Issuu on Google+

#7-8(8) 2012 Հուլիս օգոստոս

ում է վ ծ ա Տար

ր

ճա վ ն ա


Մ

եզանից շատ առաջ իր բեղմնավոր կյանքն ապրած մի բրիտանացի պնդում էր, թե կյանքը թատրոն է, մարդիկ՝ դերասաններ: Այսօր կարելի է այդ միտքը մի փոքր ձևափոխել, նշելով, որ մենք բոլորս ապրում ենք կինոյում: Ընդ որում, ցանկության դեպքում, կարելի է առօրյայում նկատել ամենազանազան ժանրերի և կատարման որակի ֆիլմեր: Օրինակ, առավոտ շուտ գնում ես շուկա (իհարկե, խոսքը ավերված Փակի մասին չէ) ու այդ ժխորի ու մարդկային բազմության մեջ քեզ զգում ես Կուստուրիցայի ֆիլմում: Նստում ես տաքսի, սկսում ես վարորդի հետ ինչ-որ ֆանտաստիկ անիմաստության հասնող երկխոսություն, ու մի պահ մտքովդ անցնում է, որ հետևի նստարանին խցիկով նստած է Տարանտինոն: Ընկերոջդ հետ՝ ծխախոտով ուղեկցվող սուրճը ոչ այլ ինչ է, քան հատված Ջարմուշի ամենահայտնի գործից: Երեկոյան զբոսանքի ժամանակ հանկարծ շուրջդ հավաքված բոլոր համաքաղաքացիների հայացքներն ուղղվում են վերև, որտեղ վայրկյանների ընթացքում երևում է շատ, շատ տարօրինակ մի լույս՝ մի՞թե սա Սփիլբերգի այլմոլորակայինները չեն (երևի չէ, բայց ժանրի կանոններից ելնելով՝ կարելի է և այդպես ընդունել): Բայց «ինապլանեծյաններին» ու հնարավոր աշխարհի վերջը քննարկելիս հանկարծ նկատում ես այգում, ծառի տակ, նստարանին տեղակայված մի զույգ՝ երկնքում կատարվելիքը նրանց չի հետաքրքրում, նրանք սիրահարված են՝ պատրաստի ռոմանտիկ կինո, որը, սակայն, որոշ հանգամանքների դեպքում կարող է վերածվել ողբերգության, վատագույն դեպքում՝ դառնալ հայրենական արտադրության սերիալ… Եվ կան այնպիսի մարդիկ, որոնք այս իրավիճակները ոչ միայն նկատում են, այլև դրանց հիման վրա նոր աշխարհ են ստեղծում, որի մուտքը մահկանացուների համար կինոթատրոնում է: Ցավոք, վերջին տարիներին երևանցիները կորցրել են առօրյայից պոկվելու այդ պարզ, բայց այդքան հաճելի հնարավորությունը: «Կինո չգնա՞նք» արտահայտությունը վաղուց կորցրել է իր տեղը քաղաքային կյանքում, որովհետև մենք ունենք ընդամենը մեկուկես կինոթատրոն: Եվ այդ մեկուկես կինոթատրոնում խիստ հազվադեպ ենք տեսնում բոլոր այն «կինոյական» պահերը, որոնցից բաղկացած է մեր՝ հայաստանյան, երևանյան կյանքը: Փորձենք չկորցնել կինոն մեր մեջ և մեզ՝ կինոյի մեջ: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


ԲոՎԱՆԴԱԿուԹյուՆ

ՔԱՂԱՔԱՄԵՋ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

04

անցուդարձ Պատային վիճակ Երևանցիների երազանքները:

16

05

անցուդարձ Հաջորդ կայարանը՝ նորաձևություն «Երկաթուղային» նորաձևություն կայարանում:

իմ Երևանը Սերն առավոտվա վեցին Դերասան Արսեն Գրիգորյանը առավել սիրում է մայրաքաղաքը առավոտ կանուխ:

18

դեմքեր Աֆրոերևանցիներ Երևանում ապրող սևամորթներն իրենց առօրյայի մասին:

24

Գրողը տանի Նամակ վարդագույն ընկերոջս Ժամանակակից հայ գրողները «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում են Երևան քաղաքի մասին:

06

08

10

12

Փողոց Կիսաջարդ լուսամուտներ Ինչպես պայքարել մեր քաղաքի մարդածին աղտոտվածության դեմ, ձեռքի տակ ունենալով տարիներ առաջ կատարված մի փորձ: իրադարձություն Նրանց աշխարհը Գրքի, քարուքանդ դպրոցը վերակառուցելու, խնձորի, հեծանիվի և այլ նմանատիպ թեմաների մասին էին TEDx Kids@Yerevan-ի պատանի մասնակիցների ելույթները: իրադարձություն Չկոնֆերանս ՏՏ ոլորտի հետ այսպես թե այնպես կապ ունեցողների հերթական ոչ պաշտոնական հավաքը BarCamp-ի շրջանակներում: զրից Մասիվի օդը Պղտոր քաղաքային օդի, կաշառակեր ֆուտբոլիստների և այլ թեմանի շուրջ մտորում են երևանցի տաքսիստները:

14

նստավայր Գույնզգույն բարը Ամենահիփիական վայրը Երևանում:

15

նստավայր Մեր սրճարանը «Իմ խոհանոցն» ու «Իմ բարը» My Cafe-ում:

Շապիկ՝ Սարգիս Անտոնյան

2 3

Հուլիս/Օգոստոս 2012

25

Գրողը տանի Ընկերների քաղաք՝ բաց երկնքի տակ Ժամանակակից հայ գրողները «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում են Երևան քաղաքի մասին:

32

այլընտրանք Երբ պտուղը ժանգոտ էր «Այլընտրանքային» ու «ազատ» բառերը ամենից լավն են նկարագրում «Ժանգոտ դդում» մեդիափառատոնը:

34

այլընտրանք Մուտքն առանց պոպ-կոռնի Որտեղ են երևանցիները դիտում ուրիշ, պոպ-կոռն չհանդուրժող կինո:

36

Խոշոր պլանով Երևանյան կադրերի խրոնիկա Կինոգետ Վիգեն Գալստյանը մտորում է մեր մայրաքաղաքի կինոդիմանկարի մասին և փորձում հասկանալ, թե ինչու է այդ դիմանկարը մի տեսակ կիսատ:

40

ԹԵՄԱ

26

Հարցազրույց Ֆիլմին վերջ չկա Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը խոսում է հայրենական կինոարտադրության խնդիրների և առաջխաղացման մասին:

28

Հարցազրույց 24 ծիրան վայրկյանում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը՝ անցած բարդ ճանապարհի և խոստումնալից ապագայի մասին:

30

Հեղ ինակային Սերը ծիրանի ժամանակ Պատմություն առ այն, որ «Ոսկե Ծիրանը» հիանալի առիթ է ոչ միայն լավ կինո դիտելու համար:

Նախագծի ղեկավար՝ Էդուարդ այանյան Գլխավոր խմբագիր՝ արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ արսԵն ԿիրաԿոսյան Թողարկող խմբագիր՝ արմԵն յոլյան Դիզայներ՝ անի ԿարամանուԿյան Գրական խմբագիր՝ արքմԵնիԿ նիԿողոսյան Սրբագրիչ՝ ԳայանԵ անանյան Նկարահանումների գծով տնօրեն՝ մարիաննա իսԿանդարյան Ֆոտոխմբագիր՝ մարիամ լորԵցյան Ֆոտոմշակում՝ արմԵն ՀայրապԵտյան, արմինԵ ԳԵսիյան Էջադրում՝ արմԵն յոլյան

պրոֆի Երջանկության կինոմեխանիկան Կինոն կադիրց դուրս մնացող կինոմեխանիկի ձեռքում է՝ բառացիորեն:

44

պատեր Է՛ս տի համեցեք Ինչպես էին ժամանակին պատերից փակցված պատկերները երևանցիներին կանչում կինո:

48

այնտեղ Կինո չգնա՞ ն ք Կինոթատրոնները տարբեր են, բայց բոլորին միավորում է առաքելությունը՝ կինո ցուցադրել, աշխարհի որ ծայրում էլ գտնվեն:

ՔԱՂԱՔ

52

միջավայր Քաղաքը մեր պատշգամբից Հայկական իրականության մեջ պատշգամբը վաղուց դադարել է զուտ ճարտարապետական անսամբլի մաս լինելուց:

60

Կադրերի բաժին «Պեպոյի» գովազդը Երևանում, 1935 թ. Մի դրվագ Երևանի ֆոտոպատմությունից:

Համարի վրա աշխատել են՝ Նե Թադևոսյան, Լենա Գևորգյան, Սոնա Խաչատրյան, Սամվել Մարտիրոսյան, Կարինա Ղազարյան, Արմեն Օհանյան, Հովհաննես Իշխանյան, Կարեն Անտաշյան, Վիգեն Գալստյան, Նունե Մելքումյան

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸ

© 2011-2012 «ԵՐԵՎԱՆ»

Հրատարակչության տնօրեն՝ Էդուարդ Այանյան

Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Մարիամ Լորեցյան, Սուրեն Մանվելյան, Արթուր Lumen Գևորգյան, Լիլիթ Թովմասյան, Գոռ Էլչյան, Անահիտ Հայրապետյան, Վարո Ռաֆայելյան, PanArmenian PHOTO, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Սարգիս Սաֆարյանի ընտանեկան արխիվներից, «Նկարիչ Տաճատ Խաչվանքյան» ալբոմից, Երևան 2007

Հայաստանի Հանրապետություն, 0037, Երևան, Բաբայան 2 Հեռ.՝ +374 (10) 20 26 89, +374 (10) 20 22 89 Ֆաքս՝ +374 (10) 20 25 69 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL` www.yerevanmagazine.com

Համարը տպագրության է հանձնվել՝ 27.06.2012

Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 20 23 89

Ռուսաստան 123104, Մոսկվա, Մալայա Բրոննայա փող., 13, շին. 1

պատկերազարդումներ՝ Սարգիս Անտոնյան տառատեսակ Arek Armenian by Rosetta

Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Էտնոպրես» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: Հղումը «ԵՐԵՎԱՆ»-ին պարտադիր է:

Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, Երևան, ՀՀ Տպաքանակ՝ 6000 օրինակ Հիմնադիր՝ «Էտնոպրես» ՓԲԸ,

Հեռ.՝ +7 (495) 926 38 66, +7 (495) 926 38 67 Էլ. փոստ՝ info@ethnopress.ru URL`www.yerevanmagazine.com Ամսագիրը գրանցված է Զանգվածային հաղորդակցությունների ոլորտում օրենսդրության հսկողության և ՌԴ մշակութային ժառանգության պահպանման դաշնային ծառայությունում:


ՔԱՂԱՔԱՄԵՋ անցուդարձ

Պատային վիճակ Այս տարվա հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը ներկայացրեցին «Երազանքների պատ» ծրագիրը: Ծրագրի շրջանակում երևանցիները հնարավորություն ստացան մայրաքաղաքի ձևավորման առնչությամբ ներկայացնել իրենց կարծիքներն ու առաջարկությունները: Իրենց երազանքների մասին հաղորդագրություններ նրանք թողեցին քաղաքի տարբեր մասերում գտնվող «Երազանքների պատերին»: Սպասենք դրանց իրականացմանը:

Սուրեն Մանվելյան

4 5

Հուլիս/Օգոստոս 2012


Հաջորդ կայարանը՝ նորաձևություն Ֆրանսիացի դիզայներ Ժան Պոլ Գոթյեն 2010 թվականին հագուստի իր նոր հավաքածուն ցուցադրեց Մոսկվայի կայարաններից մեկում: Կայարանում ցուցադրության փորձ էր արել նաև Մարկ Ջեյկոբսը: Թվում է, թե նման նորարարությունները հեռու են Հայաստանից, սակայն դիզայներ Արամ Նիկոլյանը, կոտրելով կարծրատիպերը, իր նոր «Գարուն-ամառ 2012» հավաքածուն ներկայացրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Երևան» կայարանի շենքում:

Կ

այարանը ճանապարհորդությունների խորհրդանիշն է: Արամ Նիկոլյանի համար ցանկացած քաղաք սկսում ու ավարտվում է կայարանից: ոգեշնչվելով այդ գաղափարից, դիզայները որոշել է ճամփորդել հենց մեր քաղաքով՝ Երևանով, և ավարտել այն կայարանում՝ ներկայացնելով արդյունքը հագուստի տեսքով: «ոգեշնչմանս գաղափարը Երևանից ծնվեց: ուզում էի համատեղել հին ու նոր շենքերը: Վերջերս շատ են խոսում այն մասին, որ կառուցելով նորը, քաղաքը կորցնում է իր դեմքը», — ասում է Արամն ու փորձում ներկայացնել բոլոր ապացույցները՝ հերքելու վերոհիշյալ կարծրատիպը: Երեկոյան ժամը 21:00-ին կայարանի դիսպետչերուհին հայտարարեց՝ «ուշադրություն, գնացքը 15 րոպեից կայարան կժամանի»: 1950-ական թվականների ջազային կատարումների ներքո կայարանի հարթակին տեղադրված աթոռներին նստած հանդիսատեսը դիմավորեց գնացքը, որից դուրս եկան դիզայների նոր հավաքածուն կրող 25 կին և 5 տղամարդ մոդելները:

Արամը համոզված է՝ նորի մեջ ևս գեղեցիկը կա, պարզապես պետք չէ անտեսել ու չնկատել այն: Այսպիսով՝ նոր ճարտարապետության խորհրդանիշ Հյուսիսային պողոտան ու հին, արժեքավոր Կասկադը պրինտի տեսքով «գրկախառնվեցին» դիզայների հագուստներում, մասնավորապես՝ վերնաշապիկների, երեկոյան զգեստների, տղամարդկանց բաճկոնների վրա: Այս գաղափարն իրականացնելու համար Արամը համագործակցել է լուսանկարիչ Դավիթ Գալստյանի հետ: «ուզում ենք ցույց տալ, որ կարևոր է թե՛ հինը, թե՛ նորը: ուշադրություն ենք դարձնում հին ու նոր քաղաքի մասնիկների վրա», — նշում է լուսանկարիչը: Քաղաքից ոգեշնչվելու փաստն ակնհայտ է դառնում նաև հավաքածուի գունային համադրության մեջ: Տուֆ հիշեցնող բաց վարդագույնը, քաղաքի քարերի հետ ասոցացվող մոխրագույնն ու հնի և նորի համերաշխությունը ��որհրդանշող սպիտակն ու գույների մյուս երանգները: Անշուշտ, կայարանը Արամ Նիկոլյանի հավաքածուի վերջին կանգառը չէ: Հագուստները կշարունակեն իրենց «կյանքը» Պուշկինի 51 հասցեում, իսկ այնտեղից հետո արդեն, միգուցե, հասնեն հենց ձեր պահարան:

Լենա Գևորգյան Սուրեն Մանվելյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Փողոց

Կիսաջարդ լուսամուտներ Թիֆլիսաբնակ երևանցի մենեջեր Հայկ Ասրիյանցը փորձում է լուծում գտնել մեր քաղաքի մարդածին աղտոտվածության դեմ, անդրադառնալով մի հին, բայց արդիական փորձի:

Գ

աղտնիք չէ, որ մանր հանցագործությունների կամ վարչական իրավախախտումների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը դրամական տուգանքն է, ընդ որում՝ տուգանքի չափը պիտի լինի էական՝ խախտում կատարելու ցանկությունը իսպառ վերացնելու և երկրորդ անգամը բացառելու նպատակով: Այսօր Հայաստանում հստակ սահմանված է և լավ գործում է, օրինակ, ճանապարհային անվտանգության կանոնների խախտումները պատժող տուգանքների համակարգը, թեև տուգանքների փոքր չափը (մի քանի հազար դրամ), ավա՛ղ, չի բացառում դրանց կրկնությունը: Մինչդեռ փողոցում կամ այգում աղբ նետելու, շենքերի պատերին հայտարարություններ ու պաստառներ փակցնելու, հանրային տրանսպորտում ծխելու, գետնանցումներում բնական կարիքները հոգալու համար տուգանքները կամ հստակ սահմանված չեն, կամ էլ պարզապես մնացել են թղթի վրա:

Միջազգային փորձ

Ընկերներս պատմում են, որ Սինգապուրում փողոցում ծխախոտ կամ անձեռոցիկ նետելու համար տուգանքը երեք հարյուր սինգապուրյան դոլար է՝ մոտ 100.000 դրամ: Այո՛, այո՛, ՀԱՐյուՐ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, և սրա մասին լսելուց կամ մեկ անգամ տուգանվելուց հետո Սինգապուրի հյուրերը (տեղացիներն արդեն շատ լավ գիտեն այս տուգանքների գոյության մասին) մի քանի անգամ մտածում են, թե որտեղ ազատվեն ձեռքերի անպետք պարունակությունից. աչալուրջ ոստիկաններն ուշադիր հետևում են օրենքի ու կարգուկանոնի պահպանմանը: Երկու տարի առաջ Հայաստան էր գործուղվել Բրյուսելում բնակվող գործընկերներիցս մեկը՝ Մանուելը: Առաջին անգամ էր այստեղ: Ավանդական դարձած Գառնի-Գեղարդ այցելությունից հետո զբոսնում էինք Երևանով, ես ոգևորված պատմում էի հայկական ճարտարապետության մասին, իսկ Մանուելն ուշադիր լսում էր, երբեմն հարցեր էր տալիս և ծխելով նայում շուրջը: Երբ մոտենում էինք Կարապի լճին, նա նետեց ձեռքի գլանակը հենց մայթին: Ապշել էի: «Մանու՛, այս ի՞նչ արեցիր: Ինչու՞», — չկարողացա զսպել զարմանքս (չէ՞ որ նա Բրյուսելից է) ու զայրույթս (չէ՞ որ սա ի՛մ քաղաքն է): Նրա պատասխանը, սակայն, էլ ավելի ապշեցուցիչ էր. «Փողոցը կեղտոտ է: Իմ մի ծխախոտից

ոչինչ չի փոխվում»: Նրա պատասխանը տրամաբանական էր, պարզ և հասկանալի, սակայն ես չէի դադարում. «Բրյուսելում էլ ե՞ս փողոցում նետում»: Մանուն ժպտաց. «Իհարկե ո՛չ: Մեր փողոցները մաքուր են»:

Մեքենայի ճակատագիրը

Մաքուր, խնամված միջավայրում աղտոտելը, գույքը փչացնելը կամ այլ հանցանքներ գործելը, իսկապես, ավելի «դժվար» է: Այս եզրակացությանը եկել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր և հայտնի հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոն՝ նկարագրելով և վերլուծելով կատարված փորձի արդյունքները 1969-ին հրապարակված հոդվածում: Մարդկանց վարքը ուսումնասիրելու նպատակով նա կանգնեցրել էր մեկական նույն ավտոմեքենայից Բրոնքսում՝ Նյու յորքի ամենաքրեածին թաղամասերից մեկում, իսկ մյուսը հենց Սթենֆորդի համալսարանի հարևանությամբ՝ Պալո Ալտոյում՝ Կալիֆորնիայի ամենաբարգավաճ տարածաշրջաններից մեկում, և թաքստոցից հետևում էր, թե ինչ է կատարվում: Բրոնքսում կայանած մեքենան ենթարկվում է հարձակման վարորդի հեռանալուց ընդամենը 10 րոպե անց: Իսկ 24 ժամ հետո մեքենան զրկվել էր բոլոր արժեքավոր տարրերից, կոտրել էին ապակիները, պատառոտել սրահը: Ընդ որում՝ վանդալների մեծ մասը լավ հագնված, պատկառելի տեսք ունեցող սպիտակամորթներ էին, մինչդեռ այդ ժամանակ Բրոնքսի հանցագործոթյունների մեծ մասը կատարվում էին աղքատ սևամորթների կողմից: Պալո Ալտոյի մեքենային ոչ ոք չէր դիպչել ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում: Սակայն, երբ Զիմբարդոն սեփական ուժերով լուրջ վնասվածքներ է հասցնում մեքենային և հեռանում, մի քանի ժամ անց մեքենան թալանվում է, շուռ գալիս և ամբողջովին ավերվում: Զարմանալիորեն, այստեղ էլ հանցագործները պատկառելի սպիտակամորթներն էին:

Վարակիչ պահվածք

Զիմբարդոյի փորձը հիմք է դառնում Ջեյմս ուիլսոնի և Ջորջ Քելինգի կողմից Հարվարդի համալսարանում մշակված և մի շարք այլ փորձերով ապացուցված «Կոտրված լուսամուտների տեսության»: 1982-ին հրապարակված հոդվածում հեղինակները բերում են մի օրինակ, որն էլ տալիս է տեսության անվանումը. եթե շենքում ինչ-որ մեկը կոտրում է պատուհանը, և նորն անմիջապես չի տեղադրվում, ապա շուտով կկոտրվեն նաև

մյուսները, հետո շենքը կենթարկվի այլ տիպի վանդալային հարձակումների, օրինակ՝ գրաֆիտիի սիրահարների կողմից, իսկ եթե այն բնակելի չէ, ապա որոշ ժամանակ անց ներսում կհանգրվանեն անօթևանները, թմրամոլները, խարույկներ կվառեն և այդպես շարունակ՝ անգամ մինչև հարևան շենքերը նույնպես կհետևեն առաջինի ճակատագրին, և ողջ թաղամասում կբարձրանա հանցավորության մակարդակը: Այսինքն՝ որոշ սոցիալական նորմերի չկատարումը կամ խախտումը (տվյալ դեպքում՝ պատուհաններ կոտրելը) վարակիչ է դառնում և խորացնում խնդիրը: «Կոտրված պատուհանների տեսության» հեղինակները վանդալիզմի դեմ պայքարում առաջարկում են պարզ ու ակնհայտ, սակայն շատ կարևոր մոտեցում. լուծել խնդիրները, քանի դեռ դրանք փոքր են:

Կանխորոշիչ գործողություններ

Վերադառնալով Երևան՝ հիշենք, օրինակ, շենքերի պատերին փակցվող խայտաբղետ հայտարարություններն ու պաստառները: Իսկ նկատել ե՞ք, որ դրանք իսպառ բացակայում են Հանրապետության հրապարակում, քաղաքի կենտրոնում գտնվող մի շարք վարչական, գրասենյակային շենքերի վրա: Ըստ տեսության՝ փակցնողները նախ դժվարանում են խախտել նորմը մի միջավայրում, որտեղ այլ նորմերը խախտված չեն (այս շենքերին հարող տարածքները համեմատաբար խնամված են և մաքուր), իսկ եթե այդ նորմերը և խախտվում են (օրինակ, մի հանդուգն երիտասարդ հաջողացնում է փակցնել երկար մազերի գնման կամ աղջիկների բաց պորտերի

աննպատակահարմարության մասին հայտարարությունը), ապա այն շատ շուտ հեռացվում է՝ կրկին ստեղծելով խոչընդոտ հաջորդ հանդուգների առջև՝ արդյոք մաքուր պատին կարելի է ինչ-որ բան փակցնել: Նույն մոտեցումը կիրառելի է նաև փողոցում ծխախոտը նետելուն կամ գետնանցումներում, ավտոբուսի կանգառներում ու այլ մութ անկյուններում երբեմն հայտնվող գրառումներին, հայտարարություններին, զուգարանագնացություններին: Երբ այս երևույթների հետևանքներն անմիջապես չեն վերացվում, դրանք դառնում են այլոց համար սովորական, ինչը առաջ է բերում դրանց կրկնվելու հավանականության աճ, խորացում և տարածում: Հիշենք իմ բրյուսելցի գործընկերոջը: Արդյոք նա կնետե՞ր ծխախոտը, եթե փողոցը մաքուր լիներ: Տեսության հեղինակներից մեկը՝ Վիլիամ Քելինգը, որպես խորհրդատու աշխատել է Նյու յորքի մետրոպոլիտենում, Լոս Անջելեսի և Բոստոնի ոստիկանական վարչություններում, որտեղ ապացուցել է այն ոչ միայն փորձերով, այլև գործնականորեն: Եվ մինչ մեզ մոտ էլ կմշակվեն, կհստակեցվեն և կկիրառվեն փողոցում կամ այգում աղբ նետելու, շենքերի պատերին հայտարարություններ ու պաստառներ փակցնելու, հանրային տրանսպորտում ծխելու, գետնանցումներում բնական կարիքները հոգալու համար տուգանքները, քաղաքային իշխանությունները կարող են մտորել «Կոտրված պատուհանների տեսության» ներդրման մեխանիզմների մասին:

Հայկ Ասրիյանց Մարիամ Լորեցյան

6 7

Հուլիս/Օգոստոս 2012


ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն

Նրանց աշխարհը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծարար մթնոլորտը հունիսի 1-ին համեմվել էր փոքրիկների ստեղծարար երազանքներով, առաջարկներով, լուծումներով ու ինքնատիպ մոտեցումներով: Մեկ քայլ, ու իսկապես հայտնվում էիր նրանց աշխարհում, որտեղ մթնոլորտը ջերմ էր, ժպիտները՝ անկեղծ, ամեն ինչ տարբեր գույն ու ձև ուներ: Գրքի, քարուքանդ դպրոցը վերակառուցելու, կյանքի բարդության, երազանքներին հասնելու, խնդիրների ռացիոնալ հաղթահարման, խնձորի, հեծանվի ու էլի նմանատիպ անհավանական թեմաների մասին էին TEDx Kids@Yerevan-ի մասնակիցները մի ողջ օր կիսվում ու երևակայում բեմից:

Ա

ռաջին միտքը, երբ հայտնվեցի ԹուՄո-ի ներսում ու հարմար տեղավորվեցի TEDx Kids@Yerevan-ի բեմի դիմաց, այն էր, որ եթե այս յուրահատուկ մտքերով թաթախված միջոցառմանը ներկա շուրջ 250 երեխաներից ամեն մեկը միջոցառմանը հնչած 22 մասնակիցների ելույթներից առնվազն մեկ միտք հետը տանի, պահի, զարգացնի ու իրականություն դարձնի, ապա Երևանը տեսականորեն բոլոր հնարավորությունները կունենա երեխաների երազանքների քաղաք դառնալու: Ապրիլ-մայիս ամիսներին կայացած լսումներից հետո ընտրվել էին ամենահետաքրքիր գաղափարներ ունեցող երևանցի և մարզերից եկած երեխաները: Նրանցից մեկը՝ 15-ամյա Սարինե Կարապետյանը, ով իր ելույթով միտք ուներ փոխելու մարդկանց կյանքն ու դրա հանդեպ վերաբերմունքը, վստահ է, որ TEDx Kids@Yerevan-ից հետո մի բան փոխվելու է բոլոր մասնակիցների մտքի ու վերաբերմունքի

8 9

Հուլիս/Օգոստոս 2012

մեջ: Հենց այս պատճառով էլ ինքն իր կյանքի առաջին ելույթը որոշել էր նվիրել մարդկանց համոզելուն, որ հնարավոր է այլ կերպ էլ ապրել: «Մարդկանց փորձելու եմ ներշնչել այն միտքը, որ հինգ րոպեով մոռանան կյանքի դժվարություններն ու իսկապես ապրեն: Ծնվել, գնալ դպրոց, հետո համալսարան, ամուսնանալ, երեխաներ ունենալ... Մի՞թե կյանքն ուրիշ կերպ հնարավոր չէ ապրել: ուղղակի այդ գծած ուղուց մի քիչ շեղվել, չապրել այդքան անհետաքրքիր, ինչպես թելադրում է հասարակությունը»: 13-ամյա Լուսինե Ասլանյանն ավելի անհանգստացած էր գրքի ճակատագրով ու դրա աստիճանաբար մոռացությամբ: Գիրքը մարդու կյանքում պահելու իր մեթոդն էր առաջարկում: «Պետք է նոր գրքային վեբ նախագիծ ստեղծել: Այդ կայքում մարդիկ կկարողանան համատեղ բազմահեղինակ ստեղծագործություններ գրել: Կխմբագրեն, նոր բաներ կավելացնեն, պատմությունը կտանեն իրենց երևակայության


