Աշխարհի ամենաազդեցիկ գրողները

Page 4

ՋԵՅՄՍ ՋՈՅՍ Իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը մոդեռնիստական եւ հետմոդեռնիստական արձակի նշանավոր ներկայացուցիչներից է : Նրա ստեղծագործությունն առանձնանում է խորհրդանշական մեկնաբանություններով եւ հոգեբանական վերլուծության վարպետությամբ : Ջոյսը հայտնի է դարձել « Դուբլինցիներ » պատմվածաշարով . անգլիական եւ իռլանդական գրականությունների մեջ առաջին անգամ պատկերել է եվրոպական մեծ քաղաքի միջին խավի կյանքն ու առօրյան : Գրողը քննադատել է դուբլինյան հասարակության անտարբերությունը , բացահայտել քաղաքի թշվառությունն ու սոցիալական չարիքի արմատները , ներկայացրել ընտանեկան հարաբերությունների անկումը : « Նկարչի դիմանկարը երիտասարդ հասակում » վեպում Ջոյսը պատկերել է գլխավոր հերոսի , նկարիչ Ստիվեն Դեդալուսի ( կերպարում առկա են ինքնակենսագրական տարրեր ) հոգեւոր զարգացումը , պայքարը բարոյական եւ կրոնական « անառարկելի ճշմարտությունների » դեմ : Նա ըմբոստանում է արվեստին թշնամի հասարակության դեմ , հրաժարվում կեղծ ազգային արժեքներից եւ նվիրվում ստեղծագործական աշխատանքին , այն համարելով միակ բարձրագույն արժեքը : Ջոյսի ստեղծագործության գլուխգործոցը , « Ուլիս » վեպը , XX դարի համաշխարհային արձակի բարձրակետերից է : Գրողը պատկերել է դուբլինցի հրեա Լեոպոլդ Բլումի 1 օրը , 1904 թ - ի հունիսի 16 – ը: Գրողը ձգտել է հաղորդել ոչ թե առկա , այլ մարդկանց գիտակցության մեջ անդրադարձված, ներկայացրել է գործող անձանց կյանքի մութ ու արգահատելի կողմերը , իռլանդական նյութապաշտ հասարակության անմարդկային օրենքները , սոցիալական , քաղաքական ու հոգեւոր վիճակը , ծուլությունն ու ագահությունը , կեղծ զգայականությունը , բարոյական արժեքների անտեսումը : Գրողը խախտել է վեպի ավանդական կառուցվածքը . մարդկանց կյանքի ուղիները խաչաձեւվում են ոչ միայն առօրյայում , այլեւ Իթակեի արքա Ոդիսեւսի առասպելում : « Դրամա եւ կյանք » , « Ամբոխի օրը » Հոդվածներում շոշափել է գեղեցիկի ու ճշմարտության փոխհարաբերության հարցեր , արվեստագետին համարել է ընտրյալ , իսկ « Իռլանդիան , սրբերի եւ իմաստունների կղզին » Հոդվածում անդրադարձել է Իռլանդիայի քաղաքական ու մշակութային կյանքին : « Ֆինեգանի հոգեհացը » Վեպում Ջոյսը դիմել է բառաստեղծման յուրօրինակ հնարամտության . հրաժարվել է շարահյուսական ավանդական միջոցներից : Վեպի հերոսը, Իրուիբերին, ընդվզում է դաժան ու սարսափազդու աշխարհի , չարիքի ու թշվառության դեմ :


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.