Ապրիլ 2015, #2 (32)

Page 52

Քաղաք Գրողը տանի

«ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով բանաստեղծ, արձակագիր Արփի Ոսկանյանը գրել է էսսե Երևան քաղաքի մասին:

Արփի Ոսկանյան Արփի Ոսկանյանը ծնվել է 1978 թվականին, Ստեփանավանում։ Մամուլում սկսել է տպագրվել 1990-ից։ 1995-ից տպագրվել է Հայաստանում լույս տեսնող բոլոր հեղինակավոր գրական պարբերականներում։ Արփիի բանաստեղծություններն ու արձակ ստեղծագործությունները կարելի է կարդալ նաև «Ծիկ» (2011), «Անտերուդուս» (2010), «Մարադոնան և Ռոնալդինյոն» (2011) գրքերում, ինչպես նաև իր և Համբարձում Համբարձումյանի հիմնած «Գրողուցավ» գրական կայքում (groghucav.am): Արժանացել է մի շարք գրական մրցանակների:

Երևանի սերը ու դասերը Ես ծնվել ու մեծացել եմ Ստեփանավանում։ Մեր տանը մորս անհանգիստ երազանքի տեսքով ապրում էր Երևանը, և այդ երազանքի մեջ նա հայտնի բանաստեղծուհի էր։ Մայրս ամուսնացել էր իր ուսանողական ընկերոջ հետ և Երևանից տեղափոխվել Կուրթան գյուղ՝ մի պայմանով, որ օրերից մի օր անպայման կտեղափոխվեն Երևան։ Բայց հայրս Երևանը չէր սիրում։ Միգուցե մորս սերն այնքան մեծ էր, որ հայրս խանդում էր Երևանին։ Նա հավանաբար հավատում էր, որ մորս իր երազանքից բաժանում է գյուղից մայրաքաղաք ընկած ճանապարհը, և վախենում էր, որ բարձունքները կխլեն մորս իրենից։ Հայրս կատարեց իր խոստումը մասնակի և Երևանի փոխարեն ընտանիքը գյուղից տեղափոխեց Ստեփանավան։ Երբ մայրս դժգոհում էր, որ հայրս խաբեց իրեն ու չկատարեց պայմանը, հայրս ասում էր. «Ի՞նչ պակաս քաղաք է Ստեփանավանը»։ Մայրս լռում, նրա փոխարեն աղմկում էին զավակները։ Մորս Երևանը խռովել էր բոլորիս երազները։ Բոլորս ձգտում էինք դեպի Երևան։ Ես բողոքի ցույցեր էի անում, դասադուլներ ու հացադուլներ, տան պատերին փակցնում էի պաստառներ, որոնց վրա գրված էր. «Ուզում եմ գնալ Երևան»։ Հետո ընտանիքս արտագաղթեց Հայաստանից, և շուտով արդեն Մոսկվայի մեր վարձով բնակարանում էի պատերին պաստառներ փակցնում «Երևան» գրությամբ։ Երևանն ինձ ներկայանում էր որպես մի վայր, որտեղ հնարավոր է ազատությունը։ Երբ ես եկա Երևան՝ մենակ ապրելու և իրականություն դարձնելու երազանքներս, տասնյոթ տարեկան էի։ Անցյալ դարավերջի իննսունականներին նման բան Հայաստանում հաճախ չէր պատահում, և բարեկամների ու հարևանների վերաբերմունքը միանշանակ էր՝ զարմացած, ահաբեկված, դատապարտող։ Հարևաններս սկզբում փորձեցին հասկանալ, թե ինչ պտուղ եմ ու, նախադեպ չգտնելով իրենց իրականության մեջ, ինձ կնքեցին այդ ժամանակ հեռար-

