Issuu on Google+

#10(10) 2012 Հոկտեմբեր

գլխառադ հարստություններ թանգարանային փոշին ավելանում է առանց այցելուների

ում է վ ծ ա Տար

ր

ճա վ ն ա


Հ

այ ազգին հատուկ են մեծամասշտաբ վեճերը: Մենք կարող ենք պառակտվել ամենատարբեր առիթներով: Եթե մարտի 1-ը իր հետ բերեց քաղաքական ջրբաժան, ապա բոլորովին վերջերս մենք հայտնվեցինք հակառակ կողմերում ժամանակակից արվեստի նմուշի պատճառով: Երբեք չէի մտածի, որ դա հնարավոր է, բայց հաստլիկ մերկ կնոջ բրոնզե քանդակը Կասկադի տարածքում այնպիսի տարօրինակ, եթե չասեմ՝ անիմաստ իրարանցում առաջացրեց, որ ստիպեց մտածել: Ո՞րն էր պատճառը, որ մեր հասարակության մի ստվար զանգված պատրաստ էր Լինչի դատաստանի ենթարկել հեռավոր Կոլումբիայում բնակվող մի քանդակագործի, նրա ստեղծագործությունը երևանցիներին նվիրած սփյուռքահայ մեցենատի (իսկ հիմա հիշեք՝ քանի՞ մեցենատ կա այսօր Հայաստանում) և բուն բրոնզե տիկնոջը, քանի որ նրա ֆորմաները, դիրքը և մնացած ամեն ինչը «հայեցի» չեն: Միգուցե դա նրանից է, որ մենք քի՞չ ենք այցելում թանգարաններ: Իսկ եթե այցելում ենք, ապա պարզապես շրջում ենք, նայում ենք աջ ու ձախ ու հեռանո՞ւմ: Իսկ ի՞նչ են առաջարկում մեզ քաղաքային թանգարանները: Արդյո՞ք տալիս են այն, ինչի պահանջն ունի մարդը 21-րդ դարում: Տեսե՞լ եք թանգարանում հետաքրքրությամբ էքսկուրսիա լսող դպրոցականների: Մինչդեռ արտասահմանում (իսկ մենք միշտ այցելում ենք այլ քաղաքների թանգարանները, երբ լինում ենք այնտեղ, այդպես չէ՞) ծնողների և իրենց երեխաների համար դա գրեթե նույնքան հետաքրքիր ու հիշվող ժամանց է, որքան, ասենք, զվարճանքի զբոսայգում անցկացրած օրը: Ինչո՞ւ չանել այնպես, որ մարդիկ գնան թանգարաններ ավելի հաճախ, քան տարին մեկ գիշեր՝ անվճար (թեպետ այդ միջոցառման առկայությունն ինքնին խիստ դրական երևույթ է): Օրինակ, ժամանակակից արվեստի կենտրոնը հանդգնեց դուրս գալ շենքի սահմաններից ու իր գերհարուստ հավաքածուի մի մասը հասցնել մարդկանց, որոնք հետ են սովորել ինքնուրույն դա անելուց: Եթե թանգարան-քաղաքացի կապը շարունակի խորանալ, մենք երևի էլ չունենանք համազգային տուրուդմբոցներ ամեն երկրորդ քանդակի համար: Եվ ջրբաժանների թիվը կպակասի գոնե մեկով: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


ԲՈՎԱՆԴԱԿՈւԹյՈւՆ

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04

ինչ անել Հոկտեմբերին Երևանում Կինո, թատրոն, երաժշտություն և այլ հետաքրքիր ժամանց:

16

Գրողը տանի Սպանված քաղաք Արձակագիր Նառա Վարդանյանը գրում է Երևան քաղաքի մասին:

06

անցուդարձ Ռոք թռիչք Հայաստանի ամենահայտնի ռոք-խումբը ռոքեց Համալիրը:

18

07

անցուդարձ Բեյրութ-Երևան տրանզիտ Լիբանանահայ երգչուհին ներկայացրեց ժողովրդական երգերի իր մշակումները:

այլընտրանք Սուպերմենի հայեցի արկածները Նարեկ Մարգարյանը պատկերացնում է, թե ինչպիսին կլիներ Սուպերմենը, եթե մեծանար Հայաստանում

08

09

10

նստավայր Արի տուն Լահմաջո մատուցելու գործին ճաշակով մոտեցող ռեստորանը: նստավայր ԵՐԵՎԱՆը Կալումեում ԵՐԵՎԱՆ ամսագրի հավաքույթը «Կալումե» ակումբում: զրից Վանոյի հանցանքը ՀՀ ներքին գործերի նախկին նախարարի ամենամեծ սխալի և այլ թեմաների շուրջ խոսում են երևանցի տաքսիստները:

19

այլընտրանք Ֆուտբոլ սիրող Վերան Ապացուցված է՝ ֆուտբոլ կարող են սիրել նաև աղջիկները:

20

պրոֆի Ող ՜ ջ լինեք Թամադայի մասնագիտության նրբությունները:

իմ Երևանը Եվալ յուցիայի տեսություն Եվա Սուջ յանի հեքիաթային Երևանը, որտեղ նա ապրում է ընտանիքի ու ընկերների հետ:

14

սփյուռք Առանց շտապելու Կանադահայ քանդակագործ Գևորգ Կասաբյանը սիրում է Երևանը, քանի որ ժամանակն այստեղ չի վազում:

Շապիկ՝ Սարգիս Անտոնյան

2 3

Հոկտեմբեր 2012

Խոշոր պլան Արվեստ, Կասկադ, աստիճաններ Գաֆէսճեան արվեստի նորարար կենտրոնի մոտեցումերը:

38

Կարծիք Բոտեռոր. երեք հաստլիկ՝ չհաշված հեղինակին Արմեն Օհանյանը վերլուծում է Բոտերոյի 3 քանդակների շուրջ հնչեցրած զանազան կարծիքները:

40

Հուշեր Թանկ հուշեր Երևանցիները վերհիշում են թանգարան կատարած առաջին այցը:

41

Հուշեր Թանգարանային խոստովանություն Ինչպես դասախոսը բացահայտեց թանգարանային աշխարհը:

ԹԵՄԱ

22

Հարցազրույց Հասարակ նրբություններ Երևան քաղաքի պատմության թանգարանի փոխտնօրեն Գևորգ Օրբել յանը՝ թանգարանային ոլորտի խնդիրների մասին:

24

ինֆոգրաֆիկա Ոչ բաց երկնքի տակ Երևանյան թանգարանների թվերն ու փաստերը:

26

դեմքեր Տնային պայմաններում Մարդիկ, որոնք իրենց օրվա հիմնական մասն անցկացնում են անցյալի մեծերի տներում:

32

արտասովոր Պատմական խաղ Երևանի պատմության թանգարանում կազմակերպվում են խաղային էքսկուրսիաներ:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

12

34

Նախագծի ղեկավար՝ Էդուարդ այանյան Գլխավոր խմբագիր՝ արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ արսԵն ԿիրաԿոսյան Թողարկող խմբագիր՝ արմԵն յոլյան Դիզայներ՝ անի ԿարամանուԿյան Խմբագիր՝ նԵ ԹադԵվոսյան Գրական խմբագիր՝ արքմԵնիԿ նիԿողոսյան Սրբագրիչ՝ ԳայանԵ անանյան Նկարահանումների գծով տնօրեն՝ մարիաննա իսԿանդարյան Ֆոտոխմբագիր՝ մարիամ լորԵցյան Ֆոտոմշակում՝ արմԵն ՀայրապԵտյան, արմինԵ ԳԵսիյան Էջադրում՝ արմԵն յոլյան

42

նախագիծ Թանգարան դարձած իմ ամրոց Էրեբունի արգելոց-թանգարանի՝ նոր ժամանակներին համահունչ զարգացման տարբերակը:

