Ազատ,անկախ եվ միացյալ հայաստանի վերջին օրերը

Page 1

ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ (ԱՆՀԱՅՏ ԳՐՈՂԻ ՕՐԱԳԻՐԸ ) Բնօրինակը հայտնաբերվել է 1956 թվականին Վրաստանի Ախալցխա քաղաքի Ջափարիձեի փողոցի թիվ 33 /հետագայում թիվ 31/ տան խարխուլ պատերից մեկում, կարմիր լաթի մեջ խնամքով փաթաթված վիճակում, տան տիրուհու՝ Ամալյա Քոսյան-Հարությունյանի կողմից։ Վերջինս այն մի քանի տարի թաքցնելուց հետո հանձնել է իր ավագ եղբորը՝ ապագա պատմաբան Սարգիս Հարությունյանին, որն էլ հետագայում մեծ դժվարություններով այն դարձյալ թաքցրել և նույնքան էլ դժվարությամբ պատրաստել և հրատարակել է՝ վերը նշված վերտառությամբ։ Օրագիրը գրված է գեղեցիկ, վայելուչ և ընթեռնելի ձեռագրով՝ պարզ մաքուր հայերենով։ Իսկույն աչքի է զարնվում այն, որ հեղինակի մասնագիտությունը գրելն է և նա այդ արել է սիրով և բարձր մակարդակով, թե’ ձեռագրի և թե բովանդակության տեսակետից։ Հեղինակի, ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ այս ժառանգությունն այսօր էլ արդիական է և բացի պատմական մեծ արժեք լինելուց նաև կարող է ունենալ դաստիրակչական նշանակություն ներկա և գալիք սերունդների համար։

Գեիմ Ռուշանյան

Դիլիջան. 13 հունիսի 1920թ.* Երկար դադարից հետո նորից գրիչս վերցնում եմ այն ժամանակ, երբ Հայաստանի մանուկ հանրապետությունը ապրում է իր ամենավտանգավոր և ամենավճռական վայրկյանը: Ներքին խռովությունները /ի նկատի ունի բոլշևիկների մայիսյան բունտը- Գ.Ռ./ մի կողմից, Հյուսիսի և Հարավի վտանգը մյուս կողմից, Սան-Ռեմոյում մեր բարդ հարցի վերջնական լուծումը` երրորդ կողմից, խճճվել են իրար և ալեկոծում են հայ պետական բովանդակ կյանքը: _________________ *Օրագիրի առաջին գրառման ամսաթիվը-Գ.Ռ.

_________________ Ես նորագույն հայ գրականության ամենաբախտավոր և միաժամանակ ամենադժբախտ գրողներից մեկն եմ, որին վերապահվել է անաչառ կերպով գրի առնելու այն բոլոր անցքերը, որոնք ներկայումս տեղի են ունենում մեր պետական կյանքում ընդհանրապես և ռազմաճակատներում մասնավորապես: Ես այժմ Հայաստանի հանրապետության 4-րդ Բրիգադայի սոսկական զինվոր եմ: Մեր հրամանատարը հայ զինվորական հայտնի հերոս Սեպուհն է: Լինելով զինվորական՝ այս մարդը միաժամանակ գրականության սիրահար է, մի բան, որ պակասում է մեր մյուս հերոսներին: Սրանից ուղիղ երկու ամիս առաջ՝ իմ անփութության պատճառով, նեցուկների օրենքից* օգտվելու պատճառ վկայական չունենալուս համար՝ զորահավաքի ատյանը ինձ ձերբակալեց, որպես դասալիք և իսկական դասալիքների հետ Երևանից քշեց մինչև Իգդիր, ուր ճակատ էր բռնած 4-րդ Բրիգադան և ուր նշանակված էի ծառայելու: Իհարկե, ինձ, որպես գիտակից քաղաքացու, ցավ էր պատճառում այն, որ ինձ քշում են որպես դասալիք:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.