստիճանական փուլերով կամ մակարդակներով: Իրավական վերափոխումները. Վարչակարգի ամենանշանակալի ձեռքբերումներից էր ֆրանսիական միասնական իրավական համակարգի ներդրումը և օրենսդրության կոդավորումը՝ մասնավորապես հինգ օրենսգրքերի ընդունումը, որի արդյունքում կանոնակարգվեցին սոցիալական և տնտեսական հարաբերությունները, երաշխավորվեց քաղաքացիների իրավահավասարությունը, համակարգվեցին 42


կոմերցիոն գործառույթները, միասնականացվեցին չափերի և քաշերի համակարգերը: Բոնապարտի օրենսդությունը համադրում էր դրույթներ հարավում կիրառվող հռոմեական իրավունքից, հյուսիսում գործածության մեջ գտնվող տևտոնական սովորութային իրավունքից, և դրանք միախառնված էին հեղափոխական շրջանի ֆրանսիական հասարակության հիերարխիկ կառուցվածքն ու մարդու սոցիալական կարգավիճակը փոփոխության ենթարկած օրենսդրական նորամուծությունների հետ: Ֆրանսիայի նոր իրավական համակարգը հարմարեցվում էր հեղափոխության արդյունքում քաղաքական թատերաբեմ ելած միջին խավի գերակայությամբ հասարակությանը, որում մի կողմից երաշխավորվում էր բոլոր քաղաքացիների հավասարությունն օրենքի առջև, իսկ մյուս կողմից ապահովվում էր մասնավոր սեփականության ինստիտուտը: Ֆրանսիական իրավական նոր համակարգի անկյունաքարն էր «Քաղաքացիական օրենսգիրքը» կամ նապոլեոնյան կոդեքսը, որի մեջ համադրվում էին հեղափոխական առավել կարևոր իդեալները բացարձակ վարչակարգի իրավաքաղաքական առաջնայնությունների հետ: Այն ներառում ու հավասարակշռում էր սովորութային իրավունքի և հռոմեական իրավունքի դրույթները, ինչպես նաև համադրում էր անհատական իրավունքների մասով հեղափոխական էգալիտար սկզբունքները հռոմեական իրավունքի՝ սեփականության իրավունքների վերաբերյալ պահպանողական մոտեցման հետ: Օրենսգրքում ամրագրվում էին քաղաքացու համընդհանուր իրավունքները և օրենքի առջև բոլոր քաղաքացիների հավասարության՝ հեղափոխության հիմնարար սկզբունքներից մեկը: Հարկադրանքի արդիականացումը. Ֆրանսիայում դեռևս Հեղափոխության սկզբից հասարակական հարաբերություններում բռնությունը որոշիչ գործոն էր դարձել և վերածվել էր քաղաքական մշակույթի առանցքային հիմնատարրի: Այս համատեքստում Բոնապարտի ռեժիմը կիրառեց հարկադրանքի քաղաքականության նոր մոտեցումներ և մեխանիզմներ: Հեղափոխության տարիներին և հատկապես դրանից հետո Բոնապարտի կառավարման շրջանում ուղիղ կառավարման մոդելին անցում կատարելիս պետության կողմից վարվող հանրային անվտանգության ապահովման քաղաքականությունն արձագանքողականից դարձավ նախաձեռնողական: Ձևավորվեցին ներքին հետախուզության և տեղեկատվության փոխանցման նոր համակարգեր, որոնց արդյունքում տեղական վարչակարգերը պատասխանատոու դարձան պետական իշխանության ու դրա կարևոր կլիենտների դեմ ուղղված շարժումների կանխարգելման և խափանման 43