50 51

Ապրիլ 2015

ձակվող բրազիլական սերիալի հերոսուհու անունով՝ Ասոսենա։ Երևանն ինձ տրվեց հեշտությամբ, կամավոր և սիրով։ Չկար մի տեղ, ուր ես գնայի, ու դռները իմ առջև չբացվեին, ինչպես տանտիրոջ առջև։ Ինձ տանում էին խմբագրությունից խմբագրություն, իմ պատմվածքների ու բանաստեղծությունների մասին հիացական խոսքեր էին ասում ազդեցիկ գրողները, ինձ հրավիրում էին ռադիո ու հեռուստատեսություն։ Ես հայտնվել էի մորս երազանքի մեջ՝ գլխավոր դերում, և դրանից ինձ մի քիչ վատ էի զգում։ Ես իմ երազանքը ունեի, և դա ռեժիսոր դառնալն էր։ Հեշտությամբ, առանց ջանքի ընդունվեցի թատերական ինստիտուտ՝ այն ժամանակ հանրապետությունում ամենաանմատչելի համարվող բուհը, որի անմատչելիությունը ուղիղ համեմատական էր իր ուսանողուհների մատչելիության համբավին։ Երևի հենց այդ համբավից խրտնած՝ թատերական ինստիտուտն իր շենքից վռնդել էր թեթևության ու ազատության՝ արվեստի ոգին։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էին դասախոսները փորձում ծաղրի առարկա դարձնել իմ ինքնատիպ գլխարկներն ու զարդերը՝ իբր առանց հետին մտքի դրանք շփոթելով բեմական ռեկվիզիտի հետ։ Մի օր դասախոսս ասաց. «Հայ կինը պիտի արթնանա առավոտյան ժամը վեցին, որպեսզի հասցնի մինչև ժամը ութը տուն մաքրել, ճաշ եփել և նոր միայն գնա աշխատանքի»։ Դա իմ լսած վերջին դասախոսությունն էր թատերական ինստիտուտում։ Հետո եղավ Գեղարվեստի ակադեմիան, որի շենքից նույնպես վտարված էին արվեստն ու ազատությունը։ Իմ իրական ինստիտուտը Գրողների միությունն էր, որտեղ հավաքվում էին լավագույն գրողները, ՆՓԱԿ-ը, որտեղ քննարկվում էր ժամանակակից արվեստի ընթացքը, ռոքակումբները, որտեղ նվագում ու երգում էին ամենահետաքրքիր ջահելները։ Կար երկու Երևան. մեկը գրողների ու նկարիչների Երևանն էր, մյուսը՝ տանկնիկների, և այս

երկու Երևանը սառը պատերազմի մեջ էին։ Իմ աչքի առջև գրողների ու նկարիչների Երևանը անընդհատ պարտություն էր կրում, տարածքային ու մարդկային կորուստներ ունենում, իսկ տանկնիկների Երևանը ընդարձակում էր իր սահմանները։ Տանկնիկների Երևանի աշխարհազորը հարևաններս էին։ Իմ տան տակի բնակարանում միջին տարիքի երկու քույր էին ապրում, որոնք ինձ հենց սկզբից չսիրեցին։ Ամեն անգամ, երբ տան դուռը բացում էի, որ դուրս գամ կամ երբ դրսից վերադառնալիս էի լինում, քույրերից մեկնումեկը դուրս էր թռչում տնից, կտրում դեմս ու ինչ-որ բողոք ներկայացնում՝ մեկ տպագրական մեքենայիդ ձայնն է մեզ խանգարում, մեկ՝ ինչքա՞ն կարանք քո կիթառը լսենք, մեկ՝ հյուրերդ բարձր են ծիծաղում, մեկ՝ կտկտացնում ես, մեկ՝ ջուր ա չռռում, մեկ՝ ամբողջ գիշեր ինչի՞ էիր քայլում ու այդպես շարունակ։ Դաստիարակությունս թույլ չէր տալիս «պատասխաններ տալ» ինձնից տարիքով մեծ մարդկանց, ես նրանց հետ միշտ բարեկիրթ էի, դիմում էի դուք-ով, փորձում էի մեղմել նրանց զայրույթը, դիվանագիտական հարաբերությունները բարելավելու նպատակով նրանց թխած թխվածքներն էի գնում, միշտ հարցնում էի ոնցությունը, ու լսելով, որ իրենց բոլոր հիվանդությունների ու դժբախտությունների պատճառն եմ, մեղավոր ու ինքնախարազանաբար տարուբերում էի գլուխս՝ որոշելով, որ այդ մարդկանց այլևս տհաճություն չպատճառեմ։ Ես դադարեցի կիթառ նվագել, հյուրեր ընդունել, հրաժարվեցի կրունկներով կոշիկներից, ու բանը հասել էր նրան, որ տանը արդեն ոտնաթաթերի վրա էի քայլում, գիշերն էլ վախենում էի անկողնուց դուրս գալ... Բայց որքան էլ զարմանալի էր՝ բողոքները չէին դադարում, նույնիսկ ավելանում էին։ Քույրերը չէին կարողանում սանձել իրենց երևակայությունը, և նրանց ականջին իմ տնից հա կյանքի ձայներ էին լսվում, թեպետ ես համարյա դադարել էի ապրել... Հետո բակում մի շուն հայտնվեց Միկի անունով։


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.