Issuu on Google+

անվճար

Տարածվում է

2012. անցնող տարին երևանցիների աչքերով


Հ

արգելի Ձմեռ պապիկ, հույս ունեմ, որ այս Նոր տարի կայցելես նաև Երևանին: Գիտեմ, որ Երևանն իրեն այդքան էլ լավ չի պահել, բայց շատ հիշաչար մի եղիր ու, եթե դժվար չէ, պատրաստիր մի քանի նվեր, որոնք չեն խանգարի Երևանին: Մենակ թե լավ կլինի, որ չխառնես ամեն ինչ իրար: Թե չէ 2012 թվականին խնդրեցինք, որ նվիրես մեզ ավելի շատ կենսատու կանաչ տարածքներ, իսկ դու դրա փոխարեն հրամցրիր արհեստական խոտով պատված գորտ, արջ, թիթեռ ու էլի ինչ-որ նման բաներ: Երբ խնդրեցինք Աբովյան փողոցի վրա մի քիչ տեղ բացել քայլելու համար (չէ՞ որ մայթերը քայլելու համար են), դու քանդեցիր տեղի բուտիկները, բայց նենգաբար տեղափոխեցիր դրանք Մաշտոցի պուրակ (լավ է երկար չմնացին, ախր հե՛չ «սիրուն չէր»): Աղաչեցինք, որ նոր տարում ունենանք մարդավարի հանրային տրանսպորտ, դու չինացի ձևացար ու հինգ տասնյակ ավտոբուս նվիրեցիր Երևանին: Դրա համար, իհարկե, շնորհակալ ենք, բայց ի՞նչ կլիներ, որ հետն էլ նույնքան վարորդ նվիրեիր, որոնք վատանում են ծխելուց ու կտրականապես չեն սիրում ռաբիզ երաժշտություն: Խնդրեցինք լուծել Փակ շուկայի սանիտարահիգիենիկ հարցը, դու՝ վերցրիր ու քանդեցիր (մեզ համոզելով, որ «իրան իրան քանդվել է»): Մի խոսքով, հույս ունեմ, որ այս Նոր տարվա համար նախատեսված պարկի մեջ կլինեն նվերներ, որոնք իսկապես կուրախացնեն Երևանին: Օրինակ, եթե ունես ավելորդ իննսուն միլիոն դրամ, դրանք հանկարծ չծախսես Էրեբունի-Երևանին անիմաստ ռուս ծտերի հրավիրելու վրա, ավելի լավ կլինի այդ գումարը օգտագործվի, ասենք, քսանմեկերորդ դարում մի տեսակ վատ նայվող մահամերձ աղբատար մեքենաների թարմացման կամ Գլխավոր պողոտայի՝ դարեր առաջ լքված քաղաքի մաս հիշեցնող շատրվանները (դե, էն որ Վերնիսաժն է) վերանորոգելու համար: Եթե միտք ունես Երևանին նոր, ճըռ-ճըռ, սուպեր ժամանակակից շենք նվիրելու՝ մի՛ քանդիր պատմական արժեք ունեցողը, որպեսզի նորն անպայման կենտրոնում վեր խոյանա: Եթե նորն այդքան լավն է, արվարձան էլ կհասնենք, որ տեսնենք: Ի դեպ, հնությունների մասին: Հիշո՞ւմ ես, դեռ մի քանի տարի առաջ խնդրել էինք, որ 2790-քանի տարեկան մեր քաղաքում գոնե մի փողոց լինի, որի վրայի շենքերն ավելի հին լինեն, քան Հյուսիսային պողոտան: Դու էլ տոնական եղևնու տակ դրեցիր «Նոր հին Երևան» նախագիծը: Այս տարի, եթե դժվար չէ, նվիրիր մեզ գոնե բուլդոզերներով քանդած շենքերի համարակալած քարերը, չկա-չկա՝ հուշանվերներ կպատրաստենք, կծախենք տուրիստների վրա: Է՞լ: Դե չգիտեմ, միգուցե մի երկու նվեր էլ հատուկ քաղաքային պաշտոնյաների՞ն անես: Օրինակ, շատ լավ ամանորյա անակնկալ կլինի նրանց՝ սովորական քաղաքացիների կյանքով ապրելը: Ձեռքներից վերցրու ծառայողական մեքենաները ու ամեն օր երկու հարյուր դրամ տուր, թող գործի գնալ-գալուց երթուղայիններից օգտվեն, ոչ մի դեպքում չմաքրես նրանց շենքերի դիմացը նստող ձյունը՝ թող զգան ամեն քայլն անելիս սայթաքելու ու տապալվելու վախը ամեն անգամ, երբ երեկոյան տուն կհասնեն երթուղայինում կես ժամ շախմատի ձիու դիրքով կանգնած երթևեկելուց հետո: Գիտեմ, խիստ յուրահատուկ ամանորյա նվեր է, բայց հեռանկարային է՝ ավելի լավ կհասկանան ժողովրդին, ուրեմն ավելի լավ մասնագետ կդառնան, բարձունքների կհասնեն: Երևի էսքանով սահմանափակվեմ: Գուցե շատ բան խնդրեցի ամբողջ տարի իրեն չարաճճի պահած Երևանի համար, բայց դե քո հոգին խորն է, պարկը՝ մեծ ու անակնկալներով լի: Հարգանքներով՝ Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան

Բիայնա Մահարի


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

04

Անցուդարձ Նորություններ Սիրված արձանի վերածնունդը և այլ իրադարձություններ:

14

06

Իմ Երևանը Ավելի ուշ կտեսնվենք Սերգեյ Սմբատյանը վստահ է, որ Երևանը տրամպլին չէ, որ մարդիկ ապրեն ու գնան այստեղից:

Թատրոն Երկուսուկես մենություն Մարդու մենությունը մայրաքաղաքի բեմերում:

16

Պրոֆի Առողջ գեոմագնիսական դաշտ Եղանակի տեսության մեկնաբանը պատմում է իր գործի մասին:

08

Համացանց Հակաբզեզային միջոց Երևանցիների բողոքների կայքը:

10

Նստավայր Շոկոլադապատ մթնոլորտ Այն վայրը, ուր շոկոլադն ավելին է, քան պարզապես համեղ աղանդեր:

12

Զրից Զգա՛ ինչպես Դոնը Արտագաղթի և այլ բաների մասին խոսում են Երևանի տաքսիստները:

Շապիկ՝ Սարգիս Անտոնյան

2 3

Դեկտեմբեր 2012

18

20

ՔԱՂԱՔ

21

Նախագծի ղեկավար՝ Էդուարդ Այանյան Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Արսեն Կիրակոսյան Թողարկող խմբագիր՝ Արմեն Յոլյան Դիզայներ՝ Անի Կարամանուկյան Խմբագիր՝ նե Թադեվոսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Նկարահանումների գծով տնօրեն՝ Մարիաննա Իսկանդարյան Ֆոտոխմբագիր՝ Մարիամ Լորեցյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան, Արմինե Գեսիյան Էջադրում՝ Արմեն Յոլյան

46

Հայացք դրսից Կյանքը տոնելու ունակությունը Բրիտանացի հաղորդավարը՝ Երևան կատարած այցի մասին:

48

Հայացք դրսից Եկա, տեսա, հասկացա Մարկուս Դոչանթսկին Երևանի և Ճարտարապետության մասին:

49

Տեսակետ «Կոպեկանոց» չգնա՞ նք Արձակագիր Գուրգեն Խանջ յանը՝ «Կոպեկանոցի» ու հին երևանյան մյուս սրճարանների արժեքի մասին:

50

Նախագիծ Հայպոկալիպսիս Սերգեյ Սարգսյանը պատրաստվում է աշխարհի վերջին:

51

Նախագիծ Անցած դար XX դարի Երևանին նվիրված ինտերնետային նախագիծը՝ գրքի տեսքով:

52

Խորհրդանիշ Բացառության կարգով Ինչպես Հեյդար Ալիևը «բացառության կարգով» թույլատրեց կառուցել Երևանի քաղաքապետարանի ներկայիս շենքը:

56

Արտասովոր Քարքարոտ այգեստաններ Վարպետ Վահանի ժայռեղեն այգին Երևանյան ամրոցի տարածքում:

58

Պատեր Դռնեդուռ Քաղաքի հին դռները մոտիկից:

60

Կադրերի բաժին Երիտասարդության պալատ, 1979 թ. Մի դրվագ Երևանի ֆոտոպատմությունից:

ԹԵՄԱ

22

Պատմություններ Մերժվածները Երևանցիները վերհիշում են տարբեր երկրների դեսպանատներում մուտքի վիզայի մերժում ստանալու դառը պահերը: Գրողը տանի Ես էլ եկա ու տեսա… Հրաչյա Սարիբեկյանը «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում է Երևան քաղաքի մասին:

Սփյուռք Այստեղ դեռ սիրում են Լիբանանահայ տենոր Գևորգ Հաճյանն արդեն ութ տարի է, ինչ ընտանիքի հետ բնակվում է Երևանում:

44

Կարծիք Աշխարհի վերջի նախօրեին Ինչն են ընդգծում տարբեր տարիքի, սեռի և մասնագիտության երևանցիները՝ որպես անցնող տարվա գլխավոր խորհրդանիշներ՝ անկախ դրանց դրական, թե բացասական երանգ տալուց: Ինֆոգրաֆիկա Փողի հաշիվ 2012 թվականն ու Երևանի ծախսերը:

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Կարինա Ղազարյան, Գոհար Արամյան, Իրինա Մերդինյան, Արեգ Դավթյան, Հրաչյա Սարիբեկյան, Գուրգեն Խանջյան, Սոնա Խաչատրյան, Սաթենիկ Ավագյան, Աննա Ռուլևսկայա, Սերգեյ Սարգսյան, Էռնա Ռևազովա, Եկատերինա Կարտաշովա Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Մարիամ Լորեցյան, Սուրեն Մանվելյան, Հայկ Բիանջյան, Գալուս Պապյան, Լիլիթ Թովմասյան, Բիայնա Մահարի, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, Մարտին Էնդրյուսի և bravo.am արխիվներից Պատկերազարդումներ՝ Վլադ Գերասիմով, Վիլյամ Կարապետյան, Սարգիս Անտոնյան Անի Կարամանուկյան Տառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸ

© 2011-2012 «ԵՐԵՎԱՆ»

Հրատարակչության տնօրեն՝ Էդուարդ Այանյան

Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Բրենդ մենեջեր՝ Սերգեյ Թումանյան

Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Էտնոպրես» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: Հղումը «ԵՐԵՎԱՆ»-ին պարտադիր է: Համարը տպագրության է հանձնվել՝ 27.11.2012

Հայաստանի Հանրապետություն, 0037, Երևան, Բաբայան 2 Հեռ.՝ +374 (10) 20 26 89, +374 (10) 20 22 89 Ֆաքս՝ +374 (10) 20 25 69 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL` www.yerevanmagazine.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 20 23 89

Փնտրե՛ք մեզ Ֆեյսբուքում

Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, Երևան, ՀՀ Տպաքանակ՝ 6000 օրինակ Հիմնադիր՝ «Էտնոպրես» ՓԲԸ, Ռուսաստան 123104, Մոսկվա, Մալայա Բրոննայա փող., 13, շին. 1 Հեռ.՝ +7 (495) 926 38 66 Էլ. փոստ՝ info@ethnopress.ru URL`www.yerevanmagazine.com Ամսագիրը գրանցված է Զանգվածային հաղորդակցությունների ոլորտում օրենսդրության հսկողության և ՌԴ մշակութային ժառանգության պահպանման դաշնային ծառայությունում:


քաղաքամեջ Անցուդարձ

Միշել Լեգրանը փակեց Yerevan Music Fest-ը Հոկտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցավ աշխարհահռչակ դաշնակահար Միշել Լեգրանի համերգը, որը նվիրված էր մաեստրոյի 80-ամյակին: Համերգը փակեց Երևանյան միջազգային երաժշտական VI փառատոնը: Համերգին Լեգրանը ներկայացավ թե՛ որպես կոմպոզիտոր, թե՛ դիրիժոր, թե՛ կատարող, թե՛ երգիչ: Ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Լեգրանի ղեկավարմամբ, համերգը բացեց անգլիական «Երեք հրացանակիրներ» ֆիլմի երաժշտությամբ: Ընդհանուր առմամբ համերգի ամբողջ ծրագիրը բաղկացած էր տարբեր ժամանակների ֆիլմերի համար կոմպոզիտորի հեղինակած սաունդթրեքներից: Զարմանալի չէ, հաշվի առնելով, որ Լեգրանը «Օսկարի» եռակի մրցանակակիր է: Երեկոյի հյուրն էր հանրաճանաչ տավղահար Կատրին Միշելը՝ Լեգրանի համերգների մշտական մասնակիցը: Նրան ներկայացնելիս Լեգրանն ասաց՝ «Նա այնպես է տավիղ նվագում, ինչպես չի նվագել ոչ ոք և նրանից հետո էլ ոչ ոք չի նվագի»: Իրոք, եթե փակես աչքերդ ու լսես Միշելին, կթվա, թե նվագում է ոչ թե մի տավիղ, այլ ամբողջ նվագախումբ: Համերգը Երևանյան միջազգային երաժշտական VI փառատոնը եզրափակողն էր: Այս տարի փառատոնը Երևանի երաժշտասերներին նվիրեց վառ երեկոների ամբողջ շարան: Հյուրերից էին մակեդոնացի ճանաչված դաշնակահար Սիմոն Տրփչեսկին,

Պոլիէթիլենային գազաններ

Հոկտեմբերի 28-ին Երևանի փողոցներով քայլում էին սիրամարգեր, թիթեռներ, արծիվներ, արջեր և նույնիսկ բեզոարյան այծ: Բայց դրանք ոչ թե «Ջումանջի» ֆիլմի շարունակության հերոսներն էին, ոչ էլ այս տարի քաղաքի փողոցներում բնակություն հաստատած կանաչապատ ինստալյացիաները: Մայրաքաղաքում պարզապես կենդանիների շքերթ-դիմակահանդես էր: Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամը (FPWC) արդեն երրորդ տարին էր կազմակերպում այդ շքերթը, որի գլխավոր գործող անձինք պլաստիկից և պոլիէթիլենից պատրաստված կենդանիներն են: Այդ յուրօրինակ քանդակներից բացի միջոցառմանը մասնակցում էին հարյուրավոր երեխաներ ողջ հանրապետությունից: Ուղիղ կեսօրին շքերթը սկսվեց Ազատության հրապարակից, ուղղություն բռնելով դեպի Կենդանաբանական այգի: Մասնակիցներից պահանջվում էր միայն հագնել որևէ կենդանի հիշեցնող զգեստ՝ պատրաստված կենցաղային թափոններից: Նախագծի հիմնական նպատակը հասարակության իրազեկումն է կենդանիների իրավունքների պաշտպանության մասին, հատկապես այն տեսակների, որոնք գտնվում են ոչնչացման եզրին:

4 5

Դեկտեմբեր 2012

ով համերգին նախորդող մեկ ժամը հայերեն էր սովորում, որպեսզի լսարանին հարազատ լեզվով ողջույնի խոսք ասեր, Բախ, ջազ և շարականներ նույնքան վիրտուոզ կերպով կատարող իտալացի թավջութակահար Մարիո Բրունելլոն, ինչպես նաև Բորոդինի անզուգական քառյակը: Վերջինս կատարեց ինչպես համաշխարհային դասական ստեղծագործություններ՝ Բեթհովեն և Շոստակովիչ, այնպես էլ հայկական դասական երաժշտություն՝ Էդվարդ Միրզոյանի «Քառյակը»: Այդ երեկոն եղավ Միրզոյանի խորհրդանշական, վերջին մեծարումը. մաեստրոն օրեր անց հեռացավ կյանքից: Փառատոնի ընթացքում նաև ելույթ ունեցան համաշխարհային լավագույն բեմերը գրաված հայ մեծանուն երաժիշտներ Վահան Շարաֆյանը և Սուրեն Բագրատունին: Հայ ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Լակրիմոզան», որ Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմի համար է գրված, հնչեց Հայաստանի անկախության օրվան նվիրված տոնական համերգին: Իսկ Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակին նվիրված տոնական համերգին գերմանացի դաշնակահար Անդրես Ֆրոյլիխը, չեխ տավղահար Յանա Մուժկովան և իտալացի ֆլեյտահար Մասսիմո Մարչելլին կատարեցին Մոցարտ և Բեթհովեն:


Եկա, տեսա, չը՜խկ

Հայաստանյան գովազդի ավանդույթների տակավին երիտասարդ լինելը չի խանգարում ունենալ մեզ մոտ տարածաշրջանի կարևոր գովազդային փառատոներից մեկը: «Veni, Vidi, Crack!» կարգախոսով Երևանում երրորդ անգամ կայացավ «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնը, որի մրցանակներին հավակնում էին 15 երկրների խոշորագույն գովազդային գործակալությունները: Բացի հինգ ավանդական անվանակարգերից («Հեռուստատեսային և ռադիո գովազդ», «Ինտերակտիվ գովազդ», «Տպագիր և արտաքին գովազդ») այս տարի, երբ Երևանը ստանձնել է Գրքի համաշխարհային մայրաքաղաքի պաշտոնը, հատուկ տեղ էր հակտացվել նաև գրքի և ընթերցանության առաջխաղացման համար մշակված նախագծերին: Մրցանակակիրների թվում էր նաև ԵՐԵՎԱՆ ամսագիրը, որի երկու շապիկները ստացան արծաթե և բրոնզե մրցանակներ «Գրաֆիկական դիզայն» ենթաբաժնում:

Սիրո՛ւմ է

Աբովյան փողոցում վերաբացվել է «Սիրում է, չի սիրում» քանդակը՝ 60-ականների Երևանի կենտրոնի ամենասիրված ստեղծագործություններից մեկը, որը ոչնչացվել էր վանդալների ձեռքով 1991-ին: Թերեզա Միրզոյանի այս գործի կրկնօրինակը մոր էսքիզներով բրոնզից ձուլել է նրա դուստրը՝ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Նոր տարբերակը տեղադրվել է նախկին վայրից քիչ հեռու:

Ռեանիմացվեց

Երևանցիները չորրորդ անգամ հնարավորություն ստացան դիտելու էկրաններին բազմաթիվ անիմացիոն ֆիլմեր՝ այնպիսիք, որոնք դժվար կլիներ հանդիպել հեռուստացույց դիտելիս: Դրանց մեծ մասը մասնակցում էին ՌեԱնիմանիայի մրցութային ծրագրերում: Նատալյա Միրզոյանի՝ թեյի տերևների միջոցով նկարահանված «Չինտին» լավագույնը ճանաչվեց կարճամետրաժների թվում, հունգարացի Մարսել Ջանկովիչի «Մարդու ողբերգությունը» երկուսուկես ժամանոց անիմացիոն ֆիլմը լավագույնն էր լիամետրաժների մրցույթում, գերմանացի Կասիա Վիլքը հաղթեց մանկական մրցույթում «Դիմացիր ինձ» մուլտով, ավարտական մրցույթում լավագույնը ճանաչվեց Յոհաննես Չիզլի «366 օրը», իսկ հեռուստատեսային/գովազդային ֆիլմերի ցանկից ժյուրին նախապատվությունը տվեց իսպանաչեխական «Կանգնելով հանուն ազատության» ժապավենը: Ընդհանուր առմամբ ՌեԱնիմանիային այս տարի ներկայացվել էր շուրջ 400 անիմացիոն ֆիլմ 40 երկրներից: Կազմակերպիչների համոզմամբ, հաջորդ՝ հոբելյանական հինգերորդ փառատոնը է՛լ ավելի լայնածավալ ու հետաքրքիր կանցնի:


քաղաքամեջ Թատրոն

Երկուսուկես մենություն Անհատի մենության թեման գրեթե միշտ էլ արվեստի, այդ թվում և թատրոնի հետաքրքրությունների շրջանակում է եղել: Այսօր էլ երևանյան բեմահարթակները նման բովանդակություն ունեցող ներկայացումների պակաս չեն զգում: ԵՐԵՎԱՆԸ մայրաքաղաքային խաղացանկից այս անգամ կփորձի մարդու ներքին կղզիացումը մեկնաբանող խոր հոգեբանական բեմադրությունները ներկայացնել:

Մ

ոտ երկու ամիս առաջ Փոքր թատրոնի բեմում տեղի ունեցավ Վահան Բադալյանի հեղինակած «Օդիլ» հոգեբանական դրամայի առաջնախաղը: Մտախանգարման պատճառով սեփական տարիքը չգիտակցող կնոջ խղճահարույց բեմապատում, որում հոգեբանական գլխավոր խաղաթուղթը ամենակուլ մենությունն է: Օդիլի այս կարգավիճակի սրմանը նպաստում է նաև ամուսնու բացակայության հանգամանքը: Ներքուստ չհաշտվելով այդ փաստի հետ՝ նա որդուն կողակցի տեղ է ընդունում, քանի որ տղան շատ էր նման հորը: Եվ այս կործանարար երկվությունը շատ ավելի գրավիչ վերարտադրություն է ստանում Վահան Բադալյանի ռեժիսորական հնարքների համատեքստում: Վերջինս հմուտ աճպարարի վարպետությամբ է խաղարկում երկու իրականությունների հարաբերությունը՝ կրկին ապացուցելով իր էսթետիկայի բարձրակարգ լինելը: Բայց գեղագիտական հմայքի շնորհիվ հանդիսատեսի համակրանքը վայելող էսթետը վրիպել է բեմադրական խնդիրները լուծելիս: Ամենակոպիտ սխալը գլխավոր հերոսուհու բարդագույն դերը Վիվյեն Բաստաջյանին վստահելն է: Ամբողջ ներկայացման ընթացքում նրա գրեթե բոլոր գործողությունները հավատ չեն

ներշնչում, բացի ինքնատիրապետումը կորցնելու տեսարանից: Այստեղ, ի պատիվ իրեն, նա կարողանում է բռնախաղի գիրկը չընկնել: Ճիշտ է, փորձառու ռեժիսորը կռահելով, որ իր ընտրած դերանուհու ֆակտուրան կինոգենիկ է, վիզուալ շեշտը նրա դեմքի էկրանային ցուցադրման վրա է ուղղում: Սակայն դա չի լրացնում դերակատարման բովանդակային բացը, որ խոչընդոտում է համազգալ մշտարթուն մենության մատուցած պաթոլոգիկ խաբկանքը: Նշված ինքնախաբեությունը այլ՝ միտումնավոր, բնույթ է կրում Սերժ Մելիք-Հովսեփյանի բեմադրած «Հորաքույրը և ես» սև հումորային էքսցենտրիկ դրամայի պարագայում, քանի որ այստեղ խնդիրների խնդիրը միայնակության հաղթահարման համար ստեղծված ստախոս «լռությունն» է: Մի տղամարդ երեսուն տարվա «վաղեմության» հորաքրոջից նամակ է ստանում առ այն, թե նա մահամերձ է: Տղամարդը շտապում է ազգականին վերջին հրաժեշտը տալու, բայց շփոթում է հասցեն և հորաքրոջ տան առջևի շենքում ապրող օտար կնոջ բնակարան է մտնում: Օտարականի անակնկալ այցից հանկարծակիի եկած կինը նույնպես միայնակ է ապրում և ոչ մի հարազատ չունի: Ավելին, հորաքրոջ սերնդակիցը, կռահելով տեղի ունեցածը, օգտվում է ստեղծված իրավիճակից. տևականորեն լռելով՝ չի ասում, որ իրականում թյուրիմացություն է տեղի ունեցել: Այդպես ճակատագրի նվիրած այցելուն շուրջ մեկ տարի խնամում է կարծեցյալ բարեկամին, մինչև հարազատ հորաքրոջ մահվամբ բացահայտվում է թվացյալ ազգականուհու մենությունը քողարկող

6 7

Դեկտեմբեր 2012


սուտը: Ստացվում է իրականությունը դիտավորյալ բեկող մտախաբում, որի ռեժիսորական սիմվոլն է հադիսանում բեմում շեղանկյուն դիրքի բերված հարթակը: Բացի դրանից, բեմադրիչը հանդիսատեսին չի զրկում նաև ստեղծագործության ժանրային առանձնահատկության գունային խորհրդանշումը տեսնելու հաճույքից: Ամեն անգամ, երբ տղամարդու դերակատար Գեորգի Հովակիմյանը վարպետորեն հրամցնում է էքսցենտրիկ կերպարի սև հումորային ելուստները, անմիջապես վրա է հասնում մթնեցումը՝ որպես սևորակ ծիծաղի բնույթը հուշող գունախորհուրդ: Մնացյալ դեպքերում՝ ռեմարկային մթնեցումները, եթե չունեն ձայնային ուղեկցում, ինքնանպատակ են: Անհարկի ծանրաբեռնում են թատերային խաղարկման պահանջ ունեցող մենությունը: Մենություն, որն ի տարբերություն նախորդ երկու ներկայացումների՝ Արթուր Սարիբեկյանի բեմադրած «Կրքոտ հաշվետվություն» մելոդրամատիկգրոտեսկային կենցաղագրության մեջ ոչ թե շարժառիթ է, այլ ինքնախաբեության հետևանք: Այսինքն, այն կիսաֆունկցիոնալ է, որովհետև մենությունը՝ որպես այդպիսին, զեղչված է: Կամերային երաժշտական թատրոնի բեմում զարգացող կիսամենության սյուժեն ցույց է տալիս մեզ բավականին ծանոթ բարոյահոգեբանական խնդիր, որի լուծման ձևն է արտասովոր: Իրավիճակն այսպիսին է. ամուսինները, իրար հետ ապրելով, չեն կարողացել հաղթահարել միայնակության զգացոումը, քանի որ իրականում երկուսն էլ

մինչև վերջ անկեղծ լինելու քաջություն չունեն: Այդուհանդերձ, ստի մեջ ապրելն էլ այլևս անհնար է: Հետևաբար, անկեղծության դեֆիցիտը լրացնելու նկատառումով հիպնոսարարի են կանչում, որպեսզի կենցաղային խնդրի լուծման պատրվակով բոլոր կասկածների պատասխանները ստանան: Փաստորեն, ի հայտ է գալիս խիստ ինքնահատուկ կերպար Գոդոն, որի դերակատարումը, ի դեպ, Վահագն Սիմոնյանի հաջողության դեբյուտը կարելի է համարել: Նույնը չի կարելի ասել Ադիի դերակատարումը ստանձնած շնորհալի դերասան Արմեն Մարգարյանի մասին, ով միզանսցենի շահերը սպասարկող դադարները նախապատրաստելիս կեղծիքի գիրկն է ընկնում: Այդ պաուզաների նախերգանքների՝ միատառ բառերի, արտաբերման ոչ սկիզբն է հասունանում, ոչ էլ ավարտը: Շատ ավելի վատ վիճակում է Էնջլի դերակատար Տաթևիկ Միրզոյանը: Թեպետ նրա քայլվածքը, դիմախաղն ու շշուկումը օրգանականության առջև չեն մեղանչում, բայց երբ գործը բարձրաձայն խոսքին է հասնում, կերպարը ներքին միագծությամբ է պարփակվում: Ձայնի հնչերանգը միայն դերի քաղքենությունն է վեր հանում, այնինչ, դա կերպարի միակ հոգեբանական շերտը չէ: Հուսանք՝ լուսաձայնային ռեժիսորական գտնված հնարքով տեսարաններն իրար միացնող բեմադրիչը, այսուհետ դերասան ընտրելիս՝ արտաքինից բացի ներքին նրբությունների հետ էլ հաշվի կնստի: Այլապես ձախողումն անխուսափելի է՝ անկախ շնորհքիդ թեքվածքից ու խտությունից:

Տիգրան Մարտիրոսյան


քաղաքամեջ Համացանց

Հակաբզեզային միջոց Հոկտեմբերից համացանցում գործող CityBugs.am կայքը երևանցիներին հնարավորություն է տալիս իրենց թաղամասի խնդիրները բարձրաձայնել, դրանց շուրջ քննարկումներ կազմակերպել և լուծումներ ակնկալել: Կայքի գաղափարի մասին ավելի մանրամասն պատմում է ծրագրի ղեկավար Հովհաննես Աղաջանյանը:

Տրանսպորտ

Կրթություն

Աղբահանություն

Քաղաքաշինություն

Սոցիալական ապահովություն

Կոմունալ տնտ��սություն

Մշակույթ

Բնապահպանություն

Շինարարություն և բարեկարգում

Առողջապահություն

Այլ Բագեր

8 9

Դեկտեմբեր 2012

Առաջարկներ


Ոլորտ Այլ Վարչական շրջան Մալաթիա-Սեբաստիա Փողոց Sebastia street, Yerevan, Armenia Տուն / Շենք Մալաթիա-Սեբաստիա թաղապետարան Հարգելի Մալաթիա-ՍԵբաստիա թաղապետարան, ես, իհարկե, հասկանում եմ, որ դուք բառիս բուն իմաստով անասնապահությամբ եք զբաղվում ամբողջ օրը, բայց ոչ էս աստիճանի: Ոչ մի օգտակար գործ չեք անում համայնքի համար, փոխարենը կով եք արածեցնում հենց ձեր շենքի կանաչապատ տարածքի վրա: Ամոթ է՝ մարդիկ ծիծաղում են ձեր վրա՝ գործ արեք, գործ:

Ոլորտ Մշակույթ Վարչական շրջան Արաբկիր Փողոց Փափազյան-Սարալանջ Այս առաջարկը ես արել եմ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Այս առաջարկը արել եմ այսօրվա քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Պարոն քաղաքապետ, կատարեք 22-ամյա Հայաստանի նորագույն պատմության աննախադեպ քայլ: Ավերված, կոպեկներով վաճառված Կահույքի գործարանի տարածքը այսօր այսպիսի տեսք ունի: Հետ գնեք գնորդից, որը, ըստ լուրերի, նախկին քաղաքապետներից մեկն է: ԴԱՐՁՐԵՔ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՅԳԻ, ՇԱՏՐՎԱՆՆԵՐՈՎ: ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԸ:

Ոլորտ Մշակույթ Վարչական շրջան Կենտրոն Փողոց Նալբանդյան փողոց, Երևան, Հայաստան 2 չգործող, ամռանը շուրջը գարշահոտություն տարածող զուգարանները կառավարության շենքի մոտ:

Ոլորտ Շինարարություն և բարեկարգում Վարչական շրջան Կենտրոն Փողոց Սարյան Վերանորոգվում է Անդրանիկ Մարգարյանի անվան ավագ դպրոցը։ Բետոնը օգտագործելուց ամբողջությամբ լցրել են կանաչապատման համար նախատեսված հողատարածքի վրա։ Այս պահին սա իրենից ներկայացնում է քարացած մոնոլիտ։ Եվ այսպես է արդեն հոկտեմբերի 16-ից: Ոլորտ Շինարարություն և բարեկարգում Վարչական շրջան Արաբկիր Փողոց Արաբկիր, Երևան, Հայաստան Տուն / Շենք 1 Շենքի դիմաց պետք է հինգ անգամ աջ ու ձախ գնաս, որպեսզի շրջանցես այս ապօրինի զավթված հողակտորները: Քաղաքապետարանը և վարչական շրջանը պետք է կարգի բերեն այս վիճակը: Անցնել 16 հարկանի շենքի պատի տակով անվտանգ չէ: Փակվել են շենքի մուտքերը:

Կ

այքի գաղափարը ծագեց անցած տարի դեկտեմբերին Hackathon YAN ծրագրավորման մրցույթի նախապատրաստման ընթացքում: Այս մրցույթն իրականացնում էր «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը»՝ Հանրային լրագրության ակումբի ու Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Մրցույթի նպատակն էր ստեղծել վեբ կայքեր և մոբայլ հավելվածներ, որոնք կհեշտացնեին երևանցիների կյանքը և ինովացիոն լուծումներ կառաջարկեին: 24 ժամ տևող մրցույթի ընթացքում քաղաքապետարանում հավաքված թիմերն աշխատում էին մի շարք հետաքրքիր ու նորարար կայքերի ու ծրագրերի ստեղծման վրա: X-Tech ընկերության թիմը մասնակցում էր մրցույթին երկու գաղափարով. առաջինը CityBugs-ի միտքն էր, որը 24 ժամվա ընթացքում արդեն աշխատում էր դեմո տարբերակով, մյուսը՝ Kinect հավելվածներն էին, որոնք նախատեսված էին մանկապարտեզ հաճախող երեխաների համար: Ցավոք, այդ գաղափարը կիսատ մնաց, բայց CityBugs-ը մի քանի այլ նախագծերի հետ արժանացավ ժյուրիի հավանությանը: Ժյուրիի անդամների մեջ էր «Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչը, ով առաջարկեց կայքի գաղափարը կյանքի կոչել: Հունվարին ներկայացրինք նախագիծն ավելի մանրամասն, իսկ մարտին արդեն իմացանք, որ ֆինանսավորում ենք ստացել: Վերջնականապես կայքը կյանքի կոչվեց «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում, USAID-ի, Internews-ի և Eurasia Partnership Foundation-ի ֆինանսական աջակցությամբ: Նախագծի հիմնադիրը Արման Աթոյանն է: Ամառվա սկզբից սկսեցինք ծրագրավորել, իսկ սեպտեմբերին արդեն կայքը պատրաստ էր: Մոտ մեկ ամիս այն թեստավորեցինք, փոփոխություններ արեցինք, փորձեցինք մարդկանց ավելի հասանելի դարձնել: Ի դեպ, պատահական չէ կայքի անունը՝ CityBugs: «Բագ» բառը նշանակում է ծրագրային սխալ, որը, սակայն, լուծելի սխալ է: Ծրագրավորողը ծրագիր գրելուց չի կարող այն ամբողջովին անթերի գրել, ընթացքում առաջանում են խնդիրներ՝ բագեր, որոնք շտկվում են հետագայում: Այս տերմինը փորձեցինք կիրառելի դարձնել քաղաքի համար՝ տեսնում ենք սխալը, շտկում ու շարժվում առաջ: Կայքի ստեղծման համար ոչինչ չէինք խնայել՝ օգտագործել էինք ամենավերջին տեխնոլոգիաները, որպեսզի կարողանայինք միջազգային շուկա դուրս գալ: Հոկտեմբերին «Այբ» ավագ դպրոցում կայքի շնորհանդեսին զուգահեռ կազմակերպվեց հանրային քննարկում, որպեսզի մայրաքաղաքի կյանքով մտահոգված ու այն ավելի լավը դարձնել ձգտող քաղաքացիները կարողանային ներկայանալ առաջարկներով:

Ոլորտ Շինարարություն և բարեկարգում Վարչական շրջան Դավթաշեն Փողոց Լոսիֆյան Դավթաշեն գյուղի Լոսիֆյան փողոցը շատ ինտենսիվ փողոց է: Սակայն, դրա վրա չկան լուսաֆորներ և այն «գլխավոր» փողոց չի: Այսինքն՝ ամեն խաչմերուկում մեքենաները պետք է ճանապարհ զիջեն աջից եկող մեքենաներին: Առաջարկում եմ փողոցը դարձնել գլխավոր և այն հատող թվով 6 ավելի փոքր փողոցների վրա դնել երկրորդական ճանապարհի նշաններ:

Քննարկումից հասկացանք, որ շատ մարդիկ են ցանկանում լավ ու գեղեցիկ քաղաքում ապրել: Կայքի կարգախոսն էլ հենց այդպիսին է՝ «դարձնել մեր քաղաքն ավելի լավ տեղ ապրելու համար»: Կայքի ստեղծման առանցքային նպատակը քաղաքային խնդիրներին հասարակական հնչեղություն տալն ու հասարակությանն այդ խնդիրների լուծման մեջ ներգրավելն է: Քաղաքային խնդիրների բարձրաձայնման վիրտուալ տիրույթը նպատակ ունի նաև համագործակցել այն կառույցների հետ, որոնք պատասխանատու են քաղաքի տարբեր ոլորտների համար: Բացումից հետո կայքը մոտ 1000-1500 այցելու է ունենում: Կայքը բաժանել ենք տասը ոլորտների՝ առողջապահություն, աղբահանություն, բնապահպանություն, մշակույթ, կոմունալ տնտեսություն, կրթություն, շինարարություն և բարեկարգում, սոցիալական ապահովություն, տրանսպորտ, քաղաքաշինություն և այլն: Մենք բագերը ֆիլտրացիայի ենք ենթարկում, որովհետև մեծ է սպամի վտանգը: Առաջին մեկ-երկու ամսվա ընթացքում քաղաքացիների կողմից գրանցվեց ավելի քան հարյուր բագ, ամենաշատը շինարարություն և բարեկարգում բաժնում՝ երեք տասնյակից ավելի: Բացի խնդիրներից՝ կայքում հնարավոր է ավելացնել նաև առաջարկություններ: Բոլոր խնդիրները երևում են քարտեզի վրա, որոնց կողքին երևում են նաև առաջարկությունները: Բացի խնդիրը գրելուց, կայքում հնարավոր է նկար և վիդեո տեղադրել: Մենք ունենք մի քանի կամավորներ, ովքեր հետևում են բագերի ճշգրտությանն ու հավաստիությանը: Քաղաքապետարանը տեղյակ է կայքի մասին, գոհ է աշխատանքներից և ուրախ է, որ նման նախաձեռնություն կա: Մենք քաղաքապետարանին առաջարկել էինք համագործակցել ու արդեն նոյեմբերից Երևանի քաղաքապետարանն ու CityBugs-ը համագործակցում են: Քաղաքացիների գրած բագերը կփոխանցվեն քաղաքապետարան և կստանան «հանձնված է քաղաքապետարան» կարգավիճակը, իսկ լուծումից հետ կստանան «լուծված է» կարգավիճակը: Ի դեպ, կայքի պատրաստումից հետո՝ բոլոր ֆինանսական հարցերը մեր ուժերով ենք լուծում: Կայքը շահույթ չի հետապնդում, գովազդ կտրականապես չենք տեղադրում՝ չենք ցանկանում այն բիզնեսի վերածել: Կայքը հասանելի է սմարթֆոններով և պլանշետներով: Այժմ աշխատում ենք կայքի մոբայլ հավելվածների վրա՝ դիզայնն արդեն պատրաստ է: CityBugs-ը դեռևս աշխատում է միայն Երևանի համար, բայց համակարգն այնպիսին է, որ կարող ենք այլ քաղաքներ էլ ավելացնել: Չէ՞ որ բագեր կան ոչ միայն մեր մայրաքաղաքում:

Գոհար Արամյան


քաղաքամեջ Նստավայր

Շոկոլադապատ մթնոլորթ Երևանում կա մի վայր, որտեղ շոկոլադը պարզապես համեղ աղանդերից դառնում է մթնոլորտ, տրամադրություն ու հոգեվիճակ:

Ե

րբ մտնում ես Cascade Chocolateria սրճարան, նախ աչքի են ընկնում կակաո աղալու հնագույն գործիքի քարե քանդակն ու դրա կողքի կակաոյի ծառի պտուղները, ինչպես նաև հնդկացիների մշակույթին հատուկ ոճով կատարված մի քանի քանդակները: Սրճարանում կարելի է նաև տեսնել Ժան Էտյեն Լիոտարի «Շոկոլադնիցա» հայտնի կտավը, իրականից գրեթե չտարբերվող շոկոլադե շախմատ և նույնիսկ Կասկադի շոկոլադե տարբերակը: Կասկադի մանրակերտը ցուցադրված է սրճարանի վերին հարկում: Ուշադիր զննելու դեպքում կարելի է նույնիսկ նկատել Բոտերոյի «Սև կատվի» շոկոլադե ինկարնացիան: Ավաղ, այս ֆիգուրներին չի կարելի ո՛չ դիպչել, ո՛չ առավել ևս ուտել: Նույն հատվածում կա նաև խանութ, որտեղ վաճառվում է Chocolateria-ի հրուշակեղենը՝ սալիկներ, կոնֆետներ, շոկոլադե ֆիգուրներ և այլն: Ոչ մի դեպքում չի կարելի կարծիք կազմել Cascade Chocolateria-ի ուտեստների մասին՝ ելնելով լուսանկարներից: Այս սրճարանի պարագայում ուտեստներն իրականում շատ ավելի ախորժալի ու համեղ են, քան լուսանկարներում: Առաջինը, ինչ կտեսնեք բացելով մենյուն՝ երեք էջանոց զեկույց է շոկոլադի մասին: Հավանաբար այն գրված է, որ այցելուները չհասցնեն ձանձրանալ մինչ մատուցողի մոտենալը: Չնայած սրճարանը հայտնի է իր աղանդերով, առաջին ճաշատեսակները ո՛չ համով, ո՛չ արտաքնապես չեն զիջում դրան: Ամեն ինչ սկսվում է շոկոլադե սոուսով

սթեյքից (5500 դր.). մենյուի միակ սթեյքը հպարտորեն իր տեղն է գրավում առաջին էջում: Սթեյքին հաջորդում է մսային և բուսական ուտեստների, աղցանների և այլ ճաշատեսակների մի մեծ ցուցակ: Տաք ուտեստներից կարելի է առանձնացնել Բլասուսը (3000 դր.)՝ տապակած բանջարեղենով և կարտոֆիլի գնդիկներով հավի ֆիլեն: Այս ամենը մատուցվում է երկարավուն ուղղանկյունաձև ափսեի մեջ, նարնջի սոուսով: Եթե դուք նույնքան քմահաճ այցելու եք, որքան ես, կարող եք ուրիշ սոուս խնդրել: Ես խնդրեցի շոկոլադե սոուս: Ի դեպ, սպասարկումից այստեղ բողոքներ հազիվ թե առաջանան՝ անձնակազմը չափազանց քաղաքավարի ու բարեկիրթ է: Դիետա պահողները ավելի լավ է Cascade Chocolateria չմտնեն, քանի որ առողջ սննդի ամենահամառ ջատագովն անգամ չի կարող դիմադրել այստեղի չիզքեյքին (1700 դր.): Այն բարակ խմորի վրա է և բոլոր կողմերից շրջապատված է սոուսով պատված հատապտուղներով: Մյուս կողմից՝ օրինակ՝ բրաունին (1500 դր.) մի փոքր չոր է, բայց փոխարենը բիսկվիթի մեջ կան ամբողջական պնդուկներ, և այն մատուցվում է նարնջով ու պաղպաղակով: Առաջին հայացքից այստեղ սովորական արևելյան սուրճ չկա: Մենյուի մեջ նշված է միայն արևելյան սուրճ բելգիական շոկոլադով (600 դր.): Այս անվան տակ ես հատուկ բան պատկերացրի՝ սուրճ, որը նաև պատրաստված է կակաոյի սերմերով: Պարզվեց՝ ամեն ինչ շատ ավելի սովորական է. հասարակ արևելյան

սուրճ, որը մատուցվում է մեկ եվրոյի տեսք ունեցող բելգիական շոկոլադի պատառով: Ընդհանուր առմամբ սուրճերի մենյուն բավականին մեծ է՝ ամերիկանո (700 դր.), գլյասե (1000 դր.), ֆրապպե (1000 դր.) և այլն: Երկար է նաև սրճային կոկտեյլների շարանը, որոնցից գրեթե յուրաքանչյուրը հետաքրքիր կերպով համադրված է ալկոհոլային խմիչքի հետ: Այսպես, օրինակ՝ իսպանական սուրճը (1800 դր.) պատրաստվում է կոնյակով, սրճային լիկյորով ու կաթով: Հարուստ է նաև Cascade Chocolateria-ի կոկտեյլների տեսականին՝ 22 ալկոհոլային ու 6 ոչ ալկոհոլային: Ալկոհոլային չիզքեյքը (2500 դր.) պատրաստում են օղիով, լիկյորով, մասկապոնե պանրով, սերուցքով և վանիլային օշարակով: Կոկտեյլներից բացի, այստեղ կա նաև ալկոհոլի սովորական տեսականի՝ օղուց (շոթը 700-800 դր.) մինչև գարեջուր (600-1000 դր.) և վերմուտ (700 դր.): Գինին գավաթներով չի մատուցվում, տեսականին էլ մեծ չէ՝ 7 տեսակ «Armenia» (5000 դր.), իսկ արտասահմանյան գինուց չիլիական La Playa-ի երկու տեսակ: Երաժշտությունը հանգիստ է և ճիշտ ընտրված, սակայն դրա բարձր լինելու պատճառով չիզքեյքի մասին տպավորությունները դուք ստիպված կլինեք բղավել ձեր զրուցակցի ականջին՝ հատկապես եթե առաջին հարկում եք: Փոխարենը այստեղ կա իսկական ակվարիում, և սիրունիկ ոսկե ձկնիկները հաստատ կբարձրացնեն ձեր՝ արդեն շոկոլադապատ տրամադրությունը:

Կարինա Ղազարյան Լիլիթ Թովմասյան

10 11

Դեկտեմբեր 2012


Հայտարարություններ Ձեր հայտարարությունները անվճար կտպագրվեն «ԵՐԵՎԱՆ» ամսագրում: Էլ. հասցե՝ armyerevan@e-productions.am

Վաճառում եմ դաշնամուր: Սև: Հին: Շատ հին: Շատ սև: Շատ գերմանական: Schwechten, 1897 թիվ: Շատ եմ վաճառում: Շատ փող չեմ ուզում: Շատ եմ ուզում վաճառել: Եթե տունս լիներ մեծ, չէի վաճառի: Ով առնի, հետը կստանա բրոնզե մոմակալները և լարողի հեռախոսահամարը: 2-րդ հարկից իջեցնելն ու տեղափոխելը՝ առնողի վրա: Էդուարդ, հեռ.՝ 091 43 55 53

Վաճառում եմ 2003 թվականի Peugeout 307, 2 լիտրանոց դիզելային շարժիչով, մեխանիկական տուփով: Գույնը՝ բալագույն մետալիկ, բա սալոնի գու՜յնը՝ կարմիր: Գտնվում է բավական լավ վիճակում: Արտակ, 091 23 11 33

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Մայքրոսոֆթ Ար Էյ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, «էմԼաբ ԵԿԱ» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան Սորսիո ընկերության, ինչպես նաև Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ հայտարարում են Հեքըթոն[ՅԱՆ] 2012 նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ: Այս տարվա դեկտեմբերի 22-23-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում ընդամենը 24 ժամում թիմերը՝ կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը: Եթե դուք կարող եք խնդիր առաջադրել ցանկացած ոլորտում, առաջարկել լուծումներ տեխնոլոգիայի միջոցով կամ պարզապես ունեք նորարար ու հետաքրքիր գաղափար, մրցույթին մասնակցելու միջոցով հնարավորություն կստանաք ոչ միայն կյանքի կոչել ձեր գաղափարը, ստեղծել հավելված, որը վաղը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև ստանալ արժեքավոր մրցանակներ, համագործակցության և նախագծերի ֆինանսավորման լայն հնարավորություն և իհարկե՝ հետաքրքիր ժամանակ անցկացնել: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2012 թ-ի դեկտեմբերի 9-ը: Հայտը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ apply@mic.am էլ. հասցեին: Մանրամասների համար զանգահարել՝ +37410 545 343, 093 64 00 14 հեռախոսահամարով:


քաղաքամեջ Զրից

Զգա՛ քեզ ինչպես Դոնը Ողջույնի մեծ արժեքի, ձմռանը հանդիպող սիրուն աղջիկների, Դոնեցկի «Շախտյորի», Դոն Կոռլեոնեի պես զգալու և այլ բաների մասին խոսում են երևանցի տաքսիստները:

Առաջ տղամարդկանց ուրիշ ձև էի հարգում: Առաջի չորս տեղը իրանք էին իմ համար, 5-րդ տեղում նոր կնանիք, բայց հիմա տղամարդուց բան չի մնացել: Էտ սաղ գալիս ա նրանից, որ ճիշտ ժամանակին ջահելներին բանակ չեն ուղարկում: Ես իմ Կոմիտասի տունը ծախեի, տունն էլ չէ՝ գառաժը որ ծախեի, տղես բանակ չէր գնա, բայց ես ասի՝ չէ՛:

Կարամ գռազ գամ՝ եթե մյուս տարի Սերժը նորից չընտրվի, սաղ կամեռաներն ու արագաչափերը փողոցներից կհանեն, որ աչոկ հավաքեն մարդկանց աչքերում:

12 13

Դեկտեմբեր 2012

Մի հատ ընկեր ունեմ՝ հինգ հատ տղա ունի: Ինքն էլ տան ութերորդ տղան ա: Դու մի ասա՝ սրանց ցեղում աղջիկ չի ծնվում, երբեք: Մեկմեկ հարցնում եմ՝ չի նեղվո՞ւմ դրանից: Ասում ա՝ որ ընտանիքով հավաքվում ենք, նստում եմ ու ինձ զգում եմ ոնց որ Դոն Կոռլեոնեն: Բայց ամենաթույնը, որ արդեն մի հիսուն տարի ա՝ ընկերոջս պապու ժամանակվանից դեռ, մի հատ ընտանեկան ֆոնդ ունեն՝ ամեն տարի տղեքով ինչ-որ գումար են ավելացնում, ու էդ ֆոնդը կստանա էն տղեն, որ աղջիկ ունեցավ: Լրիվ ջեք-պոտ ա էլի:

Ես ձմեռը շատ եմ սիրում, անունը դրել եմ «սիրուն աղջիկների սեզոն», որտև հաշվել եմ՝ հենց էս սեզոնին են ամենաշատը սիրուն աղջիկներ նստում ավտոս ու գիտե՞ք խի, որտև դուսը ցուրտ ա: Թիթիզ-միթիզ հագած հո մառշուտկա չե՞ն սպասի՝ ձեռները տնգում են ու ես կայնում եմ: Միշտ էլ հաճելի ա գեղեցիկ աղջիկների տեղափոխելը: Մեր աղջկեքի ցավն էլ տանեմ, ես դրսերում էլ եմ եղել, մերոնցից լավը չկա:

Կյանքում չէի մտածի, որ իմ օրվա տրամադրությունը մի հատ բարևից կարա կախված լինի: 100-ից 90-ը նստում են ավտոս ու մի հատ բարև չեն տալիս: Բայց որ մեկը ասում ա՝ բարև ձեզ, դառնում ա աչքիս լույսը: Տրամադրությունս բարձրանում ա ու քիչ ա մնում էտ մարդուն ձրի տանեմ ուր ուզում ա: Իմիջայլոց, գիտեք չէ՞, տաքսու շոֆեռությունը մտնում ա աշխարհի 10 վտագավոր մասնագիտությունների մեջ: Մեր ավտոն ով ասես նստում ա՝ գողից մինչև բժիշկ: Ամեն մեկը իրա բզիկներով ու կարա տանի գլուխներս ուտի:


Ո՞վ կմտածեր մի երկու տարի առաջ, որ սաղ հայ ազգը նստելու ա ու Չեմպիոնների լիգայում «Շախտյորին» բալետ անի: Բայց դե քանի Մխիթարյանը էդպիսի խաղ ա ցույց տալիս՝ պիտի նայենք ու բալետ անենք: Ի միջի այլոց, էն որ բոլորը գոլերն են հաշվում՝ իմ համար շատ ավելի կարևոր ա համագործակցությունը թմի մյուս խաղացողների հետ, խաղը կենտրոնում, գոլային պասերը:

Ես Երևանը չեմ սիրում ու ով կասի, որ Երևանը սիրուն քաղաք ա, ես կասեմ՝ սուտ ա: Երևանը սիրուն էր, բայց հիմա էտ սիրունությունից բան չմնաց: Էս քաղաքը 2794 տարեկան ա, բայց կադաստրում գրանցած ամենահին շենքը էսօրով Պռասպեկտի մզկիթնա: Բա էն Հյուսիսային պողոտան, ոնցոր ուժս կինոյի դառոժկա լինի՝ մութ ու դատարկ շենքեր, հավես կռիվ-կռիվ կարելի ա խաղալ էնտեղ: Առաջ երևանցին ածական էր՝ ում ասում էին երևանցի ա, արդեն սաղ իրան հարգանքով էին նայում: Հիմա էտ երևանցուց բան ա՞ մնացել: Փողոցով քայլող մարդկանց հարցնես, տո գիտե՞ն իրանք ինչացի են: Նստում են ավտոս՝ նենց բաներ են խոսում, ասում ու անում, որ լացս գալիս ա:

Ամեն քայլափոխին բանկ են բացում՝ ոնց որ էլի ուրիշ բան ժողովրդին պետք չի: Բայց դե իրանց պետք ա, որ իրանց լավ լինի, ոչ թե ժողովրդին, չէ՞: Հայաստանի կեսը հիմա ոչ թե ուրիշ մարդկանց ա պարտք, այլ բանկերին՝ մեկը ոսկին ա գրավ դնում, մյուսը վարկ ա վերցնում, եսիմ ինչ ա անում:

Մոսկվայի Ռուբլյովկան ոնց որ ուրիշ մոլորակ լինի՝ Ռուսաստանի ու Մոսկվայի հետ ոչ մի կապ չունի: Մտնում ես փողոց՝ իրար հետևից պալատներ են տնգած, սաղ պարիսպների հետևը, խանութներում ամեն ինչ մի հինգ անգամ ավելի թանկ ա, քան սաղ Մոսկվայում: Մոսկվան էլ, դե գիտես, ինքը իրանով արդեն աշխարհի ամենաթանկանոց քաղաքներից ա: Մի խոսքով, որ գնաս Ռուբլյովկայում մի շաբաթ կանաչի ծախես, ավելի շատ փող կաշխատես, քան եթե մի տարի Երևանում վիզ դնես:

Մտածում եմ ՝ Գերմանիա գնա՞մ, թե Դանիա: Դանիայում բարեկամ ունեմ, բայց Գերմանիայում էլ մի քանի տարի մնացել եմ, ավելի լավ գիտեմ, համ էլ խոշոր, լուրջ երկիր ա: Դեռ չեմ որոշել՝ ուր, բայց հաստատ գնալու եմ:

Նե Թադևոսյան, Արեգ Դավթյան Մարիամ Լորեցյան


քաղաքացիներ Իմ Երևանը

14 15

Դեկտեմբեր 2012


Ավելի ուշ կտեսնվենք Երևանի դասական երաժշտության կյանքի զարկերակը լուռ չէ նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և հիմնադիր ու ղեկավար Սերգեյ Սմբատյանի շնորհիվ: Գործի բերումով շատ ճանապարհորդելու հետ մեկտեղ նա կարոտում է Երևանի ջերմությունը և մնում քաղաքի իսկական նվիրյալ:

Պրոսպեկտի վրա գտնվող Միքայելյանի անվան ծննդատանն եմ ծնվել՝ սեպտեմբերի 23-ին: Հայրս այդ ժամանակ քաղաքում չէր: Չարենցի փողոցի շենքերից մեկում է անցել ողջ մանկությունս: Մինչ այժմ էլ այդ բնակարանում եմ ապրում՝ տատիկիս ու պապիկիս տանը: Շատ եմ ճամփորդում, բայց չափազանց կապված եմ տանս ու մայրաքաղաքիս հետ: Չորս տարեկանից ջութակ եմ պարապել տանը՝ տատիկիս՝ Տատյանա Բագրատովնայի շնորհիվ: Նա Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ղեկավարն էր, հեռու էր կենցաղային խնդիրներից ու խիստ էր իմ՝ երաժշտական դաստիարակության հարցում: 6 տարեկանում օրը 4-6 ժամ ջութակ էի պարապում, որովհետև սիրում էի: Բակում ֆուտբոլ էինք խաղում առավոտից երեկո: Տղայական կռիվները բակում անխուսափելի էին, նամանավանդ ինձ նման մաքսիմալիստական հայացքներ ունեցող մարդու համար: Մանկությունը կյանքի փուլ է, որի միջով պետք է յուրաքանչյուրն անցնի՝ հասունանալու և հասկանալու համար, թե ինչ է ուզում ապագայից: Ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետև անցել եմ այդ փուլը, խաղացել եմ բակում, լավ ընկերներ եմ ունեցել: Ավարտել եմ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցը, բայց մինչև 5-րդ դասարան Մոսկվայում եմ դպրոց հաճախել: Եթե չվերադառնայի Երևան ու չկապվեի դպրոցիս հետ, երաժշտական կարյերա չէի ունենա: Կարող ես լավ ուսուցիչ ունենալ, լինել տաղանդավոր ու աշխատասեր, բայց եթե չկա համապատասխան միջավայր, որը ճիշտ է արժևորում քո տաղանդը ու ոգևորում է քեզ, ոչնչի չես հասնի: Մանկությանս ընկերների հետ կապը մինչ այժմ էլ պահպանվում է: Նրանք աշխարհով մեկ են սփռված ու հիմնականում երաժիշտ են: Պարադոքսալ է, բայց Խորհրդային Միության տարիներին յուրաքանչյուր երևանցի իր տանը ուներ աթոռ, սեղան ու դաշնամուր, նույնիսկ եթե չէր տիրապետում գործիքին: Դա ապացուցում է՝ մեր արյան մեջ դրված է հարգանքը դեպի դասական երաժշտությունը: Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան եմ ավարտել: 15 տարեկանում ընդունվեցի կոնսերվատոիա, որովհետև մրցույթ շահեցի: Չեմ ասի, որ իմ ամենաերանելի տարիներն էին, որովհետև ��թե այդպես ասեմ, կնշանակի, որ այժմ երջանիկ չեմ ու կարժեզրկեմ ապագաս: Երջանկությունը գենետիկորեն մեզ փոխանցված հորմոն է: Ցավոք, քայլում եմ փողոցով ու զգում եմ, որ մեր հասարակության ներկայացուցիչներից շատերի մոտ այդ հորմոնը իսպառ բացակայում է: Տո՛ւր նրանց ամեն ինչ, միևնույն է, դժբախտ կլինեն: Կարծում եմ, որ միայն մի բան կշտկի իրավիճակը. եթե երևանցիների 50 տոկոսը մեկ ամիս դրական մտքեր ունենա, ապա մյուս 50-ը թևեր կառնի: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կոնսերվատորիայի «արտադրանքն է», ու շատ ուրախ եմ, որ ավարտելուց հետո մնացել ենք մեր հարազատ շենքում: Մեր գրասենյակը այժմ այստեղ է գտնվում՝ երրորդ հարկում: Առաջին ելույթս Կամերային երաժշտության տանն էր: Շատ ուրախ էի ու ոգևորված՝ թևեր առա՝ շարունակելու երաժշտական կարյերաս: Երաժշտություն չեմ գրում: Կոմպոզիտորը նա չէ, ով երաժշտություն է գրում, այլ նա՝ ով չի կարողանում չգրել:

«Իմ Երևան», «Մայրաքաղաք», «Հայրենիք»՝ շատ են հնչում Երևանի մասին երգերը, բայց, ցավոք, չեն նպաստում, որ մարդիկ սիրեն միմյանց, Երևանն ու հայրենիքը: Երգերը պետք է այնքան նուրբ, գրագետ ստեղծվեն, որ մարդկանց սրտերում զգացմունք առաջանա, իսկ այսօր, ցավոք, քչերն են սրտացավ Երևանի համար: Երևանը, առաջին հերթին, իմ ընտանիքն է, հետո՝ կյանքիս իմաստը՝ նվագախումբը, իմ ընկերները, պատմությունը, ամեն ինչը: Քաղաքը ընտանիքիդ անդամն է, կարող ես որոշ հարցերում համամիտ չլինել նրա հետ, նեղանալ, վիճել, իմանալ նրա բոլոր թերությունները, բայց միևնույն է՝ սիրել: Շատ ենք բողոքում Երևանից: Բայց բողոքելով սև էներգիա ենք փոխանցում մեր քաղաքին: Որքան շատ են սև էներգիայով մարդիկ, այնքան սև է մեր քաղաքը: Բայց Երևանը ունի բոլոր նախադրյալները սպիտակ լինելու համար, որովհետև մեր քաղաքում փչացած գաղափար չկա: Մարդիկ պետք է ոչ թե փչացնեն քաղաքը, այլ սիրեն: Մարդիկ, որոնք տեղյակ չեն մեր խնդիրներից, գալիս ու սիրում են Երևանը: Շատ քաղաքներ կան աշխարհում, որոնք հայտնի են որպես տարբեր ոլորտի կենտրոններ, բայց ինձ համար սիրելի չեն, որովհետև հոգի չունեն: Իսկ Երևանը հոգի ունի, որն էլ ձգում է մարդկանց դեպի իրեն: Երևանը տրամպլին չէ, որ մարդիկ ապրեն ու գնան այստեղից: Ի՞ նչ ենք ուզում ստեղծել Երևանում, որ հետո փոխադարձ արդյունք ստանանք նրանից: Սա է հարցը: Բայց քչերը գիտեն այդ հարցի պատասխանը: Երևանում արվեստի համալիր կհիմնեի: Մենք չունենք դահլիճ, որը կտարանջատի մեր էստրադայի և դասական արվեստի ներկայացուցիչների ելույթները: Երևի նախկինում դրա պահանջը չի եղել: Բայց պահը հասունացել է: Չեմ ընդունում այդ սնոբիզմը՝ դու երևանցի ես, իսկ դու՝ վրացի, դու էլ գյուղացի: Երևանցին նա է, ով սիրում է մեր քաղաքը: Ցանկացած մարդ պոտենցիալ երևանցի է: Պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել Երևանի արժեքները: Բազմաթիվ հյուրեր, մասնավորապես՝ երաժիշտներ ենք ընդունում մեր քաղաքում: Ինձ համար ցավալի է, որ մեր քաղաքը հիշվում է միայն լավ ուտելիքներով ու մրգերով: Ուզում եմ, որ հիշվենք նաև Նարեկացիով, Խաչատրյանով, Կոմիտասով: Մենք ունենք Նարեկ Հախնազարյան, Սերգեյ Խաչատրյան, Տիգրան Համասյան, ովքեր «յան»-ով ազգանունն են ներկայացնում աշխարհահռչակ բեմերում: Բայց ցավում եմ, որ այդ մարդիկ մեր այսօրվա երիտասարդության հերոսները չեն: Երևանում ամենադասական վայրը Հանրապետության հրապարակն է: Ո՞վ է ասում, որ այսօր դասական երաժշտություն ոչ ոք չի լսում: Հարյուրավոր մարդիկ են հավաքվում երեկոյան շատրվանների շուրջն ու լսում նրանցից հնչող դասական երաժշտությունը: Կարող ենք սիրել կամ չսիրել Երևանը, բայց միևնույն է, այն մերն է: Քաղաքը սիրելը պարադոքսալ երևույթ է: Եթե արթնանամ վաղ առավոտյան ժամը 6-ին, Երևանի հետ ոչինչ չեմ խոսի, քանի-որ կշարունակեմ քնել: Բայց նա ինձ հետ խոսում է, ասում է՝ «Ի՞նչ ես ուզում ինձանից, որ այսքան վաղ ես արթնացել: Գնա քնի, ավելի ուշ կտեսնվենք»:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան


քաղաքացիներ Պրոֆի

Առողջ գեոմագնիսական դաշտ Եղանակի տեսության մեկնաբան Սոնա Վերդյանը պատմում է իր գործի նրբությունների մասին:

Ի

մ ամենօրյա եթերը սկսում եմ «Ողջույն, եթերում եղանակի տեսության թողարկման ժամն է» բառերով: Մանուկ ժամանակ երբևէ չեմ երազել մեծանալ ու դառնալ եղանակի տեսության մեկնաբան: Երբեք չեմ մտածել, որ մարդկանց մի ստվար զանգված յուրաքանչյուր օր մի քանի անգամ հեռուստացույցով դիտելու է իմ 3-3,5 րոպե տևողությամբ եթերը ու հավատալու է ինձ: Իսկ ես, իմ հերթին, այդ կարճ ժամանակահատվածում փորձելու եմ, բացի կարևոր տեղեկատվությունից, նաև բարձր դրական լիցքեր ու տրամադրություն փոխանցել հեռուստադիտողին:

Լեզվի մասին

Նախքան աշխատանքի անցնելը, համոզված էի, որ մեկնաբանի աշխատանքը բավականին հեշտ գործ է. ընդամենը տեղեկատվության փոխանցում՝ ամեն օր երեք րոպում թվարկել քաղաքներն ու ներկայացնել թվերը: Սակայն կարծիքս արմատապես փոխվեց, երբ ծանոթացա աշխատանքի բնույթին: Կարճ ժամանակում հասցնել փոխանցել օդերևութաբանական կանխատեսումների տվյալները՝ նշելով մեր տարածաշրջանի, Ռուսաստանի և եվրոպական մայրաքաղաքների առաջիկա օրվա ընթացքում սպասվող ջերմաստիճանը, խոսել գեոմագնիսական դաշտի և մթնոլորտային ճնշման մասին, միկրոռենտգենների ու սնդիկի սյան մասին: Յուրաքանչյուր օր նույն տերմիններով տեղեկատվության փոխանցումն ավելի մատչելի են դարձնում գեղարվեստական մեջբերումները,

16 17

Դեկտեմբեր 2012

անցումներն ու խորհուրդները: Խոսքին զուգահեռ պետք է հետևել նաև շարժումներին՝ աշխատելով վիրտուալ քարտեզով: Ժամանակը սահմանափակ է, սակայն կա գովազդային բաժին, հետևաբար, հատկացված եթերաժամի մեջ տեղավորվելու համար, սկսում ես շատ արագ խոսել: Անգամ լինում են դեպքեր, երբ նկատողություններ եմ ստանում արագ խոսելու համար: Սակայն, այլընտրանքի հնարավորություն չունենալով, երբեմն տանը շուտասելուկներ եմ ասում, որպեսզի արագ խոսելիս խոսքս հասկանալի ու պարզ լինի: Իրականում աշխատանքը այդչափ դժվար չի թվա, եթե այս ամենն անես տրամաբանելով ու հասկանալով: Շատ եմ կարևորում հայերենի ճիշտ արտասանությունն ու շեշտադրությունը և, որ ոչ պակաս կարևոր է, աշխարհագրության իմացությունը:

Արտաեթերային աշխատանքի մասին

Ամեն առավոտ արթնանալիս անպայման նայում եմ պատուհանից դուրս, քանի որ ինձ համար շատ կարևոր է, որ մեր կանխատեսումներն իրականան: Միշտ փորձում եմ հստակ հիշել այն տեղեկությունները, որոնք կարդացել եմ եթերում, քանի որ փողոցում ու տրանսպորտում հաճախ անծանոթները հարցնում են, թե ինչ եղանակ է սպասվում: Օրինակ՝ կոնսերվատորիայի կողքով երբ էլ անցնեի, միշտ ինձ տեսնելիս մի ծերուկ տեղեկանում էր եղանակի մասին: Հիմա իրեն հանդիպելիս չեմ սպասում, միանգամից պատասխանում եմ՝ անձրև է լինելու, թե արև: Երբեմն փողոցում ինձ նախատում են, ասելով, թե՝ Սոնա ջան, հենց նոր քեզ տեսա հեռուստացույցով, ասեցիր, որ անձրև է

լինելու, իսկ հիմա պարզ ու արևոտ եղանակ է: Շտապում եմ տեղեկացնել, որ եթերում խոսվում է առաջիկա օրվա, այսինքն՝ վաղվա հնարավոր եղանակի մասին:

Զանգերի մասին

Լինում են դեպքեր, երբ Meteo-TV զանգահարում են ու հարցեր տալիս: Մի օր այնպես ստացվեց, որ ես պատասխանեցի հեռախոսազանգին: Լսափողի այն կողմում մի տատիկ ինձ հարցրեց՝ Սոնա ջան, քեզ ամեն օր նայում եմ, մինչև չտեսնեմ՝ չեմ քնում, ծեր, մենակ կին եմ, էդ քո ասած մագնիսական դաշտերից բան չեմ հասկանում, ասա ինձ, խնդրում եմ, էսօր ճնշումս բարձր ա՞ լինելու, թե՞ ցածր: Տղամարդիկ հարցնում են՝ մեքենան լվանա՞ն, թե՞ ոչ, կանայք խորհուրդ են հարցնում լվացք փռելու վերաբերյալ: Շատ է պատահել, որ հեռուստաընկերություն մայրեր զանգահարեն ու հետաքրքրվեն այս կամ այն մեկնաբանի ընտանեկան կարգավիճակով՝ արդյոք ամուսնացած է: Մեքենա լվանալու, լվացք փռելու ու ճնշման տատանումների վերաբերյալ միշտ ճիշտ խորհուրդ ենք տալիս, սակայն Meteo-TV հեռուստաընկերությունը ոչ մի անձնական տվյալ գործընկերների մասին չի հայտնում: Ունեմ նաև երկրպագուներ, ում հետ արդեն վաղուց ընկերացել եմ: Շուրջ երկու տարի, յուրաքանչյուր օր մեր հեռուստաընկերություն զանգահարում էր մի պապիկ ու խնդրում ինձ կանչել լսափողի մոտ: Երկարբարակ զրուցում էինք, պատմում էր իր զավակների ու թոռների մասին, կիսվում առողջական խնդիրների մասին: Օրերից մի օր զանգահարեց ու ինձ իրենց տուն ճաշի հրավիրեց, ասելով, որ այնքան հաճախ է ինձ


դիտում հեռուստացույցով ու այնքան հաճախ հետս զրուցում հեռախոսով, որ կարծես դարձել եմ իրենց մեծ ընտանիքի անդամներից մեկը: Ինձ ընկեր դարձած պապիկի հրավերը չկարողացա մերժել: Բոլորովին չեմ զղջացել այցիս համար, քանի որ ծանոթացա մի շատ լավ ընտանիքի, ում հետ մինչ օրս շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ: Վերջերս մի դեպք պատմեցին գործընկերներս, որը տեղի է ունեցել նախքան իմ աշխատանքի անցնելը: Մեկնաբան աղջիկներից մեկին, ով եթեր էր դուրս գալիս նաև Հայաստանի սահմաններից դուրս հեռարձակվող հեռուստաալիքով, տեսել է Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցը: Երիտասարդը այնպես է սիրահարվել, որ առանց երկմտելու ծնողների հետ Ռուսաստանից եկել է Meteo-TV՝ աղջկա ձեռքը ուզելու:

Աշխատանքային գործիքի մասին

Յուրաքանչյուր մասնագիտություն ու մասնագետ ունենում է իր աշխատանքային գործիքը: Երգչի գործիքը ձայնն է, դաշնակահարինը՝ մատները, դիվանագետինը՝ սուր միտքը: Իմ գործիքն էլ խոսքն է: Մեր աշխատավայրում շատ ուրախ են անցնում այն օրերը, երբ իմ գործիքը ինձ չի ենթարկվում: Անշուշտ, լինում են դեպքեր, երբ տաղավարում եթեր անելիս, կենտրոնացած լինելով խոսքիս ճշգրտության, թվերի ու անունների վրա, արագ արտասանության պատճառով լեզուս սայթաքում է ու վրիպումներ եմ թույլ տալիս: Որպեսզի սխալներս անտեսված չանցնեն ու տեսախցիկից այն կողմ պատրաստվեն 2-րդ դուբլին, սկսում եմ երգել: Մեր արխիվային նյութերում պահ-

պանվել են ձայնագրություններ, որտեղ իմ կատարմամբ հնչում են հայտնի օպերաներից հատվածներ: Ինձ այդ ձայնագրությունները զվարճացնում են, իսկ ոմանց՝ զարմացնում: Մի դեպք եմ հիշում, երբ տաղավարում, բացի աշխատակազմից կային նաև կողմնակի անձինք, որոնք անակնկալի եկան, երբ հանդարտ ժպիտով շուտասելուկս հանկարծ ընդմիջվեց «Նորմա» օպերայի «Կավատինայից» հատվածով: Հաջորդ օրն ինձ տեղեկացրեցին, որ հյուրերից մեկը փորձել էր ճշտել, այդ ձայնագրությունը եթեր գնալո՞ւ է, թե՞ ոչ: Գործընկերուհիներիցս մեկի հետ էլ ավելի զավեշտալի դեպք էր գրանցվել: Նոր էր աշխատանքի անցել ու յուրաքանչյուր եթերից առաջ բնականաբար շատ անհանգստանում էր: Մեզնից յուրաքանչյուրն էլ ունեցել է իր նախաբանը՝ եթերից առաջ լարվածությունն ու անհանգստությունը խլացնելու համար. ով երգում էր, ով բարձր ծիծաղում, ով շուտասելուկներ կրկնում, ով արտասանում: Ընկերուհիս տաղավարում քթի տակ մռմռացել է ինֆորմացիոն տեքստը, խաչակնքվել ու ժպիտով սկսել եթերը: Սակայն այս անգամ մոնտաժ անողը մոռացել է կտրել նախաբանը ու հենց այդպես ուղարկել հեռուստաեթեր:

Ոգևորվելու մասին

Շուրջ 7 տարի աշխատում եմ որպես եղանակի տեսության մեկնաբան, և որպեսզի աշխատանքիս մեջ հետաքրքրություն մտցնեմ ու կոտրեմ միօրինակությունը, շատ ուշադիր հետևում եմ այլ երկրների հեռուստաալիքների այս ոլորտում կատարած աշխատանքին: Վերջերս այցելել էի

մի ռուսական կայք, որտեղ տարբեր երկրների եղանակի տեսության մեկնաբանման եթերներ էին տեղադրված: Շատ զարմացա ու ուրախացա, երբ այդ տեսանյութերի շարքում նաև իմ եթերներից մեկը տեսա: Չգիտեմ ինչքանով է ինձ հաջողվում, բայց ես փորձում եմ անել ամենը, ինչ կախված է ինձնից, որպեսզի համապատասխանեմ միջազգային ստանդարտներին: Շատ կարևորում եմ նաև ինձ համար հեղինակություն ունեցող մարդկանց կարծիքը աշխատանքիս վերաբերյալ: Երբ համերգների կամ տարբեր միջոցառումների ժամանակ Տիգրան Մանսուրյանից կամ Երվանդ Երկանյանից ջերմ խոսքեր եմ լսում, շատ եմ թևավորվում ու էլ ավելի պատասխանատվությամբ եմ մոտենում արածս աշխատանքին:

Ամենագլխավորի մասին

Ընդհանուր եթերային ժամաքանակի մեջ իմ չափաբաժինը շատ փոքր է, ու ամենակարևորը դրական լիցքերի փոխանցումն է այդ 3 րոպեների ընթացքում՝ անկախ իմ տրամադրությունից ու եղանակային պայմաններից: Միշտ փորձում եմ կատարել աշխատանքս այնպես, որ հեռուստաէկրանների մոտ հավաքված հեռուստադիտողին հաղորդեմ գեոմագնիսական առողջ ու կայուն դաշտ, անտիցիկլոնով պայմանավորված աշխատանքային միջավայր և առանց տեղումների արևառատ տրամադրություն: Ձեզ հետ էր Meteo-TV հեռուստաընկերության մեկնաբան՝ Սոնա Վերդյանը:

Իրինա Մերդինյան Սարգիս Անտոնյան


քաղաքացիներ Պատմություններ

Մերժվածները Եթե չհաշվենք ընդունելության քննությունները, ապա հայ մարդու կյանքում ամենասթրեսածին երևույթը, հավանաբար, արտերկիր մեկնելու պատրաստություններն են: Հատկապես ճնշող են ԱՄՆ կամ Եվրոպա կատարվող այցերը, երբ պոտենցիալ ճանապարհորդը ի սկզբանե ունի «մեղավորի» կարգավիճակ և համապատասխան հյուպատոսներին ամեն կերպ պետք է ապացուցի, որ ոչ մի վնաս չի տա իրենց զարգացած երկրին. վիզայի համար պետք է վիզ դնել: Գոնե մեկ անգամ օտար պետության դեսպանատանը մուտքի արտոնագիր ստանալու համար մերժվել ենք բոլորս: Շատ հաճախ՝ առանց որևէ տրամաբանական պատճառի:

Մարինա

ԱՄՆ դեսպանատուն Ախր ուզածս էլ մի մեծ բան չէր՝ տեսնել ամերիկյան Սուրբ ծնունդը: Տեսնել ու հետ վերադառնալ: 2010 թվականն էր: Ամբողջ տարի ժրաջան աշխատել էի, գումար էի հավաքել, որպեսզի կարողանամ հոգալ այդ թանկ հաճույքը: Աշխատավայրում մոտավորապես «հնգամյակը չորս տարում» էի արել, այսինքն՝ գործս, որը սպառնում էր տևել 2 ամիս, ավարտեցի 2 շաբաթում: Հավաքեցի համապատասխան փաստաթղթերս, վճարեցի դեսպանատուն մտնելու կլորիկ ու ամեն անգամ աճող գումարը, անգլիախոս ընկերներիս հետ լրացրեցի դեսպանատան կայքում անվերջ թվացող հարցաթերթիկը, անգամ գնեցի տոմսն ու պատրաստվեցի ինկվիզիցիայի դատաժողովին: Հարկ է նշել, որ այդ այցս ԱՄՆ երկրորդը պիտի լիներ իմ կյանքում, քանի որ մոտ 5 տարի առաջ, երբ դեռ ուսանող էի, անմոռանալի մեկ ամիս եմ անցկացրել այնտեղ: Մեկնել էի ընկերուհուս հարսանիքի արարողությանը մասնակցելու ու շատ պարտաճանաչ կերպով նշված ժամանակին վերադարձել էի: Թվում էր, եթե մեկ անգամ թողել են, այն էլ՝ ուսանողի, ով չուներ բանկային հաշիվ, չուներ ոչ մի սեփականություն, աշխատանք և այլ վիզաներ անձնագրի մեջ, ապա երկրորդ անգամ այս ամենի առկայության դեպքում դժվար թե մերժեն: Եվ ահա նստած եմ սպասասրահում, արդեն հանձնել եմ փաստաթղթերս, սպասում եմ իմ հերթին: Կանչեցին: Սիրալիր ժպիտով մոտենում եմ, բարևում: Ամերիկացի կինն առանց դեմքիս նայելու հարցնում է, թե արդյոք խոսո՞ ւմ եմ անգլերեն, թե՞ ոչ: Պատասխանում եմ, որ ոչ: Կիսաջարդված հայերենով մի երկու բնական ու սպասվող հարցեր է տալիս քթի տակ: Մեզ բաժանող ապակու պատճառով չեմ հասկանում դժվարամատչելի ու ցածր լսվող հայերենը: Խնդրում եմ, որ կրկնի: Նյարդայնացած համարյա գոռում է հարցերը ապակու վրա: Շփոթմունքից դողացող ձայնով պատասխանում եմ, քանի որ անցած անգամ դեսպանատան ներկայացուցիչը շատ սիրալիր ու ջերմ կին էր: Հետո վերցնում է աշխատավայրիցս ներկայացրած թուղթը ու հարցնում, թե որտեղ է գտնվում մեր գրասենյակը: Ասում եմ հասցեն: Նայում է թղթին ու հաղթողի դեմքով արհամարհական հայտնում, որ ախր թղթի վրա բոլորովին այլ հասցե է

18 19

Դեկտեմբեր 2012

նշված ու դանդաղ տառ առ տառ փորձում է կարդալ հասցեն: Ես սկսում եմ բացատրել, որ նշված հասցեն իրավաբանականն է, իսկ ես հենց նոր ասացի մեր գրասենյակի ֆիզիկական հասցեն: Սկսեցի մտածել, թե ոնց կարելի է ավելի մատչելի բացատրել հայերեն չտիրապետող մարդուն իրավաբանական ու ֆիզիկական հասցեների տարբերությունը: Սակայն ապակուց այն կողմ արդեն որոշվեց իմ ճակատագիրը: Չհասցրեցի կողմնորոշվել, երբ ապակու տակի դարակից դեմքիս շպրտեցին անձնագիրս ու մերժման թերթիկը, որոնցից շատ կար այդ սեղանի վրա ինձնից հետո դիմող համաքաղաքացիներիս համար: Առանց դեմքիս նայելու շպրտեց հերիք չի, մի հատ էլ ձեռքով շարժում արեց, թե՝ գնա: Այդ շարժումն ինձ վերջնականապես ոչնչացրեց: Զարմանում եմ, թե ոնց կարողացա զսպել հուզմունքս ու ասել, որ ինձ մերժման դեպքում ստորագրություն է պետք, որպեսզի կարողանամ տոմսս հետ վերցնել: Նույն արհամարհական ու անգամ զզված դեմքով ստորագրեց ևս մի մերժման թուղթն ու նորից շպրտեց դեմքիս: Կանգնած մնացի անձնագրով ու երկու մերժման թղթիկով: Հուզմունքիս պատճառը այդքան մերժումը չէր, որքան այն վերաբերմունքը, որը ստացա դեսպանատան աշխատակցի կողմից: Ինձ նվաստացած ու ստորացած էի զգում: Աննկարագրելի տհաճ էր: Հարցազրույցս տևեց 3 րոպե:

Ռուզան

ԱՄՆ դեսպանատուն 2006 թվականին առաջին անգամ մերժում ստացա ԱՄՆ դեսպանատնից: Միջանցքում անվտանգության սարքերը ստուգեցին պայուսակս, աշխատողները հարցրեցին՝ հեղուկ, դեղորայք ունե՞մ: Հերթս եկավ ու կանչեցին հարցազրույցի պատուհանի մոտ: Ապակուց այն կողմ նստած դեսպանատան աշխատակիցը հարցրեց՝ ի՞նչ եմ ուզում, ինչի՞ համար եմ մեկնում ԱՄՆ, ո՞րն է նպատակս, ո՞ւմ մոտ եմ գնում, ո՞վ է գումար վճարում և այլ ստանդարտ հարցեր: Հարցրեցին աշխատանքիս, ընտանիքիս մասին: Պատմեցի, որ նախարարություններից մեկում գլխավոր մասնագետ եմ, ամուսինս՝ պետական խոշոր հաստատություններից մեկի փոխտնօրենն է: Ասացի, որ մեկնում եմ ԱՄՆ՝ զարմուհուս մոտ, ով Ամերիկայի

քաղաքացի է, այնտեղ է կրթություն ստացել, ապրում է ամուսնու հետ միասին, ով նույնպես քաղաքացի է, երկու երեխա ունեն և աշխատում են առաջատար կազմակերպություններում՝ որպես գլխավոր մասնագետներ: Զարմուհուցս ԱՄՆ այցելելու պաշտոնական հրավեր ունեի: Հարցազրույցը բավականին կարճ տևեց, մերժում ստացա: Պատճառաբանությունը հետևյալն էր՝ չեմ համապատասխանում ԱՄՆ օրենսդրությանը: Դեսպանատանը աշխատող ծանոթ ունեի, հետո նրանից տեղեկացա, որ ինձ հետ հարցազրույց վարող աշխատակիցը այդ օրը բոլորին մերժել էր մուտքի արտոնագիր տրամադրել: Բացի այդ, տեղեկացա նաև, որ ևս մեկ պատճառ կար. դեսպանատան աշխատակիցն ինձ սոցիալապես անապահով էր համարել: 2010 թվականին նորից ԱՄՆ դեսպանատուն մտա ու կրկին մերժվեցի: Ես 50-ն անց կին եմ ու ռիսկային խմբում եմ, երկու չափահաս որդի ունեմ ու իրենց կարծիքով կարող եմ ամենը թողնել ու աշխատանք գտնել ԱՄՆ-ում: Երկրորդ անգամ հարցազրույցը ավելի կարճ տևեց: Մերժում ստացա, ու ինձ շաբլոն թուղթ տվեցին, որի վրա գրված են մերժում ստանալու շաբլոն տարբերակները, մասնավորապես՝ «Հայաստանի հետ կապերը ամուր չեն»: Մի ծանոթ ունեի, 1992 թվականին մերժում ստացավ դեսպանատնից: Ընդ որում՝ մինչ այդ մի քանի անգամ ԱՄՆ էր մեկնել, հարուստ, կայացած մարդ էր, մասնավոր ձեռնարկություն, նկարների պատկերասրահ ուներ: Նա բիզնես հրավեր էր ստացել ԱՄՆ-ում բնակվող գործընկերներից: Երևանում, բացի բազմատեսակ բիզնեսներից նաև կին, երեխաներ, թոռներ ուներ: Մերժման պատճառը կրկին նույնն էր՝ «Հայաստանի հետ կապերը ամուր չեն»:

Արեգ

Ֆրանսիայի դեսպանատուն 2010 թվականին մի շատ կարևոր գործուղման պետք է գնայի՝ լրագրող եմ, պատրաստվում էի լուսաբանել Ֆրանսիայում անցկացվող խոշոր փառատոներից մեկը, որին այդ տարի պետք է նաև մի շարք հայեր մասնակցեին: Սպասումները շատ էին, բայց մեր հայրենակցին փառատոնի գլխավոր մրցանակներից մեկը ստանալիս ես չտեսա, չնայած, որ ունեի


փառատոնի՝ լրագրողական հավատարմագրում: Խնդիրները սկսվեցին դեռ ամենավաղ փուլում: Ֆրանսիայի դեսպանատան կայքն այն ժամանակ միայն ֆրանսերեն էր (հայերեն տարբերակը վերջերս են ավելացրել) և Շենգեն վիզայի ձևաթուղթը գտնելու համար պետք էր ահագին քրքրվել: Գտա, լրացրեցի, հավաքեցի բոլոր պահանջվող թղթերը, աշխատավայրից տեղեկանքի մեջ գրվեց, որ բոլոր ծախսերն իր վրա վերցնում է հիմնարկը, ու գնացի: Հարցազրույցի բոլոր եկածներին հավաքեցին մի փոքր սենյակում, առանց նորմալ հերթ կազմակերպելու: Երբ ինձ կանչեցին, առաջինը ներկայացրի փառատոնի պաշտոնական հրավերը: Հարցեր տվող աղջիկը շատ բարեհամբույր ուսումնասիրեց թղթերը, ասաց, որ ամեն ինչ կարծես թե նորմալ է, միայն թե հյուպատոսը պահանջեց քարտիս քաղվածքը, չնայած, որ հատուկ նշել էի՝ բոլոր ծախսերը հիմնարկի վրա են: Նշանակված օրը բերեցի նաև այդ թուղթը: Փառատոնը սկսվում էր ամսի 13-ին, ամսի 7-ին խոստացան տալ պատասխանը: Սակայն այդ օրը հանկարծ պարզվեց, որ հյուպատոսը տեղում չէ, հրավիրեցին 11-ին, գնալուցս երկու օր առաջ: Գնացի 11-ին, նույն աղջիկը հայտնեց, որ ինձ մերժել են: Զայրացա, հարցրեցի՝ արդյոք փառատոնի հրավերը նրանց համար ընդհանրապես ոչ մի բան չարժե՞ և պահանջեցի, որ ինձ ասեն մերժ��ան պատճառը: Աղջիկը ոչ մի պատասխան չտվեց: Նույն օրը խմբագրությունից հյուպատոսին նամակ գրեցինք՝ ֆրանսերեն և խնդրեցինք մի կերպ հարցը լուծել: Հաջորդ օրը նա պատասխանեց, թե իբր խնդիրը նրանում էր, որ նշված չէր, թե կոնկրետ ինչի՞ վրա պետք է ծախսվեն հիմնարկից հատկացված միջոցները: Կրկին տարա այդ թուղթը, ևս մեկ օր անց վիզան վերջապես տվեցին, բայց այդ ամենն այնքան ձգձգվեց, որ ես կորցրեցի նախօրոք պատվիրված տոմսը, իսկ հաջորդ օրերին ազատ տոմս այլևս չկար: Այդպես, վիզան ի վերջո ստացա, բայց օգտագործել չկարողացա:

Խաչիկ

Մեծ Բրիտանիայի դեսպանատուն Այս տարվա մայիսի սկզբին Լոնդոնում կայանալիք կոնֆերանսի մասնակցության հրավեր ունեի: Նեղ գիտահետազոտական գիտաժողով էր՝ նվիրված միջնադարյան իրանական եղբայրություններին ու

ասպետական գաղափարախոսությանը: Աշխարհում այս թեմայով մոտ 20 մասնագետներ կան: Պետք է մեկնեի երկու օրով՝ ելույթ ունենայի ու վերադառնայի: Անգլիայի դեսպանատան օրենքի համաձայն՝ մուտքի արտոնագիր տրամադրելու համար պարտադիր է հրավերի օրիգինալը, պատճեն չի ընդունվում: Ի դեպ, Շենգեն գոտում գտնվող դեսպանատները ընդունում են նաև փաստաթղթերի սկան արած տարբերակը: Ես խնդրեցի Անգլիայում կայանալիք գիտաժողովի պրոֆեսորին ուղարկել հրավերի օրիգինալ տարբերակը: Պրոֆեսորս, որը հրավիրող կողմն էր և վճարում էր ուղևորությանս գումարը, կրկին գումար ծախսեց, բայց ինչ-ինչ պատճառներով ուղարկեց սկան արած տարբերակը: Ես էլ ներկայացրեցի դեսպանատուն ու ստացա նամակ, որի համաձայն պահանջում էին ներկայացնել բանկային հաշիվս և պարտադիր կերպով հրավերի օրիգինալը: Գումարի խնդիր էր, և պրոֆեսորս ուղարկեց հրավերը սովորական փոստով: Արդյունքում, ես ստացա այն մեկ օր ուշացմամբ, երբ կոնֆերանսն արդեն մեկնարկել էր: Կարծում եմ, որ գիտնականների համար վիզայի հատուկ պայմաններ պետք է գործեն բոլոր դեսպանատներում: Մեզ չի՛ հետաքրքրում երկիրը, ինձ համար տարբերություն չկա, թե որ երկրում է կազմակերպվում գիտաժողովը՝ Լոնդոնո՞ւմ, Մոզամբիկո՞ւմ, թե՞ Սոմալիում: Ի դեպ, 2008 թվականին ես արդեն մեկնել էի Անգլիա ու մասնակցել Քեմբրիջում անցկացված կոնֆերանսին: Աշխատել եմ Գերմանիայում, Իրանում, բազմաթիվ անգամ այցելել եմ Շենգեն գոտում գտնվող երկրներ:

Վարդան

Իտալիայի դեսպանատուն Մի երկու տարի առաջ որոշեցի գնալ Իսպանիա հանգստանալու: Քանի որ դրանից առաջ էնքան Շենգեն վիզա ունեի, որ նույնիսկ ստիպված էի եղել անձնագիրս ժամանակից շուտ փոխել, ընդհանրապես չէի անհանգստանում Իտալիայի դեսպանատուն մտնելիս: Բնականաբար, ամեն ինչ նորմալ էր նաև հյուրանոցի ու աշխատանքային տվյալներիս հետ: Բայց ուղղակի ասացին՝ չէ: Բնականաբար, առանց որևէ բացատրության: Հետո տարբեր ասեկոսեներ լսեցի այն մասին, թե այդ օրերին դեսպանատունը

ինչ-որ տուրիստական կազմակերպությունների հաճախորդներին էր տվել իր, այսպես ասած, «մրցանակային ֆոնդը», և մյուսներին արդեն մերժել էին, պլանը չգերակատարելու համար: Միգուցե և այդպես չէր, բայց որևէ այլ խելքին մոտ բացատրություն, թե ինչու ինձ թույլ չտվեցին մեկնել Իսպանիա՝ չկա: Առավել ևս, որ մի քանի շաբաթ անց ծանոթներիցս մեկը գրեթե մեկին մեկ իմ թղթերով դիմեց և հանգիստ գնաց հանգստանալու:

Էդգար

Գերմանիայի դեսպանատուն 2007 թվականին պետք է Հայաստանի լավագույն կիբերսպորտսմենների հետ՝ որպես թմի ղեկավար, մեկնեի Հաննովեր, մասնակցելու CeBIT միջազգային կոնֆերանսի շրջանակներում անցկացվող կիբերսպորտի Եվրոպայի առաջնությանը: Հրավեր կար, ամեն ինչ պատրաստ էր: Գնացինք, հարցազրույցը կարծես թե նորմալ անցավ, վերջում էլ ասացին, որ կզանգեն ու կհայտնեն, թե երբ գանք անձնագրերի հետևից: Անցան օրեր, մեզ ոչ ոք չբարեհաճեց զանգահարել: Ենթադրեցի, որ մերժել են, սակայն սկզբունքորեն ինքս չզանգահարեցի: Առանց Հայաստանի անցած առաջնության ավարտից մեկ ամիս անց վերջապես զանգ եկավ՝ «եկեք ձեր անձնագրի հետևից»: Գնացի ու պահանջեցի, որպեսզի բացատրեն մերժման պատճառները: Տվեցին տպած ինչ-որ ստանդարտ տեքստ, իսկ բանավոր հայտնեցին, որ ամբողջ խմբին մերժել էին այն պատճառով, որ, պարզվում է, Ինտերպոլի հանցագործների ցուցակում կա ոմն Էդգար Սահակյան ու պարզ չէր՝ դա ե՞ս եմ, թե՞ ոչ: Այսինքն՝ գրողի տարած քսանմեկերորդ դարում մարդու ինքնությունը պարզելու համար անհրաժեշտ է մի ամբողջ ամիս: Բարեբախտաբար, մեր երկու գեյմերներից մեկն այդուհանդերձ գնացել էր մրցաշարին: Գիտե՞ք ինչպես: Երբ գնաց դեսպանատուն ու պարզեց, որ մերժում է ստացել, վերցրեց քաղաքացիական անձնագիրն ու նույն պահին ներկայացրեց դիվանագիտականը՝ հայրը դիվանագետ էր: Երբ հաջորդ տարի կրկին պետք է մեկնեինք Հաննովեր, նախօրոք էլեկտրոնային նամակ գրեցի, որտեղ խնդրեցի հնարավորինս շուտ պարզել իմ ինքնության պահերը, որպեսզի հերթական անգամ չզրկեն Հայաստանը միջազգային մրցույթի մասնակցությունից:

Իրինա Մերդինյան, Լենա Գևորգյան Վիլյամ Կարապետյան


քաղաքացիներ Գրողը տանի

Ժամանակակից հայ գրողները «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում են Երևան քաղաքի մասին:

Հրաչյա Սարիբեկյան Հեղինակի պատմվածքները կարելի է կարդալ գրական մամուլում («Գրական թերթ», «Գրեթերթ», «Գարուն», «Նարցիս» և այլն), «Գուշակություններ հայելիներով» գրքում, ինչպես նաև գրախանութներից ձեռք բերելով նրա՝ «Երկվորյակների արևը» վեպը:

Ես էլ եկա ու տեսա… Դուռը բացվելուն պես զնգում է զանգակն ու ազդարարում, որ դու ներկայից հայտնվել ես անցյալում: Ժամանակի չափումն այստեղ հին ու հնատիպ գրքերն են միայն, խունացած քարտեզները… Հրաշք է նայել քաղաքի քարտեզին ու մտածել, որ ահա, այդ քաղաքում ես, քաղաքը՝ քո գիտակցության մեջ, ինքդ՝ սեփական գիտակցության մեջ: Հրաշք է մտածել, որ քարտեզի մեջ ես, որ գոյությունդ համընկնում է ներկայությանդ հետ և ներկայությունդ որոշակի է տարածության մեջ: Բացում եմ դուռն ու հայտնվում Մեսրոպ Մաշտոցի նշանակության չափ լայն այս պողոտայում: Քարացած Մաշտոցը հսկում է մեքենաների անցուդարձը: Վառվում է արևի ծնծղան փողոցի արևոտ երազում: Հենց այսպիսին է Չարենցը տեսել ապագայի փողոցը: Մեքենաները փայլ են կորզում արևից ու անցնում: Երևանը հավերժական արևի տակ: Փողոցները գետեր են, ուր ժամանակի միջով հոսում են մարդիկ ու մեքենաները: Մի ժամանակ սրճարանում նստած եմ մտածել այս նախադասությունը ու կարծեմ՝ գրի չեմ առել: Ես սիրում եմ սրճարաններից նայել մեքենաների հոսքին ու մարդկանց անցուդարձին: Մեքենաները սլանում են դեպի ապագա: Մարդիկ քայլում են դեպի անհայտություն: Արևից շողացող քաղաքի տեսիլքի մեջ: Մի անգամ արվեստասերների այս սրճարանում նստած էի արձակագիր Վահան Թամարյանի հետ, երբ հանկարծ հիշեցի, որ նա մահացած է: Դիմացն Օպերայի շենքն է: Այս քաղաքում, հատկապես ամառվա օրերին, ես զգում եմ միայն, որ ավելին չեմ, քան Ալեքսանդր Թամանյանի գիտակցության փաստը՝ սեփական տարտամ գիտակցությամբ օժտված: Քաղաքը մշտապես խույս է տալիս մեզնից, մնում է փոքրիկ այն անկյուններում, ուր անցյալը դեռ պահպանվում է: Մատենադարանի տակի բուկինիստական գրախանութում,

20 21

Դեկտեմբեր 2012

հին բակերում՝ մուտքը դալաններից, տրամվայների մեջ: Մի անգամ ես ու իմ ընկեր Մինասյան Վարդանը, որ արդեն երրորդ տարին էր, ինչ համալսարանի փիլիսոփայականի առաջին կուրսի ուսանող էր, կեսօրին պայմանավորված էինք երկու աղջկա հետ, տրամվայ նստեցինք ու քանի որ երկուսս էլ վանաձորցի էինք ու Երևանում ժամանակից գլուխ չէինք հանում, տեղ հասանք ուշ երեկոյան: Այդ օրը նա ինձ հայտնեց Ռալֆ Էմերսոնի հետևյալ միտքը, թե կյանքը օրվա ընթացքում անցնող մտքերն են: Երևանն այդ տրամվայի լուսամուտներից ամենալավն էր, Երևանը կորավ տրամվայների հետ, փողոցները դեռ հիշում են նրանց զնգոցը: Երևանը Չարենցի սիրած արձակագիր Մկրտիչ Արմենի «Երևան» վեպի թերթերի արանքում է, որ ասպիրանտուրայից ի վեր կիսատ եմ թողել Ազգային գրադարանում՝ որպես անցյալի Երևանում հայտնվելու բացառիկ մի հնարավորություն: Քաղաք, ուր սրճարանների փոխարեն չայխանաներ են եղել: Հին Երևան. մուտքը Ազգային գրադարանից: Հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանին խոստացել եմ, որ վերահրատարակության եմ պատրաստելու այդ վեպն ու ամեն անգամ Ազգային գրադարանից դուրս գալիս, խոստումս հիշելուց հետո իսկույն մոռանում եմ ու հայտնվում փողոցում, որի գլխին կանգնել է Աբովյանի արձանը: Մի քիչ ներքև Իսահակյանն է քարացել, լավ է մտածված գրողի հավերժությունն ապացուցելու այս ձևը, մարդիկ անցողիկ են, Իսահակյանը կանգնած է ու կանգնած: Կանգնած է արևի տակ, կանգնած է անձրևի տակ: Ու ցույց չի տալիս, որ ձանձրացել է իր անմահությունից: Չգիտեմ՝ ոնց է եղել, բայց իմ պայմանավորվածություններից շատերն այս արձանին են բաժին հասնում: Մի անգամ Իսահակյանի արձանը վրաս բարձրացրեց իր քարե ձեռքը: Դա էլ էր երազ, բայց այդ

ժամանակ Ավիկ Իսահակյանն արդեն իմ տնօրենն էր: Փողոց, որ իջնում է, դառնում Աստաֆյան, ուր ամառվա շոգին զով շքամուտքներ կան, աստիճաններ, որոնք կանգնեցնում են հին ու վիթխարի դռների առաջ, որոնց առջև տարօրինակ մարդիկ են գուցե նստած, որ մուտքի տոմսեր են վաճառում, որովհետև այդ բնակարաններում դեռ անցյալ դարի վաթսունականներն են, իսկ պատուհանից նայելով կարող ես տեսնել ապագայի Երևանը, որտեղով պորշեր ու բրաբուսներ են գլորվում Հանրապետության հրապարակն ի վար: Երևան: Աստաֆյան փողոց: Ցամաքած մի գետ, ուր քաղաքը գտնում է իր ինքնությունը: Սալարկված այս փողոցը կառքերի մասին երազներ է տեսնում: Իսկ փողոցի երկու ափերով անանուն անցորդներ են քայլում, այնքան մարդ կա, որ գուցե նրանց մեջ էն աշխարհից վերադարձածներ էլ կան: Ո՞վ է բոլորի ինքնությունն ստուգում: Պատկերացնում եմ, որ Ազնավուրի հրապարակի մետաղական սարդը հանկարծ շարժվի, ամբոխը ոնց կխառնվի իրար: Մի քիչ ներքև մի արձան անցորդներին ծաղիկներ է պարզում, իսկ մարդիկ այնքան են շտապում, այնքան են տարված իրենց ներկայով, որ արհամարհում, սահում են, չեն վերցնում այդ ծաղիկները: Քարե ծաղիկներ պետք չեն նրանց, նրանց պետք են թոշնող ծաղիկներ, ծաղիկ-հիշեցումներ, որ իրենց գոյությունը տարածականորեն ստույգ այս քաղաքում անցողիկ է ու ժամանակավոր: Աբովյան փողոցով իջնողներից ո՞վ է Նար-Դոսի փողոց գնում: 2012-ին Երևանը Հայաստանի մայրաքաղաքից բացի, ԳՐՔԻ մայրաքաղաքն է, այդ կապակցությա��բ կարդալը նորաձև է. տեղին կլիներ, որ Նար-Դոսի փողոցի արհեստանոցներում Նար-Դոսի «Մահը» գոնե կարդան: Աբովյան փողոց: Ժամանակի հեղեղից փրկված հին հայկական գորգեր ու կարպետներ: Զբոսաշրջիկները

շոշափում են գորգերը, զարմանում են, որ անցյալը չքվել է, հայկական գորգերը մնացել: Զբոսաշրջիկների մի խումբ խնդրեց ինձ ուղեկցել «Մարիոթ» հյուրանոց: Իտալացի կինը երբեք չի մոռանա Երևանը, իտալական գրականություն իմացող անհայտ հայ գրողին և շենքերից մեկի երկրորդ հարկից իր մազերի մեջ շպրտված ծխախոտի քնթուկը: Չաո: Մարդիկ հանդիպում են ու անհետանում: Ում համար Աբովյանը փողոցի անուն է, ում համար՝ «Վերք Հայաստանի»: Սահում են անցորդները Խաչատուր Աբովյանի երազի միջով: Վանաձորցի բանաստեղծ Մանվել Միկոյանը, որ այն ժամանակ իմ խմբագիրն էր, Խաչատուր Աբովյան էր կնքել անունս, որովհետև ուղարկում էր հոդված գրելու, ու ես օրերով անհետանում էի: Հիմա ես այստեղ եմ, Մանվե՛լ Միկոյան, այստեղի ու ներկայի միջև: Արևոտ այս միջօրեին: Հանրապետության հրապարակի արևոտ ամայությունն ու ընդարձակությունը ստիպում են շփոթված իմ հայացքը բարձրացնել Հանրապետության ամենամեծ Ժամացույցին: Կլոր ժամերին արևոտ օրվա ամայության ու լռության մեջ ժամանակը բարձրաձայն է հիշեցնում իր մասին: Երևան: Հանրապետության հրապարակ: Տասներկուսն անց երեսուն րոպե: 2008 թվականն էր արդեն: Երկու տարեկան փոքրիկ կար գրկիս: Երկնքից օդապարիկներով մարդիկ իջան: Ես անհամբեր սպասում էի օդապարիկ նստելուն: Նստեցի իհարկե, բայց օդապարիկը պարանով կապված էր գետնից, դա առաջին հիշեցումն էր, որ իմ թռիչքներն այս քաղաքում պիտի կանխվեն: Ինչ իմանար իտալացի զբոսաշրջուհին, որ էս քաղաքում ես անանուն, բոլորի նման անդեմ անցորդ եմ, որ շատ է սիրում Սլավիկ Չիլոյանի հետևյալ տողերը. Ես էլ եկա ու տեսա Երևան, 1966 թիվ:


Այստեղ դեռ սիրում են Լիբանանահայ տենոր Գևորգ Հաճյանն արդեն ութ տարի է թողել է ծննդավայր Այնճարն ու ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան: Հայրենիքում իրեն որպես անհատ ու ստեղծագործող նորովի վերագտած Գևորգի համար Երևանն առաջին հերթին մարդիկ են՝ ընկերներն ու հարևանները, պուրակներում գրկախառնված սիրահարները, բակերում վազվզող և աղմկող երեխաները… Հայաստանցիների սրտաբացությունն ու հյուրասիրությունն էին նաև պատճառը, որ նա ժամանակին մերժեց Նյու Յորքում ապրելու և աշխատելու փայլուն հնարավորությունն ու հաստատվեց Հայաստանում:

Ի

մ մտերիմ ընկերներից մեկի՝ Դանիել Երաժիշտի հետ հաճախ նկատում ենք. չնայած առօրյա բազմաթիվ խնդիրներին, մարդիկ Երևանում խաղաղ զբոսնում են, պուրակներում՝ անշտապ զրուցում: Աշխարհի մեծ քաղաքներում զբոսնում են միայն տուրիստները: Որովհետև, երբ ներաշխարհդ անհանգիստ է, տագնապ կա ուշանալու, չհասցնելու, դու չես կարող հանգիստ քայլել փողոցում: Նյու Յորքում, օրինակ, մայթերին և զբոսայգում ավելի հաճախ հանդիպում էի 80-ն անց տատիկների, ովքեր իրենց շնիկներին էին դուրս բերում զբոսանքի: Ուրախացնում է նաև մեր բակերում և խաղահրապարակներում երեխաների անհոգ ինքնուրույն խաղը: Արտասահմանում այս երևույթը վաղուց չկա, որովհետև այսօր ամբողջ աշխարհում երեխաների գողությունը տարածված չարիք է: Երևանում այս առումով ևս ապահով է: Եվ հետո, ի տարբերություն աշխարհի մեծ ու փոքր շատ քաղաքների, այստեղ դեռ սիրում են: Կյանքն Արևմուտքում մրցավազք է հիշեցնում. մարդիկ տարված են գումարներ աշխատելու և կարյերա ձեռք բերելու մոլուցքով: Հետևապես սիրահարվելու, սիրելու ժամանակ չունեն…

Աղավաղված դիմագիծ

Այսօր երևանցու դիմագիծը փոքր-ինչ աղավաղված է: Հատկապես երիտասարդների մոտ: Զարմանում եմ՝ տեսնելով երիտասարդ տղաների, ովքեր իրենց ուժերի ծաղկուն շրջանն անցկացնում են պատերի տակ կանգնելով, ծխելով՝ անգործ ու աննպատակ: Սրանք հատկանիշներ են կամ, գուցե, սովորույթներ, որոնք բոլորովին հարիր չեն հայ տղային, հայ մարդուն: Մի անգամ է՛լ ավելի տգեղ դրսևորման ականատեսը եղա. համալսարանի դիմացի մայթին ուսանող տղաները մրցում էին, թե ում թուքն ավելի հեռու կթռնի: Մոտեցա, ասում եմ. «Ախր սա ձեր հողն է, այն պետք է սրբություն լինի ձեզ համար…»: Տեսեք, վերջին շրջանում որքան են բարեկարգվել քաղաքի փողոցները: Որքան գեղեցիկ են դեղին զոլավոր անցումները: Նայում ես՝ սիրտդ ու միտքդ հրճվում են: Բայց շատերը դեռ փողոցն անցնելու տարրական կուլտուրա չունեն: Մի անգամ երկու երիտասարդի ասացի. «Ինչո՞ւ եք անցնում՝ դեռ կանաչ լույսը չի վառվում», — պատասխանեցին. «Այ ախպեր,

