Դեկտեմբեր 2012, #12 (12)

Page 7

Եկա, տեսա, չը՜խկ

Հայաստանյան գովազդի ավանդույթների տակավին երիտասարդ լինելը չի խանգարում ունենալ մեզ մոտ տարածաշրջանի կարևոր գովազդային փառատոներից մեկը: «Veni, Vidi, Crack!» կարգախոսով Երևանում երրորդ անգամ կայացավ «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնը, որի մրցանակներին հավակնում էին 15 երկրների խոշորագույն գովազդային գործակալությունները: Բացի հինգ ավանդական անվանակարգերից («Հեռուստատեսային և ռադիո գովազդ», «Ինտերակտիվ գովազդ», «Տպագիր և արտաքին գովազդ») այս տարի, երբ Երևանը ստանձնել է Գրքի համաշխարհային մայրաքաղաքի պաշտոնը, հատուկ տեղ էր հակտացվել նաև գրքի և ընթերցանության առաջխաղացման համար մշակված նախագծերին: Մրցանակակիրների թվում էր նաև ԵՐԵՎԱՆ ամսագիրը, որի երկու շապիկները ստացան արծաթե և բրոնզե մրցանակներ «Գրաֆիկական դիզայն» ենթաբաժնում:

Սիրո՛ւմ է

Աբովյան փողոցում վերաբացվել է «Սիրում է, չի սիրում» քանդակը՝ 60-ականների Երևանի կենտրոնի ամենասիրված ստեղծագործություններից մեկը, որը ոչնչացվել էր վանդալների ձեռքով 1991-ին: Թերեզա Միրզոյանի այս գործի կրկնօրինակը մոր էսքիզներով բրոնզից ձուլել է նրա դուստրը՝ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Նոր տարբերակը տեղադրվել է նախկին վայրից քիչ հեռու:

Ռեանիմացվեց

Երևանցիները չորրորդ անգամ հնարավորություն ստացան դիտելու էկրաններին բազմաթիվ անիմացիոն ֆիլմեր՝ այնպիսիք, որոնք դժվար կլիներ հանդիպել հեռուստացույց դիտելիս: Դրանց մեծ մասը մասնակցում էին ՌեԱնիմանիայի մրցութային ծրագրերում: Նատալյա Միրզոյանի՝ թեյի տերևների միջոցով նկարահանված «Չինտին» լավագույնը ճանաչվեց կարճամետրաժների թվում, հունգարացի Մարսել Ջանկովիչի «Մարդու ողբերգությունը» երկուսուկես ժամանոց անիմացիոն ֆիլմը լավագույնն էր լիամետրաժների մրցույթում, գերմանացի Կասիա Վիլքը հաղթեց մանկական մրցույթում «Դիմացիր ինձ» մուլտով, ավարտական մրցույթում լավագույնը ճանաչվեց Յոհաննես Չիզլի «366 օրը», իսկ հեռուստատեսային/գովազդային ֆիլմերի ցանկից ժյուրին նախապատվությունը տվեց իսպանաչեխական «Կանգնելով հանուն ազատության» ժապավենը: Ընդհանուր առմամբ ՌեԱնիմանիային այս տարի ներկայացվել էր շուրջ 400 անիմացիոն ֆիլմ 40 երկրներից: Կազմակերպիչների համոզմամբ, հաջորդ՝ հոբելյանական հինգերորդ փառատոնը է՛լ ավելի լայնածավալ ու հետաքրքիր կանցնի:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.