համար: Ոստիկանական ուժերը դարձան հասարակության մեջ ավելի ներթափանցված, ու ոստիկանական համակարգի գործունեության համար պետության կողմից հատկացվեցին հսկայական միջոցներ: Հանրային կարգի պահպանման գործընթացում կարևոր դերակատարում ունեին ռազմականացված ոստիկանական միավորումները՝ ժանդարմերիաները: Ժանդարմներն օժանդակում էին ոստիկանությանը հանցագործների ձերբակալության ժամանակ, մաքսանենգության դեմ պայքարում, ճանապարհների անվտանգության ապահովման հարցում և այլն: Անվերահսկելի տեղեկատվական հոսքերը կարող էին հանրային կյանքի ապակայունացման լուրջ սպառնալիք հանդիսանալ պատերազմող երկրում: Հետևաբար, Փարիզում և դեպարտամենտներում հրատարակվող թերթերը տեղակատվության վրա կիրառվող գրաքննության պայմաններում վերածվեցին վարչակարգի պաշտոնական տեղեկատվական օրգանների: Կառավարության կողմից վերահսկվում էին նաև գրահրատարակչությունը և թատրոնը: Ռազմական նորարարությունները. Բոնապարտի կառավարման համակարգում առանձնահատուկ դերակատարում ուներ բանակը, որը միաժամանակ ներքին կայունության հիմնական երաշխավորներից էր ու արտաքին քաղաքականության կարևորագույն գործիք: Ֆրանսիական բանակը պատմական այդ ժամանակահատվածում համալրման ձևով և քանակով, կազմակերպաչկան կառուցվածքով, անձնակազմի պրոֆեսիոնալիզմով, տարբեր օղակների միջև հստակ փոխգործակցությամբ, արագաշարժությամբ, ոչ ավանդական մարտավարական հնարքներով դարձավ ամենաառաջավորը Եվրոպայում: Ռազմարվեստում Բոնապարտի նորարարությունների հիմքում նախորդ փորձի ուսումնասիրումն ու կիրառումն էր, սակայն այդ ամենը բավարար չէր ռազմական գերակայության հասնելու համար, եթե դրանք չհամադրվեին նոր տեխնոլոգիայի՝ «հանրապետական բանակի» հետ, որի հիմնարար գործոնը քաղաքացի-զինվորն էր: Քաղաքական և սոցիալական տեղաշարժերի արդյունքում փոխվել էր պատերազմի բնույթը և այն դինաստիական՝ սահմանափակ միջոցներով ու մասնակցությամբ ձեռնարկումից վերածվել էր համախմբված ազգային պայքարի՝ յուրաքանչյուր քաղաքացու գոյությունն ապահովող տոտալ պատերազմի, որում զանգվածային բանակների հավաքումը, կազմակերպումը, մատակարարումը վերափոխեցին պատերազմի վարման ձևն ու արդիական պատերազմների սկիզբն ազդարարեցին: Ֆրանսիական բանակը համալրվում էր համընդհանուր զինապարտության հիման վրա իրականացվող զանգվածային զորակոչի միջոցով, 44