ճանապարհով: Հետո այդ ստեղծագործությունները հայտնի կդառնան, ոնց որ հիմա Թումանյանի «Քաջ Նազարն» է հայտնի»: Լուսինեն անկեղծ հավատում է, որ գուցե իր խոս��ի վիդեո տարբերակը աշխարհի ուրիշ ծայրում ինչ-որ մեկին այնքան դուր գա, որ նա որոշի իրագործել իր միտքը: Տպավորիչ էր 17-ամյա Սուրեն Փափազյանի սողուններ ու տնային կենդանիներ պահելու մեծ փորձը ու այն, որ նրա մտքով անցել էր համեմատել սառնարյուն սողուններին ռոբոտների հետ, որոնք, ըստ նրա, ոչ շատ հեռու ապագայում մարդկանց հետ ու կողքին են ապրելու: «Մարդիկ սիրում են, եթե անգամ գիտեն, որ սերը տեսականորեն չի կարող փոխադարձ լինել: Մողեսս, օրինակ, ինձ չի սիրում այնքան, որքան շունս ու կատուս: Նույնը լինելու է, երբ մեզ հետ սկսեն ռոբոտներ ապրել, նրանք չեն կարող մեզ սիրել ու մեզ կապվել այնպես, ինչպես մենք իրենց հետ»: Մանկական արդեն փոշոտված երազանքներս թափ տվեց 13-ամյա Արթուր Սեդրակյանը: Պարզվում է, նա արդեն վաղուց տարված է TED ելույթներ դիտելով, մի քանի անգամ իրեն ձայնագրել է համակարգչի առջև՝ իրեն TED ելույթ ունեցող երևակայելով: Մանկուց երգի, դերասանական խաղի ու պարի գնալ երազող Արթուրին ծնողներն այդպես էլ չեն տարել ո՛չ երգի, ո՛չ պարի, ո՛չ էլ դերասանական դասընթացների, արդյունքում կարատեի մեջ փորձել է գտնել իր երազանքների նշույլները: «Պետք չի ձեր մեջ սպանել մանկական երազանքը, չկատարված երազանքներ չկան: Կարող ա մեկը երազում ա դառնալ աթոռ լվացող, բայց դարձել ա կառուցող, բայց հնարավոր ա չէ՞ կառուցելու ընթացքում նաև աթոռ լվանալ: Հնարավոր ա ամեն գործի մեջ էլ գտնել երազանքը»: TEDx Kids@Yerevan և TEDxYerevan միջոցառման լիցենզավորված անձ ու պատասխանատու Քրիստինե Սարգսյանն ասում է, որ այս միջոցառման գաղափարը շատ վաղուց կար, դեռ հիմնական երևանյան TEDx-ից առաջ: TEDxYerevan-ն էլ Քրիստինեն նախաձեռնում է ինչ-որ բան փոխելու

համար, բայց այն անգլիախոս միջոցառում է ու ընդգրկում է մարդկանց որոշակի խումբ: Այսպիսով, Քրիստինեի երազանքի մի մասն է կատարվում միայն: Փոքրիկների օրինակները լսելը, նրանց էլ երազանքների ու մտքերի արտահայտման հարթակ տրամադրելը, գալիս է լրացնելու նրա՝ փոփոխություն տեսնելու ցանկությանը: «Իրականում այս միջոցառման նպատակը մեկն է, որ մենք կարողանանք հարթակ ստեղծել երեխաների համար բարձրաձայնելու իրենց երազանքները, տեսանելի դարձնելու նրանց օրինակները, որոնք երբեմն այնքան ինքնատիպ ու անհավանական են: Մենք ունենք կյանքի փորձառությունների միջով անցած ու հիանալի պատմություններ ունեցող երեխաներ: Ես ուզում եմ, որ մեր երեխաները իրենց հասակակիցներից օրինակ վերցնեն, ոչ թե հեռուստացույցից, ամսագրերից ու ինչ-որ հայտնի դեմքերից: Չեմ վատաբանում՝ դրանց մեջ էլ լավ բաներ կան, պարզապես արհեստածինը, մտացածինը, անբնականը շատ է, ինչի արդյունքում մեր երեխաները սխալ արժեքների օրինակով են մեծանում, սխալ մոդելներ են տեսնում: Ավելի լավ կլինի, որ ժամանակը ծախսվի ավելի իրական, շատ ավելի տեսանելի, հետաքրքիր և տեղական մոդելներին ընդօրինակելու վրա», — վստահ է Քրիստինեն: «Մեր աշխարհը» խորագրով TEDx Kids-ը տարածաշրջանում առաջին անգամ անցկացվում է Երևանում: Ենթադրում եմ, որ դրանից հետո մեր քաղաքի երկնքից կախված մնալու են պստիկների բազմաթիվ բարձրաձայնված երազանքներ ու պատումներ՝ իրականանալու իրենց հերթին սպասող: Քրիստինեն համոզված է, որ եթե երկրում ցանկանում ես մի բան փոխել, պիտի լսելի դարձնես այդ երկրի երեխաների ասելիքը: Եթե երեխաները խոսեն իրենց երազանքների ու սպասելիքների մասին, ծնողներն իրենց պարտավորված կզգան դրանց իրականացման համար: Իսկ ծնողներից շատերը երազանքների իրականացման պաշտոններ են զբաղեցնում, ու երբեմն լավ էլ իրատեսական է պստիկների ինչ-ինչ ցանկությունները ու երազանքները իրականություն դարձնելը: TEDx Kids@Yerevan-նն ամենայն հավանականությամբ շարունակական է լինելու, ինչը նշանակում է, որ հերթի մեջ են նոր երազանքներ ու անհավանական լուծումների առաջարկներ:

Նե Թադևոսյան Վարո Ռաֆայելյան/PanArmenian PHOTO


ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն

Չկոնֆերանս

Երկու օր անընդմեջ Ամերիկյան համալսարանը լի էր մի քանի հարյուր երիտասարդներով, որոնք այսպես թե այնպես առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաներին՝ լուրջ ծրագրավորողներից մինչև կոդերից ընդհանրապես բան չհասկացող բլոգերներ: Ցանցառներին (ցանցում ապրողների մասին է խոսքը) հերթական անգամ միավորել էր արդեն ավանդական դարձած Բարքեմփ չկոնֆերանսը: Այն մասին, թե ինչ է դա և ինչեր կատարվեցին այս տարվա չկոնֆերանսում, պատմում է միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ բլոգեր Սամվել Մարտիրոսյանը:

Չ

որրորդ տարին է, ինչ Երևանում անցկացվում է այն, ինչ տարօրինակ «չկոնֆերանս» բառով է բնութագրվում։ Ի՞նչ է Բարքեմփը, ինչո՞ւ չկոնֆերանս։ Այս ձևաչափը ծնվել է 2005 թվականին, Միացյալ Նահանգներում և դրանից հետո սկսել է արագորեն տարածվել ողջ աշխարհում։ Իրականում բարքեմփները ինչ-որ առումով բողոքի տեսակ են լուրջ, ավանդական կոնֆերանսների, ուր հավաքվում են միայն հասարակության մեջ դիրք ունեցող մարդիկ, ուր ելույթները նախօրոք պատրաստվում են և հայտարարվում և շատ հաճախ լինում խիստ անհետաքրքիր։ Իսկ Բարքեմփը այս ամենի հակառակն է. նախօրոք հայտնի է միայն շատ ընդհանուր թեման։ Կոնկրետ երևանյան Բարքեմփը նվիրվում է տեղեկատվական տեխնոլոգիաներին, համացանցին, լրատվությանը, այսինքն՝ տեղեկատվությանը վերաբերող ամեն ինչին։ Մնացած գրեթե ամեն բան արվում է հենց մասնակիցների կողմից՝ իրենք պատրաստում են ներկայացումները, իրենց ձեռքով լրացնում են ժամատախտակը։ Ներկայացումներն ընթանում են միանգամից մի քանի սենյակներում, այնպես որ մասնակիցները

10 11

Հուլիս/Օգոստոս 2012

կարող են ընտրել՝ ուր գնալ։ Իսկ եթե ներկայացումը հետաքրքիր չէ, ապա գործում է բարքեմփյան օրենքներից մեկը՝ «քվեարկե՛ք ոտքերով»։ Այնպես որ, եթե դուք գալիս եք Բարքեմփի անհետաքրքիր ներկայացումով, պատրաստ եղեք, որ հինգ րոպե հետո լսարանը կդատարկվի, և բոլորը կնետվեն դեպի հարևան սենյակները։ Առավել ևս, որ մասնակիցների մեծ մասը ներկայացումների վերաբերյալ անընդհատ գրառումներ է անում Ֆեյսբուքում և Թվիթերում, այնպես որ կարելի է անմիջապես իմանալ, որ հարևան սենյակում ավելի հետաքրքիր ներկայացում է և անմիջապես վազել դեպի այն կողմ։ Ինչը շատերը և անում էին։ Հունիսի 9-10-ը տեղի ունեցած երևանյան չկոնֆերանսի օրակարգը ձևավորվել էր դեռ մի քանի օր առաջ, սպիտակ գրատախտակը լցվել էր տասնյակ առաջարկվող ներկայացումներով։ Մեկը մյուսից տարբեր, թեմաների բազմազանությունը դժվար է նկարագրել, ավելի հեշտ է մոտ հարյուր ներկայացումներից մի քանիսի վերնագրերը մեջբերել՝ «Կոմունալ խնդիրների առցանց համակարգ», «Ինչպես կատարել առցանց գնումներ», «Էլեկտրոնային ընտրություններ», «USB vs Thunderbolt», «Տաջիկստանի բլոգոլորտը»,


«Խաղաֆիկացիա», «Կայքերի արագագործության օպտիմիզացում» և այլն և այլն։ Թեմաներն այնքան շատ էին և բազմակողմանի, որ կհետաքրքրեին ինչպես զուտ տեխնիկական ոլորտի ներկայացուցիչներին, այնպես էլ սոցցանցերով կամ բլոգներով հետաքրքրվողներին։ Ինչպես միշտ, երևանյան Բարքեմփին ներկա էին արտերկրից հրավիրված հյուրեր։ «Ինտերնյուսի» փորձագետ Դենիս Գուրսկին ներկայացրեց քաղաքացիական լրագրության վերաբերյալ մի քանի թեմա, Tactical Tech ՀԿ-ն ներկայացնող Հադի Ալ Խաթիբը՝ անվտանգության տարրերը սոցիալական ցանցերում, Լանա Պինյաևան՝ РИА-Новости-ից, պատմում էր ավանդական ԶԼՄ-ների համար ցանցում գործունեության մասին, Ալեքսանդր Բոգոմոլովը՝ ռուսաստանյան ընտրությունների ժամանակ ընդդիմության ակցիաներին կիրառված նորարարական մեթոդների մասին, Դարիա Ալեքսեևան՝ ցանցով հասարակական խնդիրներ լուծելու հնարավորությունների, իսկ Մայք Վիլերս-Սթյուարտը՝ յուրահատուկ բովանդակություն ստեղծելու և տարածելու մասին։ Չորրորդ Բարքեմփում կար նաև նորություն՝ պրակտիկ սեմինարները, որոնք նախօրոք հայտարարված էին։ Ռուբեն Մուրադյանը հավաքվածների հետ կիսեց իր փորձը՝ ինչպես

պաշտպանվել DDoS հաքերային հարձակումներից: Այս թեման Հայաստանում գնալով ավելի ու ավելի արդիական է դառնում։ Հադի Ալ Խաթիբը սովորեցնում էր պաշտպանել անձնական տվյալները։ Իսկ ռուսաստանցի հայտնի բլոգեր և լուսանկարիչ Պյոտր Լովիգինը ներկայացնում էր իր յուրօրինակ փորձը արտլուսանկարչության մեջ։ Փաստենք նաև, որ տարեցտարի մասնակիցների թիվն աճում է, և երևանյան Բարքեմփը վերածվում է քաղաքում անցկացվող ամենամարդաշատ միջոցառումներից մեկի։ Եթե 2009-ին առաջին չկոնֆերանսին եկավ 400 մասնակից, իսկ 2011-ին այս ցուցանիշը հասավ գրեթե հազարի, ապա այս տարի ամենահամեստ հաշվարկներով մասնակիցների թիվը գերազանցել է 1300-ը: Բացի դրանից, այս անգամ բոլոր ներկայացումները նաև ուղիղ հեռարձակվում էին համացանցում, և շատերը մասնակցում էին Բարքեմփին օն-լայն։ Բարքեմփային ուիք-էնդը ավարտվեց, ցանցառները ցրվեցին տներով, բայց շուտով նրանց սպասվում է նոր հանդիպում՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նրանցից շատերը կուղևորվեն Արցախ՝ տեղական Բարքեմփին մասնակցելու։

Սամվել Մարտիրոսյան Գոռ Էլչյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ զրից

Մասիվի օդը Կեղտոտ քաղաքային օդի, Փակ շուկայի, կաշառակեր ֆուտբոլիստների և այլ թեմաների շուրջ մտորում են երևանցի տաքսիստները: Ջա՛ն, ջա՛ն, էս ինչ ջիգյարով ա չէ՞ երգում: որ չեն նստում ավտոս էն ջազ-մազ, բլյունզ լսող մոքուրները կամ ստասիկներ, թե բա՝ այս ռաբիզը անջատեք: Արա բա տղեն ջազ կլսի՞: Շուռ գաս ասես, տո քո բլյունզ ֆայմով յանի ջոգու՞մ ես ռաբիզը որն ա: Ռաբիզ՝ ռաբոտնիկի իսկուստվա, բա, դե թո իմանան իրական արվեստը որն ա: Մարդիկ չարչրվում են էս արվեստի համար, էն ա որ գնահատող չկա:

Այ մարդ, էս մեր երևանցիք իրանց ունեցածից զարմանում են: Մի հատ ավտո ունեն, մի հատ թանգ պապիրոզ են ծխում, էտ էլ հըլը հարց ա՝ պաշկի մեջ էտ պապիրոզն ա՞, թե մենակ պաշկենա թանգնոցի պաշկա, ու վերջ, Երևանն իրանցն ա, երևանցիք էլ իրան պարտք են: Էս քաղաքում սաղ իրանց դիրքը չարաշահում են: Գայիշնիկներից սկսած էն քուչի բոմժերից պրծած: Էն օր մի հատ ջարդած-փշրած 06 կողքովս գնում ա, ես էլ մի հատ սիրուն աղջիկ եմ տանում: Էլ սիգնալ տվին, էլ քաշին վրես: Արա՛, դե ասա, որ էտ աղջկա ախպերը գա, ներողություն ես չէ՞ խնդրելու, դե դինջ լռվի էլի:

12 13

Հուլիս/Օգոստոս 2012

Էնքան լավ կըլներ, էս մեր տաքսիների մեջ, բացի էս սոտչիկից մի հատ էլ ծնգացող սարք լիներ, որ եթե նստողը անկապ դեմք լիներ, ծնգար: ��ն օրը 3 հոգով նստան, մեկը խմած, ջնջխված, էն երկուսը՝ օյաղ: Օյաղները ասին հեսա կգանք՝ թռան: Էս խմածը մնաց վրես, ո՜չ հասցե ա հիշում, ո՜չ նոռմալ խոսում ա: Պարկավ հետևը քնավ: Այ մարդ, ու՞ր տանեմ սրան: Վերջը, լավ էր հեռախոսը զանգեց, վերցրի ասի, այ մարդ էկեք ձեր յուղն ու բրինձը տարեք: Ասին, թե բա բեր Հյուսիսային պողոտա: Հա բայց էտ մարդը քնել էր ու չէին կարում մի ժամ ավտոյիցս հանեին: ու սենց էլ ապրում ենք, է՛հ:

Ֆուտբոլը արդեն վաղուց բիզնես ա, բիզ-նե՜ս: 2002-ին Սենեգալը ո՞նց կրեց Ֆրանսիային: ո՞նց կարար կրեր: Անհնար էր, չէ՞: Բայց գործակիցը, որ Ֆրանսիան գոլ չի խփի՝ 400 էր: Էդ էլ քեզ պատասխան: Բա Հունաստանը որ դարձավ Եվրոպայի չեմպիո՞ն: Պարզ չի՞, որ դրանք չէին կարա կրեին Գերմանիային, Ֆրանսիային, մի հատ էլ Պորտուգալիային վերջում: Բուքմեքերներն են սաղ դասավորում, ես քեզ հաստատ բան եմ ասում: Կամ էլ ուԵՖԱ-ն: Հիշում ե՞ս, որ մերոնց գլխին սարքին, Բերեզովսկուն հանեցին դաշտից: Ինչի՞ տենց արին: որտև դրանից երկու տարի առաջ Անրին Իռլանդիային ձեռով գոլ խփեց, Ֆրանսիան անցավ, բայց Պլատինին ասեց՝ ես սաղ հարցերը կլուծեմ: ու մեր հաշվին լուծել տվի՜ն: ու էսքանից հետո դեռ միամիտ մարդիկ կան, որ հավատում են, որ ֆուտբոլիստներն են որոշում ով ում ու ինչքանով ա կրելու:

Ի՛, էս ինչ սարքին էս Երևանը: Օդ չկա շնչելու: Ասա ծառ կա՞, որ օդ լինի: Ծառը որտեղ էլ լինի, գոնե մի քիչ խաղում ա, հով ա տալիս, իսկ սենց հա՛ քշի, որ ծառերի հասնես, որ օդդ հովանա մի քիչ: Էս ավտոբուսներն էլ նենց են սարքել, շոֆեռի մոտ օդ չի խաղում հեչ: Է՛հ, ռսի խելք:


Էս շուկան էլ ստեղ քանդեցին, ասում էին՝ չե՜նք քանդել: Սո՛ւտ, շուկայի 60 տոկոսը էլ չկա: Հըլը գնա Լվով, սաղ պահում ու վրեն դողում են: Իսկ ստեղ սկի քաղաքի մեջի գետառը վերացրին: որ մի հատ հավեսին անձրև գա, չէ՞, Երևանը մաքրելու ա տանի: Էտ ջուրը սկի գնալու տեղ չունի:

Ես մեր թաղի լիազորն եմ, հեսա պիտի էլի աչկիներս դնեմ ու սկսեմ գրել, որ մեր թաղը ուզում ա կարգին քաղաքում ապրի, էս ի՞նչ եք անում: Օրական մազերիս չափ ավարիա, իրար ծեծել, փող չտալ թռնել, իյա՜, բա սենց էր: Տղես 25 տարեկան ա, ասեց գնամ տաքսի քշեմ, ման էկավ, մի հատ կնանոնց տաքսի կա է, վերջը ընդունվավ: Մի օր սֆետաֆոռի տակ կանգած եմ, նայեմ իրա համարներն ա, մեկ էլ էկավ ու քամու պես կողքովս անցավ, էտ էլ քիչ ա, խախտում արեց ու ձախ մտավ: Զանգեցի էտ սերվիս, ասի էտ իրան Շումախեռի տեղն ա դրել՝ ավտոն ձեռից առեք: Հմի, ամեն մի իրա լակոտին բեմվե նվիրող, որ սենց մտածի, յանի չեն քչանա՞ քաղաքի ավարիաները:

Չեմ ջոկում՝ քիչ փող ստացող չինովնիկ ա՞, թե՞ որոշել ա կայֆ բռնի տաքսու շոֆեռների վրա: Ավտոն դոջ ա, համարները՝ պետական, վրեն էլ՝ տաքսու նշան: Էս ո՞նց հասկանանք: ու՛ֆ, լոպազ են էլի երևանցիները: Էն օրը մի հատ սենց հավայի տաքսի նստեցի: Դե տաքսու շոֆեռներն էլ են տաքսի նստում էլի մեկ-մեկ: Ինձնից չէր, ես ամեն տաքսի չեմ նստում, թե ինչ մտքովս անցավ էտ տաքսին նստա: Մեջից պապիրոզի հոտ, քյառթու երգ, շոֆեռն էլ անթրաշ: Քշում ա, զգում եմ սրա քշածից, լավ հոտ չի գալիս: Մեկ էլ՝ ոնց արեց, քաշեց մի հատ թույն համարներով «բենտլիի» վրա: Արա՛, ասի ֆսյո: Էն էլ լավ էր, «բենտլիի» շոֆեռը ծանոթ տղա դուս էկավ՝ ես «բենտլիով» տուն գնացի, իսկ էտ անթրաշը մնաց իրա բորդյուրին խփած տաքսով:

Վա՛յ, որ կլիենտը նստում ա, ասում ա Մասիվ՝ ո՛նց եմ ուրախանում: Ասում եմ՝ ուխա՜յ, մի կարգին օդ կշնչեմ, մեր առաջվա հայաթի պուլպուլակից էլ կարգին սառը ջուր կխմեմ: Է՛հ, առաջ ես էլ էի մասիվցի: Հավատա՛, Երևանում Մասիվից լավ տեղ չկա ապրելու համար: Մասիվ տները ոչ թե կվարտիրա, այլ սանատորիա են: Օղորմած հերս կագեբեի պադպալկովնիկ էր, մի բան գիդեր էլի, որ դասավորեց, որ Մասիվում տուն ստանանք: Առաջի անգամ, որ էս կոմ էկանք սաղ չոլ էր, մի հատ ծառ չկար, բայց մի հատ ռայսովետի նախագահ էկավ՝ Սաֆյանը, կանաչապատման հիվանդ էր, էտ հիվանդությունից հիմա էլ չկա, բռնեց ամեն հնարավոր տեղում ծառ տնկեց ու Մասիվի ղռերը կանաչ սարքեց:

Նե Թադևոսյան Սուրեն Մանվելյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ նստավայր

Գույնզգույն բարը Եթե բաց աչքերով պառկես կարմիր գորգով ծածկված ներքնակին, կտեսնես գուաշով պատին նկարված կանեփի տերևներ ու առաստաղին պատկերված հիփիական արևի կարմիր-կանաչ շողեր՝ գլխավերևում: Այս շողերը սկսվում են սրահի ամենածայրից ու վերջանում դռան մոտ, ահա թե ինչու է Process բարի այցելուների գլխավերևում միշտ արև շողում:

Ի

նչու՞ են շողերը կարմիր ու կանաչ: Գաղափար չունեմ, բայց դրանք հրաշալի ներդաշնակ են հիփի-բարի ընդհանուր մթնոլորտի հետ: Այն, որ Process-ում փորձել են վերադարձնել վաթսունականները, պարզ է դառնում հենց մուտքից. բացում ես դուռն ու աչքի են զարնում տողեր All You Need Is Love-ից: Ընդհանրապես, Process-ի պատերն աչքի են ընկնում զանազան գրառումներով՝ տողեր Beatles-ի երգերից, Մարթին Լյութեր Քինգի հայտնի խոսքերը, հիփիների ժամանակաշրջանի թևավոր խոսքեր: Իսկ գունավոր նախշերն անգամ ավելի շատ են, պատերին ազատ տեղ խոշորացույցով էլ չես գտնի: Բոլոր նկարները վառ են, գույնզգույն, բայց ինչ-որ ձևով նկարիչներին հաջողվել է պահպանել մի փոքր գունաթափված ներկերի էֆեկտը, որն այնքան բնորոշ է ռետրո ոճին: Process-ում կա երկու սրահ, որոնց գլխավոր տարբերությունը աթոռների բարձրությունն է: Առաջինում աթոռները գետնից ընդամենը մոտ տասը սանտիմետրով են բարձր, փոխարենը լուսամփոփներն առաստաղից կախվում են համարյա թե մինչև աթոռների մակարդակը: Այնպես որ, նստած ժամանակ էլ կարելի է ձեռք տալ ու կարդալ լուսամփոփների վրայի գրառումները (այո, այստեղ էլ այդպիսիք կան): Երկրորդ սրահում կահույքը սովորական է, բարձր ու փայտյա, դրա փոխարեն այստեղ է գտնվում հենց այն կարմիր գորգով ու լիքը բարձերով ներքնակը, կարևորը՝ հասցնել այն զբաղեցնել: Եթե հասցրել եք գրավել ներքնակը, դրանից վեր կենալ՝ ա) կալարեք, բ) հաճախ ստիպված կլինեք: Տպագիր մենյու չկա, այն փակցված է բարի հարևան պատին, իսկ բարն այստեղից չի երևում: Այդ պատճառով կա՛մ պետք է ամեն անգամ կանգնել

ու նայել՝ այնտեղ ինչ կա և ինչքանով, կա՛մ (որն ավելի հաջող տարբերակ է)՝ զզվացնել մատուցողներին: Այստեղ ուտելիք բացարձակապես չկա. գարեջրի խորտիկներն, իհարկե, «հաշվի մեջ» չեն: Պարզ է, որ դասական բարի ֆորմատի մեջ ուտելիք չի մտնում, սակայն, լինելով քաղցած, դրա մասին այնքան էլ չես մտածում: Իսկ ահա խմիչքների հարցում ամեն ինչ լավ է: Օղու շոթն արժե 500 դր. (Medoff) կամ 800 դր. (եթե Finlandia): Հայկական գարեջուրն արժե 600-ից 800 դր., արտասահմանյանը՝ 1000-1200 դր.: Վերմուտը՝ Martini-ն ու Cinzano-ն թանկոտ են՝ 1000 դր., փոխարենը՝ մինչև ծայրերը լցնում են ոչ թե մարտինիի, այլ վիսկիի՝ ավելի ծավալուն գավաթը: Սուրճն ու թեյը նույն գինն ունեն՝ 500 դր., բայց լուծվող սուրճերից լինում է միայն Nescafe, իսկ թեյերը մի քանիսն են՝ կանաչ, սև ու բուրումնավետ: Ամեն սեղանին ավազով լի կավե վազայով մոմ է դրված, որը շատ գեղեցիկ է, սակայն ընդհանուր պատկերը մի փոքր փչացնում են մոխրամանները: Չգիտեմ՝ ում ինչպես, բայց իմ կարծիքով կոկա-կոլայի բանկաները կարելի է համարել մոխրաման միայն այն դեպքում, եթե դու 16 տարեկան ես ու փակվել ես ավտոտնակում՝ հնամաշ կիթառով ու գարեջրի շշով: Երաժշտությունից այստեղ ոչ մի ծանր բան չես լսի, թեպետ միայն 60-ականներով այստեղ չեն սահմանափակվում: Չի ստացվի խնդրել սիրելի երգը միացնել՝ բարի ստոյկայի վերևում հատուկ գրություն կա՝ «Երգերի պատվերներ չեն ընդունվում»: Բայց եթե շատ եք ուզում Because-ը երգել երազկոտ հայացքով՝ նայելով գլխավերևի հիփիական արևին ու հիշելով Across the Univers մյուզիքլը, մի շտապեք տխրել. ինչինչ, բայց Beatles հաստատ կմիացնեն:

Կարինա Ղազարյան Լիլիթ Թովմասյան

14 15

Հուլիս/Օգոստոս 2012


Մեր սրճարանը Բոլորովին վերջերս Թումանյան փողոցի «Մալխաս» սրճարանի «Մ» տառը փոխարինվել է My Cafe գրությամբ վարդագույն ցուցանակով: Երևանի կյանքում այդ իրադարձությունն անկարևորներից չէր. պետք էր շտապ պարզել՝ այդ ի՞նչ սրճարան է, որ արժանի է փոխարինելու «Մալխասին»:

Ն

երսում հաճելի է՝ հանգիստ, մի փոքր թույլ լույս, շագանակագույն բազկաթոռներ ու բազմոցներ, պատերին՝ մաշկագույնի, սպիտակի ու շագանակագույնի համադրություն: Փայտե մակերեսն ու իրերը սրճարանի բոլոր սրահների ներքին հարդարանքի կարևորագույն բաղադրիչն են: Այստեղ կան ծաղիկներով, ամսագրերով, մոմերով, ծառի ճյուղեր հիշեցնող կախիչներով պահարաններ, փայտով պատված պատեր... Բացառություն է, երևի, միայն բոլոր երևակայելի չափերի ու ձևերի շշերով ապակե պատը, որ հատում է ամբողջ տարածքը: Ահա այս պատից է կախված այն, ինչ ինձ ստիպեց բացականչել՝ «Չլինի՞ բնօրինակն է»: Մատուցողը հանգիստ, ներողամիտ ժպիտով ինձ նայեց ու պատասխանեց՝ «Այո, բնօրինակ է, Սարյան»: Եվ դա կերպարվեստի միակ գործը չէ: Ընդհանուր առմամբ «Մալխասից» այստեղ շատ բան է պահպանվել. փոփոխելով ու լրացնելով ներքին հարդարանքը՝ My Cafe-ի դիզայներները ստացել են իսկապես գեղեցիկ ու հանգիստ ինտերյեր: Մենյուն այս սրճարանում նույնպես «սեփական» է՝ My Kitchen և My Bar: Այն ամենը, ինչ կապված է սննդի հետ, այստեղ բավականին մատչելի է: Այսպես՝ կապրեզե աղցանն արժե 2200 դր., թեպետ պարզ չէ, թե ինչու է այն պատրաստվում հազարով և բալզամային սոուսով՝ ռեհանի ու պեստոյի փոխարեն: Մի փոքր տարօրինակ է թվում նաև «երեք պանիր» պիցան (3000դր.), երբ ընդունված ձևաչափը quattro formaggi-ն է, այսինքն՝ չորս պանիր: Բայց շատ ավելի զարմանալի ու հետաքրքիր էր մենյուում գտնել շոկոլադե պիցա (3000 դր.): Այն պատրաստվում է շոկոլադե քաղցր խմորից, բանանից (նախապես խնդրելու դեպքում բանանը կարող է փոխարինվել

