ԵՐԵՎԱՆ #69 | 2021

Page 1

#4(69) 2021



Արաքս Քոչարյան

Մ

ենք ապրում ենք ժամանակներում, երբ դժվար է լինել ապաքաղաքականացված, գրեթե անհնար է խուսափել նախընտրական վեճերից, իսկ սոցիալական ցանցեր մուտքն առանց զրահաբաճկոնի վտանգավոր է հոգեկան առողջության համար (ավելի հեշտ է պարզապես շրջանցել բոլոր մարդաշատ վիրտուալ հարթակները)։ Այսպիսի փուլ է, ինչ արած։ Բայց հենց նման ժամանակներում է շատ կարևոր փորձել սթափվել, իրերին նայել ավելի վերևից, կտրվել օրվա խնդիրներից ու տեսնել ընդհանուր պատկերը։ Ահա թե ինչ է փորձում հուշել մեր այս թողարկումը. ժամանակն է մի կողմ դնել անձնականացված վեճերը և ուշադրություն դարձնել ինստիտուտներին։ Դիցուք՝ խորհրդարանը։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը։ Եվ ի՞նչ գիտենք մենք՝ սովորական մարդիկս, այդ հաստատության մասին։ Որպես կանոն, միայն այն, թե որ քաղաքական ուժը ներկա պահին ինչ ներկայություն ունի այնտեղ։ Երբեմն լավ տարածվում են ամբիոնից հնչեցված զավեշտալի խոսքերը, որոնք դառնում են թևավոր ու տարածվում ինտերնետով մեկ։ Ուրի՞շ։ Արդյոք հետևո՞ւմ ենք իրական բանավեճերին, ուսումնասիրո՞ւմ ենք ընդունված օրենքները, ընդհանրապես գիտե՞նք, թե որոնք են խորհրդարանի գործառույթները։ Չէ՞ որ քաղաքական ուժերը կարող են փոխվել, բայց խորհրդարանը, որպես ինստիտուտ, միշտ լինելու է մեր կյանքում։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ գրված է. «Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է»։ Այլ կերպ ասած, Ազգային ժողովը նույն ժողովուրդն է։ Չենք ճանաչում խորհրդարանը, ուրեմն չենք ճանաչում ինքներս մեզ, ուրեմն չենք ճանաչում մեր պետությունը։ Ամուր ապագայի համար բոլորս պետք է մի քիչ ավելի պատասխանատու լինենք այդ հարցում։ Գոնե իմանանք, թե ինչով է օրենսդիր մարմինը տարբերվում գործադիրից, թե ինչ է իրականում կատարվում Բաղրամյան պողոտայում գտնվող այն գեղեցիկ տուֆակերտ շենքի ներսում, որը կառուցվել է նախկին խաղողի այգիների տեղում՝ մի անշուք բլրակի վրա։ Իսկ հիմա, փաստացի, Հայաստանի Հանրապետության ուղեղն է։ Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

03

Գլխավորի մասին՝ հակիրճ Խորհրդարանական ժամ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատմության գլխավոր ամսաթվերն ու իրադարձությունները:

06

Ընթացք Օրենքի տառին համապատասխան Ինչպես են Ազգային ժողովում ծնվում օրենքները։

08

Ներքին աշխատանք Կարգին արարողակարգ Ինչպես ճիշտ դիմավորել դրսի պատվիրակություններին. ամեն ինչ ԱԺ արարողակարգի մասին:

12

Պրոֆի Գերագույն խորհուրդ Ովքե՞ր են նրանք՝ Ազգային ժողովի հնաբնակները, որոնք աշխատում են այստեղ տասնամյակներ:

15

Հուշանվերներ Մեր ԱԺ-ից ձեր ԱԺ-ին Հայաստանի խորհրդարանին հանձնված նվերների թանգարանի հետաքրքրաշարժ նմուշները։

18

Սեփական փորձ Օբյեկտիվ ԱԺ Լուսանկարիչներ, որոնք նայում են խորհրդարանի աշխատանքին իրենց անաչառ օբյեկտիվների միջով։

Շապիկ՝ Սարգիս Անտոնյան ԵՐԵՎԱՆ  #4(69) | 2021

20

Միջավայր Օրենսդիր այգի Ռուսական կեչիները, ճապոնական սակուրաները, արևադարձային արմավենիներն ԱԺ-ի այգում։

22

Հիշատակ Բիբլիական Դավիթ. բարու աներկբա հաղթանակը Ինչպես Երվանդ Քոչարի քանդակը տեղադրվեց խորհրդարանի այգում՝ ի հիշատակ Հոկտեմբերի 27-ի ողբերգության զոհերի։

24

Ապագա Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար Ինչպես են ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն միասին կերտում և կյանքի կոչում խորհրդարանի զարգացման նոր ծրագրեր։

26

Ապագա Ապագայի փորձագիտական և վերապատրաստման կենտրոն ՀՀ ԱԺ-ն նոր փորձագիտական և վերապատրաստման կենտրոն ունի՝ ՄԱԶԾ հատուկ ծրագրի շրջանակում։

28

Ապագա Ժամանց և կրթություն Ազգային ժողովում Ինչպիսին կլինի հայոց պառլամենտարիզմի ապագա թանգարանը։

Գլխավոր խմբագիր՝ ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Արտ-տնօրեն՝ ՆՈՆԱ ԻՍԱՋԱՆՅԱՆ Թողարկող խմբագիր՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ Գրական խմբագիր՝ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Սրբագրիչ՝ ՀԱՍՄԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ Ֆոտոմշակում՝ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Էջադրում՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ

30

Ճարտարապետություն Բլուրի վրայի խաղողի այգին Խորհրդարանի շենքը կառուցվում էր որպես հայաստանյան Կոմկուսի կենտկոմի շենք։

44

Այնտեղ Միջազգային ժողով Խորհրդարաններ, որոնք իրենց քաղաքների այցեքարտերն են՝ Լոնդոնից մինչև Բանգլադեշ։

34

Պատմություն Նախախորհրդային Հայաստանի խորհրդավոր խորհուրդը Առաջին հանրապետության մի քանի օրենք՝ պատմաբանի մեկնաբանությամբ։

48

Կադրերի բաժին Առաջին կին պատգամավորները՝ Առաջին հանրապետության խորհրդարանում, 1918-19թթ. Պատմական դրվագ Երևանի պատմությունից։

38

Նորագույն պատմություն Գերագույն խորհուրդ 1990-1995. Արամ Մանուկյանի հուշերը Նորանկախ Հայաստանի առաջին խորհրդարանը՝ ինչպիսին այն հիշում է Արամ Մանուկյանը։

Հեղինակներ՝ Մարգարիտ Միրզոյան, Հասմիկ Բարխուդարյան, Էլեն Բաբալյան, Նվարդ Ավետիսյան, Օվսաննա Մնացականյան, Տիգրան Զաքարյան Լուսանկարներ և պատկերազարդումներ՝ Արաքս Քոչարյան, Էրիկ Կարապետյան, Սարգիս Անտոնյան, Հարություն Մալխասյան, Արմենպրես, Ֆոտոլուր, Մարկ Գրիգորյանի արխիվ

Արտահայտված կարծիքները և եզրահանգումները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԶԾ-ի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի կառավարությունների պաշտոնական տեսակետների և/կամ դիրքորոշումների հետ:

#4(69) 2021

Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան

Հայաստանի Հանրապետություն, 0014, Երևան, Պարույր Սևակ 8 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com Առցանց՝ evnmag.com

© 2011-2021 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 15.06.2021

Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1

Տպաքանակ՝ 4000 օրինակ

Տառատեսակ Arek Armenian by Rosetta

Ամսագրի աջակիցն է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը, որը համաիրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի հետ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

2 3

«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine

instagram.com/ evnmag

Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: «​ ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:


Խորհրդարանական ժամ

Երրորդ հանրապետության խորհրդարանի պատմության գլխավոր ամսաթվերն ու իրադարձությունները։

1990 Անկախացման նախաշեմին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը կազմավորվեց մեծամասնական ընտրակարգով (260 պատգամավոր), երկու փուլով՝ 1990 թվականի մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Նոր խորհրդարանը, որը սկսեց գործել հուլիսի 20-ից, ներկայացնում էր երկու քաղաքական ուժ՝ Կոմունիստական կուսակցությունը և Հայոց համազգային շարժումը:

1990-ի ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդն առաջին նստաշրջանում՝ օգոստոսի 23-ին, ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը, որով հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո՝ օգոստոսի 24-ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

1990 թվականի սեպտեմբերի 10-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» օրենքը, ըստ որի հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը հայտարարվեց Հայաստանի Հանրապետության սեփականություն։

նախագահ՝ Գագիկ Հարությունյանը: Նոյեմբերի 11-ին հրավիրվեց ՀՀ Գերագույն խորհրդի հատուկ նիստ՝ նվիրված ՀՀ նախագահի երդման արարողությանը:

1990 թվականի նոյեմբերի 5-ին Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները և զինվորական ստորաբաժանումներն ապաքաղաքականացնելու վերաբերյալ։

1991 1991 թվականի փետրվարի 26-ին խորհրդարանի կողմից ընդունվեց «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքը, որով հանրապետությունում ստեղծվում էր բազմակուսակցական համակարգ։ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անցկացված հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխ-

ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդն իր աշխատանքները սկսեց 1990 թվականի հուլիսի 20-ին և ավարտեց 1995 թվականի մայիսի 15-ին: Այդ ընթացքում ընդունվեցին 1169 որոշում և 185 օրենք, որոնցից 104-ը՝ «մայր», իսկ 81-ը՝ փոփոխություններ և լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 148 միջազգային պայմանագիր: 1991 թվականին խորհրդարանը տեղափոխվեց ներկայիս շենք, որը մինչ այդ Կոմկուսի նստավայրն էր: 1991 թվականի սեպտեմբերին խորհրդարանում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ կուսակցական խմբակցությունները: Գերագույն խորհրդում ստեղծվեցին «Հանրապետություն» (38 պատգ.),


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Գլխավորի մասին՝ հակիրճ «Արցախ» (11 պատգ.), «Լիբերալդեմոկրատներ» (10 պատգ.), «Ազգային առաջադիմություն» (10 պատգ.) պատգամավորական խմբերը: ՀՅԴ խմբակցությունը վերափոխվեց պատգամավորական խմբի (12 պատգ.):

1995 թվականի նոյեմբերի 7-ին Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որի համաձայն հանրապետության 37 վարչական շրջանների միավորման միջոցով ստեղծվեցին 10 մարզեր։

1996 1996-ի սեպտեմբերին նախագահական ընտրությունների ներկայացրած արդյունքներից դժգոհ ընդդիմությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ցույցերի մեծ ալիք կազմակերպեց: Ամսի

1992

2003

1992 թվականի օգոստոսին ընդունվեց «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» օրենքը, որով սկիզբ դրվեց հանրապետությունում արդյունաբերական ոլորտի սեփականաշնորհման գործընթացին։

ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի են ունեցել 2003 թվականի մայիսի 25-ին: Հինգ տոկոսի սահմանագիծը հաղթահարեցին 6 կուսակցություն և դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Արդարություն» դաշինք, «Օրինաց երկիր» կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ազգային միաբանություն», Միավորված աշխատանքային կուսակցություն:

1995 ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 1995 թվականի հուլիսի 5-ին: Խորհրդարան անցան հետևյալ կուսակցությունները՝ «Հանրապետություն» միավորում, «Շամիրամ», ՀԿԿ, ԱԺՄ, ԱԻՄ: Ազգային ժողովում ստեղծվեց նաև «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը: Հետագայում ձևավորվեց «Երկրապահ» պատգամավորական խումբը:

25-ին ընդդիմությունը գրոհեց Ազգային ժողովի շենքը, տեղի ունեցան բախումներ:

1999 ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի են ունեցել 1999 թվականի մայիսի 30-ին: Օրենքով սահմանված հինգ տոկոսի սահմանագիծը հաղթահարել են 6 կուսակցություն և դաշինք՝ «Միասնություն» դաշինք, ՀԿԿ, «Իրավունք և միաբանություն», ՀՅԴ, ԱԺՄ, «Օրինաց երկիր» կուսակցություն: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի եռօրյայի վերջին օրվա նիստին՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, խորհրդարանի նիստերի դահլիճ ներխուժեցին հինգ զինված անձինք և կրակ բացեցին պատգամավորների ու կառավարության անդամների վրա: Զոհվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ

4 5

#4(69) 2021

Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Նոյեմբերի 2-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ընտրվեց Ազգային ժողովի նոր ղեկավարություն:

2004 2004-ին ԱԺ շենքի անցագրային կետը համալրվեց ևս մեկ կառույցով. քաղաքացիների ընդունելության և նամակների բաժինն առանձնացավ բուն մասնաշենքերից:

2007 ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2007 թվականի մայիսի 12-ին:


դաշինք, «Ելք» կուսակցությունների դաշինք, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն:

2018 2018 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ի կողմից ընտրվեց ՀՀ վարչապետ։ 2018 հոկտեմբերի 2-ին ԱԺ ցրման պահանջով զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան Երևանում և Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Ցուցարարներն ԱԺ բակում խաղաղ բողոքի ակցիայով պահանջում էին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նրանց պահանջը բավարարվեց, ու նույն թվի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

2007 2008 Մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ տեղի ունեցան 2007 թվականի օգոստոսի 26-ին և 2008 թվականի օգոստոսի 24-ին: Ստեղծվեց պատգամավորական 5 խմբակցություն՝ «Հայաստանի հանրապետական կուսակցություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Օրինաց երկիր», «Ժառանգություն»:

2010

2015

2010 թվականի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճի պաշտոնական բացման արարողությունը: Օվալ դահլիճը նախագծել է Անահիտ Թարխանյանը։

2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանն անցավ կառավարման խորհրդարանական մոդելին։

2019

2009 2009 թվականին ավարտվեց Ազգային ժողովի հիմնական շենքին կից երկրորդ մասնաշենքի կառուցումը: Այն նախագծվել է «Հայնախագիծ» գիտահետազոտական ինստիտուտում, ճարտարապետն է Մարատ Ռուստամյանը: 2009 թվականին՝ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից տասը տարի անց Ազգային ժողովի այգում տեղադրվեց Երվանդ Քոչարի՝ 1953 թվականին ստեղծված «Բիբլիական Դավիթ» քանդակի կրկնօրինակը:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 10, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 7 մանդատ։ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 96-րդ հոդվածի համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների 10 և 7 մանդատներին համապատասխանաբար ավելացան 16 և 11 լրացուցիչ մանդատներ։

ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2012 թվականի մայիսի 6-ին: Ստեղծվեցին պատգամավորական 6 խմբակցություններ՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն, «Հայ ազգային կոնգրես» խմբակցություն, «Օրինաց երկիր» խմբակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն, «Ժառանգություն» խմբակցություն:

2017 ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2017 թվականի ապրիլի 2-ին: Ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցավ քաղաքական չորս ուժ՝ երկու կուսակցություն և կուսակցությունների երկու դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Ծառուկյան» կուսակցությունների

Յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը բացվեց 2019 թվականի հունվարի 14-ին։ Ստեղծվեց երեք խմբակցություն՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»։ Նույն օրը Հանրապետության նախագահը վարչապետ նշանակեց խորհրդարանական մեծամասնության թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը, նախագահի տեղակալներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և Վահե Էնֆիաջյանը։


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Ընթացք

Օրենքի տառին համապատասխան Ինչպե՞ս են գրվում տեքստերը, ի՞նչ ճանապարհ են անցնում, ովքե՞ր են կարդում, մերժում կամ հաստատում, փոփոխություններ մտցնում կամ էլ հակասահմանադրական ճանաչում նախաձեռնությունները, և, ի վերջո, ե՞րբ է որևէ տեքստ դառնում օրենք, ստանում օրենքի ուժ։

Օրենքներն ընդունելու բացառիկ իրավունքը պատկանում է Օրենսդիր իշխանությանը՝ Ազգային ժողովին: Տեքստն ի սկզբանե օրենք չէ, և հաճախ այդ տեքստերը բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվում։ Ինչպես ասում են՝ ի սկզբանե բանն էր, և այն դեռ օրենքի ուժ չուներ։ Հասկանալու համար՝ ինչ ճանապարհ են անցնում տառերն ու մտքերն օրենք դառնալուց առաջ, քայլերս ուղղվեցին Բաղրամյան 19՝ Ազգային ժողով։

6 7

#4(69) 2021

Օրենքի ստեղծման երեք քայլ

Ի դեպ, կա առանձին օրենք, համաձայն որի՝ կարգավորվում են հենց Բաղրամյան 19-ում բոլոր իրավահարաբերությունները: «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքն էլ մեզ մեծապես օգնեց այս հոդվածը գրելիս։ Օրենք նախաձեռնելու, այն քննարկելու և ընդունելու ամբողջ պրոցեսն օրենսդրական գործընթաց է՝ երեք փուլով: Սահմանադրությունն ու ԱԺ Կանոնակարգը հստակ սահմանում են, թե որ դեպքում ինչ քայլերի հաջորդականություն է անհրաժեշտ. ◆ Օրենսդրական նախաձեռնության փուլ ◆ Օրինագծի քննարկման և ընդունման փուլ ◆ Ընդունված օրենքի՝ ՀՀ նախագահի կողմից ստորագրման և հրապարակման փուլ Օրենքների նախագծերը կարող են առաջադրվել Կառավարության և Ազգային ժողովի խմբակցությունների կամ պատգամա-

վորների կողմից, բայց կա նաև այլ տարբերակ, որի մասին քչերս գիտենք: 2015 թվականի խմբագրության Սահմանադրությամբ ասվում է՝ եթե հավաքվեն 50 հազար քաղաքացի, որոնք ունեն ընտրական իրավունք, ապա նրանք կարող են Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկել: Նրանց այդ իրավունքը նույնպես սահմանված է օրենքով՝ Հանրաքվեի մասին ՀՀ օրենք: Ի դեպ, Սահմանադրության որոշ հոդվածներով սահմանափակվում են այն նախաձեռնությունները, որոնք կարող են ներկայացվել խմբակցության կամ պատգամավորի նախաձեռնությամբ և քաղաքացիական նախաձեռնության կարգով։ Բայց այստեղ մենք կխոսենք միայն այն նախագծերի մասին, որոնք կարող են ներկայացվել առանց որևէ սահմանափակումների։


Զանգ ընկերոջը (կամ խմբակցությանը)

Հենց այս՝ օրենսդրական նախաձեռնության փուլում էլ պարզ է դառնում՝ ինչ երկար ճանապարհ է անցնում օրենքի նախաձեռնությունը մինչ այն պահը, երբ նախագահը ստորագրում է այն կամ չհամաձայնելով ուղարկում Սահմանադրական դատարան։ Պատգամավորների, նաև ԱԺ աշխատակազմի հետ զրույցից պարզվեց, որ այս դեպքում ամեն բան կախված է տվյալ պատգամավորի նախասիրություններից՝ աշխատանքային ինչ գործընթաց է նա նախընտրում։ Դիցուք, պատգամավորը նախաձեռնում է որևէ օրենսդրական նախագիծ կամ օրենքի փոփոխություն։ Նա քննարկում է իր օգնականի կամ խմբակցության փորձագետի, գործընկերների հետ: Այս փուլում ուսումնասիրվում է միջազգային փորձը, այնուհետև փորձագետը պարզում է՝ արդյոք այդ նոր օրենքը չի՞ հակասի այլ օրենքներին։ Եվ երբ պատգամավորն արդեն ունի օրենսդրական նախագծի նախնական տարբերակը, քայլերի հաջորդականությունն արդեն այդ նախագծի՝ ԱԺ-ի ներսում ճամփորդության մասին է։

Նախ՝ պատգամավորը համապատասխան գրություն է ուղարկում աշխատակազմին նախագիծը ներկայացնելու ԱԺ նախագահին։ Հետո, եթե գրության ձևն ընդունելի է, երեք աշխատանքային օրվա ընթացքում ԱԺ նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով: Եվ օրենքի նախագիծը դուրս է գալիս բաց ծով՝ դրվելով շրջանառության մեջ։ Երկար և փոթորկուն է նրա կյանքի հաջորդ փուլը. նախագիծը մտնում է քննարկումների փուլ, զարկվում ափերին, քարկոծվում, խմբագրվում մեծերի կողմից, քննադատվում ու ինքնահաստատվում. ասել է, թե ծնունդից հետո պատանեկության բարդ շրջան։

Քվեների քվորում

Օրենքներն ընդունվում են պարզ հաշվարկով՝ քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ (իհարկե, սա այն դեպքում է, երբ չկան հատուկ պահանջներ): Ընդ որում, կա մի պայման. քվեարկությանը պետք է մասնակցեն պատգամավորների թվի կեսից ավելին։ Եվ երևույթն այդ կոչվում է «քվորում»:

Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին: Վերջինս ունի 21 օր, որպեսզի կամ համաձայնի նրա ինքնուրույն կյանքով ապրելուն, կամ ուղարկի Սահմանադրական դատարան դե պետք է պարզել՝ ի՞նչ օրենք է, ի՞նչ դաստիարակություն ունի, մի խոսքով՝ ճշտել ուրիշ օրենքների հետ իր հարաբերությունները: Պաշտոնական լեզվով՝ նախագահը կամ ստորագրում և հրապարակում է օրենքը, կամ նույն ժամկետում դիմում Սահմանադրական դատարան։ Բայց կա նաև երրորդ ճանապարհը, երբ նախագահը ոչ համաձայն է, որ օրենքը լավն է, ոչ էլ վստահ, որ վատն է։ Դեմ ըլլալով կողմ ըլլալու նուրբ արվեստը։ Եվ այդ դեպքում փրկության է գալիս Ազգային ժողովի նախագահը, ով ունի հստակ դիրքորոշում։ Նա ստորագրում է իր ԱԺ-ում ծնունդ առած օրենքն ու հանձնում նրան չափահասության վկայական։ Սա է ամբողջ պատմությունը։ Ահա այս ճանապարհներով անցնելուց հետո են ծնվում մեր կյանքը կանոնակարգող օրենքները։

3

ԱԺ նիստում առաջին ընթերցման ժամանակ զեկուցողի կողմից օրենքի նախագծի ներկայացում

6

Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկում և ընդունում երկրորդ ընթերցմամբ

1

Շրջանառության մեջ դրված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացում

4

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացում

7

ԱԺ նախագահը նախագիծն ուղարկում է Հանրապետության նախագահին

2

Գլխադասային հանձնաժողովում առաջին քննարկում և եզրակացության կազմում

5

Երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնական քննարկում և եզրակացության կազմում

8

Նախագահի կողմից օրենքի ստորագրում և հրապարակում. օրենքն ուժի մեջ է

Գործընթացի փուլերի պաշտոնական ձևակերպումները

Նվարդ Ավետիսյան


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Ներքին աշխատանք

Կարգին արարողակարգ Աշխարհն անդադար փոխվում է, և լոկ ամենակայուն ավանդույթներն են դարեդար ձգվում: Ցանկացած պետության մեջ ձևավորված ավանդույթները լավագույնս արտացոլվում են այդ պետության պաշտոնական արարողակարգում: Ինչպես Բրիտանիայի միապետի պայուսակի աջ կամ ձախ աթոռին դրվելն է որոշիչ դեր խաղում հանդիպման ընթացքում, նույն կերպ էլ Հայաստան ժամանած պատվիրակություններն են անցնում որոշակի արարողակարգերի միջով: Նուրբ գործի բոլոր նյուանսների վրա առաջին անգամ լույս սփռեց այդ ոլորտում քսան տարուց ավելի կոփված ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը:

↑ Բարոնուհի Քերոլայն Քոքսի այցը Ծիծեռնակաբերդ

8 9

#4(69) 2021


Այս կանոնները կարող էին գրված լինել արարողակարգի վարչության սենյակի գրատախտակին 1. Հանդիպման ընթացքում երկու երկրների դրոշները դրվում են միայն այն դեպքում, երբ պետական այրերը հավասար կարգավիճակ ունեն: 2. Վարչապետի և դեսպանի հանդիպման ժամանակ դրվում է միայն վարչապետի երկրի դրոշը: Մնացյալը՝ նույն տրամաբանությամբ: 3. Ջրի շշերը պետք է լինեն ապակուց: Միմիայն: 4. Հանդիպմանը թարգմանչի դիմաց չի կարելի դնել գազավորված կամ սառը ջուր:

← ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը

Մոտոցիկլետներ Սարկոզիի ու Պուտինի համար

Սկսենք հանրահայտ փաստերից, հետևաբար՝ պահպանողական Անգլիայից: Բրիտանական միապետի պայուսակի գաղտնիքներից մեկը բացահայտեց Բարաք Օբամայի արարողակարգի նախկին ղեկավար Մարշալը: Բուքինգհեմյան պալատում հանդիպման ժամանակ նա փորձեց վերցնել թագուհու պայուսակը, սակայն անվտանգության աշխատակիցները կտրուկ արգելեցին. «ոչ ոք իրավունք չունի նույնիսկ շոշափել թագուհու պայուսակը»: Զարմացած ամերիկացին հետո պիտի իմանար, որ թագուհու պայուսակն այլ նշանակություն ունի. եթե այն դաստակից վեր է, ապա հանդիպումը բարենպաստ է: Եթե Եղիսաբեթ Երկրորդը պայուսակը վայր է դնում, ենթակաները հասկանում են՝ ժամանակն է ավարտել հանդիպումը, թագուհին չի վայելում զրույցը: Հայկական արարողակարգի ավանդույթների մասին ամեն-ամեն ինչ գիտի ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը: Թեև զրույցի սկզբից ևեթ նա կոտրեց պատկերացումներս ու հայտարարեց, որ հայկական պաշտոնական արարողակարգը զերծ է «հայու գենի» դրսևորումներից, սակայն որոշ նյուանսներ, այնուամենայնիվ, կան: Նորաստեղծ հանրապետության Ազգային ժողովի արարողակարգի բաժինը 1990-ականներին ուներ 3-4 աշխատակից, ներկայումս՝ 20-ից ավելի: Ավելացել են միջպետական այցերը, հանդիպումները, փոխվել է պետության կշիռը: Արարողակարգային հիմնական դրույթները՝ ինչպե՞ս ընդունել նախագահներին, դեսպաններին, պատվիրակություններին, ո՞ւր տանել նրանց՝ որոշել է աշխարհը ու շատ վաղուց: Արարողակարգի ասպետները լոկ պահպանում են այդ կարգը: Նույնը չես ասի հարևան վրացիների մասին: Նոր հավատարմագրում ստացող վրացի

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՅՐԵՐԸ, ՈՐՈՆՑ «ԶՎԱՐԹՆՈՑԻՑ» ԿՈՐՏԵԺՈՎ ՈՒՂԵԿՑԵԼ ԵՆՔ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՏՈՒՆ, ԵՂԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻՆ ԵՎ ՊՈՒՏԻՆԸ

դեսպանը գործուղված երկրում ներկայանում է ազգային տարազով՝ պատրոնդաշով, վրացական թրերով: Սակայն աշխարհը որդեգրել է մինիմալիզացիայի տենդենցը՝ նվազագույն պաթոս և ճոխություն, մաքսիմալ հարգալից վերաբերմունք: Եվ, այո՛, հյուրերին արդեն հազվադեպ են մոտոցիկլետների կորտեժով դիմավորում: Ի դեպ, պետական վերջին այրերը, որոնց «Զվարթնոց» օդանավակայանից կորտեժով ուղեկցել ենք կառավարական հյուրատուն, եղել են Ֆրանսիայի նախագահ Սարկոզին և Ռուսաստանի նախագահ Պուտինը: Կորտեժներն աստիճանաբար վերածվում են մոռացված ավանդույթի:

Թիթիզ այրուձի

2000 թվականից ԱԺ-ում պետական ավանդույթների նրբություններն ուսումնասիրող Արտակ Հովհաննիսյանը հիշում է իր ընդունած առաջին բարձրաստիճան պաշտոնյաներին. «Ֆրանսիայի սենատի նախագահ Քրիստիան Պոնսելեն լեգենդար մարդ էր՝ Դը Գոլի հետ պատերազմ անցած: Հարգում էր օրենքը, կարգը, պահպանում գրաֆիկը ժամ առ ժամ: Նման մարդկանց հետ ոչ միայն հեշտ, այլև հաճելի է աշխատել»: Հովհաննիսյանը պատմում է, որ Ֆրանսիա այցից ու ֆրանսիական այրուձիի ընդունելությունը տեսնելուց հետո ուզում էին վերականգնել հայկական այրուձին: Հետո որոշեցին պետբյուջեի գումարները չվատնել թիթիզ բաների վրա: Խորհրդարանի արարողակարգը զուսպ է, համեստ, միևնույն ժամանակ մաքսիմալ հարգալից: «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ ՀՀ պետական ամբողջ համակարգում ամենակայացած ծառայություններից մեկը արարողակարգն է: Այստեղ բոլորը գիտեն իրենց գործը, պարտականություններն ու լիազորությունները: Լինելով դիվանագիտական առումով խոցելի, մշտապես պայթունավտանգ իրավիճակներում՝ երբեք չի հրահրել տհաճ պատմություններ, լրացուցիչ խոչընդոտներ առանց այդ էլ մշտապես բարդ բանակցությունների համար»:

Արարողակարգային սկանդալներ

Բարդ բանակցությունների ու աշխարհում օրեցօր փոփոխվող հիերարխիային ականատես ենք բոլորս, բայց քչերս ենք նկատում նյուանսները: Արարողակարգային դասական ձախողումներից է Գերմանիայի ԱԳՆ նախարար Շտայնմայերի պաշտոնական այցն Ինդոնեզիա, երբ ինքնաթիռից դուրս գալուց առաջինը, ինչ տեսավ


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Ներքին աշխատանք

← Կենտրոնամերիկյան խորհրդարանի պատվիրակությունն այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

բարձրաստիճան պաշտոնյան՝ օդանավակայանում բարձրացված Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության դրոշն էր: Մի դրոշ, որի երկիրը վաղուց գոյություն չուներ: Դրոշը, ընդհանրապես, բավականին խնդրահարույց թեմա է, հայկական դրոշը՝ առավել ևս: ԱԺ արարողակարգի վարչության պետը նշում է, որ մենք հատկապես ուշադիր ենք հայկական դրոշի նկատմամբ, քանի որ հակառակ դեպքում դառնում ենք Կոլումբիա: Մեր երկրում ուշադիր է պետք լինել նաև հյուրերի այցի վայրերի նկատմամբ: «Լինում է, որ ծրագիրը ենթադրում է այց Գառնի, Գեղարդ, բայց ճամփա ընկնելուց տասը րոպե առաջ Ողջաբերդում ճանապարհը քանդվում է սողանքի պատճառով: Արագ փոխում ենք երթուղին, հյուրերին տանում Զվարթնոց կամ այլ վայր»: Այս ոլորտում դասագրքեր չկան, կուրսեր և սեմինարներ՝ առավել ևս, այս մասնագիտությունը պահանջում է բարեկրթություն ու անսպասելի որոշումներ կայացնելու խիզախություն:

Ո՞ւր գնալ

Միջինը երեք օր տևող այցերը պաշտոնական հանդիպումներից զատ պարտադիր ունենում են մշակութային որևէ տարր: Ցեղասպանության թանգարանում հարգանքի տուրք մատուցելը, հուշամատյանում գրանցում կատարելը պարտադիր պայման է հայկական կողմի համար: «Եղել են պետություններ, որոնք հրաժարվել են, օրինակ՝ Իրաքը, Իրանը, Չինաստանը: Պատճառները տարբեր են, կամ չեն կամեցել Թուրքիայի հետ ավելորդ լարվածություն ստեղծել, կամ իրենք էլ ունեն չլուծված խնդիր իրենց երկրի ներսում: Նման դեպքերում հայկական կողմն այցը չի դիտարկում որպես պաշտոնական՝ դրանից բխող դիվանագիտական հետևանքներով». պատմում է Արտակ Հովհաննիսյանը: Պարտադիր պայման է նաև այցը Էջմիածնի Մայր տաճար: Մշակութային այլ վայրեր՝ Մատենադարան, Սարյանի, Չարենցի, Կոմիտասի, Փարաջանովի թանգարաններ այցերը որոշվում են ըստ պատվիրակության կազմի ազգային մենթալիտետի: Օրինակ, վրացական պատվիրակությանը՝ Փարաջանովի թանգարան, ռուսաստան-

10 11

#4(69) 2021

յան հյուրերին՝ ռուսական արվեստի թանգարան: Հեռու գնալ չեն կարող, մաքսիմում՝ մինչև Նորավանք, Խոր Վիրապ: «Ո՞վ է որոշել՝ ո՞ւր գնալ» հարցին Արտակն ուսերն է թափ տալիս՝ այդպես է ձևը:

ԱԺ ավանդույթներից

Խոսելով խորհրդարանի ավանդույթներից՝ Հովհաննիսյանը նշում է արծաթագույն եղևնիների ծառուղու ստեղծումը. «Լավ ավանդույթ ունենք՝ առաջին անգամ այցի ժամանակ ծառ ենք տնկում: «Խոսնակների ծառուղի» պայմանական անունը կրող հատվածում զբոսնելիս կարելի է հստակ պատկերացում կազմել՝ որ մայրցամաքի երկրները դեռ չեն բացահայտել Հայաստանը: Հայաստան չայցելած երկրները, ի դեպ, շատ են: Բայց ավելի լավ է նշենք նրանց, ովքեր իրենց ավանդույթներն են բերել Հայաստան: Օրինակ, ճապոնական պատվիրակությունը, որը յոթ տարի առաջ եկավ, տեսավ, սիրահարվեց ու նույնիսկ խնդրեց

↓ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունն այցելեց Էջմիածնի վեհարանին կից թանգարան


ՄԻՋԻՆԸ ԵՐԵՔ ՕՐ ՏԵՎՈՂ ԱՅՑԵՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՑ ԶԱՏ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՐԵՎԷ ՏԱՐՐ Ներհայաստանյան արարողակարգային բնույթ ունեն միայն պետական տոները և հիշատակի օրը. 1. Հայոց ցեղասպանության օր՝ ապրիլի 24 2. Առաջին հանրապետության օր՝ մայիսի 28 3. ՀՀ անկախության օր՝ սեպտեմբերի 21 4. Հաղթանակի և խաղաղության օր՝ մայիսի 9

← Իրաքի խորհրդարանականների այցելությունը Մատենադարան

խորհրդարանի այգում իրենց փոքր տեղ հատկացնել: Ճապոնական ավանդույթի համաձայն տնկեցին ազգային սակուրաներ: Ու հիմա ամեն տարի ապրիլ ամսին հատուկ պատվիրակությամբ անձամբ են գալիս իրենց ծառերին տեսակցելու: Մեկ այլ գեղեցիկ նորամուծություն է արել բրիտանացի բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ ի նշան բրիտանական բարեկամության Ազգային ժողովի այգում անգլիական խնձորենիներ տնկելով:

Արցախի Հանրապետության մասին

Առաջինը, ինչ ճշտում են արարողակարգի մասնագետները, պատվիրակության կազմն է և չվերթացուցակը: Ըստ այդմ սկսում են ձևավորել ծրագիր՝ ով կդիմավորի, որտեղ կհյուրընկալվեն ու կսնվեն, հանդիպման ժամանակ ով որտեղ կնստի: «Նախկինում ակտիվ էին միջխորհրդարանական հանձնաժողովները, բայց Կիպրոսն ու Բելառուսը վաղուց չեն երևացել, Վրաստանում ձևաչափը փակեցին, հիմա միայն Ռուսաստանի ու Արցախի հանձնաժողովների հետ ենք աշխատում: Ի դեպ, Արցախին մշտապես վերաբերվել ենք ինչպես հավասարը հավասարի, դրոշով պատվել նախագահին և այլն». պատմում է Արտակ Հովհաննիսյանն ու հավելում, որ արարողակարգը ստեղծված է երկրների միջև հավասարության նշան դնելու համար: Այլևս չկան կայսրություններ, մեծ և փոքր երկրներ: Արցախն էլ ունի հանրապետություն դառնալու լիիրավ իրավունք:

#գործկա

Արարողակարգի գուրուի հետ հարցազրույցի սկզբում ինձ զարմացրել էր նրա ցածր ձայնը: Ակամայից լարվում էի բառերը որսալու համար: Զրույցի ավարտին հասկացա՝ աշխատանքային սովորույթ է, խոսել ցածրաձայն՝ ի նշան բարեկրթության: «Մասնագիտական ի՞նչ այլ հատկություններ են ձևավորվում» հարցին ի պատասխան անկեղծացավ՝ «Լուրեր նայելիս անկախ ինձնից ֆիքսում եմ՝ պանակը ո՞ր կողմում դրեցին, դրոշի ֆլագշտոպը լա՞վն է, թե գլխառադ են արել, ո՞վ առաջինը ձեռքը մեկնեց բարևելու, հանդիպման ժամանակ ջուր կա՞ր, թե էլի մոռացել են, թեյ, սուրճ, շոկոլադ կա՞ր»: Ի դեպ՝ շոկոլադի մասին: Կար ժամանակ, երբ Ազգային ժողովի հանդիպումներն էլ էին քաղցրանում հայկական անվանական շոկոլադով: «Ո՞ւր է շոկոլադը» հարցը շատ անսպասելի պատասխան ուներ, պարզվեց, որ ջրից բացի ամեն ինչ ունի մատուցողի կարիք, իսկ ԱԺ-ն արդեն մեկ ու կես տարի է՝ ինչ չունի մատուցող. «Անընդհատ փնտրում ենք, բայց դեռ չենք կարողանում գտնել: Աշխատավարձը փոքր է, թեյավճար էլ, հասկանալի պատճառներով, չկա: Իսկ թեյի, սուրճի կամ նույն շոկոլադի համար հյուրի ցանկությունը հարցնելը պարտադիր է»: Զրույցի ավարտին ԱԺ արարողակարգի վարչության պետը մոտենում է պատուհանին, նայում ԱԺ շենքի քամուց ծածանվող դրոշին: Ու ես էլ չեմ ուզում հարցնել՝ ինչպես է նա վերաբերվում ազգային սիմվոլների՝ դրոշի, գերբի ու հիմնի փոփոխության նախագծին:

Էլեն Բաբալյան Արաքս Քոչարյան


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Պրոֆի

Գերագույն խորհուրդ Երկրի գլխավոր կառույցներից մեկը՝ Ազգային ժողովը, բոլոր ժամանակներում համարվել է ամենապահանջված աշխատավայրերից: Ու որքան դժվար է ընդունվել ԱԺ, կրկնակի դժվար է հեռանալու որոշում կայացնելը: Դրա վառ ապացույցն է խորհրդարանի աշխատակիցների ստաժը: Իրենց կյանքից 20 տարուց ավելին ԱԺ-ին նվիրած մարդկանց թիվը 80-ից ավելի է: Ուստի, որոշեցինք բարձրացնել շեմն ու ներկայացնել նրանց, ովքեր աշխատում են 30 տարուց ավելի: Գայանե Գրիգորյանի համար այս տարին հոբելյանական էր: Մայիսի 6-ին լրացավ 30 տարին, ինչ նա Ազգային ժողովում է: Գայանեն 88-ի Ղարաբաղյան շարժման Մերգելյան ինստիտուտի ակտիվիստներից էր, Գերագույն խորհրդում սկզբում որպես մատենագետ է աշխատել: Հետո հրատարակչական բաժնում է՝ որպես խմբագիր: Հրատարակել են Ազգային ժողովի վերաբերյալ գրքերը, բուկլետներ, տեղեկագրքեր: Խորհրդարանի նկատմամբ սեփականության զգացում ունի. «ԱԺ-ն այնքան է հարազատ, որ այստեղից հեռանալը տունը լքելու նման է»: Գայանեն հիմա լրատվական վարչությունում գլխավոր մասնագետ է, զբաղվում է կարևոր գործով, անունն էլ՝ մշտադիտարկում:

Քարտուղարության վարչության ռուսերենի թարգմանիչ Գեորգի Հլղաթյանը թեև Ազգային ժողովում աշխատում է 91-ից, սակայն այս շենքում է շատ ավելի վաղուց: Նա աշխատել է Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեում, որն այդ ժամանակ տեղակայված էր ներկայիս Ազգային ժողովի շենքում: Սինքրոն թարգմանչի վարպետությունը նկատելով՝ առաջարկել են մնալ և աշխատել Ազգային ժողովում: Հիմա օրենքներն է թարգմանում: Քարտուղարության ու, առհասարակ, Ազգային ժողովի ամենաերկարամյա աշխատակիցը Սղագրական բաժնի պետն է՝ Էլեոնորա Գրիգորյանը: 18 տարեկան Էլյայի՝ գերարագ մեքենագրուհու համբավը «Հայաստան» հրատարակչությունից հասել էր ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահություն: Աշխատանքի հրավերը նրան չէր ուրախացրել. «Գերագույն խորհուրդը ծերանոց էր, ես էլ ջահել, սիրուն աղջիկ, գնայի ի՞նչ անեի»: Բայց ընտանեկան կոնսիլիումում հարցը քննարկվեց ու հստակ որոշվեց՝ կաշխատի: Կարճ ժամանակ անց նա դարձավ նախագահների ելույթների միակ մեքենագրողը: Նրա գրամեքենայի թրի տակով են անցել Սահմանադրությունն ու մնացած կարևոր օրենքները: 51 տարվա աշխատանքի ընթացքում ղեկավարների հետ բախումները տիկին էլյան ժպիտով է հիշում. «Ասում էի՝ մնալու եմ, որ տեսնեմ՝ դուք ոնց եք գնում»:

12 13

#4(69) 2021


Թաթուլ Սողոմոնյանը 1990-ին է աշխատանքի ընդունվել Գերագույն խորհուրդ: 1996-ից ղեկավարում է Ազգային ժողովի ամենամեծ վարչությունը՝ Քարտուղարությունը: Արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի ու մեդալների: Հատկանշական է, որ իր ղեկավարած վարչությունում են աշխատում խորհրդարանի ամենաերկար աշխատանքային փորձ ունեցողները: Աշխատակազմում գիտեն դրա գաղտնիքը. նա թիմին զերծ է պահում բոլոր հնարավոր օպտիմալացումներից: Թաթուլ Սողոմոնյանը հայտնի է որպես «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքը կետ առ կետ հիշող միակ մարդը: Սողոմոնյանի համար աշխատավայրում կարևորը մարդկային փոխհարաբերություններն են:

Ասատրյան Մարուսյան կամ տիկին Մարոն 33 տարեկան էր, երբ ընդունվեց Գերագույն խորհուրդ և գրեթե այդքան էլ՝ 31 տարի, աշխատում է այս շենքում: Նա սղագրուհուց փուլ առ փուլ դարձել է վարչության պետ: Հիմա ԱԺ այցելուներին, հյուրերին պատմում է Ազգային ժողովի պատմությունը: Խորհրդարանի մասին գիտի ամեն ինչ. «Աշխատում էի Մամուլում պետական գաղտնիքների վարչությունում, որտեղ կազմում էի Գերագույն խորհրդի տեղեկագիրքը: Հաճախ էի հեռախոսային խոսակցություն ունենում Գերագույն խորհրդի ակտերի հրապարակման բաժնի պետի հետ: Մի օր նա ինձ կանչեց Գերագույն խորհրդի շենք և տարբեր հանձնարարականներով ստուգեց աշխատանքային հմտություններս: Որոշ ժամանակ անց ստացա հրավեր՝ աշխատելու Գերագույն խորհրդում՝ որպես սղագրուհի: Մի քանի տարի անց տեղափոխվեցի նոր ստեղծվող գրադարան, հետո դարձա գրադարանի վարիչ, որը ղեկավարեցի 7 տարի: Այնուհետև, երբ ստեղծվեցին վարչությունները, դարձա Տեղեկատվականի պետը»: Հարցին՝ ինչն է այսքան տարի պահել նրան ԱԺ-ում, առանց երկմտելու պատասխանում է, որ սա իր երկրորդ ընտանիքն է: Երբ ինչ-որ տեղ բացասական կարծիք է լսում ԱԺ-ի մասին, վիրավորվում է, ասում է, որ կարծես իրեն են վիրավորում:

Օրդոյան ամուսիններին Ազգային ժողովում բոլորն են սիրում: 41 տարվա ամուսիններն ամեն առավոտ ձեռք ձեռքի բռնած գալիս են աշխատանքի, ավարտից հետո արդեն մի քանի տասնամյակ ժամադրվում նույն կետում՝ «Ազգային ժողովի նախագահի դալանի մոտ», տուն գնալու համար: Խորհրդարանում աշխատելու հրավերն առաջինը կինը՝ Կարինե Օրդոյանն է ստացել հեռավոր 1987-ին: Մի քանի տարի անց նրան է միացել ամուսինը՝ Սահակը: Մեկ տարի միասին աշխատելուց հետո սկսվում է Արցախյան առաջին պատերազմը, ու Սահակ Օրդոյանը Վազգեն Սարգսյանի միջնորդությամբ զորակոչվում է կռիվ: Կրկին Ազգային ժողով է վերադառնում 11 տարի անց: ԱԺ կայքի սպասարկման բաժնի աշխատակից տիկին Կառան ու տնտեսվար պարոն Սահակը երբեք չեն վիճում: Հարցին՝ դժվար չէ՞ ամուսիններին նույն վայրում աշխատելը, Սահակ Օրդոյանն ասում է, որ իրենք աշխատանքային ժամին գրեթե չեն հանդիպում և այս համատեքստում կատակով ավելացնում. «Շենքն այնքան մեծ է, որ պարբերաբար պատգամավորներ կամ աշխատակիցներ են կորել»:


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Պրոֆի

92-ին «Մարս» միավորումից մի խումբ էնտուզիազմով ռադիոֆիզիկ երիտասարդ տղաներ՝ Սասուն Պետրոսյանը, Գառնիկ Խաչիկյանն ու էլի մի քանիսը որոշում են փոխել Ազգային ժողովի քվեարկության համակարգը: Դիմում են և հաջողում: Այդ ժամանակվանից Հայաստանի խորհրդարանում գործում է էլեկտրոնային համակարգը՝ գրավելով տարածաշրջանում բոլորի ուշադրությունը: Համակարգը գործում էր անխափան, բայց չէր բացառվում, որ մի օր վերանորոգման կարիք լինի: Ուստի տղաներին թիմով առաջարկվում է մնալ և աշխատել: Սասունը նշանակվում է խմբի ղեկավար, հետո արդեն նորաստեղծ բաժնի պետ ու այդպես գրեթե 30 տարի: Մի քանի տարի անց նույնատիպ համակարգ էլ նրանք ստեղծում են Արցախի խորհրդարանի համար: Սասունի համար ԱԺ գալը ճակատագրական էր: Մի քանի տարի անց՝ հենց խորհրդարանում, ծանոթանում է նորավարտ Լուսինեի հետ, սիրահարվում, ամուսնանում, ունենում երկու որդի: Ու մինչ օրս հավատարիմ է թե՛ Լուսինեին, թե՛ ԱԺ-ին: Ասում է՝ ԱԺ-ն երեխաներիդ մոր պես է, ինչ էլ լինի չես ցանկանա ցավեցնել ու հեռանալ:

Անտոնյան Աստղիկը 90-ին ընդունվել է որպես նիստերի արձանագրող և արդեն 31 տարի կատարում է նույն աշխատանքը: Նա խորհրդարանում հայտնի է որպես ծաղիկների սիրահար: Աշխատասենյակում մի մեծ հատված հատկացված է սենյակային բույսերին: Գիտի դրանք ճիշտ խնամելու բոլոր գաղտնիքները: Կոլեգաներին էլ հաճախ օգնում է բույսերի խնամքի հարցով: Ծաղիկներ նվիրել շատ է սիրում, բայց ոչ ծաղկամանով: Աստղիկը ծաղիկներից բացի, ԱԺ-ում հայտնի է որպես ասմունքող: Միջոցառումներին հնարավորությունը բաց չի թողնում և կարդում է իր գրած բանաստեղծություններից: Նա քառատողերով էլ շնորհավորում է նաև ծանոթների ու հարազատների տարեդարձները:

Քուփելյան Սեդան 86-ից է ԱԺ-ում աշխատում: Սկզբում Գերագույն սովետի նախագահությունում, հետո՝ Գերագույն խորհրդում ու Ազգային ժողովում: Հրատարակչական բաժնի ավագ խմբագիրն էր: Սկզբում խմբագրում էր ամիսը երկու անգամ լույս տեսնող Տեղեկագիրքը և նիստերի սղագրությունները՝ ներքին շրջանառության համար: Հիշում է, որ դժվար էր գրամեքենայով ամբողջ նիստը սղագրելը. «Բավական էր մեկ սխալ և ամբողջ էջը նորից պետք էր հավաքել։ Սակայն առավել բարդ էր այդքանը տպելու և ժամանակին հասցնելու գործընթացը։ Բաժանում էինք Երևանի բոլոր տպարաններում, վերջում հավաքում ու խմբավորում»։ Սեդա Քուփելյանը հիմա արձանագրային բաժնի պետն է։ Սիրում է իր աշխատանքը, քաղաքական իրադարձությունների էպիկենտրոնում լինելը:

Օվսաննա Մնացականյան Արաքս Քոչարյան

14 15

#4(69) 2021


Մեր ԱԺ-ից ձեր ԱԺ-ին Խորհրդարանի թանգարանը ստեղծվել է Երրորդ հանրապետության ԱԺ-ին զուգահեռ: Սակայն տարիներ շարունակ այն չուներ հստակ դասակարգում կամ հուշանվերների անհատական պատմություն: 2018-ի սեպտեմբերի 20-ին՝ անկախության տոնին ընդառաջ, Ազգային ժողովում բացվեց արարողակարգի թանգարան, որտեղ ցուցադրվում են այն հուշանվերները, որոնք խորհրդարանը ստացել է 1990-ից ի վեր։ Դրանց մեջ կան եզակի իրեր՝ արտառոց պատմությամբ։ Ներկայացնում ենք մի քանիսը։

ԱԺ շենքի խճանկար ԱՊՀ Միջկառավարական ասամբլեայի Խորհրդի ղեկավարի տեղակալ Հրաչյա Պողոսյանն ԱԺ այցի ընթացքում դատարկաձեռն չէր եկել: Նրա նվերը՝ բնական քարերից պատրաստված խճանկարը, որտեղ պատկերված է Ազգային ժողովի շենքը, այժմ փակցված է թանգարանի պատին։

Գժվելու գժել Մոսկվայի մերձակայքում գտնվող Գժել տարածքի անունն է կրում նաև այդտեղ արտադրվող յուրօրինակ կերամիկան։ Յուրաքանչյուր նմուշ եզակի է և ձեռագործ: ԱԺ թանգարանում պահվող Գժելի հավաքածուն դեռևս չունի անձնագիր, հայտնի չէ, թե հատկապես որ այցի կամ բարեկամական հանդիպման ընթացքում են այս գունագեղ հավաքածուն նվիրել ԱԺ-ին։

Ծիսական սպասք Իլ յա Երկրորդից

Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձևի բնօրինակը ԱԺ արարողակարգի թանգարանի վերջին ու կարևորագույն ձեռքբերումներից է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակության ժամանակ ստացած նվերը: 2020-ի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևի բնօրինակը 2021-ի Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումների շրջանակում հանձնեցին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Եվ հետևաբար՝ այժմ այն պահվում է ԱԺ արարողակարգի թանգարանում:

Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլ յա Երկրորդը պաշտոնական այցի ժամանակ ծիսական սպասք՝ սկիհ էր բերել որպես նվեր: Հայ և վրաց եկեղեցիներում ընդունված է պատարագի ժամանակ կարմիր գինին լցնել սկիհի մեջ:

Հուշանվեր Ջայպուրից Եվս մի ափսե, որը նախատեսված չէ ուտելու համար։ ԱԺ պատվիրակության Հնդկաստան այցի ժամանակ այն նվեր են ստացել Ռաջաստանի թագավորական քաղաքում: Ջայպուրում պատրաստված մարմարից բնական քարերով զարդարված նկարազարդ ափսեն արիական ազգերի բարեկամության խորհրդանիշերից է:


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Հուշանվերներ

Արցախյան վիշապագորգ 2018-ին՝ Հայաստանի անկախության տոնին ընդառաջ, ԱԺ արարողակարգի թանգարանի բացման առթիվ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլ յանը նվիրեց «Ղարաբաղ կարպետ» ընկերության ձեռագործ գորգ:

Գինու եղջյուր Վրաստանից Վրացական ամենահայտնի ավանդույթներից է եղջյուրներից գինի խմելը: Եղջյուրները հաճախ նվիրում են նաև պատվավոր հյուրերին: Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն, հետևելով վրացական ավանդույթին, մի այդպիսի եղջյուր է նվիրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին։

Հավլաբար Թբիլիսիի լեգենդար հայկական թաղամասը հայ-վրացական բարեկամության հրաշալի խորհրդանիշ է։ Զարմանալի չէ, որ հերթական հանդիպման ժամանակ էլ ԱԺ գրադարանին են նվիրել Հավլաբարի ոգին կրող քանդակհուշանվերը։

«Հայկական այբուբենի» ֆաքսիմիլեն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն ԱԺ արարողակարգի թանգարանին նվիրեց «Հայկական այբուբեն 1703»-ի ճշգրիտ կրկնօրինակը: Այն հեղինակել է 1667-ից Բեռլինի Սուրբ Նիկոլայ տաճարի հոգևոր առաջնորդ Անդրեաս Մյուլերը: Նա եղել է նաեւ գերմանացի առաջին արևելագետներից մեկը, ում ջանքերով Բեռլինում առաջին անգամ տպագրվել է հայոց այբուբենը: Իսկ ցուցանմուշի բնօրինակը գտնվում է Բեռլինում։

Հիրոսիմացի աղջկա զգեստը 21-ամյա Սադակո Սասակին ապրում էր Հիրոսիմայում: 1945-ի ատոմային ռմբակոծության ժամանակ նա էպիկենտրոնից ընդամենը մի քանի կմ էր հեռու: Սադակոն մահացավ պայթյունից հինգ օր անց: Հետագայում՝ արտաշիրիմելուց հետո, նրա հագուստը որպես միջուկային զենքի արգելման պայքարի համաշխարհային խորհրդանիշ ցուցադրվեց Հիրոսիմայի խաղաղության հուշահամալիրում։ Սարսափելի պարզությամբ միջուկային զենքի բնաջնջող վտանգի մասին խոսուն ապացույց զգեստի շրջանակված նկարը ճապոնական պատվիրակությունն այցի ժամանակ նվիրեց ԱԺ արարողակարգի թանգարանին։

16 17

#4(69) 2021


Մահաթմա Գանդիի արձանը, որը ոչ ոք չի այրել Մինչ Երևանում իրարանցում էր Մահաթմա Գանդիի արձանի տեղադրման վերաբերյալ, ժամանակակից Հնդկաստանի հիմնադիր-հոր կիսանդրին վաղուց կար ԱԺ-ի ստացած նվերների ցանկում։ Jai Jagat 2020 շարժման մասնակից 50-ից ավելի ճգնավորներ Հնդկաստանից, Կանադայից, Արգենտինայից, Ֆրանսիայից և Իսպանիայից քայլերթով Նյու Դելիից հասել են Ժնև՝ ՄԱԿ-ից պահանջելու լուծում տալ աշխարհում տիրող չքավորությանը և կոնֆլիկտներին։ Շարժման անդամներն ԱԺ այցի ժամանակ որպես նվեր բերել էին իրենց առաջնորդի կիսանդրին:

Փյունիկյան արձանիկներ Լիբանանի Բիբլոս քաղաքում պեղումների ժամանակ գտել են արական սեռի խորհրդանիշ Փյունիկյան արձանիկներ: Որոշ տղամարդիկ մերկ են, ոմանք՝ ծածկված ոսկյա թիթեղներով: Տղամարդկանց կերպարների խտացված մոդելն այցերից մեկի ժամանակ հասել է մեր ԱԺ:

Հռոմեական կայսրության ամենամեծ արգելավայրի խորհրդանիշը «Բաալբեկ» հուշանվերը Լիբանանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն է հանձնել ՀՀ ԱԺ նախագահին։ Նույնանուն լիբանանական քաղաքը Հռոմեական կայսրության տարիներին հայտնի էր որպես ամենամեծ արգելավայր։

Բեռլինյան արջը Բեռլինի զինանշանի վրա պատկերված արջուկն այդ քաղաքում որպես արձան հանդիպում է գրեթե ամեն քայլափոխի: «Արջի արձանների» առաջին ցուցահանդեսը եղել է 2001–ին, 350 նկարազարդ արջեր տեղադրված են եղել Բրանդերբուրգյան դարպասի ամբողջ երկարությամբ։ Եվ առավել քան տրամաբանական էր, որ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը 2019-ի պաշտոնական այցի ընթացքում հուշանվեր է ստացել Բեռլինյան արջի արձանիկ։

«Չննջող ակն» Գարեգին Բ կաթողիկոսից «Տիրամայրը քնած Մանկան հետ» պատկերները քրիստոնեական արվեստում հայտնի են նաև «Չննջող ակն» անվանումով։ Աստվածամոր փառաբանման երգերի վրա ստեղծած պատկերն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նվերն էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այժմ Տիրամայրն իր «չննջող ակնով» հետևում և պահպանում է Ազգային ժողովի արարողակարգի թանգարանը:

Աշոտ Գարունց ԱԺ արխիվ


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Սեփական փորձ

Օբյեկտիվ ԱԺ Ազգային ժողովի վերահսկողական գործառույթը տարածվում է գրեթե ամեն ոլորտի վրա: Սակայն կան նրանք, ովքեր վերահսկում են վերահսկողներին: Եվ այդ մարդիկ ունեն լոկ մեկ զենք՝ ամենատես օբյեկտիվ։ Նրանք տարիներ շարունակ որսում են նիստերի ու խորհրդարանական անցուդարձի ամենակարևոր կադրերը։

Փոքր կադր, մեծ ղալմաղալ

Ով ինչ արեց, ով երբ քմծիծաղ տվեց, ում հեռախոսի էկրանին ինչ էր, խիստ պատահաբար ով ու ինչ դիրքով քնեց նիստի ընթացքում՝ այս բոլոր հարցերը և՛ առաջ են քաշում, և՛ հենց նրանք էլ պատասխանում են: Տեսնում են ամեն ինչ, նկատում, ֆիքսում և ժողովրդի ընտրյալներին ներկայացնում ժողովրդին։ Բայց լուսանկարչի ստեղծագործ մասնագիտությունն արդյո՞ք նույնքան գրավիչ է, երբ բնության տեսարանների կամ կանանց փոխարեն ստիպված են նկարել չոր օրենքների անհրապույր քվեարկություններ, նախագծերի քննարկումներ ու փողկապով մարդկանց։ Ու նիստերի դահլիճ, նիստերի դահլիճ, նիստերի դահլիճ… «Դե հո 132-ն էլ նույնը չեն»,- փորձում է իրավիճակը մեղմել Մելիք Բաղդասարյանը։ Նա «Ֆոտոլուր» գործակալության տնօրենն է, երկար տարիներ նայել է ԱԺ-ին իր օբյեկտիվի միջով։ «Լավ լուսանկարիչն ամեն տեղ էլ լավ կադր կորսա»,- շարունակում է և հարցական նայում գործակալության երիտասարդներին: Նրանք էլ անկեղծորեն պատասխանում են, որ ամենահետաքրքիրը, իհարկե, տուրուդմփոց նկարելն է։ Երիտասարդ լուսանկարիչների և 90-ականները լուսաբանած ֆոտոժուռնալիստների առօրյան խիստ տարբեր է։ Այժմ ամեն ինչ բոլորս օնլայն տեսնում ենք, և դժվար է բռնել այնպիսի կադր, որը հանրության համար կլինի նորություն։ Մելիքը պատմում է. «Մի անգամ մի պատգամավորի նկարեցի, ով նիստի ժամանակ քնել էր, նկարը հրապարակվեց

թերթի առաջին էջում, հաջորդ օրը եկել էին պարզաբանման, մեծ ղալմաղալ եղավ»։ Այս առումով քիչ բան է փոխվել, առաջվա պես վատ կադրի համար լուսանկարչի հետ փորձում են հարցեր պարզել (բայց արդեն ոչ թե ղալմաղալ է, այլ բոլոլա): Մելիքի փորձը ցույց է տալիս, որ կան մարդիկ, որոնք ժամանակի հետ սովորում են օբյեկտիվի առաջ լինելուն, տեսնելով, որ խցիկն իրենց վրա է՝ ուղղվում են, ձգվում, բայց կան նաև նրանք, որոնք թեկուզ տարիներ անց էլ պատրաստ չեն խցիկի ամենատես աչքին. «Մարդ կար, որ ամեն անգամ հետս կռվում էր՝ ինձ մի նկարեք։ Մարդ էլ կա, որ մազերն է ուղղում և ասում՝ նկարի։ Կան նաև մարդիկ, որոնք զանգումբարկանում էին՝ ինչի եմ նրանց գեշ նկարել»։ Պատգամավորների հետ աշխատանքից զատ սահմանափակումներ դրվում են նաև Ազգային ժողովի արարողակարգի կողմից. որքան մնալ դահլիճում, որչափ մոտ կանգնել ամբիոնին և այլն։ Աշխատանքային նման բարդությունների հետ մեկտեղ ԱԺ-ի անցաթուղթը նաև դռներ էր բացում: ՃՈ-տեսուչները հարգում ու չէին ակտավորում. 90-ականների չգրված օրենքներ։ Մելիքն անցաթղթի հետ կապված անձնական պատմություն էլ ունի. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ անցաթուղթը մոռանալու պատճառով նրան շենք չէին թողել։

← Աժ 2-րդ գումարման ընտրություններ, 1999 թ.

18 19

#4(69) 2021


← ԱԺ ընտրություներ, 1999 թ.

