Artavazd

Page 1

Անուշ Ասլիբեկյան

Արտավազդ

Նա վերջին անգամ մեր տանը հայտնվեց մորս ութսուն ամյակին, ինչպես միշտ` առանց հրավերի: Բոլորին անակնկալ կերպով ներկայացավ. «Արտավազդ, իզվեստնիյ վ կրուգախ Ռասիսկոյ բիզնես ի պոլիտիչեսկոյ էլիտի, պալիտոլոգ էկոնոմիստ: Դավերեննոյե լիցո դեպուտատա իզ Նիժնեվո Տագիլա Վասկին Իվան Պետրովիչա, ի նակոնեց տո` դոկտոր էկոնոմիչեսկիխ նաուկ: Պաչոտնիյ պենսիոներ Ռասիսկոյ Ֆեդերացիի»: Իրարանցման մեջ ոչ ոք ոչինչ չհասկացավ նրա ասածից, բայց նա իրեն hատուկ զվարթ, անհոգ թեթևությամբ անցավ խոհանոց` բերած ձկները եփելու: Մայրս նույնիսկ չփորձեց բացատրել, որ այդ երկու ձուկը քսանից ավելի հյուրերից և ոչ ոքի չի բավականացնի, և որ սեղանը գերծանրաբեռնված է տեսակ-տեսակ ուտեստներով: Արտավազդն էլ չընկճվեց, ինչպես միշտ` վստահ էր իր նախաձեռնություններում: Շուտով նաև ինքն իրեն թամադա կարգեց սեղանին: Ինքնակոչ թամադան բարձրացրեց գինու առաջին բաժակն ու սկսեց. «Կենացդ, մայա դորագայա Նինա Վագանովնա: Դուք առաջվա պես երիտասարդ եք ու շլացուցիչ: Երբեք չեմ կարող մոռանալ մեր հիասքանչ երիտասարդությունը, ինչ օրե¯ր էին, բայց ամենամեծ պարգևն այս գեղեցկուհին է, որ մայրիկին չի զիջում իր հմայքով, թեև դեռ շատ ճանապարհ պիտի անցնի նրան իսկապես հասնելու համար...»: Հյուրերը վերջապես ամեն ինչ հասկացան, անչափ հետաքրքիր էր այսքան տարի անմատչելի եղած մորս կյանքի անցյալից պատառիկներ որսալը: Մայրս չէր էլ թաքցրել, պարզապես մոռացել էինք, անտեսել, ջնջել հիշողությունից` կարծես թե չի էլ եղել նման բան: Զարմանալի հատկություն ուներ Արտավազդը, նա կարողանում էր իրականությունը հարմարեցնել իրեն` միշտ ծովը ծնկներից էր, լայն ժպիտը շուրթի անկյունում պատրաստ պահած` սպասում էր հարմար առիթիֈ Շփվում էր հարևանցի` անգամ այն մարդկանց հետ, ովքեր թույլ չէին տալիս, բայց շատ լավ գիտեր յուրաքանչյուրի տեղն ու դերը: Պարզապես այդպիսին էր Արտավազդը: Ամեն անգամ, երբ նա հայտնվեր մեր տանն ասես ոչ մի տեղից` պատահական, երջանիկ, առույգ, ես տխրում էի: Հացը կորցնում էր համը, ու ոչ մի կերակուր բերկրանք չէր պատճառումֈ Իսկ նա սիրում էր շուկա արած հայտնվել, ինքն էլ կանգնում էր խոհանոցում` իմ ու մայրիկի խոհանոցում, և երգելով, լայնաժպիտ պատրաստում էր իր սիրած ուտեստը` ձուկ կարագով: Ընթացքում անդադար խոսում էր, բացատրում էր, թե ինչու է իր պատրաստածն ամենահամեղն աշխարհում. դա ծնողական էներգետիկա է կոչվում: Պարզվում է, որ դա ինձ էլ կփոխանցվի, երբ մայր դառնամ: Մենք, քաղաքավարությանը զոհ, նստում էինք սեղան, ուտում անարձագանք: Բայց նա… Նա իրադարձություն էր սիրում, չէ՞որ. ‘’Արտավազդ պրիշոլ, ի րիբկու պրինյոս դլյա վաս’’: Նա այնքան էր այդ մասին շեշտում իր հայկական առոգանությամբ ռուսերենով, որ ստիպված լինեինք գովել նրա խոհարարական տաղանդը:


Իսկ մեզանից մի կերպ կորզած զուսպ արտահայտություններն ընդունում էր գերագույն հաճույքով, ասես` մենք ի սրտե ու ինքնաբուխ ասացինք այդ ամենըֈ Նա անգամ չէր նկատում, որ ես ձուկը չեմ համտեսել: Ահա այսպիսին էր Արտավազդը: Անասելի գլուխգովան էր Արտավազդը: Նրան առիթ պետք չէր պատմելու իր ընտանիքի մասին, ասելու, թե որքան տաղանդավոր ու անկրկնելի են իր երկու զավակները: Հետ՞ո ինչ, որ որևէ մեկին այդ պատմությունները չէին հուզում: Նա դեմքի այնպիսի արտահայտություն էր հագնում, իբրև ես ու մայրիկը պարզապես այրվում ենք իր երեխաների մասին լսելու տենդից: Հայրս: Նա զվարճաբան էր ու պերճախոս, երևի գրավիչ տղամարդ է եղել, երբ երիտասարդ էր ու երբ առինքնեց միամիտ մորս, ով վերջին շավիղն էր ազնվական մի հին տոհմի: Ամեն ինչի հասնելու պատրաստ գավառացուն հատուկ ճարպկությամբ բարձրագույն կրթություն էր ստացել, սովորել էր հաճոյախոսություններ շաղ տալ, ռոմանտիկ երգել ձայնի սրտառուչ ելևէջներով: Բայց ոչ մի բուհում ու ոչ մի միջավայրում նրան չէին սովորեցրել չստել ու էլի շատ ու շատ կարևոր բաներ, որոնք վայել չեն ազնիվ մարդուն, հորը: Տանգոյի դասեր էլ էր անցել ու մի անգամ՝ մոմի ճոճվող լույսի ներքո, մորս փխրուն մարմինը իր` սպասվող նոր հաջողությունների մեծ հեռանկարի պատկերացումից բաբախող սրտին սեղմած, այնպես էր պարել ականջին խենթացնող քնքշանքներ շշնջալով, որ... երևի: Մայրս վստահող էր, բայց խորունկ, մարդկանց հավատալու բացառիկ հատկությամբ էր օժտված: Ժամանակին հասկացավ այդ դատարկաբանի խաղը: Հիշեց` որքան չէր վստահում ճարպիկ ու չափից ավելի սիրալիր երևալ ձգտող այդ երիտասարդին իր մայրը` իշխանուհի տատս: Տատս, սովետական Հայաստանի առաջին կին երկրաբանը, իր ուսումնասիրած ապարների պես կարծր բնավորություն ուներ, իսկական գեներալ: Մարդկանց ճանաչում էր առաջին հայացքից ու միանգամից մորս ասել էր` ոչ, Աննա, նա քեզ զույգ չէ: Մայրս չէր հավատացել տատիս` ապարդյուն: Կարճ տևեց արկածը, վերադարձել էր մոր տուն` ինձ գրկած, քանի դեռ հիասթափությունը արհավիրքի չէր վերաճել: Թվաց` ամեն ինչ ավարտված է, բոլորը հանգստացանֈ Մայրս ու տատս՝ Նինա Վահանովնան, մեծ գորովանքով մեծացնում էին ինձ. նրանք և' հայր էին, և' մայր էին ինձ համարֈ Տատիս՝ այդ տիրական ու հզոր կնոջը, աղոտ եմ հիշում, նա շուտ վախճանվեց` միայնակ թողնելով կանանց երկու փխրուն ու ազնիվ սերունդ, որոնցից և ոչ մեկը չէր ժառանգել իր բնավորության տոկունությունը: Միայն տատիս մահից հետո Արտավազդը համարձակվեց հայտնվել մեր տանը` ասես ոչինչ չէր եղել: Հպարտացավ ինձնով. «Ինչպես է երևում, որ սիրո պտուղ է»,- ասաց: Մայրս առանց ապրումների ու անտարբեր բացատրեց նրան, որ աշակերտներ ունի, պետք է պարապի նրանց հետ, ուստի լավ կլինի, որ Արտավազդը հեռանա: Բայց Արտավազդը պնդեց, որ չի կարող գնալ, քանի որ երեխայի համար համեղ պատառիկ պիտի պատրաստիֈ Դա մեր առաջին գիտակցական առերեսումն էր, ու ես այնքան էլ լավ չհասկացա, թե ով էր անծանոթ տղամարդը, բայց մի տեսակ հիասթափություն ապրեցի` անսպասելի էր, որ մեր տուն եկողը ինձ կոնֆետ, փուչիկ, կամ խաղալիք բերելու փոխարեն ձուկ էր պատրաստում ինձ համար, իսկ ես ձուկ չէի սիրում:


Այդ դեպքից հետո այլևս նա չեկավ, ու ես հասցրի մոռանալ նրանֈ Հաճախում էի դպրոց, երաժշտության դասերի, մարդամոտ էի, հետաքրքրասեր ու իրադարձությունները սպունգի պես ընկալելու հատկություն ունեի: Ամեն ինչ թղթին էի հանձնում ու համոզված էի, որ գրող եմ դառնալու: Մանկավարժ մայրս` Աննա Հրանտովնան, հասկանում էր ինձ առանց խոսքերի, կարդում էր գրվածքներս, գոհանում ու վստա՛հ էր, որ գրող եմ դառնալու: Անծանոթ տղամարդու մասին երբեք չէինք խոսում, բայց տարիներ անց որքան մեծ եղավ զարմանքս, երբ դուռը թակեցին, բացեցի ու դռնից այն կողմ ճանաչեցի մանկությանս անկոչ հյուրին: Ես նրան ճանաչեցի իր առույգ ժպիտից, որ առաջացել էր ոչ թե ինձ, կամ մորս տեսնելու բերկրանքից, այլ ինքնստինքյան, անկեղծ ինքնահիացումի արդյունքում: Մնացած ամեն ինչն էլ ընթացավ նույն սցենարով: Ինձ էլ հերթը հասավ` խելացի բալիկ ես երևում, հապա ինչպե՞ս, չէ՞որ գենը հզոր բան է, արյունը ջուր չի դառնում, իսկ դու այնպիսի հայր ունես` կանդիդատ էկոնոմիչեսկիխ նաուկֈ Որպեսզի մենախոսությունը չկախվի օդում՝ սկսեց պատմել իր ընտանիքից, իր հրաշալի երեխաներից: Պորտֆելից, որ միշտ իր հետ էր ու նրան, իբր, գործնական մարդու տեսք էր տալիս, հանեց նրանց լուսանկարներն ու սկսեց ինքնահիացման նոր փուլ: Հետո նայեց նկարից ինձ նայող սևուկ, հաստ, կարճլիկ աղջնակին, ապա ինձ ու ասաց. «Մարինես ու դու այնքան նման եք, ասես ձեզ մի մեր է ծնել»: Ես աստիճանաբար սկսում էի հասկանալ` ինչու մայրս մինչև այդ գերադասել էր չխոսել հորս գոյության մասինֈ Արտավազդը դարձյալ խորասուզվեց պորտֆելի մեջ, մի թերթ հանեց հպարտությունից շողալով ու մորս ուղղեց. «Տեսնու՞մ եք, սիրելի Աննա, «Վոլոգոդսկայա պրավդան» է, իմ հոդվածն են այնտեղ տպագրել` հայկական կոնյակի մասին է»: Մայրս աչքի անցկացրեց, շնորհավորեց ու շարունակեց խմել թեյը: Արտավազդը մի լավ շաղակրատելուց հետո նայեց ժամացույցին, մի պահ լռեց, հետո ինքն իրեն գոհացավ, կարծես թե բոլոր պլաններն իրագործել էր: «Ես պետք է հեռանամ,- մտահոգ ասաց, իբր մենք նրան արգելել էին դա անել,- չտխրե'ք իմ բացակայությունից, շուտով կգամֈ Ինչի՞ կարիք ունես, բալիկս, հայրիկն անսահման հնարավորություններ ունի Մոսկվայում, միայն դու մի բան ուզի, գետնի տակից էլ լինի, կհասցնեմ»: Ասացի, որ Կարավաջոյի րեպրոդուկցիաների ալբոմը կուզեի, ասում են` Մոսկվայում հրատարակել են՝ եթե դժվար չէ իհարկե՝ավելացրի: Արտավազդը ծիծաղեց. «Մի կարգին բան ուզեիր, եղածն ի՞նչ է, շուտով կունենաս»¦: Դուռը փակելուց հետո ես ու մայրս մի քանի վայրկյան նայեցինք իրար աչքերի, անձայն զրուցեցինք ու ինչպես միշտ` անխոս հասկացանք իրար: Այսպես կյանքն իր սովորական հունով ընթանում էր՝ մայրս սերունդներ էր կրթում, ես լողում էի գրքերի հեղեղի անդառնալի հորձանուտներում: Արտավազդը, իհարկե, և փառք Աստծո, շուտ չհայտնվեց: Նա, առհասարակ, գալիս էր հազվադեպ, մի քանի տարին մեկ անգամ, երբ ես բոլորովին մոռացած էի լինում նրա գոյության մասին, ինքն էլ` իր խոստումների մասին, բնականաբար: Բայց տարիքը չէր փոխում նրան, նրա մեծախոսությունից գրամ իսկ չէր պակասում, մորս լուռ արհամարհանքից ևս, միայն իմ անտարբերությունն ու զարմանքն էին գնալով աճում` ի՞նչ է ուզում մեզանից: Եվ մեկ էլ համերի ավանդական դարձած կորուստը: Ամեն անգամ նրա հեռանալուց հետո միանգամից մոռանում էինք այդ այցելության մասին, ի տարբերություն նրա` մենք կյանքն ընկալելու նրբին զգայարաններ ունեինք: Ինչ լավ է, որ անակնկալները միայն տհաճ չեն լինում: Արտավազդի նախավերջին այցելությունից առաջ բախտն ինձ ժպտաց, տպագրվեց իմ առաջին գիրքը` պատմվածքներ և մեկ պիես, որի հաջողությունն այնքան մեծ եղավ, որ թարգմանվեց ռուսերենով ու


