Թոմ Սոյերի արկածները

Page 51

Տղաների ոտքերն ու մարմիններն անշարժացան, երբ մարդը շրջվեց, բայց նրանց վախն անցավ։ Ոտքի մատների վրա դուրս եկան պատի ճեղքից և մի փոքր հեռվում կանգ առան, իրար հրաժեշտ տալու համար։ Երկար, չարագուշակ ոռնոցը նորից լսվեց գիշերային խավարում։ Նրանք շուռ եկան և տեսան, որ օտար շունը մի քանի քայլ հեռու էր կանգնած Պոտերի պառկած տեղից և երեսը Պոտերին ուղղած, քիթը՝ երկինք, ոռնում էր։ ― Օ՜հ, աստված իմ, նրա վրա է, ― բացականչեցին տղաները միասին։ ― Լսիր, Թոմ, ասում են, որ մի թափառական շուն ոռնալով եկել է Ջոնի Միլլերի տան շուրջը, երկու շաբաթ առաջ, կեսգիշերին, իսկ գիշերահավը նույն գիշերը մտել է նրանց տունը և սանդղաճաղի վրա կանգնած երգել է, բայց դեռևս ոչ ոք չի մեռնում։ ― Այո, բայց մի՞թե հաջորդ շաբաթ օրը Կրեյսի Միլլերը խոհանոցի կրակը չընկավ և չվառվեց։ ― Այո, բայց չմեռավ։ Դեռ ավելին․ լավանում է։ ― Դե լավ, սպասիր ու տես։ Նա կմեռնի, ինչպես Մըֆ Պոտերը։ Այդպես են ասում նեգրերը, իսկ նրանք նման բաներ շատ լավ են իմանում, Հեք։ Հետո տղաները մտամոլոր բաժանվեցին։ Երբ Թոմը ննջարանի լուսամուտից ներս մտավ, գիշերը համարյա անցել էր։ Նա ծայրահեղ զգուշությամբ հանվեց և քնեց, ինքն իրեն շնորհավորելով, որ ոչ ոք չէր իմացել իր փախուստի մասին։ Նա չէր իմանում, որ մեղմորեն խռմփացնող Սիդը քնած չէր և արթնացել էր մի ժամ առաջ։ Երբ Թոմն արթնացավ, Սիդը հագնվել էր և գնացել։ Լույսից և մթնշաղից երևում էր, որ ուշ էր։ Նա զարմացավ։ Ինչո՞ւ իրեն չէին կանչել, ինչո՞ւ չէին տանջել մինչև արթնանալը, ինչպես սովորաբար։ Այդ մտածումը նրան վախեցրեց։ Հինգ րոպեում հագնվեց և ներքև իջավ, թեև իրեն քնատ և հոգնած էր զգում։ Ընտանիքը դեռևս սեղանի շուրջն էր, բայց նախաճաշն ավարտված էր։ Հանդիմանական ոչ մի խոսք չեղավ, բայց բոլորը խուսափում էին նրան նայելուց։ Այնպիսի լռություն ու հանդիսավորություն կար օդում, որ հանցավորի սիրտը սառեց։ Նա փորձեց ուրախ երևալ, բայց իզուր․ ոչ մի ժպիտ չառաջացրեց, ոչ մի պատասխան չստացավ և լռությունից սիրտը վախ ընկավ։ Նախաճաշից հետո մորաքույրը նրան մի կողմ տարավ, և Թոմը համարյա ուրախացավ, որ ծեծ է ուտելու։ Բայց սխալվեց։ Մորաքույրը լաց եղավ և ասաց, թե ինչպես է կարողանում այդպես կոտորել իր ծեր սիրտը։ Ի վերջո, նա ասաց, որ եթե այդպես շարունակվի և ինքն իրեն կործանի, իր սպիտակ մազերը կհասցնի գերեզման, որովհետև անօգուտ էին Թոմին ուղղելու փորձերը։ Այդ ավելի վատ էր, քան հազար անգամ ծեծ ուտելը։ Թոմը լաց եղավ, խնդրեց ներել, նորից ու նորից խոստացավ փոխվել և թողություն ստացավ, միաժամանակ զգալով, որ հասել էր ոչ կատարյալ ներման և շատ թույլ վստահության էր արժանացել։ Նա դուրս եկավ շատ դժբախտ ու փորձ անգամ չարեց եղբորից վրեժ լուծել։ Այնպես որ Սիդն իզուր էր ետևի դռնից փախել։ Թոմը դպրոց գնաց ընկճված ու տխուր և Ջո Հարպըրի հետ դասից փախչելու համար պատժվեց մի մարդու տեսքով, որի սիրտը լիքն էր ծանր վշտերով և անտարբեր էր շրջապատի նկատմամբ։ Հետո նստեց իր գրասեղանի առաջ, արմունկները դրեց սեղանին և ծնոտը առավ ձեռքերի մեջ ու պատին նայեց


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.