փորձ ունես ու պրոֆեսիոնալ ես։ Էմոցիան քմահաճ երևույթ է, իսկ կադրն առանց էմոցիա արժեք չունի»,- պատմում է Ֆելիքսն ու խոստովանում, որ խորհրդարանական արարողակարգից զատ ունի իր անհատական չիկարելիները. օրինակ, չնկարել քնած մարդկանց. «Դե հոգնած պետական այր է, գուցե մի ակնթարթ աչքերը փակվեցին, ի՞նչ իմաստ ունի նկարել դա»: Ֆելիքսը վստահ է՝ այն լուսանկարները, որոնք արվում են նիստերի դահլիճում, ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե նրան կամ պաշտոնյային: Ու չնայած այս խիստ պետականամետ և արարողակարգային մոտեցմանը, միևնույն է՝ չի կարող լինել Ազգային ժողով առանց զավեշտի. «Ծխախոտի դեմ պայքարի օրը 20-ից ավելի ֆոտո էի արել խորհրդարանի միջանցքներում, որտեղ մարդիկ ծխում էին»: Նման կադրերի հեղինակ լինելը բնավ չի խանգարել ընկերանալ նիստերի դահլիճում։ Ֆելիքսն անկեղծ ժպտում է ու հռետորական հարց տալիս. «Դե նիստերի դահլիճում ի՞նչ պիտի նկարես, որ դառնա վատ պատմություն»:

Պատմական կադրերի սպասելիս

«Այնտեղ արվեստ չկա, բայց բախտդ թե բերի, կստանաս պատմական կադր»,- համոզված է Մխիթար Խաչատրյանը, ով անկախությունից ի վեր զբաղված է կադր որսալով Ազգային ժողովում. «Սովորաբար չես լսում՝ ինչ են խոսում պատգամավորները: Եթե լսես, գուցե բաց թողնես այն, ինչ պիտի տեսնեիր»: Մխիթարը շարունակում է, խոստովանում է, որ երբեմն դու ոչ թե լուսանկարիչ ես, այլ քաղաքացի, էմոցիաներդ չես կարողանում մի կողմ դնել։

Եվ դարից երկար ձգվում է օրը ֆոտոյի

Գրեթե 5 դար ընդմիջումից հետո վերականգնած անկախության ձեռքբերումներից էր սեփական, ազգային լրատվական գործակալությունը: Արմենպրեսը ստեղծվել է հեռավոր 1918-ի դեկտեմբերի 18-ին Հայաստանի առաջին հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ՝ որպես Հայկական հեռագրական գործակալություն: Բաժնետոմսերն առայսօր տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը։ Արմենպրեսցիք վավերագրում են մեզ ու Հայաստանն արդեն մի դարից ավելի։ 90-ականների լուսանկարիչների մեծ մասն անցել է Արմենպրեսով: Գործակալության ֆոտոարխիվում պահվում է 100 հազարից ավելի լուսանկար։ Այստեղ գտանք նաև մեզ հետաքրքրող ֆոտոները՝ Ազգային ժողովի մասին ու համար: Ֆելիքս Առուստամյանը շուրջ 30 տարի աշխատում է Արմենպրեսում: Նա է կազմակերպում լուսանկարիչների հավատարմագրումը՝ բացում ԱԺ-ի դարպասներն իրենց գործակալության լուսանկարիչների առաջ։ Զրույցը սկսեցինք նրա փորձից: 20 տարի է, ինչ նա հավատարմագրված է Խորհրդարանում, ՀՀ վաստակավոր լրագրողի կոչում ունի։ «Չնայած մի ամբողջ 45 րոպե թույլատրված է մնալ նիստերի դահլիճում, բայց հաճախ դա չի հերիքում լավ կադր ստանալու համար, նույնիսկ եթե

↑ Երեխաների պաշպանության օրը ԱԺ այգում

Եվ իրոք, երբեմն երկաթյա նյարդեր են պետք. խորհրդարանն այն վայրն է, որտեղ ընդունվում կամ չեն ընդունվում նաև այն որոշումները, որից հետո քաղաքացին դուրս է գալիս փողոց։ Եվ դժվար է լռելյայն ֆիքսել դեմքեր, դեպքեր, մարդկանց։ Հաճախ ենք ասում, որ նախկինում նիստերն ավելի հետաքրքիր էին: Մխիթարն ասում է, որ այժմ ավելի զուսպ ու կշռադատված են քաղաքական ամենաբարձր ամբիոնից հնչող տեքստերը, ու, հետևաբար, էմոցիաները՝ քիչ։ Երբ ներսում ակտիվ քննարկումներ են, բանավեճեր ու որոշումներ, ոչ միայն չես հոգնում, այլև ուզում ես սահմանված ժամկետից ավելի մնալ ներսում, որ կարողանաս մի կադր ավելի ունենալ»: Մենք երկար քայլեցինք ԱԺ միջանցքներում։ Թեև կյանքն այժմ օնլայն է և նիստերի ուղիղ հեռարձակումներն՝ ամենուր, մենք միևնույն է՝ կախված ենք մի կում թարմ, հանրային կադրից։

Նվարդ Ավետիսյան Ֆոտոլուր, Արմենպրես


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Միջավայր

Օրենսդիր այգի Ռուսական կեչիները, ճապոնական սակուրաները, արևադարձային արմավենիներն ու սկյուռիկների սիրելի ընկուզենիները. ուսումնասիրում ենք Ազգային ժողովը շրջապատող այգին։

Ա

զգային ժողովի ընդհանուր տարածքը 6,7 հեկտար է, դրա կեսից ավելին՝ 4 հեկտարը, զբաղեցնում է խորհրդարանի այգին, որի հատուկ խնամքն ապահովում են 10 այգեպանները: Աշխատանքի բաժանում չկա, բոլորը հավասար են, բոլորը գիտեն յուրաքանչյուր ծառի ու բույսի մասին ամեն ինչ: Կենտրոնական հատվածում՝ ցայտաղբյուրի մոտ, լացող ուռենին է: Վազգեն պապիկը, որն այգում աշխատում է 1975 թվականից, պատմում է, որ երբ աշխատանքի ընդունվեց, բոլոր ծառերը երիտասարդ էին, հետո իր հետ միասին հասակ են առել: Իսկ ցայտաղբյուրը վերջին տարիներին է տեղադրվել՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Ծառատեսակների շարքում իր յուրահատուկ տեղն ունի Հայաստանի Կարմիր գրքում գրանցված մանուշակագույն հուդայածառը: Չնայած ծառի անսովոր անվանմանն ու դրամատիկ պատմությանը, այն արտասովոր է իր գեղեցկությամբ: Հուդայածառը ծաղկում է մարտի վերջին՝ ավետելով բնության զարթոնքը: ԱԺ այգում են բարձր ու սլացիկ սեկվոյաներն ու մետաքսե ակացիաները, որի տարածած բույրը զգացվում է ամենուր: Ճեմուղու վերջում Ճապոնիան խորհրդանշող սակուրաներն են: Նրանք ծնվել են ծագող արևի երկրում, հետո, հա-

զարավոր կիլոմետրեր կտրել-անցնելով, հասել են Հայաստան, ընտելացել հայկական կլիմային ու արմատներ գցել հայկական հողում: Ճապոնիայի դեսպանատան աշխատակիցները, ի դեպ, ամեն տարի ծաղկման օրերին այցելում են սակուրաներին ու խնամում. ազգային արժեքների նկատմամբ նախանձելի հոգատարություն։ Թեպետ ճապոնական ծառերն արդեն իրենց առանձնապես միայնակ չեն զգում, ծանոթացել են ռուսական արմատներով կեչիների հետ ու սկսվել է ռուս-ճապոնական ջերմ բարեկամությունը հայկական հողի վրա: Նրանց ընկերությանը հետևում են 70-ամյա հսկայական բարդիները, այգու ամենահին ծառերը, որոնք իրենց համարում են ԱԺ այգու հիմնադիրն ու տերը: Իսկ ձմռանը, երբ ծառերը մերկանում են ու կորցնում գրավչությունը, այգու գեղեցկությունն ապահովվում են ձյան փաթիլներով զարդարված, տարվա բոլոր եղանակներին կանաչ ու թավշյա եղևնիները: Նրանցից ոմանք այնքան բարձրահասակ են, որ մրցակցում են այգու տերերի հետ:

20 21

#4(69) 2021


Կանաչապատման աշխատանքների ղեկավար Վահան Բաբալարյանն ասում է, որ կարևորը ժամանակին ծառերն էտելն ու բները սպիտակեցնելն է, որն արվում է ոչ միայն վնասատուներից, այլև կեղևն արևահարությունից պաշտպանելու համար: Ազգային ժողովի այգում կան նաև մրգատու ծառեր: Ծիրանենիները, խնձորենիները, տանձենիներն ու հաստաբուն ընկուզենիները: Բերքն այգեպաններն են հավաքում ու կազմակերպում անակնկալ հյուրասիրություն այգու հյուրերի համար: Իսկ ահա ընկուզենու բերքից առանց որևիցե հրավերի սպասելու օգտվում են այգում անկաշկանդ բնակվող սկյուռիկները: Նրանց չեն կարողանում վախեցնել անգամ այգու մյուս մշտաբնակները՝ կատուները: Տարիներ առաջ խորհրդարանի այգում եղել են նաև խաղողի տնկիներ, որոնց տակ, ինչպես աշխատողներն են պատմում, դրված են եղել աթոռներ, որտեղ էլ հաճախ հավաքվել են քննարկելու անցնող օրվա լավ ու վատ կողմերը: Երևանի ամենագեղեցիկ այգիներից մեկի տեսքն ամբողջացնում են արևադարձային բուսատեսակները, որոնք

ամբողջ ձմեռ ջերմոցում խնամքով պահպանվելուց հետո, գարնանը վերադառնում են իրենց դիրքերը: Չկտրվելով մերձարևադարձային բույսերի խնամքից՝ այգեգործ Սիմա Աբգարյանն ասում է, որ դրանք ջերմոցից այգի տեղափոխելու ճիշտ ժամանակն է: Ապա, մաքրելով ագավայի տերևները, ընդգծում՝ ծաղիկները հատուկ հոգատարության կարիք են զգում: Չնայած իր տասնամյակների պատմությանն ու խոր արմատներին՝ այգին մշտապես փոփոխվելու ու է՛լ ավելի կանաչելու անդադար ընթացքի մեջ է։ Տնկվող նոր ծառերը շատ արագ են արմատներ գցում՝ դառնալով մեծ ընտանիքի անդամ:

Օվսաննա Մնացականյան Արաքս Քոչարյան


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Հիշատակ

Բիբլիական Դավիթ.

բարու աներկբա հաղթանակը Ազգային ժողովի այգու թաքնված գանձերից մեկը Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթ» բրոնզաձույլ հուշարձանն է։ Այն կանգնեցվել է 2009 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Հայաստանի նորագույն պատմության ամենամռայլ իրադարձություններից մեկի տասներորդ տարելիցին։

Մ

ռայլ աշնանային օր էր, երկինքն ամպամած էր, ծառերը՝ դեղնած: Բաղրամյան 19-ի այգին մարդաշատ էր։ Ռիմա Դեմիրճյանն ու Գրետա Սարգսյանն առաջին անգամ տասը տարվա ընթացքում իրենց մեջ ուժ գտան նորից մուտք գործելու Ազգային ժողով։ 1999 թվականի ոճրագործության զոհերից երկուսի՝ Ազգային ժողովի նախագահի այրին և վարչապետի մայրը գնացել էին այդ քայլին, քանզի առիթը հոկտեմբերի 27-ի հիշատակն անմահացնելն էր։ ԱԺ այգում ամենաբարձր պաշտոնատար անձանց ներկայությամբ բացվում էր Երվանդ Քոչարի կերտվածքը՝ «Բիբլիական Դավիթը» (ավելի ստույգ՝ քանդակի հնգապատիկ խոշորացված կրկնօրինակը)։

Իր խոսքում Կարեն Դեմիրճյանի այրին թերևս բացատրեց, թե ինչու է հենց այս քանդակն ընտրվել որպես հուշակոթող. «Քոչարն ականատես չի եղել այս դաժան իրողությանը, այդ արձանը զոհվածներին հատուկ չի նվիրել, սակայն այն իր մեջ պարունակում է այնքան ամփոփված վիշտ, խորը ցավ, կորուստ, որ ճիշտ տեղին է օգտագործվել: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը խոցեց ոչ միայն մեր սրտերը և թողեց անջնջելի չբուժող վերք, նա տատանեց մեր պետականության հիմքերը, պառակտեց մեր հասարակությունը, որի հետևանքները մինչ այժմ էլ կրում ենք»: Իսկապես, քանդակը ստեղծվել է 1999 թվականի ահաբեկչությունից տասնամյակներ առաջ, բոլորովին այլ երկրում ու իրականությունում։ 1953 թվականն էր, Քոչարի փառահեղ

→ «Բիբլիական Դավթի» բնօրինակը

22 23

#4(69) 2021


→ Քանդակի բացման արարողությունը, 1999

փարիզյան տարիներն արդեն անցյալում էին, նա ընդամենը մի քանի տարի առաջ էր տուն վերադարձել կալանքից. ձերբակալվել էր 1941-ին, պատրվակներից մեկն այն էր, որ Սասունցի Դավթի առաջին արձանում «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի բարեկամ Թուրքիա...»։ Ճիշտ է, Քոչարը համեմատաբար լավ պրծավ, ընդամենը երկու տարի անց ազատ արձակվեց, բայց երկիրն իր շուրջ գրեթե չէր փոխվել։ Եվ ահա, 1953-ին մահացավ Ստալինը։ Նույն տարի, կարծես ի պատասխան դրան, ծնվեց «Բիբլիական Դավթի» գիպսե քանդակը։ Դավիթը, ինչպես հայտնի է Աստվածաշնչից, առաջին հայացքից թույլ, բայց անկոտրում բարությունն է, որ չի վախենում մենամարտի դուրս գալ չարի խորհրդանիշ Գողիաթի դեմ։ Եվ ի վերջո հաղթում է։ ԱԺ-ում հիշում են, որ «Բիբլիական Դավիթն»

← Քանդակի լվացումը

ընտրվել է միաձայն, հետո գաղափարը քննարկել են Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի հետ: Նրանց դրական արձագանքն ավելի է ոգևորել մտահղացման հեղինակներին: Դուրս հանելով քանդակը զուտ աստվածաշնչային համատեքստից՝ կարելի է ասել, որ հուշակոթողն արտահայտում է սպանված պետական ու քաղաքական գործիչների անցած ուղին, որը նույնպես լի էր չարին դիմագրավելու, պետականության գաղափարներն իրագործելու վճռականությամբ: Իր հերթին, քանդակագործի դուստրը՝ Լալա Քոչարը, շարունակում է միտքը. «Ժամանակա-

կից աշխարհին, մարդկությանը սպառնացող մարտահրավերներից է ահաբեկչությունը, որը պետք է արմատախիլ արվի, ինչպես չարն առհասարակ: «Բիբլիական Դավիթը» խորհրդանշում է չարի և բարու հավերժ պայքարում բարու աներկբա հաղթանակը»։ «Բիբլիական Դավիթը» տեղադրելու միտքն ընդունվել է միանշանակ, սակայն երկար քննարկվել է, թե որտեղ այն կարելի է տեղադրել՝ ԱԺ այգու հատկապես ո՞ր հատվածում: Սկզբում ցանկացել են, որ այն լինի այգու կենտրոնական մասում, բայց քանի որ ԱԺ այցելող օտարերկրյա պատվիրակություններն այդ հատվածում գրեթե չեն լինում, որոշվել է տե-

ղակայել վերջիններիս համար առավել տեսանելի վայրում, այնտեղ, ուր եղել է քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած հուշաքարը՝ ժամանակին տեղադրված հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: Համալիրի ճարտարապետական լուծման հեղինակը Երվանդ Քոչարի որդին է՝ ճարտարապետ-դիզայներ Հայկազ Քոչարը: Եվ ահա, ամեն տարի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի ղեկավար կազմը, պատգամավորները, աշխատակազմն ու հյուրերը ծաղիկներ են խոնարհում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչների՝ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, հայոց պետականության նվիրյալներ Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակին նվիրված հուշակոթողին: Քոչարի «Դավիթը» լուռ է, բայց նրա հայացքից հստակ երևում է՝ չարի և բարու պայքարը դեռ շարունակվում է, ու բարին անպայման կհաղթի։ Մինչ 1953 թվականի գիպսե քանդակն այժմ գտնվում է մասնավոր հավաքածուում և թաքնված է հանրությունից, դրա այս մեծացված տարբերակը մոտ ապագայում, երբ Ազգային ժողովի այգին բացի իր դռները բոլորի համար, կկարողանան տեսնել բոլոր ցանկացողները։

Աշոտ Գարունց ԱԺ արխիվ, Արմենպրես


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Ապագա

Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար Ի՞նչ է իրենից ներկայացնում Ազգային ժողովը որպես կառույց, արդյոք օգտագործվո՞ւմ է կառույցի ամբողջ ներուժը և արդյոք արդեն որպես խորհրդարանական երկիր մենք պարտավոր չենք ուժեղացնել այս կառույցը։ Նման մտայնությունները ՀՀ ԱԺ աշխատակազմին ստիպեցին զարգացման նոր ուղիներ փնտրել։ ԱԺ զարգացման նոր նախագծերի մասին ԵՐԵՎԱՆ-ը զրուցել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկայի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի, Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, ինչպես նաև ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանի հետ։

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը կոչված է ուժեղացնելու Ազգային ժողովը, որպեսզի վերջինս իրականացնի օրենքների մշակման, վերահսկողության և ներկայացուցչականության իր առանցքային գործառույթները՝ պետական կառավարման համակարգում իր նոր ու հիմնավորապես ընդլայնված դերում: ՄԱԶԾ-ն խորհրդարանական զարգացման համաշխարհային առաջատար կազմակերպություններից մեկն է, որն աջակցում է աշխարհի ավելի քան 60 խորհրդարանների խորհրդարանական զարգացման ճանաչված սկզբունքներն ամրապնդելուն և խորհրդարանները ժողովրդի համար ավելի մասնակցային, թափանցիկ և հաշվետու դարձնելուն։ Չորս տարի տևողությամբ ծրագիրը գործարկվել է 2019 թվականից և արդեն իսկ իրագործվել են մի շարք փուլեր։ Այն ֆինանսավորվում է Շվեդիայի և Միացյալ Թագավորության կառավարությունների կողմից: Ծրագրի որոշ գործողություններ իրականացվում են ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Այս ծրագիրը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին Շվեդիայի կառավարության

24 25

#4(69) 2021

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկա

աջակցության մի մասն է, որը համապատասխանում է Արևելյան Եվրոպայի հետ Շվեդիայի բարեփոխումների ռազմավարությանը։ «Մեր նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին օրենսդիր մարմնի հիմնական գործառույթների՝ օրենսդրական, վերահսկողական և ներկայացուցչական կարողությունների ընդլայնման գործում: Մենք հավատում ենք, որ լավ գործող ժողովրդավարական խորհրդարանները ժողովրդավար կառավարման, ինչպես նաև կայուն զարգացման և աղքատության վերացման նախադրյալներ են: Ես կցանկանայի նաև ընդգծել մի քանի մակարդակներում մեր երկու խորհրդարանների հիանալի փոխհարաբերությունները»,- նշում է դեսպան Պատրիկ Սվենսոնը: Ծրագրի մյուս գործընկերը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությունը, սատարում է նման նախաձեռնությունները, քանի որ հանձնառու է խթանել ուժեղ, արդիականացված և ներառական ժողովրդավարական կառույցների կայացումը: «Հայաստանում, ինչպես Միացյալ Թագավորությունում, խորհրդարանը ժողովրդավարության ինստիտուցիոնալ հիմնասյունն է: Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ մենք տրամադրում ենք ճկուն աջակցություն՝ Հայաստանում արդյունավետ


խորհրդարանական ժողովրդավարության համար անհրաժեշտ օրենսդրական աշխատանքներում բարեփոխումներ իրականացնելու համար: Այս ծրագիրը նպատակ ունի ամրապնդել Ազգային ժողովի ընդլայնված դերը, որը ներառում է կառավարության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործառույթ: Սա արձագանքում է Ազգային ժողովի՝ արդյունավետ, թափանցիկ, հաշվետու և տեխնիկապես ավելի նորարարական լինելու ցանկությանը և պատգամավորներին ու աշխատակազմին հնարավորություն ընձեռում օգտվելու կառավարման ժամանակակից գործիքներից և մեխանիզմներից»,- նշում է դեսպան Ջոն Գալագերը։ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան նշում է, որ խորհրդարանի՝ որպես քաղաքականություններ մշակող կառույցի ընդհանուր արդյունավետության բարելավման երկարաժամկետ նպատակով ծրագիրը մշակվել է, որպեսզի աջակցություն ցուցաբերի Ազգային ժողովին՝ օգտվելու կառավարման ժամանակակից գործիքներից և մեխանիզմներից, որոնք նպաստում են խորհրդարանական գործառնությունների որակի, թափանցիկության և ներառականության կատարելագործմանը և խորհրդարանի՝ գենդերային խնդիրներին արձագանքող քաղաքականությունների մշակման կարողությունների զարգացմանը։