պատկառելի տպաքանակով վաճառվեց նաև Ռուսաստանում: Գիրքը հորս ձեռքն էր ընկել, եկավ մեծ հպարտությամբ` պորտֆելը ձեռքին: Խնդրեց, որ մակագրեմ քրոջս ու եղբորս համար, խոստացավ, որ շուտով կծանոթացնիֈ Վերջում դարձյալ պորտֆելից հանեց արդեն տարիների ընթացքում խունացած «Վոլոգոդսկայա պրավդան»` իմ հոդվածն է, հայկական կոնյակի մասին: Մայրս ոչ մի վերաբերմունք ցույց չտվեց, վերատպել են` արդարացավ: Հեռանալուց առաջ դարձյալ մտախոհ դեմք ընդունեց, մորս հետ կիսվեց. «Աղջկան ամեն ինչի հասցրինք, մնաց մի լավ տղա գտնենք, կարգով, շնորհքով պսակենք, լուրջ ուզող չունի՞: Հա,ասաց,-

Մարինեիս

արդեն

հանգիստ

չեն

տալիս,

օրնիբուն

դուռս

են

գալիս:

Ամենաարժանավորին պիտի տամֈ Այնքան է գեղեցկացել, այնքան տաղանդավոր է, ափսոսում եմ, թե պսակեմ: Համալսարանն էլ կարմիր դիպլոմով ավարտեց: Հա, դու էլ կարգին բաների ես հասել,- առանց իմ կողմը նայելու` մենախոսելու պես ասաց ինձ,- ո՞վ կմտածեր, է¯, աղջիկս հայտնի գրող է, ի՛մ աղջիկը: Քո հայրն էլ եմ չէ՞, չվախենաս, անտեր չեմ թողնիֈ Այնպիսի օժիտ եմ պատրաստել, կուղարկեմ: Չնեղվեք, դուք ուղղակի ասածիս մասին լուրջ մտածեք, ժամանակն է»: Հուսադրեց, խրատեց, հեռացավֈ Օժիտ բառն այնքան խորթ հնչեց ականջիս,

որքան`

ուզող,

պսակել,

րիբկա,

ու

մնացյալ

արտահայտություններըֈ

Բնականաբար, ոչ մի սպասում չունեի ու ոչինչ էլ չստացա նրանից, ինչպես որ չէի ստացել մինչև այդ` ո'չ խաղալիք, ո'չ հեծանիվ, ո'չ Կարավաջո, ո'չ էլ որևէ բան առհասարակ, որ հաճախ խոստացել էր Արտավազդն ու մոռացության մատնել: Թեև այդ ամենը մայրս հայթհայթել էր ինձ համար ամեն գնով: Բայց Արտավազդը կարծում էր, որ իր միակ բացթողումն իմ հանդեպ մինչև հիմա իր զավակների հետ չծանոթացնել էր: Հատուկ իրադարձությանը վայել