Թոմ Սոյերի արկածները

Page 79

― Երանի մտքովս անցներ, ― ասաց Թոմը զգացված տոնով։ ― Բայց այնուամենայնիվ ես երազում տեսա քեզ։ Դա մի բան է, չէ՞։ ― Մեծ բան չէ, այդքանը կատուն էլ է անում, բայց ավելի լավ է, քան ոչինչը։ Ի՞նչ տեսար երազում։ ― Ուրեմն չորեքշաբթի գիշեր երազումս տեսա, որ դու նստել էիր մահճակալի կողքին, Սիդը՝ տախտակե արկղի վրա, իսկ Մերին՝ նրա կողքին։ ― Այո, այդպես էինք նստել։ Մենք միշտ այդպես նստում ենք։ Ուրախ եմ, որ գոնե երազումդ այդքան մտածում ես մեր մասին։ ― Ես տեսա նաև, որ Ջո Հարպըրի մայրը ձեզ հետ էր։ ― Ճիշտ է, նա այստեղ էր։ Ուրիշ բան չտեսա՞ր։ ― Շատ բան տեսա, բայց հիմա շատ աղոտ եմ հիշում։ ― Դե լավ, փորձիր մտաբերել, չե՞ս կարող։ ― Կարծեմ քամին ․ ․ ․ քամին հանգցնում էր․ ․ ․ հանգցնում էր․ ․ ․ ― Փորձիր ավելի լավ հիշել։ Քամին փչում էր, դե՛, փորձիր։ Թոմը մատները ճակատին դրեց։ Մի րոպե կենտրոնացած ու մտահոգ մնաց, հետո ասաց․ ― Հիշեցի, հիշեցի։ Քամին հանգցնում էր մոմը։ ― Ողորմյա մեզ, աստված։ Շարունակիր, Թոմ, շարունակիր։ ― Կարծեմ դու ասացիր․ «Ինձ թվում է, որ դուռը․ ․ ․ ― Շարունակիր, Թոմ։ ― Մի րոպե մտածեմ, մի րոպե։ Այո, այո, դու ասացիր, թե դուռը բաց է մնացել։ ― Այո, այստեղ նստած՝ ես այդ բանն ասացի։ Ասացի, չէ՞, Մերի։ Շարունակիր։ ― Հետո, հետո, վստահ չեմ, բայց թվում է, որ դու Սիդին ուղարկեցիր և․ ․ ․ ― Հետո՜, հետո՜, ո՞ւր ուղարկեցի, Թոմ։ Ի՞նչ անելու ուղարկեցի, Թոմ։ ― Դու ուղարկեցիր, ուղարկեցիր, այո, ուղարկեցիր դուռը ծածկելու։ ― Աստված իմ, կյանքումս նման բան չէի լսել։ Էլ չասեք, թե երազները ոչինչ չեն նշանակում։ Հիմա, անմիջապես կվազեմ և Սերենի Հարպըրին կպատմեմ այս բոլորը։ Տեսնենք ինչպես կվերաբերվի այս բոլորին իր ամբողջ անհավատությամբ։ Շարունակիր, Թոմ։ ― Այժմ ամեն ինչ ցերեկվա պես պարզվում է։ Սկզբում դու ասացիր, որ ես ոչ թե վատն եմ, այլ պարզապես չար և թեթևսոլիկ և իմ արածների համար պատասխանատու եմ այնքան, ինչքան․ ․ ․ ինչքան․ ․ ․ կարծեմ ասացիր քուռակը կամ դրա նման մի բան։ ― Ճիշտ այդպես էլ ասացի։ Ա՜խ, տեր աստված։ Շարունակիր, Թոմ։ ― Հետո դու սկսեցիր լաց լինել։ ― Այո, լաց եղա, լաց եղա, թեև ոչ առաջին անգամ։ Հետո՞․ ․ ․


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.