ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԵՐԳԱՐԱՆ
ՙԼուսակն՚ հրատարակչությունը պատրաստել է հրատարակության Սահակ Սահակյանի ՙՀայոց Ազատամարտը երգերում՚ գիրք-երգարանը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Երգարանը ներառում է 100 նոտագրված ազգային-հայրենասիրական երգեր՝ Ավարայրից մինչև Արցախյան Ազատամարտ։ Սա սոսկ երգարան չէ, այլ Ազատամարտի այս կամ այն դրվագի, հայ ազգային գործչի, հայդուկի ու հայդուկապետի, Արցախյան ազատամարտի դեմքերի գործունեության անմիջական ազդեցությամբ ծնված ստեղծագործությունների ինքնատիպ ժողովածու։ Մանրազնին ներկայացված է երգերի ստեղծման շարժառիթներն ու պատմական իրադարձությունները, ազգային նվիրյալների կենսագրությունների ուշագրավ էջերը։ Համադրվել են նախկինում Սփյուռքում և հայրենիքում տպագրված գրեթե բոլոր երգարանները, ճշգրտվել երգերի մեղեդիներն ու տեքստերը։
Իր տեսակի մեջ եզակի այս պատկերազարդ գիրք-երգարանը կնպաստի հայության ազգային-հայրենասիրական ոգու բարձրացմանը։