քո ինչ գործն է, թե մենք փողոցը ոնց կանցնենք»: Ես նրանց բացատրեցի, որ բարեկիրթ և գեղեցիկ դիմագիծ ունեցող քաղաք մենք միայն միասնաբար կարող ենք ստեղծել: Դա անհատների գործը չէ միայն: Պիտի բոլորս ներդաշնակ անցնենք փողոցը, աղբը չնետենք ուր պատահի, չթքենք մայթին, չհայհոյենք փողոցում: Կինս ինձ մի օր ասաց. «Հերիք է անծանոթ մարդկանց դիտողություն անես, վերջը գլխիդ փորձանք ես բերելու»: Բայց եթե ես հիմա ապրում եմ այստեղ և անտարբեր քաղաքացի լինել չեմ կարող, ուրեմն ինչպես լռեմ: Եվ հետո, քանի դեռ Երևանը քաղաքակիրթ չի դարձել՝ հանրապետության մյուս քաղաքներն էլ չեն զարգանա: Գյումրիում, Գորիսում նույնպես հանդիպեցի հետիոտնի համար գեղեցիկ գծագրված, բարեկարգված փողոցների: Բայց այնտեղ էլ մարդիկ անցնում են փողոցն ինչպես պատահի: Եվ ուրեմն, Երևանը պետք է որպես կենտրոն, որպես մայրաքաղաք իր քաղաքակրթության ճառագայթները սփռի հանրապետության մյուս քաղաքների վրա ևս:

Քաղաքի պոզիտիվը

Գիտեք, եթե ուզենք բացասական երևույթների մասին խոսել, կարող ենք անվերջ թեմա գտնել: Բայց խնդիրների մասին անընդհատ բարձրաձայնելն այնքան էլ օգտակար չէ: Պետք է կարողանալ նկատել և գնահատել նաև գեղեցիկը, որը մեր շուրջն է: Լուսավոր մտքերից է, ի վերջո, ստեղծվում քաղաքի դրական մթնոլորտը: Եվ այդ ընդհանուր դրական, լավատեսական միջավայրն է, որ կօգնի դժվարություններն ավելի արագ հաղթահարել: Ուրեմն ինչո՞ւ ավելի հաճախ չժպտանք ու ագրեսիայի փոխարեն միմյանց վարակենք լավատեսությամբ: Ես և իմ ընտանիքն արդեն ութ տարի է Հայաստանում ենք: Ինքս կարող եմ թվարկել այս տարիներին երևանյան կյանքում տեղի ունեցած դրական տեղաշարժերը. ճանապարհաշինություն, դպրոցների և համալսարանների վերանորոգում, զբոսայգիների բարեկարգում, փողոցների մաքրություն և կարգ ու կանոն... Ճիշտ է, սրանք ընդամենը արտաքին փոփոխություններ են, բայց չէ՞ որ համեմատաբար հարմարավետ են դարձրել քաղաքացիներիս կյանքը: Իսկ երբ մեր երեխաներն ուրախ թռչկոտում են կանաչների վրա, խաղում են իրենց համար կառուցված գեղեցիկ

խաղահրապարակներում, նրանք ակամայից սիրում ու կապվում են Երևանին: Փոփոխություն եմ տեսնում նաև քաղաքացիների հոգեվիճակում և գիտակցության մեջ: Ընտանիքս հիմա կարող էր ապրել Մոնրեալում կամ Նյու Յորքում: Բայց ես հավատում եմ Հայաստանի վաղվա օրվան, այլապես տղայիս, ով այսօր իր ինքնուրույն կյանքը կառուցելու շեմին է, չէի բերի Հայաստան…

Քաղաքացիություն

Երբ Հայաստանում ընդունվեց երկքաղաքացիության օրենք՝ մենք առաջիններից էինք, որ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրինք: Այնքան սպասված հայկական անձնագրի ստանալն ինձ համար խորհրդանշական ստացվեց: Բանն այն է, որ կառավարության պատվերով ֆիլմ էր նկարահանվում երկքաղաքացիության մասին, և ես ընտրվեցի որպես այդ ֆիլմի հերոս: Նկարահանվեց երդմանս արարողությունը, անձնագրի հանձնման հանդիսավոր պահը: Ես բախտավոր էի կրկնակի… Հաճախ մարդիկ տքնում են, չարչարվում, որպեսզի Եվրոպայի կամ Ամերիկայի քաղաքացիություն ձեռք բերեն: Ես դեմ չեմ՝ մարդկային ձգտում է: Բայց հայի համար իր հողի վրա ապրելն ու Հայաստանի քաղաքացի լինելը նույնացնում եմ մայրական կաթով սնվելու հետ: Իսկ մայրական կաթը, ինչպես գիտենք, իր օգտակարությամբ անփոխարինելի է երեխայի համար:

Պռոշյանում

Մենք հիմա ապրում ենք Երևանից 5 կմ հեռավորությամբ գտնվող Պռոշյան գյուղավանում: Հրաշալի հարևաններ ունենք: Այստեղ բնակվում են հիմնականում սասունցիներ և մշեցիներ՝ Արևմտյան Հայաստանից գաղթականների ժառանգներ: Մեզ՝ բոլորիս, կապողն ու մտերմացնողը կորցրած երկրի նույն կարոտն է: Մշտապես հանդիպում ենք, հավաքվում, խնջույքներ կազմակերպում, հաճախ՝ առանց առիթի: Պատահում է մեքենայով անցնում եմ ու ճանապարհին փոխանակած սովորական բարևը վերածվում է տևական ջերմ զրույցի: Երբեք չենք զլանում միմյանց օգնել, օգնում ենք ինչով կարող ենք: Տիկնոջս ասում եմ. «Իսկական երջանկություն է ապրել հայրենի հողի վրա, որտեղ բոլորս խոսում ենք միևնույն լեզվով, բոլորիս զարկերակն աշխատում է միևնույն ռիթմով: Եվ որտեղ դեռ պահպանվել է ուրիշի հոգսը կիսելու մարդկային ունակությունը…»:

Նորոգված սեր

Մարդիկ, ովքեր հիասթափվում են և ցանկանում են հեռանալ Երևանից, երկրից, ուզում եմ՝ նախ այցելեն Ծիծեռնակաբերդ, Կոմիտասի պանթեոն, Եռաբլուր… Վստահ եմ՝ այս վայրերում լինելուց հետո Երևանի հանդեպ նրանց սերը կնորոգվի, կապը քաղաքի ու հայրենի հողի հետ վերստին կամրանա: Եվ, գուցե, հեռանալու միտքն էլ ընդմիշտ լքի նրանց…

Սաթենիկ Ավագյան Սուրեն Մանվելյան


թեմա Կարծիք

Աշխարհի վերջի նախօրեին Մաշտոցի պուրակ, Փակ շուկա, նստարաններ, կանաչապատ գազաններ, կրկես, վերանորոգված փողոցներ, ավելի նորաձև երիտասարդներ, փխրուն արձաններ, կանաչապատում, կանաչահատում, տուրիստական ավտոբուս, գրքի տոն, նկարազարդված կամարներ, Դալմա Գարդեն Մոլ, Աֆրիկյանների ակումբ, եռաչափ պատկերներ՝ այս և այլ բաներն են ընդգծում տարբեր տարիքի, սեռի և մասնագիտության երևանցիները՝ որպես անցնող 2012 թվականի խորհրդանիշներ՝ անկախ դրանց դրական, թե բացասական երանգ տալուց:

22 23

Դեկտեմբեր 2012


թեմա Կարծիք

24 25

Դեկտեմբեր 2012


Լեռնիկ,

48 տարեկան, տաքսիստ Էս տարին էլ գլորեցինք ես ու ավտոս: Բայց տարին լավ չեկավ ավտոյիս վրա, որ հաշվեմ՝ 365 օրվա մեջ 365 անգամ սարքելու եմ տարել: Չնայած խեղճ ժեշտին էլ մեղադրելու չի, էս ասֆալտ չի, որ մեր մոտ են անում, ավելի շատ պլաստիլինի ա նման: Հեսա էլի ձուն կգա ու էլի նույն փոսերը սիրուն սղալով կբացվեն: Ամենավատը գիտե՞ք որն էր: Որ էս տարի ընտրություններ էղան, իսկ ավելի վատ ա էն, որ եկող տարին էլ ընտրություններով ա սկսվում: Ամեն անգամ ընտրություններից հետո ուզում եմ ստեղից գնամ: Բայց էս տարի մեր քաղաքը ոնցվոր թե սիրունացավ, լիքը ծաղիկ ավելացավ, որ հիշեմ՝ վաղուց էդքան ծաղիկի թուփ չէի տեսել: Չնայած՝ մեկ ա, դեռ վատ բաներն ավելի շատ են, քան սիրուն ծաղիկները, դրանով ժողովրդի աչքերին թոզ չեն փչի: Օրինակ՝ էս տարի էլի խցանումները շատացան: Սենց որ շարունակվի, մի երեք տարուց Երևանում ավելի շատ մեքենա կապրի, քան մարդ՝ մարդիկ գնում են, բայց չգիտես ոնց՝ ավտոները շատանում են: Իմիջիայլոց, «տարվա բոց» մրցանակը էս տարի ես տալիս եմ իմ հաճախորդներին՝ երևանցիներին, ովքեր ամեն օր նստում ու իջնում են մեքենաս: Ես առաջին տարին եմ տաքսի քշում ու երևի էս տարվա ամենալավ բանն էլ հենց դա եղավ, որ գործի բերումով հասկացա, թե ինչ տպերի հետ եմ ապրում նույն քաղաքում:

Արսեն Կարապետյան

39 տարեկան, ճարտարապետ Ընդհանուր առմամբ, լավ տարի էր. մեր արվեստանոցում աշխատեցինք նոր նախագծերի վրա, շարունակեցինք դեռ չավարտված աշխատանքները: Կարևոր է այն, որ չնայած ամեն առավոտ արթնանում և գնում ես արվեստանոց, չես ձանձրանում, քանի որ ամեն մի նախագիծ տարբերվում է նախորդից: Այս տարի հաջողվեց այցելել Վենետիկի ճարտարապետական բիենալեին, որտեղից շատ տպավորված վերադարձա: Վատն էլ այն էր, որ Հայաստանը, ցավոք, չմասնակցեց այդ կարևորագույն ֆորումին, չգիտեմ՝ ինչ պատճառներով: Ի տարբերություն այլ հետխորհրդային երկրների, մենք մեծ առավելություններ ու հնարավորություններ ունենք Վենետիկում ներկայացված լինելու: Պետք է ամեն ինչ անել, որ երկու տարի հետո անպայման մասնակցենք: Եթե երևանյան տեսանկյունից ամփոփեմ տարին, ապա կարծում եմ, որ, ցավոք, կրկին տարի կորցրինք: Մենք էներգիա և ժամանակ ենք կորցնում ակնհայտ ճշմարտություններ ապացուցելու համար. օրինակ՝ որ պետք է պահպանել ճարտարապետական ժառանգությունը, որ լուրջ քաղաքաշինական միջամտությունները պետք է ծրագրված և մտածված լինեն, հանրային և կանաչ տարածությունները չտրոհվեն և այլն: Բայց այդ ընթացքում մենք հետ ենք ընկել աշխարհի գործընթացներից. չունենք ժամանակակից, նոր, համարձակ ճարտարապետություն, չենք ստեղծել առողջ ստեղծագործական մրցակցություն, սուր մասնագիտական քննադատության դաշտ: Անշուշտ, քաղաքային իշխանությունները փորձում են ինչ-որ բան անել, բայց ամեն ինչ սահմանափակվում է «գեղեցկացնելով»՝ զուտ դեկորատիվ, հիմնականում՝ անճաշակ կերպով: Ցավով եմ ասում, քանի որ Երևանը այս բնագավառում էլ ուներ յուրահատուկ ավանդույթներ, որոնք մոռացվել են: Վատ բաների մասին չեմ ուզում խոսել, բայց Երևանի համար լուրջ նվաճում էլ չեմ կարողանում հիշել: Համոզված եմ, առանձին ճարտարապետներ և արվեստանոցներ ունեն հաջողված աշխատանքներ, բայց դա եղանակ չի փոխում, մայրաքաղաքին նոր փիլիսոփայություն է անհրաժեշտ, նոր գաղափարախոսություն:

Ռոբերտ Չախոյան

7 տարեկան, երազող Այս տարի վատ էր այն, որ ես էլի չկարողացա Ձմեռ պապիկին տեսնել, բայց լավ ա այն, որ արդեն մտածել եմ Նոր տարուն ոնց անեմ, որ վերջապես հանդիպենք իրար: Ձմեռ պապի համար նվեր եմ պատրաստել, դնելու եմ

տոնածառի տակ ու սպասեմ մինչև գա իր նվերի հետևից: Էս տարի վատ էր նաև այն, որ մեր տան պատուհանից տենց էլ ծիածան չտեսա, դրա համար կուզեմ, որ Երևանում միշտ ծիածան լինի՝ և ոչ միայն անձրևից հետո: Ամենահավեսը այն էր, որ Երևանը նշեց իր ծնունդը, չնայած տորթ չկար, մոմ չփչեց, բայց փոխարենը այդքան սիրուն հրավառություն մենակ Երևանի ծնունդին ա լինում: Մի վատ բան էլ եղավ՝ իմ ընկերներից մի քանիսը գնացին Երևանից, ուզում եմ, որ Երևանից ոչ ոք չգնա:

Նարեկ Զախարյան

25 տարեկան, գործարար Երևանում վերջին տարվա ամենադրական փոփոխությունն ինձ համար նոր նստարաններն են: Քայլում ես ու հենց հոգնում ես՝ կարող ես նստել: Առաջ ստիպված սրճարան էինք գնում: Լավ բան չեմ կարող ասել տարօրինակ կանաչ կենդանիների մասին, որոնք չափից դուրս տհաճ ու վանող են: Այնպիսի տպավորություն ունեմ, որ քաղաքը համալրվել է «Շռեկ» մուլտֆիլմի գլխավոր հերոսի կանաչ բարեկամներով՝ կանաչ թիթեռ, արջ, թռչուններ, գորտ: Գուցե այս գաղափարը քաղաքն ավելի կանաչ դարձնելու համար էր, բայց կարծում եմ, որ այն հակառակ տպավորություն է ստեղծում՝ այնքան ծառ ու թուփ չունենք՝ վախենալու կանաչ ու մեծ ֆիգուրներ ենք դնում ամենուր: Աշխատանքային առումով տարին լի էր նոր մտքերով, իհարկե, որոշ դեպքերում Երևանի աշխարհագրական դիրքը այդ մտքերի իրականացումը բարդացրեց, բայց ոչինչ անել չենք կարող՝ 2794 տարի առաջ հենց այստեղ է հիմնվել մեր մայրաքաղաքը:

Սամվել Մարտիրոսյան

36 տարեկան, տեղեկատվական անվտանգության մասնագետ Երևանի կյանքում 2012-ը սկսվեց Մաշտոցի պուրակի շուրջ ճակատամարտով, որն անսպասելի էր երիտասարդների և ոչ երիտասարդների դրսևորած հետևողականությամբ: Հետո եկավ Փակ շուկայի հերթը, սակայն այս շինության ճակատագիրը դեռևս անորոշ է: Քաղաքը սկսեց գեղեցկանալ, դալանները նկարազարդվեցին։ Երբեք այսքան ծաղիկ չեմ տեսել Երևանում։ Մյուս կողմից՝ տարօրինակ կանաչ արջեր և թիթեռներ հայտնվեցին, կոտրվող արձաններ։ Բայց միևնույն է, ինձ այս ամենը դուր է գալիս, չեմ ուզում քննադատել: Աշխատանքային առումով տարին բուռն էր: Օրինակ՝ ընտրությունները և դրանց շուրջ ծավալված քարոզչականկուսակցական փոքրիկ, բայց դինամիկ պատերազմը։ Առաջին անգամ ներքին քաղաքական պայքարում օգտագործվեցին DDoS հաքերային հարձակումները, ինչը շատ վատ նշան է։ Անձամբ ինձ համար մեծ բան էր, որ առաջին մեծ crowdsourcing ծրագիրն արեցինք ընտրությունների ժամանակ՝ iDitord: Իսկ աշնանը՝ սեպտեմբերին, մեկ շաբաթվա հայ-ադրբեջանական կիբերպատերազմի վկա դարձանք։ Սա, իհարկե, լայնածավալ պատերազմ չէր, բայց շատ բան սովորեցրեց:

Աննա Խաչատրյան

23 տարեկան, դաստիարակչուհի Ինձ համար 2012-ը լավ տարի էր, որովհետև ընդունվեցի աշխատանքի, իսկ առհասարակ, մայրաքաղաքի համար լավ էր այնքանով, որ քաղաքի արտաքին տեսքն ահագին փոխվեց դեպի լավը: Երևանի տարբեր վայրերում տեղադրված արձանները դրա լավագույն ապացույցներից են: Մասնագիտության և աշխատանքի բերումով շփվում եմ մանկահասակ երեխաների հետ ու այստեղ էլ լավն այն է, որ սերունդը գեղեցկանալուց բացի նաև շատ խելացի է ծնվում. կարճ ասած՝ 21-րդ դարի երեխաները քայլող համակարգիչներ են՝ թվայնացված ուղեղներով: Սա, ինչ խոսք, շատ լավ է: Բայց կա նաև վատը. վատ են անընդհատ տիրող թանկացումները, քայլափոխին հանդիպող մուրացկանները, քաղաքի անբարեկարգ թաղամասերը… Հուսով եմ՝ 2013-ին վատ երևույթները կկրճատվեն, իսկ լավերը կբազմապատկվեն Հայաստանի, Երևանի և ինձ համար:

Մաշտոցի պուրակ 2012-ի փետրվարը սկսվեց կանաչ տարածքի համար պայքարով: Բնապահպան ակտիվիստներն ու ամենատարբեր ոլորտներից նրանց միացած մի շարք երևանցիները, մոտ երկու ամիս գիշերեցին Մաշտոցի պուրակում ՝ խանգարելով Աբովյան փողոցից ապամոնտաժված, սակայն Մաշտոցի պուրակում իրենց տեղը վերագտած կրպակների տեղադրմանը: Մայիսի մեկին ՀՀ նախագահն ու քաղաքապետը այցելեցին այգի ու նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ» արտահայտությունը ապամոնտաժեց պուրակի ծառերի արանքից ցցված կրպակները:

Փակ շուկա Մայիսը ճակատագական ամիս դարձավ Փակ շուկայի համար: Մեկ գիշերվա ընթացքում քանդվեցին շուկայի տանիքն ու կամարները: Վրդովված ճարտարապետներն ու քաղաքացիական ակտիվիստները դիմեցին քաղաքապետարան ու մշակույթի նախարարություն՝ պարզաբանումներ պահանջելով: Մինչ այս գերատեսչությունների հատուկ մարմինները տեղում ուսումնասիրություններ էին անում, շուկայի սեփականատեր՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մայիսի 31-ին պարզաբանեց եղելությունը՝ ասելով, որ շուկայի տանիքն ինքն իրեն է փլվել, սեյսմիկ վիճակի պատճառով:


թեմա Կարծիք

Էսմերալդա Երիցյան

20 տարեկան, ուսանողուհի 2012-ը առաջընթացի տարի էր: Ես չնկատեցի էլ, թե ինչպես անցավ այն. պարզապես թռավ: Առաջին անգամ քննաշրջան հանձնեցի: Դժվար էր, բայց արդյունքից գոհ եմ: Լավ էր, որ մայրաքաղաքում շատ աղբամաններ տեղադրեցին, տեղադրվեցին նաև առանձին աղբամաններ պլաստմասայե շշերի համար: Ընդհանրապես՝ քաղաքը մաքուր պահելու համար հետաքրքիր միջոցների դիմեցին, ինչպիսին էին դատարկ շշերից պատրաստված հսկայական կենդանիները, որոնք հիմա կենդանաբանական այգում են: «Մոսկվա» կինոթատրոնի բակում պատկերված 3D նկարն էր լավը: Կրկեսի շենքը քանդելը և' լավ էր, և' վատ: Բայց հասկանում եմ, որ փոխարենը ավելի լավ կրկես ենք ունենալու: Երևանում աղմուկն է շատ, ու դա վատ է, հոգնեցնում է: Ուրիշ ինչն է վատ, դժվարանում եմ հիշել, ու հենց դա էլ երևի լավ է:

Հայկ Շամիրյան

22 տարեկան, «Կենտրոն կանաչապատման» աշխատակից 2012-ը կանաչ տարի էր Երևանի համար: Քաղաքապետի շնորհիվ քաղաքում շատացան կանաչը, ծաղիկները, շատրվանները և նստարանները: Ենթադրում ենք, որ 2013-ին քաղաքը շարունակելու է կանաչել, իսկ մեր աշխատավարձերը բարձրանալու են, նոր աշխատատեղեր են ստեղծվելու, այսինքն՝ միջին խավը շատանալու է, թե չէ էս ի՞նչ է՝ կամ հարուստ են, կամ աղքատ, միջին խավ չկա: Միայն էն է վատ, որ մաքուր չենք պահում քաղաքը: Տեսեք, էն ստոլբայի վրա որքան փնթի-մնթի ռեկլամներ ա կպցրած:

Մհեր Էվոյան

33 տարեկան, նկարիչ Շատ ժամանակ չեմ ունեցել մտածելու, թե 2012-ը ինչպիսի տարի էր: Մարդկանց խնդիրները շատ են, մարդիկ դրանից էլ չարացած են, անհավասարություն ա տիրում: Մարդկանց

26 27

Դեկտեմբեր 2012

պրոբլեմներն էնքան շատ են, որ ժամանակ էլ չունեն մտածելու, որ, ասենք, աղբը աղբամանի մեջ թափեն, փողոցը պեշեխոդով ու սվետաֆորով անցնեն. էրէխու ձեռից բռնած փողոցի մեջտեղով անցնում ա՜… Լավն էլ կա, վատն էլ կա Երևանում, Երևանը էմոցիաների քաղաք ա: Լավն էն ա, որ էդքան վատի մեջ մարդիկ հույսը չեն կորցնում, որ լավ ա լինելու: Լավն ա երիտասարդությունը, լավ ա, որ ահագին միջոցառումներ ու ցուցահանդեսներ էղան 2012-ին: Հույս ունեմ, որ 13-ին էլ ա լավ լինելու, բայց մարդիկ պետք ա ուզենան, մի բան անեն, որ լավ լինի: Ճիշտ ա, մեր թունելում դեռ լույս չի երևում, բայց եթե հավատանք հեքիաթին, բարին միշտ հաղթելու ա:

Պավլիկ Գևորգյան

28 տարեկան, վրացահայ Էս մի երկու տարի ա՝ ավելի շատ Երևանում եմ լինում, քան Թբիլիսիում: Երևանը շատ եմ սիրում ու շատ շուտ եմ կարոտում: Շատ եմ սիրում սուպերմարկետները, միշտ ուզում եմ մտնեմ ու ինչ-որ բան առնեմ, դրանք մեծ, լուսավոր ու մաքուր են, իսկ Թբիլիսիում դրանք շատ քիչ են ու ավելի փոքր: Շատ եմ սիրում Կասկադը, Հյուսիսային պողոտան, Օպերան: Ու ընդհանրապես, Երևանում շատ տեղեր կան, որտեղ կարող ես զբոսնել: Հրաշալի թատրոններ կան Երևանում՝ մեկը մյուսից լավ ներկայացումներով: Ու ամենակարևորը, Երևանում մարդիկ շատ բարի են ու շատ ջերմ: Թբիլիսիում փողոցում շատ կհանդիպես հարբած մարդկանց, Երևանում՝ գրեթե ոչ: Այ, տրանսպորտը Երևանում լավը չէ: Այն միշտ լիքն է լինում ու Աստված գիտի՝ ինչ կպատահի հետդ մինչև տեղ հասնես: Էս տարի կարծես թե խոստացան, որ հարցը կլուծեն, չինական ավտոբուսներ բերեցին, բայց ոչ մի դրական շարժ չեմ նկատում: 2013-ին եթե այս խնդիրը այլևս չլինի, տարին կհամարեմ հաջող:


Արմեն Նաբաթյան

39 տարեկան, դեղագետ, սիրիահայ Երևանը մշտապես բուռն մշակութային կյանքով է ապրում, և սա ամենադրական երևույթներից է ինձ համար, եթե ոչ ամենադրականը: Շատ թատրոններ կան մայրաքաղաքում, և բոլորն էլ մշտապես լիքն են հանդիսականներով: Նշանակում է՝ մարդիկ արվեստի նկատմամբ սեր ունեն. ժամանակ ու փող են ծախսում, որ գնան որևէ ներկայացում դիտելու: Վերջերս Երևանում սիրիահայեր շատ կան, և Համազգային թատրոնը նույնիսկ սիրիահայերին անվճար հրավիրում է իր ներկայացումներին: Հարցը գումարը չէ, իհարկե, այլ մոտեցումը: 8 օրում 3 ներկայացում եմ դիտել... Սիրիայում այս մասին չէի էլ կարող երազել: Մշակութային կյանքը Սիրիայում բացակայում է: Իր մշակութային կյանքով Հայաստանը չի զիջում ոչ մի եվրոպական երկրի: Ինձ արտագաղթն է շատ անհանգստացնում, սա ամենաբացասական ու ցավալի երևույթն է ինձ համար: Ասում են՝ 2012-ին ութսուն հազար մարդ է գնացել երկրից, այո՞: Քաղաքականության մեջ չեմ մանրացել, չեմ կարող լավ ու վատ հատկանիշների մասին խոսել, բայց լիահույս եմ, որ 2013 թվականին տնտեսական մակարդակում աճ կարձանագրենք, եթե, իհարկե, քաղաքականությունը թույլ տա: Հայաստանում միայն ֆինանսական դժվարություն կա, ես դա զգացի նաև իմ գործի հետ կապված: Սիրիայում այդ դժվարությունը չկա: Սիրիան ամեն ինչով հարուստ, բայց առանց հեռանկարի երկիր է, իսկ Հայաստանը զարգացող ու լավ հեռանկարով երկիր է: Ես դրանում ավելի քան համոզված եմ:

Տիգրան Պալյան

44 տարեկան, ճարտարապետ 2012 թվականը վատ տարի չէր. ճիշտ է՝ գովելի տարի չէր, բայց դժգոհելու տարի էլ չէր: Այս տարի միշտ զբաղված ենք եղել աշխատանքով: Լավ է, որ ֆինանսական ճգնաժամից հետո նորից սկսվեց շինարարական շարժը: Որպես ճարտարապետ կասեմ, որ շատ լավ էր «Դալմայի»

կառուցումը: Լավ է, որ այն քաղաքի կենտրոնում չէ, որովհետև կենտրոնը շատ է ծանրաբեռնված: Գովելի է, որ բացի առևտրի կենտրոն լինելուց, այն նաև ժամանցի վայր է և ունի մեծ ու հարմար ավտոկայանատեղի: Դրական կառույց եմ համարում նաև մեր օդանավակայանը՝ մեծ, ժամանակակից ոճով, հարմար: Վերջերս Միլանում էի ու, հավատացեք, Միլանի օդանավակայանը մերի հետ ընդհանրապես համեմատելու չէր: Ճարտարապետական տեսակետից Երևանում բացի ոճայինից կա նաև գունային փոփոխություն: Խորհրդային տարիներին շենքերը հիմնականում Արթիկի վարդագույն տուֆից էին կառուցում, հիմա՝ տրավերտին՝ տարբեր մշակումներով, ֆելզիտ, բազալտ: Նախկին ցածրահարկ կառույցները փոխարինվում են բարձրահարկերով, որովհետև հողը շատ թանկ է, և աշխատում են փոքր մակերեսի վրա շատ բնակարաններ կառուցել, որպեսզի ֆինանսական տեսակետից արդյունավետ լինի: Ավելին, որքան բարձր հարկում է նորակառույց շենքի բնակարանը, այնքան թանկ է: Սա բիզնեսի տեսակետից շահավետ է, բայց հոգեբանական տեսակետից ցածրահարկ շենքերն ու կառույցներն ավելի ջերմ են մարդկանց թվում: Լավ է, եթե այդ բարձրահարկը չի խանգարում քաղաքի ընդհանուր տեսքին, այսպես ասած, փշի պես դուրս ցցված չի լինում: Օրինակ՝ Սայաթ-Նովա-Չարենց փողոցների անկյունում 17 հարկանի մի շենք կա: Բայց այդ 17 հարկանին շատ հարմար է, ոչ մի բանի չի խանգարում, դուրս ցցված չէ: Չնայած՝ միշտ չէ, որ այդպես է լինում: Առհասարակ, Երևանի նման քաղաքները, ճարտարապետական տերմինով ասած, պետք է զարգանան արբանյակային թաղամասերով՝ կենտրոնից հեռու բնակեցված վարչական շրջաններով, ինչպիսիք են՝ Վահագնի թաղամասը, Նորքի զանգվածը, ՀԱԹ-ը, Դավթաշենը: Կարծում եմ՝ 2013-ին կշարունակվեն մեծ մասշտաբի շինարարական աշխատանքները: Կարճ ասած՝ շինարարության հոտ է գալիս 2013-ից:

Նստարաններ Ապրիլից Երևանում սկսեցին հայտնվել չուգունից և փայտից պատրաստված նստարաններ: Քաղաքապետարանի պատվերով պատրաստված շուրջ 600 նստարանները տեղադրվեցին քաղաքի գրեթե բոլոր հրապարակներում, գլխավոր պողոտաների վրա ու պուրակներում:


թեմա Կարծիք

28 29

Դեկտեմբեր 2012


թեմա Կարծիք

30 31

Դեկտեմբեր 2012


Արման Տոնոյան

27 տարեկան, ֆուտբոլասեր Լավ էր, որ ֆուտբոլային տարի էր 2012-ը՝ Եվրոպայի առաջնություն եղավ: Վատ էր, որ իմ շատ սիրելի Իտալիայի հավաքականը եզրափակչում պարտվեց Իսպանիային: Եթե ավելի անկեղծ, ոչ թե վատ, այլ իսկական աղետ էր դա ինձ համար: Լավ էր, որ Հայաստանի հավաքականը խաղաց Իտալիայի հետ, վատ էր, որ պարտվեց: Ամեն դեպքում, Հայաստանում ֆուտբոլը սկսել ա զարգանալ: Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստ ունենք, ով կարող է խաղալ ցանկացած եվրոպական գրանդ ակումբում: Այս տարի Երևանի ակումբներից մեկում նոյեմբերի 1-ին նշեցինք «Յուվենթուսի» 115 և այդ թիմի՝ «Սև-սպիտակ բանակ» ֆան-ակումբի 1-ամյակները: Ինձ համար լավ էր, որ բախտ ունեցա տեսնելու «Յուվենթուսի», «Միլանի», «Ռոմայի», «Ինտերի» ֆուտբոլային աստղերին: Որպես «Յուվենթուսի» թունդ երկրպագու դա ինձ համար ուղղակի նվեր էր: Ես հո չէ՞ի կարող տոմս առնել, գնալ Իտալիա՝ Բուֆոնին, Պիռլոյին, Մարկիզիոյին, Կյելինիին ու էլի 4 յուվենթուսցու տեսնելու: Օդանավակայան գնացինք իտալական ֆուտբոլի գերաստղերին տեսնելու, որովհետև հազիվ լավ առիթ էր ստեղծվել, բայց ամբողջ խաղի ընթացքում երկրպագել ենք Հայաստանի հավաքականին, ուրիշ կերպ չէր էլ կարող լինել: Վատ է այն, որ սուտի հայրենասերները իմ ու էլի ինձ նման «Յուվենթուսի» երկրպագուների այս քայլը սխալ մեկնաբանեցին, ճիշտ չհասկացան: Ինչ որ է, վստահ եմ, որ հաջորդ տարի Երևանի փողոցներում տոնելու ենք մերոնց ֆուտբոլային հաղթանակները: Ես էլ ձեռքի հետ նաև սպասում եմ «Յուվենթուսի» հաղթանակին Չեմպիոնների լիգայում:

Արմեն Մարտիրոսյան

41 տարեկան, հրատարակիչ Տնտեսական անկումը շարունակվում էր 2012-ին: 2012-ը ընտրության տարի էր և ընտրությւններին նախորդող տարի էր: Հրատարակչական ոլորտում մի քանի դրական տեղաշարժեր եղան՝ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ պետական գործիչը՝ Արմեն Աշոտյանը, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում 4-րդ դասարանի աշակերտների համար մանկական գիրք կարդաց: Սա նշանակում է՝ հասարակությունը մեսիջ ստացավ, որ գիտելիքը հաջողության հասնելու բանալի է: Բացասական երևույթներից մեկն այն է, որ հաջողության հասնելու ճանապարհը պայմանավորված չէ միայն գիտելիքով և հմտություններով, այլ՝ քավոր, սանիկ, կաշառք, կոռուպցիա: Գրադարանները չեն համալրվում գրքերով, հետևաբար՝ գիրքը մատչելի, հասանելի չի դառնում հասարակությանը: Գրադարաններից օգտվում է հասարակության 2%-ը, իսկ դեղատներից՝ 50%-ը: Այդ պատճառով էլ մեր հրատարակչությունը նաև մայրաքաղաքի դեղատներում է գիրք վաճառում՝ սրանով գիրքը հասանելի դարձնելով ավելի լայն զանգվածներին: Դեղերը ֆիզիկական, իսկ գրքերը՝ մտավոր առողջություն են ապահովում: 2012 թվականին մեր պետությունը մեծ օգնություն ցուցաբերեց հրատարակիչներին, գրողներին, գրականագետներին՝ տարբեր երկրներում գրքին նվիրված ցուցահանդեսների հարցում: Բացի այդ, Հայաստան եկան տարբեր երկրներից մասնագետներ և իրենց վարպետության դասերով ավելացրեցին գրքի բնագավառի մեր պատկերացումները: Դրական տեղաշարժ կա նաև էլեկտրոնային գրականության ոլորտում:

Իրինա Մերդինյան

29 տարեկան, դիզայներ Այս տարին նորությունների ու փոփոխությունների տարի էր: Այն շրջադարձային էր անձնական ու մասնագիտական ոլորտներում, սակայն այդ շրջադարձները, ցավոք, մայրաքաղաքիս հետ ոչ մի առնչություն չունեցան: Այս տարի շատ եմ կարդացել: Երևանի՝ որպես գրքի մայրաքաղաք հռչակումն ամենևին կապ չուներ կարդացածս գրքերի քանակի ու բովանդակության հետ: Պարզապես բնակությանս վայրն եմ փոխել ու քաղաքային տրանսպորտում այժմ շատ ավելի երկար ժամանակ եմ անցկացնում: Եթե հնարավորություն եմ ունենում նստած երթևեկելու, տնից մինչև գրասենյակ

անպայման կարդում եմ: Շատ եմ ափսոսում, որ որպես գրքի մայրաքաղաք Երևանը, ըստ իս, փայլեց միայն մեկ օր: Իսկ ո՞ւր մնացին տարվա մյուս 364 օրերը: Գրքերի մի քանի շնորհանդեսները, որոշ գրախանութներում խոհարարական ու մանկական գրքերի իջեցված գները ամենևին այն չէր, ինչ ակնկալում էի գրքի մայրաքաղաքից: Անշուշտ, շենքերի ու ավտոբուսների վրայի պաստառները մոտավորապես ակնարկում էին այն բանի մասին, որ մեր կառավարությունը տեղյակ է, որ Բուենոս-Այրեսից հետո մեզ է փոխանցվել այդ պատվաբեր էստաֆետը: Հուսամ, որ պաստառները ունեցան իրենց առաքելությունն ու ծանոթացրեցին երևանցուն Հեմինգուեյի, Ախմատովայի և ուրիշ հանճարների հետ, բայց սպասելիքս այլ էր: Կարծում եմ՝ ավելորդ չէին լինի գրադարանների թարմացումը ու կառուցումը, հատկապես մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերում: Տարին հիշարժան էր նաև ճարտարապետական այլ արվեստանոցների հետ մասնագիտական շփումով, որի հետ համագործակցումն ինձ համար հեռանկարներ է ուրվագծում արտերկրում: Միշտ խորշել եմ այլ երկրում այլ երկրի համար աշխատելու մտքից: Սակայն հիմա եմ հասկանում, որ հայրենիքումս լուրջ ձեռքբերումներ չեմ կարող ունենալ: Ստիպված կլինեմ հարմարվել այսօրվա իրականության պահանջներին, իսկ վերջին տարիների իրադարձությունները ճարտարապետական ու շինարարական բնագավառում ցույց տվեցին, թե որքան է փոխվել և դեգրադացվել գեղեցիկի ու համաչափության, մասշտաբի ու ճարտարապետական միջավայրի պատկերացումը: Չեմ ցանկանա, որ մի օր էլ ինձ համար օրինաչափ դառնա այսօրվա երևանյան ճարտարապետական էսթետիկան: Բայց վստահ եմ, որ վերադառնալու եմ այն հույսով, որ ստացածս գիտելիքներն ու փորձը կօգտագործեմ ու կփորձեմ օգտակար լինել իմ քաղաքին:

Լենա

83 տարեկան, թափառաշրջիկ Հաց շատ կար մագազիններում, վայնա չեղավ մեր ռեսպուբլիկայում, ուրեմն լավ տարի էր 2012-ը: Ի՞նչ անենք, որ հացի գինը թանկ էր: Բա էն վախտ, որ վայնա էր, հաց չկար մագազիններում, մեծերին 250 գրամ հաց էին տալիս, փոքրերին՝ 150 գրամ: Ես էս ծառի տակին եմ ապրում, մատաղ քեզ, հիմա ցուրտ ա, դրա համար մի ռուս կա՝ գնում եմ իրա տունն եմ քնում: Շատ լավ ռուս ա: Դե մենք հենց նեղն ենք լինում, ռուսի պոչն ենք բռնում, չէ՞: Ես ել հիմա նեղն եմ, ցուրտ ա, ռուսի տունն եմ քնում: Ռուսը ուժեղ ա, մեծ ա, ու շատ ա պետք մեզ: Եթե մագազիններից հացը չպակասի ու վայնա չլինի, ուրեմն 2013-ը լավ տարի կլինի: Չնայած՝ մենք շա՜տ ուժեղ բանակ ունեք, շա՜տ-շա՜տ ուժեղ: Նե դայ բոգ իրանց ուժը պետք գա, բայց իմացած լինես՝ մեր բանակը շատ ուժեղ ա:

Սոնա Խաչատրյան

30 տարեկան, լրագրող Լույսի արագությամբ անցած տարի էր 2012-ը: Որպես լրագրող, Երևանում ինչքան ծակ ու ծուկ կար՝ եղա. գետնանցումներից մինչև բարձրահարկերի տանիքները: Բոլոր տեղերից էլ լավն էր Երևանս: Այս տարի ես ինձ մի քիչ ավելի շատ մայրաքաղաքացի զգացի… Երևանը միայն կինոթատրոնն ու սրճարանը չեն: Երևանը նաև լուսաֆորներն են, խցանումները, աղմուկը, ռիթմը… Հա, ի դեպ, ես համբուրում եմ բոլոր նրանց, ովքեր նկարազարդեցին շենքերի դալանները: Մտնում ես դալան, հո՜պ, մի 20-30 քայլ ժամանակահատվածով կտրվում ես իրականությունից՝ օդում, ջրում, անտառում ես հայտնվում: Ապրեն նաև QR կոդերը մտածողները: Ստեղնաշարի 1-2 հպում ու հսկայական ինֆորմացիան դեսկթոփից ուղիղ աչքերիդ առաջ է հայտնվում: Մի քանի տարի առաջ կերազեի լուսաֆորի լուսային հրահանգներին ենթարկվող քաղաքացիներ տեսնել Երևանում: Իսկ այսօր նույնիսկ կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի տարածքում, մի մեծ, ծեր, սպիտակ շուն կա, որին արդեն 2 տարի է, չեմ տեսել՝ փողոցն անցնի արգելված տեղից կամ կարմիր լույսի տակ: Բրավո, եթե նույնիսկ քաղաքի շներն են անցնում զեբրայով ու կանաչ լույսով: Կարևորը, գալիք տարի չլինի պատերազմ, միայն հրավառության կրակոցներ լինեն 13-ին, իսկ խցանումները, տաքսու վարորդների մանր չունենալը ախր շա՜տ մանր բաներ են մանրանալու համար:

Ծխող կինը Հոկտեմբերին Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղադրվեց կոլումբիացի քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքներից մեկը՝ «Ծխող կինը»: Ի տարբերություն Երևան ժամանած Բոտերոյի նախորդ աշխատանքների, այն արժանացավ երևանցիներից շատերի սուր քննադատությանը՝ մերկ կին, այն էլ ծխող, այն էլ քաղաքի կենտրոնում:


թեմա Կարծիք

Լորիս Վարդումյան

75 տարեկան, թոշակառու Լավ տարի էր ինձ համար: Ամենալավը եղանակն էր: Նոյեմբեր ամիսն ա, բայց դեռ չոր ա, անձրև ու ցուրտ չկա, ոնց որ գարուն լինի: Մինչև հիմա էլ թոշակառուներով գնում ենք Մանկական երկաթուղու չռչռիկը լողանալու: Էս տարի ես ծոռ ունեցա՝ տղա ծոռ: Այսինքն՝ էս երկրի համար ևս մի զինվոր ծնվեց: Սրանից լավ բա՞ն: Էս տարի ես 280 հազար դրամ շահեցի լատարեով: Լավ ա, չէ՞: Մենակ մի դեպք եմ հիշում 2012-ին, որից շատ նեղվել էի: Դեպուտատներից մեկը՝ անունը չեմ էլ հիշում, ելույթի ժամանակ ասեց՝ դե էս ծերերը մեր վզին են նստած… Բա դա ասելու բա՞ն ա: 2013-ը ընտրության տարի է, դրա համար էլ խժդժություններ ոնց էլ լինի կլինեն: Բայց կուզեմ, որ խաղաղ տարի լինի, պատերազմ չլինի, մեր երկիրն ու բանակը խաղաղություն ապրի 2013-ին, որովհետև աշխարհում խաղաղությունից լավ բան չկա:

Արա Պետրոսյան

30 տարեկան, հնագետ Երևանի համար հերթական ծանր տարին մոտեցավ ավարտին ու, եթե ամփոփենք, կստացվի բավական տխուր մի պատկեր: Երևանի ջախջախված քարտեզից անհետացան մի քանի առանցքային կառույցներ՝ նկատի ունեմ քաղաքային մթնոլորտի ու տրամադրության հետ առնչվող: Բարբարոսաբար պայթեցրին կրկեսը, խոստանալով տեղում նորը կառուցել: Միգուցե ճիշտ են, բայց կարծես շատերի մանկությունից մի սիրուն ու կարևոր կտոր պայթեցվեց: Հետո քանդեցին հեծանվահրապարակը: Չնայած քանդելուց առաջ հասցրին կառուցել նորը՝ քաղաքի տարածքում, բայց փաստացի՝ քաղաքից բավական հեռու: Մեջտեղից կիսեցին ու փաստացի ապամոնտաժեցին Երևանի խորհրդանիշներից մեկը՝ Փակ շուկան: Նույնիսկ քաղաքի գլխավոր ճարտարապետը չգիտի դրա ճակատագիրը կամ գիտի, բայց չի ասում: Իհարկե, ամենատպավորիչ իրադարձություններից էր այն, որ Մարգարյան ծննդատան դիմացի պուրակում «ահագնացող կապիտալիզմը» փորձեց զավթել ծառերն ու առևտրի

32 33

Դեկտեմբեր 2012

գոտի դարձնել այն: Եղան կարկառուն «երևանցիներ», ովքեր բազմաձայն երգչախմբի պես երգեցին, թե դա այգի չէր, աղբանոց էր: Այս քայլով նրանք արջի ծառայություն մատուցեցին քաղաքապետարանին՝ փաստելով նրա կանաչապատման բաժնի որոշակի իմպոտենտությունը: Սակայն եղան նաև երևանցիներ ու ոչ այնքան, ովքեր բառի բուն իմաստով կռիվ տվեցին մասնավոր շահի դեմ՝ պաշտպանելով հանրայինը: Ձմեռեցին այգում, ծառերի հետ: Մասնավոր շահի անխոնջ պաշտպանները, ի դեմս ոստիկանության, քաղաքապետի ու ինչ-որ անհայտ մութ ուժերի, տեղի տվեցին միայն գերագույն գլխավոր հրամանատարի՝ կրպակների էսթետիկական տեսքի մասին արտահայտած հայտնի բառակապակցությունից հետո. «Տարոն ջա՛ն, սիրուն չի՛»: Իսկ վերջերս նույն պուրակում, որն արդեն ի հեճուկս շատ «երևանցիների», իսկական այգի դարձրին, նկարեցին մի հուզիչ հոլովակ, թե ինչպես քաղաքապետը «փրկեց» ու մեզ հանձնեց այս այգին: Wi-fi անվճար կապն էլ մեզ նվեր: Ինչևէ, քաղաքն ապրում է, զարգանում: Հին Երևանից համարյա բան չի մնացել: Ապրում եմ Երևանում արդեն երեք տասնամյակ, բայց մի տեսակ էս վերջին տարիներն ուզում եմ հաշվիցս հանել:

Եղիա Ներսիսյան

33 տարեկան, բնապահպան ակտիվիստ Տարին սկսվեց Մաշտոցի այգուց: 90 օր փոքրից մեծ պայքարեցին, վերջում շոու դարձրին, որ քաղաքապետի շնորհիվ այգին փրկվեց: Այս տարի, ինչպես նախորդներին, մենք էլի ծառեր կորցրինք: Հետաքրքիր է այն, որ մեր ժողովրդի աչքերին թոզ են փչում. կտրում են ծառերն ու տեղը ծաղիկներ ցանում, այսինքն՝ խլում ենք թթվածինը, փոխարենը ինչ-որ ձևավոր, կանաչ կենդանիներ դնում, որոնք վախենալու են, անհոգի: Իսկ մնացած ծառերը լավ վիճակում չեն, բոլորի տերևները վնասված են: 2012-ի պատկերը հետևյալն է՝ մտեք, տեսեք ինչ է կատարվում բակերում. ծառերը կտրում են, իսկ մայր ճանապարհների վրա մի քանի ծառ թողնում, որ քաղաքը կանաչ երևա:


Քաղաքացիական զարթոնքի առումով տարին կգնահատեմ լավ, հատկապես՝ երիտասարդների շրջանում: Միավորող գաղափարը, թվում է՝ կանաչն էր, բայց հիմքը իրականում քաղաքացիական գիտակցությունն էր, հանրայինի գաղափարը: Անցնող տարին վստահ հաղթանակի տարի էր երիտասարդների համար և ակտիվ երիտասարդների թիվը հաստատ շատացավ: Անցնող տարում ինձ համար ամենավատն ու տխուրը Փակ շուկայի կորուստն էր: Այն այլևս երբեք չի վերականգնվի ու չի ունենա իր նախկին ճարտարապետական ու մշակութային տեսքը: Նույն ճակատագիրն ունի նաև Աֆրիկյանների շենքը: Երևանն օրեցօր ավերվում է, բայց այս ամենին զուգահեռ 2012-ում փայլում է Մաշտոցի այգին: Էական է ոչ թե այն, որ այգին հիմա գեղեցիկ է, այնտեղ զբոսնում են, այլ այն, որ այգին կապեց հին ու նոր սերունդը հանուն իրենց Երևանի:

Հայկ Բիանջյան

35 տարեկան, լուսանկարիչ-վավերագիր 2012-ն ինձ համար աշխույժ ու տխուր տարի էր: Այս տարին 2005-ին էր նման, երբ ինտենսիվ կերպով Բուզանդի փողոցում էին շենքեր քանդում, ու ես չէի հասցնում նկարել: 2012-ին քանդվող շենքերի հերթը հասավ իմ մանկության շենքերին, այսինքն՝ այն շենքերին, որոնց հետ ես անձամբ հիշողություններ ունեմ, որտեղ իմ մանկությունն ու երիտասարդությունն են անցել: Բոլորի համար սիրելի շուկան, կրկեսը, Երիտասարդական պալատի վերջին կտորները: Աֆրիկյանների շենքը իհարկե, որն ամեն դեպքում որոշեցին քանդել: Սկսել եմ մտածել, որ սա պատահական չէ՝ փոխելով միջավայրը փորձում են փոխել երևանցուն: Նոր սերունդը, ոչ ամբողջն իհարկե, բայց մեծ մասը, հեռու են Երևանից, չգիտեն որտեղով են քայլում: Հին երևանցի հասկացությունը գնալով մահանում է, էլ չկա: 2012-ի լավը Մաշտոցի այգին էր, վերջաբանը շոու սարքեցին, բայց կարևոր է այն, որ այսօր այնտեղ մարդիկ զբոսնում են: Այդպես մի օր մի պատմական շենք կփրկենք

ու այնտեղ կհավաքվենք հետաքրքիր միջոցառում անելու: Ավաղ, Երևանի հին շենքերը զոհվում են շատ արագ, մեկը մյուսի հետևից: Երևի թե աշխարհի ոչ մի հին քաղաք նման արագությամբ չի փոխվել ու չի փոխվում, ինչպես Երևանը: Էլ չկա հին Երևանը, երբ Աբովյան փողոցով քայլելիս տեսնում էիր Մհեր Մկրտչյանին, Շիրազին, Վահրամ Փափազյանին: Հիմա Հյուսիսային պողոտայով քայլելիս ու՞մ պիտի տեսնես: Քիչ երևանցիներ դեռ կան քաղաքում, բայց նրանք այսօր չեն երևում, նրանք այսօր այս քաղաքից օտարվել են: Երբեմն, երբ քաղաքում շրջում եմ, ինձ օտար եմ զգում: Եվ վախենում եմ, որ հաջորդ տարի այդ տեսանկյունից ոչ մի բան Երևանի կյանքում դեպի լավը չի փոխվի:

Միքայել Զոլյան

32 տարեկան, պատմաբան Էս վերջին տարվա մեջ ես մի բան հասկացա, ու անպայման ուզում եմ հասցնել միտքս բոլոր նրանց, ովքեր ինչ-որ որոշումներ են կայացնում քաղաքի ապագայի վերաբերյալ: Հարգելի իշխանավորներ, քաղաքապետներ և փոխքաղաքապետներ, վարչության պետեր և պետերի տեղակալներ, գլխավոր և ոչ էնքան գլխավոր ճարտարապետներ, մի բան խնդրեմ ձեզ: Երևանի կենտրոնը հանգիստ թողեք: Երևանի կենտրոնը ոնց որ հիմա կա, լրիվ նորմալ ա: Լուրջ: Պարզ ա, ասենք՝ Լոնդոնի Սիթիի հետ չի համեմատվի, բայց նորմալ արևելաեվրոպական քաղաքի կենտրոն ա: Իհարկե, երբ ասենք Կասկադից նայում ես ու տեսնում ես հորիզոնը, զգում ես, որ ահավոր տգեղ ա, ու որ վերջին տասնամյակների ընթացքում Երևանի կենտրոնի գլխին սարքել են՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով: Բայց երբ քայլում ես, օրինակ, Տերյանով կամ նստած ես Աբովյան փողոցի սրճարաններից մեկում կամ զբոսնում ես Սիրահարների այգում, շատ էլ նորմալ ու հաճելի ա, նույնիսկ այսպես ասած՝ «եվրոյի մեջ» ա: Էնպես որ, եթե դուք ունեք հանճարեղ ճարտարապետական կամ բիզնես նախագծեր, խնդրեմ,

Սթրիթ արտ Ապրիլից Բի Բի Մեդիա կրեատիվ գովազդի կազմակերպությունը իրականացրեց «Գրաffiti» արտ նախագիծը, որի շնորհիվ մայրաքաղաքի տարբեր ծայրերում կարելի է հանդիպել մի շարք մեծանուն գրողների դիմանկարգրաֆիտիները: Որոշ ժամանակ անց «Մանե Թայլս» ընկերության գործադիր տնօրենի առաջարկով երեխաների հորինած կերպարները խճանկարի տեսքով զարդարեցին տիկնիկայինը: Ավելացան նաև Երևանի նկարազարդ կամարները: Ազնավուրի հրապարակում բացվեց առաջին եռաչափ պատկերը՝ «Անդուն��ը», որը նկարելու համար Գերմանիայից հրավիրվել էր նկարիչ Նիկոլայ Արնդտը:


թեմա Կարծիք

34 35

Դեկտեմբեր 2012


Երևանի կենտրոնից դուրս ահագին տարածք կա, էնտեղ իրականացրեք ձեր նախագծերը, հա՛մ կենտրոնն էլ չի տուժի, հա՛մ էլ ակտիվիստները ձեր ներվերը չեն ուտի: Թե չէ էսպես չի լինի, ո՛չ մեր նյարդերն եք խնայում, ո՛չ էլ ձեր նյարդերը: Մեկ Մաշտոցի այգի բուտիկներ են տեղափոխվում, մի երկու ամիս բոլորի ներվերը քայքայվում են` առաջադեմ երիտասարդությունից սկսած ավագանիի անդամներով վերջացրած, էլ չասած ոստիկանության՝ առանց այդ էլ հյուծված նյարդային համակարգի մասին: Հետո Փակ շուկան ա քանդվում, իրենք քանդողներն էլ չեն հասկանում, թե ինչպես քանդվեց: Հետո Արտաքին գործերի նախարարության շենքն ա վաճառվում, ինչը, գուցե և սկզբունքորեն ընդունելի կլիներ, եթե բաց և թափանցիկ կատարվեր, բայց էնպես ա արվում, որ ոչ ոք չի հասկանում՝ ինչի վաճառվեց, ում վաճառվեց, ինչի հենց էդ պայմաններով վաճառվեց և այլն… Գոնե մանր բաներ արեք, էդ դեպքում, եթե հաջող ստացվի, մարդիկ մերսի կասեն, ոնց որ եղավ նստարանների դեպքում՝ չհաշված, իհարկե, անճաշակ ոսկեջրած պահերը: Եթե չստացվի էլ, ընդամենը ձեռ կառնեն ու կանցնեն առաջ, ինչպես եղավ անհասկանալի կանաչ գազանիկների դեպքում: Իսկ եթե ուզում եք մեգա-սուպեր-պրոյեկտ իրականացնեք, խնդրեմ, գնացեք կենտրոնից դուրս: Ա՛յ, օրինակ Դալմա Գարդեն Մոլը. չեմ կարծում, որ ճարտարապետության գլուխգործոց ա, բայց դե գոնե կենտրոնից հեռու ա, ու այն կառուցելու համար ոչ Շուկան պետք եղավ քանդել, ոչ ԱԳՆ վաճառել, ոչ էլ Աֆրիկյանների տան քարերը համարակալել: Էնպես որ՝ հաջորդ տարին պլանավորելիս՝ մտածեք իմ առաջարկի մասին, հանգիստ թողեք կենտրոնը, կզգաք, որ իրականում բոլորիս ձեռնտու է:

Սուրեն Մանվելյան

36 տարեկան, լուսանկարիչ Լավ բաներ Երևանում վերջին տարվա ընթացքում շատ են եղել, օրինակ՝ համեղ հացերի խանութ է բացվել կամ, ասենք՝ հետաքրքիր սրճարան Ամիրյանի վրա: Քաղաքում շատացած փոքրիկ, բայց գեղեցիկ արձաններն են ինձ դուր գալիս: Չնայած ոչ բոլոր արձանների տեղերի հետ եմ համաձայն. օրինակ՝ դնել Ռոդենին այդ մեծ հրապարակում, ծիծաղելի էր, քանի որ արձանը շատ փոքր է: Հաճելի է նաև, որ տարին բարեփոխումներ բերեց քաղաքային ոստիկանության շարքեր. փողոցներով սկսեցին շրջել գեղեցիկ, կոկիկ, բարետես արտաքինով ոստիկաններ: Դե իսկ վատ բաները քաղաքում, ինչպես միշտ, նույնն են՝ կաշառակերություն, ասֆալտը լավ չեն փռել, լուսակիրը փչացավ: Անձամբ ինձ համար տարին հարսանեկան էր, այս տարի ավելի շատ եմ հարսանիք նկարել, քան ողջ կարյերայիս ընթացքում: Ի դեպ, վերջերս մի հարսանիք էի նկարում, որը հենց այն բակում էր, որտեղ անցել է մանկությունս: Դա տարվա լավագույն պահերից էր ինձ համար՝ ողջ մանկությունս անցավ աչքիս առջևով: Կրկին սիրահարվեցի մեր բակին, հասկացա, որ դա քաղաքի լավագույն բակն է, ու ես երջանիկ եմ եղել, որ հենց այդ բակում եմ մեծացել: Փոքր ժամանակ այն սովորական էր թվում, բայց երբ վերադարձա, հասկացա, որ այն հիանալի բակ է՝ շատ մեծ ու հին սոսիներով, ֆուտբոլի դաշտով, խաղահրապարակով: Իմ ամենահետաքրքիր վերապրումն այն էր, որ հիմա այդ բակն ինձ համար շատ փոքր է, իսկ փոքր հասակում այն շատ մեծ էր: Հոյակապ է, որ 2012-ին Երևանում դեռ կա բակ, որտեղ սոսիները չեն կտրել, ավտոտնակներ չեն կառուցել, ու երեխաները ֆուտբոլի դաշտում ֆուտբոլ են խաղում, ինչպես մենք փոքր հասակում: Ավաղ, այն բակում, որտեղ ես հիմա եմ ապրում, ոչինչ չկա՝ միայն ավտոտնակներ, ես չեմ կարող իմ երեխային բակ ուղարկել: Ընդհանուր առմամբ, Երևանին դրական աչքերով եմ փորձում նայել, իհարկե, երբեմն չի ստացվում, ասենք՝ երբ տեսնում եմ, որ Կասկադի կողքի շենքի կտուրին ինչ-որ մեկը մանսարդ է կառուցում: Լավ կլինի, որ հաջորդ տարի նման բաներ չլինեն:

Արմենուհի Գևորգյան

տուրիստական գործակալ, 52 տարեկան Աշխատանքային առումով շատ հաջող տարի էր: Հայաստանից մարդիկ շատ էին մեկնում ճամփորդության՝ հիմնականում Ստամբուլ կամ Հունաստան: Իհարկե, ողջունելի է, երբ որպես տուրիստ են Հայաստանից մեկնում, իսկ երբ սոցիալական ծանր վիճակի պատճառով են գաղթում հանրապետությունից, սա արդեն մտածել է տալիս: Ինձ, որպես տուրիստական գործակալի, շատ հաճելի է մարդկանց ճանապարհել՝ վերադարձին դիմավորելու պայմանով, իսկ երբ անվերադարձ են գնում այստեղից, շատ եմ ցավում: Շատ կուզենայի, որ 2013 թվականին Հայաստանում շատ աշխատատեղեր ստեղծվեին, որպեսզի ոչ մեկը չգնար երկրից աշխատանք չունենալու պատճառով:

Էրիկ Մամիկոնյան

33 տարեկան, բարմեն Արդեն օրինաչափություն է դարձել՝ տարվա սկիզբը՝ աշխատանքային առումով, պասիվ է, քնած: Պատճառը ակնհայտ է՝ հաճախորդների մեծամասնությունը կամ քաղաքում չէ, կամ էլ վաղուց փողերը վատնել է ամանորյա տոնակատարությունները ճոխ կազմակերպելու համար: 2011 թվականի հետ համեմատ, այս տարի՝ թե ամռանն ու թե այս սեզոնին, հաճախորդների քանակը երևանյան ակումբներում կտրուկ նվազել է, ինչը պայմանավորված է մարդկանց՝ երկրից հեռանալու հետ: Բազմաթիվ մշտական հաճախորդներ ունեի, որոնք արդեն երկրում չեն: Շփումը նրանց հետ մինչ այժմ էլ շարունակվում է, նրանք էլ չեն վերադառնա: Անձամբ ինձ համար, որպես այս գործի իսկական սիրահար ու նվիրյալ, կարևոր իրադարձություն եմ համարում Չինաստանում բարմենների միջազգային առաջնությունում մեր տղաներից չորսի հաջողությունը՝ չորս մրցանակային տեղ ունեցանք: 2012 թվականին խմիչքի կուլտուրան այդպես էլ չզարգացավ Հայաստանում՝ երիտասարդությունը անգրագետ ու անկիրթ է այս հարցում: Այս ոլորտում երկար փորձ ունենալու և բազմաթիվ դիտարկումներ անելու արդյունքում կարող եմ վստահորեն արձանագրել հետևյալ փաստը՝ երիտասարդները անգրագետ են հենց իրենց առողջության, կյանքի նկատմամբ: Մի համատարած արտահայտություն կա՝ «Մի բան տուր՝ ցխվեմ»: Նայում ես նման հաճախորդի դեմքին, ով չի էլ ուզում լսել քո մասնագիտական խորհուրդը, ուզում ես պարզապես թաքնվել բարի հետևում: Բայց իրականում հաճախորդը պետք է իմպուլս հաղորդի քեզ: Այս տարի կրկին թանկացան երկիր ներմուծվող ապրանքները, դա էլ իր հերթին անդրադարձավ ակումբների, սրճարանների գնացուցակի վրա: Արդյունքում, ինչպես արդեն նշեցի, հաճախորդի քանակը պակասեց: Ուզում եմ անկեղծանալ՝ ընկերներիս՝ երկրից հեռանալը դատարկ փոսեր առաջացրեց ներսումս ու ավելի ընդգծեց իրականությունը: Մեր՝ մշտապես մշակույթների կենտրոն հանդիսացող քաղաքում, կտրուկ շատացել են անկիրթ մարդիկ: Երկու երեխա ունեմ ու անդադար մտածում եմ՝ ի՞նչ է լինելու իմ երեխաների ապագան այստեղ: Համատարած անգործություն, որն ավելի է շատացել անցած տարվա համեմատ: Միջին և փոքր բիզնեսի համար պայմաններ գոյություն չունեն: Փորձում ես մի բան ստեղծել, բայց խոչընդոտներն այնքան շատ են, որ սովորական խելոք մարդկանց համար անհնար է դառնում առաջ գնալ: Մի խոսքով, որպես բարմեն և սովորական քաղաքացի՝ ինձ համար 2012-ին լուսավորը քիչ է եղել, բայց դեռ հույս ունեմ, որ Ձմեռ պապիկը գոնե մի քիչ բարի կգտնվի 2013-ին ու կօգնի իմ սիրելի Երևանին: Էլ չեմ ուզում, որ Երևանից նույնիսկ մի ընտանիք հեռանա:

Աղավնի Վարդանյան

63 տարեկան, հացթուխ 2012 թիվը ինձ համար այնքան էլ լավ տարի չէր, որովհետև Փակ շուկայի քանդվելու պատճառով ես կորցրեցի աշխատանքս: Անաշխատանք մնալուց ավելի շատ սիրտս

Կանաչապատ կենդանիներ Մայրաքաղաքում հայտնվեցին մեծ ու կանաչ թիթեռներ, գորտ, սիրամարգ, արջուկ, թռչուններ ու կոկորդիլոս: Այս կանաչ ֆիգուրները ստեղծվել են «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ առաջարկով, որն ընդունվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից: Դրանց պատրաստման համար օգտագործել են արհեստական խոտածածկ, պենոպլաստ, ստվարաթուղթ և այլն:


թեմա Կարծիք

36 37

Դեկտեմբեր 2012


թեմա Կարծիք

ցավում է շուկայի համար: Էդ սիրուն, մեծ, երևանյան շուկան, որ բոլորը գիտեին ու բոլորն էին սիրում, ո՞նց կարելի էր քանդել: Ես չգիտեմ, կառուցվելուց հետո շուկան ինչի կնմանվի, բայց հաստատ գիտեմ, որ առաջվանը չի լինի: Կանայք ու աղջիկները սկսել են շատ ավելի բաց ու ազատ հագնվել, դա ինձ դուր չի գալիս: Սանձարձակ մարդիկ կան քաղաքում, ովքեր չգիտես ինչու կոտրեցին նոր արձանները: Բա կարելի՞ է: Մարդիկ չարչարվել, մեր մեծերի արձաններն են կառուցել, իսկ մեզանից ոմանք կոտրում են: Շատ են դուրս գալիս մայրաքաղաքի կանգառները՝ փակ, հարմար, երթուղու ցուցակներով: Աֆրիկյանների ակումբ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբն ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Սակայն կառավարության որոշմամբ հուշարձան շենքը պետք է ապամոնտաժվի և տեղափոխվի: Մի խումբ ճարտարապետների, արվեստագետների ու պարզապես քաղաքի ճակատագրով մտահոգված մարդկանց ջանքերով ու մասնակցությամբ Ֆեյսբուքում խումբ ստեղծվեց՝ ի պաշտպանություն հին շենքի: Սակայն այս տարի ակումբի քարերը համարակալվեցին՝ սպասվում է ապամոնտաժումը:

38 39

Դեկտեմբեր 2012

Միքայել Դանիելյան

33 տարեկան, նկարիչ-մոդելավորող Ձեռքբերումների տարի էր 2012 թվականը, քանի որ մեր «Հարմոնի» բրենդը մասնակցեց եվրոպական 2 շատ մեծ ցուցադրումների Բարսելոնայում և Փարիզում: Բացի այդ, այս տարի «Հարմոնին» Երևանում ունեցավ 2 ցուցադրություն, որը ոգեշնչեց նաև մյուս հայ դիզայներներին ներկայանալ իրենց հավաքածուներով: Նորաձևությունը երբեք չի լինում մեկ տարվա համար: Դիզայներները երբ նոր մտահղացումներ են տալիս, դա լինում է առաջին տարվա համար, երկրորդ տարում այն ավելի ընդգծված է զարգանում, իսկ երրորդ տարում կամաց-կամաց դուրս է գալիս, որովհետև դիզայներները հասկացան, որ ֆինանսական ճգնաժամերի պայմաններում ոչ բոլորը կարող են ամեն տարի թարմացնել իրենց զգեստապահարանները: Դրա համար էլ 2012-ի տենդենցները 2013 թվականին դեռևս կպահպանվեն: Բացի այդ, նորաձևության վրա ազդում են ոչ միայն դիզայներների մտահղացումները, այլ նաև այն ամենը, ինչը կատարվում է աշխարհում: Քանի որ այս տարի շատ էին շրջանառվում աշխարհի վերջի մասին խոսակցությունները,

ուստի շատ դիզայներներ իրենց գարնանային հավաքածուների մեջ օգտագործում էին վառ երանգներ, քանի որ կարծում էին, որ վառ երանգներով կարելի է բարձրացնել մարդկանց տրամադրությունը: Եվ բարձր տրամադրությամբ մարդիկ հեշտ կհաղթահարեն աշխարհի վերջի մասին տհաճ խոսակցությունները: Անցնող և եկող տարում շատ արդիական կմնա military ոճը՝ դարձյալ աշխարհում տիրող իրավիճակից ելնելով. այն է՝ շատերը համարում են, որ արդեն սկսվել է 3-րդ համաշխարհային պատերազմը: 2012-2013թթ. շատ ակտուալ է փայլը և՛ կանացի, և՛ տղամարդու հագուստի համար: Շպարի դեպքում նորաձև է smoky eyes-ը, որը մեր հայ կանայք և աղջիկները շատ են օգտագործում՝ սև ստվերափոշի և մեծ քանակությամբ փայլ: Իսկ սանրվածքները շատ տարբեր են: Ընդհանրապես՝ մինչև 1900-ականները նորաձևությունը զարգանում էր տասնամյակներով՝ 70-ականների, 80-ականների նորաձևություն և այլն: Հիմա նորաձևությունը ամեն անգամ թելադրում է տարբեր բաներ և շատ արագ է փոփոխվում: Դա նշանակում է՝ մարդիկ նորաձևությունից կարող են քաղել այն, ինչը իրենց համապատասխանում է: Նորաձև լինելու համար ոչ թե պետք է բոլոր միտումները վերցնել, այլ այն ամենը, ինչը համապատասխանում է քեզ: Եթե որևէ նորաձև համարվող գույնի զգեստը քեզ չի սազում, կարող ես այդ գույնի կոշիկ կամ աքսեսուար կրել: Հայ իրականության մեջ նորաձևության բնագավառում դրական եմ համարում այն, որ մենք փոխվում ենք: Նախկինում լրագրողները միշտ մեզ հարցնում էին՝ ինչո՞ւ է մեր ազգը սև հագնվում: Հիմա արդեն լրագրողներից այդ հարցը չենք լսում: Սա արդեն ողջունելի է: Երիտասարդներին խորհուրդ կտամ փորձեն իրենց տարբեր ոճերում, որպեսզի կարողանան գտնել իրենցը՝ իհարկե, հավատարիմ մնալով սեփական եսին:


Մարիամ Էդիլյան

61 տարեկան, էջադրող 2012 թվականին ես թոռնիկ ունեցա ու տատիկ դարձա: Սա ամենալավ բանն էր ինձ համար: Դրանից ավելի քաղցր բան չկա: Տարին լավ էր, որովհետև կարողացա նաև մեկնել Հոնգ Կոնգ ճամփորդության: Չնայած Հոնգ Կոնգում ինձ համար Երևանը շա՜տ էր պակասում, բայց այնուամենայնիվ, կային բաներ, որ կուզենայի Երևանում էլ տեսնել: Օրինակ՝ Հոնգ Կոնգում նեղ ու միակողմանի փողոցներ էին հիմնականում, բայց ոչ մի անգամ խցանումներ չտեսա: Իսկ մեր մայրաքաղաքում երթևեկությունը շատ վատն է: Երևանում սիրում եմ լինել այն վայրերում, որտեղ կանաչը շատ է. Կասկադն իմ ամենասիրելի տեղն է՝ կանաչապատ, ժամանակակից լուծումներով, խնամված: Շատ եմ սիրում նաև Կարապի լճի դաշնամուրները, որոնք վերջերս տեղադրեցին: Այնքան հաճելի է, երբ տեսնում եմ՝ ինչպես են անցորդները մեկ էլ կանգ առնում ու հենց այդպես, փողոցում դաշնամուր նվագում: Եվ ընդհանրապես, այս տարի մայրաքաղաքի կանաչապատումը ուղղակի մարդու հոգի է լցնում: Չգիտեմ, որքանով է հնարավոր, բայց կցանկանայի հաջորդ տարի ավելի շատ ժպտացող դեմքեր տեսնել փողոցներում, իսկ դրա համար պետք է, որ մարդկանց հոգսը պակասի, ու աշխատավարձերը բարձրանան: Մեկ էլ լավ կլիներ սև հագուստով երիտասարդներ քիչ հանդիպեն փողոցներում:

Արմեն Գալյան

31 տարեկան, ոճաբան Անցնող տարին, որքան էլ զարմանալի հնչի, լավատեսություն է ներշնչում: 2012-ը լի էր ֆեշն իրադարձություններով: Կարծում եմ՝ հենց այս տարի դրվեց մասսայական ֆեշն գիտակցության մեջ կտրուկ փոփոխություններ կատարելու առաջին քարը: Երևանի նորաձևության պատկերը երկու հիմնական կողմ ունի՝ տեղացի դիզայներների առաջարկն ու համաքաղաքացիների կրած հագուստը: Ցավոք, այս երկու կողմերը ինձ կոպեկի երկու երեսն են հիշեցնում՝ դեռ երկար

