Դեկտեմբեր 2012, #12 (12)

Page 52

Քաղաք Նախագիծ

Հայպոկալիպսիս Այս տարվա դեկտեմբերի 23-ին սպասվող աշխարհի վերջը կարող է ներկայանալ շատ տարբեր ֆորմատներով՝ մայաները ոչ մի հստակ տեղեկություն այդ մասին չեն թողել: Վերջը կարող է գալ մեր անուշ մոլորակին հարված հասցրած մետեորից կամ ինչ-որ հիվանդությունից, որը մի քանի ամսում կոչնչացնի բոլոր մարդկանց կամ ռաբիզ երաժշտության միջազգային հաղթանակի հետևանքով: «ԱրմՔոմեդի» նախագծի համանախագահ Սերգեյ Սարգսյանը փորձում է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե ապոկալիպսիսը գա բոլորի մոտ, բացի իրենից:

Պ

ատկերացրեք, որ արթնանում եք մի օր, ու ոչ մեկ չկա: Դուք մենակ եք մնացել ամբողջ երկրում կամ գուցե մոլորակում: Մարդիկ ուղղակի մի գիշերվա ընթացքում անհետացել են, իսկ մնացած ամեն ինչը մնացել է իր տեղում: Գուցե գլոբալ տաքացման ամոթից են անհետացել կամ թաքուն թռել են Մարս, բայց ձեզ ոչ ոք ոչ մի բան չի ասել. պարզապես դուրս եք գալիս փողոց, ու մարդ չկա: Հաճախ եմ նման սցենարի մասին մտածել ու մտածել եմ նույնիսկ՝ ինչ կանեմ էդ դեպքում: Նախ, մի կտոր հաց կուտեմ: Հաշվի առնելով, որ սնունդը կամացկամաց փչանալու է, կսկսեմ արագ փչացողներից: Միանգամից ինքնամոռաց կմտնեմ առաջին պատահած սուշի ռեստորանը և իմ այցի արդյունքում ապոկալիպսիսը կհասնի նաև սուշիին: Դրանից հետո կարելի է մտածել ապագայի մասին ու փիլիսոփայել. բա հիմա ի՞նչ է լինելու վերջը, կյանքի իմաստը ո՞նց պետք է լինի, ո՞ւր գնաց մեր հազարամյա պատմություն ունեցող ազգը և այլն: Կյանքի մասին մի 10-15 րոպե մտածելուց հետո վերադառնում ենք վայելելու ապոկալիպսիսի դրական կողմերից մեկը՝ ամենաթողությունն ու անարխիան: Ենթադրում եմ, որ մարդկանց վերացման հետ նաև երթևեկությունը Երևանում գուցե մի քիչ թեթևանա: Կարելի է փողոցում ցանկացած մեքենա վերցնել ու հավեսով քշել՝ խփելով մյուսներին, անտեսելով կարմիր լույսը (հա, կարմիր լույսը երևի դեռ որոշ ժամանակ աշխատի): Բայց կարևորը անվտանգությունն է: Մարդկանց բացակայությունը կարող է գրավիչ դարձնել Երևանը վայրի կենդանիների համար: Ավելին՝ բնապահպանության նախարարության պաշտոնյաների անհետացման արդյունքում Հայաստանում կարող են հայտնվել բեզոարյան այծեր ու հազար ու մի տեսակի արջ: Գուցե մի քանի ծովափիղ էլ հայտնվի Սևանում: Այդ բոլոր կենդանիները դուրս գալով Կարմիր գրքից, կսկսեն նեղել Կարմիր գրքի նոր հյուրին՝ ինձ: Բարեբախտաբար Երևանում առնվազն 4 զենքի խանութ կա, որտեղ մի քանի անգամ մտել եմ, նայել եմ, նույնիսկ մի քանի բանի ձեռք եմ տվել: Իսկ հիմա, երբ ամբողջ քաղաքի խանութներում բաց դռների օր է, կարելի է օգտվել նաև ապոկալիպսիսի այդ մրգից: Մի քանի ատրճանակ ձեռքիս ու ինչ-որ թանկանոց սիգար գրպանս ավելի հանգիստ կշարունակեմ զբոսնել անմարդաշատ վարդագույնոտ քաղաքով: Իհարկե, ընթացքում կլինի դեպրեսիա, հիստերիա, դատարկության զգացում, բայց դե մյուս կողմից՝ կոնյակը ձրի է: Մոտակա սուպերմարկետից կարելի է անուշ անել ամենաթանկանոց կոնյակը և անիմաստ կյանքը դարձնել գոյատևման շատ հետաքրքիր խաղ:

Հա, նաև կարելի է մի քանի միստիկ անհասանելի տեղ գնալ՝ մտնել բոլոր օլիգարխների տները, տեսնել ով ինչ կմախքներ է թաքցրել ժողովրդից: Ընթացքում նաև առյուծի մսից կարելի է համտեսել (դե բաց թողելը վտանգավոր է, իսկ ներսում որ մնա, սովից մեկ ա կմահանա): Հետո կարելի է վերցնել տեսախցիկը ու մի քիչ նկարահանել Կասկադի մոտի տարածքը առանց վախենալու, որ կմոտենան նեո-պիոներները և կասեն՝ «Սա մասնավոր սեփականություն է: Նկարել չի կարելի»: Մյուս կարևոր հարցը երևի կլինի մնալու տեղը: Բնականաբար, մի քանի շաբաթ Բաղրամյան 26-ի համն ու հոտը կարելի է վայելել, բայց հետո երևի ավելի կենտրոն տեղ կարելի է իջնել: Օրինակ… ցանկացած բնակարան: Տեղի կունենա «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի թեյըմպման դրվագի կենդանի իրականացում: Ամեն օր մի բնակարանում իր բարիքներով՝ պարտադիր Արարատի տեսարանով: Դեպրեսիան իհարկե էլի մեկ-մեկ կփորձի համը հանել, բայց պետք է մերվել ապոկալիպսիսային կոնտեքստին ու վայելել աշխարհի վերջը: Կարծում եմ ապոկալիպսիսի ամենամեծ վտանգներից մեկը լինելու է գիրությունը: Մի երկու ամիս ապոկալիպսիսային դիետայով ապրելով կավելացնեմ մի 10 կգ ու կսկսեմ գիտակցել, որ շուտով ձմեռ է և

չնայած հյուսիսային ռազմավարական դաշնակիցը այլևս գազի գինը չի կարողանա բարձրացնել, բայց դա չի փրկի: Այստեղ ապոկալիպսիսը կսկսի մի քիչ նմանվել մեր հին ու բարի անլույս 90-ականներին: Կգտնեմ էն հին փեջերից ու կսկսեմ հավաքել ցախ: Բնապահպաններ արդեն չեն լինի և ընդհանրապես կյանքի անիմաստությունը ահագին կնվազեցնի Երևանի կանաչ գոտու կարևորությունը, այնպես որ ցախի խնդիրը կլուծվի բավական հեշտ: Մինչև դեկտեմբեր արդեն կունենամ հարմար տուն ցախով, զենքով, կոնյակով ու հավանաբար էդ փուլում արդեն նաև բազմաթիվ պոռնոգրաֆիկ ամսագրերով: Հենց այդպես, կոնյակը ձեռքիս ու իմ պատրաստած զեբրայի մսի տոլմայով (հա ի՞նչ, գազանանոցն էլ պետք է մի ձև օգտագործել) կդիմավորեմ առաջին ապոկալիպսիսային նոր տարին՝ խմելով մայաների հիշատակի կենացը: Դե մյուս օրն էլ՝ բարեկամների տներով և ուտել-խմելով: Ամեն դեպքում պետք է հիշել, որ ցանկացած ապոկալիպսիսի մեջ կարելի է գտնել լուսավոր կետեր… մանավանդ, եթե կոնյակը դառնում է անվճար:

Հ.Գ.

Հա, ու մի քանի շաբաթ երևի անցկացնեմ կոնյակի գործարանի նկուղում:

Վլադ Գերասիմով

50 51

Դեկտեմբեր 2012


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.