Աշխարհն այնպիսին է ինչպիսին դու այն տեսնում ես

Page 5

Ճանապարհով վազում էր մուկը, թփերի մեջ տեսավ թռչնիկ-երփներանգիկին և սկսեց գանգատվել: -Չգիտեմ ուր կորչեմ: Ամենուրեք կատուները հետապնդում են ինձ, իսկ մարդիկ թակարդներ են դնում: Չեն թողնում ապրեմ: -Իմ կյանքն էլ է այդպես,- պատասխանեց երփներանգիկը:-Կատուն տեսնում է, ուտել է ուզում, սկյուռն է տեսնում, ետևիցս է ընկնում: -Արի՛ միասին ապրենք,- առաջարկեց մուկը: -Արի՛,- համաձայնվեց երփներանգիկը: Երկուսով մի պատառիկ հող ընտրեցին և սկզբի համար որոշեցին մաքրել այն մոլախոտերից: Անցան գործի, բայց երփներանգիկը սովոր չէր այդպես աշխատել: -Հա՜... քիչ մնաց մոռանայի ... եղբայրս ամուսնանում է,- ստեց երփներանգիկը,- ես պետք է շնորհավորեմ նրան: Ստիպված եմ քեզ մենակ թողնել: -Գնա՛, ես կաշխատեմ,- պատասխանեց մուկը: Երփներանգիկը թռավ, փախավ անտառ: Այնտեղ նա ճյուղից ճյուղ ճախրեց՝ հեռվից հետևելով թե ինչպես է մուկն աշխատում: Երբ տեսավ, որ մուկն ավարտում է աշխատանքը, դուրս թռավ անտառից: -Ինչո՞ւ այդքան ուշացար: Ես այնքան տանջվեցի,- խոսեց մուկը, երբ տեսավ երփներանգիկին: -Խնջույքը երկար տևեց և ես չկարողացա հյուրերին թողնել,- պատասխանեց երփներանգիկը: Մաքրած հողը փորեցին, եգիպտացորեն ցանեցին: Երբ եգիպտացորենը ծլեց, սկսեցին քաղհանել: Նորից երփներանգիկին աշխատանքը ծանր թվաց: -Հայրս է մահացել,- ասաց նա տխուր,- պետք է գնամ, հրաժեշտ տամ նրան: -Է՜հ, ո՞ւմ հետ դա չի պատահում: Գնա՛, հրաժե՛շտ տուր,-ասաց մուկը: Նորից երփներանգիկն անտառ թռավ: Այնտեղ նա ուրախ ճախրում էր ճյուղից ճյուղ՝ հեռվից հետևելով ընկերուհու աշխատանքին: Հենց մուկն ավարտին էր հասցնելու քաղհանը, երփներանգիկը օգնության հասավ: -Ես տանջամահ եղա, ո՞ւր էիր այսքան ժամանակ,- հարցրեց դժգոհ մուկը: -Հորս թաղեցի, մայրս հիվանդացավ: Ահա և ուշացա նրա պատճառով,- սովորականի պես ստեց երփներանգիկը: Բերքը հասավ, եգիպտացորենը հավաքեցին: Սկսեցին կիսել այն: Վիճեցին: -Ով շատ է աշխատել, նա էլ շատ կստանա,- ասաց մուկը: Երփներանգիկը լսել անգամ չէր ցանկանում այդ մասին: Նա կեսն էր պահանջում: Վեճը վերածվեց կռվի: Այդ պահին ձիավորներ էին անցնում մոտերքով: Մուկն ու երփներանգիկը խնդրեցին դատել իրենց: Ձիավորները լսեցին նրանց և ասացին. -Միմյանց պատերազմ հայտարարեք և հաղթողին թող հասնի ողջ բերքը: Երփներանգիկը կանչեց բոլոր թռչուններին, իսկ մուկը՝ բոլոր չորքոտանիներին: Պատերազմ սկսվեց: Հաղթեցին չորքոտանիները: Նա, ով չցանկացավ աշխատել, չստացավ ոչինչ: Վրացական առակ Թարգմանեց Լիլիթ Սահակյանը

4


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.