որի արդյունքում բանակը ստանում էր քանակական գերակշռություն հակառակորդների նկատմամբ, ինչպես նաև պատրաստված պահեստազոր: Համընդհանուր զորակոչը համաձայնությունների և հարկադրանքի մեխանիզմների համակցված համակարգ էր: Ռազմական գերակայության կարևորագույն գործոններից էր ֆրանսիական բանակի ճկուն կառուցվածքը: Այն բաղկացած էր կորպուսներից, որոնք ինքնուրույն միավորներ էին և բանակի ռազմավարական նպատակների շրջանակներում ունեին գործողությունների լայն ազատություն: Բանակում սկսեց մշտապես գործել ժամանակակից գործառույթներով գլխավոր շտաբ: Շտաբը կազմված էր մի քանի բաժիններից, որոնց պատասխանատվության ոլորտում էին զորքերի տեղաշարժերը, կապի ապահովումը, զորքերի մատակարարումը, ոստիկանական գործառույթները, ռազմական արդարադատության համակարգը, ռազմական հոսպիտալները, ռազմագերիների հիմնահարցը, զորակոչը, դասալքության հետ կապված խնդիրները, կոմունիկացիոն գծերը և հետախուզությունը: Բոնապարտը կիրառում էր հակառակորդի հետ քանակական տարբերության վրա հիմնված երկու մարտավարական համակարգեր՝ «կենտրոնական դիրքի մարտավարությունը» և «անուղղակի մոտեցման մարտավարությունը»: Քանակական առավելություն ունեցող հակառակորդի հետ նա կիրառում էր այսպես կոչված «կենտրոնական դիրքի մարտավարությունը»: Քանակական առավելության և մանևրելու բավարար դաշտ ունենալու դեպքում Բոնապարտը կիրառում էր «անուղղակի մոտեցման մարտավարությունը»: Ֆրանսիական բանակի համեմատական առավելություններից էին զորքերի մատակարարման համակարգը և բարձրագույն հրամանատարության՝ մարշալների իրողությունը: Սոցիալական կարգավորման քաղաքականությունը. Բոնապարտի քաղաքական-վարչական, իրավական, տնտեսական և այլ վերափոխումների միջնաժամկետ արդյունավետությունն ու ազդեցությունն ուղղակիորեն պայմանավորված էին ֆրանսիական հետհեղափոխական հասարակության սոցիալական կարգավորման քաղաքականությամբ, որի նպատակը հեղափոխությամբ ի հայտ եկած նոր քաղաքացու շուրջ ձևավարված քաղաքական, տնտեսական, իրավական հարաբերություններում հին սոցիալական շերտերի՝ հոգևորականության և ազնվականության ներգրավումն ու ներհասարակական բաժանարար ճեղքերի վերացումը և վարչակարգի սոցիալական բազայի ամրացումն էր: 45


Ֆրանսիական հասարակությունը հեղափոխական շրջանից ժառանգել էր երկու ապակայունացնող հիմնահարց՝ մեկը կաթոլիկ եկեղեցու և «երդում չտված» հոգևորականության հետ պետության հաշտեցումն էր, իսկ մյուսը երկրից փախած կամ արտաքսված 100 հազար էմիգրանտների հետ հարաբերություններն էին: Այս հիմնահարցերին ածանցյալ էր նաև Վանդեայում և դրա հարակից տարածքներում շարունակաբար ընթացող պարտիզանական շարժումը: Հռոմի Պապի հետ կնքված կոնկորդատի միջոցով Բոնապարտին հաջողվեց վերացնել հոգևորականության տարանջատվածությունը, երդում չտված հոգևորականությունը հաշտեցնել պետության հետ, երաշխավորել առգրավված եկեղեցական հողերի նոր տերերի սեփականության անձեռնմխելիությունը, պահպանել կաթոլիկ եկեղեցու նկատմամբ պետության վերահսկողությունը: Պետության կողմից որդեգրած նոր կրոնական քաղաքականության համատեքստում կանոնակարգվեցին նաև բողոքականների հետ հարաբերությունները: Բոնապարտը չեզոքացրեց Վանդեայում ու հարակից տարածքներում գործող ապստամբական շարժումները, իսկ ընդդիմադիր յակոբինյաններին և հանրապետականներին բանտարկեց կամ արտաքսեց: Էմիգրանտներին և միապետականներին հաշտեցրեց նոր սոցիալքաղաքական իրողություններին՝ հեղափոխության ընթացքում կազմված էմիգրանտների ցուցակներից հանելով 100 հազար մարդու անուն սահմանադրությանը հավատարմության երդման դիմաց: Վերադարձածների մի մասը համալրելու էր նաև նոր կայսերական ազնվականության շարքերը: Բոնապարտը երկրի ներսում վերացրեց հակահամակարգային կազմակերպված դիմադրությունը: Անձնական իշխանությունն ամրապնդելու, կառավարող վերնախավը հաստատութենականացման միջոցով իր անձի շուրջ համախմբելու նպատակով Բոնապարտը ձեռնամուխ եղավ նոր ազնվականության ձևավորմանը: Այդ համատեքսում առաջին քայլը եղավ 1802 թվականին «պատվո լեգեոնի» հիմնումը, որի միջոցով Բոնապարտը հեղափոխական էգալիտար հասարակության մեջ աստիճանակարգման նոր տարրեր էր ներդնում: Վարչակարգի կողմից վերնախավի ձևավորման գործընթացն իր գագաթնակետին հասավ 1808 թվականին նոր կայսերական ազնվականական տիտղոսների ստեղծմամբ, որոնք շնորհվում էին քաղաքացիական և զինվորական ծառայության դիմաց: Կայսերական ազնվականի տիտղոսներ ստացան գեներալները, սենատորները և վարչակարգի հետ կապված այլ պետական պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները, ինչպես նաև «Հին վարչակարգի» ազնվականների մի մասը: 46