ցանկացած այլ մրգով), անանուխով և շոկոլադե օշարակով: Ցերեկային ժամերին (աշխատանքային օրերին՝ կեսօրից մինչև 16:00-ն) այս պիցայի հետ մատուցվում է նաև երկու բաժակ տաք շոկոլադ՝ սրճարանի կողմից: Այս ամենի մեջ ընտրություն կատարելը դժվար էր. ահա թե ինչու մեր սեղանը սպասարկող մատուցողի գործը բարդացավ: Մեզ հետ տասնհինգ րոպե կանգնելուց ու ճաշատեսակների լուսանկարներով ալբոմը ցուցադրելուց հետո նա նախաձեռնությունն իր ձեռքն առավ և տապակած սնկով ու թարխունով կարտոֆիլ ֆրի բերեց (1200 դր.): Պարզվեց, որ ճաշատեսակը շատ համեղ էր, բացի այդ՝ այն մատուցված էր գեղեցիկ խոր քառակուսի ափսեների մեջ: Իրականում՝ մատուցողների համբերությանն ու բարեհամբուրությանը պետք է արժանին մատուցել: Աղանդերը նույնպես մատչելի է. օրինակ՝ տիրամիսուն 1800 դր. է, իսկ սիրունատես պրոֆիտրոլները՝ 1400: Սուրճն այստեղ, հակառակը, միջինից զգալիորեն թանկ է: Այսպես, արևելյան սուրճն արժե 500 դր., փարիզյանը՝ 700, գլյասեն՝ 1300, իսկ սովորական լուծվողը, թեկուզ հենց նույն դեմոկրատական Nescafe-ն՝ նույնիսկ 900 դրամ: Թե ինչի՞ համար է Nescafe-ն այսպիսի հարգանքի արժանացել, այնքան էլ հասկանալի չէ: Թեյի դեպքում ամեն ինչ ավելի լավ է՝ տաք թեյի դասական տեսակներն արժեն 600 դր.: Իսկ ահա սառը թեյը (1500 դր.) իրենից ներկայացնում է քաղցրավուն խմիչք՝ բլենդերի մեջ մանրացված սառույցի լիքը կտորներով: Երևանյան շոգին սառը թեյը արդիական է, My Cafe-ն էլ հենց երևանյան երեկոյի բան է: Իսկ դրանց համադրությունը ապահովում է լավ հանգիստ:

Կարինա Ղազարյան Լիլիթ Թովմասյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևանը

Սերն առավոտվա վեցին Երևանում բնակվող բազմաթիվ Արսեն Գրիգորյաններից ամենախուճուճը, ամենաակտիվն ու էմոցիոնալը, ամենադերասանն ու թատրոնի նվիրյալը, ամենահաղորդավարն ու շոումենը համատեղությամբ նաև երգիչ է: Արսենի հետ փողոցով մի քանի րոպե քայլելուց ակնհայտ է դառնում, որ արտիստը ճանաչում է քայլափոխին հանդիպած ամեն երկրորդ երևանցուն և քաղաքի հետ դու-ով է խոսում:

16 17

Հուլիս/Օգոստոս 2012


Ծնվել եմ Վարդենիկում՝ տնային պայմաններում: Չնայած որ ապրել ենք Երևանում, հորս սկզբունքն էր, որ իր բոլոր երեխաները ծնվեն շրջանում, որպեսզի հետագայում շրջանից քաղաք եկած որևէ մեկին վերևից չնայեն: Երևանում եմ մեծացել, պատմություններ ունեմ այս քաղաքում, որոնք էլ առանձնացնում ու յուրահատուկ են դարձնում այն: Բանգլադեշում եմ ապրել մինչև երկրորդ դասարան: Հետո, մինչև դպրոցի ավարտելը՝ Քանաքեռում, այնուհետև տեղափոխվել եմ Պրոսպեկտ, իսկ այժմ բնակվում եմ Ավանում: Մանկապարտեզից ուտելիքներն են տպավորվել՝ հնդկաձավարը, կաթնովը, «манная каша»-ն: Մեր հարևանուհին՝ Լենա տոտան, մանկապարտեզի լվացքատանն էր աշխատում: Քնելու ժամերին լվացքատան միջով փախչում ու տուն էի գալիս: Յոթ տարեկանում արդեն բեմադրություններ, ներկայացումներ, համերգներ էի կազմակերպում մեր բակում: Մյուս զվարճանքը, իհարկե, խաղերն էին՝ էշ-մըլիցան, ղայիշ-տփոցին, պահմտոցին՝ իր բոլոր մութ կողմերով: Բանգլադեշի թիվ 174 դպրոցից տեղափոխվեցի Քանաքեռում գտնվող Աբովյանի անվան թիվ 84 դպրոց: Դասերից փախչում ու գնում էինք Ամենափրկիչ բացօթյա մատուռ կամ Սուրբ Հակոբ եկեղեցի էինք հաճախում: Քանաքեռից ոտքով իջնում էինք Մոնումենտ: Որպես կանոն, տղայական բոլոր հարցերը հենց այդտեղ էին լուծվում: Մի օր արթնացա ու հասկացա՝ ուզում եմ բեմ բարձրանալ: Հանրային ռադիոյով հեռարձակվող մանկական «Այբբենավոր» ծրագրի եթերում լսեցի, որ «Մետրո» թատրոնի մանկապատանեկան ստուդիան ընդունելություն է կազմակերպել: Ընդունվեցի ու միանգամից գլխավոր դեր ստացա: Վարակվեցի թատրոնով ու գտա իմ կոչումը: 13 տարեկան էի այդ ժամանակ: Սովորելու ընթացքում սկսեցի կարդալ հեքիաթներ հենց նույն «Այբբենավոր» ծրագրի եթերում: Շատ խորհրդանշական էր: Դպրոցը, կարծես, երկրորդ պլան մղվեց այդ ընթացքում: Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող «Գոյ» թատրոն-լաբորատորիա ընդունվեցի 1997 թվականին: Հաջորդիվ Թատերական ինստիտուտն էր՝ Արմեն Մազմանյանի կուրսում: Ուսանողական տարիները իմ ամենասիրելիներն են: Չարխի հայաթում գտնվող մեր բնակարանում էինք հավաքվում ընկերներով: Ոչ միայն մեր կուրսը, այլ ինստիտուտի զգալի մասը իր օրերը մեր տանն էր անցկացնում: Հանձնարարվող գրքերը հերթով ընթերցում էինք, մյուսները լսում էին: Ընկերության ամուր հիմքը հենց այդտեղ դրվեց, անդադար քեֆ էինք անում: Լավ օրեր էին իրենց բոլոր դրսևորումներով: Սկսեցի աշխատել հեռուստատեսությունում դեռ ինստիտուտում սովորելու տարիներին: «Արտ 13» ստուդիան ներկայացնում էր Z Project նախագիծը, որը միայն ԱՄՆ-ում էր հեռարձակվում: Դա առաջին քայլն էր, որը տարավ ինձ դեպի Հանրային հեռուստաընկերություն: Այն յուրահատուկ դպրոց էր ինձ համար, որտեղ տասը տարուց ավելի ստանձնեցի հաղորդավարի կերպարը: Եթե գծեմ Երևանի քարտեզը, հիմնական կետերը կլինեն Պրոսպեկտի բնակարանս ու Նորքում գտնվող Հանրային հեռուստաընկերությունը՝ բացվող գիշերային Երևանի տեսարանով: Երևանը հեռվից ավելի գեղեցիկ է: Այդ քարտեզի վրա առանձին մի կետ է նաև Կասկադը: Դեռ Քանաքեռում էի բնակվում, գալիս էի Կասկադում գործող առաջին դիսկոտեկներից մեկը: Հետո տուն գնալուց աստիճաններով բարձրանում էի մինչև Մոնումենտ ու 200 դրամանոց երթուղայինով տուն էի գնում: Երևանը այն քաղաքներից է, որ անհասկանալի, տարօրինակ պատճառներով կարոտում ես: Գուցե պատճառը հենց ունեցածդ պատմություններն են: Քաղաքը ինձ համար մարդիկ են, ովքեր հարստացնում ու ներկայացնում են նրա դեմքը: Ի դեպ, հենց մարդիկ էլ փչացնում են քաղաքի դեմքը: Երևանը ամենագեղեցիկ քաղաքը չէ աշխարհում: Այն առանձնահատուկ է իր մարդկանցով, բնակիչներով, անհատականություններով:

Երևանում ոգեշնչողները պատրաստ կանգնած չեն: Եթե ստեղծագործում եմ Երևանում, բնական է, որ քաղաքից եմ ոգեշնչվում: Բայց, օրինակ, Լոնդոնը ինձ ավելի շատ ոգեշնչեց: Չապլինը լավ խոսք ուներ՝ արվեստը նախքան թևեր տալը, նախ և առաջ կոտրում է ոտքերդ: Երևանը ավելի շուտ կոտրում է ոտքերդ: Անբացատրելի, կանչող, ձգող մի բան ունի, որ պահում է իր մոտ, չի ուզում, որ հեռանաս: Երևանը առավել սիրում եմ ամռանը, երբ տարբեր երկրներից մարդիկ են գալիս: Ինձ դուր է գալիս, որ այլազգի մարդիկ կարող են գալ ու տեսնել երևանցիների հյուրընկալությունը, որը, փառք Աստծո, դեռ չի մահացել: Տարբեր ազգի մարդկանց հետ եմ շփվում, որովհետև կա համընդհանուր մի լեզու, որ բոլորն են հասկանում: Ես երկրի քաղաքացի եմ: Պատրաստ եմ ուրիշ քաղաքում ապրել, բայց դա չի զրկի ինձ իմ քաղաքը սիրելու ու երևանցի լինելու իրավունքից: Մեր քաղաքին նվիրված շատ լավ երգեր կան, ինքս չեմ ուզում երգել Երևանի մասին պարզապես երգելու համար: Շատ լավ գիտակցում եմ, որ մեր ազգի պարագայում, եթե խոսեմ հայրենասիրությունից, հազարավոր ավելի շատ մարդիկ կսիրեն ինձ: Բայց այդ նպատակով հայրենիքի մասին փշաքաղեցնելով խոսելը ազնիվ չէ: Ես ինքս գիտեմ, թե որքան շատ եմ սիրում հայրենիքս: Երևանում սիրված լինելը ոչ թե կաշկանդում, այլ հակառակը՝ ազատություն է տալիս: Անձնական ներքին ազատություն եմ ձեռք բերել ու հասել եմ այն մակարդակին, որ այն իր դրսևորումներն է ստանում անկախ գտնվելուս վայրից: Երևանը շատ լավ հիշողություն ունի, որովհետև քաղաքում օդափոխություն, իր բոլոր իմաստներով, շատ հազվադեպ է տեղի ունենում: Եվ մարդիկ ավելի շատ հնից են կառչում: Ես նորության սիրահար եմ, բայց եթե այն ինքնանպատակ չէ: Երևանը սխալ է ամաչեցնում: Մի օր տեսա մեծահասակ մի կին խանութի ցուցափեղկն էր լվանում: Մտածեցի, եթե իր փոխարեն որդին լվանար, ավելի լավ կլիներ: Սակայն Երևանում, չգիտես ինչու, տղայի՝ ցուցափեղկ լվանալը ամոթ է համարվում, իսկ եթե մայրն է լվանում՝ ոչ: Չկա մարդկային փոխըմբռնում, գնահատել ու ըմբռնել դիմացինին այնպիսին, ինչպիսին որ կա: Եթե մարդիկ չեն սիրում դեղինը, ուրեմն չեն ընդունի, որ մեկը սիրի: Երևանում պետք է անհատականություններ ձևավորվեն, որ հետո էլ մեր քաղաքի գույնը դառնան: Երևանը, ըստ իս, մոխրագույն է: Մեր քաղաքի գույնն ու հոտը միայն անձրևից հետո եմ սիրում: Երևանի ամենագունավոր կետը սիրահարների այգին է: Միայն թե... չեմ մեղադրում այգու պատասխանատուներին, բայց չեմ ընդունում, որ կանաչապատ տարածքները պարսպապատված են ու չի կարելի խոտերի վրա քայլել, նստել կամ պառկել: Այնքա՜ն կուզեի: Փոխարենը, «Կիլիկիայի» այգին եմ սիրում: Այնտեղ կարելի է պառկել խոտին ու վերևից վայելել Երևանի գեղեցիկ տեսարանը՝ Սուրբ Սարգիս եկեղեցի, Փարաջանովի տուն-թանգարան: Երևանում այգու մեջ տեղակայված բացօթյա կինոթատրոն կբացեի: Կոմիտասի շուկայի հարևանությամբ գտնվող այգում շատ վաղուց նման բան կար: Իմ բացօթյա կինոթատրոնում կլինեին աթոռներ, նաև հնարավոր կլիներ դիտել ֆիլմերը ավտոմեքենաներից: Երևանապաշտություն… գուցե իսկապես կան մարդիկ, ովքեր հավատում են դրան: Երևանը սիրել, նշանակում է հարգել դիմացինին, իսկ մարդկանց այսօր անտեսում են: Երևանում ամեն օր քեֆ է՝ երկուշաբթիից մինչև մյուս երկուշաբթի: Ուրախ եմ ու սիրում եմ այս ավանդույթը: Այնքան եմ սիրում Երևանը առավոտվա վեցին: Այն հոգոց է քաշում ու հանգստանում է բոլորիցս այդ պահին: Ուշ քնելուս պատճառով հաճախ քայլում եմ Երևանով այդ ժամերին: Եթե հասնում եմ Կասկադ՝ կանաչապատ մասերում ոտաբոբիկ քայլում եմ: Եթե զրուցում ենք Երևանի հետ, նրան դու-ով եմ դիմում:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ դեմքեր

Աֆրոերևանցիներ

18 19

Հուլիս/Օգոստոս 2012


Երևանում չկան հառլեմներ: Այդ պատճառով կարող է անհավանական թվալ, որ մեր քաղաքում կան մարդիկ, ում հանգիստ սրտով կարելի է անվանել սևամորթ երևանցիներ: Նրանք մեզ պես աշխատում են, ապրում են ու ընտանիք են կազմում Հայաստանի մայրաքաղաքում:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ դեմքեր

Ջորդանո, Կուբա

Մեկուկես տարի է արդեն Հայաստանում եմ: Սկզբում ահավոր դժվար էր մարդկանց հետ շփվելը և դրա միակ պատճառն իմ մաշկի գույնն էր: Ես հասկանում եմ, որ Հայաստանը երկար տարիներ եղել է Խորհրդային Միության կազմում, և հայերը սովոր չեն իրենց երկրում «այլ» մարդկանց տեսնել: Բայց 21-րդ դարում մարդկանց գույներով տարբերելը ծիծաղելի է: Երբ դուրս էի գալիս փողոց, մարդիկ զարմացած հայացքով նայում էին վրաս ու ծիծաղում: Հենց դա էր, որ սկզբում ինձ համ զարմացնում էր, համ էլ հիասթափեցնում: Հիմա արդեն էդպես չի կամ էլ ես սովորել եմ դրան: Օրինակ, մի անգամ մարշրուտկայում մի տարեց կնոջ տեղ տվեցի, որ նստի: Բայց նա ոչ միայն չնստեց իմ կողքին, այլ նաև արհամարհանքով թեքեց գլուխը: Հայաստանում գումար եմ աշխատում տարբեր ակումբներում լատինական պարեր՝ ռումբա, սալսա, բաչատա դասավանդելով: Մի ծիծաղելի բան պատահեց վերջերս պարապմունքի ժամանակ: Մոտեցա մի աղջկա, որպեսզի ցույց տամ, թե ինչպես է պետք ճիշտ պարել, բայց հենց փորձեցի կպնել նրան, աղջիկը վախեցավ ու սկսեց դողալ: Ես դադարեցրի պարապմունքն ու սկսեցի բարձրաձայն ծիծաղել: Խեղճ աղջիկ, վախեցել էր ինձանից: Կուբայում և Հայաստանում շատ նմանություններ կան՝ նման են շենքերը, փողոցները, որոշ սովորություններ: Բայց ընդհանուր առմամբ, Կուբան ավելի բաց ու ազատ երկիր է: Այս առումով հայ աղջիկներն ավելի ազատ են ու շփվող, քան տղաները: Սկզբնական շրջանում ես մենակ աղջիկների հետ էի ընկերություն անում, իմ ու հայ տղաների մեջ ինչ-որ բարիեր կար: Նրանք ինձ չէին ընդունում, ես էլ՝ իրենց: Ինչ անեմ, ես էլ Կուբայի քյարթուներից եմ… Չնայած հիմա շատ հայ տղաների հետ եմ ընկերացել, բայց իմ ամենամտերիմ ընկերները, մեկ է, երեխաներն են: ո՜նց եմ սիրում երեխաներին, ինչքա՜ն լավն են նրանք: Փողոցում, երբ տեսնում են ինձ, վազելով մոտենում ու ասում են՝ բարև, Ջորդանո: Ազատ ժամանակ հանդիպում եմ ընկերներիս, գնում ենք ֆիթնես ակումբ կամ պարզապես քայլում ենք փողոցով: Ես շատ եմ սիրում հայկական ազգագրական պարերը, դա մի ուրիշ հաճույք, մի ուրիշ մշակույթ է ինձ համար: Նույնիսկ մի քանի անգամ հաճախել եմ ազգագրական պարերի և մտադիր եմ հայ-կուբայական ազգային պարերի միքս պատրաստել: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր բան կստացվի: Բացի հայկական պարերից շատ եմ սիրում խաշ, դոլմա և ձյուն: Բայց, եթե խաշ ու դոլմա կարող եմ ամեն օր ուտել, ապա ձյունը մեկ շաբաթից ավելի տանել չեմ կարողանում:

20 21

Հուլիս/Օգոստոս 2012


Ամիր, Գվինեա

Աֆրիկայից 2 ամիս առաջ եմ եկել Հայաստան: Փիլիսոփայության ֆակուլտետն եմ ավարտել Գվինեայում: Ես տաք եղանակի եմ սովոր, իմ ծննդավայրում տարին բոլոր արև է, իսկ Երևանում բավականին ցուրտ է: Փոխարենը այստեղ մարդիկ են շատ ջերմ: Բայց դե, եղանակն իմ վրա չի ազդում, ինչպես ասում են՝ սևերը չեն մրսում, սևերը մենակ լավ պարում, երգում են ու հիանալի սպորտսմեններ են: Երևանյան ռեստորաններից մեկում շվեցարի աշխատանք եմ գտել, էդպես եմ գումար վաստակում: Հայերեն դեռ չեմ հասցրել սովորել, բայց փողոցի անցորդներին կարողանում եմ հայերենով ասել «է՜ստի համեցեք, է՜ստի համեցեք»: Չգիտեմ, հետագայում ոնց կդասավորվի իմ կյանքը, բայց ես հարյուր տոկոս չեմ ցանկանա հեռանալ էստեղից: Բացի Հայաստանից եղել եմ Ռուսաստանում և Մարոկկոյում: ոչ մի տեղ ժողովուրդն էնքան լավը չէր, ինչքան էստեղ. բարի, առատաձեռն և հյուրասեր, հյուրասեր, հյուրասեր… Օրինակ, Ռուսաստանում շենքերն ու փողոցներն ավելի շքեղ էին, քան Երևանում, բայց մարդիկ շատ սառն են էնտեղ, իսկ Երևանում… Շատ է պատահել, որ հենց փողոցում անծանոթ մարդիկ ինձ ուտելիք են հյուրասիրել: Իմ երկրում էսպիսի բան չկա: Սիրում եմ հայկական ուտելիքները, բայց դեռևս չեմ սովորել դրանց անունները, մենակ համին եմ ծանոթ, շատ համով են: Պիցա առաջին անգամ Երևանում եմ կերել, գիտեմ որ հայկական ուտելիք չէ, բայց հայերն էլ են շատ համեղ կարողանում պատրաստել: Երևանը բավականին քաղաքակիրթ քաղաք է, մարդիկ խելացի են ու կրթված: Սա հեշտացնում է շփումը: Եթե էնպես ստացվի, որ կարողանամ լավ աշխատանք գտնել ու կարգին փող աշխատել, էլ երբեք չեմ հեռանա Երևանից, ավելին, ընտանիքիս էլ կասեմ՝ «Է՜ստի համեցեք՝ Երևան»:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ դեմքեր

Էլվիս, Կոտ Դ՚Իվուար

Մոտ երկու տարի առաջ որպես ֆուտբոլիստ եկա Հայաստան: Շատ հայ ընկերներ ունեմ արդեն: Լավ տղաներ են բոլորն էլ ու պետք եկած ժամանակ ինձ շատ են օգնում: Բայց ինչո՞ւ եք դուք՝ հայերդ, ամեն անգամ զարմացած նայում սևերին: Ի՞նչն է այդքան զարմանալի: Օրինակ, սկզբում ինձ մարդիկ փողոցում մատով էին ցույց տալիս ու Մայքլ Ջեքսոն էին կոչում: Բայց եթե իմ երկրում մենք սպիտակ մարդ ենք տեսնում, ոչ զարմանում ենք, ոչ էլ մատով ենք ցույց տալիս: Այստեղ շատ դժվար է ապրելը, որովհետև աշխատանք գտնելն է դժվար և վարձատրությունն է ցածր: Առավոտից երեկո աշխատում ես ու 2000-25000 դրամ ես վաստակում: Ճիշտ է, ես որպես ֆուտբոլիստ եմ այստեղ, բայց միայն դրանով անհնար է ապրելը: Ստիպված գումար եմ վաստակում նաև ֆիլմերում ու գովազդային հոլովակներում նկարահանվելով: Ես գիտեմ, որ Հայաստանից շատ հայեր են գնում արտասահման, հատկապես Ռուսաստան աշխատելու: Հայաստանը շատ լավ երկիր է, հայերը շատ լավն են, բայց ձեր երկիրը սա է, ու եթե դուք բոլորդ ապրեք Հայաստանում, այն ավելի արագ կզարգանա: Ֆուտբոլը սկսել է զարգանալ արդեն, հայերը լավ ֆուտբոլիստներ ունեն, իսկ եթե նրանք նաև չծխեն, ապա ավելի լավը կդառնան: Մի բան է ինձ զարմացնում Հայաստանում: Մարդկանց մեծ մասը աշխատանք չունի, բայց կարողանում է ապրել, առեղծվածային է, չէ՞: Իսկ ինչ վերաբերվում է հայ աղջիկներին, ասեմ, որ նրանք պարզապես հրաշք են: Աշխարհում հայ աղջիկներն ամենալավն են՝ գեղեցիկ են, հավատարիմ ու շատ բարի: Նրանք կարող են սիրել մի տղայի, ով ոչ աշխատանք ունի և ոչ էլ փող, նրանք կարող են առավոտից երեկո աշխատել ու գումարով օգնել իրենց տղամարդուն: Սա ինձ իսկապես ցնցում է: ոչ մի տեղ այսպիսի բան չեմ տեսել: Օրինակ Աֆրիկայում այդպես չէ: Իմ երկրում կանայք տանն են նստում, տղամարդիկ են աշխատում: Իսկ այստեղ…. Բոլոր հայ աղջիկներին բրավո իմ կողմից: Դուք պարզապես հրաշք եք: Առաջիկա 2-3 տարին դեռ այստեղ եմ մնալու, պլաններ ունեմ: Սիրած հայ աղջիկ ունեմ, շատ լավն է. ես շատ եմ սիրում նրան: Երազում եմ շատ փող ունենալ, որ կարողանամ ամուսնանալ, ընտանիք կազմել ու բալիկներ ունենալ: Ես համոզված եմ, որ Աստված ողորմած է, և նա կիրականացնի իմ երազանքը: Իսկ եթե մի օր գնամ Երևանից, ապա ամեն ինչ կկարոտեմ այստեղ, ամեն ինչ:

22 23

Հուլիս/Օգոստոս 2012


Քրիս, Հարավային Աֆրիկա

5 օր է, ինչ Հայաստանում եմ: Ինքս որոշեցի ու եկա: Իրավաբանի կրթություն ունեմ, բայց նաև շատ գեղեցիկ ֆուտբոլ եմ խաղում: Հայաստան եմ եկել հենց որպես ֆուտբոլիստ: Առաջիկայում պետք է մի քանի թեստ հանձնեմ, որ իրավունք ստանամ խաղալու թիմերից մեկի կազմում: Թե ինչպիսի ֆուտբոլիստներ են հայերը, չեմ կարող ասել, որովհետև դեռ մարզադաշտ դուրս չեմ եկել նրանց հետ: Ձեր երկիրը շատ գեղեցիկ է, մայրաքաղաքը՝ առավել ևս: Չորս կողմը սարեր են ու ռեստորաններ: Մարդիկ կարող են շատ լավ անցկացնել իրենց ժամանակը: Ինչպես հասկացա՝ անհնար է Երևանի փողոցներով քայլել և որևէ բան չանել, որովհետև այնքան շատ են ժամանցի վայրերը, ռեստորանները, ֆաստ ֆուդերը: Ձեր հրապարակն ինձ պարզապես ցնցեց. այդ ի՜նչ գեղեցիկ է, բա ֆանտանները, բա լույսերը… հրաշք է: Նախքան այստեղ գալը գիտեի, որ Հայաստանը եղել է նախկին Խորհրդային Միության կազմում և գիտեի նաև, որ դուք մի գեղեցիկ, բարձր ու առասպելական սար ունեք, անունը Արարատ: Իրոք որ, այդպես է: Դեռ չեմ հասցրել ծանոթանալ տեղական ճաշացանկին, միայն հասցրել եմ հայկական գարեջուր փորձել. համեղ է: Տուրիստները երբեք Երևանում չեն ձանձրանա, քանի որ դուք հարուստ մշակույթ ունեք: Բացի այդ տրանսպորտն է շատ էժան: Հայաստանը ո՛չ Եվրոպա է, ո՛չ Ասիա, ավելի ճիշտ հա՛մ Եվրոպա է, հա՛մ Ասիա, այսինքն՝ այս երկու մշակույթների միքսն է, իսկ միքսերը, ինչպես գիտեք, միշտ էլ լավն են լինում: Ինչպես՝ օրինակ, սև ու սպիտակ ծնողների երեխաները՝ նրանք շատ սիրուն են լինում: Այ Հայաստանն էլ հենց այդպիսին է: Ես մեր ընտանիքում 5-րդ երեխան եմ, մենք 10 քույր ու եղբայր ենք: Երբ իմացա, որ Հայաստանում մաքսիմում 2-3 երեխա են ունենում, շատ զարմացա: Իմ երկրում այդպես չէ: Օրինակ իմ հոր ընտանիքում 22 երեխա են եղել: Մենք 10-ն ենք, բայց ինչպես տեսնում եք, դա այդքան էլ մեծ թիվ չէ: Այստեղ գալուց առաջ քույրս մազերս աֆրիկյան հյուսեր արեց: Քանի որ նա ինձ հետ այստեղ չէ, երևի հետագայում ես ինքս հյուսեմ մազերս: Հայաստանն ավելի ազատ, բաց երկիր է: Հարավային Աֆրիկան այդքան էլ այդպես չէ: Մենք մի քիչ ավելի փակ ու ավանդապաշտ երկիր ենք: Փոխարենը մեր երկրում կա ի՜նչ ուզես՝ արևադարձային մրգեր, ջունգլիներ, առյուծ, վագր, փիղ… ինձ ասացին, որ այստեղ փոխարենը միայն շուն ու կատու կհանդիպեմ դրսում: Հա, Սևան եմ գնացել: Շատ սիրուն լիճ ունեք. կապույտ, պարզ, լեռներով շրջապատված: Ասում են, որ ձմռանն այստեղ բավականին ցուրտ է լինում: Չեմ վախենում: Մեր մաշկն ընդունակ է հարմարվելու ցանկացած կլիմայի: Մարդիկ էլ են շատ լավը: Ինձ թվում է ես այստեղ երկար կմնամ:

Սոնա Խաչատրյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Գրողը տանի

Ժամանակակից հայ գրողները «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում են Երևան քաղաքի մասին:

ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆ Հեղինակի պատմվածքները կարելի է կարդալ գրական մամուլում («Ինքնագիր», «Գրեթերթ», Granish.org), ինչպես նաև «Անտարես» հրատարակչության կողմից 2011-ին հրատարակված «19 պատմվածք» ժողովածուում:

Նամակ վարդագույն ընկերոջս (կարդում ես ուրիշի նամակը)

Գրում եմ, որովհետև էլ ուժ չունեմ հետդ խոսելու: ւրոք քեզ սխալ եմ հասկացել, ինձ թվացել է, որ նմանիս հետ գործ ունեմ, ազատ մեկի, ում համար սերը սահման չի ճանաչում ու մարմնականության բոլոր ձևերն ընդունելի են: Մտածել եմ, որ հետդ լինելու միակ նախապայմանը բացվելն է, ու կծիկի պես բացվել եմ, հետդ կապվել եմ՝ քարկապվել մինչև վերջ, ոնց որ երգում՝ քո ամեն քարի հետ: Հիմա արդեն գիտեմ, որ պահպանողական ես, շատ ավելի քան կարծում էի, որ զգացմունքներս անսովոր են քեզ համար, անընդունելի: Դու ուրիշ բան ես հասկանում սեր ասածի տակ, ես՝ ուրիշ: Պարզ է. հետս սեր չես անելու, ու էդ միտքն անգամ քեզ վիրավորում է: Քեզ մեղադրելու համար չեմ ասում, ուղղակի խոստովանում եմ, որ էլ իմ միակ օթևանը չես, ես քեզ դավաճանել եմ՝ լիքը-լիքը, հենց ոտքս ընկել է ավելի սիրունի, ավելի գերողի դուռը, միանգամից մոռացել եմ դատապարտող հայացքդ ու զվարճացել ուրիշների գրկում: Հա, կարոտել եմ, բան չունեմ ասելու, ամեն անգամ մի երկու շաբաթից «ես իմ պառավ յարին» եմ հիշել, բայց ոչ դու ես Անին, ոչ էլ ես՝ Շիրազը, որ քեզ տեսնեմ ու նոր մեռնեմ:

Ասում են՝ քեզ անկեղծ սիրելը չգրված օրենք է: Կներես, չգրված օրենքով շարժվել չի ստացվում: Սա փակուղի է: Եթե առանց ինձ վնասելու քեզ քանդել չի լինում, ուրեմն՝ ինքդ էլ կտրիր մեր քարկապը: Իմ ձեռքը չի գնում, իսկ քեզանից բան չի գնում, ընդունիր, որ էլ քոնը չեմ, պարզապես քո ուրիշի նամակն եմ՝ չկարդաս, նախընտրական խոստումդ եմ՝ չկատարես, շահող կտրոնդ եմ՝ չջնջես, պետական կարիքդ եմ՝ այ դա տեղը-տեղին կհոգաս, աննախադեպ առաջարկդ եմ՝ անպայման կհրաժարվես, քո չարտոնված երթն եմ՝ կցրես, երկար սպասված պատվերդ եմ՝ չընդունես, քո աստծո բարևն եմ՝ չառնես, քո բաց բերանն եմ՝ կփակես, խոր վախդ եմ՝ բռնել չտաս, կապույտ երազդ եմ՝ չխաբվես, քո դեղին արյունն եմ՝ կթափես, քո դանակ-մկրատն եմ՝ չսրես, անուշ կենացդ եմ՝ չխմես, շտապ կանչդ են՝ կմոռանաս, մոտիկդ եմ՝ կվտարես, լավդ եմ՝ չուզես, ցավդ եմ՝ չտանես, ծնունդդ եմ՝ չնշես, թշնամիդ եմ, տնից կլինեմ, բանի տեղ չդնես, ես կանցնեմ կգնամ, դու էլ կապրես, ոնց որ երգում՝ հավիտյան: Մենակ խնդրում եմ էլի, պետք չի նենգափոխել իրողությունները. պետք չի հասկացող ձևանալ ու օգնելու փորձեր

ձեռնարկել, որովհետև օգնությունդ եղել ու մնում է իմ մարմնական ազատության սահմանափակման հաշվին: Հիմա քո քար լռությամբ դու վիրավորում ես սիրո մասին իմ պատկերացումները և դարձնում մեր միջև փոխադարձ, հավասար սերն անհնար ու անհասանելի: Անմարմին ոգեղենություն: Գուցե քեզ համար բնական է էս վիճակը, որովհետև դու հոգևոր աշխարհից ես, պատմություն ես, բայց ինձ համար էդպես չի: Ինձ համար մեր կապը վերմարմնական իրողություն չի, իմ սիրածը մարմին ունի, ձև ունի, գույն ունի, համուհոտ ունի, ոչ թե անմարմին ոգի է, մեր սերն էլ ամենահնարավոր սովորական բանն է, մարդու պատկերացրած բոլոր անհասանելի բաներից ամենահասանելին: Դու լավ գիտես, կամուրջներդ մտովի հազար անգամ վառել եմ՝ դա պոռթկում էր, անզուսպ կիրք ու երեսիդ թքելու անթաքույց ցանկություն: Քո հին ճամփեքով լիքը անցել եմ. դա էլ ինքնազսպում էր, փախուստ, ճշմարտության աչքերին նայելու անհամարձակություն, անիմաստ ինքնախարազանում ու ինքնաոչնչացում: Երկու դեպքում էլ, ուզածս պարզ բան էր, որ սերս մեզ թևեր տա, ոչ թե ստիպի զզվել ինձնից,

քեզնից, մեզնից, բոլորից, լինել ոչինչ, ոնց որ երգում՝ դու ինձ համար սիրո աղբյուր, ես քեզ համար՝ գուցե ոչինչ: Սերս քո գրկում սուրճ խմելով չի անցնելու, ոչ էլ փողոցներդ չափչփելով, ընդհակառակը՝ սրվելու է: ու քանի դեռ պատրաստ չես ինձ ընդունել այնպես, ինչպես կամ, ուրիշների հետ եմ սեր անելու: Չափսոսաս, ոչ առաջինդ եմ, ոչ էլ՝ վերջինդ, իմ հետևից էլ քո սառնորակ ջրերից մի դույլ կշփես: Դու լավ կաց, ու հեչ էլ չտխրես, մեծ աշխարհ՝ մի կարճ կյանք, չարժի ողբերգություն դարձնել մեր անպատասխան սիրո սովորական պատմությունը: Դու քեզ լավ նայիր, իմացած եղիր, որ ամեն դեպքում թանկ ես ու հարազատ, որ գլխիցդ մի մազ պակսի՝ սրտիս ցավ կտա: Պաչ, ցավդ տանեմ, պատասխան էլ չեմ ակնկալում, մոտավոր գիտեմ բոլոր հին ու նոր երգերդ: Չեմ նեղանում, լավից բացի բան չեմ տեսել, խոշոր հաշվով նեղանալու տեղ էլ չունեմ, ուղղակի էլի եմ ասում՝ քեզ սխալ եմ հասկացել, կներես, կյանք է, ամեն ինչ էլ կպատահի, ու քանի որ էս փակուղում հայտնվել եմ իմ էշ խելքից, ուրիշ ելք չեմ տեսնում, քան քեզ ևս մեկ անգամ, հուսով եմ՝ վերջին, ասել ողջ ճշմարտությունը. դու վարդագույն չես, ես եմ ակնոցավոր: Քո՝ ես

Աննա Գրիգորյան

24 25

Հուլիս/Օգոստոս 2012


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՇԽԱՆՅԱՆ Հեղինակի ստեղծագործությունները կարելի է կարդալ գրական մամուլում («Բնագիր», «Ինքնագիր», «Գրեթերթ»), ինչպես նաև 2011-ին լույս տեսած նրա անդրանիկ՝ «Ուվալնյատի օրը» պատմվածքների ժողովածուում:

Ընկերների քաղաք՝ բաց երկնքի տակ Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկից շարժվելու երեք տարբերակ կա: Եթե ուզում ես ինքնահաստատվել՝ ձախ գնա, եթե ուզում ես մարդամեջ մտնել՝ ուղիղ գնա, աջ գնալու դեպքում պարզապես երկարում է ուղիղ գնալու ճանապարհդ: Սկսել եմ ձախից ու սովորել Երևանի ամենասիրուն դպրոցում. արտաքին գեղեցկությանը չեմ խաբվել ու փորձել եմ ինքնահաստատվել: Ինքնահաստատվում էի դպրոցի հետևում՝ կռիվների ժամանակ, դպրոցի ֆուտբոլի դաշտում՝ ֆուտբոլ խաղալով (երբեմն թաղի տղերքով գնում էինք Այգեստան՝ ինքնահաստատվելու, երբեմն իրենք էին մեզ մոտ գալիս): Ինքնահաստատվում էինք դպրոցի հետևի բակի Սաքո ձյայի «կամպյուտրնոցում»՝ «Սոնիով» ֆուտբոլ խաղալով: Խփում էի, թքում էի ինձնից մեծերի, տարեկիցներիս վրա ու փախչում, հետո բռնում էին, գլուխս ջարդում՝ ինքնահաստատմանս անցած ամբողջ ճանապարհը ջուրը գցում, ինչի հետևանքով շարժվում էի ավելի ձախ՝ Սարի թաղից իջնում Մետաքս, Նար-Դոս, Գնունի, Կրիվոյ: ու արդեն Գնունու 50/50 ֆուտբոլի դաշտում էի ինձ գտնում, Մետաքսի Գարիկնոց «կամպյուտրնոցում» ցույց տալիս ֆուտբոլային գիտելիքներս, սովորում էի այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ «լավ անելը լավ տղու համար ապռավդանի չի», «երդումից թռնողը սրբություն չի հարգում», «քնաք, զարթնաք՝ լավ տղա դառաք», «էրկու օր պիվի չղրգինք՝ առիթավորվաք», «ազիզը քաղցր խոսք ա, քաղցր խոսքից աբխադի՞տ ես ըլնում»: Ամառային արձակուրդներից հետո այդ հասկացությունները կիրառում էի դպրոցի բակում ու միառժամանակ դիրքս հաստատում, մինչև այդ ամենը

ինձ վրա էին կիրառում ու դիրքս նորից գցում: Այն աստիճան գցում, որ ստիպված դպրոցն էի փոխում ու սկսում հաստատվել ավելի քաղաքակիրթ վայրերում՝ Սահմանադրական դատարանի հետևում կամ Թամանյանի արձանի դիմաց: ուրեմն, Սահմանադրականի շենքի ներսում լուրջ մարդիկ լուրջ խնդիրներ էին քննարկում, իսկ շենքի հետևում՝ է՛լ ավելի լուրջ տղերքն է՛լ ավելի լուրջ հաշիվներ էին պարզում. «Քեզ չէի ասե՞լ՝ հետս կատակ չանես», «Էդքան դառել ե՞ս, որ ինձ խփես», «Էդ աղջկան ես վեց տարի ա ուզում եմ, մինչև ես չմոտենամ, դու որևէ քայլ չանես»: Քանի որ դպրոցը տեղափոխվել էր Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկից ուղիղ տանող ճանապարհի վրա ու, հետևաբար, քաղաքն ավելի էր մեծացել, վերցրի Չարենցի երկու ընկերներիս, ու սկսեցինք այդ ճանապարհով գնալով մտնել մարդամեջ: «Սոնին» փոխարինվեց անհատական համակարգչով, ֆուտբոլը՝ մեդալով, բայց երկար չտևեց, մինչև անհատական համակարգչի ֆուտբոլի բացահայտումը: Խաղակումբներն արդեն կախված չէին այն բանից, թե ո՞ր բակերում ես զվռնում ամբողջ օրը, այլ թե՝ որտե՞ղ է շատ մարդ հաճախում, ու ո՞ր տեղերում են համակարգիչները նորմալ աշխատում: Խաղացինք «Արենայում»՝ Խանջյանի վրա, «Լիբերթիում»՝ նախկին ՀՀՇ-ի շենքում, «Մաքս Փաուերում»՝ «Սիլ փլազայի» շենքում, հետո մյուս «Մաքս Փաուերում»՝ Աստաֆյանի շենքում: Այդպես՝ այնքան, մինչև ընկերս ծրագրավորման ընկերություն հիմնեց, ու արդեն խաղում էինք մամուլի շենքում: Խաղակումբներից վերադառնալիս պարտադիր անցնում էինք Բայրոն փողոցով,

որտեղ սիրած աղջիկ ունեի: Այնտեղ երեքով պարտադիր պիտի գայլի պես ոռնայինք՝ աու՜: Դրանից հետո մեզնից մեկը երդվում էր, որ մինչև Սայաթ-ՆովաՉարենց խաչմերուկը պիտի վազենք: Վազում, հասնում էինք, բայց շարունակում էինք վազել, որպեսզի երդվողին բռնենք, ծեծենք: Եթե ցերեկն էինք ճամփա ընկնում խաղատներ, անպայման անցնում էինք Տերյան փողոցի շորերի խանութներից մեկի մոտով, որովհետև այնտեղի աշխատակցուհիներից մեկը երկար ոտքեր ուներ, կարճ շրջազգեստ, շեկ երկար մազեր ու պաստառային դեմք (ֆոտոշոփ արված): Գլուխներս ձախ թեքած, բերաններս բաց քայլում, անցնում էինք խանութի կողքով, հետո շրջվում ու ևս մեկ անգամ անցնում՝ արդեն գլուխներս աջ, այդպես՝ մի քանի անգամ, ու նրան անհասանելի լինելու զգացումով լծված, շարունակում ճամփան: Չարենցի երեք ընկերներից մի օր պիտի մնայինք երկուսով: Դոդոն վերջին անգամ՝ հարբած, հոծ գծով պիտի քայլեր խաչմերուկից ձախ՝ իրենց տուն, ու գնար ուկրաինա: Մի քանի տարի հետո, երբ մի ամսով հետ վերադառնար, ինձ ու Դավոյին չէր ընկերակցելու «աու՜» գոռալիս, ու «աու՜»-ն հետզհետե անցնելու էր պատանեկության արխիվ: Չնայած, նրա մեկնելու մեջ դրական կողմ էլ կար, Դոդոն համակարգչով ֆուտբոլ չէր խաղում, ես ու Դավիթը կարող էինք մեր ուզածի չափ ֆուտբոլ խաղալ ու չլսել Դոդոյի աղաչանքները՝ «լավ էլի տղերք, դուրս էկեք՝ ուրիշ խաղ խաղանք»: Ամեն անգամ խաղակումբից դուրս գալուց, Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկ վերադառնալիս, հաղթած ընկերը ձեռ էր

առնում պարտվածին. «Խաղալ չսովորար, էլի», պարտվածը՝ ներվայնանում. «Բախտդ բերեց, էլի, կլավիատուրան լավ չէր աշխատում», «Հազիվ էլ պենալներով կրես»: Հաճախ ես էի հաղթում, մինչև չգնացի երկու տարի ընդմիջման, հետ եկա ու սկսեցի պարտվել: Բայց հետ գալու ճամփին ոչ թե լսում էի Դավիթի կծու կատակները, այլ այն, թե ինչքան ուրախ է, որ ես վերադարձել եմ ծառայությունից, որովհետև հիմա մենակ չի քայլում դեպի տուն: Կանցնի ժամանակ, ու ես կհասկանամ Դավիթի տխրությունը՝ իմ բացակայության ժամանակ: Երբ հերթական անգամ դուրս գանք բակի պատի վրա ծխելու, պիտի ասի՝ գնում ենք Հայաստանից: ու ես պիտի հարմարվեմ, որ Չարենց փողոցում ապրող երեք ընկերներից մենակ ես եմ մնալու Երևանում ու՝ մարդամեջ դուրս գալուց հետո, չնայած փորձելու եմ մյուս ընկերներիս համոզել, որ ինձ ճանապարհեն, բայց մեկ է՝ մենակ եմ տուն վերադառնալու: Գնացած ընկերը Երիտասարդական պալատի պես է. նայում ես՝ պիտի, որ տեղում լինի, բայց չկա: Պարզ է արդեն, որ Երևանը ոչ թե ինքնահաստատվելու կամ մարդամեջ մտնելու կամ բաց երկնքի տակ վարդագույն, այլ ընկերների քաղաք է: ու նրանցից շատերը թեև հեռանում են, բայց եթե նորերը չհայտնվեն, չես կարող ո՛չ ինքնահաստատվել, ո՛չ մարդամեջ մտնել, ո՛չ էլ սիրածիդ պատշգամբի տակ սերենադ կազմակերպել: Երևի Արգիշտին էլ Էրեբունին կառուցելիս կատակներ էր անում ընկերների հետ:

Անահիտ Հայրապետյան


ԹԵՄԱ Հարցազրույց

Ֆիլմին վերջ չկա Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը խոսում է հայրենական կինոարտադրության խնդիրների և առաջխաղացման մասին:

Պարոն Գևորգյան, ի՞ նչ վիճակում է հիմա հայկական կինոն: Արդյոք այն որակապես ու զարգացածության աստիճանով բավարար մակարդակ ունի՞ ու գոհացնո՞ւմ է հանդիսատեսին: — Եթե փորձեմ հակիրճ ներկայացնել, ապա պետք է ասեմ, որ միանշանակ մեծ քայլեր են արվել կինոարտադրության ոլորտում: Եթե մոտ հինգ տարի առաջ Հայաստանում նկարահանվում էր մեկ կամ երկու ֆիլմ տարեկան, ապա հիմա անհամեմատ աճել է կինոարտադրության հանդեպ հետաքրքրությունը, ինչը, սակայն, չի կարելի է ասել կիոնդիտումների մասին: Բազմաթիվ երիատասարդներ են ներգրավվել կինոարտադրության մեջ: Սրան նպաստեցին թե՛ միջազգային փառատոները, թե՛ երիտասարդների աստիճանաբար ավելի ու ավելի գիտակ դառնալը՝ աշխարհի տարբեր ծայրերի հետ կապեր հաստատելու հմտություններ ձեռք բերելը: Առնվազն 10 գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում տարեկան, հինգ-վեց անիմացիոն ֆիլմեր, կարճամետրաժ ֆիմեր, դեբյուտներ: Քանակական աճը լավ է, քանի որ ի վերջո քանակն էլ է բերելու որակի: Մեծ նվաճում է, որ կա շփում միջազգային փառատոների ու ֆոնդերի հետ: Շատերն ասում են՝ իսկ ու՞ր է ոսկե արմավենին, «Օսկարը», բայց վստահ եմ՝ մի օր դրանց էլ կհասնենք: Ինչ վերաբերում է որակական գնահատականին, ապա եթե որպես որակ վերցնենք փառատոնային հաջողությունները, ուրեմն որակը բարձր է: Եթե որպե�� որակի չափանիշ վերցնենք ազգային արժեքների պահպանումը, ներկայացումը, դասականների գործերի էկրանավորումը, ապա այստեղ ավելի տուժել ենք: Խորհրդային տարիներից հետո, երբ պետական ֆինանսավորումը կտրուկ նվազեց ու սկսեցին շատ ֆիլմեր նկարահանվել դրսի ֆոնդերի ֆինանսավորմամբ, ֆիլմերի թեմատիկան էլ փոխվեց: Մենք աշխարհին պետք է ներկայանանք և հետաքրքրենք մեր մշակույթով ու ազգայինի հատուկ տարրերով: Բայց կինոարվեստի ներկայիս զարգացածության պայմաններում մենք կարո՞ղ ենք հայ հանդիսատեսին գրավել ու հետաքրքրել հայկական ֆիլմով: — Այսօր կինո նայելու մշակույթը վերացել է Հայաստանում: Երբ ԽՍՀՄ փլուզումից հետո մեկը մյուսի հետևից սկսեցին քանդվել կինոթատրոնները, կինոդահլիճում կինո դիտելու մշակույթն էլ սկսեց կինոթատրոնների հետ փլուզվել: Հետո հանրությունը սովորեց նաև սերիալների միջոցով ուրիշ տեսակի կինո նայել: Հանդիսատեսին կինոդահլիճ բերելը այդքան էլ հեշտ չէ: Այսօր աշխարհում կինո դիտող հանդիսատեսը գալիս է կինոդահլիճ ոչ միայն ֆիլմ նայելու, նա գալիս է զվարճանքի մի կենտրոն, որտեղ կարող է երեխային թողնել, սրճարան մտնել: Այս պատճառով այսօր աշխարհում զուտ կինոդահլիճներ չեն կառուցվում, բայց կառուցվում են զվարճանքի կենտրոններ: Իսկ մեզ մոտ կարծում են, թե մեկ կինոթատրոն կա, չեն գնում, իսկ որ մի քանի հատ լինի, ընդհանրապես չեն գնա: որքան շատ լինեն կինոդահլիճներն ու կինոկոմպլեքսները, այնքան շատ մարդ կգնա կինոդահլիճ: Մենք, օրինակ, փորձեցինք հետաքրքիր ծրագրեր ներկայացնել «Նաիրի» կինոթատրոնում՝ մանկական ֆիլմերի, համաշխարհային կինոարտադրության: Բայց մենք չկարողացանք հանդիսատես բերել կինոթատրոն: Պատճառները կարծում եմ մի քանիսն են՝ «Նաիրիում» միայն մի դահլիճ կա, անգամ սպասասրահ չունենք, այն մուլտիկոմպլեքս չէ

ու բացի այդ մենք գովազդ չարեցինք, մարդիկ տեղյակ չէին, որ այնտեղ ֆիլմ կարող են դիտել: Բայց չենք հանձնվում, ես ավելի քան համոզված եմ, որ իմ ասած սխեման կաշխատի: Մարդիկ պարզապես պետք է տեղյակ լինեն մեր նախաձեռնության մասին: Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը այն հասարակությունը չէ, որ սերիալ նայի կամ բավարարվի ցածրորակ ֆիլմերով: Իհարկե, սերիալը նույնպես կինոյի տեսակ է, պարզապես մեզ մոտ թե՛ քանակության, թե՛ որակի առումով դրանք մի փոքր չափն անցել են: Ընդ որում, հանրությունը սովորել է այդ անցած չափին: Հիմա պիտի լավը ներկայացնելով փորձենք վերականգնել անցած չափերը: Ամեն ինչ կվերականգնվի, եթե լավը հրամցնենք: Իսկ որտե՞ղ հրամցնենք: Կինոթատրոն չկա, հեռուստատեսությունը չի ցուցադրում: Փաստորեն, համամիտ եք, որ մեկ կինոթատրոնը բավարար չէ Երևանին: Դուք նշեցիք, որ տարեկան 10 ֆիլմ է նկարահանվում, բայց անգամ մեր ունեցած միակ կինոթատրոնում ես 10 հայկական ֆիլմ տարվա ընթացքում երբեք չեմ դիտել: Հայ հանդիսատեսը ո՞րտեղ պետք է դիտի դրանք: — 10 ֆիլմերն էլ լինում են, բայց միայն շնորհանդեսի օրը, մի քանի հոգի տեսնում են ու վերջ: Հայ հասարակությունը չգիտի, որտեղ կարող է հայկական կինո նայել: Մեզ շատերն ասում են՝ դիմեք, որ պետությունը նոր կինոթատրոն կառուցի: Կարծում եմ, որ պետությունը չէ, գործարարներն ու ինչ-ինչ ֆոնդերը պետք է օժանդակեն կինոդիտումների համար նոր կոմպլեքսների կառուցմանը: Միայն պետությունը չի կարողանա կառուցել այն, ինչ քանդվեց սովետական տարիներից հետո: Պետք է դիմենք գործարարներին: Մենք մի քանի նմանատիպ նախագծի վրա ենք հիմա աշխատում՝ հենվելով արդեն եղած, բայց ներկայումս չգործող կինոթատրոնների վրա: Ես կարծում եմ սա է ճանապարհը: Նախկինում ամեն համայնք իր առանձին կինոթատրոնն ուներ: Կենտրոնից հեռու թաղամասերից մարդկանց դժվար է երեկոյան հասնել կինոթատրոն: Իսկ եթե ամեն համայնքում կինոկոմպլեքս կառուցվի, վստահ եմ, որ շատ եկամտաբեր կլինի: Ստացվում է, որ իզուր են երիտասարդ ռեժիսորները բողոքում, որ Հայաստանում կինո նկարելը երիտասարդ ու սկսնակ ռեժիսորի համար գրեթե անհնար է: Կինոարտադրություն կա, բայց այդ ֆիլմերը մնում են դարակներում՝ չցուցադրված: — Վերջերս ինձ էլի այդ հարցը տվեցին, ես էլ խնդրեցի, որ ինձ ցույց տան մեկ մարդու, մեկ երիտասարդի, ով ունի լավ փաթեթ, լավ նախագիծ, դիմել է կինոկենտրոն և մերժվել է: Այսօր կինոկենտրոնի աջակցությամբ երեսունից ավելի ֆիլմ է նկարահանվում՝ մանկական, լիամետրաժ, կարճամետրաժ և այլն: Սրանց մեծ մասը երիտասարդներ են նկարահանում: Այո, միակ ցուցադրությունը այս ֆիլմերից շատերի համար դրանց շնորհանդեսն է լինում, որից հետո ֆիլմերը գնում են փառատոները: Այդ ֆիլմերից որոշներն էլ ներկայացնում ենք «Կինոաշունի» ժամանակ, երբ Հայաստանի տարբեր մարզերում ֆիլմերի ցուցադրություններ ենք կազմակերպում: Իսկապես, քանակական առումով մեծ թռիչք կա: Ես գրեթե համոզված եմ, որ երկու-երեք տարվա ընթացքում մենք Կաննի գլխավոր մրցույթում էլ կմասնակցենք: Ընդունում են, որ այս առումով հանրությունը տեղեկացված չէ, այդ պատճառով

տպավորություն է, թե մենք ոչինչ չենք անում: Հիմա պետք է նորից նստենք-մտածենք, տեսնենք ինչպես անել, որ հանրությանը ներկայացնենք, ինչ է այսօր կատարվում մեր կինոարտադրությունում: Մեզ մոտ դժվար է, քանի որ Հայաստանում կինոշուկա չկա, կինոն շահութաբեր չէ ու գործարարները խուսափում են ներդրումներ անել: Այս պարագայում մենք պետք է փորձենք օգտագործել դուրսը՝ համատեղ արտադրություն կազմակերպել, որպեսզի հայկական ֆիլմերը դրսում եկամուտ բերեն, մեր գործարարներն էլ տեսնեն, որ կինոն կոմերցիոն է, ու իրենք էլ սկսեն ներդրումներ անել: Իհարկե, աշխարհում հակառակն է, ցանկացած ֆիլմ, որ նկարահանվում է, դրա եկամուտի մոտ յոթանասուն տոկոսն ապահովում է տվյալ երկիրը իր ներսում, բայց դե մեզ մոտ ուրիշ է: Ի՞ նչ տվեց այս տարվա Կաննի փառատոնը հայկական կինոարվեստին: Ի՞ նչ հաջողություններ ու նորություններով վերադարձավ հայկական պատվիրակությունը: — Կաննի այս տարվա հաջողությունները երեք տարիների աշխատանքի արդյունքն էին: Մեր տաղավարն անընդհատ լեցուն էր ու աշխույժ: Բազմաթիվ ծրագրեր, կինոնախագծեր են ներկայացվել, հանդիպումներ են տեղի ունեցել հեղինակավոր պրոդյուսերական ընկերությունների, կինոֆոնդերի, ֆիլմեր տարածող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի ղեկավարի հետ քննարկվել են համատեղ կինոարտադրության հեռանկարները: Մենք սիրում ենք ասել, որ հայերը ամեն հարցում տարբերվող են: Հայկական կինոյի տարբերվելը՝ ուրիշ լինելը, ինչպե՞ս է դրսևորվում: — Մեր կինոյի համն ու հոտը Խորհրդային Միության ժամանակ զուտ հենց ազգայինն էր, որը սակայն անկախ Հայաստանում մի փոքր փոխվեց: Փորձեր արվեցին այն համեմել եվրոպական մոտեցումներով ու լուծումներով: Հայկական կինոյի միակ տարբերությունը մեր տարբերվող մշակույթը արտացոլելն է, հակառակ դեպքում՝ մենք հետաքրքիր չենք լինի:

Նե Թադևոսյան PanArmenian PHOTO

26 27

Հուլիս/Օգոստոս 2012


ԹԵՄԱ Հարցազրույց

24 ծիրան վայրկյանում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը հերթական կինոծիրանի նախօրեին հիշում է արդեն անցած ճանապարհը, նշում դժվարությունները և հաղթանակները, ինչպես նաև պատմում, թե ինչ կարելի է ակնկալել փառատոնից այս տարի:

2004 թվականի հունիսի 30-ից հուլիսի 4-ը Երևանում առաջին անգամ տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը: Ինչպիսի՞ ն է փառատոնի նախապատմությունը, ինչի՞ց ամենը սկսվեց: — Փառատոն ստեղծելու գաղափարը վաղուց է ծնվել: 1991 թվականին Միքայել Ստամբոլցյանի և մի քանի ընկերների հետ որոշեցինք փառատոն ստեղծել: Այն կոչվում էր «Դեբյուտների փառատոն» և կայացավ կինոյի տանը: Բայց հետագա տարիներին կինոն մեծ խնդիրների առջև կանգնեց ու փառատոնը չունեցավ իր շարունակությունը: 2003 թվականին Կարլովի Վարիի փառատոնում ներկայացնում էի իմ հեղինակային «Վավերագրողը» ֆիլմը: Ցուցադրության ընթացքում դահլիճում չէի, Միքայել Ստամբոլցյանի ու Սուսաննա Հարությունյանի հետ բարում նստած, խմում էի՝ փորձելով հանգստանալ, անցկացնել հուզմունքն ու անհանգստությունը: Շատ սուր լեզու ունեցող մի հոլանդացի լրագրող կար՝ Փիթեր Վան Բյուերեն, անդադար միջամտում էր մեր խոսակցությանը, մեզ հետ կոնյակ էր խմում, հարցնում էր, թե ինչու չեմ դիտում ֆիլմս: Քիչ անց պարզվեց, որ «Վավերագրողը» մրցանակ է ստացել: ուրախությունից սկսեցինք հյուրասիրել բարում նստած հյուրերին: Փիթերը կրկին միջամտեց ու հարցրեց՝ փառատոն ունե՞ք: Բացասական պատասխանիցս զարմացած, ասաց՝ «Ինչ ախմախ երկիր է, որ նույնիսկ կինոփառատոն չունի»: Շատ ջղայնացա, մի փոքր էլ գինովցած էի ու մեծամտորեն հայտարարեցի՝ «ունենք փառատոն, ու մյուս տարի այս ժամանակ բոլորիդ հրավիրում եմ Երևան, դեռ կտեսնեք, թե ինչ փառատոն է»: Վերադարձանք Երևան ու, բնականաբար, մոռացանք այդ մասին: Դեկտեմբերին լրագրողից նամակ ստացանք, գրում էր, որ սպասում են մեր փառատոնի հրավերին: Փաստի առջև կանգնեցինք: Մի քանի տարի է հարկավոր ցանկացած փառատոնին պատրաստվելու համար: Չունենալով ռեալ բյուջե և գաղափար, բայց ունենալով բազմաթիվ միջազգային բարձրակարգ փառատոների մասնակցության փորձ և շատ ընկերներ՝ 32 հազար դոլար հավաքեցինք: Ծիծաղելի գումար է, բայց 25-30 մարդ հրավիրեցինք, ու փառատոնը կայացավ: Առաջին փառատոնը միջազգային էր, սակայն ցուցադրվում էին միայն աշխարհի հայ ռեժիսորների ֆիլմերը: Ֆինանսական խնդիրներից բացի, 9 տարի առաջ ընդհանրապես դժվար էր նման նորություն ներկայացնել, ստեղծել մի բան, որ նախկինում չենք ունեցել: Խոչընդոտները շա՞տ էին: — Միջազգային մասնագետները հավանեցին թե՛ փառատոնը, թե՛ Երևանը: Բայց դահլիճներում 10-15 մարդ էր

28 29

Հուլիս/Օգոստոս 2012

նստում: Անվճար բաժանում էինք տոմսերը, բայց նույնիսկ այդ դեպքում մարդիկ չէին գալիս: Հասկացանք, որ շատ հետ ենք մնացել աշխարհից ու որոշեցինք լրացնել այդ բացը: Մշակութային ինֆորմացիան չէր մտնում Հայաստան՝ կիսաարևելյան երգեր, մթի մեջ ապրած մարդիկ, գլուխ գովելով քայլող արվեստագետներ: Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր օգնեցին մեզ մասնակցելով կամ չմասնակցելով: Խանգարողներ շատ ունեցանք, շատերը պնդում էին, որ մեզ կինոփառատոն պետք չէ: Բայց որևէ նոր բան անելն ընդգծում է մյուսների անգործությունը: Երրորդ, չորրորդ փառատոնի ընթացքում արդեն բացեցինք կինոդպրոցը: ունեցանք մեր առաջին աշակերտները, ովքեր հենց այդ տարի ցուցադրեցին առաջին նկարահանած ֆիլմերը՝ լավ կամ վատ, թույլ կամ ուժեղ: Հասկացանք, որ ինչ-որ շարժ է նկատվում: Հրավիրեցինք լավագույն մասնագետներին, ովքեր սկսեցին դասավանդել դպրոցում: Նաև այլ աշակերտներ հյուրընկալեցինք

Իրանից, Թուրքիայից, Վրաստանից, ովքեր մեր երիտասարդների հետ միասին ֆիլմեր նկարահանեցին: Մեծ աշխատանք տարվեց նաև լրագրողների հետ: Սկզբնական շրջանում շատ էին ոչ պրոֆեսիոնալ, անտեղյակ հարցերը՝ «Ի՞նչ գիտեք ցեղասպանության, Ծիծեռնակաբերդի մասին»: Մասնագետներ հրավիրեցինք, դասընթացներ, սեմինարներ կազմակերպեցինք, ոմանց արտերկիր ուղարկեցինք՝ մասնակցելու տարբեր փառատոների: Բացի այդ, այժմ փառատոնը տանում ենք նաև շրջաններ՝ Ղափան, Գորիս, Տավուշ: Փորձում ենք օգնել շրջաններում բնակվող կինոսիրողներին: Ինչպե՞ս ծնվեց փառատոնի անունը: — Գործարարներին փորձում էինք համոզել, որ ֆինանսավորեն փառատոնի մեկնարկը: Շատերն ուզում էին համոզել մեզ, որ փառատոնի փոխարեն ծիրանի տոն կազմակերպենք: Մենք առաջարկեցինք գործարարներին անվանել մեր գործունեությունը ծիրան ու դրա շրջանակներում տոն կազմակերպենք: Նրանք չհամաձայնեցին, բայց անունը մնաց:


«Ոսկե Ծիրանի» մեկնարկից ի վեր մեր քաղաք այցելեցին կինոաշխարհի բազմաթիվ մեծություններ: Ինչպե՞ս եք նրանց հրավիրում, շա՞տ են լինում մերժումներ: — Հրավերների հարցում շատ կարևոր է այն, որ ես ռեժիսոր եմ: Երբ մասնակցում եմ տարբեր փառատոների, իմ ռետրոսպեկտիվների ընթացքում ռեժիսորները, հյուրերը հետաքրքրվում են, ծանոթանում ենք ու ավելի հեշտ է դառնում հրավիրել նրանց: Շատերը սիրով ընդունում են հրավերը, բայց խիստ աշխատանքային գրաֆիկի պատճառով չեն կարողանում մասնակցել փառատոնին հենց նույն տարվա ընթացքում: Հարմարեցնում ենք: Ժողովուրդը միշտ հայտնի անուններ է սպասում: — Ժողովուրդը սովոր է շոուի: Նրանց հետաքրքիր են այն մարդիկ, ում մասին լսել են: Մարդիկ գլուխ չեն ջարդի Վիկտոր Էրիսենի համար, փոխարենը երջանիկ կլինեն, եթե փառատոնին ներկա լինի, օրինակ՝ Մոնիկա Բելուչին: որովհետև սովոր են տեսնել «Օսկարը», Կաննի փառատոնը: Եթե հրավիրում ենք հայտնի անուն, ուրեմն արդարացված է՝ ցուցադրում ենք նրա ֆիլմերից, կամ հոբելյանն ենք նշում: Այս տարի որոշել ենք հրավիրել ավելի լուրջ ռեժիսորներ՝ Ալեքսանդր Սակուրով, Վիկտոր էրիսեն, Ագնեշկա Հոլանդ: Փառատոն կազմակերպելը մեծ երկրների քմահաճությունն է: Անիմաստ ու մեծ ճոխություն է կազմակերպել փառատոն փառատոնի համար, որ մարդիկ գան շոու դիտելու: Եթե լուրջ կինոյով ես զբաղված, ապա այն կարող է շատ մեծ զենք հանդիսանալ: Ֆիլմի միջոցով շատ ավելի հեշտ է ներկայացնել քո պատմությունը, խնդիրներդ, թերություններդ: Հեղինակային, հոգևոր կինոն առաջնային է հասարակություն կրթելու համար: Շոուները, զվարճանքի ասպարեզը ինձ չեն հետաքրքրում: Մեր նպատակն էր ստեղծել դպրոց, հետաքրքրություն, որպեսզի մարդիկ հիվանդանան կինոյով, դիտեն համաշխարհային արտադրության ֆիլմեր: Հեղինակային, մշակութային, հոգևոր կինոն է արժեք: Փառատոնի կայացման մեջ կարծես թե մեծ դեր ունեցավ նաև Ատոմ Էգոյանը: Ինչպե՞ս ստացվեց նրա հետ համագործակցությունը: Միանգամից համաձայնվե՞ց: — Ընդհանրապես, երբ հայերին հրավիրում ենք «ոսկե Ծիրան», սկզբում չեմուչումով են գալիս, որովհետև տեղյակ չեն: Հետո սիրահարվում են ու անդադար ուզում են վերադառնալ: Ատոմ Էգոյանի հետ տեղի ունեցավ նույնը՝ եկավ ու սիրահարվեց: Նա շատ հայտնի անուն է աշխարհում և շատ է օգնում փառատոնին: Իր միջոցով շատ հայտնի ռեժիսորներ են ժամանել Երևան: 9-ը փառատոնից 6-ին նա անձամբ ներկա է եղել: Ինչպիսի՞ ն է փառատոնի քաղաքականությունը հաղթող ֆիլմի որոշման հարցում: Ինչպե՞ս են որոշում հաղթող ֆիլմը ժյուրիի անդամները: — Ես ընդամենը մեկ ժողով եմ անում ժյուրիի անդամների հետ ու ասում եմ, որ մի կարևոր խնդրանք ունեմ: Բոլորը, իհարկե, մտածում են, որ ասելու եմ, թե որ ֆիլմը պետք է հաղթող ճանաչվի: Փոխարենը ասում եմ, որ ցանկանում եմ, որ կարևորեն կինոյի լեզուն, ֆիլմը՝ որպես արվեստի գործ ու ընտրեն ամենից արժանին: Մեկ անգամ Հայաստանի համար շատ լարված պահին հաղթող ֆիլմի հեղինակը Թուրքիայից էր: Փառատոնը միջազգային մակարդակ է ձեռք բերել և չպետք է խախտենք այն: Մշակութային սահմանների պահպանումը ամենից կարևորն է: Խոստովանեք, շա՞տ են բարեխոսում ծանոթների համար: — Հայերը շատ մեծ տարօրինակություն ունեն. բոլորը վստահ են, որ իրենց ֆիլմը հանճարեղ է ու շատ են

նեղանում, երբ ֆիլմը չի հաղթում որևէ անվանակարգում: Բայց տարիների ընթացքում բոլորն էլ համոզվել են, մեր դեպքում անիմաստ է ծանոթ խառնել, գումար առաջարկել և այլն: Չնայած մինչև այսօր էլ փորձում են մրցանակի ակնկալիքով կաշառել մեզ: ու երբ ասում ենք, որ անհնար է՝ ռեակցիան հետևյալն է՝ «Դե լավ էլի, չգիտե՞նք հայերին»: Հիմա հայտնում եմ՝ այո, չգիտեք: Ֆիլմերի ընտրության հարցում գրախոսություն կա՞: Ո՞ր ֆիլմերը կատեգորիկ չեն ընդունվում: — Չեն ընդունվում անճաշակ կամ կոմերցիոն ֆիլմերը: Այն ֆիլմերը, որոնք ստեղծված են ժամանցի, զվարճանքի, պոպ-քորնի համար, անընդունելի են: Մենք գնահատում ենք հասարակ պատմությունները մարդկանց, կյանքի մասին, որոնք դաստիարակում են, մտածելու տեղիք են տալիս, հուզում են: Օրենքներ գոյություն չունեն, ռեժիսորները պետք է իրենք զգան: Փառք Աստծո, մեր ծրագրերից դեռ երբևէ չեն դժգոհել: Առաջին կինոփառատոնին Երևան ժամանեցին 20 երկիր ներկայացնող մոտ 70 կինոռեժիսոր: Որքանո՞վ է փոխվել պատկերն այսօր: — Այսօր արդեն մոտ 80 երկրից ներկայացուցիչներ ունենք: Բայց մրցավազք չէ: Նախ՝ չունենք կինոթատրոններ և չենք էլ կարող ներկայացնել ավելի շատ ֆիլմեր: Նույնիսկ մեր ներկայացրած ֆիլմերն են շատ այս մեկ և կես կինոթատրոնի համար: Եթե 3-4 կինոթատրոն ունենայինք, մոտ 170 ֆիլմ կցուցադրեինք, իսկ ավելի շատ պետք չէ, քանի որ այդքան էլ շատ չեն լավ, որակյալ ֆիլմերը ու չի կարելի իջեցնել սահմանված մակարդակը: Հայտ ներկայացնող 1300 ֆիլմերից մոտ 120-ն ենք ընտրում: Մեր փառատոնը հետևորդներ ունի՞: — Շատերը սկսել են օգտագործել այն ծրագրերը, որոնք մենք ենք ներկայացնում՝ կինոդպրոցը, ռեժիսորներ առանց սահմանի ծրագիրը: Նման կինոփառատոներ ստեղծվեցին Իրանում, Թուրքիայում, Վրաստանում, Սլովենիայում: Իսկ մենք պայմանագիր ենք կնքել ու քույր փառատոներ ենք հանդիսանում Ասիայի և Եվրոպայի լավագույն կինոփառատոներից Ռոտերդամի և կորեական Պուսանի հետ: Ինչո՞վ կտարբերվի 9-րդ «Ոսկե Ծիրանը» նախորդներից: — Այս տարի կներկայացնենք Տարկովսկու, ԱՊՀ երկրների ծրագիրը: Կարևոր նորություններից է «Գիրքը և կինոն» նախագիծը: Այս տարի կրկին կներկայացնենք հայ-թուրքական պլատֆորմը: Նորություն ենք պատրաստել լրագրողների համար՝ հատուկ սեմինարներ: Իսկ առջևում հոբելյանական 10-րդ փառատոնն է: — 10-րդ փառատոնը նոր մտածողությամբ, ճաշակով ենք սկսելու: Սկզբունքները շատ չեն փոխվի, բայց միշտ պետք է զգոն լինես, որպեսզի չսխալվես: «Ոսկե Ծիրանի» կայքում փառատոնը բնութագրված է որպես բնույթով փոքր ու կոկիկ: Բայց արի ու տես, փառատոնն այսօր լայն ճանաչում ու սեր է վայելում: — «ոսկե Ծիրանը» դարձել է մի կենտրոն, որտեղ ձգտում են գալ ու մասնակցել այն մարդիկ, ովքեր ներկայացնում են հոգևոր, մշակութային, փիլիսոփայական կինո: Այս տարի Երևանում կհավաքվեն ռեժիսորներ, ովքեր, վստահ եղեք, կզարդարեին ցանկացած փառատոն: Եթե թվեմ բոլոր հայտնի ռեժիսորների անունները, ովքեր մասնակցել են «ոսկե Ծիրան» փառատոնին, մոտավորապես հինգ տասնյակ կստացվի: Փառք Աստծո, որ Երևանը այսօր դարձավ ճանաչված ու սիրված: յուրաքանչյուր հյուրի վրա թողած տպավորությունը լավ գովազդային քայլ է երկրի համար: Փառատոնից հետո յուրաքանչյուր ռեժիսոր դառնում է Հայաստանի պաշտպանն ու գովազդողը:

Լենա Գևորգյան PanArmenian PHOTO


ԹԵՄԱ Հեղ ինակային

Սերը ծիրանի ժամանակ Բանաստեղծ Կարեն Անտաշյանն իր ընկերոջ՝ Ծյուշի (նույն ինքը՝ Արտաշես), հետ պատահած մի ռոմանտիկ պատմության հիման վրա ապացուցում է, որ «Ոսկե Ծիրանը» հիանալի առիթ է ոչ միայն լավ կինո դիտելու համար:

Տ

եսակների ծագման ամենաքաղցր համընկնումը՝ մ.թ. երրորդ հազարամյակի սկզբներում, հունիսի վերջեր, երեկոյան ութի կողմերը, Երևան քաղաքի Թումանյան փողոցից Աբովյան փողոց թեքված քսաներկու տարեկան Ծյուշի ու նույն ժամանակ Աբովյան փողոցից Թումանյան փողոց թեքվող տասնինը տարեկան Բիբիի հայացքների միկրովայրկյաններով կարճ միացումն էր: Մինչ այդ ապերը հասցրել էր նկատել քուրիկի դեղձագույն, մանր սպիտակ կլորակներով շորիկի կրծքամոտ բացվածքում հանգրվանած արծաթե կլարնետ կախազարդը, աջ թևի Կառտյե ժամացույցը և թևատակի՝ «Զիգմունդ Ֆրեյդ. Երազների մեկնություն» հաստափոր կարմիր հատորը, ինչն էլ դրդել էր այնուամենայնիվ նայել Բիայնայի դեմքին ու տեսնել... տեսնել նրա աչքերը: Վերջինս, որ մինչ այդ հասցրել էր Արտաշեսին որակել որպես «Ֆիրդուստանի ծագման անխնամ կոշիկներով, հակաատլետիկ կազմվածքով, ակնհայտորեն միջինից ցածր քաղաքացիական գիտակցության և միջինից բարձր երիտքաղաքական-նեոազգային ակտիվությամբ ուսխորհրդացուի», նրա աչքերին հանդիպելով՝ հանկարծ ցնցվում է նախաստեղծ բնազդների հոսանքից, տեսնում իր սրտի ենթադրյալ տիրակալին, տեղում հալվում նրանից մի քանի երեխա ունենալու անհագ ցանկությունից ու...» ու ինչ... ինչպե՞ս վերջացնես տեսարանը, որ սա ոչ թե ծիրանի համով «Ժաժո» յոգուրտի գովազդ դառնա, այլ իսկական սիրո կինոպատում՝ արևային քաղաքի ձմերուկների ֆոնին… Լավ, տեխնիկական մանրամասները բաց թողնելով, ասեմ, որ այդ դեպքից մի տարի ու մի-երկու շաբաթ անց նրանք Երևանի միակ կինոթատրոնին հարող փոքրիկ հրապարակում ինչ-որ արարողության համար հավաքված կինոսեր հասարակության, այսինքն՝ ցանկացած աղմուկի վրա կռվի թամաշայի ակնկալիքով

30 31

Հուլիս/Օգոստոս 2012

ճանճի պես կուտակված խառնամբոխի և նույն հրապարակում գործող հյուրանոցի հենց նոր ժամանած ճապոնացի տուրիստ տատիկախմբի մեջ էին հայտնվել: Այդ պահին Ծյուշին կինոյի հետ կապում էին միայն Չակ Նորիսի մասին պատանեկան էպիկական հուշերն ու երբևէ դպրոցական կինոարխիվի ժապավենները թռցնելու և դրանցից անհասկանալի նշանակության ճտտիկներ պատրաստելու ապուշ սովորությունը, իսկ Բիբիին համակել էր կարմիրգորգաօսկարային մոտիվներով հոլիվուդյան ռոմանտիկան: Երբ երկրպագ հրմշտոցի մեջ նրանք փորձում էին շրջանցել նկարահանման հսկայական կայանը, անցան ուղենիշ ժապավենների տակով, ծխելով ընկած ոստիկանների կողքից և բարենպաստ հանդիսականի դիրքում հայտնվելու փոխարեն հայտնվեցին անհասկանալի լեզվով խոսող միրուք-ակնոցավոր հոպարների և մեծ գլխարկներով ու դեկոլտեներով, շոկոլադե արևայրուքով մորաքույրների խմբում, որոնց ժպտալու օրգանների մոտ թույլ կնճիռներ կային: Մինչ կկողմնորոշվեին՝ ինչ է կատարվում՝ փողային նվագախումբը փչեց հանդիսավոր քայլերթը, հաղորդավարն ասաց՝ դիմավորենք Հոլանդիայի պատվիրակությանը, մեր մոլորյալ զույգին շրջապատող խումբը դեպի կարմիր գորգը շարժվեց, նրանք էլ, չբռնվելու համար, հետևեցին այլասահմանցիներին: Անմիջապես մտնելով դրության լրջության մեջ՝ Բիբին ու Ծյուշը ձեռք ձեռքի անցան խառնամբոխի, ճապոնացի տատիկների, հանրայինի ճախրող կամերաների ու հաղորդավարի կասկածամիտ հայացքների տակով՝ ինքնագոհ ու աստղակերպ: Հետո, արդեն դահլիճում՝ պատվավոր հյուրերի հետ մի շարքում տեղավորվելուց հետո իմացան՝ սա «ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնարկեք-բացումն է: Կինոժամադրությունների առիթով սկսված անսպասելի մշակութային էվոլյուցիայի շրջանակներում, Ծյուշի մոտ


սկսեցին զարգանալ մի շարք ինտելեկտուալ հմտություններ, օրինակ՝ Միքելանջելո Անտոնիոնի և Թեո Անգելոպուլոս արտահայտությունների գրեթե անսխալ արտաբերումը, դահլիճի կատարյալ լռության մեջ աղմկոտ տեսարանի սպասելու համբերությունը՝ բերանում կուտակված պոպկոռնը ծամելվերջացնելու համար, մաշեցրած ծամոնն աննկատ հարևան աթոռի տիկնոջ պայուսակից կպցնելը կամ ասենք ստից կինոյի տոմսերով ֆավորիտ կինոյի դիտմանը ներխուժելը, երբ վերջինիս տոմսերն սպառվել են վաղուց: Մի բան չհաջողվեց միայն. հայերեն տիտրերը ոչ մի կերպ չէր հասցնում կարդալ ու զուգադրել տեսաշարի հետ. տիտրերում կարդում էր՝ Ես քեզ կը-սպա-նեմ, Ջու-լիե-տա, նայում էր կադրին՝ արդեն Ջուլիետայի թաղումն էր: Ծիրանի սեզոնն անցավ, հաջորդիվ եկավ գիտական դոկումենտալ կինոների պարտադրված դիտումների աշունը: Նրանք կիլոմետրերով ծամում էին BBC-ի կինոհետազոտությունները, քանի որ Բիբին կենսաբան էր և ինչ-որ անպիտան թունավոր սնկերի բազմացման նրբությունների շուրջ թեկնածուական էր գրում: Սնկաբուծարանի տնական գաղութի համար նրանք Բախ էինք միացնում մեկ շաբաթ, հետո ևս մեկ շաբաթ՝ Թաթուլ, պարզվում էր, որ Թաթուլի տակ սնկերը հասնում են սովորականից երկու անգամ ավելի տռուզ չափերի, սակայն երկու անգամ ավելի քիչ թունավոր են լինում, եզրակացություն՝ երկարատև թաթուլաթերապիայով կարելի է հասնել այս հեշտ բազմացող սնկերը որպես անվտանգ անասնակեր օգտագործելու արդյունքի: Նորից... Ամառ, երևան, երեկո, ջահել, ծիրան, կինո և փառատոն բառերով ինչ նախադասություն էլ կազմես՝ լինելու է սիրո մասին. իսկական սերը իսկական կինոյի նման է՝ սկսվում է անսպասելի, անմիջապես գցում է քաղցր կախվածության մեջ,

հասցնում է կրքերի ու զգացմունքների գերլարվածության, ինչ-որ պահի վերջնականապես ոտքերդ կտրում է իրականությունից, շարունակվում է գերարագ իներցիայով և վերջանում անսպասելի ու ողբերգական… ցանկացած լավ կինոյի ավարտին հաջորդող մի քանի վայրկյանները նույնքան տագնապալի-տխուր են, որքան նրան նախորդողները՝ հուզառատ-զվարթ: Բիայնան պսևդոթունասնկերի բազմացման ուսումնասիրության համար գիտական աստիճան ստացավ և մեկնեց Կանադա... Ծյուշին համակեց մանյակալ-դեպրեսիվ պսիխոզը... Դժվար, անկինո ժամանակներ էին, մինչ մի օր... ուշքի՛ եկ, Արտաշես… մի տեսակ մուննաթով ասաց նրան ներքին ձայնը, որը միշտ էլ ռեժիսորություն էր արել իր գլխին, ասաց՝ կյանքը շարունակվում է, ապեր, որովհետև կին-կինոյի հիմնական հաճույքը նրա անկրկնելի բազմազանությունն է, հմայիչ, հյութեղ բազմազանությունը, այո, կինոփառատոնի բացում կյանքի մեջ մի անգամ է լինում՝ այն էլ պատահական, բայց դրա փոխարեն լինում են ինտերնետից ձրի քաշած լիքը գժական կինոներ Կաննի փառատոնից՝ գաղափարապես հասուն և գեղագիտորեն կայացած, ի վերջո, մեկանգամյա օգտագործման զվարճալի հեշտ կինոներ՝ ամերիկաներից, որպես վերջին, վերջին հուսահատ տարբերակ նաև հայկական սերիալներ, որոնցից մի քանիսը գոնե արժե տեսած լինել՝ հետո էն մտքից, թե բացի քեզ քանի հոգի են նայել էդ կինոյանման բանը՝ դրանցից ցմահ զզվելու համար: Կինո, կի-նո, կին, օ՜… լինում են նաև փակ ցուցադրություններ, պրեմիերաների էքսկլյուզիվ հրավերներ… մի խոսքով... Ծյուշը ժպտաց կինոյի տղու պես, որը ավանդաբար անպարտելի է ու քաջ և հասկացավ, որ իրականում իր կինոյի ամենահետաքրքիր մասը դեռևս առջևում է:

Կարեն Անտաշյան Սարգիս Անտոնյան


ԹԵՄԱ այլընտրանք

Երբ պտուղը ժանգոտ էր Ժանգոտ, այլընտրանքային ու ազատ բառերը ամենից լավն են նկարագրում «Ժանգոտ դդում» մեդիափառատոնը, որը հակադրվելով գլամուրին ու պաշտոնական փառատոնների ձևաչափին, փորձում է իր ժանգոտ հետքը թողել այս ասպարեզում: «Ժանգոտ դդում» 4-րդ մեդիափառատոնն այս անգամ անցկավում էր Նորար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ):

32 33

Հուլիս/Օգոստոս 2012


Ե

վ այսպես, «Ժանգոտ դդումը» այլընտրանքային մեդիափառատոն է, որն ազատ դաշտ է բոլոր նրանց համար, ովքեր ունեն ասելիք, բայց չունեն բավականաչափ պրոֆեսիոնալիզմ այդ ասելիքը փառատոների պահանջներին համապատասխան ձևակերպելու: «Պրոֆեսիոնալները շատ տեղեր ունեն ներկայանալու, բայց ասենք բջջայինով նկարահանվածը, որն ունի հետաքրքիր բովանդակություն, բայց մատուցման ստանդարտներին չհամապատասխանող ձևաչափ, կարող է այդպես էլ մնալ բջջայինի մեջ», — ասում է փառատոնի հիմնադիր Սոնա Աբգարյանը: «Ժանգոտ դդումում» չկան տևողության կամ ժանրի սահմանափակումներ, փոխարենը մեծ ուշադրություն դարձվում է բովանդակությանն ու գաղափարին: Սահամնների լայնությունը փառատոն է բերում մարդկանց հուզող ցանկացած թեմա, ինչն էլ փառատոնին ինքնատիպ բազմազանություն ու հմայք է տալիս: Կառուցվածքային առումով էլ «Ժանգոտ դդումը» կարծրացած չէ՝ 4 ժանգոտ անվանակարգերից բացի՝ ամենաժանգոտ անիմացիա, սուպեր ժանգոտ ֆիլմ, ամենաժանգոտ սցենար, ամենաժանգոտ տեսահոլովակ, չի բացառվում, որ մասնակից ֆիլմերը ընթացքում նոր անվանակարգ հուշեն: Այս տարի փառատոնին