պետք է կազմակերպի այդ հանդիպումը՝ հասարակ օր չէ, դեռ մտածում է` ինչպե՞ս: Բայց սիրտը հանգիստ է, քանի որ երկուսի մոտ էլ նույն խորհրդանշական ոսկեդրամը կա` Նիկոլայ ցարի դիմանկարով, որով աշխարհի որ ծայրում էլ լինեն, իրար գտնելու ենֈ «Որքան ժամանակ է երրորդն եմ փնտրում՝քեզ համար, ախր հազվադեպ, կոլեկցիոն դրամ է, հո ամեն տեղ շաղ տված չէ՞»: Արտավազդը հավանաբար մոռացել էր, որ առաջին անգամ հենց մեր տանն էր տեսել այդ ոսկեդրամներիցֈ Մայրս պատմել էր, որ տատս, երբ դրամի կարիք է ունեցել, պահոցներից հանել է մեկական ոսկեդրամ, զգուշավորության համար մուրճով հարթեցրել ցարի դիմապատկերը ու վաճառել է ծանոթ ատամնատեխնիկին: «Մենք ունենք, Արտավազդ, կարիք չկա հեռուն գնալու»,- ասաց մայրս: Արտավազդը, անակնկալի գալով, անչափ ուրախացավ. «Ին՞չ եք ասում, հրաշալի է, դե ուրեմն իմ կողմից դա դստերս նվիրիր, սիրելիս, չէ՞որ դա միայն սիմվոլիկ ոսկեդրամ Է: Այդ նշանով մեր զավակները կգտնեն իրար ամենուրեք»: Տարիների զիգզագ հորձանուտով ես քայլում էի մեծ գրականության աստիճաններով վեր: Մոսկվայում պիեսս հանրահայտ բեմադրիչներից մեկի ձեռքն էր ընկել, բեմադրելու առաջարկով դիմեց, անհավանական էր` շուտով սկսեցին փորձերը: Վերջապես պրեմիերայի օրն էր, ու ես հրավիրվեցի Մոսկվա: Հենց այստեղ էլ հանդիպեցի եղբորս, ով հոգնել էր մեզ ծանոթացնելու Արտավազդի անվերջ խոստումներից: Թատրոնի պատին փակցված համեստ պաստառից անունս պատահաբար նկատել, որոշել էր բաց չթողնել ծանոթանալու առիթը: Այդ երեկո ես արբած էի հաջողությունից, ծափերից, ներել էի ճակատագրի խաղերը, մարդկանց ու նրա'ն էլ սիրով լիացած ընդունեցիֈ Դա մի սրտառուչ հանդիպում էր, երեսուն տարվա մեջ առաջին հարազատական հպումն արյունակցիս հետ: Իմ քաղաքագետ եղբայրը, որ մի քանի