ճանապարհ ունենք անցնելու, մինչ երևանցիները կսկսեն կրել հայ դիզայներների առաջարկած հագուստը: Բայց մի բան ակնհայտ է՝ Երևանը մոռացել էր հայ դիզայներների հավաքածուների ցուցադրությունները: 2012-ը եկավ ապացուցելու՝ քիչ թե շատ հայտնի դիզայներները կարող են հավաքածու ներկայացնել ու այդպես էլ արեցին: Ուզում եմ անդրադառնալ ամենահետաքրքիր մասին՝ մայրաքաղաքի փողոցներին: Ինքս պարբերաբար նկարում եմ փողոցային ֆեշն լուքերը fashionblog.am-ի ու Lookbook հաղորդաշարի համար: Կարծում եմ, չէ՝ համոզված եմ, որ երևանյան սթրիթ ֆեշնը փոխվել է: Իհարկե, հեռու ենք ճաշակով լինելուց, ավելի հեռու ենք օրիգինալությունից ու համարձակությունից, բայց դրական փոփոխությունները նույնիսկ անզեն աչքով նկատելի են: Մեծանում է մի նոր սերունդ, ով գիտի նորաձևության ուղղվածության բոլոր կայքերն ու բլոգները, ամեն օր հետևում է համաշխարհային ֆեշն աշխարհին ու չի ուզում հետ մնալ եվրոպական մայրաքաղաքների երիտասարդներից: Մեր երիտասարդները չեն թաքնվում բրենդների հետևում ու գիտակցում են, թե ինչ են կրում: Նրանք շատ չեն, բայց նրանց թիվն օր օրի աճում է, ինչն էլ կարող է մեկ օր խթանել վառ, խայտաբղետ և նորաձև երևանցիներ ունենալու պատկերին: 2012-ի նորաձևության բնագավառի կարևորագույն իրադարձությունը, որ մեծ ազդեցություն կունենա երևանցիների արտաքինի վրա, անխոս, Dalma առևտրի կենտրոնի բացումն էր: Շուկայի հսկաներն առաջարկում են ժամանակակից ու նորաձև հագուստի բազմազանություն, գուցե այժմ երևանցիները, թեկուզ կուրորեն, բայց ավելի կհետևեն նորաձևությանն ու ճաշակով կլինեն: Չնայած, հին հայկական ավանդույթի համաձայն, կա նաև «ոտքից գլուխ նույն» հագուստը կրելու վտանգը: Ի դեպ, շաբլոնների մասին, այս տարի դրանք ևս առկա էին տեղական ֆեշն իրականության մեջ: Ամենաձանձրացնող նմուշներից նշեմ մաքսի, պլիսե կիսաշրջազգեստները: Հուսով եմ՝ 2013-ին դրանք այլևս չենք տեսնի:

Կրկես Այս տարի Երևանից հեռացավ (եթե ավելի հստակ՝ պայթեցվեց) 1962 թվականին կառուցված կրկեսի շենքը: Աշխատանքներն իրականացնող «Տաշիր Գրուպ» ընկերությունը, սակայն, խոստանում է 2013-ի հոկտեմբերին Երևանին վերադարձնել վերանորոգված, ավելի գեղեցիկ ու միջազգային ստանդարտներին համապատասխանող կրկես: Երևանցիներից շատերը, սակայն, մեծ վստահություն նախագծի նկատմամբ չեն ցուցաբերում:


թեմա Կարծիք

40 41

Դեկտեմբեր 2012


Հասմիկ Եղիազարյան

30 տարեկան, զբոսաշրջավար 2012-ի երևանյան համար մեկ դրական փոփոխություն համարում եմ ուրախ կամարները, որոնք շատ մաքրեցին ու տաքացրին մեր քաղաքը: Վերջապես հնարավոր դարձավ քաղաքում նստել ոչ սրճարանային տիրույթում, այն էլ՝ անվճար ու հարմար: Հատկապես լավ էր, որ նստարանները մետաղյա չեն, ինչը հայտնի պատճառնելով հաճելի չէր լինի հատկապես շոգ ու ցուրտ օրերին: Հայտնվեց քաղաքի տուրիստական ավտոբուսը, որը, սակայն, չի տարբերում տեղացի և արտասահմանցի ուղևորներին. հույս ունեմ, որ 2013-ին կսահմանեն առանձին գներ ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների համար՝ ինչպես այլ երկրներում է: Ավելացավ գիշերային լուսավորությունը. հիմա ծառերն ավելի կանաչ են գիշերը, քան ցերեկը, իսկ ամեն թաղամաս ունի իր անվանմամբ լուսավորվող ցուցանակ: 2012-ին քաղաքի կենտրոնը համալրվեց «բոտեռորիստներով», հատկապես ուրախալի էր «տիկին սկանդալի»՝ Բոտերոյի «Ծխող կնոջ» գալուստը: Միևնույն ժամանակ՝ 2012-ին, ի հիասթափություն տուրիստների, «մահացավ» (հուսանք՝ մահը կլինիկական է գոնե) մեր քաղաքի ամենակոլորիտային շենքերից մեկը՝ Փակ շուկան: Իսկ Հանրապետության հրապարակի՝ գոնե իմ կարծիքով ամենագեղեցիկ ու ամենահեղինակավոր շենքերից մեկը 2012-ին կայացրած որոշմամբ կդառնա անդեմ ինչ-որ մի բան: Այնինչ՝ շատ տրամաբանական ու հաճելի էր, որ քաղաքի ամենակարևոր հրապարակում երկրի ամենակարևոր նախարարություններից մի քանիսն են գտնվում: Կուզենայի բոլոր վերը նշված հաճելի փոփոխությունները շարունակվեին 2013 թվականին՝ նախ և առաջ Երևանի բոլոր թաղամասերում և ոչ միայն կենտրոնում ու հարող տարածքում: Ուզում եմ, որ 2013-ին Երևանում լինեն մեծ ու մաքուր ավտոբուսներ: Ֆանտաստիկայի ոլորտից՝ կուզենայի ավելանային մետրոյի կայարանները՝ Մասիվում, Բանգլադեշում և այլն: Ուզում եմ վերջապես ավարտվի Բրյուսովի համալսարանին հարող շենքի՝ անվերջ թվացող կառուցումը: Ուզում եմ գոնե երկու կինոթատրոն Երևանում, շատ-շատ ծառեր ու կանաչ գոտիներ, իսկ Էրեբունի-Երևանի տոնահանդիսությունների երաժշտությունը լինի հաճելի ու ոչ շատ բարձր:

Լիանա Բաղդասարյան

25 տարեկան, հեռուստահաղորդավարուհի Որքան էլ փորձում եմ դիտարկել Երևանը որպես հազարամյակների փոշին կրող վարդագույն քաղաք, չի ստացվում: Վերջերս զգացողություն ունեմ, որ մեր փոքր քաղաքը դինամիկ աճող օրգանիզմի է նմանվում: Շարժ կա, զգում եմ անընդհատ. բայց այլ բան է՝ որակական հատկանիշները գերազա՞նց են, լա՞վ, թե՞ բավարար: Օրինակ՝ քաղաքի շենքերը. քանի տոկոսը խնամքով լվացվեց, չգիտեմ, բայց դեպի փողոց նայող շենքերը, հաստատ փոշու հաստ շերտից ազատվեցին, տների պատուհաններից ներթափանցող օդը քիչ թե շատ մաքրվեց, շատ շենքերի պատեր ներկվեցին ու նոր կյանք ստացան: Արձանների լվացումն եմ շատ սիրում, թեկուզ տարեկան մեկ օր: Քաղաքային լվացման կամ լվացքի մասին խոսելիս՝ ջրցան մեքենաներն էլ չմոռանամ: Ճիշտ է՝ առավոտյան դասի, կամ աշխատանքի շտապող քաղաքացիները ակամայից անմաքուր ջրի շիթերի հարվածից փախչել չեն հասցնում, բայց դա հարցի այլ ու, ինչ-որ տեղ, զավեշտալի կողմն է: Այս տարի ռեկորդային էր ինձ համար՝ շատ եմ քայլել քաղաքով: Աշխատանքից տուն բարձրանալիս ոչ պակաս շատ օգտվեցի երևանյան փայտե նստարաններից: Հասկացա մի պարզ բան՝ «Երևանում մի տեղ նստել» ասվածը սրճարաններից բացի նաև նստարանների մասին կարող է լինել: Դրական շարժ է: Էլ չեմ խոսում մեր հայտնիների արձանների մասին, որ տեղ-տեղ ընկերանում են նստարաններին ու հատկապես գիշերային ժամերին լքված չեն թողնում: Չնայած գտնվում են որոշ տհասներ, որ արձանները պղծելու քայլեր են անում, ոմանք էլ արձանի պատրաստման նյութի մեջ են խնդիրը տեսնում: Բայց դե քննադատելը միշտ էլ հեշտ է, իսկ լավը տեսնելն ու գոնե արված մի փոքր քայլն էլ նկատել ու ասելը, հաստատ ավելի լավ քայլերի կմղի: Դա բնավ ոչ

քաղաքապետարանին, ոչ էլ թաղապետարաններին, այլ հենց մեզ՝ Երևանի բնակիչներիս էլ է վերաբերում: Կարծում եմ՝ այս տարի մեծացավ խելամիտ ու օրենքը հարգող երևանցիների թիվը: Շատերն այլևս ամոթ չեն համարում լուսացույցի տակ կանգնել՝ իր հերթին սպասել կամ ոչ աղբամանի կողքը, այլ մեջն աղբը նետելը: Լավի կողքին վատն էլ շատ տեսանելի է սակայն: Օրինակ՝ ուղտի նման թքող երիտասարդներ, մայթերի եզրաքարերին սարդի դիրքով նստած ու Երևանի հետ բացարձակ չմերվող «կիտչ» տեսակի երիտասարդներ, գիշերային ժամերին շենքերի մոտ ավտոմեքենան կայանած ու բարձր երաժշտություն միացրած, իրենց տգիտությունը չգիտակցող քաղաքացիներ: Բայց միևնույն ժամանակ նույն քաղաքով քայլելիս Վարդան Պետրոսյ��նին, Տիգրան Մանսուրյանին ու մեր մյուս մեծերին հանդիպելը կրկնակի է արժևորում քաղաքդ: Վերջերս էլ աչքս քաղաքում անընդհատ ուզում է եռագույն դրոշը տեսնել: Երևանում այս տարի տեսա ոստիկանի կանացի կերպարը. «հայոց փափկասուն կանայք», կամ եթե ոչ գրքային, ապա պարզապես՝ իգական սեռի ներկայացուցիչները որպես ոստիկաններ: Եթե չեմ սխալվում, իրենք մի քանի օտար լեզվի են տիրապետում, իրենց հետ առաջին բուժօգնության պարագաներ ունեն, ֆիզիկապես էլ շատ պատրաստված են: Կանաչազարդ տարածքների ավելացում, ստեղծագործ մտքի արգասիքներ, անգամ Կարապի լճի մոտ բացօթյա գրախանութ, էլ չեմ խոսում լճի մոտ հնչող կրթող երաժշտության մասին, համենայնդեպս՝ ես ամռանը հաճախ եմ ականջահաճո երգեր լսել այդտեղ: 3D արվեստ փողոցային նկարչության մեջ առաջին փորձը կինո «Մոսկվայի» մուտքի սալաքարերի վրա էր, չես ասի, որ հաջողված, բայց որպես առաջին՝ հաստատ կգնահատես: Քաղաքումս այս տարվանից ամենաշատը տպավորվեց ասֆալտապատման շատ աշխույժ գործընթացը: Փոշի, շոգ, տեխնիկայի՝ ականջ ծակող ձայներ, խցանումներ, արտերկրից եկած ու շատ բանուկ փողոցներից զարմացած բարեկամներ, բայց դե աշնանն արդեն մաքուր ու հարթ փողոցներ: Եթե արվեստաբան էլ չլինես, անհնար է չնկատել քաղաքում՝ այս տարվա ամենատեսանելի ու աչք շոյող երևույթը՝ շենքերի կամարների նկարազարդումները: Սովորել էինք տեսնել մութ, խոնավ, անտունների գիշերակացի վայր դարձած կամարներ. արի ու տես, թե ինչքան բան կարող է փոխել նկարիչն իր վրձնով: Արվեստը գույն ու կյանք է տվել Երևանին: Աշխատավայրիս դիմաց ծառ տնկվեց գործընկերներիս կողմից, «Հորիզոն» լրատվական հաղորդման անձնակազմը կամավոր ամեն օր ջրում է ծառը: Բայց ընդամենը կես կանգառ ներքև մի սլացիկ ծառից մի օր միայն կոճղը մնաց...

Սերգեյ Թումանյան

32 տարեկան, մենեջեր 2012 թվականը նշանավորվեց նրանով, որ 11 տարի Երևանում չլինելուց հետո հունվարի 2-ին վերադարձա: Երևանը աննկարագրելի է փոխվել, կան թե՛ շատ դրական, թե՛ բացասական փոփոխություններ: Հին Երևանը, որ ես եմ հիշում, կարծես գնալով վերանում է, ավելի ճիշտ՝ փոխարինվում է նորով: Չնայած՝ մյուս կողմից՝ երևանյան ոգին ինձ համար 2012-ին էլ նույնն է, ինչ 99-ին, ու կարծում եմ՝ այդ ոգին 2022-ին էլ անփոփոխ կմնա: Անցնող տարվա ընթացքում առաջին ակնհայտ դրական փոփոխությունն ինձ համար տրանսպորտային ոլորտին է վերաբերում: Չգիտեմ՝ ինչ արեցին, թվերը փոխեցին, ավտոբուսները շատացրին, բայց հիմա միանշանակ ավելի հեշտ ու հաճելի պայմաններում եմ հասնում տուն: 2012-ին մի տեսակ նորից վերագտա Երևանը: Նորից այցելեցի քաղաքի իմ ամենասիրած կետերից մեկը՝ Կասկադի ամենավերջին հարթակը, որտեղից ողջ քաղաքը փռված է առջևդ: Շատ խնդիրներ կան, որ ծագեցին այս տարի ու կարծես փոխադրվելու են հաջորդ տարի՝ դրանք հիմնականում երևանյան հին շինություններին վերաբերող խնդիրներ են: Օրինակ՝ քանդված կրկեսի շենքը, Փակ շուկան: Ի դեպ, վերադարձիցս հետո Մաշտոցի պուրակի իրադարձություններն ինձ իրոք շատ ուրախացրին. վերջապես երևանցին կանգնեց ու հայտարարեց՝ հերի՛ք է:

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ 2001 թվականից ամեն տարի գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը փոխանցվում է որևէ քաղաքի: 2011-ին Բուենոս Այրեսից հետո, 2012-ի ապրիլին այն փոխանցվեց Երևանին: Այս իրադարձությունը համընկավ Հայաստանում գրատպության 500ամյակի հետ: Երևանը մեծ շուքով ու միջոցառումներով ստանձնեց 2012-ին իրեն վստահված պաշտոնը:


թեմա Կարծիք

42 43

Դեկտեմբեր 2012


Կարեն Մամիկոնյան

30 տարեկան, դաշնակահար Տարին ինչպես միշտ սկսվեց կենացով՝ «Թող 2012 թվականին կատարվի այն ամենը, ինչ չկատարվեց կամ չհասցրեցինք իրականացնել 2011-ին»: Յուրաքանչյուր ուրախ տոնից հետո որոշակի հիասթափություն է գալիս: Գուցե ձմեռն ու նոստալգիկ տրամադրությունն օգնում էին ինձ ստեղծագործել, այնպես որ բավականին երկար ժամանակ անցկացրել եմ դաշնամուրի մոտ՝ փորձելով հարստացնել երաժշտական պաշարս: Սեփական երաժշտական աշխարհումս նորություններ եղան՝ փոխվեցին բենդերը, մարդիկ: Ցանկացած փոփոխություն, վատ կամ լավ, առաջընթացի է բերում: Այս տարի ինձ շատ ուրախացրեց Երևանի ակումբային կյանքը: Ջազ ակումբներում, ավելի անմիջական միջավայրում, կարողանում են դրսևորվել տաղանդավոր երաժիշտները: Սակայն դրա հետ մեկտեղ համարում եմ, որ համերգային գործունեությունը քաղաքում ակտիվ չէր: Անձամբ ինձ դա շատ է հիասթափեցնում: Կարծում եմ կազմակերպիչների ու պրոդյուսերների լուրջ պակաս ունենք: Այս տարի ինքս հանդես եմ եկել որպես կազմակերպիչ, ինչի արդյունքում Կասկադում տեղի ունեցավ ջազ համերգ՝ նվիրված Էրեբունի-Երևանի տոնակատարություններին: Համերգի ընթացքում չորս հրաշալի խմբեր հանդես եկան յուրահատուկ ծրագրով: Բազմաթիվ երաժշտական նախագծեր մեկնարկեցին. ուրախանում եմ, որ կան երեխաներ, ովքեր լավ ճաշակ ունեն, ձայնային հնարավորություններ և կատարողական բարձր մակարդակ: Անկեղծ ասած, շատերի անիմաստ գոյությունն ու ստեղծագործական պոռթկումներն ինձ չեն տխրեցնում, ավելի զարմացնում են, քանի որ քաջ գիտակցելով իրենց գործունեության մակարդակը, շարունակում են «ստեղծագործել»՝ համարելով իրենց արվեստագետներ: Երևանը, այս աստիճանի «ռաբիզացած» դեռևս չէր եղել՝ «Ալիս, Ալիս, նայի հալիս, ես ունեմ Վիլիս»…. Ու սա համատարած է: Հույս ունեմ, որ 2013 թվականին, այնուամենայնիվ, կկազմակերպվի համերգային ծրագիր, որին կմասնակցեն երաժշտական աշխարհը ներկայացնող իմ բոլոր բարեկամները, ընկերներն ու բոլոր շնորհալի երաժիշտները: Անձամբ աշխատում եմ այդ ուղղությամբ: Հավատում եմ, որ քանի գնա, ավելի լավ է լինելու:

Նաիրա Եդիգարյան

30 տարեկան, դերասանուհի Չեմ նկատել՝ ոնց է անցել 2012 թվականը, ինչ է կատարվել քաղաքում, քաղաքականության կամ տնտեսության մեջ: Դրանով հետաքրքրվելու ժամանակ չեմ ունեցել: Փոխարենը թատրոնի մեջ եմ, զբաղված եմ եղել իմ գործով և այդ առումով 2012-ը ձեռքբերման տարի էր մնջախաղի թատրոնի և ինձ համար: Այս տարի գրքի տոնի շրջանակներում մեր թատրոնը հյուրախաղերով մեկնեց ԱՄՆ: Խաղացինք «Գիրք ծաղկանցն» ու տարբեր մանրապատումներ: Նկատեցի, որ Ամերիկայում փողոցում մարդ չես տեսնի, բոլորը ավտոմեքենաներով են: Մի տեսակ փողոցային կուլտուրա չկար Նահանգներում, ի տարբերություն Երևանի, ուր մարդիկ ոտքով շրջում են փողոցներում, շփվում են: Փոխարենը Ամերիկայում մարդիկ հոգսաշատ չեն, կենցաղը չի սպանում նրանց: Ես մի քիչ վատատես եմ ու չեմ ուզում կանխատեսումներ անել 2013 թվականի համար՝ թե ինչ ընտրություններ կլինեն և այլն: Բայց ես ուզում եմ հավատալ, որ մնջախաղի թատրոնը վերջապես շենք կունենա Հյուսիսային պողոտայում, ինչպես որ պլանավորել ենք:

Արտեմ Գրիգորյան

32 տարեկան, դասախոս Եթե չեմ սխալվում, դալանները դեռ անցյալ տարի սկսեցին խելքի բերել ու նկարազարդել, բայց դրա ողջ հմայքը ես էս տարի նկատեցի, երբ անտեր դալանների թիվը կտրուկ նվազեց: Հատկապես հաճելի է, որ միայն քաղաքի կենտրոնով չսահմանափակվեցին: Դե նստարանների

մասին էլ են շատ խոսել, ես էլ կասեմ նույնը՝ շատ պարզ քայլ էր կարծես թե, բայց այդքան օգտակար ու այդքան դրական արձագանքներ բերող: Շատ ավելի ոչ միանշանակ են ինձ համար բազմաթիվ համաքաղաքային տոները, հատկապես թանգարանային գիշերն ու Էրեբունի-Երևանը: Մի կողմից հաճելի է, որ էդքան մարդ հոգսերից կտրվում, դուրս է գալիս տնից, թանգարան է այցելում կամ գնում ուրախանալու, բայց ես ինձ այդ անվերջ հոսքերում ահավոր դիսկոմֆորտի մեջ եմ զգում: Էս տարի երկրորդ տարին էր՝ որոշեցի թանգարան գնալ, բայց մարդիկ էնքան շատ էին, որ հնարավոր չէր կենտրոնանալ մի բանի վրա, արդյունքում բան չհասկացա: Իսկ Էրեբունի-Երևանի ընթացքում ուղղակի խեղդվում էի մարդկային հոսքերի մեջ: Էն աստիճանի, որ կես ժամից ավելի Օպերայի մոտ քայլել չկարողացա, վազեցի աշխատանքի: Մեկ այլ կարևոր խնդիր եմ համարում փողոցներում տեղադրված արագաչափերը: Նորից՝ կարծես թե քայլ էր ճանապարհային խնդրին գոնե որոշակի լուծում տալու, բայց էնպես է ստացվում, որ վարորդների մեծ մասը որոշում է սահմանված արագությամբ քշել միայն արագաչափին նախորդող մի քանի մետրերի վրա կամ էլ պարզապես թքած ունի էդ երեսուն հազար տուգանքի վրա՝ պորճերը քաղաքում դեռ բավական շատ են: Արդյունքում՝ ոչ մի օգուտ: Իսկ հաջորդ տարվա համար կցանկանամ, որ մի կողմից՝ երևանցի երիտասարդությունը առիթ չունենա դոշով փրկելու այս կամ այն այգին կամ շինությունը, մյուս կողմից էլ՝ եթե այդ առիթը այդուհանդերձ լինի, ապա հնարավոր լինի ավելի մեծ ուժեր հավաքել ու ավելի լավ պաշտպանել սեփական քաղաքը: Որովհետև այս տարի ստացվեց էնպես, որ մինչ բոլորը զբաղված էին Մաշտոցի պուրակի հերոսական պաշտպանությամբ, «հանկարծ» փուլ եկավ Փակ շուկան:

Դավիթ Զախարյան

22 տարեկան, ուսանող Էս տարին վատը չէր՝ իհարկե տեղ ուներ ավելի լավը լինելու: Զույգ տարի էր ու իսկականից շատերը զուգավորվեցին: Չեղավ էնպիսի օր, որ Հանրապետության հրապարակով քայլելուց չլսեմ ամուսնացողների սիգնալները: Ինչպես ամեն տարի, 2012-ին Երևանը գեղեցկացնելու փորձեր արվեցին: Օրինակ այն, որ քաղաքի տարբեր մասերում հայտնվեցին հայտարարության տախտակներ: Մի ուրիշ հարց է, թե արդյո՞ք հնարավոր չէր դրանք ավելի գեղեցիկ սարքել: Կամ ասենք աֆիշներով պտտվող ստենդները, որ հիշեցնում են Երևանի ռետրո լուսանկարները՝ 50-60-ականներից, բայց համ էլ շատ հարմար են մեր օրերում էլ: Երևանն էս տարի հպարտ քաղաք էր, որովհետև չեմպիոն շախմատիստները վերադարձան Երևան: Եթե շարունակենք սպորտային թեման, ոչ պակաս կարևոր էր «Հրազդան» մարզադաշտի վերաբացումը: Թե չէ հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ մի պահ նույնիսկ վախեցել էի, որ վերականգնելու տեղը կբռնեն՝ կքանդեն: Այ եթե իտալացիներին էլ հաղթեինք… Բայց, ինչպես միշտ, տխրելու առիթ էլ շատ եղավ: Ամենից շատ տարին տխրեցրեց ինձ նրանով, որ մայրաքաղաքը 2012-ին ևս մի մեծ քայլով հեռացավ բազմաթիվ քաղաքներից իրեն տարբեր դարձնող հատկանիշներից ու մանրուքներից: Օրինակ՝ հրապարակից մի հատ բոյով շենք ա երևում՝ կապույտ ապակիներով: Այդ շենքը կարծես Դուբայից եկած ու ստեղ կորած լինի՝ չես հասկանում՝ ում հետ կապ ունի, ոչ ընկերներ ունի էտ տարածքում, ոչ նմանակներ: 2012-ին փոխվեց քաղաքի տրամադրությունը, ու ��եմ կարող ասել, որ դեպի լավը: Մեր քաղաքը աստիճանաբար նմանվում է տարբեր իրար հետ կապ չունեցող կտորներից հավաքված կոլաժի, ու այս տարին այդ կոլաժի մեջ անիմաստ ու անփայլ մի մեծ կտոր ավելացրեց: Էդ գործընթացը ոչ էս տարի է սկսվել, ոչ էլ անցյալ: Տհաճ է, որ չի երևում դրա վերջը: Երևի հեշտ չէ Երևան լինելը… Լավ էր գոնե այն, որ 2012-ին Երևանը չլքեց երևանյան հոգին, որը դեռ երբեմն շրջում է քաղաքով:

Կասկադ Կասկադի հարևանությամբ՝ Թամանյան 3 հասցեում, ձախակողմյան շենքի տանիքից վեր բարձրացող ձեղնահարկով անհանգստացած շենքի բնակիչները իրենց բողոքն էին արտահայտել: Պարզվում է քաղաքապետարանը տեղյակ է և տվել է իր թույտվությունը ձեղնահարկի կառուցման համար: Կառուցապատման սիմետրիկությունը ապահովելու համար առաջիկայում միևնույն նախագծային լուծումներով շինարարություն կիրականցվի նաև աջակողմյան շենքի վերնամասում (եթե դա կարող է մխիթարել երևանցիներին):

Մարիամ Լորեցյան, Հայկ Բիանջյան, Նազիկ Արմենակյան, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և bravo.am արխիվից


թեմա Ինֆոգրաֆիկա

Փողի հաշիվ Ասֆալտ, Հայաստանի դրոշներ, հենապատեր, ԷրեբունիԵրևան, բնակելի շենք և այլ բաներ, որոնց վրա ծախսվել է մայրաքաղաքի 2012 թվականի բյուջեն:

Երևանի քաղաքապետարանի

10 մլրդ դրամ

ուղղվել է մայրաքաղաքի

ասֆալտապատման

աշխատանքներին

Ավարտվեցին դեռևս 2010թ.

Աջափնյակ համայնքի Սիսակյան 22 հասցեում մեկնարկած

14 հարկանի բնակելի շենքի շինարարական աշխատանքները:

Այդ աշխատանքներին ուղղվել է

2,5 մլրդ դրամ:

նոր մասնաշենք բացվեց. «Էրեբունի-Երևան 2794» տոնախմբությունների

համար քաղաքապետարանը

հատկացրել էր

90 մլն դրամ:

Բուզանդ 1/3 հասցեում` «Երևաննախագիծ» ՓԲԸ շենքում

133 մլն դրամի բարեկարգման աշխատանքներ

իրականացվեցին, որից հետո քաղաքապետարանի վարչությունների մի մասը

տեղափոխվեց այդ շենք:

44 45

Դեկտեմբեր 2012


Կատարվել է 2 մլն քմ ընդհանուր ծավալով ասֆալտապատում: Հիմնանորոգվել է 40 փողոց, ուր ոչ միայն վերականգնվել է ասֆալտբետոնե ծածկը, այլև նորոգվել են մայթերը, դիտահորերը, թարմացվել են եզրաքարերը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում նորոգվել են նաև կանգառագոտիներն ու հարակից հատվածները: Շուրջ 600 փողոցներում կատարվել է մասնակի ասֆալտապատում: Ասֆալտապատվել են նաև 1000 բակային և միջբակային տարածքներ: Զուգահեռաբար իրականացվել են նաև փոսանորոգման և փոսալցման աշխատանքներ, մի շարք փողոցներ էլ, շուրջ 330 գծամետր, ճաքալցվել են:

Ջեռուցում են ստացել

Տեղադրվել են

8 գրադարաններ,

6 ստեղծագործական

Հայաստանի Հանրապետության

234 մլն դրամով վերականգնվել են 13 հենապատեր

72 դրոշներ: Դրանցից 52 հատը 10 մետր երկարությամբ են, իսկ 20-ը`

15 մետր: Դրոշների տեղադրման

համար ծախսվել է

19 մլն դրամ:

Նորոգվել և մաքրվել են

137 շենքերի ֆասադներ, ինչի համար ծախսվել է

600 մլն դրամ:

Ջրային կառույցների նորոգման համար ծախսվել է

300 մլն դրամ:

կենտրոններ և 2 երաժշտական

դպրոցներ, որի ծախսը կազմել է 400 մլն դրամ:

Ջեռուցվել են նաև

45 հանրակրթական

դպրոցներ, որի նպատակով հատկացվել է

1,3 մլրդ դրամ:

Անի Կարամանուկյան


Քաղաք Հայացք դրսից

Կյանքը տոնելու ունակությունը Լիվերպուլցի Մարտին Էնդրյուսը շոումենի կարյերան դեռ մանկուց էր սկսել, երբ դեր էր ստացել «Երաժշտության հնչյունները» հայտնի մյուզիքլում: Հետո այլ հաջողված դերեր եղան Վեսթ Էնդի ներկայացումներում և նախագծեր հեռուստատեսությունում: Այսօր Էնդրյուսն ապրում է Մոսկվայում ու մի քանի հաղորդում վարում անգլիալեզու Russia Today հեռուստաալիքի եթերում: Մոսկովյան «Արարատ Հայաթ» հյուրանոցում Էնդրյուսն իր խոհարարական շոուի թողարկումներից մեկն էր նկարահանում, որը նվիրված էր հայկական խոհանոցին: Հենց այստեղ էլ նա մեզ պատմեց վերջերս Երևան կատարած իր ուղևորության մասին: Մեծ արկած

Ծնողներս ամեն տարի պարտադիր մեզ համար մի որևէ ուղևորություն էին կազմակերպում արձակուրդների ժամանակ, այնպես որ, ես դեռ մանկուց եմ սովորել ճանապարհորդել: Ինձ դուր է գալիս նոր բաներ իմանալ, կոտրել կարծրատիպերը, որոնցով լիքն են շատերի գլուխները Արևմուտքում: Նույնիսկ իմ ընկերների թվում կան այնպիսիք, ովքեր երբեք չեն այցելի ինձ Մոսկվայում, քանի որ համոզված են, որ դա տխուր ու մռայլ քաղաք է, որտեղ միշտ ձյուն է գալիս: Ես ձգտում եմ ցույց տալ այս ամենը ճամփորդություններին նվիրված հաղորդումներում, որ այս ամենը բնավ այնպես չէ, ինչպես սովոր է մտածել հեռուստադիտողների մեծ մասը: Բացի այդ, ես արկածներ եմ սիրում, ու միշտ բաց եմ դրանց համար: Մեր ողջ կյանքն է մի մեծ արկած:

Երևանյան առաքելություն

Ես եղել եմ 75 ռուսական քաղաքներում, բայց գրեթե չեմ եղել նախկին խորհրդային հանրապետություններում: Պատրաստվում եմ շտկել այդ բացը: Շատ կուզեի հեռուստահաղորդաշար պատրաստել «Առաքելություն ԱՊՀ» խորագրով: Չէ՞ որ այդ երկրները Ռուսաստանից է՛լ ավելի պակաս են հայտնի եվրոպացի հանդիսատեսին: Բայց նաև Երևան ձգտելու համար սեփական պատճառներն էլ ունեի: Ժամանակին Նյու Յորքում աշխատում էի հեռուստատեսությունում ու այնտեղ շատ հայ ընկերներ ունեի: Արդեն այն ժամանակ էի հետաքրքրված, տեսնելով, թե որքան ջանասիրաբար է հայկական սփյուռքն Ամերիկայում պահպանում ազգային մշակույթը:

Ամրոցի գրավումը

Երևանը լիովին եվրոպական քաղաք է, որի մասին, չգիտես ինչու, քչերը գիտեն: Այս անգամ ես միայն երեք օր էի Երևանում, բայց համոզված եմ, որ շուտով կրկին կվերադառնամ այնտեղ: Ընկերուհուս՝ Սալիի հետ Մոսկվայից առավոտ կանուխ ժամանեցինք, գիշերային չվերթով, իսկ երբ հասանք հյուրանոց, պարզվեց, որ համարն ամրագրված չէ: Ուր էլ ես գնամ, իմ շուրջը միշտ թատերականացում է սկսվում: Մենք արդեն պատրաստվում էինք մեկ այլ հյուրանոց գնալ, երբ այնուամենայնիվ, մեզ համար գտան մի համար՝ մեր պատվիրած ստանդարտի փոխարեն լյուքս: Մի քանի ժամ քնելուց հետո զբոսնելու գնացինք: Երբեմն, այս կամ այն քաղաքի մասին ընդհանուր տպավորություն կազմելու համար ես զբոսավարով շրջագայություն եմ պատվիրում, բայց Երևանն ինքս էի ուզում ուսումնասիրել: Նախ, մենք Էրեբունի գնացինք՝ հին քաղաքը տեսնելու: Ասեմ, որ հաճելիորեն զարմացած էի: Բնավ ոչ ամեն մի քաղաքում է, որ պատմություն է զգացվում: Օրինակ՝ Նյու Յորքը հիանալի վայր է, բայց այնտեղ չկա պատմություն: Էրեբունիի պեղումներն ինձ վրա նույնիսկ ավելի մեծ տպավորություն թողեցին, քան, օրինակ, Աթենքի Ակրոպոլիսը, քանի որ ես այն բազմիցս եմ տեսել լուսանկարներում ու պատրաստված էի այն տեսնելու: Իսկ Էրեբունիում իմ առջև բացվեց այնպիսի մի հնություն, որը ես բացարձակապես չէի պատկերացնում: Ի դեպ, երբ Սալիի հետ մոտեցանք հնադարյա քաղաքի պատերին, չգիտեինք, թե ինչպես ներս մտնել: Ու հենց պատի

վրայով էլ մագլցեցինք: Հետո, իհարկե, տեսանք, որ մուտք կար և՛ ձախ, և՛ աջ կողմից: Գիտեմ, տարօրինակ տարբերակ էր արգելոց-թանգարան մտնելու համար, բայց գոնե տպավորիչ էր:

Ինչպես գիրանալ Երևանում

Էրեբունիից քաղաքի կենտրոն ուղևորվեցինք՝ Կասկադը, Օպերան ու Ազգային պատկերասրահը տեսնելու: Ու կրկին ես ցնցված էի: Այս բոլոր հիանալի շենքերը լրիվ եվրոպական տեսք ունեն, կարծես ես Վիեննայում կամ Բեռլինում շրջելիս լինեի: Իսկ հետո ճաշեցինք: Ես միշտ ձգտում եմ սնվել այն վայրերում, որտեղ տեղացիներն են ուտում ու խուսափում եմ տուրիստական կետերից: Սալիի հետ մենք ճաշեցինք մի շատ պարզ սրճարանում, Հանրապետության հրապարակում, ու ամեն ինչ շատ համեղ էր: Ես ահավոր շատ կարկանդակներ էի կերել պանրով ու սպանախով: Ու չնայած հասկանում էի, որ ստիպված կլինեմ այդ հաճույքի համար վճարել մարզադահլիճում մարզումների լրացուցիչ ժամերով, բայց չէի կարող կանգ առնել: Նույնիսկ սպասուհին նայելով ինձ փաստեց՝ «Այսպես դուք շատ արագ կչաղանաք»: Մի անգամ Օպերայի մոտակայքի սրճարաններից մեկում թարմ նռան հյութ պատվիրեցի

46 47

Դեկտեմբեր 2012


ու փախլավա: Հիմա տարված եմ երկուսով էլ: Եղել եմ երևանյան մի քանի ռեստորաններում, փորձել եմ ազգային ճաշատեսակներն այնպես, ինչպես դա ընդունված է անել լավ խոհանոց ունեցող ցանկացած երկրում: Բայց, չգիտես ինչու, ամենից շատ հիշվեցին այն պարզ ուտելիքները, որոնք փորձել էի փողոցի սրճարանում: Օրինակ՝ այն բարակ բլիթները մսով՝ լահմաջոն: Ու իհարկե, հայկական հացը՝ լավաշը: Հիմա ես լավաշ եմ գնում նաև Մոսկվայում, Պուշկինյան հրապարակի «Արմենիա» խանութից:

Ծաղիկներ, ծաղիկներ…

Տարբեր հուշանվերներ եմ գնել ընտանիքիս ու ընկերներիս համար. երկու շիշ հիանալի հայկական կոնյակ, մի դույլ նուռ, ձեռագործ սփռոցներ, դեղերի համար հնաոճ սրվակներ՝ հիմա դրանցով գինի եմ մատուցելու տանս: Բայց ամենից շատ ես ապշել էի թրաշուշանների մեծ փնջերից, որ մի կին էր վաճառում հենց փողոցում, ծիծաղելի փոքր գումարով: Ես գնեցի երկու փունջ ու ասացի Սալիին, որ Մոսկվա կտանեմ դրանք: Նա զգուշացրեց, որ խնդրահարույց է լինելու դրանք ինքնաթիռ տանելը, բայց ես որոշեցի, որ միևնույն է, կփորձեմ: Օդանավակայանում բոլորը ծիծաղում էին տարօրինակ անգլիացու վրա, ով պարտադիր ուզում էր Երևանից երկու հսկայական ծաղկեփունջ տանել: Նույնիսկ մեր ինքնաթիռի օդաչուն էր սալոն մտել թռիչքից առաջ, ինձ ու թրաշուշաններս տեսնելու համար:

Հյուրասեր տաքսիստը

Ասել, որ երևանցիները հյուրասեր ու բարյացակամ են, նշանակում է ոչինչ չասել: Ես արդեն նշել էի, որ Նյու Յորքում հայ ընկերներ եմ ունեցել, ու նրանց շնորհիվ արդեն որոշակի պատկերացում ունեի հայկական բնավորության մասին: Գիտեի, որ հայերն ուրախանալ գիտեն, սիրում են ճաշկերույթներ, կարող են շատ առատաձեռն լինել, մի խոսքով՝ իսկապես տոնում են այս կյանքը: Բայց չեմ կարծում, որ իմ նյույորքյան ծանոթներից որևէ մեկը կարող էր ճաշի հրավիրել երկու բոլորովին անծանոթ մարդկանց, ինչպես դա պատահեց ինձ ու Սալիի հետ Երևանում: Մեզ Վերնիսաժ տեղափոխող տաքսու վարորդը հանկարծ մեզ հետ սկսեց անգլերեն խոսել, լիքը հարցեր տվեց «Մանչեստեր Յունայթեդի» ու Դևիդ Բեքհեմի մասին: Ի դեպ, ինձ հաճելիորեն զարմացրեց այն, թե որքան մարդ էր ինձ հետ Երևանում անգլերեն խոսում: Հետո տաքսիստն ասաց, որ ուզում է մեզ ճաշի հրավիրել ու ծանոթացնել դստեր հետ: Ճիշտն ասած, մտածեցի, որ այս ամենն անլուրջ է, բայց նա սպասեց մեզ այն կես ժամը, ինչ մենք շրջում էինք Վերնիսաժով, իսկ հետո կրկին նստեցրեց մեքենան ու տարավ ռե��տորան ճաշելու: Հետո այնտեղ եկավ նրա աղջիկը, ով, պարզվեց, սովորում է Լոնդոնի համալսարանում, իսկ Երևան է եկել արձակուրդի: Այդպիսի հյուրասիրություն դժվար է հանդիպել աշխարհում: Օրինակ՝ մոսկվացիները կարող են շատ ջերմ, բարյացակամ լինել, բայց միայն նրանից հետո, երբ դուք ընկերացել եք: Մինչ այդ պահը նրանք բավականին սառն են: Իսկ երևանցիների մեջ շատ է ջերմությունը, ու դա կախված չէ նրանից, թե արդյոք ճանաչում են ձեզ, թե առաջին անգամ են տեսել: Երևանի կյանքի ռիթմը, ինձ թվում է, ավելի բնական է, քան այլ քաղաքներում: Զգացվում է, որ մարդիկ ազատ ժամանակ ունեն, ոչ մի տեղ չեն շտապում: Ափսոս, որ այս անգամ կարգին չուսումնասիրեցի քաղաքի գիշերային կյանքը, այն բոլոր ակումբներն ու ջազային համերգները, որոնց մասին ինձ պատմել էին: Բայց, ոչինչ, պարտադիր կվերադառնամ:

Աննա Ռուլևսվսկայա Մարտին Էնդրյուսի արխիվից


Քաղաք Հայացք դրսից

Եկա, տեսա, հասկացա

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ճարտարապետության, պլանավորման և պահպանման ֆակուլտետի ղեկավար, ճարտարապետ Մարկուս Դոչանթսկին վերջերս Yerevan Productions ընկերության հրավերով Երևանում էր՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացնելու Global Textures ճարտարապետության ու դիզայնի սահմանների մասին դասախոսությունը: «ԵՐԵՎԱՆ»-ին նա պատմեց քաղաքի մասին իր տպավորությունների, ճարտարապետության և քաղաքաշինության մասին: Հայաստանի ու Երևանի մասին

Այս տարվա սկզբին Կոլումբիայի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանողներիս Մոսկվա էի տարել, որտեղ ծանոթացանք Skolkovo մենեջմենթի դպրոցի նախագծին: Այնտեղ հանդիպեցի Ռուբեն Վարդանյանին ու ճարտարապետ Թիմ Ֆլինին, ով Ռուբենի նախաձեռնությամբ Դիլիջանում կառուցվող դպրոցի վրա է աշխատում: Առաջարկեց ուսանողներիս հետ Հայաստան այցելել ու մտածել, թե ինչ նախագիծ կարող ենք ներկայացնել Դիլիջանում: Մտածեցի, որ շատ եմ լսել Հայաստանի մասին, հայ ընկերներ ունեմ, բայց երբևէ չեմ եղել այնտեղ: Ի դեպ, համալսարանում իմ օգնականը ազգությամբ հայ է: 1995 թվականին առաջին անգամ ծանոթացա ազգությամբ հայի հետ: Ընդհանրապես, երբ Հայաստանի մասին լսում էի, միանգամից մտքիս էր գալիս ընկերս, ով Լոնդոնում է ապրում: Այնքան ջերմ ու ուրախ անձնավորություն է, որ ուզում էի գնալ ու տեսնել նրա հայրենիքն ու հասկանալ՝ այդ ի՞նչ տեղ է, որ մարդիկ միշտ ծիծաղում են, դրական էմոցիաներ են հաղորդում: Նյու Յորքում էլ շատ հայ ընկերներ ունեմ, ու բոլորն էլ ուրախ մարդիկ են: Երբ ուսումնասիրում ես Հայաստանը, ակնհայտ է դառնում, որ երկիրը շատ հնարավորություններ ունի, նաև խնդիրներ, որոնք ևս կարելի է հնարավորության վերածել ու օգտագործել: Բայց որքան էլ ուսումնասիրես տվյալ քաղաքը հեռվից հեռու՝ օգտվելով բազմաթիվ աղբյուրներից, կարևորագույն խնդիրը քաղաքի բնակիչներն են, մարդիկ, ում կյանքին պետք է ծանոթանաս հենց տեղում: Երևանյան փողոցները ակտիվ են, լի կյանքով, այստեղ այնքան շատ են բացօթյա սրճարանները և շատ ուրախալի է, որ մարդիկ օգտվում են հանրային տարածքներից: Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ երևանցիները սիրում են դրսում լինել, բոլորը հետիոտներ են, առավել ևս, որ եղանակն այստեղ բարենպաստ է նման ժամանցի համար: Կարծում եմ՝ լավ կլիներ, եթե ավտոմեքենաների կայանատեղերը գետնանցումներում լինեին, և այս հարցը խստացվեր: Դեռ չեմ հասցրել շատ բան նկատել, բայց մի բան ակնհայտ է՝ մարդիկ չափազանց ջերմ ու հյուրընկալ են: Կարծում եմ՝ մարդիկ այստեղ հավասարակշռված են, միգուցե նյույորքցիների հետ եմ համեմատում, դրա համար: Փողոցում երթևեկությունը շատ ակտիվ է, բայց ոչ ոք չի գոռում կամ հայհոյում: Հաճելի է, որ բնակելի վայրերը ծայրամասերում չեն, սա բակերի քաղաք է. բակից բակ ես անցնում ու հանկարծ ռեստորանի առջև ես դուրս գալիս, նման հայտնագործությունները այնքան հաճելի են: Շատ տպավորիչ էր Կասկադը, շատ հետաքրքիր լուծումներ են օգտագործվել աստիճաններն ու մյուս էլեմենտները իրականացնելու համար: Բայց ամենամեծ հայտնագործությունը սպասն էր:

Երկնաքերերի մասին

Չգիտեմ՝ որքանով ճշգրիտ է այս տեղեկությունը, բայց Երևանը քամու շրջանառության լավ համակարգ ունի: Դա է պատճառը, որ օդի աղտոտվածությունը

այստեղ նվազագույն մակարդակի է հասնում. քամին ինքն իրենով օդափոխում է քաղաքը, իսկ օդային միջանցքները չափազանց կարևոր են: Եթե Երևանը շարունակի զարգանալ, ապա բարձրահարկ շենքերը կավելանան այստեղ:

Նյու Յորքի մասին

Գիտե՞ք ինչն է հետաքրքիր, Նյու Յորքը միայն ինքնաթիռից եմ պատկերացնում: Սիրում եմ դիտել քաղաքները օդից, կարծես քարտեզ լինի, մտովի փոքրացնում եմ տարածքն ու հասնում մինչև իմ ամենասիրելի հատվածը, որտեղ սուրճ եմ ըմպում:

Փոփոխությունների մասին

Քաղաքը պետք է փոփոխությունների ճկուն համակարգ ունենա, վստահ եմ: Չես կարող կանգնեցնել մայրաքաղաքում կամ մարզկենտրոնում ընթացող ճարտարապետական աճը, որովհետև հենց դա է բավարարում մարդկանց պահանջները ամեն ոլորտում: Միևնույն ժամանակ, կարևոր է պահպանել մեր անցյալը՝ կառույցների միջոցով, որովհետև հենց դրանք են փոխանցում մեզ մշակութային ու պատմական ժառանգությունը: Համոզված եմ, յուրաքանչյուր ժամանակաշրջան պետք է իր լեզուն ունենա: Պետք չէ չափազանց սենտիմենտալ լինել, հարկավոր է պարզապես կառավարել այդ աճն ու նրա մասշտաբները, հրավիրել լավագույն մասնագետների ու գործել, որովհետև եթե քաղաքը աճելու ու զարգանալու պահանջ է զգում, պետք է օգնես նրան: Օրինակ՝ Նյու Յորքը կառուցված է առաջխաղացման ու զարգացման վրա: Այն պահին, երբ այդ աճը դադարեցվի, քաղաքը կմահանա: 100 տարի հետո մարդիկ ասելու են՝ «Նայեք, սա 2012 թվականին է ստեղծվել»:

Հաճախորդների մասին

Մալավիում աղջիկների համար նախատեսված ակադեմիա է կառուցվում: Ես զբաղվում եմ դիզայնով: Կառուցման աշխատանքները դեռևս ավարտված չեն: Այս ակադեմիայի հիմնադրումը Մադոննայի գաղափարն էր: Վերջերս էլ Նյու Յորքում պարային ստուդիայի դիզայն էի իրականացրել, որի սեփականատերերից մեկը Գվինեթ Փելթրոուն է: Նախագծերս իրոք բազմազան են՝ համալսարանից մինչև խոհանոց: Պատվիրատուների մեջ էլ ում ասես չես տեսնի:

Ուսուցիչների մասին

Կուռքեր չունեմ, ունեմ ուսուցիչներ: Չկա կոնկրետ մեկը, ով ոգեշնչում է ինձ, քանի-որ բազմաթիվ հրաշալի ու տաղանդավոր մարդիկ են ազդեցություն ունեցել ինձ վրա: Անպայման ցանկանում եմ նշել Օսկար Նիմայերի աշխատանքը, որ ոգեշնչել է ինձ դեռևս ուսանողական տարիներից: Զահա Հադիդի հետ աշխատելու ընթացքում շատ բան եմ սովորել, նույնը կարող եմ ասել նաև Արատա Իսոզակիի հետ աշխատելու մասին: Դա իմ առաջին աշխատանքային փորձն էր՝ ճարտարապետության

համալսարանի ուսանող էի ու հնարավորություն ստացա վերապատրաստվելու Ճապոնիայում: Արատա Իսոզակիի գրասենյակում սկսեցի աշխատել՝ համեստ, տաղանդավոր անձնավորություն, ով բացեց աչքերս ճարտարապետության գլոբալ աշխարհի վրա: Այժմ էլ շարունակում եմ ոգեշնչվել ու սովորել, օրինակ՝ հենց ուսանողներիցս:

Բանաձևի մասին

Ես այն մարդկանցից եմ, ով վստահ է՝ աշխարհը, ինքն իրենով, արդեն գեղեցիկ ու հիասքանչ է: Կարծում եմ բանաձևս հենց դրանում է՝ տեսնել, նկատել ու հասկանալ, որ յուրաքանչյուր երկիր գեղեցիկ ու յուրահատուկ է: Երբ շրջապատված ես տարբեր կրոններ ու քաղաքական ուղղվածություններ ունեցող երկրներով, մի հետաքրքիր եզրակացության ես գալիս՝ ընդունելով դիմացինիդ կրոնն ու քաղաքական կողմնորոշումները, աշխարհը հիասքանչ կդարձնես: Ծննդավայրից ոչինչ կախված չէ, մարդ պետք է ինքը վաստակի իր հավատքն ու մտածելակերպը՝ որպեսզի հասկանա, թե ով է: Ճարտարապետությունը նորաձևություն չէ, այն, քիչ թե շատ, մշտական բնույթ է կրում: Որևէ կառույց ես ստեղծում, որը ազդեցություն է ունենում ոչ միայն այնտեղ ապրող մարդկանց, այլ նաև շրջապատի վրա: Ճարտարապետությունը, արվեստն ու մշակույթը կամուրջ են մարդկանց միջև:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան

48 49

Դեկտեմբեր 2012


«Կոպեկանոց» չգնա՞ նք

Արձակագիր Գուրգեն Խանջյանը խոսում է այն մասին, թե ինչու «Կոպեկանոցի» ու հին երևանյան մյուս սրճարանների վերացման հետ շատ բան կորավ քաղաքից:

Ե

րևանը հեռացող քաղաք է, նա սրընթաց հեռանում է, գալիս է թախիծը, կարոտախտը: Ես, պատահում է, երևակայությամբ դարձնում եմ, կոլաժում, մոնտաժում եմ իմ քաղաքի ժամանակը՝ փողոցներ, այգիներ, խանութներ, սրճարաններ, մարդիկ, հարաբերություններ, շփումներ՝ կորստյան վախը մոռացության մշուշից դուրս է հանում նրանց, դնում թղթի վրա՝ ստեղծելով պատրանք, թե քաղաքը չի չքվում, մնում է: «Սանասար, Բաղդասար», «Սկվազնյաչոկ», «Արաքս», «Պապլավոկ», «Անահիտ», «Դերասան», «Կազիրյոկ», «Արգիշտի», «Կոպեկանոց»՝ Քաղաքային սրճարաններ, որոնք տասնամյակներ շարունակ ունեցել են իրենց մշտայցելուները, քաղաքային ավանդույթ, կոլորիտ են ձևավորել, վերացան, մնացել է միայն «Կազիրյոկը» (տիկին Հռիփսիմեի համառ սիրո շնորհիվ), արագ վերացան, ասես դարանած ինչ-որ թշնամի վաղուց առիթի էր սպասում: Ավանդույթի մաս կազմող էլի շատ բաներ վերացան՝ կինոթատրոններ, խանութներ, պուրակներ, նրբանցքներ, բակեր, տրամվայներ, ցայտաղբյուրներ: Չենք սիրում մեր քաղաքային ավանդույթները, քաղաքային կոլորիտի նշանները, սրանից տրամաբանական եզրակացություն՝ չենք սիրում մեր քաղաքը, միայն շահագործում ենք: Երևանի նկատմամբ գերմեծ սիրո

անդադար, տեղի-անտեղի խոստովանությունները, բյուրավոր ոտանավորներն ու երգերը երևի թե ենթագիտակցորեն մեղք քավելու արտահայտություն են: Հատկապես ցավալի էր «Կոպեկանոցի» (նաև ասում էին՝ «Նկարիչների կաֆե») կորուստը, ասես սրբատեղի լիներ, նրա մշտայցելուների անունները թվարկելն իսկ պատիվ է՝ Հրաչյա Ներսիսյան, Հովհաննես Շիրազ, Կոստան Զարյան, Երվանդ Քոչար, Սեյրան Խաթլամաջյան, Վրույր Գալստյան, Ռուբեն Ադալյան, Լևոն Ներսիսյան, Էդմոն Ավետյան, Սամվել Խանդիկյան, Ռուբեն Հովնաթան, Յուրա Բաբայան, Սիփան Շիրազ, Խորոզ, Ազատ Շերենց, Ֆրունզիկ Մկրտչյան՝ ահա այսպիսի սրճարան, որ տասնամյակներով այս մարդկանց ներկայության, նրանց հանդիպումների, խոսքուզրույցի, կատակների, բանավեճերի ասպարեզն էր, վերացվեց, փոխանակ նրանց պատկերներով ցուցատախտակներ փակցվեին: Վերացրին, վերածեցին ռեստորանի՝ «Էյֆելյան աշտարակ», չաշխատեց, հիմա փորձում են ուրիշ ինչ-որ բան ��նել, երևի էլի ռեստորան, ասենք՝ «Բաբելոնի աշտարակ», «Հոլիվուդ», «Մայամի բիչ», «Արբատ», «Սանսեթ», «Մալիբու», եսիմ էլի ինչ բու բու բու (չեմ պատկերացրել, թե այսքան օտարամոլ, այսքան սնոբ ենք, խորհրդային ժամանակաշրջանում ռուսերենն ու ռուսաստանյանը պարտադրվում էին,

հիմա ո՞վ է պարտադրում): Ոմանք ասում են՝ հին ավանդույթները վերացվեցին, փոխարենը նորերն են ստեղծվում: Ծիծաղելի է, մեր այս նոր մենթալիտետով, մեր անտակ ագահությամբ՝ նոր ավանդույթներ: Ավանդույթը տասնամյակներով է ստեղծվում, իսկ այսօր ոչինչ չկա, որ համոզի, թե գոնե մի քանի տարի նույնությամբ գոյատևելու է, ուզածդ սրճարան վաղը կարող է վերածվել վրացական պուրիի ու խաչապուրու թխման փռի կամ ինչ-որ օֆիսի, կամ էլ եսիմ ինչի: Քաղաքային ավանդույթների նշանները վերացնելով՝ թուլացնում ենք երևանցու կապն իր քաղաքի հետ, սա նույնպես պակաս պատճառ չէ, որ երևանցին այսօր հեշտորեն է լքում իր քաղաքը, երկիրը, որովհետև նա օրեցօր օտարվում է, այս մոնստրացող քաղաքն այլևս իրենը չէ, շուկայինն է, շահամոլինը, անկուշտինը, այն տնօրինում, ձևավորում է սպառողական անկուշտ, անհոգի հոգեբանությունը, շահի, չոր պրագմատիզմի հոգեբանությունը, կեցության ամերիկյան ձևն ենք ընտրել՝ փողից հոտ չի գալիս, շահ, շահ, միայն շահ, և փորում ենք, կրծում, քանդում, խեղում, բետոնում, կցում-կցմցում՝ վերից, վարից, կողքերից՝ միայն թե մի քիչ էլ տեղ բացվի առուծախի համար, ոչ մի կապվածություն, կարոտ, հարգանք, հուշ, առաջ՝ դեպի համատարած շուկայացում: Խեղճ Երևան:

Գալուստ Պապյան


Քաղաք Նախագիծ

Հայպոկալիպսիս Այս տարվա դեկտեմբերի 23-ին սպասվող աշխարհի վերջը կարող է ներկայանալ շատ տարբեր ֆորմատներով՝ մայաները ոչ մի հստակ տեղեկություն այդ մասին չեն թողել: Վերջը կարող է գալ մեր անուշ մոլորակին հարված հասցրած մետեորից կամ ինչ-որ հիվանդությունից, որը մի քանի ամսում կոչնչացնի բոլոր մարդկանց կամ ռաբիզ երաժշտության միջազգային հաղթանակի հետևանքով: «ԱրմՔոմեդի» նախագծի համանախագահ Սերգեյ Սարգսյանը փորձում է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե ապոկալիպսիսը գա բոլորի մոտ, բացի իրենից:

Պ

ատկերացրեք, որ արթնանում եք մի օր, ու ոչ մեկ չկա: Դուք մենակ եք մնացել ամբողջ երկրում կամ գուցե մոլորակում: Մարդիկ ուղղակի մի գիշերվա ընթացքում անհետացել են, իսկ մնացած ամեն ինչը մնացել է իր տեղում: Գուցե գլոբալ տաքացման ամոթից են անհետացել կամ թաքուն թռել են Մարս, բայց ձեզ ոչ ոք ոչ մի բան չի ասել. պարզապես դուրս եք գալիս փողոց, ու մարդ չկա: Հաճախ եմ նման սցենարի մասին մտածել ու մտածել եմ նույնիսկ՝ ինչ կանեմ էդ դեպքում: Նախ, մի կտոր հաց կուտեմ: Հաշվի առնելով, որ սնունդը կամացկամաց փչանալու է, կսկսեմ արագ փչացողներից: Միանգամից ինքնամոռաց կմտնեմ առաջին պատահած սուշի ռեստորանը և իմ այցի արդյունքում ապոկալիպսիսը կհասնի նաև սուշիին: Դրանից հետո կարելի է մտածել ապագայի մասին ու փիլիսոփայել. բա հիմա ի՞նչ է լինելու վերջը, կյանքի իմաստը ո՞նց պետք է լինի, ո՞ւր գնաց մեր հազարամյա պատմություն ունեցող ազգը և այլն: Կյանքի մասին մի 10-15 րոպե մտածելուց հետո վերադառնում ենք վայելելու ապոկալիպսիսի դրական կողմերից մեկը՝ ամենաթողությունն ու անարխիան: Ենթադրում եմ, որ մարդկանց վերացման հետ նաև երթևեկությունը Երևանում գուցե մի քիչ թեթևանա: Կարելի է փողոցում ցանկացած մեքենա վերցնել ու հավեսով քշել՝ խփելով մյուսներին, անտեսելով կարմիր լույսը (հա, կարմիր լույսը երևի դեռ որոշ ժամանակ աշխատի): Բայց կարևորը անվտանգությունն է: Մարդկանց բացակայությունը կարող է գրավիչ դարձնել Երևանը վայրի կենդանիների համար: Ավելին՝ բնապահպանության նախարարության պաշտոնյաների անհետացման արդյունքում Հայաստանում կարող են հայտնվել բեզոարյան այծեր ու հազար ու մի տեսակի արջ: Գուցե մի քանի ծովափիղ էլ հայտնվի Սևանում: Այդ բոլոր կենդանիները դուրս գալով Կարմիր գրքից, կսկսեն նեղել Կարմիր գրքի նոր հյուրին՝ ինձ: Բարեբախտաբար Երևանում առնվազն 4 զենքի խանութ կա, որտեղ մի քանի անգամ մտել եմ, նայել եմ, նույնիսկ մի քանի բանի ձեռք եմ տվել: Իսկ հիմա, երբ ամբողջ քաղաքի խանութներում բաց դռների օր է, կարելի է օգտվել նաև ապոկալիպսիսի այդ մրգից: Մի քանի ատրճանակ ձեռքիս ու ինչ-որ թանկանոց սիգար գրպանս ավելի հանգիստ կշարունակեմ զբոսնել անմարդաշատ վարդագույնոտ քաղաքով: Իհարկե, ընթացքում կլինի դեպրեսիա, հիստերիա, դատարկության զգացում, բայց դե մյուս կողմից՝ կոնյակը ձրի է: Մոտակա սուպերմարկետից կարելի է անուշ անել ամենաթանկանոց կոնյակը և անիմաստ կյանքը դարձնել գոյատևման շատ հետաքրքիր խաղ:

Հա, նաև կարելի է մի քանի միստիկ անհասանելի տեղ գնալ՝ մտնել բոլոր օլիգարխների տները, տեսնել ով ինչ կմախքներ է թաքցրել ժողովրդից: Ընթացքում նաև առյուծի մսից կարելի է համտեսել (դե բաց թողելը վտանգավոր է, իսկ ներսում որ մնա, սովից մեկ ա կմահանա): Հետո կարելի է վերցնել տեսախցիկը ու մի քիչ նկարահանել Կասկադի մոտի տարածքը առանց վախենալու, որ կմոտենան նեո-պիոներները և կասեն՝ «Սա մասնավոր սեփականություն է: Նկարել չի կարելի»: Մյուս կարևոր հարցը երևի կլինի մնալու տեղը: Բնականաբար, մի քանի շաբաթ Բաղրամյան 26-ի համն ու հոտը կարելի է վայելել, բայց հետո երևի ավելի կենտրոն տեղ կարելի է իջնել: Օրինակ… ցանկացած բնակարան: Տեղի կունենա «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի թեյըմպման դրվագի կենդանի իրականացում: Ամեն օր մի բնակարանում իր բարիքներով՝ պարտադիր Արարատի տեսարանով: Դեպրեսիան իհարկե էլի մեկ-մեկ կփորձի համը հանել, բայց պետք է մերվել ապոկալիպսիսային կոնտեքստին ու վայելել աշխարհի վերջը: Կարծում եմ ապոկալիպսիսի ամենամեծ վտանգներից մեկը լինելու է գիրությունը: Մի երկու ամիս ապոկալիպսիսային դիետայով ապրելով կավելացնեմ մի 10 կգ ու կսկսեմ գիտակցել, որ շուտով ձմեռ է և

չնայած հյուսիսային ռազմավարական դաշնակիցը այլևս գազի գինը չի կարողանա բարձրացնել, բայց դա չի փրկի: Այստեղ ապոկալիպսիսը կսկսի մի քիչ նմանվել մեր հին ու բարի անլույս 90-ականներին: Կգտնեմ էն հին փեջերից ու կսկսեմ հավաքել ցախ: Բնապահպաններ արդեն չեն լինի և ընդհանրապես կյանքի անիմաստությունը ահագին կնվազեցնի Երևանի կանաչ գոտու կարևորությունը, այնպես որ ցախի խնդիրը կլուծվի բավական հեշտ: Մինչև դեկտեմբեր արդեն կունենամ հարմար տուն ցախով, զենքով, կոնյակով ու հավանաբար էդ փուլում արդեն նաև բազմաթիվ պոռնոգրաֆիկ ամսագրերով: Հենց այդպես, կոնյակը ձեռքիս ու իմ պատրաստած զեբրայի մսի տոլմայով (հա ի՞նչ, գազանանոցն էլ պետք է մի ձև օգտագործել) կդիմավորեմ առաջին ապոկալիպսիսային նոր տարին՝ խմելով մայաների հիշատակի կենացը: Դե մյուս օրն էլ՝ բարեկամների տներով և ուտել-խմելով: Ամեն դեպքում պետք է հիշել, որ ցանկացած ապոկալիպսիսի մեջ կարելի է գտնել լուսավոր կետեր… մանավանդ, եթե կոնյակը դառնում է անվճար:

Հ.Գ.

Հա, ու մի քանի շաբաթ երևի անցկացնեմ կոնյակի գործարանի նկուղում:

Վլադ Գերասիմով

50 51

Դեկտեմբեր 2012


Անցած դար Այս տարվա մարտին «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը ներկայացրեց «Երևան. XX դար» նախագիծը, որի գլխավոր հերոսները դարձան ոչ միայն մեր քաղաքի նշանավոր շենքերը, այլև մարդիկ ու տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները: Այդ ամենն իրականացվեց գործակալության Mediamax.am կայքում : Մոտ ժամանակներս նյութը վիրտուալից դուրս կգա առարկայական հարթակ՝ շուտով կտպագրվի նախագծի հիման վրա ստեղծված «Երևան. XX դար» գիրքը:

Գ

ործակալության տնօրեն Արա Թադևոսյանի՝ քաղաքային պատմությունների շարք սկսելու գաղափարը ծնվեց անցյալ տարվա դեկտեմբերին, երբ ֆեյսբուքում տեսավ հին Երևանի լուսանկարներն ու մարդկանց ռեակցիան դրանց նկատմամբ: Այս տարվա սկզբին գաղափարը ներկայացվեց «ԱրմենՏել» ընկերությանը, որն արդյունքում դարձավ նախագծի գլխավոր հովանավորը: Նախագծի առաջին հերոսը Փակ շուկան էր: Հետագայում կայքում ներկայացվեցին Երևանի խորհրդանիշ դարձած Պոնչիկանոցը, «Սևան» հյուրանոցը, Երիտասարդական պալատը, Կրկեսը, «Մոնումենտը»՝ ընդհանուր առմամբ 20-ից ավելի նյութեր: «Սպասելիքներս արդարացան, նույնիսկ ավելին: Ուրախ եմ, որ մեր թիմին հաջողվեց գտնել ճիշտ ձևը՝ ներկայացնելու մեր քաղաքի պատմությունը, հին Երևանի միջավայրն ու արթնացնելու մարդկանց բարի ու ջերմ հիշողությունները: Ընթացքում հասկացանք՝ նախագիծը սպասված էր, այդ պատճառով էլ պահանջարկ առաջացրեց», — պատմում է Արան: Դրա ապացույցը դարձավ այն, որ նախագիծը բազմաֆորմատ դարձավ: Ամռան սկզբին Մեդիամաքս-ը Արմենիա TV-ից առաջարկ ստացավ պատրաստել նախագծի հեռուստատեսային տարբերակը: Նկարահանվեց 12 հաղորդում, որոնք սկսեցին եթեր հեռարձակվել հոկտեմբերից: Գործակալության տնօրենը նշում է, որ կա մարդկանց բավականին մեծ զանգված, ով չի օգտվում համացանցից ու ավելի հակված է ընթերցել քաղաքի մասին պատմությունները գրքի տեսքով: Հենց նրանց համար դեկտեմբերի վերջին կտպագրվի «Երևան. XX

դար»-ի գիրքը, որտեղ զետեղված կլինեն 15 պատմություններ: «Դժվար էր ընտրություն կատարել, թե որ թեմաներն ենք ներկայացնելու գրքում, քանի որ բոլորն էլ հոգեհարազատ են մեզ համար: Ընտրեցինք ամենախորհրդանշական կառույցները, նաև համացանցում շատ կարդացված նյութերը: Ինձ համար ամենախորհրդանշական թեման թերևս «Հրազդան» մարզադաշտն է, քանի որ հայրս մասնակցել է դրա ստեղծմանը՝ նա մարզադաշտի ճարտարագետկոնստրուկտորներից էր: Փոքրուց հպարտանում էի, որ հայրս ներդրում է ունեցել «Հրազդանի»

կառուցման հարցում», — նշում է Արա Թադևոսյանը: Գրքի հրատարակման աշխատանքները կրկին ֆինանսավորել է «ԱրմենՏել» ընկերությունը: Տպաքանակը կկազմի 1000 օրինակ, 500-ը «ԱրմենՏել»-ը կօգտագործի որպես ամանորյա նվեր, մնացած 500-ը վաճառքի կհանվի Երևանի գրախանութներում: Արա Թադևոսյանը վստահեցնում է, որ գրքի գինը մատչելի է լինելու: Գրքի կազմը հին ալբոմ է հիշեցնում: «Թղթին հնարավոր չէ փոխանցել ինտերակտիվությունը, բայց ձևավորման առումով փորձել ենք ստանալ դասական գրքի ու ամսագրի «խառնուրդ»:

Լենա Գևորգյան


Քաղաք Խորհրդանիշ

Բացառության կարգով Այս պատմությունը սկսվել է այն ժամանակների համար անիրականանալի թվացող երազանքից: Սրընթաց ընդլայնվող հայկական մայրաքաղաքին ժամանակակից ու ֆունկցիոնալ շինություն էր անհրաժեշտ, որտեղ կարող էին հարմարավետ աշխատել քաղաքապետն ու իր աշխատակազմը: Այսօր քաղաքապետարանի շենքը կարելի է համարել Երևանի՝ անկախության շրջանի ամենահաջող շինություններից մեկը: Նախագծի հեղինակներ, ճարտարապետներ Ջիմ Թորոսյանն ու Ռոմիկ Մարտիրոսյանը (հետմահու), կոնստրուկտոր Հենզել Հակոբյանն ու կառուցապատող Գագիկ Գալստյանը 2007 թվականին արժանացել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի:

52 53

Դեկտեմբեր 2012


Նախագահի գործը

Մուրադ Մուրադյանը զբաղեցնում էր Երևանի քաղխորհրդի կազմկոմիտեի նախագահի պաշտոնը 1975-1985 թթ. ընթացքում: Մի քանի ամիսը նրան բավարար էր հասկանալու համար, որ մայրաքաղաքային իշխանություններին նոր շենք է հարկավոր: 1952 թվականին կառուցված քաղգործկոմի հին շենքը չէր բավարարում նույնիսկ նվազագույն պահանջները: Երևանն արագորեն զարգանում էր, ավելի ու ավելի դժվար էր կառավարել միլիոնանոց քաղաքը նեղվածքի պայմաններում, երբ բոլոր բաժիններն ու ծառայությունները ցրված են, իսկ աշխատակազմի մեծամասնությունն աշխատում է կիսանկուղային հաստատություններում, այնտեղ էլ ընդունում երևանցիներին: Սակայն առանց Մոսկվայի թույլտվության նոր քաղաքապետարանն անհնար էր կառուցել, առավել ևս, որ Խորհրդային Միությունում այն ժամանակ ուղղակի արգելված էր վարչական շենքերի կառուցումը: Բարեբախտաբար, Մուրադյանը շատ համառ մարդ էր, ով սովոր էր գնալ մինչև վերջ, ու այս անգամ էլ իրեն հավատարիմ մնաց: Նոր շենքի մասին հարց բարձրացնելիս, նա հիանալի գիտակցում էր, որ պտուղներն արդեն այլոք են քաղելու: Երեք անգամ էր քաղգործկոմի նախագահը դիմել Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին, ու երեք անգամ էլ խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը նամակներ էր հղել Մոսկվա, Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանի հետ միասին առաջ տանելով այդ նախագիծը: Նրանք համոզված էին, որ վաղ թե ուշ Երևանն անպայման կունենա քաղաքին արժանի վարչական շենք: Դրա համար էլ, չսպասելով Կրեմլի որոշմանը, Մուրադյանն անմիջապես հրահանգեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանին նախագիծ պատրաստել: Ու հենց որ 1983 թ. հուլիսի 29-ին ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Հեյդար Ալիևը ստորագրեց՝ «Համաձայնել բացառության կարգով», Երևանում նույնիսկ չսպասեցին պետական հատկացված գումարներին, անմիջապես սկսելով շինարարությունը: Այն ժամանակ ոչ ոք չէր էլ ենթադրում, որ այն կտևի շուրջ երկու տասնամյակ: Իսկ 1976 թվականի մայիսին Մուրադյանի առաջին դիմումից մինչև 2004 թվականի նոյեմբերին Երևանի քաղաքապետարանի շենքի բացման հանդիսավոր արարողությունն անցավ քառորդ դար: Այս ընթացքում փլուզվել էր գերտերությունը, Երևանը տեսել էր 11 քաղաքապետ: Փոխվել էր մի ողջ դարաշրջան:

Վարպետ

Ջիմ Թորոսյանի կարծիքով՝ եթե ճարտարապետությունը փորձում է կատարել իր հանրային առաքելությունը, ապա այն պետք է մնա որպես գեղարվեստական կերպար, արվեստի գործ, քանի որ մնացած ամեն ինչ փոփոխական է, նույնիսկ ֆունկցիան ժամանակի ու պահանջների փոփոխմամբ կարող է հարմարեցվել նոր պայմաններին: Այդպես էր պատահել Թորոսյանի ճարտարապետական արվեստանոցում կերտված ստեղծագործություններից մեկի՝ Երևանի քաղաքապետարանի շենքի հետ: Կիսով չափ կառուցված շինությունը ԽՍՀՄ փլուզումից, երկրում կատարված փոփոխությունների ու ծանր սոցիալական պայմանների պատճառով սառեցրեցին երկար տարիներով: Երբ շինարարությունը վերսկսեցին, ստիպված էին զգալիորեն փոփոխել նախագիծը, քանի որ նախկին քաղխորհուրդը վերածվել էր քաղաքապետարանի, բազմաթիվ վարչություններ ուղղակի վերացել էին, իսկ շենքի կառուցվածքում ներառվել էր նաև քաղաքի թանգարանը:

Երեվանն արագորեն զարգանում էր ու դժվար էր կառավարել միլիոնանոց քաղաքը նեղվածքի պայմաններում, երբ բոլոր բաժիններն ու ծառայությունները ցրված էին


Քաղաք Խորհրդանիշ Ժողովրդավարություն, մատչելիություն և կայունություն Աշխարհի քաղաքային իշխանությունների շենքերից ճարտարապետական տեսանկյունից թերևս ամենահայտնին Լոնդոնի քաղաքապետարանինն է՝ London City Hall-ը: Յուրահատուկ ձվաձև տեսք ունեցող կառույցը, ըստ հեղինակի՝ ճարտարապետ սըր Նորման Ֆոսթերի, ժողովրդավարության, մատչելիության և կայունության մոդել է: Ինչպես ընդունված է ժամանակակից ճարտարապետության մեջ, այս նախագծում հատուկ ուշադրություն է դարձվել էկոլոգիական մասին. շենքի էներգածախսատարությունը 75%-ով ավելի քիչ է, քան ավանդական կառուցվածք ունեցող այլ հանրային շենքերինը: Նախագծի մշակումն ու շինարարական աշխատանքները տևել են շուրջ 30 ամիս, ծախսերը կազմել են 65 մլն ֆունտ սթերլինգ: Քաղաքային իշխանությունները նոր շենքում իրենց աշխատանքը սկսել են 2002 թվականի հուլիսի 15-ին:

Իսկ սյուների վրա դաջված են նախկին մայրաքաղաքների անվանումներն ու դրանց հակիրճ պատմությունը: Ջիմ Թորոսյանը կարծում է, որ հենց այդպես է քաղաքապետարանը դառնում հայկական մայրաքաղաքների հիշատակի ճարտարապետական ձոն: Ինքը՝ շենքը, ինչպես նաև դրա առջևի հրապարակը, եզրափակում են քաղաքի գլխավոր վարչական առանցքն ու առաջին ճարտարապետական կառույցներից են, որ դիմավորում են Էջմիածնի կողմից քաղաք մտնողներին: Եվ նախագծման ժամանակ էլ բազմաթիվ հարցեր էին առաջադրվել. շրջակա միջավայրի հետ համադրության խնդիրը, ազգային յուրատիպության ու ժամանակակից հնչողության հարցերը, նյութերի ճիշտ ընտրությունը... Երևանում Զարգացման հայկական բանկի շենքի, Կասկադ համալիրի, Հայկական պետականության հուշարձանի, Սպիտակի կենտրոնական հրապարակի, ու բազմաթիվ այլ օբյեկտների հեղինակ Ջիմ Թորոսյանը խոստովանում է, որ այս նախագիծն իր համար առանձնակի թանկ է:

54 55

Դեկտեմբեր 2012

13-ը մեկում Անցյալի ու ներկայի միահյուսվածքը առկա է ոչ միայն ճարտարապետության ու բազմատեսակ ճարտարապետական ռելիեֆներում, այլ նաև քաղաքապետարանի շենքի բովանդակության մեջ, որի թևերից մեկում է գտնվում Երևանի պատմության թանգարանը: Գլխավոր ճակատային մասում՝ 12 որմնախորշերում քարակոթողներ են տեղադրված, որտեղ դաջված են պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքների անվանումներն ու կարճ պատմությունը: Բարձր աշտարակը խորհրդանշում է ներկայիս մայրաքաղաք Երևանը: Ժամացույցից բացի, աշտարակի վրա պատկերված է ռելիեֆային բարեբեր աղավնին: Միայն թե ավանդական ձիթենու ճյուղի փոխարեն ուրարտական որմնապատկերից Կենաց ծառի ճյուղ է: Այս խորհրդանիշի մոնումենտալ պատկերը քարակոթողի տեսքով գտնվում է շենքի ներքին հարդարանքի ստորին պատվանդանին, տարբերակվում է ռելիեֆներով, զարդարված է շքամուտքի գետնին գունավոր սալիկներով:

Ամենալուսավորչականը

Երևանի քաղաքապետարանի շենքի ճակատը զարդարված է բազմաթիվ ռելիեֆային զարդանախշերով: Այնտեղ է նաև Կենաց Ծառի պատկերը: Միայն թե նախագծի հեղինակներից մեկն այդպես էլ չտեսավ այն իրականացված: Ռոլանդ Մարտիրոսյանը հետմահու արժանացավ պետական մրցանակի, իսկ երկրի նախագահից ոսկե մեդալը ստացավ նրա եղբայրը՝ Ջոնը: Նախագիծը ստեղծելով ազգային ճարտարապետության ոգով, հեղինակները չեն մոռացել 21-րդ դարի մասին: Շենքն ուղղակի չէր կարող լինել որևէ այլ քաղաքում, քանի որ ճարտարապետությունը չափից ավելի երևանյան է ստացվել: Չափից ավելի երևանցի տղա էր նաև Ռոլանդը, ով մանկուց պատասխանելով մեծահասակների ավանդական հարցին՝ ով ես լինելու, երբ մեծանաս, համառորեն ասում էր՝ տներ եմ կառուցելու: Հասակ առնելով նա հասկացավ, որ այդ մասնագիտությունը կոչվում է ճարտարապետ: Ու իր ոչ երկար


կյանքում նույնպես համառորեն շարունակում էր համարել, որ ավելի լավ մասնագիտություն գոյություն չունի: Նրա նախագծերը մշտապես առաջ էին ընկնում ժամանակից: Գուցե և հենց այդ պատճառով էլ նրա դիպլոմային աշխատանքի պաշտպանությունը, որն ի դեպ, համակուրսեցիների կարծիքով ամենապրոֆեսիոնալն էր ու առաջադեմը, հանձնաժողովի պարսավանքն առաջացրեց: Այն համարեցին ավանդույթից հեռացած ու այդ պատճառով էլ՝ անընդունելի: Ընկերական շրջապատում միշտ աշխույժ Ռոլանդը ինքնամփոփ դարձավ, և այս «դատավճիռը» դեռ երկար էր նրան հետապնդում: Դրա փոխարեն տաղանդավոր շրջանավարտին անմիջապես գնահատեց Ջիմ Թորոսյանը և աշխատանք առաջարկեց իր արվեստանոցում: Թորոսյանի արվեստանոցն այն ժամանակ գտնվում էր նույն վայրում, ինչ և այսօր՝ «Բերմուդյան եռանկյունու» ամենակենտրոնական մասում: Այդպես էր կոչվում հայտնի երևանյան թաղամասը, որը հայտնի էր երեք սրճարաններով՝ «Պոպլավոկ», «Սկվոզնյաչոկ» ու «Համար 4 խանութի»: Անցյալ դարի 60-ականներից սկսած այստեղ էր հավաքվում մայրաքաղաքային ինտելիգենցիան, այստեղ էին հասունանում համարձակ գաղափարները, այստեղ էին պատմում ամենաթարմ անեկդոտները, որոնք միջանցիկ քամով տարածվում էին քաղաքով մեկ: Ճարտարապետներն այստեղ էին քննարկում, թե ինչ անել, որ Երևանը չենթարկվի համընդհանուր խորհրդային միանմանությանն ու չկորցնի իր դեմքը: Այստեղ էին քննարկվում նաև այն նախագծերը, որոնց ստեղծմանն անմիջական մասնակցություն էր ունենում նաև իր սերնդի ամենակիրթ ճարտարապետներից մեկը՝ Ռոլանդ Մարտիրոսյանը. պետգործկոմի, Զարգացման հայկական բանկի շենքերը, Վիենայում Ֆրանց Վերֆելի արձանը, Նորքի սրտաբանական կենտրոնը: Այնպես զուգադիպեց, որ հենց այն պահին, երբ այն ժամանակ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը կտրում էին կարմիր ժապավենը քաղաքապետարանի շենքի բացման հանդիսավոր արարողությանը, քաղաքի մյուս ծայրում, Սրտաբանական կենտրոնի պատին Ռոլանդի ընկերները հուշատախտակ էին տեղադրում ճարտարապետի անվամբ:

Վերջին մեխը

Քաղաքապետարանի թերակառույց շինությունը լուռ կշտամբանք էր երիտասարդ պետությանը: Հայկական կառավարությունն ամեն կերպ փորձում էր միջոցներ հայթայթել գոյություն ունեցող ստատուս-քվոյի փոփոխման համար: Որոշ գործարարներ այն ժամանակ նույնիսկ առաջարկում էին նախագիծը հարմարեցնել սուպերմարկետի համար: Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ: Ձգձգված շինարարության վերջին մեխը խփեց «Միջազգային բիզնես-կենտրոնը», որը 2001 թվականին

Նախագիծը ստեղծելով ազգային ճարտարապետության ոգով, հեղինակները չեն մոռացել 21-րդ դարի մասին, եվ ճարտարապետությունը չափից ավելի երեվանյան է ստացվել

Հայաստանում ստեղծել էր ռուսական ՌԱՍԿՈ կոնցեռնի նա��ագահ Կարեն Սաֆարյանը: Այստեղ էր նա սկսում իր ներդրումներն արտադրության մեջ. գնում էր չգործող գործարաններն ու վերածնում արտադրությունը, ապահովելով աշխատատեղեր, միջոցներ ներդնելով շինարարական նախագծերի մեջ: Այսօր կենտրոնը Հայաստանի խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերից մեկն է: Իսկ այն ժամանակ, 2003-ին հոլդինգը ստանձնել էր սառեցված նախագծի վերածնումը, շահագործման հանձնելով երրորդ կառավարական շենքը: Արդյունքից գոհ հանրապետության ղեկավարությունն առաջարկեց տրամաբանական ավարտի հասցնել ևս մեկ սառեցված նախագիծ՝ Երևանի քաղաքապետարանի շենքը: Մոտավոր հաշվարկներով, ներդրումները պետք է կազմեին 3 մլն դոլար, սակայն, իրականում ծախսերը հասան 5,7 միլիոնի: Ներդրողները չէին կարող թույլ տալ, որ այդ շքեղ նախագիծը զրկվեր իր գոհարից՝ հրաշագեղ ռելիեֆային քանդակներից: Վերսկսելով շինարարությունը, նրանք ավարտեցին այն մեկ տարի անց: Քաղաքի բնակիչներն այն ժամանակ նույնիսկ խաղադրույք էին կատարում՝ կհասցնե՞ն արդյոք շինարարները հայտարարված ժամկետին, թե ոչ: 2005 թվականի նոյեմբերին անասելի ձգձգված պատմությունը բարեհաջող ավարտվեց: Իհարկե, այն ժամանակ, Հայաստանն առաջարկելով գործարք, պարտք չմնաց, և դրա դիմաց հոլդինգը ստացավ երկու օբյեկտ, որոնցից մեկը դուք ճանաչում եք՝ Երևանի պետգործկոմի հին շենքն է: Բացի այդ՝ երևանյան նոր քաղաքապետարանի աշտարակը, Երևանի խորհրդանիշը: Բնականաբար, Սաֆարյանը չցանկացավ անդամահատել քաղաքապետարանն ու հրաժարվեց աշտարակից: Չնայած ֆունկցիոնալ առումով գործկոմի շենքը չէր բավարարում ժամանակակից պահանջները, այնուամենայնիվ, հանդիսանում էր մայրաքաղաքի խորհրդանիշ: Կապիտալ վերակառուցումից հետո, արտաքուստ ավելի համահունչ ու ժամանակակից դարձած շենք տեղափոխվեց հոլդինգի ստորաբաժանումներից մեկի՝ «ԱրդշինԻնվեստԲանկի» գլխավոր գրասենյակը: Իսկ Երևանն էլ մեկի փոխարեն ստացավ երկու գեղեցիկ շենք:

Էռնա Ռևազովա Հայկ Մելքոնյան


Քաղաք Արտասովոր

Քարքարոտ այգեստաններ Մի քանի տարի առաջ նախկին Երևանյան ամրոցի տարածքում նոր բնակելի համալիրի կառուցման ժամանակ հայտնաբերվել էին հեթանոսական տաճարի մնացորդներ: Հնագետները դեռ պետք է սահմանեն գտածոների տարիքը և պատմական արժեքը: Իսկ ահա նույն տեղանքում արդեն չորս տասնամյակ գործող «Վարպետ Վահանի ժայռեղեն այգին» կարելի է գնահատել սեփական աչքերով՝ ցանկացած պահի:

Հ

այաստանը քարերի երկիր է: Իսկ հմուտ ձեռքերում արվեստի նմուշների վերածված քարն արդեն ազգի հոգին է։ Վարպետ Վահանի այգում կան տասնյակ, հարյուրավոր այդպիսի նմուշներ, որոնք քարից են հղկված կամ փորագրված են ժայռերին։ Այգու տեղանքը, չնայած իր բազմադարյան պատմությանը, ոչ բոլոր երևանցիներին է հայտնի։ XVI դարում թյուրքական խաննվաճողներից մեկի կողմից կառուցված ամրոցը գտնվում էր այժմյան Երևանի «Նոյ» գինու, օղու և կոնյակի կոմբինատի մոտակայքում (նախկին Շուստովյան կոնյակի գործարանը)՝ վեր խոյանալով Հրազդանի կիրճի վրա։ Վարպետ Վահանի այգին տեղակայված է գործարանի պատերից այն կողմ և գրավում է Երևանյան ամրոցի նախկին տարածքի միայն մի մասը։ Ներքևում երևում է մասամբ պահպանված Կարմիր կամուրջը, որ կառուցվել է 1679-ին։ Այս վայրի անառիկությունը հենց բնության ձեռքի գործն է: Պատահական չէ, որ առաջին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Երևանյան ամրոցը երկու անգամ անհաջող կերպով պաշարվել է ռուսների կողմից (1804-ին Ցիցիանովի կողմից, իսկ 1808-ին՝ Գուդովիչի): Եվ միայն 1827-ի հոկտեմբերի 5-ին Երևանը գրավվեց Պասկևիչի զորքի կողմից, ինչի շնորհիվ էլ վերջինս ստացավ Էրիվանի կոմսի կոչում: Իսկ հաջորդ տարի, Թուրքմենչայի պայմանագրի պայմանների համաձայն, Էրիվանյան խանությունը մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ:

56 57

Դեկտեմբեր 2012

Ժայռեղեն այգու յուրաքանչյուր քարը մայրաքաղաքի պատմության կենդանի վկան է: Հին ամրոցի տեղում քարերի այգի ստեղծելու մասին միտքը ծագեց ինժեներ Վահան Մելքումյան-Ղազումյանի մտքում անցյալ դարի 70-ականների սկզբին: 1956 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը նախաձեռնեց Շուստովյան գործարանի հիման վրա գինու գործարանի նոր շենքի կառուցումը: Շինարարությունից հետո շատ քարեր ավելացան, հատկապես՝ բազալտ: Հենց դրանք էլ վարպետ Վահանը որոշեց օգտագործել որպես ապագա քարե քանդակների նյութ: Այգու պատմությունը մեզ ներկայացրեց վարպետ Վահանի որդին՝ Սամվել Ղազումյանը: Մի քանի տարի առաջ՝ վարպետ Վահանի մահից հետո, այգու տարածքում ուզում էին էլիտար բնակելի շենքեր կառուցել, սակայն վարպետ Վահանի ընկերների ու որդու եռանդի շնորհիվ այգին հաջողվեց փրկել: Այս վայրը «Ժայռեղեն այգի» է կոչել բանաստեղծ Հովհաննես Շիրազը, ով այստեղ տնկել է խաղողի մի տունկ, երբ 1973-ին այցելել է վարպետ Վահանին: Քանդակներից ոչ մեկը ո՛չ ձևով, ո՛չ էլ բովանդակությամբ չի կրկնվում: Եվ, այնուամենայնիվ, դրանց մեջ կա մի ընդհանուր հատկանիշ՝ բոլոր դեմքերը պայծառ են և շրջված են դեպի արևածագի կողմը: Ժայռերի վերին հարթակներին իր թևերն է փռում մի արծիվ, իսկ ներքևում երևում է եղնիկը: Ավելի ներքևում տեղակայված են «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսները, իսկ մեկ այլ վայրում խոյանում է հենց ժայռի մեջ փորված զորեղ առյուծը:


Այստեղ նաև կարելի է հիանալ վարպետի «աշխատանքային» քարանձավով, որում, իմիջիայլոց, շատ են սիրում իրենց տեսահոլովակները նկարահանել հայ երգիչները: Դրա մեջ փորված է մի օջախ, որից ծուխ դուրս չի գալիս: Ավելի ճիշտ դուրս գալիս է, բայց աննկատ՝ կորչում է ժայռի ճեղքերի մեջ: Խրճիթում չի լսվում ո՛չ հարևան ջրանցքի հոսելու ձայնը, ո՛չ շինարարության աղմուկը, ո՛չ էլ ինքնաթիռների շարժիչների ձայնը, որ ամեն 5-10 րոպեն մեկ իջնում կամ հեռանում են «Զվարթնոց» օդանավակայանից: Ի դեպ, Հրազդանի կիրճի քարանձավները բնակեցված են եղել դեռևս մարդկության զարգացման վաղ շրջանում: Այս վայրերում գտնվել են առարկաներ, որ թվագրվում են մ.թ.ա. IV-II հազարամյակներով:

Խաչքարերն ու նռնենիները լրացնում են կախարդական այգու ընդհանուր տեսքը: Խոր աշնանը դրանց վրա դեռևս կախված են լինում հասունությունից ճաքճքած պտուղները: Չնայած նրան, որ այգին գտնվում է Երևանի գրեթե կենտրոնում, այստեղ հանգստություն է տիրում: Այս եզակի վայրը զբոսաշրջիկների՝ պատմության սիրահարների համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով Սամվելը մտադիր է այգու անկյուններում տեղադրել տարածքում հայտնաբերված գտածոները: Նաև ծրագրել է զբոսաշրջավարի ուղեկցությամբ և ազգային հյուրասիրությամբ էքսկուրսային նախագիծ ստեղծել: Այս ամենի հետ մեկտեղ, իշխանությունները մտադիր են իրականացնել նաև այգու հարևանությամբ գտնվող Կարմիր կամրջի վերականգնումը:

և

Եկատերինա Կարտաշովա


Քաղաք Պատեր

Դռնեդուռ

Կար ժամանակ, երբ մայրաքաղաքի տների դռները փայտից էին, ու դրանց վրա յոթ պորտով թվային կողպեքները բացակայում էին: Հետո փայտը փոխարինվեց մետաղով, թվային կողպեքն էլ վրան՝ որպես բոնուս: Երևի դրա անհրաժեշտությունն իրոք կար: Դռների մի մասը մինչև այսօր կրնկի վրա բաց է, մի մասն էլ՝ «չըխկըլը փակ»: Բայց, միևնույն է, ամեն դռնից մի առանձին պատմություն է բուրում, բայց ոչ թե մետաղյա սառնությամբ, այլ փայտին հատուկ ջերմությամբ: ԵՐԵՎԱՆը որոշեց մոտենալ քաղաքի հին դռներին: Աբովյան 3/1 105 տարվա դուռ է: Նախկինում դռան տերը եղել է հարուստ վաճառական Խանազադովը:

Պուշկինի 38 Առաքել աղա Աֆրիկյանին պատկանող շենքի դռան մասին միակ փաստացի տեղեկությունը պահպանվում է բռնակի վրա՝ «1813թ. գերմանական արտադրություն»: 1920ականներին, ամեն շաբաթ-կիրակի Երևանի աղքատները հավաքվում էին հենց այս դռան մոտ Առաքել աղա Աֆրիկյանից յուղ, ջուր և բրինձ ստանալու: Դռան ներսում գործել է «Գավառական կոմիտեն» (ԳավառԿոմ) և «Երևանի Ցուցադրական դպրոցը», որտեղ առաջադիմությամբ փայլել են Սիլվա Կապուտիկյանն ու Սերգեյ Մերգելյանը: 1918-20 թթ. այն որպես բնակարանի դուռ է ծառայել Սարդարապատի ճակատամարտի հերոս Մովսես Սիլիկյանին: Դուռն անցել է նաև «Սովետական մանկավարժ», «Օլիմպիական ռեզերվ» ընկերությունների ձեռքի տակով:

Փավստոս Բուզանդի 41 Տիկին Կարինեն 1977թ. հարսի քողով հենց այս դռնից է ներս մտել: Այսօր արդեն դռան հետ «շփվում է» տանտիկնոջ իրավունքով՝ առանց ճերմակ քողի: Ավելի վաղ՝ 1950-ականներին, «Հայկոոպ միավորման» աշխատակիցներն են դուռը շահագործել: Տիկին Կարինեի սկեսրայրը՝ Միրաքյան Միրաքը, հրավեր է ստանում «Հայկոոպից»՝ որպես սննդի տեխնոլոգ աշխատելու համար: Այդ օրվանից դուռը դարձել է Միրաքյանների գերդաստանի պատմության փայտ վկան:

Աբովյան 8 Դռան փայտյա վաղեմության միակ վկան ցուցանակն էր՝ «Այս տանն ապրել է Աղասի Խանջյանը 1930-1936 թթ.» գրությամբ:

Դեմիրճյան 23 1950-ականներից քիչ ավելի վաղ նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի ընտանիքն է ապրել դռնից ներս, հետո՝ լեզվաբան Ղափանցյանը՝ իր ընտանիքով: Այսօր լեզվաբանի գերդաստանի թոռները՝ Անիտան, Արմանը, Արեգը և էլի ուրիշներն են շարունակում դռան հետ բարիդրացիական հարաբերությունները:

58 59

Դեկտեմբեր 2012

Արամի 54 Սսում են՝ ցարի ժամանակ՝ 30-ականներին, սա բանկի դուռ է եղել, hետո դարձել է թիվ 2-րդ հիվանդանոցի դուռ:

Դեմիրճյան 25 1956թ. սկսած՝ դռնից երաժշտության ձայն է լսվել: Դռան հետևում ապրել և ստեղծագործել են երաժշտության հետ «արյունակցական կապ» ունեցող անուններ՝ Էդուարդ Միրզոյան, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Արմեն Տիգրանյան (Ա. Տիգրանյանի թոռը), Էդուարդ Բաղդասարյան, Վաղարշակ Կոտոյան, Գրիգոր Եղիազարյան: Դուռը բացել է նաև Արամ Խաչատրյանը: Էդուարդ Միրզոյանի սանը՝ կոմպոզիտոր, պրոֆեսոր Յուրի Գևորգյանն ու նրա տիկինը՝ դաշնակահարուհի Ջուլիետա Սվասյանը այսօր այս երաժշտական դռան փառավոր անցյալի վկաներն են:

Աբովյան 28 46 տարի է՝ Աբովյան 28-ի դուռը թիֆլիսի բարբառով է «խոսում»: Թամարա Նադիվայդզեն՝ նույն ինքը Թամար բաբոն, ամուսնու՝ Ավագյան Սաշայի հետ գրեթե կես դար ներսուդուրս են անում այս դռնից: Դռան ներսում լավ ու վատ օրեր շատ են եղել, բայց ափսոս, տարիքն իրենն ասում է, դրանք հիշելու համար: «Էն վախտ էս դռան առաջին ֆրուկտովի բաղի, փայտոնի, ձի կար, համա հիմա, դրանից ավելի սիրուն տեսարան ա դռանս առաջին», — թիֆլիսահայ բարբառով ծոր է տալիս Թամար բաբոն:


Սարյան 11 Սարյան 11-ի դռնից ներս 83 տարին է բոլորել ՀՀ վաստակավոր արտիստ, ժողովրդական նկարիչ Սլավիկ Պարոնյանը: Թամանյանի նախագծի համաձայն՝ քաղաքի այս մասում միայն նկարիչներ ու ճարտարապետներ պետք է ապրեին: Հասարակ գյուղացուց մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ, մինիստրներ, նախագահներ, արվեստագետներ, ո՜վ ասես՝ չի մտել Սարյան 11-ի դռնից ներս՝ Անդրեյ Միրոնով, Լարիսա Գոլուբկինա, Պարույր Սևակ, Սիլվա Կապուտիկյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Սոս Սարգսյան, Ռաֆայել Իսրայելյան… Հենց Սարյան 11-ի դռան հետևում է, որ մի օր Անդրեյ Միրոնովը հերթական կերուխումի ժամանակ, երբ համտեսել է Սլավիկ Պարոնյանի տիկնոջ՝ բալետի պարուհի տիկին Անժելա Կապրիելովա Պարոնյանի պատրաստած թխեմալին ու բացականչել՝ Вы знаете что есть у меня? У меня есть друг Славик и тхемали…

Սարյան 13 Դռան՝ «Ճարտարապետ Վարազդատ Հարությունյան» ցուցանակը վկայում է Թամանյանի նախագծի հաջողման մասին: Այսինքն՝ Սարյան 11-ն ու Սարյան 13-ը բախտակից դռներ են և՛ տանտերերի մասնագիտությամբ, և՛ ընդունած հյուրերի թանկ անուններով:

Մհեր Մկրտչյան 6 Նախկին Ալավերդյան, Հանրապետության, հիմա արդեն Մ. Մկրտչյան 6-ի դռնից են ներս մտել ու կոմսոմոլ կամ կոմերիտական դարձած դուրս եկել խորհրդային Երևանի քաղաքացիները: 1950-ականներից դռան ներսում Չիթչյանների ընտանիքն է կյանք սկսել: Տանտիկնոջ ջանքերով դռան փայտյա կոպտությունը միայն ամռան սեզոնին է հնարավոր քողարկել փարթամ կանաչի տակ:

Պուշկինի 10 Ցավոք, Պուշկինի 10-ի դուռը շա՜տ ամուր էր փակված որևէ տեղեկություն հավաքելու համար: Չնայած ասում են, որ դռան ներսում ապրողներ կան:

Սասունցի Դավթի 50 «1930-ականներին մեր դուռը Մայակովսկի 50-նն էր, վերջերս դարձավ Ս. Դավթի 50: Բայց բոլորը որպես Բութանիա գիտեն: Ես 73 տարեկան եմ ու ինչքա՜ն հիշում եմ ՝ էս դուռը կա», — պատմում է Մարիամ տատը, — «Սա մշեցու դուռ ա, սա շեն, բայց ոչ հարուստ տան դուռ ա եղել միշտ: Դրա գաղտնիքն էն ա, որ էս դուռը երբեք փակ չի եղել ո՛ չ ներսից, ո՛չ էլ դրսից: Դռնից ներս հի՜ն թթի ծառ կա. ես եմ տնկել, երբ 5 տարեկան էի: Դռնից ներս ուրախ ու տխուր առիթներ շատ են եղել: 3 տղա եմ ունեցել: 3 հարս ու 6 թոռ եմ էս դռնից ներս բերել: Նամակների տեղը տեսա՞ք դռան վրա: Փոստատարը թաղի բոլոր նամակներն էն ժամանակ մեր դռնից էր ներս գցում, որովհետև մեր դռան ներսում միշտ մարդ կար: Մեր դռան ներսում ամուսնուս շնորհիվ, միշտ աղավնիներ են ճախրել: Էս դռան աղավնիներին ո՜ւր ասես, ո՜վ ասես՝ չի եկել-տարել նկարահանումների»:

Եզնիկ Կողբացու 50ա 1920-30-ականներին այս դռնից ներսուդուրս է արել «Հայհամերգը», իսկ 2-րդ համաշխարհայինի տարիներին եղել է զինվորական հոսպիտալի, ավելի ուշ՝ դպրոցի, հետո՝ ծննդատան դուռ: 1991-ից դուռը ծառայում է «ՍԻՄ» կուսակցությանն ու «Իրավունք» թերթին:

Մոսկովյան 24 1930-ականներին քաղաքական գործիչ, Երևանի քաղաքապետ Բադալ Մուրադյանը շատերից մեկն է եղել, ով բացել է այս դուռը: Նախկինում դուռը միայն բնակիչների, այսօր նաև գրասենյակի տերերի առաջ է բացվում: 30-ականներից մինչև հիմա դուռը մազաչափ փոփոխություն չի կրել:

Արամի 13 Տիկին Կլարան 1935թ. նորածին էր, երբ իր առաջ բացեցին նախկին Սպանդարյան, ներկայիս Արամի 13 հասցեում գտնվող այս դուռը: Ավելի վաղ դռան տեղում եղել է Ամո Խառատյանի ավտոտնակի դուռը կամ, ինչպես ժամանակակիցներն էին ասում, «Ամոյի գառաժը»: Ամոն թատերական գործիչ է եղել և 2 մեքենա է ունեցել, որոնք ծառայել են իր թատերախմբին: Ավելի ուշ «Ամոյի գառաժի» դուռը դարձել է տիկին Կլարայի պապիկի ձիանոցի դուռ:

Պուշկինի 4 Այսօր տիկին Էմման է բացում այս «սպիտակ տան» պատմության դուռը: 1898թ. մինչև հիմա դուռը ծառայել ու ծառայում է տարբեր տերերի: 1920-30 թթ. դռան հետ «դրացիություն է արել» ներկայիս բնակչուհի տիկին Էմմայի սկեսրայրը, նրանից առաջ՝ Բունիաթյանը և դերասանուհի Անիկ Մկրտչյանը: 1937-38 թթ. Բունիաթյանին հենց այս դռնից են աքսորել:

Սոնա Խաչատրյան Սուրեն Մանվելյան


քաղաք Կադրերի բաժին

Երիտասարդության պալատ, 1979 թ. 2012 թվականին ոչ միայն փլվեց Փակ շուկան և պայթեցվեց կրկեսը. ավարտին հասցվեց նաև Կուկուռուզնիկի՝ մի ինը տարի տևած ապամոնտաժման պրոցեսը: Նոյեմբերին հողին հավասարեցվեցին տարիներ շարունակ մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը համարվող կառույցի վերջին էլեմենտները: Մինչ օրս հայտնի չէ, թե ինչ շինություն կզբաղեցնի Կուկուռուզնիկի տեղը (հայտարարված մի քանի մրցույթների արդյունքում ոչ մի նախագիծ չէր հաստատվել), փոխարենը կարելի է հետադարձ հայացք նետել և տեսնել, թե ինչպես էր 1979 թվականին՝ հանրապետության ղեկավարության մասնակցությամբ բացվում Երիտասարդության պալատը՝ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի և Հրաչ Պողոսյանի ամենահայտնի գործերից մեկը: «Սովետական Հայաստան» թերթն այդ իրադարձությանը նվիրել էր «Պալատը գործում է» հոդվածը (հեղինակ՝ Խ. Մխիթարյան). «Օրերս մեծ հանդիսավորությամբ բացվեց Երևանի Երիտասարդության պալատը: Հանրապետության պատանիններն ու աղջիկները երախտագիտության ջերմ զգացումով ու անսքող հրճվանքով ընդունեցին այդ հիասքանչ նվերը: Պալատում պայմաններ են ստեղծված բովանդակալից հանգստի և ուրախ ժամանցի համար: Առաջիկա մեկ-երկու տարում շարք կմտնեն համալիրի մյուս շինությունները՝ սպորտային ու կինոդահլիճները, լողավազանը, բազմաթիվ այլ հարմարություններ, որոնք հնարավորություն կստեղծեն պալատը վերածելու երիտասարդության հետ տարվող քաղաքական-մասսայական, գեղագիտական դաստիարակության մի յուրօրինակ կենտրոնի: Նորակառույց համալիրի մասին առանձնահատուկ ջերմությամբ ու հուզմունքով է պատմում պալատի դիրեկտոր Ս. Մուրադովը: Նա այստեղ աշխատանքի անցավ, երբ գոյություն ունեին միայն նախագծերն ու ժայռակոփ բարձունքը: Եվ դիրեկտոր Մուրադովը շինարարների և ճարտարապետների հետ մեծագույն հրճվանք ապրեց, երբ պալատի դռները խինդով բացվեցին այցելուների առաջ: Օրեր են դեռևս անցել, բայց արդեն բուռն կենդանությամբ ու աշխույժով են շնչում պալատի հոյաշեն ճեմասրահները, դահլիճները, ռեստորան-սրճարանները, ցուցասրահը: Խորհրդավոր խաղաղությամբ է լցված ձայնապնակների սրահը (դիսկոտեկա): Կիսամութի մեջ լսվում են փոքրիկ սեղանների շուրջը նստած երիտասարդների շշնջոցները: Եվ հանկարծ սրահը լցվում է երաժշտության հոգեպար հնչյուններով: Մեղեդու զվարթ ռիթմի հետ խաղում, կարծես պարում են գույնզգույն լույսերը: Թվում է, թե տեսնում ես ինչպես է տարածվում երգը, որը կարծես երգ չէ, այլ գունավոր լուսատեսիլք է, որ վետվետալով հասնում է քեզ ու աննկատ փախչում, գունափոխվելով սրահում, թևածում է սրահի կամարների տակ: Հետո երգին փոխարինում է պարը, նույնպիսի գունավոր լուսախաղային ուղեկցությամբ պտտվում, պարում են զույգերը: Դիկտոր-մեկնաբանողը խորհրդավոր ձայնով ձեզ պատմում է պարի, նրա ծագման արմատների մասին, այն մասին, թե բազում տասնամյակներ առաջ մեր պապիկներն ու տատիկներն ինչպիսի զմայլանքով, հուզմունքով էին պարում այդ պարը: Մենք անաղմուկ դուրս ենք գալիս և ուղղվում դեպի մեծ ու փոքր սրահներով ռեստորանները, որոնք ձևավորված են գեղեցիկ, ճաշակով, առանց ավելորդությունների: Չափազանց գրավիչ է ընդարձակ ճեմասրահը: Այս ու այնտեղ դրված փոքրիկ սեղանների մոտ երիտասարդներ են նստած, որոնք զրուցում են, կարդում ամսագրերի ու թերթերի թարմ համարները: Ճեմասրահից կարող ես մտնել ցուցասրահը, որտեղ ցուցադրվում են կերպարվեստի մշտապես փոփոխվող նմուշներ: Իսկ ներքևում խորհրդավոր արարողություն է. Պսակադրության սրահում իրենց ամուսնությունն են գրանցում երիտասարդ զույգերը: Ամեն ինչ այստեղ պարզ է, զուսպ ու հանդիսավոր: Հատկապես գրավիչ է սրահն իր ազգային-ճարտարապետական արտահայտիչ լուծումներով՝ կամարակապ առաստաղից մինչև մետաղյա յուրօրինակ էլեկտրաջահը:

500 տեղանոց հյուրանոցի առաջին հյուրերը արտադրության երիտասարդ առաջամարտիկների հանրապետական հավաքի մասնակիցներն էին, որոնք արդեն եզրափակել են 10-րդ հնգամյակը: Հետո հյուրեր եկան Մոսկվայից, Լենինգրադից, Ռիգայից, արտասահմանյան երկրներից: Բարձրանում ենք հյուրանոցի 18-րդ հարկը, որտեղ տեղավորված է սրճարանը՝ պտտվող հատակով: Անկրկնելի գեղեցիկ համայնապատկեր է բացվում սրճարանից: Երևում է մայրաքաղաք Երևանը բոլոր կողմերից: Եվ որքան գեղեցիկ, գրավիչ և հոյաշեն է մեր մայրաքաղաքը: Եվ այս բոլորը ձեզ համար՝ երիտասարդներ, ձեր հանգստի, ուրախ ժամանցի համար, որ վաստակած աշխատանքից հետո ավելի ամբողջական զգաք ձեզ բաժին ընկած խաղաղ ու երջանիկ կյանքի ազնիվ հաճույքը»:

Մեդիամաքս գործակալության «Երևան. XX դար» նախագծի նյութերի հիման վրա

60

Դեկտեմբեր 2012



Դեկտեմբեր 2012, #12 (12)