Մարտահրավերների և դժվարությունների մասին

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագեր

Է- խորհրդարան

Նպատակների և արդեն իսկ իրականացված աշխատանքի մասին

Ինչպես արդեն նշվեց, ծրագրի նպատակն է ամրապնդել Ազգային ժողովի օրենսդրական, վերահսկողական և ներկայացուցչական դերակատարությունը՝ որպես երկրի առաջնային և կենտրոնական կառավարման մարմին: Ավելին, նպատակ կա ժամանակի ընթացքում քաղաքացիներին ներառել կառավարության կողմից հովանավորվող քաղաքականության արձագանքման և տնտեսական վերականգնման գործընթացում՝ ավելի ամուր և դիմակայուն հասարակություն ունենալու համար: Միհաելա Ստոյկոսկան նշում է, որ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը կոչված է նոր հնարավորություններ ստեղծել քաղաքացիների համար՝ Ազգային ժողովի թվայնացման շրջանակում: Նախաձեռնության շրջանակում են մշակվում Է-խորհրդարանը և Հետազոտական կենտրոնը, ինչպես նաև Խորհրդարանական ժողովրդավարության կենտրոնը, որը բաղկացած է Արտաքին կապերի, Խորհրդարանական կրթության և Հանրային ներգրավվածության ստորաբաժանումներից: Մինչ օրս «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը գրանցել է մի շարք դրական արդյունքներ, ինչպես, օրինակ, տեխնիկական աջակցությունը բազմաթիվ օրենսդրական փոփոխություններին: Այդպիսի հաջողված օրինակներից է Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունը, ըստ որի Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներդրվեց «հայրության արձակուրդ» հասկացությունը։ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի շրջանակում կատարվել են ապահովագրության վճարների հատկացումների վերաբերյալ փոփոխություններ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում հաշմանդամության գնահատման գործընթացում փոփոխություն է կատարվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ ջանքերով:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը ծրագրի առջև ծառացած մարտահրավերների մասին խոսելիս նշում է, որ խորհրդարանական ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը միշտ չէ, որ հարթ և հեշտ է, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հաջորդող ժամանակահատվածը, ինչպես նաև COVID-19-ը Հայաստանի համար հատկապես դժվարին մարտահրավերներ են ստեղծել: Նման ճգնաժամային իրավիճակներում Ազգային ժողովի գործունեությունը շարունակելու կարողության բարելավումը ժողովրդավարական համակարգի ամրության և կայունության փորձարկում է:Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին կարծում է, որ, չնայած վերջին շրջանի բոլոր դժվարություններին, Հայաստանի Ազգային ժողովը եզակի խորհրդարաններից մեկն էր այս տարածաշրջանում, որը համավարակով պայմանավորված սահմանափակումների ընթացքում շարունակեց իր լիարժեք գործունեությունը: Այս մարտահրավերներն ազդում են բոլորի վրա, բայց ծրագիրը ցույց տվեց, որ այն ճկուն է, իրավիճակներին արագ արձագանքող և համահունչ ԱԺ-ի կարիքներին։

Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոն

ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյան

«Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի շրջանակում ԱԺ կարևորագույն գործառույթները թվայնացնելու նպատակ ունի։ «Որպես Ազգային ժողովի թվային վերափոխման մաս՝ Է-խորհրդարանի համակարգը բաղկացած է լինելու փաստաթղթերի կառավարման համակարգից և ԱԺ-ում է-քվեարկությունից, ինչպես նաև ներքին և արտաքին թվային կառավարման այլ գործիքների և համակարգերի հետ ինտեգրումից և փոխգործակցությունից: Լիովին իրագործված Է-խորհրդարանը կարևոր է արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման համար։ Դա իր հերթին նպաստում է քաղաքացիների ավելի մեծ ներգրավմանը և մասնակցությանը կառավարության որոշումների կայացման գործընթացներում: Խորհրդարանի նիստերը, ինչպես նաև հանձնաժողովների նիստերը թվայնացնելը մարտահրավեր է, սակայն դրա շնորհիվ պատգամավորների աշխատանքը կհամապատասխանեցվի 21-րդ դարի խորհրդարանների գործառնական նախագծմանը և իրականացմանը»,- նշում է Միհաելա Ստոյկոսկան և հավելում, որ ՄԱԶԾ-ն ընդունում է, որ խորհրդարանական աջակցության ցանկացած համապարփակ նախագծի ձևավորում ու մշակում երկարաժամկետ գործընթաց է՝ ժամանակի ընթացքում նկատվող արդյունքներով: «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրն այսօր ներգրավում է ԱԺ-ի բոլոր կառույցները՝ հատկապես ՏՏ ստորաբաժանումը և ԱԺ քարտուղարությունը: ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանը հատկապես կարևորում է ծրագրի շրջանակում ԱԺ-ի նոր կայքի ստեղծումը. «Կայքում շեշտելու ենք ԱԺ-ի գլխավոր գործառույթները՝ վերահսկողական գործառույթը, որի շրջանակում ցույց ենք տալու, թե ինչպես է ԱԺ-ն վերահսկում կառավարության աշխատանքը, խորհըրդարանական դիվանագիտությունը, որն իսկապես լուրջ աշխատանք է, ինչպես նաև օրենսդրական գործառույթը, որի շրջանակում կարևոր է ցույց տալ, թե ինչպես են օրենքները մշակվում, և ինչպես է գործում ողջ օրենսդրական մեխանիզմը»։ Ծրագիրը կապահովի, որ այլ խորհրդարաններից քաղված բոլոր դասերը արտացոլվեն ծրագրի գործողություններում և ծրագրի վերջնական արդյունքները ներդրվեն ԱԺ-ի՝ որպես ժողովրդի կողմից վստահված կառույցի գործառույթներում։

Հասմիկ Բարխուդարյան


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Ապագա

Ապագայի փորձագիտական և վերապատրաստման կենտրոն ՀՀ ԱԺ-ն նոր փորձագիտական և վերապատրաստման կենտրոն ունի։ Այն ստեղծվել է ՄԱԶԾ ծրագրի՝ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեդիայի և Միացյալ Թագավորության կառավարությունների կողմից։ Կենտրոնի աշխատանքի ու հեռահար նպատակների մասին ԵՐԵՎԱՆ-ը զրուցել է ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գառնիկ Աթանեսյանի և ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանի հետ։

Ի՞նչ է և ինչի՞ համար

ՀՀ ԱԺ Աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը, անվանումից էլ պարզ է, որ ԱԺ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկն է, որի աշխատակիցները համարվում են պետական ծառայողներ և վարձատրվում են հանրային ծառայողների համար նախատեսված ընդհանուր կարգով՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով։ Սակայն այստեղ մթնոլորտը մի փոքր այլ է։ ՀՀ ԱԺ շենքի դասական ու մի քիչ հնաոճ ինտերիերի մեջ փորձագիտական վարչությունը, կարծես, այլ իրականություն լինի։ Ժամանակակից կահավորմամբ, ապակեպատ ու լուսավոր այդ տարածքը միանգամից առանձնանում է։ Վարչությունը բաղկացած է չորս բաժնից. պետաիրավական փորձաքննության բաժին, ֆինանսատնտեսական փորձաքննության բաժին, սոցիալական, կրթական, առողջապահա-

26 27

#4(69) 2021

կան փորձաքննության բաժին և օրենսդրական մոնիթորինգի ու տեղեկատվական բաժին։ Առաջին երեք բաժինները զբաղվում են փորձաքննությամբ։ Մյուս բաժինը զբաղվում է օրենսդրության մոնիթորինգով, այսինքն՝ վերջին տարիներին ընդունված օրենքների մոնիթորինգով և տալիս տեղեկատվություն այդ օրենքների հասարակական ներգործության վերաբերյալ։ ԱԺ մուտք գործած ցանկացած օրենսդրական նախագիծ, անկախ դրա հեղինակից, ենթարկվում է մանրակրկիտ փորձաքննության, որի արդյունքում տրվում է սպառիչ եզրակացություն նախագծի՝ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխանելու վերաբերյալ։ Աշխատանքը հեշտ չէ. համակարգված գիտելիքից ու օրենքի իմացությունից զատ նաև ուշադրություն է պահանջում։ Օրենքի տարբեր դրույթների միջև հակասություններից խուսափելու համար պետք է ծայրահեղ ուշադիր լինել։


→ Կենտրոնի բացման արարողությունը

Վարչության պետ Գառնիկ Աթանեսյանը նշում է, որ վարչության կարգավիճակի և կառուցվածքի փոփոխությունների արդյունքում ստեղծվել է փորձագիտական և վերապատրաստման կենտրոն, որի հիմնական նպատակն է ԱԺ-ին ավելի լավ հետազոտական և վերլուծական կարողություններ տրամադրել և իր դերն ունենալ պատգամավորների և աշխատակազմի վերապատրաստման գործում։ Այն, ըստ Աթանեսյանի, պետք է յուրաքանչյուր պատգամավորի ուղեկիցը լինի, որը կօգնի շատ սեղմ ժամկետում ստանալ բոլոր հուզող հարցերի պատասխանները։ Կենտրոնի ստեղծման արդյունքում վերափոխվում, միավորվում և համալրվում են բաժինները։ ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանը նշում է, որ կենտրոնի աշխատանքը համաձայնեցվելու է նաև նախարարությունների հետազոտական ներուժի հետ, ինչը կօգնի ավելի խորքային հետազոտություններ և վերլուծություններ կատարել և ավելի ճիշտ որոշումներ կայացնել։ Կենտրոնի վերապատրաստման բաժինը հնարավորություն կտա թե՛ աշխատակիցներին և թե՛ պատգամավորներին մասնակցել տարբեր ծրագրերով ուսումնական գործընթացներին։

Աշխատակազմի ու արդյունավետության մասին

Շատ կարևոր է նաև որակյալ փորձագետների ներգրավումը, որպեսզի կենտրոնը կարողանա լուրջ հետազոտական նյութեր ստեղծել։ «Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ լուրջ հետազոտական նյութ կարող է տալ լուրջ հետազոտական միտք ունեցողը։ Իսկ լուրջ հետազոտական միտք ունեցող, որակյալ փորձագետ ներգրավել ներկայիս վարձատրության պայմաններում, իրատեսական չէ»,- ասում է Գառնիկ Աթանեսյանը։ Այդ իսկ պատճառով, շնորհիվ ՄԱԶԾ-ի հետ ներկայիս հաջողված համագործակցության՝ կենտրոնի նախագծված գործառույթներն արդեն իսկ կյանքի են կոչվում։

Աշխատակիցների ներգրավման մասով վարչությունը նոր ավարտած կամ դեռևս մագիստրատուրայում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների՝ որպես կրտսեր մասնագետ, ներգրավման գործընթաց է սկսել։ Ինչպես նաև, կենտրոնը տարածաշրջանում գործող հեղինակավոր բուհերի հետ հուշագիր կկնքի։ Ինչպես ասում է Աթանեսյանը, լավ ուսանողներին թույլ չեն տալու գործ փնտրել. նրանց շատ արագ ներգրավելու են կենտրոնի աշխատանքներում։ Մյուս կողմից՝ նոր, ավելի բարձր հաստիքների առաջացման պարագայում կենտրոնը նախ և առաջ դիտարկում է իր իսկ կրտսեր մասնագետներին։ Այս պահին վարչությունն ունի 34 աշխատակից, ևս 12 հաստիք թափուր է, իսկ կենտրոնի ամբողջական գործարկման պարագայում աշխատակիցների ընդհանուր թիվը կհասնի 70-ի, որոնց մի մասը կզբաղվի վերլուծությամբ և փորձաքննությամբ, իսկ մյուս մասը՝ վերապատրաստմամբ։ Կենտրոնը բազմապրոֆիլ փորձագետների կարիք ունի՝ իրավաբանների, ֆինանսիստների, սոցիոլոգների և այլն։ Չնայած այն հանգամանքին, որ այժմ աշխատակիցների թիվը դեռ փոքր է, իսկ աշխատանքը՝ բավական շատ, կատարված եզրակացություններին զուգահեռ վարչությունը հասցնում է հետազոտություններ կատարել այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են, օրինակ, կեղծ լրատվության տարածման քրեականացումը կամ խորհրդարանական համամասնական կամ մեծամասնական ընտրակարգը։ Աթանեսյանը գոհ է աշխատակազմից և հպարտությամբ է նշում, որ ամենակրտսեր աշխատակիցը 21 տարեկան է, իսկ ամենաավագը՝ 66։ Ըստ նրա՝ երիտասարդության և փորձի հիանալի համադրություն է ստացվել, ինչը նպաստում է աշխատանքի արդյունավետությանը բարձրացմանը։ Ըստ Գառնիկ Աթանեսյանի՝ կարևորն այն է, որ կա հստակ տեսլական, հավատ այդ տեսլականի հանդեպ և լավ փոխըմբռնում միջազգային կազմակերպությունների հետ։

Հասմիկ Բարխուդարյան Արաքս Քոչարյան


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Ապագա

Ժամանց և կրթություն Ազգային ժողովում Առաջիկայում ՀՀ ԱԺ-ում ՄԱԶԾ-ի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրով նախատեսված բարեփոխումների շրջանակում Շվեդիայի կառավարության և Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորման շնորհիվ ԱԺ շենքում Խորհրդարանական ժողովրդավարության կենտրոն կստեղծվի։ Վերոնշյալի մասին ԵՐԵՎԱՆ-ը զրուցել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականներ Դավիթ Կարապետյանի, Վահան Կոստանյանի, ինչպես նաև արվեստաբան, փորձագետ Արմեն Եսայանցի հետ, որին և վստահված է կենտրոնի թանգարանային հատվածի հայեցակարգի մշակումը։

Ա

պագա կենտրոնն ավելի լավ պատկերացնելու համար նախ այցելեցինք ԱԺ և եղանք հենց այն տարածքում, որը նախատեսվում է տրամադրել կենտրոնին։ ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանն ուղեկցեց մեզ ԱԺ շենքի զրո հարկ, որը թանգարան է հիշեցնում, լավ, առնվազն՝ ցուցանմուշների պահեստ։ Պարզվում է ԱԺ-ում ոչ մի հին իր աղբանոց չի նետվել՝ սկսած դեռևս խորհրդային տարիներից՝ հին ռադիոընդունիչներ, համակարգիչներ ու նույնիսկ նախկին ղեկավարների շրջանակված լուսանկարներ։ Իր П-աձև ճարտարապետական տեսքով էլ այս տարածքը շատ հարմար է հենց ցուցահանդեսային մոդելի համար։ Այս նկուղը տասնամյակներ շարունակ մասամբ ծառայել է տեխնիկական նպատակներով, մասամբ էլ հենց նմանատիպ արխիվ հավաքելու համար է օգտագործվել։ Տարիներ շարունակ արխիվին ուշադրություն չի դարձվել, և միայն վերջին շրջանում է, որ հղացել է այդ տարածքը բարեփոխելու և դրան նոր գործառույթ հաղորդելու գաղափարը։ Կենտրոնի բուն նպատակը ոչ միայն հայկական խորհրդարանական ժողովըրդավարության պատմությունը ներկայացնելն է, այլև խորհրդարանի և քաղաքացիների միջև որոշակի անջրպետի վերացումը։ «Չնայած որ նախագիծը դեռևս սաղմնային վիճակում է, արդեն կա այն գործողությունների պլանը, որով պետք է առաջնորդվենք կենտրոնը ստեղծելու համար։ Պատմաբանների, մշակութաբանների, քաղաքագետների, տարբեր պետական ինստիտուտների, արխիվների,

28 29

#4(69) 2021

թանգարանների, գրադարանների համապատասխան մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում պետք է ձևավորվի այն ցուցանմուշների ցանկը, այդ թվում՝ ֆոտո և վիդեո բովանդակությունը, որը պետք է ներկայացված լինի կենտրոնում ու արտացոլի այս նոր մարմնի առաքելությունն ու տեսլականը»,- նշում է Արմեն Եսայանցը։ Կենտրոնի ցուցահանդեսային հատվածում կցուցադրվեն արտեֆակտեր, փաստաթղթեր, վիդեո և ֆոտո նյութեր, որոնց միջոցով այցելուն կծանոթանա հայոց պատմության հատկապես նորագույն շրջանի անկյունաքարային փուլերին։ Բուն նպատակը լինելու է տարբեր տարիքային խմբերի այցելուներին ներկայացնել խորհրդարանի ստեղծման ամբողջ պատմությունը։ Այստեղ այցելուն կանցնի հայկական քաղաքական մտքի պատմական ճանապարհով՝ առավել կենտրոնանալով Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության զարգացման և հաստատման վրա։ Ժամանակավոր ցուցադրություններն ու համագործակցությունը տեղական և միջազգային կառույցների, ինչպես նաև անհատների հետ, առավել դինամիկ կդարձնեն կենտրոնի գործունեությունը։ «Այդուհանդերձ, մենք չենք ցանկանում, որպեսզի այս կենտրոնը միայն նմուշների և փաստաթղթերի ցուցադրման վայր լինի, քանի որ այսօր մարդիկ նախընտրում են առավել ակտիվ ներգրավում. նախատեսվում է համակցված և վիրտուալ իրականության, ինտերակտիվ տեխնոլոգիաների կիրառություն։ Ի դեպ, նոր կենտրոնը նաև շեշտադրելու է ներառականությունը։ Այս կենտրոնը կլինի ուրույն կրթական և տեղեկատվական վայր քաղաքացիների համար։ Այն նաև կարևոր գիտական


հարթակ կդառնա համապատասխան ոլորտներում մասնագիտացող ուսանողների, աշակերտների, ուսուցիչների, ինչպես նաև պատմաբանների, քաղաքագետների, մշակութաբանների համար»,- պատմում է Արմեն Եսայանցը։ Այս կենտրոնը յուրահատուկ վայր է լինելու այցելուների համար, քանի որ Մարկ Գրիգորյանի նախագծած այս պատմական շենքը, որն ինքնին արդեն յուրօրինակ ճարտարապետական կոթող է, այժմ առավել տեսարժան վայր կդառնա՝ համեմվելով պատմական բովանդակությամբ։ Ըստ Արմեն Եսայանցի՝ հայկական խորհրդարանական ժողովրդավարության մտքի պատմությունն արժանի է առանձին ներկայացման, քանի որ, ցավոք, անգամ ՀՀ քաղաքացիների պատկերացումներն արդի պատմության մասով շատ դեպքերում մակերեսային են: Չնայած անկախության կարճ շրջանին՝ հայկական քաղաքական միտքը շատ ավելի վաղ տարիներից է սկիզբ առել: Ավելին, հայկական օրենսդիր մարմինը դեռ Առաջին հանրապետության տարիներին տարբերվել է իր առաջադեմ ու ժողովրդավարական հայացքներով, ինչի մասին քչերը գիտեն, և դա ընդամենը մի կետն է այն ամբողջ տեղեկատվության, որին հնարավորություն կլինի ծանոթանալ ապագա կենտրոնում։

Կրթություն ԱԺ-ում

ՄԱԶԾ-ի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի շրջանակում նախատեսվում է քաղաքացիական կրթական մեկ այլ ծրագիր, որը տրամաբանորեն կապվում է կենտրո-

նի գաղափարի հետ։ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, միջազգային դոնորների հետ աշխատանքների համակարգող Վահան Կոստանյանը ԵՐԵՎԱՆ-ի հետ զրույցում պատմեց, որ նախատեսվող Խորհրդարանական ժողովրդավարության կենտրոնի շրջանակում ուսումնասիրելով հանրակրթության նոր չափորոշիչները՝ այժմ մշակվում է ծրագիր, ըստ որի տարբեր տարիքային խմբերի քաղաքացիներ հնարավորություն կունենան ուսուցանվելու խորհրդարանի դերի և Սահմանադրության թեմաներով։ Վահան Կոստանյանն ուսումնասիրել է միջազգային փորձն ու վստահ է, որ միանգամայն հնարավոր է ներդաշնակեցնել հանրակրթական ծրագիրն ու խորհրդարանական կրթական ծրագիրը։ Արդեն իսկ պատրաստ է ծրագրի նախնական տարբերակը։ Կրթական ծրագիրը նախատեսված է մի քանի տարիքային խմբերի համար, որոնցից ամենակարևորն ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների աշակերտներն են, ովքեր հասարակագիտություն առարկայի շրջանակում հենց այդ թեմաներն են ուսումնասիրում։ Առայժմ ծրագրի պիլոտային տարբերակը նախատեսվում է հենց ավագ դպրոցի աշակերտների համար։ Հաջողելու պարագայում ծրագիրը կընդլայնվի։ Թե՛ ԱԺ վերապատրաստված աշխատակիցները և թե՛ հենց իրենք՝ պատգամավորները կպատմեն խորհրդարանի, ՀՀ Սահմանադրության ու հարակից այլ թեմաների մասին։ Կկիրառվեն նաև այլ՝ կրթության ոչ ֆորմալ մեթոդներ, ինտերակտիվ բաղկացուցիչներ, ինչպիսիք են քվեստները, հարց ու պատասխանը և այլն։

Հասմիկ Բարխուդարյան


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Ճարտարապետություն

30 31

#4(69) 2021


ԲԼՈՒՐԻ ՎՐԱՅԻ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆ Վերջին հարյուրամյակում Խորհրդային, այնուհետև նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունն անցավ մի շարք դժվարություններով, և այդ ամենի ականատեսն ու անմիջական մասնակիցը քաղաքի կենտրոնից հեռու, մի բլուրի վրա գտնվող և խաղողի այգիների փոխարեն կառուցված շինությունն էր, որը մենք այսօր ճանաչում ենք որպես Ազգային ժողովի շենք։ Շինության անցած պատմության և ներկայի մասին ԵՐԵՎԱՆին պատմեց լրագրող Մարկ Գրիգորյանը՝ շենքի հեղինակ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը։

