ԴՐՎԱԳՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ (1905-1906 թթ.) ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը, նրա կյանքը, ազգային-հասարակական գործունեությունն իր բազմաշերտ ու բազմակողմանի դրսևորումներով անսպառ է, և որևէ հետազոտող երբեք չի ասելու, թե ինքը ավարտուն, սպառիչ ու ամբողջական խոսք է ասել բանաստեղծի մասին: Թեև Թումանյանի խաղաղասիրական գործունեության մասին բազմիցս ասվել ու խոսվել է, սակայն բազմաթիվ մանրամասներ, որոնք նոր լույս են սփռում Թումանյան-ազգային և հասարակական գործչի գործունեության վրա, դեռևս մնում են չլուսաբանված, նրա ժամանակակիցների հուշերում և արխիվներում, մամուլում, «Դաշնակցական գործ» վերնագիրը կրող դատական գործի արխիվային նյութերում: Տվյալ դեպքում, խոսքը 1905–1906 թթ. հայ-թուրքական ընդհարումների մասին է, որոնց կենտրոնում կամա թե ակամա հայտնվեց Թումանյանը՝ ոտքից գլուխ զինված, բայց և խաղաղության սպիտակ դրոշը ձեռքին, ռուսական զորագնդի գլուխն անցած, բայց հաշտարար դատավորի, խաղաղասեր և իմաստուն մարդու իր կեցվածքով, գողությունն ու սպանությունը չհանդուրժող, մարդու գազանային բնազդներին ընդդիմացող, իշխանական թե կուսակցական ամեն մի սադրանքի դեմ պայքարող, ամենուր չարն ու վատը ամենայն խստությամբ պատժող, բարին հաստատող իր մեծ առաքելությամբ: 1905–1906 թթ. հայ-թուրքական ընդհարումներն ունեին մի շարք պատճառներ: Թումանյանի ժամանակակից պատմաբաններն ու քաղաքագետները, լրագրողներն ու հրապարակախոսները մատնանշում էին ամենատարբեր պատճառներ, որոնցից էին ցեղային թշնամությունն ու ատելությունը, թուրք տարրի կենդանական, բարբարոսական բնազդը, քանդելու, ջարդելու, կործանելու հակումները, միջէթնիկական մշտական ագրեսիվությունը և քաղաքակրթվելու միանգամայն անընդունակությունը, տնտեսական անհավասարությունը, հայ հարուստների սոցիալական կեղեքումները, կուսակցական և կառավարական սադրանքները և այլն: Հայ-թուրքական ընդհարումներն անմիջական արձաքանքն էին Ռուսաստանում սկսված ժողովրդական շարժման, հասարակական մեծ տեղաշարժերի, որոնց դրդիչը և՛ իրականությունն էր՝ անվերջ զրկանքներն ու հալածանքները, և՛ Կովկասի թուրքերի ցեղային բնավորության առանձնահատկությունները, և՛ ցարական իշխանությունների «Բաժանի՛ր, որ տիրես» տխրահռչակ սկզբունքով իրականացվող քաղաքականությունը: Հիշեցնենք, որ այդ քաղաքականության և մեծ կայսրության շո-