ներկայացվել է շուրջ 25 վիդեո՝ արվեստագետների նկարահանած փոքրիկ ֆիլմերից մինչև ամենահասարակ համակարգչային ծրագրով մոնտաժ արված հոլովակներ: Ի դեպ անվանակարգերի հաղթողներին տրվում է ոչ պակաս ժանգոտ մրցանակ՝ ժանգոտ խրոց (կամ բոլորիս ավելի ծանոթ շտեպցել): 4-րդ «Ժանգոտ դդումին», ի տարբերություն նախորդ երեքի, մասնակցում էին միայն տեղացիներ: Տիգրան Առաքելյանն արդեն 3-րդ անգամ է մասնակցում փառատոնին ու խոստովանում է, որ ամենից շատ դրա անսահմանությունն է իրեն գրավում: Առաջին անգամ փառատոնին մասնակցել է «Ֆիլմի պրեմիերա» էքսպերիմենտալ վիդեոյով, 2-րդ անգամ փորձել է կրկնօրինակել Փելեշյանին ու համադրել է կրկնօրինակումը օրիգինալի հետ, այս տարի ներկայացել է 2 մասից բաղկացած դոկումենտալ ֆիլմով: «Ինձ համար հետաքրքիր է տեսնել այլ հեղինակների էքսպերիմենտալ աշխատանքները, հասկանալ ինչպես են նրանք մտածում ու ընկալում շրջակա միջավայրը», — ասում է Տիգրանը: Փառատոնի մասնակիցների ֆիլմերը դիտելուց հետո առաջին ժանգոտ միտքս էր՝ ժանգոտությունը հենց հասարակ ու հասանելի լինելու մեջ է՝ պետք չեն միլիոններ, հատուկ դերասանները, պաշտոնական դասական ձևաչափ, որ մարդիկ իմանան, ինչ ես մտածում կամ զգում՝ ժանգոտ ասելիքն էլ ասելիք է:

Նե Թադևոսյան Սուրեն Մանվելյան


ԹԵՄԱ այլընտրանք

Մուտքն առանց պոպ-կոռնի Կինոն տարբեր քաղաքներում տարբեր ապրելաոճ ունի՝ բարեկեցիկ կենցաղի տարբեր աստիճան: Երևանում կինոն քիչ թե շատ բարվոք ապրում է քաղաքի միակ կինոթատրոնում, յոլա է գնում «Նաիրիում», վիրավորված ու արդեն հավանաբար անվերադարձ հեռացել է տոնավաճառ «Ռոսիայից» ու այլևս երբեք չի բնակվելու մի շարք վայրերում ՝ կինոտանը, «Սասունցի Դավիթ» կինոթատրոնում, Երևանի շատ ուրիշ թաղամասերում, որտեղ ժամանակին իրեն թաղի լիիրավի արվեստի կենտրոն էր զգում: Մայրաքաղաքում մի տեսակ անտուն մնացած կինոն իր հանգրվանը գտել է մի շարք գրկաբաց ակումբներում ու արվեստի կենտրոններում: Երևանցի կինոսերները շաբաթվա տարբեր օրերի այս կինոակումբներից որևէ մեկում հնարավորություն ունեն դիտելու համաշխարհային դասական կինոյի ժապավեններից:

Կ

ինոյի երևանյան այլընտրանքային հանգրվանի առաջին նախաձեռնողներից է եղել Մելիք Կարապետյանը: Ազգային պատկերասրահում կինոդիտումներ սկսելու միտքը նրա մոտ ծագել է ԱՄՆ-ում, երբ Վաշինգտոնի պատկերասրահում մասնակցել է կինոդիտումների: 97-ին DVD-ների ասպարեզում հայտնվելը առիթ դարձավ, որ կինոն ավելի հասանելի դառնա ու նպաստեց, որ Մելիքը սկսի ստեղծել իր ֆիլմերի այսօր արդեն շուրջ 3000-ի հասնող հավաքածուն: 2005-ին Մելիքի՝ ազգային պատկերասրահում ֆիլմեր ցուցադրելու առաջարկն արժանացավ պատկերասրահի տնօրինության հավանությանն ու նրա հավաքածուն, և ոչ միայն, մինչև 2010-ի դեկտեմբեր ներկայացվում էր Երևանի մեկ ու կես կինոթատրոններում իրենց ճաշակով ոչինչ չգտած հանդիսատեսին: «2010-ին պատկերասրահի տնօրինությունը նպատակահարմար չգտավ շարունակելու դիտումները, բայց այդ ընթացքում հասցրինք ինչ-որ բան անել: Հասցրինք Երևանում գոնե ձևավորել արտ-հաուս ֆիլմեր դիտելու մի ձևաչափ: Այս մշակույթը ընկալելու համար ժամանակ է պետք, դիտել է պետք, ինչպես դասական երաժշտությունը, եթե դասական երաժշտություն չես սովորում լսել՝

34 35

Հուլիս/Օգոստոս 2012

չես կարողանում լսել, քեզ համար դա աղմուկ է լինում», — ասում է Մելիքը: Բերգման, Ֆելինի, Հիչքոք, Էգոյան՝ սրանք պատկերսրահային կինոդիտումներին ցուցադրված հեղինակներից մի քանիսն են միայն, ամբողջ շարքը երկար է թվելու համար: Դատելով Մելիքի պատմածներից՝ մինչև համացանցում ամեն երկրորդի բնակություն հաստատելը նման հեղինակների ֆիլմեր ձեռք բերելն այքան էլ հեշտ գործ չի եղել. գումար ու երկար բարակ փնտրտուքներ են պահանջվել: Իսկ արձագանքը երբեմն եղել է 3 կամ 5 հոգանոց դահլիճ. «Իհարկե, հիասթափու��յուն կար, որ մենք չունենք այդ հանդիսատեսը: Երբ ես պլանավորում էի ծրագիրը, մտածում էի, որ առաջարկ չկա, դրա համար էլ պահանջարկ չկա, բայց իրականությունն այն է, որ մտավորականությունը այլ բաներով է զբաղված. մի մասը թողել-գնացել է երկրից, մյուս մասը դեռ չի ձևավորվել: Նկատի ունեմ ավելի երիտասարդներին, ովքեր մութ տարիներին այնքան էկրանից կինո չեն դիտել, որ հետ են վարժվել»: Ընդհանուր առմամբ պատկերասրահում ցուցադրվող ֆիլմերի հանդեպ հետաքրքրությունը զարգացել է նույնպիսի սկզբունքով, որով զարգանում ու ավարտվում են Երևանում շատ նախաձեռնություններ՝ հարձակման սկզբունքը: Նախ՝ գալիս են շատ ու միանգամից, հետո

կտրուկ մաղվում են: Իհարկե ցուցադրվող արտ-հաուսը զվարճալի ֆիլմեր չեն ու ցանկացած վայրում էլ նման ֆիլմերի հանդիսատեսը սակավ է, այդուհանդերձ հետաքրքրվողների թիվը կախված է տվյալ քաղաքից: Այս պարագայում Երևանի փոքր լինելը չենք կարող օգտագործել որպես արդարացում: Օրինակ՝ Վաշինգտոնում Մելիքի եղած ցուցասրահի դահլիճը 400 տեղանոց է եղել, բայց մարդիկ հերթ են կանգնել ներս մտնելու համար: Ի դեպ, Վաշինգտոնը 600,000 բնակչություն ունեցող քաղաք է, պարզապես ֆիլմ դիտելու ձևավորված մշակույթ կա՝ թանգարանային ցուցադրություններն այնտեղ ընդունված են: Երևանի մեկ ու կես կինոթատրոնները հազիվ հասցնում են մայրաքաղաքի կինոժամանցն ապահովել, իսկ կինոարվեստին անդրադարձ լինում է միայն փառատոնային ծրագրերի շրջանակներում, ինչն անշուշտ կինոարվեստի սիրահարների համար բավարար չէ: Այժմ Մելիքը կինոդիտումներ կազմակերպում է «Ակումբում», ուր հաճախ գալիս է նաև պատկերասրահի հանդիսատեսի մի մասը: Ի դեպ Մելիքի կազմակերպած կինոդիտումները եզակիներից են, որտեղ ֆիլմերը ցուցադրվում են բնագրով ու անգլերեն ենթագրերով: Սա էլ իր հերթին նեղացնում է հանդիսատեսի առանց այն էլ ոչ շատ լայն զանգվածը, բայց սա սկզբունք է, որից Մելիքը չի հրաժարվում:


Կինոերեկո չորեքշաբթի օրերին

2006-ից «Նարեկացի» արվեստի միությունում ամեն չորեքշաբթի ցուցադրվում են ֆիլմեր, որոնք բլոգբաստեր չեն, դիտվում են առանց 3D ակնոցների, շատ դեպքերում կանխատեսելի հեփի էնդ չունեն, այլմոլորակայինների, աշխարհի վերջի կամ այն փրկող հերոսների մասին չեն: Կինոակումբում հաճախ կարելի է հանդիպել հայ հեղինակների ֆիլմերի: Ցուցադրությունից հետո նրանց մասնակցությամբ անցկացնում են քննարկումներ: Էկրանը հաճախ տրամադրվում է նաև որևէ երկրի ռեժիսորների գլուխգործոցներին: Օրինակ՝ այս տարին կինոակումբում հայտարարված է լեհական կինոյի տարի: «Մենք ցուցադրում ենք կինո ստեղծված հանուն կինոյի, ոչ թե կինո հանուն շատ գումարներ բերելու», — ասում է «Նարեկացի» արվեստի միության կինոծրագրերի ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը: Նա վստահ է, որ մոնոպոլիզացված կինոթատրոնային քաղաքականության մեջ ֆիլմ դիտելու այլընտրանքային վայրերը լուրջ առաքելություն ունեն ներկայացնելու այնպիսի կինո, որն ի սպառ բացակայում է հայաստանյան հեռուստատեսության ու կինոթատրոնների էկրաններին: Կա մեկ լիարժեք կինոթատրոն, որտեղ ցուցադրվում է ժամանցային, հոլիվուդյան կինո: Առանց արժեզրկելու հոլիվուդյան ֆիլմերի վրա ծախսվող միլիոններն ու մարդկանց աշխատանքը, հարց է ծագում, իսկ որտե՞ղ կամ ինչպե՞ս կարելի է դիտել ոչ պակաս հեղինակություն վայելող Բեռլինի, Կաննի ու այլ փառատոններում մրցնականեր ստացած ֆիլմերը: Փաստորեն ստացվում է, որ այս առաքելությունը մի քանի կինոակումբների ու փառատոների վրա՞ է: Հույսը դնել միայն, որ «ոսկե Ծիրանի» 8 ֆիլմաթաթախ օրերի ընթացքում կհասնես ուզածիդ չափ դիտել ոչ պոպ-կոռնային կինո՝ իրատեսական չէ: Սա, իհարկե, կինոսեր երևանցու բազմաթիվ երազանքներով լեցուն զամբյուղը համալրում է ևս մեկ համեստ ցանկությամբ. եթե Երևանն ունենար գոնե 4 կամ 5 կինոթատրոն, դրանք բոլորը միանշանակ չէին կարողանա ցուցադրել միանման կինո, կստեղծվեր մրցակցություն, որի արդյունքում էլ մեր քաղաքն ամենայն հավանականությամբ կունենար գոնե մեկ կինոթատրոն, որտեղ չէր մեծարվի միայն ժամանցային ու կոմերցիոն կինոն, կցուցադրվեին նաև ժամանակակից արտ հաուսային ֆիլմեր: «Նարեկացիի» 70 հոգանոց կինոդահլիճը ամեն չորեքշաբթի գոնե կիսով չափ լիքը լինում է: Իհարկե Րաֆֆիի կարծիքով արտ հաուսը չպիտի վայելի այնպիսի մասսայականություն, ինչպիսին ասենք «Տիտանիկը» կամ հոլիվուդյան այլ ֆիլմերը, որոնք նախատեսված են որոշակի շերտի համար ու չունեն հստակ շեշտա-

դրում: Արտ հաուսը մտածելու տեղիք է տալիս ու կինոդիտման գալիս են նրանք, ովքեր մտածելու ցանկություն ունեն: «Առհասարակ փոփոխության ենթակա է այն, ինչ արդեն գոյություն ունի: Ֆիլմերի պարագայում երևանյան պստիկ կինոակումբները կամ փառատոները կինոդաշտը ոչ թե փոփոխելու, այլ ստեղծելու նպատակ ունեն: Դաշտ, որտեղ կարող է լինել առողջ քննարկում, որը կմատուցվի ոչ թե մեկ, այլ մի քանի տեսակի մեջ ու հանդիսատեսին ընտրության, ճաշակի զարգացման հնարավորություն կտա», — կարծում է Րաֆֆին:

ՆՓԱԿ կինոակումբ

Ֆիլմ դիտելու երևանյան այլընտրանքային ակումբներից մեկ ուրիշը՝ ՆՓԱԿ կինոակումբը, ծվարել է Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, որտեղ դեռ 2000-2001 թվականներից են կինոդիտումներ կազմակերպվում: Այս կինոակումբը միտք ունի հյուրընկալելու մարդկանց, ովքեր լավ կինո դիտելու հնարավորություն չունեն: «Գալիս են նրանք, ովքեր ստամոքսի խանգարում ունեն պոպ-կոռնից՝ չեն մարսում: Իհարկե, ժամանցային կինոյի դեմ ոչինչ չունեմ, ես էլ երբեմն դիտում եմ, բայց խնդիրն այս դեպքում մարդկանց ընտրություն չտալու մեջ է», — ասում է ՆՓԱԿ-ի վիդեոյի, կինոյի և թատրոնի բաժնի տնօրեն Վահրամ Ակիմյանը: Մյուս կողմից՝ թվում է, թե ճեպընթաց ու հրաշագործ ինտերնետի դարում կինոթատրոնի դերը գնալով պետք է նվազի, քանի որ ցանկացած ֆիլմ այսօր հնարավոր է դիտել տանը, բազմոցին պառկած: Բայց կինոսերները պնդում են, որ կինոթատրոնը մթնոլորտ է, որը վերաբերմունք, կարծիք ու ճաշակ է ձևավորում, ստեղծում է միջավայր, որ ֆիլմ սիրող մարդիկ շփվեն ու կինոյի նոր հրաշքները բացահայտեն իրենց համար: ՆՓԱԿ կինոակումբի հանդիսատեսն անընդհատ փոփոխվում է: Ակումբի թիրախային խումբը դեռևս չձևավորված ճաշակով մարդիկ են: «Եթե վերնիսաժի կողքով անցնող որևէ երիտասարդ մտնի ՆՓԱԿ, մասնակցի կիոնդիտմանը ու այդպես էլ նստած մնա բոլոր կինոդիտումներին, ես դա նվաճում կհամարեմ՝ քայլ կինոյի հանդեպ նոր վերաբերմունքի ու ճաշակի ձևավորման ուղղությամբ», — ասում է Վահրամն ու նշում, որ հետաքրքիր օրինաչափություն են նկատել. եռացող ու դիտումներին անհամբեր սպասող հանդիսատեսի թվում կինոյի բուհերի ուսանողները սովորաբար ամենաքիչն են լինում: Իհարկե, լինում են ցուցադրություններ, երբ առհասարակ շատ քիչ հանդիսատես է լինում, ինչը նա բնական է համարում: Կինոակումբի ակտիվությունը Վահրամը

կապում է նաև Երևանի ռիթմի ու տրամադրության հետ: Հիմնականում ձմռան ու ամռան ամիսներին, երբ քաղաքը շատ շոգում կամ խիստ մրսում է, ակումբի այցելություններն էլ սակավանում են: Արդյունքում որոշել են, որ ձմռան ու ամռան ամիսներին ակումբն ուղղակի չի գործի: ՆՓԱԿ կինոակումբում բնակվում է քիչ պրոպագանդվող, հեղինակային կինոն, որի ստեղծողները հստակ դիրքորոշում ունեն արվեստի նկատմամբ: Ակումբի ֆիլմերի ընտրությունը կինոգետ Զավեն Բոյաջյանն է անում: Այս պահին կինոակումբում մեկ ամիս թեմատիկ ֆիլմեր են ներկայացվում, հաջորդ ամիս ընտրվում են որևէ ռեժիսորի գործեր, որոնք լավագույն պատկերացումը կարող են ստեղծել տվյալ հեղինակի ոճի մասին: «Հանդիսատեսը միատարր չէ, չեմ ուզում վիրավորել մարդկանց, ովքեր սիրում են ժամանցային կինո, սակայն նրանց կողքին կան նաև այնպիսիք, ովքեր մեր մեկ ու կես կինոթատրոնների ներկայացրած ռեպերտուարում չեն գտնում իրենց նախընտրած ֆիլմերը: Քանի որ մեր կինոթատրոններում ցուցադրվում է լայն սպառման համար նախատեսված կինո, այլընտրանքային այս դիտումների ֆիլմերը ես ընտրում եմ ավելի նրբաճաշակ ու պահանջկոտ հանդիսատեսի համար, այն մարդկանց, ովքեր ցանկանում են բուն իմաստով շփվել արվեստի հետ», — ասում է Զավեն Բոյաջյանն ու համարում, որ յուրաքանչյուրն ունի հասարակական պարտականություններ, և ոչ ամեն բան է տալ-առնել սկզբունքով որոշվում: Մանավանդ արվեստի ներկայացուցիչները պետք է ինչ-որ գործեր անեն անվարձահատույց, հասարկության բարիքների համար: Նրա բնորոշմամբ կինոն այսօր օվկիանոսի նման է, ու մարդն ունի օգնության կարիք՝ ճիշտ ուղիով գնալու: Բոյաջյանը լավատես է, անհնար չի համարում մեր ունեցած կինոթատրոններում էլ այլընտրանքային ռեպերտուար ցուցադրելը: «Օրինակ՝ «Մոսկվայի» փոքր դահլիճը կարող է դառնալ արտ հաուսային ֆիլմերի դահլիճը, մի ֆիլմը կարող է երկար ժամանակ գնալ, ցանկացողներն էլ կդիտեն: Բայց դա նրանց չի հետաքրքրում, քանի որ փողաբեր չէ: Այս խնդիրը արտերկրում էլ կա: Բայց այնտեղ բլոքբաստերներին զուգահեռ պետությունը գումարներ է ծախսում, որ մեյնսթրիմի հետ կապ չունեցող արտ հաուսային, հոգեբանական կինոն չկորչի, չմահանա ու պահպանվի: Մեզ մոտ թքած վերաբերմունք է: Լավ է, որ այսպիսի ակումբներն էլ կան: Կան մարդիկ, ովքեր շահագրգռված են և ցանկանում են, որ Երևանը լրիվ գյուղի չվերածվի», — ասում է նա:

Երևանյան կինոակումբների տարբեր ժամանակների ցուցադրությունների ազդագրեր

Նե Թադևոսյան


ԹԵՄԱ Խոշոր պլանով

Երևանյան կադրերի խրոնիկա Կինոգետ Վիգեն Գալստյանը մտորում է մեր մայրաքաղաքի կինոդիմանկարի մասին և փորձում հասկանալ, թե ինչո՞ւ է այդ դիմանկարը մի տեսակ կիսատ:

Ք

աղաքը որպես կերպար, որպես ապրող և շնչող օրգանիզմ՝ որտե՞ղ եմ տեսել այդ ֆենոմենը: Մտքովս անմիջապես անցնում է Դևիդ Լինչի «Մալհոլանդ Դրայվ» (2001) ֆիլմը կամ Վուդի Ալենի սիրային պոեմները՝ նվիրված Նյու յորքին: Հիացմունքով հիշում եմ Տրյուֆոյի, Գոդարի, Ագնես Վարդայի նկարահանած ուշ 50-ականների և 60-ականների Փարիզը, որտեղ Ժան ուստաշի «Մայրն ու պոռնիկը» (1973) հանճարեղ կինոէսսեի մեջ 15 տարի հետո սրճարանում նստած Ժան-Պիեռ Լյոն, ծխախոտը ձեռքին կփիլիսոփայեր, թե ինչո՞ւ ձախողվեց 68-ի հեղափոխությունը: Առաջին անգամ, երբ Հռոմ այցելեցի, ես, իհարկե, ուզում էի այն «վայելել»՝ ինչպես Մաստրոյանիի «Տրիումֆ» մակնիշի մեքենան էր դա անում «Դոլչե Վիտա»-ում (1960), իսկ Բեռլինն ինձ համար ընդմիշտ կմնա այն հակասությունների քաղաքը, որը ես ճանաչեցի Ֆասսբինդերի ֆիլմերի միջոցով:

Ազատ Շերենցի տաքսիով: Դժվար է պատկերացնել Անուկ Էմեին ու Անիտա Էկբերգին այդ փոխադրամիջոցների մեջ և զարմանալի չէ, որ Ալլա Թումանյանի Կարինեն այդպես էլ չնստեց Արամի տաքսին ու հրապարակի շատրվանում չթրջվեց: Բայց ի՞նչն է պատճառը: Արդյո՞ք Երևանը չուներ այն գայթակղիչ մթնոլորտը, որին այդքան արագ սիրահարվում է կինոխցիկը: Անձնական փորձից ելնելով կարող եմ ասել, որ Երևանը չափազանց դյութիչ է — հաճախ եմ փորձել այն պատկերագրել, մեկ անգամ նույնիսկ հենց քաղաքը գլխավոր կերպար դարձնելով: Այդ ֆիլմերս ձախողվեցին տարատեսակ պատճառներով… ասես թե Երևանը առեղծվածային մի կինոաստղ լիներ, որը վարանում է տեսախցիկից, ընդմիշտ կերպարանափոխվում ու անդադար՝ իր պատմական հուշարձանների նման «տեղափոխվում»: Ինչի՞ նշան է սա: Անհանգիստ, «հավերժ երիտասարդ» քաղաքի՞, թե մի բնակավայրի, որն ուղղակի երբեք չի ունեցել իր դեմքը:

***

Դեռ ամենասկզբում՝ 1925-ին, երբ Համո Բեկնազարյանը վերադարձավ Հայաստան՝ կինոարտադրություն հիմնելու նպատակով, նա չնկարեց «Երևան՝ քաղաքի սիմֆոնիա» (կամ գոնե սոնատա) կինոնկար: Փոխարենը ստեղծեց «Նամուսը», որում Երևանի նեղ ու քարքարոտ միջնադարյան փողոցները ներկայացվեցին որպես 19-րդ դարի գյուղաքաղաք Շամախին: Այս ֆիլմում ընդգրկվել են եզակի տեսարաններ, որոնք ինչ-որ կերպ կենդանացնում են մեր մայրաքաղաքի նախասովետական պատկերը՝ մեկ հարկանի աղյուսաշեն տներ, առատ այգիներ, պանդոկներ և այլն: Ակներև է, որ մեծ ռեժիսորի համար Երևանի ոչ մոնումենտալ դիմագծերը այդպես էլ գրավիչ չդարձան: Հայկական կինոյի առաջնեկ վարպետին չհուզեցին եկեղեցիները, մզկիթների ավերակները, Անգլիական այգին, Աստաֆյանով իջնող տրամվայը, Թամանյանի, Քոչարի, Մազմանյանի նորակառույց շենքերը, հասարակական բաղնիսները, հսկայական քարվանսարայը իր տիպիկ արևելյան մթնոլորտով, Սարյանը և Իսահակյանը փողոցով քայլելիս… Հանուն ճշմարտության պետք է ասել, որ նմանատիպ դրվագներ կարելի է գտնել և՛ Բեկնազարյանի, և՛ այլոց ֆիլմերում՝ ընդհուպ մինչև 1960-ականների կեսերը: Օրինակ՝ «Խաս Փուշում» (1928), «Մեքսիկական դիպլոմատներում» (1932) և հետպատերազմյան շրջանում՝ «Տժվժիկում» (1961): Միայն թե այստեղ այլ աշխարհներ են ներկայացնվում՝ տարատեսակ, անցյալում թաղված բեկորներ:

«Նամուս», 1925

36 37

Հուլիս/Օգոստոս 2012

Թվում է, թե ամեն մի մայրաքաղաք՝ անկախ իր չափերից, հմայքից և պատմությունից, անպայման պետք է ունենար իր կինոգովերգիչը: Ակամա սկսում ես փնտրել երևանյան Ֆելլինիին, Աբովյան փողոցի Վուդի Ալենին կամ լավ… 3-րդ մասի դե Սիկային: Սակայն պատկերը չի ամբողջանում՝ ինչ-որ աղճատված դրվագներ, պավիլյոններում ու ինտերյերներում նկարահանված դիալոգներին ֆոն ծառայող խրոնիկալ կադրեր, որոնք սահում են դրամատիկ տեսարանների արանքում: Իհարկե, այս տպավորությունները արդարացի չեն: Չէ՞ որ կա «Երևանյան օրերի խրոնիկան» (1972), «Հայրիկը» (1972), «Տղամարդիկ» (1973) և ինչո՞ւ ոչ՝ «Քանի դեռ կամ»-ը (2001) ու «Մեր բակը» (1996): Երևանյան կինոդիմանկարի այս աղոտ դրոշմն իմ հիշողության մեջ երևի բխում է գլամուրի պակասից: Ինչ մեղքս թաքցնեմ… անչափ ավելի հակված եմ մտովի ճամփորդել Մաստրոյանիի շքեղ մեքենայով, քան Խորեն Աբրահամյանի կարմիր երկդռնանի «Մոսկվիչով» կամ

ՀԱՄո ԲԵԿՆԱԶԱՐյԱՆԸ ՍՏԵՂԾԵՑ «ՆԱՄուՍԸ», ոՐուՄ ԵՐԵՎԱՆԻ ՆԵՂ ու ՔԱՐՔԱՐոՏ ՄԻՋՆԱԴԱՐյԱՆ ՓոՂոՑՆԵՐԸ ՆԵՐԿԱյԱՑՎԵՑԻՆ ոՐՊԵՍ 19-ՐԴ ԴԱՐԻ ԳյուՂԱՔԱՂԱՔ ՇԱՄԱԽԻՆ


«Նամուս», 1925

Իհարկե, ըստ էության, այս դրությունը մեծ մասամբ պայմանավորված էր նաև քաղաքական-գաղափարական մթնոլորտով, որը տիրում էր երկրում նախքան 1960-ականները: Երևանը երկար տարիներ մնում էր մեր կոմունիստ նախապապերի բաղձալի երազը, այսինքն՝ այն քաղաքը, որը նրանց պատկերացմամբ պետք է վայել լիներ նորաստեղծ Սովետական Հայաստանին և ոչ թե այն վայրը, ուր իրենք ապրում էին: Դա այն քաղաքն էր լինելու, որը էստաֆետը կշարունակեր Անիի անկումից անմիջապես հետո՝ զմռսելով մի քանի հարյուրամյակների պատմությունը: Ցույց տալ Երևանը իր երկար ու անդադար մետամորֆոզի ընթացքում՝ կնշանակեր ինչ-որ առումով կոտրել այդ ուտոպիական նախագծի՝ Թամանյանի և հետագայում՝ 1970-ականներին Միքայել Մազմանյանի պլանավորած (ու կատարելապես խեղաթյուրված) եվրասովետական արդիական մայրաքաղաքի նախապայմանները:

***

Հիրավի, հայկական կինոն առաջին անգամ մեզ մատուցեց Երևանը 1950-ականների կեսերին՝ որպես ստալինյան դեսպոտիզմի արգասիք: Պատահական չէ, որ այդ սկզբնական պատկերավորումների առաջարկներից մեկը Լաերտ Վաղարշյանի «Փեսատես» (1954) կարճամետրաժն է: Ֆիլմի անեկդոտային իրադարձությունները ծագում են տեղական թողարկման անորակ ժամացույցի պատճառով: Կանոնավոր գրաֆիկով ապրող այս Երևանում ամեն մի մասնիկ պետք է հնազանդորեն կատարի իր դերը, այդ թվում՝ նաև սեղանի փոքր մեխանիկական ժամացույցը: Այլապես՝ ավելի մեծ մեխանիզմները՝ քաղաքը, երկիրը, պետությունը, չեն կարողանա իրագործել պրոդուկտիվության իրենց առաքելությունը: Ֆիլմի բարոյական լոզունգը ակներև է: Բոլոր քաղաքացիները պատասխանատու են այդ մեխանիզմների տարբեր գործոնների սահուն աշխատանքի համար: Երբ ֆիլմի վերջում Խորեն Աբրահամյանի հերոսը հասկանում և ընդունում է իր թեթևամտության լուրջ հետևանքները, նա պարգևատրվում է իր երջանկությամբ՝ հարսնացուով և մեքենայով, որով նա կարող է պտտվել կանաչապատ մայրաքաղաքի լայն պողոտաներով, վայելել իր հնազանդության պտուղը: Քաղաքը և ընդհանրապես հասարակությունը, տեղ չունի «բռակ» անհատների համար, որոնք սիստեմից դուրս են գտնվում. այ օրինակ Ֆրունզիկ Մկրտչյանի «ալկաշ» Գարսևանի նման, որը մայրաքաղաքի գազոնները գործածում է կերուխումի համար՝ Ամասի Մարտիրոսյանի «01-99» կարճամետրաժում (1959):