Հանձնարարվող գրականություն Alexander R., Napoleon, London, Arnold, 2001. Asprey R., The Rise of Napoleon Bonaparte, New York, Basic Books, 2000. Burke P. (ed.), The New Cambridge Modern History, Volume 13, Cambridge, University Press, 1979. Chandler D., The Campaigns of Napoleon, New York, Macmillan,1996. Davies N., Europe Pimlico, London, 1997. Dwyer Ph. (ed.), Napoleon and Europe, London, Longman, 2001. Ellis G., Napoleon’s Continental Blockade, Oxford, Clarendon Press 1981. Englund S., Napoleon. A Political Life, New York, Scribner, 2004. Furet F., The French Revolution 1770–1814, Cambridge, Basil Blackwell, 1996. Gray C., War, Peace and International Relations. An Introduction to Strategic History, New York, Routledge, 2007. Hunt J., The French Revolution, New York, Routledge, 1998. Markham D., Imperial Glory: The Bulletins of Napoleon’s Grandee Armee 1805– 1814, London, Greenhill Books, 2003. Markham D., Napoleon’s Road to Glory: Triumphs, Defeats and Immortality, London, Brassey’s, 2000. McLean I. (ed.), The Concise Oxford Dictionary of Politics, Oxford and New York, University Press, 1995. McLynn F., Napoleon, London, Pimlico, 1998. Melvin F., Napoleon’s Navigation System, New York, AMS Press Inc., 1970. Stearns P. (ed.), Encyclopedia of European Social History. From 1350 to 2000, New York, Charles Scribner’s Sons, 2001. Tilly Ch., Coercion, Capital, and European States, AD 990-1990, Cambridge, Basil Blackwell Inc., 1992. Townshend Ch. (ed.), The Oxford History of Modern War, Oxford, Oxford University Press, 2000. Weber E., A Modern History of Europe, New York, W.W. Norton & Company Inc., 1971. Жидков О. А. и Крашенинникова Н. А. (под ред.), История Государства и Права Зарубежных Стран, часть 2, Москва, Норма, 2004. Киндер Г., Хильгеман В., Всемирная История, Москва, Рыбари, 2003. Кривогуз И. М. (под ред.), Новая История Стран Европы и Америки, Москва, Дрофа, 2002. Соловьев А. И., Политология, Москва, Аспект Пресс, 2001. 47


Արա Սպարտակի Գասպարյան Ֆրանսիան Նապոլեոն Բոնապարտի կառավարման տարիներին (1799-1814) (Կառավարման համակարգի արդիականացման մոդելը) (դասախոսության նյութեր) Ara Gasparyan France under the rule of Napoleon Bonaparte from 1799 to 1814 (The model of governance system modernization) (Lecture materials) Ара Спартакович Гаспарян Франция в период правления Наполеона Бонапарта с 1799 до 1814 (модель модернизации системы правления) (Материалы лекции)

Չափսը՝ 60x84 1/16: Տպագր. 3 մամուլ: Տպաքանակը 100:

ԵՊՀ հրատարակչություն, Երևան, Ալ. Մանուկյան1 ԵՊՀ տպագրատուն, Երևան, Աբովյան 52 48



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.