Լենինի հրապարակից հեռու

1947 թվական, ամառային մի օր, այդ տարիների Երևանի գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը զանգ ստացավ։ Նրա հետ կապ էր հաստատել Հայաստանի ղեկավար Գրիգորի Արուտինովի օգնականը։ Ասաց, որ ղեկավարը նրան զբոսանքի է հրավիրում։ Շրջանցելով ամառանոցները՝ նրանք մոտեցան մի կիսադատարկ բլուրի, որի մի հատվածում խաղողի այգի էր տեղակայված։ Արուտինովը հենց այդտեղ էր պատկերացրել Կոմունիստական կուսակցության կենտկոմի ապագա շենքը և իր գաղափարի մասին հայտնեց Գրիգորյանին։ Ճարտարապետն էլ իր հերթին զարմացավ։ Նախ՝ այն ժամանակ Բաղրամյան պողոտայի տեղում մի նեղլիկ փողոց էր, որի երկայնքով ամառանոցներ էին կառուցվել, այն քաղաքի կենտրոնական մասից հեռու էր, Լենինի հրապարակը նույնիսկ չէր էլ երևում այդ կետից։ Ինչպե՞ս էր հնարավոր կառավարել ամբողջ հանրապետությունն այդ տեղից։ Բայց Արուտինովն ուզում էր ապացուցել, որ Կոմունիստական կուսակցությունը կարող է կառավարել երկիրը ցանկացած վայրից։ Այդպես էլ եղավ. Մարկ Գրիգորյանը սկսեց նախագծել շինությունը։ Ընդամենը երեք տարի անց շենքը պատրաստ էր, իսկ կենտկոմի աշխատակիցները՝ տեղափոխությունների մեջ։

Բաց գույնի հմայքը

Մարկ Գրիգորյան (1900-1978) Ծնվել է Նոր Նախիջևանում։ 1928 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ճարտարապետության բաժինը։ 1937-1951 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, 1951-1978 թվականներին՝ Հայարդնախագիծ ինստիտուտի տնօրեն։ 1951 թվականին ղեկավարել է Երևանի գլխավոր հատակագծի նախագծումը, կազմել է Հրազդան քաղաքի 1961-1963 թվականների գլխավոր հատակագիծը։ Բացի Կոմկուսի Կենտկոմի շենքից մյուս նշանակալից աշխատանքներից են Հանրապետության հրապարակի «Արմենիա» հյուրանոցի շենքը (համահեղինակ՝ է. Սարապյան) և Միությունների շենքը, Մատենադարանի շենքը, Նախագահի նստավայրը (Բաղրամյան 26), Մարգարյանի անվան ծննդատան շենքը, Դերասանների բնակելի շենքը Մաշտոցի պողոտայում։

ԱԺ-ի շենքը մարմնավորում է այդ տարիների դասական ճարտարապետության լավագույն լուծումները՝ հիշեցնելով անտիկ ճարտարապետությունն ու ոճը։ «Այս շենքն ունի բաց գույնի քարի հմայքը, ու թեև Երևանն անվանում են վարդագույն քաղաք, նույն հաջողությամբ այն կարելի է անվանել տեռակոտայի գույնի քաղաք,- ասում է Մարկ Գրիգորյան կրտսերը,- պատկերացրեք ճարտարապետի հմտությունը, ով կարողացել է ստանալ ավանդական հունական ոճի մոնումենտալ շենք, որը սակայն ծայրից ծայր հայկական է։ Կասկածել, որ այդ շենքն ազգային է, մենք չենք կարող։ Դրանում է կայանում վարպետությունը»։

ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՏԵՂՈՒՄ ՄԻ ՓՈՔՐ ՓՈՂՈՑ ԷՐ, ՈՐԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐ ԷԻՆ ԿԱՌՈՒՑՎԵԼ, ԱՅՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍԻՑ ՀԵՌՈՒ ԷՐ


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Ճարտարապետություն ← Մարկ Գրիգորյանի էսքիզներից

Տարիներ անց Ազգային ժողովի շենքը վերանորոգվեց։ Կառուցումից տասնամյակներ հետո պարզ դարձավ, որ կառույցն այլևս չի բավարարում աճող բյուրոկրատիայի պահանջներին, և 70-ականների կեսերին Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ մեկնարկեց նոր շինարարություն։ Կառուցվեցին նիստերի դահլիճը, ճաշարանը, ավելացավ աշխատասենյակների քանակը։ Ստեղծվեց առանձին մուտք դեպի առաջին քարտուղարի սենյակ։ Դեմիրճյանի նախաձեռնած շինարարությունն ավարտվեց 1985 թվականին, իսկ երեք տարի անց պատմությունը լծակը վերցրեց իր ձեռքը։ Սումգայիթի ջարդեր, Արցախյան առաջին պատերազմ։ «Այս շենքն անցել է մի քանի ծանր իրադարձության, ժամանակաշրջանի և հասարակական կատակլիզմների միջով,- հիշում է Մարկ Գրիգորյանը,- այս երկրի վրայով անցնող ամպերն անպայման անձրևել են այս շենքի կտուրին»։ Խաղողի այգիների տեղը զբաղեցրած շենքում շարունակում էր գործել արդեն բավականին թուլացած կենտկոմը, իսկ Գերագույն խորհրդի նստավայրը Բաղրամյան 26-ն էր։

Ցեկայից՝ ԱԺ

↑ 1950-ականներ

→ Նախկին կենտկոմի շենքը և դիմացի ջրավազանը

32 33

#4(69) 2021

Երբ որոշում կայացվեց պակասեցնել կենտկոմի ազդեցությունը, հարց առաջացավ, թե ինչ անել շենքի հետ, որն ուներ բոլոր հարմարությունները Գերագույն խորհրդի գործունեության համար։ Սակայն կոմունիստական կուսակցությունը ցանկություն չուներ հրաժարվել իր նստավայրից, և Գերագույն խորհրդին առաջարկվեց զբաղեցնել մեկ այլ շենք՝ ներկայիս Ամերիկյան համալսարանը (որը, ի դեպ, նույնպես նախագծել է Մարկ Գրիգորյանը)։ Այնուամենայնիվ, Գերագույն խորհուրդը տեղափոխվեց «ՑԵԿԱ-ի» շենք, որն էլ մի քանի տարի անց վերանվանվեց Ազգային ժողով։ Հաջորդող տարիներին այդ շենքը կրկին ականատես եղավ ողբերգական դեպքերի։ 1996-ին շենք մուտք գործեցին նախագահական ընտրություններից


← Ճարտապապետ Մարկ Գրիգորյանը

ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃԸ, ՈՐՏԵՂ ԵՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ԱՅԴ ԴԵՊՔԵՐԸ, ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԵՑ ԻՐ ՏԵՍՔԸ՝ ԿԱՐԾԵՍ ՑԱՆԿԱՆԱԼՈՎ ՄՈՌԱՆԱԼ ԵՂԱԾԸ դժգոհ քաղաքացիներ, իսկ 1999 թվական հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը, երբ մի խումբ զինված անձինք սպանեցին իշխանության տարբեր անդամների։ Տարիներ անց նիստերի դահլիճը, որտեղ և տեղի ունեցան այդ դեպքերը, ամբողջությամբ փոխեց իր տեսքը՝ կարծես ցանկանալով մոռանալ եղածը։ Այն դարձավ ավելի հարմարավետ, ուղղանկյուն եզրերը դարձան կլորավուն։ Լրագրողներին էլ տեղափոխեցին ապակյա պատուհաններից այն կողմ։ Դահլիճը վերաբացվեց 2010 թվականին։ Նիստերի նոր դահլիճի հեղինակն Անահիտ Թարխանյանն է։ «Ճարտարապետական տեսանկյունից՝ քանի դեռ շենքի հիմնական տեսքը չի աղավաղվել և այդ բոլոր հավելումները հետևի կողմից են կառուցվել, ես խնդիր չունեմ»,- ասում է Մարկ Գրիգորյան կրտսերը։

Կերպարանափոխություններ

Սակայն այս տարիների ընթացքում եղան փոփոխություններ, որոնք Մարկ Գրիգորյանն այդպես էլ չընդունեց։ Ազգային ժողովի դիմաց գտնվող ջրավազանի արտաքին տեսքը, մեղմ ասած, փոփոխությունների ենթարկվեց, ինչը նա համարում է պարզապես վատ ճաշակի դրսևորում։ Պարոն Գրիգորյանի խոսքով՝ ընդամենը կես օրվա ընթացքում կատարված այդ փոփոխությունը որևէ կերպ չէր համապատասխանում Ազգային ժողովի շենքի կերպարին։ Ի սկզբանե այդ ջրավազանը նախատեսված էր հակահրդեհային համակարգ ապահովելու համար։ Դեռ մինչև 40-ականները յուրաքանչյուր տան մոտակայքում կամ նույնիսկ դրա տանիքում տեղադրվում էր ջրավազան, որից հրդեհի դեպքում հնարավոր կլինի օգտվել։ Նույն նպատակով նախագծվել էր նաև Ազգային ժողովի դիմացի ջրավազանը՝ պարզ, գետնի մակարդակին հավասար ջրային հայելի։ Բայց 2015-2016 թվականներին այն սալապատեցին, զարդաքանդակներ փակցրեցին կողերին, իսկ կենտրոնում թագանման մի մետաղյա զարդ տեղադրեցին։ Ճարտարապետի թոռան բողոքներն օգուտ չտվեցին՝ տեսքն այդպես էլ մնաց նույնը։ Այսօր ակնհայտ է, որ շենքը վերանորոգման կարիք ունի, պետք է փոխել փայտյա պատուհաններն ու մի շարք այլ աշխատանքներ իրականացնել։ Բացի այդ, տարիների ընթացքում աշխատասենյակները դարձել են իրարից բացառապես տարբեր ու երբեմն հակաէսթետիկ՝ արտահայտելով դրանցում բնակություն հաստատած յուրաքանչյուր անձի ճաշակը։

↑ Շինարարության ժամանակ

→ Մարկ Գրիգորյան կրտսերը

Ի դեպ, դեռ պապի կենդանության օրոք, Գրիգորյան կրտսերը նույնպես իր ներդրումն է ունեցել շենքի տեսքի համալրման գործում։ Ավելի ճիշտ, ոչ թե բուն շենքի, այլ դարպասին մոտ նախատեսվող ոստիկանական տնակի, որը մինչ օրս օգտագործվում է որպես մուտք։ «Դպրոցական էի, մի օր պապիկս եկավ տուն, սեղանին դրեց տնակի մի քանի տարբերակ և հարցրեց՝ որը կընտրեի։ Ես էլ ասացի, որ ոչ մեկը սրտովս չէ և կնախընտրեի երկու տարբերակների համադրությունը։ Մի թղթի կտորի վրա պատկերեցի ասածս տարբերակը և տվեցի նրան։ Եվ ի՞նչ։ Նա դարձրեց իմ նկարածը պրոֆեսիոնալ գծագիր ու հենց այդ տարբերակով էլ կառուցեց տնակը»,- հիշում է պարոն Գրիգորյանը։

Իշխանությունների նկատմամբ վստահության խորհրդանիշը

Ազգային շենքի հմայքի մի մեծ բաժին պատկանում է իրեն շրջապատող այգուն։ Տարածքում ժամանակին ջերմոց է եղել նաև, որտեղ աճեցվել են գեղեցկագույն մեխակներ։ Այս լուծումը խնայողական նպատակ ուներ՝ այլևս չկար կարիք պետական գումարները ծախսել ծաղիկ գնելու համար։ Անկախացումից հետո, երբ Գերագույն խորհուրդը տեղափոխվեց այդ շենք, խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշում կայացրեց այգին բացել քաղաքացիների համար։ Սակայն, շաբաթներ անց իրավիճակն անկառավարելի դարձավ։ Մի օր աշխատակիցները եկան և տեսան, որ շենքի մուտքի դիմաց դագաղ է դրված։ Պարզվեց՝ քաղաքում սպանություն էր տեղի ունեցել և սպանվածի բարեկամները, պահանջելով արդարություն, բերել դագաղն այդտեղ էին տեղադրել։ Մեկ այլ առիթով, շենքի առջև տեղաշորեր հայտնվեցին. մարդիկ կրկին բողոքում էին։ Արդյունքում՝ այգին նորից փակվեց։ Այգին կրկին բացվեց 2018 թվականին, բայց այսօր այն կրկին փակ է։ «Ես կողմնակից եմ, որ այգին բացվի, և մարդիկ կարողանան վայելել այն, քանի որ, ի վերջո, այն ստեղծված չէ միայն մի խումբ պատգամավորների համար. այգին բոլորինն է,- ասում է Մարկ Գրիգորյանը,- բայց այստեղ մի հանգամանք կա։ Այգու բաց կամ փակ լինելը դարձել է կառավարության նկատմամբ վստահության մակարդակի ցուցանիշ։ Քանի վերաբերմունքը լավն է, այգին բաց է, երբ վերաբերմունքը վատանում է, այգին կրկին փակում է իր դռները»։ Մնում է միայն հուսալ, որ մոտ ապագայում այգին նորից կդառնա հանրային վայր, իսկ ԱԺ շենքը չի լինի այդքան հեռու։

Մարգարիտ Միրզոյան Մարկ Գրիգորյանի արխիվ, Արմենպրես


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Պատմություն

Նախախորհրդային Հայաստանի խորհրդավոր խորհուրդը ԵՐԵՎԱՆի խնդրանքով պատմաբան Տիգրան Զաքարյանն ուսումնասիրել է Առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքները և առանձնացրել ամենակարևորները՝ անդրադառնալով դրանց պատմական իրադարձությունների համատեքստում։

Հ

այաստանի պատմությամբ հետաքրքրվողները գիտեն, որ մինչև 1918 թվականը երկրում երբևէ գոյութուն չէր ունեցել ներկայացուցչական օրենսդիր մարմին։ Քչերը գիտեն, որ համահայաստանյան առաջին խորհրդարանը, որը գոյություն ունեցավ 1918-ի օգոստոսից մինչև 1919-ի մարտ ամիսը, կրում էր «Հայաստանի Խորհուրդ» անունը։ Խորհուրդը գոյացավ պատերազմական թոհուբոհի ժամանակ, երբ ընտրությունների մասին մտածելն անգամ ժամանակավրեպ կլիներ, և իր հիմքում ուներ Թիֆլիսում գործող Հայոց ազգային խորհուրդը (այստեղից էլ անունը), որի թվակազմը համալրվեց համամասնորեն կրկնակի ավելի նոր անդամներով, ինչպես նաև երկրում բնակվող մահմեդական համայնքի վեց, մեկական ռուս և եզդի ներկայացուցիչներով, ընդամենը՝ 46 պատգամավոր, որից 38-ը՝ հայեր: Խորհրդում ներկայացված էին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ 18 պատգամավորով, Հայ ժողովրդական կուսակցությունը, Սոցիալդեմոկրատները և Սոցիալիստ հեղափոխականներ (էսէռներ)՝ վեցական պատգամավորով, կային նաև երկու անկուսակցական պատգամավորներ: Ի դեպ՝ ժամանակից առաջ ընկնելով նշենք, որ ՀՅԴ մեծամասնություն չունեցող օրենսդիր մարմինը շատ արագ հակասություններ ունեցավ հենց այդ կուսակցությունը ներկայացնող կառավարության

34 35

#4(69) 2021

հետ՝ մասնավորապես արտաքին քաղաքականության ոլորտում և 1918-ի նոյեմբերի 4-ին վարչապետ Հովհաննես Քաջազնունուն հանձարարվեց ներկայացնել կառավարության նոր կազմ։ Հայաստանի Խորհրդի անդրանիկ նիստը տեղի ունեցավ 1918 թվականի օգոստոսի 1-ին, ամենատարեց պատգամավորի՝ Ավետիք Սահակյանի նախագահությամբ։ Արարողությանը ներկա էին ներկայացուցիչներ Գերմանիայից, Ավստրո-Հունգարիայից, Օսմանյան կայսրությունից, Պարսկաստանից, ինչպես նաև ռուս և մահմեդական ազգային խորհուրդների ներկայացուցիչները։ Մեզ է հասել Հայաստանի Խորհրդի հաստատած օրենքների ժողովածուն՝ հրատարակված 1919 թվականին Երևանում։ Դրանց մի մասն, ըստ էության, օրենք կարելի է համարել մեծ վերապահումով, քանզի մեր օրերում այդպիսի կարգադրություններ ընդունվում են կառավարության, որևէ նախարարության կամ այլ պետական օրգանի, բայց ոչ խորհրդարանի կողմից, օրինակ՝ գումարի միանվագ բացթողում այս կամ այն կոնկրետ նպատակներով, պետական աշխատողների աշխատավարձերի հավելում, որոշ դատապարտված անձանց պատժի մեղմում կամ ներում և այլն։ Ստորև ներկայացվում են որոշ օրենքներից հատվածներ՝ մեկնաբանություններով։


«Կռիվ» սովի և համաճարակի դեմ

Համաճարակները՝ մասնավորապես բծավոր տիֆի ու խոլերայի՝ մի կողմից, և սովը՝ մյուս կողմից, որը սկսվեց 1918-ի աշնանը և շարունակվեց մինչև 1919-ի գարնան վերջը, նորանկախ հանրապետության ամենամեծ ողբերգություններից էին։ 1918 թվականի աշնանից մինչև 1919-ի գարունը սովից և համաճարակների հետևանքով մահացավ մոտ 150,000 մարդ, որը, կախված ՀՀ սահմանների ձևակերպումից (իսկ դրանք շատ փոփոխական էին և հեղհեղուկ այդ շրջանում), կազմել է բնակչության ընդհուպ մինչև 20 տոկոսը։ Այն չշրջանցեց անգամ երկրի պետական-քաղաքական վերնախավին՝ գերեզման իջեցնելով 1918-ի մայիսյան գոյամարտի հերոս և պետական գործիչ Արամ Մանուկյանին, պետական վերահսկողի պաշտոնը զբաղեցնող Մինաս Բերբերյանին և այլոց։ Այս արհավիրքին զոհերի զգալի մասն անտուն և թշվառ վիճակում հայտնված գաղթականներն էին, որոնց թիվն ամբողջ Կովկասում կազմում էր մոտ 400,000 մարդ՝ մեծ մասամբ ծերեր, կանայք և երեխաներ։ Կառավարությունը փորձել է եղած սուղ միջոցներն ուղղել համաճարակի և սովի դեմ պայքարին՝ այդ թվում և սահմանելով պետական վերահսկողություն կարտոֆիլի (տեքստում գրված է արևմտահայ «գետնախնձոր» տարբերակով) վաճառքի ու գների վրա։

Տեղեկատվություն և տեղեկատվական անվտանգություն Պետական կառավարումն ու քաղաքացիական հասարակության ստեղծումը պահանջում են լուրջ և նուրբ աշխատանք տեղեկատվության հետ, մանավանդ՝ երբ խոսքը վերաբերում է նորանկախ, կայացման դեռ երկար ճանապարհ ունեցող և կիսապատերազմական դրության մեջ գտնվող երկրին։ Ըստ այդմ՝ նորանկախ Հայաստանի իշխանություններն արագ որոշում կայացրին Երևանում հիմնել ռադիոկայան (ի տարբերություն «ռադիոկայանի» մերօրյա ըմբռնման, սա պարզապես նշանակում է հեռագրատուն, որի հաղորդման միջոցը ոչ թե հեռագրալարն է, այլ ռադիոալիքները), ինչը կենսական անհրաժեշտություն էր, ըստ էության, շրջափակված վիճակում գտնվող երկրի համար։ Տեղեկատվության մատչելիությունը և դրանից օգտվելիս մամուլի իրավունքներն ու պարտականությունները սահմանելու առաջին փորձերն արվեցին Հայաստանի Խորհրդի կողմից, որի ընդունած օրենսդրական նորմերը միտված էին կանխելու տեղեկատվության անցանկալի արտահոսքերը (մի խնդիր, որն ակնառու է նաև Երրորդ հանրապետությունում)։


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Պատմություն

Բնակչությունից զինաթափումն ու ներքին խաղաղեցումը

Յուրաքանչյուր պետության կայացման պարտադիր պայման է օրինականության ապահովումը՝ անհրաժեշտության դեպքում հարկադրանքի միջոցներով, ինչպես նաև մասնավոր անձանց կողմից բռնության կանխումն ու պատժումը։ Այս ամենը շատ մեծ խնդիր էր նորանկախ Հայաստանի կառավարության համար։ Ներքին գործոց նախարար Արամ Մանուկյանը, 1918 թվականի օգոստոսի 23-ին ելույթ ունենալով Հայաստանի Խորհրդում, հայտարարեց, որ մասնավոր ձեռքերում կա զենքի «անսպառ պաշար»՝ 60-150,000 միավոր, ինչի կարիքն ուներ այդ ժամանակ բանակը։ Մանուկյանը նշում էր, որ եթե մի ժամանակ բնակչության զինումը կարող էր ունենալ ինքնապաշտպանական նշանակություն, ապա պետության կայացման պայմաններում այն «որևէ արժեք և օգնության չունի բանակի համար, ընդհակառակը, խանգարում է նրան»։ Մի քանի օր անց ընդունված օրենքը սահմանում էր, որ հատուկ իրավիճակներում ներքին գործոց նախարարի թույլտվությամբ որոշակի քանակության զենք կրել քաղաքացիական անձանց բացառապես ինքնապաշտպանության նպատակով։

Հայոց ֆինանսները Դիլիջանն են նախընտրում

Դիլիջանը, պարզվում է, Հայաստանի ֆինանսների համար գրավիչ վայր է եղել դեռևս մեկ դար առաջ, երբ նորաստեղծ հանրապետության խորհրդարանը 1918-ի սեպտեմբերին որոշում է կայացնում այնտեղ հիմնել անկախ Հայաստանի առաջին գանձարանը։ Բացի էսթետիկ նախասիրություններից, ընտրությունը Դիլիջանի վրա կանգնել է՝ ըստ ամենայնի հաշվի առնելով որոշման կայացման ժամանակ Հայաստանի դեյուրե տարածքը (իսկ այն ընդգրկում էր այսօրվա Հայաստանի մի մասը միայն՝ Երևանով, Արագածոտնի մի մասով, Կոտայքով, Սևանա լճի ավազանով և Տավուշով), որի մոտավորապես կենտրոնում էր գտնվում լեռնային դիրքով որոշ չափով պաշտպանված Դիլիջանը։