տարի է Եվրոպայում էր բնակվում, կարդացել էր իմ բոլոր գրվածքները, որոշ հատվածներ անգամ անգիր գիտեր, ներկայացումն իսկական հայտնություն էր նրա համար: Ի վերջո, կյանքի ոչ այնքան հաճելի կետերին էլ դիպանք, տխրեցինք, խոստացավ որ ոչ մի գնով էլ չի կորցնի ինձ ու որ ամուսնուս էլ ընդունում է հարազատաբար: Հետո համեստորեն ասաց, որ անչափ ուրախ է իր փոքրիկ ներդրման համար` մեր նորաթուխ ընտանիքի կայացման հարցում` դե, Արտավազդի միջնորդությամբ, ճիշտ է: «Նա, իհարկե, գումարը պարտքով է ուզել, բայց ես հո հետ չե՞մ վերցնի, հայրս է, չէ,- ժպտաց,- դա իմ նվերն է քեզ, որով, գուցե, ինչոր կերպ թեթևացնեմ մեր կորցրած տարիների մեղքը,- հուզված ասաց եղբայրս: -Մարինեն էլ ամուսնացավ ու նրան նույնպես հայրիկը բնակարան նվիրեց¦: Ես չզարմացա, չզայրացա, ծիծաղեցի: Ես չէի ամուսնացել ու առավել ևս` ոչինչ չէի ստացել Արտավազդից: Եղբորս գլխին աշխարհը փուլ եկավ: Օրերս դարձյալ զգացի, որ նույն անհամությունն եմ սկսել զգալ կերակուրների հանդեպ: Ես, որ նուրբ քիմք ունեմ, ու մայրս ջանք չի խնայել այն հղկելու համար: Ես, որ հիմա արդեն վաղուց իմ կյանքի ուղին եմ բռնել և չեմ դավաճանել իմ սկզբունքներին, ես որ մի մայր ունեմ նրբանկատ, զուսպ ու խորունկ հոգով, որ սովորեցրել է ոչ ոքի վրա հույս չդնել, առիթի դեպքում հասնել կարիքավորին, ես, որ հետևել եմ Աստղիս ու Աստղն իմ հոգում է ճառագում... սկսեցի հանկարծ ձանձրանալ: Ու նա զանգահարեց, Արտավազդը հիմա ութսունն անց պիտի լիներ, կարծում էի` տարիները հղկած ու հանգստացրած կլինեին նրան: Բայց ո'վ զարմանք, դռան առաջ կանգնած էր վաթսուն տարեկան տղամարդու տեսքով, լայն ժպիտով ու առույգ նույն Արտավազդը: Նա փարվեց ինձ ջերմագին ու ասաց` բայց քթիցս թռած ես, մեկ է: Առանց հրավերի մտավ մորս սենյակը, աներեսությամբ փարվեց նրան ու ասաց, որ մայրս չի փոխվել, նույն ազնվական օրիորդն է, այնինչ՝ տարիների հոգսից կքած մորս` նրա հպարտությունն էր միայն ճանաչելի դարձնումֈ Հետո Արտավազդը ասաց, որ շատ է լսել իմ հաջողությունների մասին, որ ինքը կասկած անգամ չուներ, որ իր զավակը յուրահատուկ մարդ է դառնալու` դեեե, սիրո' պտուղ էր: Մինչ մայրս կփորձեր առարկել սիրո առասպելի շուրջ, նա արդեն կտրատում էր երկու ձկները: Ընթացքում պատմում, որ Մոսկվայում թատրոնի ցուցափեղկին շատ անգամներ է հպարտությամբ կարդացել անունս ու նույնիսկ լուսանկարվել է ազդագրի կողքին կանգնած: Ներկայացումը ոչ մի կերպ դիտել չէր ստացվում, բայց իբրև հուշ չի հրաժարվի ներկայացման ծրագրից` իմ մակագրությամբ: Անկյունում նստած, թմբիրի մեջ ընկղմված հանկարծ հասկացա, որ արդեն վաղուց չէի լսում նրան, որ մտովի շարադրում էի տրագիկոմեդիա` մանկության անհասկանալի ու ծաղրածու հիշեցնող տղամարդու մասին: Եվ գնալով ավելի ու ավելի էի համոզվում, որ նրան երբեք էլ չեմ ճանաչել ու միայն խղճում եմ այդ ինքնահավան, միշտ երջանիկ, բայց իրականում` դժբախտ մարդուն: Արտավազդն իսկապես բացառիկ անհատականություն էր, գրական կերպար, և կարող էր դառնալ իմ հերթական պիեսի հերոսը: Այդպիսով գոնե մեկ անգամ կարող էր ինձ օգտակար եղած լինել կյանքում: Եվ ուրեմն, Արտավազդը վերջին անգամ մեր տանը հայտնվեց մորս ութսուն ամյակին: Ես հիմա արդեն ամուսնացել էի ու փոքրիկ որդի ունեի, ինչի մասին նա ուղղակի չգիտեր: Այդ ժամանակ գրեթե ավարտին էի հասցրել նրա մասին պիեսս ու միայն վերջաբանում էր մի բան պակաս: Նա, իմ հերոսը, թվում է` ամենուրեք էր, բոլոր իրադարձությունների կենտրոնում,