1950-60-ականների Երևանը արտացոլող ֆիլմերում քաղաքի ֆունկցիան հիմնականում չի տարբերվում վերը նշված օրինակներից: Այն ծառայում է որպես կոմունիզմի խոստումի մարմնավորումը՝ տակավին նոր, լուսավոր, պատմություն չունեցող, սակայն պատմության դասերը իր մեջ ներարկած մի մեխանիզմ: «Ահա խնդրեմ մեր մայրաքաղաքի նոր կայարանը, որը լավագույններից է լինելու ամբողջ միությունում: ուշադրություն դարձրեք ազգային ինքնատիպությամբ լի զարդաքանդակներին…», — ասում է ինչ-որ գիդ զբոսաշրջիկներին և հպարտորեն ուղեկցում դեպի կիսակառույց շենքը՝ հետևում թողնելով «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը… Այդ աչք ծակող ուտոպիան դեռ կատարելապես չէր խմորվել սակայն: Երբ Խորիկը երգում է «այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել…», տակավին հասկանալի չէ, թե որ «այստեղի» մասին է խոսքը: Այն, որ ֆիլմի վերջում հավասարեցնում են հողի՞ ն (պապական հին տունը իր հրաշալի պատշգամբով ու բակով), թե՞ հինգ հարկանիներով կառուցապատված Ստալինի պողոտան: Այդ «անպետք» պատմությունն ու հնությունը, որը անհրաժեշտ չէր սովետահայ հասարակությանը, ի հայտ է գալիս այն ժամանակաշրջանում միմիայն, երբ այն լիկվիդացնում են, ինչպես, ասենք, հարբեցողներին, դաշնակներին և ուղղակի բարոյականությունից ընկածներին: Երևանը իրոք տարօրինակ քաղաք է: Աշխարհի ամենահներից մեկը, սակայն նյութական պատմությունից համարյա թե կատարելապես զուրկ: Պատմության այս տեսանելիության բացակայությունը իրականում այդքան էլ մեծ խնդիր չէր երկար տարիներ: Չէ՞ որ Օպերան և թամանյանական այլ շենքերը այդ պատմության բյուրեղացումն էին իրենց կամարներով, սյունաշարերով, գառգոմեշ-եղնիկ-խաղող-նուռ-բարդիախառը նախշապատումներով: Իսկ պուլպուլակներից բոլորը կարող էին խմել «այս ջուրը սառնորակ»: Միգուցե այդքա՞ն էլ վատ չէր:

***

Բայց եկան 60-ականները ու պարզվեց, որ չեզոքացված պատմության տեղում հայտնված դատարկությունը իրականում իրենից մի ահռելի բացասական ուժ է ներկայացնում, որն, ի վերջո, սկսելու է տանջել մարդկանց: Այնպես, ինչպես տանջվում է Արմեն Զիգարխանյանը Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ում (1965): Նա թրև է գալիս ժամանակակից Երևանով, փորձում է աղջիկ կպցնել, հարբել ու ազատվել իր համար բեռ մնացած հիշողություններից: Աղջիկ կպցնել ոչ մի կերպ չի ստացվում «պատկառելի» Երևանում, իսկ իր ծանր բեռից ինչոր ձևով ազատվելու համար հերոսը ստիպված է վերադառնալ Մոսկվա, որտեղ ի վերջո Մարգարիտա Տերեխովան խնդիր չունի հետևելու Արտյոմին մինչև իր հյուրանոցային սենյակը: Տերեխովայի Տանյան ոչ թե ազատամիտ է (մի խոսքով՝ Նատաշա), այլ ուղղակի

Կասկադի տեղում գտնվող շատրվանը «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմում, 1963

«Մեքսիկական դիպլոմատներ», 1931


ԹԵՄԱ Խոշոր պլանով

«Երևանյան օրերի խրոնիկա», 1972

«Բարև, ես եմ», 1965

ազատ: Ինքն էլ, Նիկիտա Միխալկովից ոչ պակաս «քայլում է Մոսկվայով» ու ահա հենց այդ ազատության պատճառով է, որ նրա և Արտյոմ Մանվելյանի միջև ստեղծվում է այն զուտ մարդկային կապը, որը հնարավոր է միայն պարտականություններից, գաղափարներից և սիմվոլներից զուրկ միջավայրում: Միանգամայն երկրորդական չէ այն հանգամանքը, որ այդ զույգի միակ համբույրը տեղի է ունենում ստորգետնյա անցումում: Ահա մոտենում ենք բուն խնդրին… Երևանը՝ համեմատաբար ժամանակակից քաղաք լինելով, գերլծված է անհնարին ֆունկցիայով՝ արտացոլել-ներկայացնել մի ամբողջ ազգի անցյալն ու էությունը: Այստեղ ամեն մի փողոց, ամեն մի տուֆի սալիկ, պուլպուլակ ու նույնիսկ պանելապատ շենքերի մի ստվար անտառ ազդանշում է անցյալից եկող ինչ-որ անձ, վայր, դեպք, ձև, սիմվոլ: ու այդ բոլորը… Մոնումենտի բարձր բլրից նայող, թուրը ձեռքին, Մայր Հայաստանի սևեռուն հայացքի տակ: Դե մյուս կողմից էլ Մասիսն ու Սիսը: Միթե պետք է զարմանալ, որ այստեղ կարծես թե իսպառ բացակայում են «դատարկ» կամ «անիմաստ տարածքները… որոնց միակ նշանակությունը անհատին՝ շնչելու օդի մատակարարումն է: Չէ, միանգամից մի շեղվեք Մաշտոցի պուրակի վրա: Այնտեղ կողքը ծննդատունն է: Ես էկոլոգիայի մասին չեմ խոսում, այլ ուղղակի անկախ լինելու, տարատեսակ պատումներից զերծ լինելու իրավունքի մասին եմ խոսում, որտեղ հնարավոր կլիներ դատարկության մեջ բախվել ինչ-որ նոր բանի: Եթե չափից դուրս վերացական եմ խոսում, ապա դիմենք կոնկրետ օրինակի: Խորիկը (կրկին) փորձում է գտնել «Գարնանային» փողոցը Երևանում, ուր նա ուզում է լինել Անահի��ի հետ: Սակայն «Երևանյան օրերի խրոնիկայում» նման փողոց չկա կամ դեռ չի կառուցվել: Դրա փոխարեն սիրավեպը ստիպված ծավալվում է… Եղեռնի հուշարձանի շուրջ (!): Տարօրինա՞կ է արդյոք, որ հերոսը՝ ֆիլմի վերջում, սեքսից հետո ուղղակի մահացու կաթված է ստանում:

Երևի մեղքի զգացումից: Երևանում ռոմանտիկան միշտ լուրջ հետևանքների է բերում: Ասենք՝ Հենրիկ Մալյանի «Հայրիկում», որը հիանալի պատկերում է մայրաքաղաքի առօրյան 70-ականների սկզբին իր ամբողջ բազմազանությամբ: Այստեղ կա այն իրական բախումը, որը տեղի էր ունենում հասարակության մեջ. պապերի հուսահատված զայրույթը, ջահելների սանձարձակ ապրելակերպը, ռոքը, ֆուտբոլը, կրծած կարմիր խնձորը, խրուշչովկաների շինարարությունը, գիշերային սրճարանները, ջինսերը, հեռուստացույցը, կաշառքով ինստիտուտ ընդունվելը, ցեղական միֆերը, գյուղից եկած հարազատները: Միայն թե մարդիկ, և հատկապես ընտանիքի պատրիարխը (Ֆրունզիկ Մկրտչյանը) ներփակված են ինչ-որ արատավոր շրջանի մեջ: ոչ ոք, ըստ էության, հնարավորություն չի ստանում ընտրելու իր ինքնուրույն շառավիղը և ձերբազատվելու կեղծ նշաններից: յո՞ յերթաս, Երևան: Մի՞թե բոլոր ճանապարհները այնուամենայնիվ տանում են դեպի Հանրապետության հրապարակ:

***

70-80-ականներին ժամանակակից Երևանին վերջապես սկսեցին սիրել կինոյում: Այո, կարելի էր ցույց տալ բարեկեցիկ, տեղ-տեղ չափազանց գեղեցիկ քաղաք իր ուրույն կոլորիտով: Այնուամենայնիվ, ինչ-որ տխուր բան կար այդտեղ: Դա քաղաք էր, որը պատկանում էր Հասարակությանը մեծատառով և ոչ երբեք՝ անհատին: ու այսօր, երբ դիտում ես «Տղամարդիկ»-ը կամ Ալբերտ Մկրտչյանի «Խոշոր շահումը» (1981), ինձ համար ցայտուն է հենց այդ ցավալի փաստը: Այստեղ Գառնիկը (Ֆրունզիկ Մկրտչյան) չի կարող վայելել իր շահած մեքենան, քանի որ «անկախության» այդ սիմվոլը ձեռք բերելով՝ անմիջապես փոխվում է նաև նրա ֆունկցիան իր շրջապատի աչքում. Գառնիկը դառնում է անվճար տաքսիստ: Այս ֆիլմերում առկա է Երևանի թերևս ամենաուրույն քաղաքաշինա-

ՀԵՆՐԻԿ ՄԱԼյԱՆԻ «ՀԱյՐԻԿԸ» ՀԻԱՆԱԼԻ ՊԱՏԿԵՐուՄ Է ՄԱյՐԱՔԱՂԱՔԻ ԱՌՕՐյԱՆ 70-ԱԿԱՆՆԵՐԻ ՍԿԶԲԻՆ ԻՐ ԱՄԲոՂՋ ԲԱԶՄԱԶԱՆուԹյԱՄԲ «Հայրիկ» ֆիլմի հերոսները Մոնումենտում, 1972

38 39

Հուլիս/Օգոստոս 2012

Մաշտոցի պուրակը «Երջանկության մեխանիկայում», 1982


կան հատկանիշը՝ իր բակային/թաղային համակարգը, ինչը ստեղծել էր մշակութային յուրահատուկ մթնոլորտ, որտեղ մարդիկ ապրում էին մի մեծ ընտանիքի մեջ: Նման միկրոկոսմոսները մեծ մասամբ անհետացել էին արևմտյան մեծ քաղաքներում (դժվար է դրանք պատկերացնել Մոսկվայում, Նյու յորքում կամ Լոնդոնում): Երևանում դրանք պահպանվել են առ այսօր, չնայած դեմոգրաֆիկայի հսկայական փոփոխություններին: Նոստալգիայից ելնելով՝ այս միջավայրը ընկալվում է որպես ավելի մարդկային: Չէ՞ որ արդիականացման ընթացքի հետ համատեղ այստեղ նաև պահպանվել են համայնքային սերտ կապերը, որտեղ հարևանները իրար հետ ուրախանում են, ցասում են, կառուցում են, իջնում են իրար տուն, կոֆե են խմում, բամբասում են, բակում նարդի խաղում, երեխաներին հանգիստ վստահում մեկը մյուսին: Բայց բակը նաև ինքնիշխանության զենք է, որտեղ բոլորը հսկում են բոլորին: Դա կառավարման համակարգի լավագույն ու ամենաարդյունավետ գործիքներից է՝ պանօպտիկոնը: Տարրական Ֆուկո, բայց եկեք չխրվեմ տեսաբանության մեջ: Իհարկե… ոչինչ սև/սպիտակ չէ: Խնդիրը չափերի հարաբերությունների մեջ է: Ինչ-որ առումով հավասարակշռված և իրական բնութագրում երևանցու առօրյայի մասին մենք կարող ենք տեսնել Ներսես Հովհաննիսյանի «Երջանկության մեխանիկան» (1983) հրաշալի ֆիլմում: Այստեղ քաղաքը ձեռք բերեց թերևս իր առաջին հերոսուհուն՝ Ալլա Թումանյանի Սոնային: Ֆիլմում կան այն բոլոր խնդիրները, որոնց կարող էր բախվել երևանցի պրոֆեսիոնալ, երիտասարդ և գեղեցիկ կինը, որը նաև միայնակ մայր է: Բնակարանային խնդիրները, գիշատիչ տղամարդիկ, ճնշող ընտանիքը, ազատ որոշումներ կայացնելու ծանրությունը և այլն: Միևնույն ժամանակ՝ Սոնայի Երևանը նաև այն քաղաքն է, ուր հերոսուհին կարող է հանգիստ զբոսնել իր երկրպագուի հետ և վերհիշել մանկությունը: «Լավ տուն է, չէ՞», — հարցնում է Սոնան Ռուբենին՝ մատնանշելով Բուզանդի փողոցի վրա գտնվող երկհարկանի սև շենքը: «Ես այստեղ եմ ծնվել, իսկ ահա այստեղ ապրում էր մեր բակի ամենաչար տղան…»: Նրանք քայլում են կանաչապատ Մաշտոցի պուրակով, շրջապատված Երևանի հին շենքերով ու բակերով (որոնք մեծ մասամբ այսօր չկան արդեն) ու սիրտդ մի պահ կանգնում է… Չէ, ես չեմ հակասում ինքս ինձ: Այս դրվագում իսկական պատմությունն է ներկայացված ի տարբերություն պատմագրության: Նման պատմությունը դամբարան չէ, այլ կենսական արմատ, որը սնում է կերպարներին: Այս անձնական: Անցյալի առկայությունը Մաշտոցի պուրակում ինքնին նաև ռոմանտիզմի առկայությունն է (նույնիսկ եթե կողքը ծննդատուն է): Դա ընդհանուր էջ է, որի վրա այդ երկու անծանոթ մարդիկ կարող են կարդալ միմյանց անհատականությունները և ստեղծել կոմունիկացիոն դաշտ: Սակայն հայկական կինոն հիմնականում չգնահատեց այդ հնարավորությունը: Եկան շատ ավելի քննադատական ժամանակներ, ֆիլմեր՝ Հարություն Խաչատրյանի «Կոնդը» (1987), Գենադի Մելքոնյանի «Վերջին կիրակին», Ներսես Հովհաննիսյանի «Օտար խաղերը» (1986) և հատկապես՝ Միքայել Դովլաթյանի «Դեմքով դեպի պատը» (1990): Դրանցում Երևանը հառնում է որպես մղձավանջ՝ ներսից նեխող, քայքայվող մի քաղաք: Գաղափարական կտրուկ փոփոխությունների արդյունքում տապալվեցին նաև Երևանի մասին բոլոր իդեալիստական պատկերացումները: Սովետական ժամանակաշրջանի հանդեպ այն հակասական վերաբերմունքը, որը տիրում էր 80-ականների վերջին, պարուրում է յուրաքանչյուր կադր: Նպատակը միֆոլոգիաների ոչնչացումն էր, բայց, ցավոք, տեղում միմիայն ծնվեցին նոր ու թերևս շատ ավելի կարծր միֆեր:

***

Կարելի է պնդել, որ Երևանի հետագա պատկերը հայկական կինոյում (և նաև սերիալներում) չափազանց բաղդատված է: «Երջանկության մեխանիկայից» հետո չհաջողվեց ստեղծել քաղաքի ամբողջական կինոդիմանկար: Շատերի համար դա խնդիր էլ չի եղել: Օրինակ՝ երիտասարդ կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը իր երկու կարճամետրաժ՝ «Աշնանային արև» (2006) և «Դիալոգներ» (2012) ֆիլմերում նպատակ է դրել վերարտադրելու ռոմանտիկ Երևանը: Նման՝ թեկուզ տխուր ռոմանտիզմը հնարավոր է, եթե իսպառ արհամարհվի այն առօրյա բռնությունը և սառնությունը, որը պարփակել է քաղաքը: Ինչը միանգամայն ընդունելի է, երբ ֆիլմը արվեստի գործ լինելու հավակնություն ունի: Այնուամենայնիվ, Կարդումյանի տաղանդավոր և չափազանց կինոգենիկ ֆիլմերը շարունակում են Դովլաթյանի ու Մալյանի ավանդույթները մի քաղաքում, որն այլևս գոյություն չունի: Մտաբերում եմ այլ դեպքեր… Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները», Տիգրան Խզմալյանի «Պեռլեկինոն» և բազմահեղինակ «Տաքսի Էլի Լավ ա»-ն: Վերջին տասը-քսան տարվա անեկդոտային, բուլվարային, մերբակային կինոպատումներից կամ վերացական, ուռճացրած մետաֆիզիկայով լցոնված «հեղինակային» դեգերումներից հոգնած, երազում ես տեսնել գոնե մեկ ազնիվ, անալիտիկ մեկնաբանում մերօրյա Երևանի իրականության մասին: Կնակարահանվի՞ մի օր, ասենք, Ալեխանդրո Գոնզալեզ Ինյարիտուի «Սերը՝ քած է» (2000) ֆիլմի պես մի անաչառ պատմություն այս քաղաքի մասին, թե՞ ինքնացենզուրան թույլ չի տա: Մի՞թե հնարավոր չէ տեսնել Երևանը իր բոլոր հակասություններով հանդերձ ու ազնվորեն ասել՝ սա է մեր քաղաքը: Այդպիսի ֆիլմ նկարահանվել է: Դա միգուցե միակ (հաջողված) դեպքն է ետսովետական կինոյում՝ ի ցույց դնելու այն կատակլիզմիկ պատմական իրադարձությունները, որոնք ընդմիշտ փոխեցին Երևանի էությունը: Խոսքը Վիգեն Չալդրանյանի «Տեր ողորմյա» (1997) ֆիլմի մասին է: Ինչու՞մն է դրա արժանիքը: Էլիտիստ, նարցիս ինտելեկտուալ հերոսի հուսահատված ազնվությունը: Մի տեսարանում Չալդրանյանը դեմ է առնում ապագա օլիգարխին («Կազիրյոկ» սրճարանում՝ եթե չեմ սխալվում) ու բացականչում «ես զզվում եմ ձեզանից… դուք սպանեցիք իմ քաղաքը»: Ռեժիսորը չի թաքցնում իր հակակրանքը, այն կեղտն ու խելագարությունը, որով հետզհետե ողողվում է Երևանը, իրեն՝ մտավորականին, այնտեղից դուրս մղելով: Գահակալվում է Լենինի արձանը, մարդիկ դառնում են սոված ամբոխ, արժեզրկվում է արվեստը: Միևնույն ժամանակ՝ «Տեր ողորմյան» տուրք է այն ամենին, ինչ մի ժամանակ գոյություն ուներ Երևանում: Ֆիլմը այնքան ցավալի չէր լինի, եթե այն չդիտարկեր, թե ինչպես է անհետանում հարուստ քաղաքային մշակույթը, որում ապրել, աշխատել, ստեղծագործել են հիրավի մեծ կամ ուղղակի անկեղծ մարդիկ: Աղբն ու գեղեցիկը միախառնվում են միմյանց ու ի հայտ բերում ինչ-որ անհասկանալի, նոր երևույթ, որն էլ գոյատևում է հենց այսօր, երբ քայլում ես Հյուսիսային պողոտայով, շուկա դարձաց կինո «Ռոսիայի» մոտերքով, Օպերայի և Օղակաձև ռեստորանաայգիների միջով, նստում մարշրուտկա կամ այցելում ես բնակելի շենքի առաջին հարկում գտնվող ժամանակակից արվեստի թանգարան: Այդ սյուռեալիստական երևույթը դեռ սպասում է իր լուրջ կինովերլուծությանը: Հուսանք, որ այն շատ չի ուշանա:

«Տղամարդիկ», 1972

Վիգեն Գալստյան Հայաստանի ազգային կինոկենտրոն


ԹԵՄԱ պրոֆի

Երջանկության կինոմեխանիկան Մինչև երեկ, երբևէ առիթ չէի ունեցել բարձրանալու կինո «Մոսկվայի» «վերևները»: Ինձ համար կինոթատրոնը սկսվել ու վերջացել էր կարմիր կամ կապույտ դահլիճներով: Բայց չէ՜… «վերևներում» մի ուրիշ աշխարհ է՝ մեծ անիվների վրա առանց շտապելու փաթաթվում է ժապավենը, նեղ պատուհանից երևում է ողջ դահլիճը, իսկ կադրից դուրս մնացողը միշտ էլ կինոմեխանիկն է: Կինոն նրա ձեռքում է՝ բառացիորեն:

40 41

Հուլիս/Օգոստոս 2012


Արմեն Ավագյան

Կինոտեխնիկումն եմ ավարտել: Սովետի փլուզումից հետո կինոն սկսեց չաշխատել, բայց հիմա էլի կինոն վերադառնում ա: 2001 թվի սեպտեմբերի 3-ից, երբ «Մոսկվա» կինոթատրոնը վերաբացվեց, էստեղ որպես գլխավոր մեխանիկ եմ աշխատում: Կինո «Մոսկվայում» իմ ցուցադրած առաջին ֆիլմը «Գլադիատորն» ա էղել: Արդեն 11 տարի ա՝ էս բնագավառում եմ: Կինոմեխանիկի աշխատանքը որպես էդպիսին գաղտնիք չունի, ուղղակի պետք ա աշխատանքին վերաբերվես պատասխանատվությամբ ու մի քիչ նրբազգաց լինես: Իսկ կինոն նրբազգաց լինելու հնարավորություն տալիս ա, էն էլ՝ շա՜տ, էն էլ լենտո՛վ կինոն… Լենտով կինոն շատ բան ա իրա մեջ ներառում՝ համեմատած էսօրվա CD-DVD-ների, ֆլեշկաների ու վինչեստրների վրա ապրող ֆիլմերի հետ: Լենտն իրա մեջ շունչ ա պարունակում, ու դու իրան զգում ես: Միշտ էլ էդպես ա եղել: Իսկական կինոն լենտն ա, որովհետև մեջը հոգի կա: Նույնը կյանքում ա՝ մարդկանց հետ առերես շփումը հո նույն շփումը չի, ինչը սոցիալական կայքերում: Նոր սերունդը պետք ա հասկանա, որ դիսկը մնում ա դիսկ, լենտը մնում ա լենտ: Լենտը փչանալու դեպքում կարելի ա նորոգել, իսկ դիսկը, կամ վինչը, եթե քերծվեց, փչացավ, ու դու էդ դիսկի վրայինը ուրիշ տեղ պահած չունեցար, ուրեմն էդ կինոն արդեն վերջ, պըրծ: Ֆիլմի ղեկը միշտ ձեռքումս ա, բայց ես՝ կինոյի լեզվով ասած, կադրից դուրս եմ. կինոմեխանիկի գործը հենց էդ ա: Իմ կյանքում էլ եմ էդպիսին դարձել, շատ երևալ չեմ սիրում, չի ստացվում: Տարբեր տարիներին սպասարկման ոլորտում եմ աշխատել, մինչև նախագահ սպասարկել եմ, բայց էլի չեմ էրևացել, կադրից դուրս եմ մնացել: Բայց կարևորը էդ չի, կարևորը՝ մարդիկ արածդ գործից գոհ մնան: Եթե հանդիսատեսը ոգևորված նայում ա ֆիլմը, դու էլ ես քեզ լավ զգում: Ֆիլմում լինում

ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ոԼոՐՏուՄ ԵՄ ԱՇԽԱՏԵԼ, ՄԻՆՉԵՎ ՆԱԽԱԳԱՀ ՍՊԱՍԱՐԿԵԼ ԵՄ, ԲԱյՑ ԷԼԻ ՉԵՄ ԷՐԵՎԱՑԵԼ, ՄԻՇՏ ԿԱԴՐԻՑ ԴուՐՍ ԵՄ ՄՆԱՑԵԼ են հատվածներ, որ ենթադրենք, հաճելի երաժշտություն ա հնչում, էդ ժամանակ ձայնը մի քիչ բարձր եմ անում, որ հանդիսատեսը ոգևորվի, իրան ավելի հաճելի լինի… այսինքն՝ կինոմեխանիկը մի քիչ էլ պետք ա դիջեյություն անի: որովհետև դու մի ֆիլմը մի քանի անգամ պատուհանի հետևից առիթ ունենում ես նայելու, իսկ հանդիսատեսը եկավ, մի անգամ նայեց, գնաց: Դրա համար էլ պետք ա էնպես անես, որ ինքը հնարավորինս հաճույք ստացած դուրս գա դահլիճից: Կինոն ինչքան կա՝ կինոմեխանիկն էնքան պահանջված ա լինելու, տպավորություն չստեղծվի, թե մենք վերջին մոհիկաններն ենք մնացել, պարզապես մենք միշտ պատուհանի հետևում ենք… Էսօրվա դրությամբ նույնիսկ 2 աշակերտ ունենք, իրանց սովորացնում ենք, որ շուտով կինո «Մոսկվայում» նոր դահլիճ բացվի՝ էնտեղ աշխատեն: Նույնիսկ էստեղ


ԹԵՄԱ պրոֆի

սովորում, գնում են Ռուսաստան աշխատելու: Չէ՝, կինոմեխանիկները պահանջված են: Էս աշխատանքը ընտրում են ոչ թե նրանք, ովքեր աշխատանք են փնտրում, այլ նրանք, ովքեր սիրում են կինոն: Հարցը սերն ա դեպի կինոն, թե չէ էսօր բոլորն են աշխատանք փնտրում: Մեկ-մեկ մեզ հարցնում են՝ որ դուք կինոն դնում եք, հետո գնում, քնո՞ւմ եք: Տո ի՞նչ քնել… Ֆիլմին ենք հետևում, մեկ-մեկ էլ կատակներ ենք անում տղաներով, որ ժամանակն անցնի: ուրեմն մի հատ ուժս ֆիլմ ա գնում՝ «Ֆրեդին ընդդեմ Ջեյսոնի»: Մի դրվագ կար, որ շատ տպավորիչ էր ու ամենավախենալուն էր: Էս Ֆրեդիի դերասանը ահավոր գեշ էր, մենք էլ իրա նկարը պլակատից կտրեցինք-հանեցինք ու տղաներից մեկին դիմակ սարքեցինք դրանով, կանգնացրեցինք ամֆիթատրոնում՝ հենց տեխնիկի պատուհանի ներքևում: Մեր մեխանիկներից մեկն էլ հլը չէր նայել էդ ֆիլմը, ինքն էլ կինոյի գիժ ա: Ասեցինք՝ արի պատուհանից նայի, նենց լավ ֆիլմ ա: Էկավ: Պայմանավորված պահին էդ տղեն գլուխը պատուհանից հանեց ուղիղ տեխնիկի աչքերի դիմաց ու բարձր գոռաց: Մնացածներս էլ դուռ, լուսամոտ՝ ինչ կար չկար, սկսեցինք ուժեղ դմփդմփացնել՝ էֆեկտը ուժեղացնելու համար: Էս մեր ընկերը հո՜ չվախեցավ, հո՜ չգոռաց: Էնպես, որ դահլիճը վախեցավ ու մտածեց, թե էս մեխանիկը երևի առաջին անգամ ա էս ֆիլմը նայում, դրա համար էլ վախեցավ: Ճիշտն ասած, մենք էլ վախեցանք, բայց իրա գոռոցից: Ինքը էդ պահին էնքան էր մտել էդ կինոյի մեջ, որ մինչև հիմա էլ հաստատ համոզված չի, թե էդ սարքա՞ծ բան էր, թե՞ ֆիլմն էր էդպիսին:

42 43

Հուլիս/Օգոստոս 2012

ՊԱՏուՀԱՆԻ ՀԵՏԵՎԻՑ ԵՍ ՄԻՇՏ ոՐ ՖԻԼՄԸ ՆԱյուՄ ԵՄ, ՍԻՐուՄ ԵՄ, ոՐ ՄուԹ ԼԻՆԻ ու ԽՑԻԿԻ ԲոԼոՐ ԼույՍԵՐԸ ԱՆՋԱՏուՄ ԵՄ: ՏԱՆՆ ԷԼ ԵՄ ԷԴՊԵՍ ՆԱյուՄ Սերգեյ Հովսեփյան

2000 թվին բացվեց կարմիր զալը, 2003-ից ես եկա էստեղ: Գործի մեջ կինոմեխանիկը պետք ա առաջին հերթին հմուտ լինի, իսկ էդ հմտությունը տարիների ընթացքում ա մշակվում: Հմտությունը էն ա, որ մեխանիկների լեզվով ասած, զարյադկեն հասցնի, որ հաջորդ սեանսի հանդիսատեսը իզուր երկար չսպասի: 14 տարեկանից տարբեր կինոթատրոններում՝ «ուրարտու», «Անի», «Սևան», կինո եմ ցույց տալիս: Մանկուց սիրել եմ կինոն: Հայկական ֆիլմերից շատ եմ սիրում «Մենք ենք, մեր սարերը», իսկ ամերիկյաններից՝ «Գլադիատորը»:


Էնպես եմ անում, որ հանդիսատեսը ձայնից կամ պատկերից բողոք չունենա: Առաջ ֆիլմերը լենտով էին գալիս, հիմա՝ 3D-ով: Օրինակ, նույն «Տիտանիկը» հենց 3D-ով եկավ, հանդիսատեսն ավելի շատ եկավ, որովհետև 21-րդ դարի մարդուն հենց էդ 3D էֆեկտներն են հետաքրքրում, ոչ թե ֆիլմի սյուժեն: Էնպես չի էղել, որ պատկերը գնա կամ ձայնը կորի, ես միշտ տեղում եմ: Դե հիմա էլ էնպես չի, որ նայելուց պլյոնկեն կտրվի: Էդ կոմունիստների ժամանակ էր շատ լինում, որովհետև վատ որակի պլյոնկեք էին լինում: Հիմա մենակ եթե փառատոններին պլյոնկով ֆիլմ են բերում, մենք նախապես ստուգում ենք, նոր ենք ցուցադրում: Ճիշտ ա, էստեղ մեծ էկրանով եմ նայում ֆիլմերը, բայց դե տանը տելեվիզրի հետ էլ եմ լավ. չնայած տանս տելեվիզրն էլ ա մեծ: Մենակ մի հատ սովորություն ունեմ: Պատուհանի հետևից ես միշտ որ ֆիլմը նայում եմ, սիրում եմ, որ մութ լինի ու խցիկի բոլոր լույսերը անջատում եմ: Տանն էլ եմ էդպես նայում: Բնազդաբար, հենց ֆիլմի տառերը գրվում են, գնում լույսերն անջատում եմ: Իսկական կինոն ոչ թե համակարգչով պետք ա նայել, այլ մեծ էկրանով: Ճիշտը մեծ էկրանն ա: Թե չէ պիռատսկի դիսկերը առնում են, որ նայեն, բայց դրանք նայելու բան չեն: Էղել ա՝ դիսկ եմ առել, որ դահլիճից նկարած ա էղել, մարդկանց գլուխներ ա երևացել, մեկ էլ տենում ես՝ մեկն անցավ դահլիճում: Մի խոսքով, կինոն պլյոնկով լինի, թե յեսիմ քանի D-ով, մեկ ա, կինոմեխանիկը միշտ պետք ա լինելու, ֆիլմի ղեկը միշտ իրա ձեռքում ա լինելու:

Սոնա Խաչատրյան Արթուր Lumen Գևորգյան


ԹԵՄԱ պատեր

Է՛ստի համեցեք Գովազդային աֆիշը միշտ եղել է մարդկանցով կինոդահլիճները լցնելու ամենապարզ միջոցը: Ընդ որում, ժամանկի ընթացքում կինոազդագիրը զարգացել, վերածվել է կերպարվեստի ինքնուրույն ճյուղի: Որոշակի զարգացում այն ունեցել է նաև Հայաստանում, թեպետ, ցավոք, երբեք արժանի ուշադրության չի արժանացել: Հայկական կինոպլակատներից շատերին հաջողվեց ծանոթանալ միայն մի քանի տարի առաջ, երբ լույս տեսավ կինոգետ Վիգեն Գալստյանի «Մոռացված արվեստ» ալբոմը:

«Հայրիկ», 1972 Նկարիչ՝ Կարապետ Երանյան

«Մեքսիկական դիպլոմատներ» Նկարիչ՝ Սարգիս Սաֆարյան

«Մենք ենք, մեր սարերը», 1969 Նկարիչ՝ Կարապետ Փաշյան

«Կոչված են ապրելու», 1961 Նկարիչ՝ Կարապետ Երանյան

44 45

Հուլիս/Օգոստոս 2012


«16-րդը», 1929 Նկարիչ՝ Հովսեփ Կարալյան

«Օտար խաղեր», 1986 Նկարիչ՝ Արագած Ախոյան

«Երևանյան օրերի խրոնիկա», 1973 Նկարիչ՝ Կարապետ Երանյան

«Սարոյան եղբայրներ», 1968 Նկարիչ՝ Ռաֆայել Պ. Բաբայան

«Ինչո՞ւ է աղմկում գետը», 1958 Նկարիչ՝ Կարապետ Երանյան


ԹԵՄԱ պատեր «Բարև, ես եմ», 1965 Նկարիչ՝ Կարապետ Երանյան

«Երջանկության մեխանիկա», 1982 Նկարիչ՝ Ռաֆայել Ս. Բաբայան

«Քաոս», 1974 Նկարիչ՝ Կարապետ Երանյան

46 47

Հուլիս/Օգոստոս 2012

«Գիքոր», 1934 Նկարիչ՝ Սարգիս Սաֆարյան


«Իմ ընկերոջ մասին», 1958 Նկարիչ՝ Կարապետ Երանյան

«Հին օրերի երգը», 1982 Նկարիչ՝ Ռաֆայել Պ. Բաբայան

«Զարե», 1926 Նկարիչ՝ Միքայել Արուտչյան

«Կարինե», 1967 Նկարիչ՝ Կարապետ Երանյան

«Կտոր մը երկինք», 1980 Նկարիչ՝ Ռաֆայել Ս. Բաբայան

«Պեպո», 1935 Նկարիչ՝ Սարգիս Սաֆարյան

«Նահապետ», 1977 Նկարիչ՝ Ռաֆայել Ս. Բաբայան


ԹԵՄԱ այնտեղ

Կինո չգնա՞ նք Կինո գնալու ավանդույթն արդեն մեկ դար մնում է քաղաքային կյանքի ամենակարևոր տարրերից մեկը: Եվ եթե Երևանում այսօր կինոթատրոնի ընտրություն պարզապես չկա, ապա աշխարհում վիճակը մի փոքր այլ է: Կինոթատրոնները տարբեր են, բայց բոլորին միավորում է նույն առաքելությունը՝ կինո ցուցադրել:

Chinese Cinema Theatre, Լոս Անջելես, ԱՄՆ Կինոթատրոնը 1927 թվականին կառուցել է հանրահայտ շոումեն Սիդ Գրաումանը: Առաջին ցուցադրության համար ընտրվել էր «Արքայից արքան»՝ Հիսուս Քրիստոսի մասին պատմող առաջին լիամետրաժ ժապավենը: Քանի որ 1162 նստատեղ ունեցող կինոթատրոնը կոչվում է «Չինական», ԱՄՆ իշխանությունները հատուկ դրա ձևավորման համար Չինաստանից օրինական հիմունքներով գնել են զանազան քանդակներ, զարդեր և նույնիսկ բուդդայական տաճարների զանգեր: Chinese Cinema Theatre-ում բազմիցս կայացել են «Օսկարի» մրցանակաբաշխություններ, իսկ հարևանությամբ ձգվում է հանրահայտ Փառքի ուղին:

48 49

Հուլիս/Օգոստոս 2012


Shankweiler’s Theater, Օրֆիլդ, ԱՄՆ Ամերիկայի երկրորդ ավտո-կինոթատրոնը (բացվել է 1934 թվականի ապրիլի 25-ին) հաճախակի օգտագործվում է նաև որպես նկարահանման հրապարակ: Shankweiler’s-ը կարելի հանդիպել, օրինակ, Միմի Լիդերի «Պտտահողմ» և Սթենլի Կուբրիկի «Փայլ» կինոնկարներում: Կինոթատրոնի տարածքում գործում է խանութ, որտեղ կարելի է ձեռք բերել պոպ-քորն, թխվածքաբլիթներ, դոնաթներ և զովացուցիչ ըմպելիքներ: Ցուցադրվող ֆիլմի ձայնը կարելի է բռնել մեքենայի ռադիոյով կամ էլ հատուկ տրվող ստերեո հաղորդիչով: Ամռանն ամեն օր գործող կինոթատրոնի մուտքն արժե 9 դոլար:

Korsoеr Biograf Teater, Կորսոր, Դանիա 1907 թվականի հունվարի 30-ին բացված այս կինոթատրոնը պաշտոնապես համարվում է ամենահին գործող կինոթատրոնն աշխարհում: Այսօր Korsoеr Biograf Teater-ը զվարճանքի մի ամբողջ կենտրոն է. բացի կինոցուցադրություններից այստեղ անցկացվում են թատերական ներկայացումներ, համերգներ և երգիծական ելույթներ: Տոմսն արժե 9,5 դոլար:


ԹԵՄԱ այնտեղ

Raj Mandir Theatre, Ջայփուր, Հնդկաստան 1976 թվականին բացված այս կինոթատրոնն ամենահայտնիներից է Հնդկաստանում: Քաղաքի տեսարժան վայրերից մեկը համարվող կինոթատրոնում, որը կառուցված է արտմոդեռն ոճով, հաճախ տեղի են ունենում Բոլիվուդի կարևորագույն պրեմիերաները, իսկ տոմսն արժե ընդամենը 3 դոլար:

La Cinema Lumiere, Պիզա, Իտալիա Իտալացիները պնդում են, որ կինոյի գյուտի հեղինակ եղբայրների անունը կրող այս փոքրիկ կինոթատրոնը բացվել է դեռ 1905 թվականին, ասել է թե՝ ամբողջ երկու տարով ծեր է դանիական Korsoer Biograf Teater-ից: Կինոթատրոնը տնօրինում են դրա հիմնադիր Ալեսանդոր Ագոստինիի հետնորդները: 2005-ին վերանորոգված La Cinema Lumiere-ում գործում է 198 տեղանոց հիմնական դահլիճը, ինչպես նաև 50 հոգու համար նախատեսված վիդեո-դահլիճը:

50 51

Հուլիս/Օգոստոս 2012


Odeon, Ֆլորենցիա, Իտալիա Սիլվիո Բեռլուսկոնիի RTI Mediaset հոլդինգին և 21 Partners ընկերությանը պատկանող կինոթատրոնը տեղակայված է XV դարի շենքում, որը ժամանակին պատկանել է քաղաքի մեծահարուստ ընտանիքներից մեկին՝ Ստրոցցիներին: 1920-ականներին ճարտարապետ Մարչելո Պիաչենտիի ղեկավարությամբ շենքի 121 սենյակների պատերի վերացումով ձևավորվեց կլոր բեմով մեծ դահլիճ: Ինտերյերի դեկորը գրեթե չի փոխվել դարերի ընթացքում: Այստեղ այսօր էլ կարելի է տեսնել Վերածննդի շրջանի գոբելեններ, ճենապակյա ջահեր, մարմարե սյուներ և քանդակներ: Տոմսն արժե 5,50 եվրո (հանգստյան օրերին՝ 7,50):

Electric Cinema, Լոնդոն, Մեծ Բրիտանիա Կինոթատրոնը բացվել է 1911-ին և ունեցել է բավական հետաքրքիր պատմություն: 1940ականներին պրոյեկտորն աշխատեցրել է սերիական մարդասպան Ջոն Ռեջինալդ Հոլիդեյ Քրիստին, իսկ 1980-ականներին, երբ Electric Cinema-ն փակման եզրին էր, ի պաշտպանություն դրա կանգնեց Օդրի Հեփբերնը և ոչ ապարդյուն: Կինոթատրոնում գրեթե չեն ցուցադրվում բլոքբասթերներ և կատակերգություններ, շեշտը դնելով արտհաուսի և եվրոպական կինոյի վրա: Տոմսի գինը տատանվում է 8-ից 15 ֆունտ սթերլինգի սահմաններում:


ՔԱՂԱՔ միջավայր

52 53

Հուլիս/Օգոստոս 2012


Քաղաքը մեր պատշգամբից Ճարտարապետության մեջ պատշգամբ է անվանվում շինության պատից դուրս ելնող բազրիքով ու վանդակապատված մակերեսը: Սակայն հայկական իրականության մեջ պատշգամբը վաղուց արդեն դադարել է զուտ ճարտարապետական անսամբլի մաս լինելուց: Երևանցիների սերը դեպի պատշգամբներն ապացույցների կարիք չունի, իսկ բոլորի համար ընդհանուր պատճառ գտնելը դժվար առաջադրանք է: Առկա են և՛ անտանելիորեն շոգ օրվանից հետո սառը քամին վայելելու ցանկությունը, և՛ քաղաքի բնակչի ձգտումը՝ ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում… Բայց մի բան հաստատ է՝ պատշգամբի գլխավոր գործառույթը մոտեցնելն է: Մեծ ու փոքր, բաղեղով փաթաթված, խաղալիքներով ու վաղուց մեծացած երեխաների հեծանիվներով լցված, դրանք վաղուց վերածվել են տերերի անձնական սրճարանների: Մարդիկ կիպ-կիպ նստում են, փորձելով տեղավորվել պատշգամբում և վարում են անշտապ խոսակցություններ: Ու ոչ միայն տունն է դառնում ավելի հարմարավետ, այլև կյանքը:


ՔԱՂԱՔ միջավայր

Ճակատագրական պատշգամբ

Հին Երևանում հաճախ էին հանդիպում այսպես կոչված «իտալական» բակեր, որոնց խորհրդանիշը մի քանի բնակարանների համար ընդհանուր պատշգամբն էր: Այնպես որ հարևանների շփումը հիմնականում հենց այդտեղ էր անցնում: Մելիքի ապագա ծնողները մանկուց խաղ էին անում այսպիսի ընդհանուր պատշգամբում, որն էլ արդյունքում դարձավ ապագա ընտանիքի մեկնարկային կետը: Այն տունը վաղուց արդեն չկա, դրա տեղում կառուցել են Երևանի քաղաքապետարանի նոր շենքը, բայց գենետիկ կապվածությունը դեռ կա՝ Մելիքը պաշտում է պատշգամբները: Իր սեփականը նայում է ուղիղ Կարապի լճին: Գեղեցիկ քարե կամարը զարդարում է բոլոր ընկերների սիրելի հավաքատեղին: Առավել հաճելի է այն, որ կարիք չկա Օպերայի բացօթյա համերգներին գնալ. ամեն բան այնքան մոտ է, որ թվում է՝ սեփական տանն են երգում: Կարելի է անգամ բազկաթոռից վեր չկենալ: — Այս մեկը ոչ թե բակային է, այլ շքամուտքային ու փոքր, հարևանների հետ շփվել այստեղ չի ստացվում, — պատմում է Մելիքը, — բայց մանկությունից մեջս մնացել են ջերմ հիշողություններ Զաքյանի հին փայտե պատշգամբներից: Ժամանակի ընթացքում դրանք փոխարինվեցին, իսկ այն ժամանակ դրանք միացված էին դռներով: Լավ հիշում եմ՝ կարող էինք մեր պատշգամբում նստած լինել, մեկ էլ բացվում էր դուռը և հարևաններից մեկն էր մտնում ինչ-ինչ հարցերով: որոշ ժամանակ ես ապրեցի Ամերիկայում: Երկար չէի հասկանում՝ ինչու՞ էին այնտեղի տներն այնքան անհարմար թվում: Հետո հանկարծ տեղ հասավ՝ պատշգամբներ չկան: Իսկ առանց դրանց կորչում է տան, ջերմության ու հարմարավետության մի տեսակ հիմնային զգացողություն:

54 55

Հուլիս/Օգոստոս 2012


Բազմալեռ

Գրիգոր Լուսավորիչ փողոցի ձկան խանութի շենքը հայտնի է ոչ միայն իր հիանալի ճարտարապետությամբ. այստեղից բացվում է հրաշալի տեսարան: Ընդ որում՝ հաջող դիրքի շնորհիվ, Վարդանի ու Ալիսայի պատշգամբից առավոտյան տեսանելի են հայկական երկու գլխավոր սարերը՝ Արագածն ու Արարատը: Սրճել ու նայել՝ ինչպես է սկսվում նոր օրը այստեղ՝ Աստծո կամքն է: — Առաջ, բացի սարերից, մեր պատշգամբից բացվում էր զարմանահրաշ տեսարան դեպի Երևանի ամենասիրված եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Սարգիսը, — պատմում է Վարդանը, — բայց վերջերս մի հսկա գովազդային վահանակ տեղադրեցին, ու հիմա մենք զմայլվում ենք շատ ավելի նյութական բարիքով: Պատշգամբի ընտրությունը, ընդհանրապես, մեծ դեր ունեցավ բնակարանի ընտրության հարցում: Մինչ այդ Ալիսան ապրում էր Զաքյան փողոցում. այս փոքրիկ փողոցի պատշգամբներից տեսարան է բացվում դեպի այգի: Իսկ այստեղ՝ շինության ուղիղ դիմացն աղմկոտ մայրուղի է, որ Մաշտոցի պողոտայից տանում է դեպի Հաղթանակի կամուրջը: — Մեր պատշգամբը շատ աղմկոտ է: Սկզբում նույնիսկ իրար չէինք լսում: Բայց հիմա այնպես ենք սովորել, որ դա չենք էլ նկատում: ուղղակի սիրում ենք էստեղ նստել, ինչպես բոլոր երևանցիները, և այդ սերը, կարծում եմ, պայմանավորված է բնական հետաքրքրասիրությամբ: Հետաքրքիր է, չէ՞՝ փողոցում ինչ է կատարվում:


ՔԱՂԱՔ միջավայր

Անդունդի եզրին

Կարամանուկյանների ընտանիքի պատշգամբից բացվում է Հրազդան գետի զարմանահրաշ համայնապատկեր: Տան տեղը ընտրվել է մանրակրկտորեն, իսկ ինքը շինությունը այնպես է նախագծվել, որ ամեն հարկում միմի պատշգամբ լինի: Դրանցից ամենամեծը միանգամից դարձավ ամբողջ ընտանիքի ու ընկերների սիրելի վայրը: Մի քանի տարի առաջ գեղանկարչության ակադեմիայի ուսանողուհի Անին պատրաստվում էր իր դիպլոմային աշխատանքի պաշտպանությանը. նա պիտի նկարազարդումներ աներ մանկական գրքի iPad-տարբերակի համար: Արդեն նկարվել էին շատ էսքիզներ, բայց մի տեսակ այն չէր՝ ներշնչանք չկար: — Ղեկավարս երկար բացատրում էր, որ աշխատանքի մեջ պիտի լինի խորություն: Պաշտպանությանը մնում էին հաշված օրեր, ես շատ էի անհանգստանում, գիշերները չէի կարողանում կարգին քնել՝ անընդհատ փորձում էի ճիշտ մոտեցում գտնել: Մի անգամ՝ մթնշաղին, դուրս եկա պատշգամբ, մոտեցա եզրապատին և երկար նայում էի կիրճին: Ահա այն՝ խորությունը: Կարծես վախենալով ցրել այդ զգացողությունը՝ շտապ նստեցի նկարելու հենց այստեղ՝ պատշգամբում: Այդուհետ արդեն որերորդ տարին է՝ պատշգամբը իմ սիրելի աշխատավայրն է: Ես հավատում եմ, որ իմ մուսան ձգում է այս գեղատեսիլ տեսարանը և հարազատ վայրը:

56 57

Հուլիս/Օգոստոս 2012


Գաղափարային պատշգամբ

Իր աշխարհագրական դիրքից ելնելով՝ պատշգամբը կարող է դառնալ քաղաքացիական դիրքորոշման արտահայտման հարթակ: Հարությունն ու Իրինան արդեն երկար տարիներ ապրում են Մաշտոցի պողոտայում: Մատենադարանն այստեղից այնքան մոտիկ է, որ թվում է՝ կարելի է ձեռքով կպչել Մաշտոցի արձանին: Հետևաբար՝ Հայաստանի նորագույն պատմությունը գրվում է բառացիորեն իրենց սուրճի սեղանի տակ: Սենյակում լսելիությունը չի զիջում փողոցին: Երբ ուզում ես իմանալ՝ ինչ է տեղի ունենում հանրապետությունում, և ինչ է պահանջում ընդդիմությունը, պարզապես պետք է բացել պատուհանը: Երբ դա հոգնեցնում է, և լռություն ես ուզում՝ հանրահավաքները «անջատել» հնարավոր է նույն միջոցով՝ փակելով պատուհանը: Հարությունը ճարտարապետ է, ծաղրանկարիչ: Իննսունականներին նա ընտանիքի հետ ժամանակավորապես տեղափոխվեց Մոսկվա: Ննջարանային թաղամասերից մեկում ապրում էին նրանց ընկերները, ովքեր մի անգամ հյուրընկալեցին Հարությունին, Իրինային ու երեխաներին: Եվ երբ փոքրիկ որդի Գոռը դուրս եկավ պատշգամբ՝ իր զարմանքին չափ չկար՝ «Իսկ ու՞ր են մարդիկ, ովքեր վեր են շպրտում ձեռքերն ու միասին գոռում»: Առանց սովորական լոզունգների պատշգամբն այլևս այն չէ: Իսկ այդ ընթացքում Երևանում հարևանը, որին հանձնարարված էր հետևել բնակարանին ու ջրել ծաղիկները, մի օր ամենաակտիվ ընդդիմադիրներին թույլատրել էր մտնել Հարությունի բնակարան և միանալ լոզունգներ վանկարկող հանրությանը հենց պատշգամբից: Եվ այդ ամենն առանց տանտերերի թույլտվության: Բայց քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող մարդիկ քաղաքավարի դուրս եկան՝ իրենք իրենց թույլ չտալով ոտնձգություններ կատարել տանտերերի սեփականության հանդեպ: — Ամեն ինչ տեղում էր, — պատմում է Իրինան, — ուղղակի հանրահավաքվեցին ու հեռացան: — Ախր սա պատշգամբ չէ, սա ամֆիթատրոն է, — հպարտորեն ավելացնում է Հարությունը:


ՔԱՂԱՔ միջավայր

Երբ գալիս է Վարդավառը

Էդմոն Քեոսայանի՝ «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմում Արմեն Ջիգարխանյանի հերոսը՝ Լևոն պապը, մոսկովյան բազմահարկ շենքում թոռան համար խորոված է պատրաստում: Խուճապահար հարևանները հրշեջ ծառայություն են կանչում: Եթե նման բան Երևանում լիներ, առավել հավանական է, որ հարևաններն իրենք էլ խնդրեին միանալ տոնին: Երևանցիների կարծիքով՝ պատշգամն էլ ինչի՞ համար է, եթե ոչ այնտեղ այնպես զգալու, ասես պիկնիկի ես: Արամի պատշգամբում ընտանիքի բոլոր սերունդները նախընտրում էին մաքուր երևանյան ժամանց՝ խաղում էին նարդի ու անգամ խորոված պատրաստում: Այստեղ դեռ պահպանվել են մանկության մասին նյութեղեն հիշողություններ՝ հեծանիվ, հին խաղալիքներ, նույնիսկ նվագարկիչ՝ մանկական երաժշտական ձայնապնակներով: — Փոքր ժամանակ ինձ թվում էր, թե պատշգամբը հսկայական է: Երեկոյան՝ սկսած ժամը հինգից-վեցից, այստեղից հետևում էի հարևան շենքի շողքին. հենց որ այն հասնում էր որոշակի կետի, պետք էր վազել բակ՝ ֆուտբոլի: Բացի դիտարկման կետից, պատշգամբը նաև ծառայում էր որպես բավական շահավետ մարտական դիրք: Հատկապես Վարդավառին: Լցնում ես մի կաթսա կամ դույլ, խելոք նստում ես, մեկ էլ՝ ահա՝ սառը ջրով ջրում ես հորանջող անցորդի: Զարմիկներով նաև այստեղից սալորներ էինք գցում: Բայց ճշգրտության մրցությունը երկար չտևեց՝ զոհի սխալ ընտրության պատճառով. թիրախ դարձած ջղային մարդը մեզ հետևեց, եկավ մեր տուն ու մամային բողոքեց...

58 59

Հուլիս/Օգոստոս 2012


Վրձին, բատիկ, պատշգամբ

Պուշկինի փողոցում՝ խիտ սաղարթի մեջ, կա երկու պատշգամբ: Այստեղ առավոտյան սրճում են մայրը՝ Գայանեն, ու դուստրը՝ Անուշը: Երկուսն էլ նկարչուհիներ են: Պատշգամբները լցված են նկարներով, բոլոր չափերի վրձիններով լի բանկաներով, ներկերով ու շրջանակներով: — Այս տունը հարուստ պատմություն ունի, — պատմում է Գայանեն՝ թեթևակի շարժելով մեծ նկարը, որ հենած է պատշգամբի ճաղերին, — անցյալ դարի հիսունականների երկրորդ կեսին, երբ Երևանի կենտրոնի շինությունները նոր էին կառուցվում, տեղի էին ունենում բռնադատվածների համաներումներ: Իմ լուսահոգի ամուսին Սամվելի ընտանիքը հնարավորություն չուներ սպասել, մինչև իրենց կհատկացնեն բնակարաններ նորակառույց շենքերում: Այն ժամանակ իրենց, ինչպես ուրիշ շատ համաներվածների, առաջարկեցին բնակվել այստեղ՝ դատարանի նախկին շենքում: Նրանք էլ շատ ազատ մտքի տեր մարդիկ էին: Իսկ մեր աղջիկը՝ Անուշը, ծնվել է մայիսի 28-ին՝ առաջին հանրապետության օրը: Սովետի ժամանակ այսպիսի տոն պաշտոնապես գոյություն չուներ, դրա մասին անգամ ձայն հանել չէր կարելի, բայց մեր տանը այդ առիթով, միևնույնն է, հյուրեր էին հավաքվում: Իսկ սկեսուրս ասում էր՝ «Եթե խնդիր լինի, կասենք, որ Անուշիկի ծնունդն ենք նշում: Դա էլ է, չէ՞, ճիշտ»: Եվ այդ ամենը տեղի էր ունենում պատշգամբում՝ սուրճի բաժակներով ու ծխախոտով: Հիմա պատշգամբային սրճումները շատ ավելի անմեղ են, խոսակցություններն էլ ոչ թե քաղաքականության, այլ արվեստի մասին են: Երևի թե հաջողության նշան է:

Նունե Մելքումյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

«Պեպոյի» գովազդը Երևանում, 1935 թ.

1935 թվականին հայկական կինոյի նախակարապետ Համո Բեկնազարյանը նկարահանեց առաջին հայկական հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»: Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի էկրանավորումը հայ կինոյի համար ունեցավ գրեթե նույնպիսի նշանակություն, որպիսին տարիներ առաջ նույն ռեժիսորի «Նամուսը»: Բացի տեխնիկական նորարարություններից, «Պեպոն» դարձավ Բեկնազարյանի լավագույն գործերից մեկը և կրկին «Նամուսի» պես իր զանգվածային հաջողությամբ բարձրացրեց «Հայֆիլմի» վարկանիշը: Չորս ամսվա ընթացքում միայն երևանյան երկու կինոթատրոններում ֆիլմը դիտել են ավելի քան 150 հազար մարդ, իսկ Մոսկվայում կինոնկարի վարձույթը տևել է ավելի քան չորս ամիս՝ ընթանալով միանգամից 13 կինոթատրոններում: Բնական է, սրան նպաստել է նաև լայնածավալ գովազդը: Բացի ցուցանակներից և հայտարարություններից թերթերում, երևանցիների համար Պուշկինյան հրապարակում կանգնեցվել էր մի ամբողջ «Պեպոյի մոնումենտ», որն առավել գրավիչ էր երեկոյան, երբ «լուսային էֆեկտների տակ շարժվում էին դիտկից պատրաստված պերսոնաժները»: Գովազդային վահանակի հեղինակը ֆիլմի բեմադրող նկարիչ Սարգիս Սաֆարյանն էր՝ 1920-30-ականների ամենաբեղմնավոր հայ պլակատիստը: Նա էլ հեղինակել է Երևանի փողոցներում մարդկանց դեպի կինոթատրոն կանչող «Պեպոյի» մյուս ազդագիրը: Կինոնկարի գովազդային արշավի կարևոր մասնիկն էր նաև համանուն ծխախոտի արտադրությունը: Այս գովազդային հնարքը 1926-ին կիրառել էին Մոսկվայում՝ «Նամուսի» փիառի ժամանակ, երբ «յավա» ֆաբրիկան արտադրեց համանուն ծխախոտ: «Պեպո» գլանակների էսքիզի հեղինակը նկարիչ Տաճատ Խաչվանքյանն է:

Սարգիս Սաֆարյանի ընտանեկան արխիվից, «Նկարիչ Տաճատ Խաչվանքյան» ալբոմից, Երևան 2007

60

Հուլիս/Օգոստոս 2012



Հուլիս-օգոստոս 2012, #8 (8)