36 37

#4(69) 2021


Հանրային աշխատանք գաղթականներին

Ինչպես վերը նշվեց, նորանկախ Հայաստանը հեղեղված էր սոցիալական ծանր դրության մեջ գտնվող և սովահար գաղթականներով։ Հայաստանի՝ Խորհրդում ներկայացված կուսակցությունները, համարյա առանց բացառության, այս կամ այն չափով սոցիալիստական ուղղվածություն ունեին և բնական էր, որ այս իրավիճակում կառավարությունը վճռական միջոցներ ձեռք առավ այդ մարդկանց աշխատանքով և հետևաբար գոյության միջոցներով ապահովելու համար։ 1918-ի աշնանից կտրուկ միջոցներ ձեռնարկվեցին այդ ժամանակ Հայաստանում աճեցվող ռազմավարական հումքի՝ բամբակի պաշարների վրա պետական վերահսկողություն ապահովելու և եղած հումքի վերամշակմամբ զբաղվող արհեստանոցներ բացելու համար, որտեղ աշխատանք էին ստանալու անգործ մնացած գաղթականները։ Միաժամանակ նպաստ էր սահմանվում անաշխատունակ կամ աշխատանք փնտրող, բայց չգտնող գաղթականների համար՝ բացառելով առաջարկված աշխատանքից հրաժարվողներին նպաստի տրամադրումը։ Ըստ Խորհրդի՝ 1918 թվականի հոկտեմբերի 8-ին «Կարիքավոր գաղթականների համար ջուլհականոցներ բանալու մասին» օրենքին կից ներկայացված նախահաշվի՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատրաստվում էին ստեղծել ավելի քան 37,000 նոր աշխատատեղ՝ հիմնականում կանանց համար, ինչը զգալի թիվ էր։

Տոնից տոն Հայաստան՝ բոլորի համար

Հայաստանի Խորհուրդը երկրի ստեղծմանն ուղեկցող թոհուբոհի փոքր-ինչ մեղմումից հետո անցնում է պետականության ատրիբուտներից մեկի՝ տոնացույցի մշակմանը։ Հարկ է նշել, որ այդ ժամանակներում տոնը միայն փոքրամասնության համար կարող էր նշանակել ոչ աշխատանքային օր, քանի որ բնակչության ճնշող մեծամասնությունը գյուղացիներ էին, մի փոքր մասը նաև մենատնտես արհեստավորներ, որոնց աշխատանքային պայմանները որոշում էին իրենք։ Այս տոնացույցում գտնում ենք ոչ միայն հայկական եկեղեցական տոներ, այլ նաև ուղղափառների, ինչպես նաև մահմեդականների համար սահմանված տոն օրեր, ընդ որում՝ վերջիններիս դեպքում այդ քանակը ռեկորդային առատ էր՝ 15 օր։ Համապետական տոների մեջ կար նաև մայիսի 1-ը՝ իբրև աշխատավորների օր: Այնպես որ կարելի է ասել, որ այդ քաղաքացիական տոնը մեզանում նշվել է դեռ Խորհրդային Միությունից առաջ։ Տոն է համարվել նաև օգոստոսի 1-ը՝ Հայաստանի խորհրդի բացման օրը (սա կարելի է համեմատել այսօր հուլիսի 5-ին նշվող Սահմանադրության օրվա հետ), ինչպես նաև… «Ռուսական մեծ հեղափոխության» օրը։ Այս վերջինի տակ հասկացվել է ոչ թե մեզ ծանոթ 1917-ի նոյեմբերի 7-ի «հոկտեմբերյան» հեղափոխությունը Լենինի և Տրոցկու գլխավորությամբ, այլ նույն թվականի մարտի 12-ին հակացարական և խորհրդային պատմագրության մեջ «փետրվարյան» (այս ողջ խառնակության մեղավորը, իհարկե, ուղղափառ եկեղեցու ընդունած անկատար օրացույցն է, որն այդ թվականներին աշխարհում ընդունված Գրիգորյան օրացույցից հետ էր մնացել 13 օրով) կոչված հեղափոխությունը։ Դրանում որոշակի տրամաբանություն կար, մանավանդ որ դեռ մի քանի ամիս առաջ հայ քաղաքական վերնախավն ազգի ապագան կապում էր դեմոկրատական Ռուսաստանի հետ։

Տիգրան Զաքարյան


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Նորագույն պատմություն

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ 1990-1995.

Արամ Մանուկյանի հուշերը

38 39

#4(69) 2021

1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ, իսկ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 12-րդ գումարումը դարձավ ՀՀ առաջին գումարման ԳԽ և աշխատեց մինչև 1995 թվականը։ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանը նկարագրում է այդ տարիների ամենապատմական պահը՝ Անկախության հռչակագրի ընթերցումը և նշում այլ հիշարժան իրադարձություններ։


← Դրվագներ Գերագույն Խորհրդի աշխատանքից

↓ Վանո Սիրադեղյանը՝ նիստի ընդմիջման ժամանակ

Հաղթանակ՝ կոմունիստների խաղի կանոններով

Առաջին դեպքն էր, երբ միակուսակցական մենիշխանություն չէր տիրում Գերագույն խորհրդում։ Դա հաղթանակ էր, որն ուղիղ արդյունքն էր 1988-ի։ Շարժումն այնքան հզոր էր, այնքան սիրելի ու վստահելի, որ եկել էր այդ վստահությունը կապիտալիզացնելու պահը։ Բայց էնպես չէր, որ Կոմկուսն ու Սովետական Միությունը հանձնվել էին ու չէին պայքարում իրենց իշխանությունը պահելու համար։ Այնպես որ ընտրություններն էլ հանգիստ չեն անցել։ Շատ սուր պայքար էր, կոմունիստներն ունեին մեծ լծակներ, չէին զլանում պրովոկացիաներից։ Դա, իհարկե, դեռ վերջին տարիներից մեզ հայտնի միջոցներն ու լծակները չէին։ Պարզապես ամեն ինչ արվում էր նաև Կենտրոնից։ Սովետական Կենտրոնը շատ կոպիտ մեթոդներ էր կիրառում, ընդհուպ մինչև զինված բախումներ։ Կայարանի դեպքերը 1990 թվականի մայիսի վերջին, երբ քսանից ավելի մարդ զոհվեց. դրանից առաջ եղել էլ էր «Զվարթնոցի» դեպքը, նույնպես զինված։ Գումարած դրան ԿԳԲ-ն ու դատախազությունը շատ ակտիվ աշխատում էին։ Մեզ անընդհատ կանչում էին հարցաքննությունների՝ ազգամիջյան կոնֆլիկտների թեմայով։ 1990-ի ընտրությունները դեռ ամբողջությամբ սովետական կարգով ու խաղի կանոններով էին ընթանում։ Բայց, նույնիսկ այդ պայմաններում, մենք կարողացանք 10 մանդատ հատկացնել Ղարաբաղին, քանի որ գործում էր 1989-ի որոշումը, որով Ղարաբաղը Հայաստանի մասն էր. 5 տեղ էլ Երևանից տվեցինք Շարժման մասնակից ղարաբաղցիներին։ Ի դեպ, դեպուտատների թիվն այն ժամանակ 260 էր, երկու անգամ ավելի, քան այսօր։ Հետո աստիճանաբար փոքրացրեցինք թիվը։

Համերաշխ համագործակցություն

Դա հաղթանակ էր, բայց շատ փխրուն, քանի որ մեր մեծամասնությունը ջախջախիչ մեծ չէր։ Ու անգամ այդ լարված, սրված ընտրություններից հետո մենք ոչ թե գնացինք հակառակվելու ճանապարհով, այլ լայնորեն օգտագործեցինք ինչպես նախկին իշխանության, այնպես էլ բազմաթիվ արհեստավարժ անհատների ուժերը։ Մեր առաջին կառավարությունում կոմունիստներն ունեցել են բարձր պաշտոններ՝ մարզպետներ, նախարարներ, փոխնախագահ։

← Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը Գերագույն Խորհրդի նիստերի դահլիճում, 1991

ՇԱՐԺՈՒՄՆ ԱՅՆՔԱՆ ՀԶՈՐ ԷՐ, ԱՅՆՔԱՆ ՍԻՐԵԼԻ ՈՒ ՎՍՏԱՀԵԼԻ, ՈՐ ԵԿԵԼ ԷՐ ԱՅԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԸ Պատճառը շատ պարզ էր. եթե մենք դրան չգնայինք, կլիներ ներքին անկայունություն, գուցե և քաղաքացիական պատերազմ։ Միայն ներքին համերաշխության մթնոլորտում մենք կարող էինք հաղթել արդեն ընթացող պատերազմում, ժողովրդավարության կղզյակ դառնալ ու հաղթահարել երկրաշարժի վնասները։ Կոմիտեի բարձրագույն շնորհքն էր, որ մեզ դա հաջողվեց՝ ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, որտեղ եղան շատ լուրջ ներքին կոնֆլիկտներ։ Կոմունիստների առողջ մասն էլ իրենց հերթին իրոք լծվեց հայրենիքը կառուցելու գործին՝ սա համատեղ աշխատանք էր։ Փաստորեն, սա ոչ հայտարարված կոալիցիա էր:


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Նորագույն պատմություն

Օգոստոսի 23

Ամենահիշարժան օրը, իհարկե, օգոստոսի 23-ն էր։ Իհարկե, նախօրոք էի պատրաստվել՝ մի քանի օր առաջ գիտեի, որ ես եմ ելույթ ունենալու։ Տեր-Պետրոսյանի ու Վանո Սիրադեղյանի որոշումն էր։ Տրամաբանությունն Արամ Մանուկյանի հետ նույն անունն էր, ինչպես նաև՝ հաղթող ուժի ներկայացուցիչ, լավ տեսքով, առոգանությամբ խոսող։ Շատ էի լարված, քանի որ շատ կարևոր էր լավ մատուցումը։ Բայց նախատեսվածից շուտ կանչեց Տեր-Պետրոսյանը, ասաց, որ հենց հիմա էլ պետք է ելույթ ունենամ։ Ասացի, որ դեռ լավ չեմ պատրաստվել, շատ հանգիստ ասաց, որ ուրիշին կհանձնարարի։ Ասացի՝ հարց չկա։ Տասնհինգ րոպե տվեց, որ պատրաստվեմ։ Մելիք-Ադամյանի շենքի բուֆետում էինք։ Մատինյան Հովհաննեսն ասաց, որ 10 գրամ պիտի խմեմ՝ համարձակության համար։ Սթրեսը պետք էր մեջիցս հանել։ Խմեցի, մի հատ էլ կարդացի։ Ու բարձրացա նիստին։ Դա օգոստոսի 24-ին էր. նախորդ օրը հռչակագիրն ընդունվել և քվեարկվել էր: Ես պետք է ներկայացնեի նախորդ գիշերվա ընթացքում խմբագրված տարբերակը: Հաջորդն արդեն պատմություն դարձավ։ Էդ նույն տեքստը կարդացի նաև նույն օրը Ազատության հրապարակում, որտեղ ինքնաբուխ հավաք էր, առանց

ԱՄԵՆԱՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԸ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ն ԷՐ։ ԻՀԱՐԿԵ, ՆԱԽՕՐՈՔ ԷԻ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ՝ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՌԱՋ ԳԻՏԵԻ, ՈՐ ԵՍ ԵՄ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼՈՒ ↑ ՀՀ ԳԽ ձևավորվել է բացառապես մեծամասնական ընտրակագրով՝ 260 պատգամավոր, որոնցից մեկ տասնյակը՝ Արցախից

հայտարարելու։ «Էրեբունի» հյուրանոցում էի ապրում շրջաններից եկած մյուս պատգամավորների հետ, էնտեղից էլ վազելով եկա հրապարակ։ Ժողովուրդն այնքան մոտ էր կանգնած, որ հազիվ ճանապարհ բացելով հասա հարթակին ու նորից կարդացի հռչակագրի տեքստը։ Վանո Սիրադեղյանի աչքերը հուզմունքից թրջվել էին։ Հիշում եմ, որ այդ օրն ինքը հայտարարեց Ներման օր։ Ասաց, որ բոլոր նախկին հանցանքներն ու մեղքերը թողնում ենք անցյալում, իսկ Անկախ Հայաստանում ստեղծում ենք ներման ու հումանիզմի տարածություն… Շոգ էր, հագիս կարճաթև սպիտակ շապիկ էր, որը նվեր էր բերել բաջանաղս Ամերիկայից։ Ուրիշը չունեի։ Ասաց՝ գոնե շնորհքով շոր լինի հագդ։ Նույն շապիկով և՛ ԳԽ-ում էի, և՛ հրապարակում։ Ափսոս, որ հետո հեռուստատեսությունում կորավ ԳԽ-ում առաջին ելույթի տեսագրությունը՝ երեսուն տարի է՝ փնտրում եմ, իսկ հետո նաև մեքենայիցս գողացան նախագծի իմ օրինակը, որից ես էի կարդում ու որը մակագրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մի օր Լևոնը կատակով ասաց՝ «Հայաստանի ծննդականն ես կորցրել»։

Սեպտեմբերի 21

Անկախացումից հետո Սովետական Հայաստանի Գերագույն խորհրդի 12-րդ գումարումը վերածվեց անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին գումարման ԳԽ-ի։ Այդ ժամանակ արդեն ընտրել էինք մեր Խորհրդարանի նախագահին, ընդունել էինք հռչակագիրը, անցկացրել հանրաքվեն, Խորհրդային Միությունն արդեն չկար։ Իսկ վերջակետը դրվեց, երբ սեպտեմբերի 24-ին դահլիճում կախվեց Հայաստանի Հանրապետության դրոշը։

40 41

#4(69) 2021


← 1991-1992 թվականներին Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը՝ Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում

→ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը

Անկախության հռչակագիրը վերածնունդ էր, Հայաստանի Հանրապետության ծննդականն էր։ Եվ ո՞րն էր հզորությունն այդ հռչակագրի՝ դա պարզապես թուղթ չէր, այլ մտածված, ծրագրային, աշխատող փաստաթուղթ էր։ Իսկ ահա սեպտեմբերի 23-ի խորհուրդն ուրիշ էր, տարբերվում էր նրանով, որ ժողովրդի ամեն հասուն մարդ կամովի եկավ տեր կանգնելու իր նորաստեղծ պետությանը։ Երկրի ճակատագիրը որոշվել է ժողովրդի կողմից, բառացիորեն։ Դա հեղափոխություն էր մարդկանց հոգիների ու հոգեբանության մեջ։

կացվեց նախագահի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում։ Բաղրամյան 19-ը ավելի ուշ հանձնվեց Գերագույն խորհրդին։ Դե, կոմունիստները, մեղմ ասած, չէին շտապում հանձնել իրենց կենտկոմի շենքը։ Բայց, երբ որ հետո արդեն պետականացնում էինք կոմկուսի գույքն ու սեփականությունը, այդ ժամանակ արդեն կողմ քվեարկեցին։ Այդպիսի մթնոլորտ էր։

Տեղափոխություն Մելիք-Ադամյանից

Իմ կարծիքով՝ ավելի պատմական արժեք ունի ՄելիքԱդամյանի շենքը։ Ինձ համար, համենայն դեպս, այն տարիներն ավելի սիրված ու հիշարժան էին։ Հռչակագիրը, ի վերջո, այնտեղ կարդացվեց։ Օրվա հերոսն էի, անմոռանալի էր։ Դուրս եկա՝ սկսեցին ինձ բոլորը գրկել, համբուրել, հեռախոս ունենային՝ սելֆի կանեին։ Մի երկար բեղերով պապիկ էլ մոտեցավ, թե՝ «Արամ Մանուկյա՜ն, ես քո զինվորն եմ եղել, չես հիշու՞մ» (նկատի ուներ առաջին Արամ

Գերագույն խորհուրդը կիսապրոֆեսիոնալ էր։ Ես դարձա պրոֆեսիոնալ պատգամավոր, երբ ընդգրկվեցի 16 հանձնաժողովներից մեկում՝ Կրթության հանձնաժողովն էր։ Այդ ժամանակ պարզ դարձավ, որ Մելիք-Ադամյանի շենքում չկան բավարար քանակով աշխատասենյակներ։ Տեղափոխվեցինք Ամերիկյան համալսարանի շենքը, այն ժամանակ կոչվում էր Շահումյան պալատ, մի քանի սենյակ էլ հատ-

Սև դագաղը, նռնակով մարդն ու անպաշտպան շենքը


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Նորագույն պատմություն

Մայիսի 27. բախումները կայարանում 1990 թվականի մայիսի 27-ին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում, ապա ԵրևանՆուբարաշեն խճուղում զինված բախումներ տեղի ունեցան հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զինվորների միջև, որոնց հետևանքով զոհվեցին 27 ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ։ Խորհրդային 7-րդ բանակի հրամանատար Միխայիլ Սուրկովի հետ վարած բանակցությունների արդյունքում հաջողվեց համոզել, որ զորքերը ետ քաշվեն։ Խորհրդային բանակը դեռ մի քանի օր զրահատեխնիկայով շրջափակել էր Երևանի Ազատության հրապարակը։ Գերագույն խորհուրդ 1990-1995թթ. ՀՀ ԳԽ-ը ձևավորվել է բացառապես մեծամասնական ընտրակարգով՝ 260 պատգամավոր, որոնցից մեկ տասնյակը՝ Արցախից։ ՀՀ ԳԽ ընտրությունները կայացել են երկու փուլով՝ 1990 թվականի մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Գերագույն խորհուրդն իր աշխատանքները սկսեց 1990 թվականի հուլիսի 20-ից։ Խորհրդարանում ներկայացված էր երկու քաղաքական ուժ՝ Կոմունիստական կուսակցությունը և Հայոց համազգային շարժումը՝ ՀՀՇ-ն։ Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին խմբակցություններ՝ «Հանրապետություն» (38 պատգա-

42 43

#4(69) 2021

մավոր), «Արցախ» (11 պատգամավոր), «Լիբերալդեմոկրատներ» (10 պատգամավոր), «Ազգային առաջադիմություն» (10 պատգամավոր), ՀՅԴ (12 պատգամավոր)։ 1990 թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Մովսիսյանի հետ պայքարում ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն ՏերՊետրոսյանը։ Օգոստոսի 6-ին նախագահի առաջին տեղակալ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը (ՀՀՇ), իսկ տեղակալ՝ Գագիկ Հարությունյանը (ՀԿԿ)։ 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ՝ Գագիկ Հարությունյանը։ ՀՀ ԳԽ նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը, առաջին տեղակալ՝ Արա Սահակյանը։ ՀՀ ԳԽ-ն իր աշխատանքներն ավարտեց 1995 թվականի մայիսի 15-ին։ Այդ ընթացքում ընդունվել է 1169 որոշում և 185 օրենք, որոնցից 104-ը՝ «մայր», իսկ 81-ը՝ փոփոխություններ և լրացումներ էին գործող օրենքներում, ինչպես նաև վավերացվել է 148 միջազգային պայմանագիր։ Անկախության հռչակագիր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը,

ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն Սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ Հայաստանի Սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։ Մինչև նոր Սահմանադրության ընդունումը 1995-ին, հռչակագիրը ծառայել է իբրև ծրագրային փաստաթուղթ։


Մանուկյանին): Սուր և երկար բեղերով մի ուրիշ պապիկ էլ կար՝ Եղիշ Քեռին, որին թույլատրված էր ներկա լինել ԳԽ-ի բոլոր նիստերին. նրան մենք անվանում էինք «ժողովրդի ձայն»: Այդ շենքի բակում էր, որ 1991-ին Պարույր Հայրիկյանը սև դագաղ բերեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը համարում էր ողբերգություն։ Նաև ծանրագույն, բարդագույն օրեր ու գիշերներ ենք անցկացրել այնտեղ։ Քննարկումներ էին, որոնցից երկրի ապագան էր կախված։ Մի անգամ ռուսներն առաջարկել էին զորքեր մտցնել Վրաստան՝ մեր հացի ճանապարհն ապահովելու համար։ Բայց դա նշանակում էր սրել հարաբերությունները Վրաստանի հետ։ Հրաժարվեցինք մի քանի օր քննարկելուց հետո։ Ընդ որում, պառլամենտը պաշտպանված չէր, մեկ-երկու ոստիկան գուցե դրսում կանգնած լիներ, բայց իրական հսկողություն չկար։ Երբ 1990-ին եղան ընտրությունները, ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ Գերագույն խորհրդի պաշտպանությունը չի մտնում իր գերատեսչության գործառույթների մեջ։ Այսինքն, երկրում կար արդեն նոր օրինական իշխանություն, բայց հին համակարգը դեռ դիմադրում էր։ Մի անգամ էդպես մի զինված մարդ, նռնակը ձեռքին մտավ, կանգնեց ամբիոնին։ Ինչ-որ պահանջներ ուներ, ասում էր՝ կպայթացնեմ, եթե չկատարեք։ Փայլուն իրեն դրսևորեց Բաբկեն Արարքցյանը՝ խոսելով, հանգստացնելով մի կերպ դուրս հանեց մարդուն։ Բուֆետն էր շատ կարևոր տեղ զանազան զրույցների համար։ Մենյուն դասական սովետական էր՝ սուրճ, թեյ, հաց, երշիկ, հազվադեպ՝ ձվածեղ։ Բայց հաճախ չէինք կարող օգտվել, որովհետև աշխատավարձը շատ ցածր էր։ Ոչ մի արտոնություն երբեք չենք ունեցել։ Ամբողջ ընթացքում ավտոբուսով եմ գնացել-եկել, ընկերներս զարմանում էին։ Չխոսեմ Էրեբունի հյուրանոցի մկների մասին։ Երբ

ՊԱՌԼԱՄԵՆՏԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԷՐ, ՄԵԿ-ԵՐԿՈՒ ՈՍՏԻԿԱՆ ԳՈՒՑԵ ԴՐՍՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԼԻՆԵՐ, ԲԱՅՑ ԻՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ

հացի խնդիրը սկսվեց, առավոտ շուտ բոլորի պես գնում հերթ էի կանգնում՝ հարևաններս զարմանում էին, հետո երբեմն ոտքով Գ-3 թաղամասից գնում էի գործի։ Բաբկեն Արարքցյանը՝ Գերագույն խորհրդի նախագահը, իր «06»-ով էր գալիս աշխատանքի:

Ազգի սերուցքը

Ընդհանրապես, ազնվագույն մարդիկ էին հավաքված այդ ԳԽ-ում։ Վեց տասնյակ միայն ակադեմիկոս, դոկտոր և թեկնածուներ ունեինք։ Հրանտ Մաթևոսյանն էր մեզ հետ, Վարդգես Պետրոսյանը, Ռաֆայել Իշխանյանը, Կարեն Յուզբաշյանը, Ռաֆայել Պապայանը։ Ազգի սերուցքի հետ էինք աշխատում այնտեղ։ Նրանց հետ մի բաժակ կոնյակ խմելը մինչև կյանքի վերջ հիշելու ու հպարտանալու բան է։ Հրանտ Մաթևոսյանին ասում էինք՝ «Վարպետ, դու ուղղակի արի նստիր սեղանի գլխին, ոչ մի բան մի արա, ուղղակի որպես իմաստուն եղիր մեր կողքին»։ Գալիս էր, օգնում էր։ Ռաֆայել Իշխանյանից սովորեցի հայոց լեզվի մաքրության կարևորության մասին։ Հենց մոտենում էր ամբիոնին, դահլիճում ասում էին՝ «հայոց լեզվի դասը սկսվե՜ց»։ Հրաշալի ավանդույթ էր, որը ես պահեցի ԱԺ-ում մինչև 2017 թվականը, երբ խորհրդի կարգով փորձում էինք մաքրել պատգամավորների հայերենը, որ չասեն՝ «խոսքը վերաբերվում է» կամ «նախագան»։ Էդ մարդիկ իրենց էությամբ սերունդ են դաստիարակել, մեզ են դաստիարակել։ Հենց սրա համար էլ պնդում եմ, որ իդեալական Ազգային ժողովը պետք է հենց այսպիսին լինի: 1990-1995 թվականների Գերագույն խորհուրդն էտալոն է։ Այդ պատգամավորների մեջ ճնշող մասը եղել են մտավորականներ՝ գիտնականներ, բժիշկներ, մանկավարժներ, ֆիզիկոսներ, նկարիչներ, մաթեմատիկոսներ, որոնք հաջողված էին իրենց գործում։ Մեծագույն պրոֆեսիոնալներ էին իրենց գործի մեջ։ Ոչ ոք չէր եկել պառլամենտ իր անձնական շահերից ելնելով։ Եվ որևէ մեկը դուրս չեկավ իր խնդիրները լուծած։ Մարդիկ կային, որ նույն կոստյումով եկան առաջին նիստին, նույն կոստյումով դուրս եկան վերջին նիստից։ Չստացան ոչ մի պաշտոն, չկառուցեցին ոչ մի բիզնես։ Իհարկե, մի կարևոր նրբություն կա. մենք բոլորս պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ չէինք ու չէինք կարող լինել, որովհետև մինչ այդ պահը նման պառլամենտ Հայաստանում չի եղել։ Իսկ միայն կոմունիստական Գերագույն խորհուրդը մշտապես ուղղորդվել է Կոմկուսի ղեկավարների կողմից ու, ըստ էության, ձևական բնույթ էր կրում, այնպես որ կոմունիստներն էլ իրենց հերթին չունեին այսօրվա իմաստով մեր հասկացած փորձը։ Այստեղ ավելի կարևոր էին քաղաքացիական պատասխանատվությունն ու բարոյականությունը։ Ու միջավայրն այնպիսին էր, որ հնարավոր չէր այդ մարդկանց մեջ քեզ սխալ դրսևորել։

Հռչակագրից մինչև Սահմանադրություն

Մեր գումարումը սկսեցինք Անկախության հռչակագրով, իսկ ավարտեցինք 1995-ին՝ Սահմանադրության հաստատմամբ։ Այդ երկու պատմական, շրջադարձային որոշումների միջև էլի բազում կարևոր բաներ եղան։ Բայց, քանի որ ես սիմվոլիստ եմ, ապա ինձ համար ամենահիշարժանն էին դրոշի, հիմնի փոփոխությունները, Սահմանադրությունում մի քանի շատ կարևոր, ազատական որոշումների մշակումը։ Ընդհանրապես, ազատականության բոլոր պատմական ռեֆորմները ես համարում եմ լրջագույն։ Եվ բոլորն իրականացվեցին։ Դա չի նշանակում, որ թերություններ չեղան, բայց դա էլ անխուսափելի էր։ Թող մեծամտություն չլինի, բայց այդ տարիների մեր աշխատանքի մեջ ոչինչ չէի փոխի, ոչնչի համար չեմ փոշմանի։ Պատմական, գլոբալ առումով սա մեր երկրի, մեր պատմության լավագույն հինգ տարիներն էին, գումարած շարժման երկու տարիները, որոնք պատրաստեցին, սկիզբ դրեցին Անկախությանը։ Ափսոսելու տեղ չունենք։

Արտավազդ Եղիազարյան Արմենպրես


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Այնտեղ

Միջազգային ժողով Համաշխարհային պառլամենտարիզմն ունի հարուստ պատմություն, այսօր դժվար կլինի գտնել պետություն, որտեղ չկա սեփական ազգային ժողովը։ Որոշ դեպքերում շենքերը, որտեղ հավաքվում են պետության երեսփոխանները, դառնում են իրենց մայրաքաղաքների խորհրդանիշներից մեկը, ինչպես մեր Մարկ Գրիգորյանի շենքը Երևանում։ Ուսումնասիրում ենք մի քանի հետաքրքրաշարժ նմուշ՝ Լոնդոնից մինչև Բանգլադեշ։

Պառլամենտական տուն | Էդինբուրգ, Շոտլանդիա

Մի քանի տարի առաջ Շոտլանդիան վերջապես կարող էր անկախանալ Միացյալ Թագավորությունից, բայց միանգամայն խաղաղ հանրաքվեի արդյունքում Վիլյամ Վոլասի հետնորդները որոշեցին ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։ Այդուհանդերձ, Շոտլանդիան արդեն վաղուց ունի ոչ միայն սեփական ֆուտբոլի հավաքականը, այլև պառլամենտը։ Այն հավաքվում է 2004 թվականին կառուցված շենքում, որը նախագծել է իսպանացի Էնրիկ Միրալյեսը։ Չնայած հանրային դժգոհություններին (կառույցը չափազանց մոտ է պատմական կենտրոնին, այն ավարտվել է նախատեսվածից երեք տարի ավելի ուշ և արժեցել 400 միլիոն ֆունտ՝ նախատեսված 40-ի փոխարեն)՝ շենքը մեծ հետաքրքրություն առաջացրեց բացվելուց ի վեր. այնտեղ առաջին վեց ամիսներին այցելել է ավելի քան 250 հազար մարդ։ 2005-ին շոտլանդական ամսագրերից մեկը պառլամենտի տունը ներառել է Շոտլանդիայի լավագույն նոր կառույցների ցանկի մեջ, թեպետ միանշանակ կոնսենսուս դրա շուրջ առայժմ չկա։

44 45

#4(69) 2021


Պառլամենտի պալատ | Բուխարեստ, Ռումինիա

Ռումինացի դիկտատոր Նիկոլաե Չաուշեսկուն այնքան մեծ հետք է թողել երկրի հիշողության մեջ, որ նրա գործունեության արդյունքները դեռ երկար չեն մոռացվի։ Չաուշեսկուի հսկայամոլության ամենատեսանելի արտահայտումը Պառլամենտի պալատն է, որը սկսեց կառուցվել Բուխարեստի կենտրոնում 1984-ին (աչքով ենք անում Օրուելին), բայց ավարտուն տեսք ստացավ բռնապետի մահից տարիներ անց։ Պալատի բարձրությունը հասնում է 84 մետրի, ընդհանուր մակերեսը 365 հազար քառակուսի մետր է, իսկ քաշը՝ 4 միլիոն տոննա. սա ոչ միայն աշխարհի ամենածանր կառույցն է, այլև ամենաթանկարժեք ադմինիստրատիվ շենքը։ Ընդհանուր առմամբ այն ժամանակ կիսաչքավոր Ռումինիան ծախսել է շենքի վրա 4 միլիարդ եվրոյին համարժեք գումար, իսկ կոմունալ ծախսերը տարվա կտրվածքով հասնում են վեց միլիոն եվրոյի։ Այդ ահռելի ծախսերը մասամբ փոխհատուցվում են տուրիստների շնորհիվ. քսան դոլար վճարելով այժմ ամեն ցանկացող կարող է զբոսնել շենքի ներսում։

Վեսմինսթերյան պալատ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Եվրոպական պառլամենտարիզմի խորհրդանիշը՝ «Պառլամենտների մայրը», թերևս աշխարհի ամենահայտնի կառավարական շենքերից մեկն է։ Պալատում տեղակայվում են բրիտանական պառլամենտի երկու թևերը՝ Լորդերի պալատը և Համայնքների պալատը։ Դրանց նախատիպը՝ Անգլիայի պառլամենտը, ստեղծվել էր դեռ 13-րդ դարում։ Իսկ Վեսմինսթերյան պալատի առաջին տարբերակը կառուցվել էր Թեմզայի ափին շուրջ հազար տարի առաջ։ Հենց այդ հին տարբերակում էր Գայ Ֆոքսը պատրաստվում կատարել Միջնադարի ամենաամբիցիոզ ահաբեկչություններից մեկը՝ պայթեցնել Լորդերի պալատը։ Մեզ հիմա հայտնի շենքը կառուցվել է 19-րդ դարում, այն բանից հետո, երբ նախորդը փլուզվեց 1834 թվականի մեծ հրդեհից հետո (այս անգամ առանց Ֆոքսի միջամտության)։ Եվ սա, հավանաբար, աշխարհի միակ խորհրդարանական կառույցն է, որի մոդելը կարելի է պատրաստել լեգոներով։ Իր հերթին պալատից անկախ իր կյանքով է ապրում բրիտանական ամենահայտնի սիմվոլներից մեկը՝ Բիգ Բեն աշտարակը։


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Այնտեղ

Ռայխսթագ | Բեռլին, Գերմանիա

1945-ին այս շենքի պատերի տակ հայ զինվորները քոչարի էին պարում, իսկ այսօր Ռայխսթագն ամենանշանավոր պառլամենտական շենքերից մեկն է աշխարհում։ Այն կառուցվել է դեռ 1890-ականներին՝ Գերմանիայի միավորումից մոտ երկու տասնամյակ անց։ Հետո եղել է Վեյմարյան հանրապետության ու Երրորդ ռեյխի պառլամենտների հավաքատեղին։ 1933-ին Ռայխսթագում բռնկված հրդեհը նորանշանակ կանցլեր Ադոլֆ Հիտլերի կողմից օգտագործվեց կոմունիստների դեմ ռեպրեսիաներ սկսելու համար։ Իսկ Երկրորդ համաշխարհայինից հետո շենքն այնքան վնասված էր, որ մի քանի տասնամյակ լքված էր, իսկ երկու գերմանական պետությունների պառլամենտներն իրենց համար այլ շենքեր էին գտել։ Ռայխսթագի մասին նորից հիշեցին Գերմանիայի միավորումից հետո։ Այն վերակառուցվեց բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերի նախագծով (որի այցեքարտն ապակե գմբեթն է) և 1999-ից նորից հյուրընկալեց Բունդեսթագը։

Ազգային պառլամենտի տուն | Դաքքա, Բանգլադեշ

Աշխարհի խոշորագույն ադմինիստրատիվ կառույցներից մեկը և հաստատ ամենայուրահատուկ ճարտարապետություն ունեցողը՝ ամերիկացի Լուիս Քանի նախագծած շենքը, սկսել էին կառուցել դեռ Պակիստանի Հանրապետության պատվերով։ Բանգլադեշի անկախացումից հետո համալիրը դարձավ նորաթուխ պետության պառլամենտի տունը։ Համալիրի մեջ ներառված ինն առանձին կառույցները տեղակայված են հատուկ ստեղծված արհեստական լճի վրա։ Դրանցից ութը շրջապատում են գլխավորը՝ ութանկյուն շինությունը, որում գտնվում է ժողովների դահլիճը։ Հարթ բետոնե պատերը, պարզ երկրաչափական ձևերն ու լույսի և ստվերի ակտիվ ներառումը դարձնում են շենքն անկրկնելի ճարտարապետական նմուշ։ Համալիրը ոչ ամբողջությամբ, բայց հասանելի է զբոսաշրջիկների համար (եթե, իհարկե, ճակատագիրը ճամփորդներին ինչ-որ պատճառով հասցնի այդտեղ):

46 47

#4(69) 2021


Պառլամենտի տուն | Ստոկհոլմ, Շվեդիա

Շվեդական պառլամենտարիզմի սկիզբը դրվել է դեռ 15-րդ դարում, սակայն ժամանակակից ձևաչափով խորհրդարանը ձևավորվել 19-րդ դարում։ Շենքը, որտեղ այսօր տեղակայված է խորհրդարանը, բացվել է 1905 թվականին Հելգենդսհոլմեն կղզում և համատեղում է նեոկլասիցիզմի ու բարոկկոյի ոճերը։ Համալիրում բացի խորհրդարանից տեղակայված է եղել նաև Շվեդիայի ազգային բանկը, որը հետագայում տեղափոխվել է այլ շենք։ Պառլամենտի տունը բաց է այցելուների համար. կարելի է շրջել շենքում, մասնակցել հանրային լսումներին, ինչպես նաև օգտվել դեռ 1851-ին ստեղծված գրադարանից, որը մասնագիտացած է հասարակական գիտությունների և իրավունքի ոլորտներում։

Ազգային տուն | Բուդապեշտ, Հունգարիա

1904-ին Դանուբի ափին բացված փառահեղ նեո-գոթական շենքն այդ ժամանակ խոշորագույնն էր Բուդապեշտում։ Դրա կառուցումը տևեց գրեթե երկու տասնամյակ, իսկ բանվորների թիվը հասել է 100 հազարի։ Ճարտարապետ Իմրե Շտայնդլի գաղափարի համաձայն՝ շինարարության մեջ նպատակային օգտագործվել են տեղական նյութեր և տեղացի վարպետներ։ Իր ժամանակ շենքը հայտնի էր նաև օդափոխության և ջեռուցման գերժամանակակից համակարգով, որը գրեթե անփոփոխ աշխատում է մինչ օրս։ Բայց Ավստրո-Հունգարական կայսրությունն այլևս չկա, և ժամանակակից համեստ Հունգարիայի պառլամենտն օգտագործում է շենքի մի փոքր մասը միայն։ Իսկ զբոսաշրջիկների համար գլխավոր հարստությունը (եթե չհաշվենք շենքն ինքնին) Հունգարիայի սրբազան թագն է՝ հունգարական նախկին թագավորության խորհրդանիշը, որը պատկերված է նաև երկրի զինանշանի վրա։

Ժողովրդական մեծ դահլիճ | Պեկին, Չինաստան

Ինչպես սովորաբար պատահում է կոմունիստական երկրներում, այս շենքը կառուցվել էր պոլիտբյուրոյի հրահանգով՝ Չինաստանի ժողովրդական հանրապետության տասնամյակի կապակցությամբ՝ ի նշան երկրի մեծ առաջընթացի: 1959-ին բացված դահլիճը կառուցվեց ընդամենը 10 ամսում. 7785 բանվորներն այն ժամանակ արդեն ցուցաբերեցին կազմակերպվածության անհավանական մակարդակ, որի շնորհիվ Չինաստանը հիմա աշխարհի հզորագույն պետություններից մեկն է դարձել։ Քանի որ Չինաստանը մինչ օրս ունի միայն մեկ կուսակցություն, դահլիճը, փաստացի, իշխող Կոմկուսի հավաքատեղին է, ինչպես նաև կառավարության նստավայրը։ Ժողովրդական մեծ դահլիճում են նաև սովորաբար տեղի ունենում բարձրաստիճան ղեկավարների հրաժեշտի արարողությունները (օրինակ՝ Դեն Սյաոպինինը 1997 թվականին)։ Շենքի գլխավոր դահլիճը պարբերաբար բացվում է այցելուների համար, հազվադեպ այնտեղ տեղի են ունենում նույնիսկ համերգներ։ 2003 թվականին այնտեղ ելույթ էր ունեցել հռչակավոր իռլանդական Riverdance համույթը։

Արեգ Դավթյան


ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Կադրերի բաժին

Առաջին կին պատգամավորները՝ Առաջին հանրապետության խորհրդարանում, 1918-19թթ. Հայաստանի կանայք ընտրելու և ընտրվելու իրավունք ստացել են 1919 թվականին, երբ Եվրոպայի շատ երկրներում կանայք դեռ պայքարում էին ու դեռ մի քանի տասնամյակ էլ պայքարեցին այդ իրավունքի համար: Բացի այդ, 1919-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրված 80 պատգամավորից 3-ը կին էին:

Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը (1886-1940) նախնական կրթություն ստացել է Բուլղարիայի Ֆիլիպպե (Պլովդիվ) քաղաքում: Ամուսնացել է հեղափոխական և ֆիդայական շարժման հայտնի գործիչ Սարգիս Բարսեղյանի հետ, որին ձերբակալել ու սպանել են 1915-ին: 1918-ին՝ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, Պերճուհին տեղափոխվեց Երևան, ընտրվեց խորհրդարանի անդամ: Օրենսդիր մարմնում ծավալած գործունեությունից զատ Պարտիզպանյանը նաև գրում էր պատմվածքներ, որոնք թարգմանվել են ֆրանսերեն և անգլերեն (ամենահայտնի գործերն են «Արփիկը» և «Օղակ մը շղթայես» պատմվածքները):

Կատարինե Զալյան-Մանուկյանը (ծնվելու տարեթիվն անհայտ է, մահացել է 1965 թ.) բժշկուհի էր՝ իր կյանքը նվիրաբերած Ցեղասպանությունից հետո հայ որբերի ու գաղթականների օգնության գործին: 1917-ին նա ամուսնացավ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից ամենավառ կերպարի՝ Արամ Մանուկյանի հետ: Կատարինեն ստանձնեց ոչ միայն նրա կնոջ դերը, այլև երկրի առաջին ատյանում՝ օրենսդիր մարմնում, ներգրավվեց Բժշկասանիտարական հանձնաժողովի կազմում՝ շարունակելով լուծել գաղթականների խնդիրները: Հայաստանի խորհրդայնացումից ու ամուսնու մահից հետո մանկահասակ դստեր հետ նա մեկնեց Կրասնոդար՝ Արամի ազգականների մոտ: Սակայն շատ չանցած՝ 1927-ին, Կատարինեն վերադարձավ Երևան և կրկին զբաղվեց բժշկությամբ ու սոցաշխատանքով:

Վարվառե Ռոտինյան-Սահակյանը (ծնվելու տարեթիվն անհայտ է, մահացել է 1934 թ.) Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի կինն էր։ Նրա օրենսդիր գործունեության մասին փաստերը քիչ են, հայտնի է, որ զբաղվել է Ցեղասպանության արդյունքում գաղթականների ու անօթևանների հարցերով: Սակայն նրա կյանքը նույնպես բավական ծանր ու կորուստներով լի էր. մահացել է զավակը, այնուհետև Հայաստանի խորհրդայնացումից հետո բանտարկվել ամուսինը: Փետրվարյան դեպքերի ժամանակ ընտանիքով գաղթել են Թավրիզ: 6 տարի հետո տեղափոխվել են Հարավային Իրան, հետագայում՝ Իրաք, ապա՝ Լիբանան: Այդ ընթացքում նա շարունակել է հայկական տարբեր համայնքներում աշխատել օգնության կենտրոններում: Բեյրութում մասնակցել է Օգնության խաչ կազմակերպության աշխատանքներին:

48

#4(69) 2021


evnmag.com

կարդացեք առցանց



Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.