բայց գործողությունները նրա շուրջ ծավալվում ու անցկացնում էին նրան իրենց կողքով այնպես, ինչպես ես` ծխախոտիս ծխի օղակները: Ինչու՞, որտեղի՞ց, ինչ նպատակով էր գալիս այդ մարդը, և ինչու՞ էր մայրս հանդուրժում նրան… Դա մի իսկական գլուխկոտրուկ էր, որ բեմադրության ընթացքում էլ անպատասխան մնաց: Արտավազդը ութսուն տարվա մեջ ոչ մի անգամ նվեր չէր տվել մորս, ու այս հոբելյանն էլ բացառություն չէր: «Արտավազդ, իզվեստնի վ կրուգախ Ռասիսկոյ բիզնես ի պոլիտիչեսկոյ էլիտի, դոկտոր էկոնոմիչեսկիխ նաուկ»,- հպարտորեն ներկայանում էր նա հոբելյանական հյուրերին: Դա, վստահաբար, իր այցեքարտի ինֆորմացիան էր, որ խնամքով անգիր էր արել: Մորս ծիծաղի փռթկոցն ինձ հուշեց, որ այսօր մի շատ հետաքրքիր իրադարձություն էր սպասվում: Այսքան տարվա մեջ առաջին անգամ մայրս արձագանքեց նրա ներկայությանը… Ես ներքուստ մեծ հրճվանք ու թարմեցնող սարսուռ զգացի: Խնջույքի ամենաթեժ պահին, երբ Արտավազդի ամեն բառին զուգահեռ մտքումս ամբողջացնում, ավարտում էի պիեսը, մտորումներս ընդհատվեցին անէությունից հայտնված ճանճի բզզոցով: Միայն սա էր պակաս, մայրս միշտ ատել էր ճանճերը ու երբեք չէր հանդուրժել դրանց ներկայությունը սենյակում, առավել ևս` սեղանի շուրջ: Նա կտրուկ ընդհատեց Արտավազդի հերթական լավատեսական ճառը, ինձ խնդրեց իրեն տալ ճանճասպանը, ու կյանքն ասես կանգ առավ: Մայրս նստեց իր տեղում, կենտրոնացավ և սկսեց սպասել, մինչև ոսոխն ինքը մոտենա սեղանին: Սեղանի շուրջ հավաքվածները չհամարձակվեցին խանգարել մորս պլանները, բոլորը մեկ մարդու պես քարացան: Ճանճը երկար սպասել չտվեց, բայց մայրս, որ այնքան դիպուկ էր իր դիտարկումների մեջ, վրիպեց ճանճին հարավածելու գործում: Նա ևս մի քանի անհաջող փորձեր կատարեց, ի վերջո ափերից դուրս եկավ ու սկսեց լուտանքներ տեղալ որտեղից որտեղ անսպասելիորեն դուրս պրծած անկոչ հյուրին: Ճանճը աներես էր, ճարպիկ, նա ամեն անգամ խույս էր տալիս մորս հարվածներից՝ հանգրվանելով սեղանի որևէ այլ համեղ պատառի վրա… Մայրս ափերից դուրս էր եկել առաջին անգամ ու բղավում էր, նա չէր հանդուրժում ամբարտավանությունն ու համառությունը: Իսկապես տպավորիչ տեսարան էր, հատկապես հավասարակշռված մորս պարագայում, ում ձայնը նույնիսկ ես չէի լսել բարձր: Արտավազդը… Զարմանալի հատկություն ուներ Արտավազդը, այդ պահին ասես բոլորովին էլ այդտեղ չլիներ, նա անհաղորդակից էր մորս զայրույթին, դեմքի անվրդով արտահայտությամբ իր բերած այծի պանիրն էր ձկնոտ մատներով սեղմում հացի մեջ: Վերջապես ճանճը տապալված էր, բայց մայրս բղավում էր, որ չի հավատում, որ այս ձեռնածուները վերակենդանանալու հատկություն ունեն ու շարունակում էր կատաղի հարվածներ տեղալ արդեն վաղուց ոչնչացած միջատին: Երբ մայրս մի լավ հարվածել էր այս ու այն կողմ, ընթացքում մի քանի բաժակ ու մոխրաման էր կոտրել, ու շուռ էր տվել ջրով լի ծաղկամանը, վերջապես դադարեցրեց անխնա ջարդն ու հանգստացած նստեց սեղանի գլխին` իր տեղում, զզվանքով մի կողմ նետեց ճանճասպանը, խորը շունչ քաշեց: Ինչից հետո Արտավազդը, իրեն հատուկ անհոգությամբ բաժակը վերցրեց ու ասաց. «Հա, որտեղ էի հասե՞լ, ուրեմն ուզում եմ շարունակել ձեր կենացը, սիրելի Նինա Վագանովնա, ես միշտ էլ հպարտացե եմ, որ դուք իմ կինն եք եղել… Բայց ինչպե՜ս էր ինձ սիրում Ձեր մայրը` իշխանուհի Աննա Գրանտովնան»: Ի վերջո, նա խմեց երկար բարակ հետաձգված կենացը, հյուրերից ոմանք թաքուն փռթկացրին: Իհարկե, Նինա Վահանովնան` իշխանուհի տատս, եթե կենդանի լիներ, երբեք թույլ չէր տա


Արտավազդի ներկայությունն իր տանը, առավել ևս՝ դստեր ծննդյան օրը, առավել ևս ինքնակոչ թամադայի դերում, ինչպես որ ժամանակին չէր հանդուրժել նրա գոյությունն իր միակ դստեր` Աննայի կյանքում: Իսկ Արտավազդի համար մի մեծ բան չէր խառնել մորս և տատիս անունները, հատկապես որ երբեք էլ բծախնդիր չէր եղել ո՛չ մարդկային հարաբերությունների, ո՛չ հարազատական կապերի ու ո՛չ էլ, առավել ևս, անունների կամ իրադարձությունների հարցում: Արտավազդն այսպես ապրել էր մի ամբողջ կյանք՝ մի վայրկյան անգամ չմտածելով նման մանրուքների մասին: Ու հիմա էլ իրենից գոհ շարունակում էր, իր կարծիքով, զվարճացնել ու առինքնել հյուրերին, անգամ չկասկածելով, որ նա մինչև հիմա վերջնականապես չէր ջնջվել մեր կյանքից միմիայն այն պատճառով, որ մայրս թաքուն երախտապարտ էր նրան իմ գոյության համար:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.