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Կարինա Ղազարյան, Արամ Օհանյան, Սաթենիկ Ավագյան, Նառա Վարդանյան, Նարեկ Մարգարյան, Վերա Մարտիրոսյան, Արքմենիկ Նիկողոսյան, Արեգ Դավթյան, Վարդան Ղազարյան լուսանկարներ՝ Մարիամ Լորեցյան,Արնոս Մարտիրոսյան,Սուրեն Մանվելյան,Հակոբ Բերբերյան, Լիլիթ Թովմասյան, Բիայնա Մահարի, Վարդան Ղազարյան, «Армения» գրքից («Планета» հրատարակչություն 1982 թ.), Գաֆէսճեան արվեստի կենտրոնի արխիվից, BB Media արխիվից պատկերազարդումներ՝ Սարգիս Անտոնյան, Վիլյամ Կարապետյան, Գեղամ Վարդանյան, Սեդրակ Վելիկոդնի տառատեսակ Arek Armenian by Rosetta

48

այնտեղ Մենք ձեզ ցույց կտանք Աշխարհի ոչ ավանդական թանգարանները:

50

այնտեղ Տառատեսակ թանգարան Բեռլինի տառերի թանգարանը միակն է իր տեսակի մեջ:

ՔԱՂԱՔ

52

Կարծիք Ապակենտրոնացման ճամբար Յուրի Գրիգորյանը՝ քաղաքային միջավայրի, մշակութային ժառանգության և Երևանի հեռանկարների մասին:

54

միջավայր Ժպտացող պատերի քաղաք Երևանյան սթրիթ արտի մասին խոսում են հեղինակները:

60

Կադրերի բաժին Կասկադ, 1960-ականներ Մի դրվագ Երևանի ֆոտոպատմությունից:

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸ

© 2011-2012 «ԵՐԵՎԱՆ»

Հրատարակչության տնօրեն՝ Էդուարդ Այանյան

Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Բրենդ մենեջեր՝ Սերգեյ Թումանյան

Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Էտնոպրես» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: Հղումը «ԵՐԵՎԱՆ»-ին պարտադիր է: Համարը տպագրության է հանձնվել՝ 27.09.2012

Հայաստանի Հանրապետություն, 0037, Երևան, Բաբայան 2 Հեռ.՝ +374 (10) 20 26 89, +374 (10) 20 22 89 Ֆաքս՝ +374 (10) 20 25 69 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL` www.yerevanmagazine.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 20 23 89

Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, Երևան, ՀՀ Տպաքանակ՝ 6000 օրինակ Հիմնադիր՝ «Էտնոպրես» ՓԲԸ, Ռուսաստան 123104, Մոսկվա, Մալայա Բրոննայա փող., 13, շին. 1 Հեռ.՝ +7 (495) 926 38 66 Էլ. փոստ՝ info@ethnopress.ru URL`www.yerevanmagazine.com Ամսագիրը գրանցված է Զանգվածային հաղորդակցությունների ոլորտում օրենսդրության հսկողության և ՌԴ մշակութային ժառանգության պահպանման դաշնային ծառայությունում:


ՔԱՂԱՔԱՄԵՋ ինչ անել

Հոկտեմբերին Երևանում Թատրոն գնալ

Նշել Միշել Լեգրանի հոբելյանը

Հոկտեմբերի 2-9 հեռ.՝ 53 62 33 Շեքսպիրը պնդում էր, թե աշխարհը բեմ է, մարդիկ՝ դերասաններ: Հոկտեմբերի 2-9-ը մի մեծ թատերաբեմի կվերածվի Երևանը՝ ՀԱյ ՖԵՍՏ 10-րդ թատերական միջազգային փառատոնի շրջանակներում այստեղ են ժամանելու շուրջ 200 մասնակից և հյուր՝ 25 թատերական ու պարային խմբեր 18 երկրներից:

Հոկտեմբերի 20 Արամ Խաչատրյան համերգասրահ, Մաշտոցի 46, հեռ.՝ 56 06 45 Աշունը անձրևոտ ժամանակ է: Կան ռոմանտիկ մարդիկ, ովքեր սիրում են ջրվել անձրևի տակ, բայց մեծ մասը, այդուհանդերձ, օգտվում է անձրևանոցներից: Ոմանք էլ դրանց շնորհիվ հայտնի են դառնում: Օրինակ՝ հայազգի ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանին տարիներ առաջ հռչակ են բերել «Շերբուրյան անձրևանոցները», ավելի ճիշտ այդ մյուզիքլի համար գրված երաժշտությունը: Այս տարվա հոկտեմբերի 20-ին Լեգրանն իր 80-ամյա հոբելյանը կնշի մեր քաղաքում՝ Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի օգնությամբ:

Կինո դիտել

Զմայլվել Վոլոչկովայով

Հոկտոմբերի 24-28 Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում, Վարդանանց 18, հեռ.՝ 54 05 28 «Մոսկվա» կինոթատրոն, Աբովյան 18, հեռ.՝ 52 12 10 Ժամանակին երևանյան բակերում «Ո՞վ ես դու» հարցին պատասխան չէին տալիս՝ կռիվ էր սկսվում: Իսկ ահա երիտասարդ հայ կինոգրծիչները չեն զլանում և իրենց ինքնությունը ներկայացնում են ստեղծագործություններով, որոնք արդեն 7-րդ անգամ կցուցադրվեն Երևանում «Ես եմ» կինոփառատոնի շրջանակում: Բացման և փակման ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ փառատոնային մյուս օրերի կինոդիտումները կանցկացվեն Կինեմատոգրաֆիստների միավորման շենքում: Ընդհանուր առմամբ ներկայացված է լինելու 100-ից ավելի ֆիլմ տարբեր երկրներից (ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա, Ուզբեկստան և այլն):

Հոկտեմբերի 17 Արամ Խաչատրյան համերգասրահ, Մաշտոցի 46, հեռ.՝ 56 06 45 Սկանդալները կարող են տապալել մարդու կյանքն ու կարյերան, բայց հմուտ ձեռքերում կարող են համբավի նոր ալիք բարձրացնել: Նման մի բան տեղի ունեցավ Անաստասիա Վոլոչկովայի հետ, որը մի քանի տարի առաջ մեծ աղմուկով լքեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնը, ինչից հետո հեռացավ բալետից: Բայց պարել շարունակեց: Նրա երևանյան պարային շոուն, օրինակ, կուղեկցվի օպերայի և ակրոբատիկ բալետի աստղերի մասնակցությամբ:

Հետադարձ հայացք նետել Երևանի անցյալին Հոկտեմբերի 11 Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Կասկադ, հեռ.՝ 54 19 32 Երևանը տարեցտարի կորցնում է իր անցյալը հիշող շենքերը, բայց պատկերները դեռ ապրում են և հնարավորություն տալիս համեմատելու հինն ու նորը: Քաղաքի պատմությունը սիրողները հոկտեմբերի 11-ին կարող են այցելել Գաֆէսճեան արվեստի կենտրոն, որտեղ կբացվի «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսը: Այստեղ կներկայացվեն Երևան քաղաքի պատմության թանգարանի աշխատանքները՝ գեղանկար և գրաֆիկա, ինչպես նաև PanArmenian PHOTO գործակալության լուսանկա��ները:

4 5

Հոկտեմբեր 2012


1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

Չհուսահատվել և երկրպագել

Պարել, պարել մինչև վերջ

Հոկտեմբերի 12 «Հրազդան» կենտրոնական մարզադաշտ, Հրազդանի կիրճ, 4/1, հեռ.՝ 58 51 91 Իտալիան սիրում են բոլորը՝ ճարտարապետության, երաժշտության, պատմության, պիցայի և Տոտո Կուտունյոյի համար: Բայց մոտակա մեկ տարվա ընթացքում այդ երկրի ֆուտբոլային հավաքականը մեր մրցակիցներից մեկն է: Եվ չնայած 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին երկու խաղերում մերոնց ցույց տված ոչ ամենալավ խաղին և ոչ ամենալավ արդյունքներին հոկտեմբերի 12-ին արժե լինել վերակառուցված «Հրազդան» մարզադաշտում և երկրպագել հավաքականին աշխարհի քառակի չեմպիոնների դեմ կարևորագույն խաղում:

Հոկտետմբերի 27-ին, հեռ.՝ 094 04 08 74 Ասում են հայերը պարել սիրող ժողովուրդ են: Հոկտեմբերի 27-ին Երևանում կպարեն ոչ միայն հայկական, այլ բազմաթիվ այլ ոճի պարեր՝ տարբեր երկրներից ժամանած մասնակիցները: Առիթը 4-րդ համահայկական պարային օլիմպիադան է, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու պարողներ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլն: Օլիմպիադան անցկացվում է բոլոր պարային ուղղություններով:

Հիանալ շներով

Հոկտեմբերի 14 Հեռ.՝ 56 01 19 Ասում են, որ շները սովորաբար նման են լինում իրենց տերերին: Այդ կարծիքը հնարավոր կլինի ստուգել հոկտեմբերի 14-ին, երբ մայրաքաղաքի շները, նրանց տերերն ու բոլոր հետաքրքրվածները կմասնակցեն Կինոլոգիական միջազգային ցուցահանդեսին, որին կներկայացվեն տարբեր տեսակների պատկանող շներ: Ցուցահանդեսը Հայաստանի կինոլոգիական կինոլոգիասպորտային միության կողմից անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Մասնակցության հայտեր ընդունվել են Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից ու Հայաստանից: Չորքոտանի մասնակիցների թիվը կհասնի մոտ 150-160-ի: Մարդու ընկերոջ համար նախատեսված են նաև մի շարք մրցանակներ:

Նոր հայկական կինոկատակերգություն դիտել Հոկտեմբերի 5-ից «Մոսկվա» կինոթատրոն, Աբովյան 18, հեռ.՝ 52 12 10 Այս տարվա հուլիսին երևանցիները «Ոսկե ծիրանի» բացման օրը հնարավորություն ստացան դիտելու հայրենական կինոյի պատմության մեջ առաջին կատակերգությունը՝ Համո Բեկնազարյանի «Շորն ու Շորշորը»: Եվ ահա, դրա լույս տեսնելուց շուրջ 86 տարի անց մեծ էկրան է բարձրանում հերթական կոմեդիան՝ տարիների փորձը ցույց է տալիս, որ հայ ազգը սիրում է լիաթոք ծիծաղել: «Poker.am» կինոնկարը ռոմանտիկ կատակերգություն է, այս ժանրում արդեն լուրջ փորձ ձեռք բերած նկարահանող խմբից՝ ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի գլխավորությամբ, իսկ գլխավոր դերերում Հովհաննես Ազոյանն ու Միշոն են: Հոկտեմբերին կինո «Մոսկվայում» նաև կարելի է դիտել «Պատանդը 2» մարտաֆիլմը (ամսի 4-ից) և «Աստերիքսն ու Օբելիքսը Բրիտանիայում» ֆրանսիական կատակերգությունը (ամսի 24-ից):


ՔԱՂԱՔԱՄԵՋ անցուդարձ

Ռոք թռիչք Սեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Դորիանս» խմբի համերգը ռոքեց մայրաքաղաքը: Այդ օրը դորիանների հետ բեմում էին Dream Theatre խմբի նախկին անդամ, Planet X խմբի հիմնադիր, այժմ էլ Black Country Communion սուպերխմբի ստեղնաշարային գործիքներ նվագող Դերեք Շերինյանն ու Deep Purple-ի նախկին անդամ, բաս կիթառահար ու վոկալիստ Գլեն Հյուզը: Տարվա առայժմ ամենալուրջ ռոք համերգը ավելի քան հաջող ստացվեց:

Հ

ամերգը սկսված է, առաջին հնչյունները գրկում են դահլիճը: Հանդիսատեսը միանգամից կռահում է երգը՝ Brave-ը, ու ծափահարություններով ողջունում տղաներին: Բայց բեմում տարածված ծխի մեջ դեռ ոչինչ չի երևում: Հեռվից լսվում է միայն Արթուր Գրիգորյանի ղեկավարած Երգի պետական թատրոնի երգիչների բեք վոկալը: Ծուխը վերջապես ցրվում է, ու հայտնվում է արդեն ծանոթ ու սիրված կերպարի ուրվագիծը: Սև բաճկոնով, ջինսե տաբատով, երկար մազերով ու վեհ կեցվածքով «Դորիանսի» վոկալիստ Գոռ Սուջյանը բարձրացնում է ձեռքերն ու հավաքվածներին ներկայանում իր ձայնի ողջ հզորությամբ: Բեմում արդեն երևում են խմբի մյուս անդամները՝ կիթառահար Գագասը, բաս կիթառահար Էդգարը, ստեղնաշարային Արմանն ու հարվածային Մանչը: Մի քանի երգ կատարելուց հետո Գոռը բեմ է հրավիրում Դերեք Շերինյանին, ով ողջ համերգի ընթացքում նվագակցում է տղաներին: «Եվրատեսիլյան» թեժ քննարկումների առարկաներից մեկը դարձած This is our World երգի ընթացքում հանդիսատեսը այլևս անկարող է դառնում նստել տեղերում ու գրավում է բեմի առջևի հատվածը՝ այնտեղից վայելելու You and Me-ն, In Fog-ը, Phsycic Rain-ը, տղաներին հաջողություն բերած Fly-ն ու մյուս սիրված երգերը: Երբ թվում է, թե ավելի լավ արդեն լինել չի կարող, Գոռը հայտարարում է՝ «Դիմավորեք, Գլեեեե՜ն Հյո՜ւզզզ»: Բղավոցների նոր ալիք է անցնում դահլիճով: Burn, Song of Yesterday ու Mistreated երգերը Գլենը կատարում է Գոռի հետ այնպես, կարծես ողջ կյանքի ընթացքում նրանք միասին են ելույթ ունեցել: Գլենը լքում է բեմը, բայց դահլիճից հեռանալ հանդիսատեսը չի շտապում ու միաձայն կատարում է «Ես Կուլամ»-ը: Հնչում է Life is Really Beautiful երգն ու հավատարիմ երկրպագուները կռահում են՝ սա համերգի ավարտն է:

…Մոսկվայում աստղաֆիզիկոս և բազմաթիվ ռոք աստղերի ընկեր Գարիկ Իսրայելյանի հետ հանդիպումը ճակատագրական դարձավ տղաների համար: «Դորիանսի» ստեղծագործական հետագա նպատակների մասին երկար զրուցելուց հետո, Գարիկը առաջարկել էր ցույց տալ խմբի երգերը Դերեք Շերինյանին: Վերջինս էլ, լսելով ձայնասկավառակը, համատեղ համագործակցության առաջարկ էր արել: Հաջորդ քայլը նախագծի մեջ Գլեն Հյուզին ներգրավելն էր: Երաժիշտը ևս համաձայնել էր համագործակցել: Համագործակցության արդյունքն արդեն պատմություն է: Ի դեպ, Համալիրի համերգը դեռ վերջը չէր: Նույն կազմով երաժիշտները մեկնեցին նաև Արցախ: Մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում անվճար համերգը նույնպես պատմական էր՝ Արցախի համար: Առաջին հայացքից քչախոս հանճար Գլեն Հյուզը շատախոս էր իր թվիթերում: Երևանից ու Արցախից բազմաթիվ լուսանկարներ տեղադրելու հետ մեկտեղ երաժիշտը թվիթում էր այստեղ անցկացրած օրերի մասին: Ելնելով կարճ հաղորդագրություններից, հռչակավոր ռոքերը գոհ էր ինչպես ճամփորդությունից, այնպես էլ համերգներից: «Այն պահին, երբ Գլեն Հյուզը բեմ դուրս եկավ, ես պարզապես ֆանատի վերածվեցի, ուզում էի բեմից ներքև իջնել, գոռալ ու վայելել նրա ելույթը: Նրա հետ շփումից շատ բան փոխվեց իմ մեջ՝ պրոֆեսիոնալ ու մարդկային առումներով: Այդ օրերը հրաշք էին», — իր հերթին հիշում է Գոռ Սուջյանը: 2013 թվականի հունվարին դորիանները կմեկնեն Լոս Անջելես, Դերեք Շերինյանի ստուդիա, որտեղ իր անմիջական մասնակցությամբ կձայնագրվի «Դորիանսի» երկրորդ ձայնասկավառակը: Գլեն Հյուզը, իր հերթին, ցանկություն է հայտնել մասնակցել ձայնագրություններին: Դա նշանակում է, որ նոր երգերն ու նոր համերգները առջևում են: Երևանը դրանց պատրաստ է:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան

6 7

Հոկտեմբեր 2012


Բեյրութ-Երևան տրանզիտ Bourbon st. ակումբում տեղի ունեցավ պատմական հայրենիքը առաջին անգամ այցելած լիբանանցի երգչուհի Այլին Խաչադուրյանի համերգը:

Բ

եյրութում ծնված Խաչադուրյանի կարծիքով ռոքային գործիքավորմամբ հայկական ազգային երաժշտությունը շատ ավելի մոտ է ժամանակակից երիտասարդությանը, որը հեռացել է սեփական մշակութային ժառանգությունից: Այդ պատճառով էլ 2008-ին նա ձայնագրել է ամբողջովին հայալեզու ալբոմը՝ Midan-ը («Իմ տունը»), որտեղ հայկական ժողովրդականը հանդիպեց ալտերնատիվ ռոքին: Հայաստանում առայժմ ոչ լայնորեն հայտնի երգչուհին Երևան էր ժամանել Deem Communications կազմակերպության հրավերով: Այդ երեկո Bourbon st.-ի՝ ռոք համերգ ակնկալող այցելուները կարծես մի փոքր շփոթվել էին էլեկտրոնային կիթառների, ուժեղացուցիչների և անգամ հարվածային գործիքների բացակայությունից: Սակայն ոչ ոք չհասցրեց հիասթափվել: Համերգից առաջ մեծ էկրանի վրա ցուցադրվեցին Այլինի երկու տեսահոլովակները՝ «Գարուն ա» և «Զարթնիր որդյակ» (հաճելի անակնկալ դարձավ Այլինի վերջին հոլովակի ռեժիսոր Միշել Հալիթի ներկայությունը դահլիճում): Ցուցադրությունից հետո արդեն պարզվեց, որ համերգն ակուստիկ է՝ Այլինը ելույթ ունեցավ կիթառահար Րաֆֆի Վարդանյանի նվագակցությամբ: Զարմանալի է, բայց ակուստիկ կատարումը իր հզորությամբ չզիջեց բնօրինակին: Ներկայացվեցին նոր ստեղծագործություններ, ընդ որում դրանցից մեկը՝ «Թիթեռնիկը», հենց Րաֆֆի Վարդանյանն է գրել (նա Այլինի նոր ալբոմի մի շարք երգերի հեղինակն է նաև): Այլինի ձայնը մաքուր է, այն հարմարվում է յուրաքանչյուր նյութի: Ինչպես հայկական երգերը, այնպես էլ

համերգի վերջում հնչած բիթլզյան Hey Jude-ը, հանդիսատեսն այնպես էր ընդունում, ասես հենց դա էր միակ և իդեալական կատարումը: Հատկապես հաճելի էր «Նուբար» և «Սարի սիրուն յար» երգերի պես հայտնի ստեղծագործությունների պարզ ու անկեղծ կատարումը: Հարկ է նշել, որ Bourbon st.-ի դահլիճը այնքան լի էր, որ մարդիկ ստիպված էին կանգնած մնալ և անգամ նստել սեղանների միջև ընկած անցումներին: Գրեթե բոլոր երգերի ժամանակ հանդիսատեսը միաբան երգակցում էր: Ցավոք, ելույթը զարմանալիորեն շուտ ավարտվեց: Հանդիսատեսը հրաժարվում էր Այլինին բեմից բաց թողնել և դահլիճի տարբեր մասերից հնչող «բի՜սը» տվեց իր արդյունքը՝ Այլինն արդեն առանց կիթառահարի նվագակցության կատարեց «Զարթիր, որդյակ» երգը: Դահլիճը կրկին հոտնկայս ծափահարում էր՝ հուսալով կրկին ունկնդրել Այլինի երգերից: Այդ ամենից զգացված լինելով՝ Այլինը հանդիսատեսից թույլտվություն խնդրեց կատարելու հին արաբական երգ: Եվ անգամ արաբական ժողովրդական երգը իր կատարմամբ մի տեսակ հայկական հնչեց: Նույնիսկ համերգի ավարտից հետո, երբ Այլինը բեմից իջել էր, ծափահարությունները չէին դադարում: Երկրպագուներն ու ընկերները սիրով նրան ծաղկեփնջեր էին նվիրում և փոխանցում նոր գնված ալբոմը՝ ստորագրություն ստանալու համար: Նրանց, ովքեր չհասցրեցին վերցնել ստորագրություն կամ ընդհանրապես բաց թողեցին այս ելույթը, մնում է հուսալ, որ մոտ ապագայում Այլին Խաչադուրյանը դեռ կվերադառնա: Եվ այս անգամ ռոքային գործիքները անպայման կլինեն բեմում:

և

Վարդան Ղազարյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ նստավայր

Արի տուն Սովորաբար, այն վայրերում, որտեղ մատուցվում է «արևելյան պիցա», այսինքն՝ լահմաջո, ներքին հարդարմանն ու իմիջին մ��ծ ուշադրություն չեն դարձնում. պլաստմասե սեղաններ, որոնք հրաշքով են հորիզոնական դիրքում մնում, աթոռներ, սփռոցներ, որ վերջին անգամ երևի 90-ականներին են լվացքի մեքենայում հայտնվել և, իհարկե, փոշի: Այդուհանդերձ, Երևանում կա նաև մի վայր, որտեղ լահմաջո մատուցելու գործին փորձել են ճաշակով մոտենալ:

Կ

ան ուտեստներ, որոնք այնքան հանրաճանաչ են, որ անհայտ է անգամ դրանց պատմությունը: Հենց այդպես ոչ ոք չի հիշում ո՛չ առաջին լահմաջո թխած մարդու անունը, ո՛չ էլ այն, թե ինչ պայմաններում է նա դա արել: Սակայն լահմաջոն իր էթնիկ կերակուրը հռչակելու համար պայքարում է մի քանի տասնյակ երկիր: Այնպես որ կարելի է ասել, որ այն միջազգային ուտեստ է: Հայաստանում էլ այն պատրաստում են նույնքան մանրակրկիտ, որքան տոլմա են փաթաթում կամ խաշ դնում: «Տուն լահմաջոն» փոքրիկ հաստատություն է Հյուսիսային պողոտայի հետնաբակերում՝ այնտեղ, որտեղ վերջանում է հին Երևանը և սկսվում է նորը: Բացօթյա հատվածում ամեն ինչ սովորական է. էթնիկ ոճի փայտե սեղաններ, սովորական աթոռներ և նստարան-ճոճանակներ: Տարօրինակությունները սկսվում են դռան մոտ տեղակայված ժանգոտ երկաթե աթոռակի վրա հարմարեցված նրբագեղ բրոնզե արձանիկից: Ներսում այնքան մանր-մունր իրեր կան, որ դժվար է ուշադրությունը կենտրոնացնել մի բանի վրա: Խորտկարանի հավաքածուն լի է տարատեսակ հնություններով՝ կավե ծաղկամաններ, վեհաշուք մոմակալներ, նախշավոր նարգիլեներ, հին դատարկ շշեր, խորհրդային ռադիո և հեռախոս, գրեթե ժամանակակից օդափոխիչ և գիշերային մեգապոլիսի մեծ լուսանկար: Այս ամենը լրացնում են պատուհանի փայտե շրջանակները և քարե պատերը: Ուշադրություն են գրավում նաև չորացած նռներով ցանցավոր պարկերը, որոնց վրա նստած փոշին վաղուց ոչ մաքրել են, ոչ էլ քամին է քշել: Այս ամենը, իհարկե, ունի իր «գրավչությունը», և նույնիսկ սանիտարական նորմերի անտեսված լինելը չի կարող այն քողարկել: Սա իսկապես «տուն» է, շատ-շատ հին տուն: Սակայն այս ինտերյերում ուտեստները պատրաստող ու մատուցող ժիր տղաներն ու փոքր նոթատետրով զգուշավոր գանձապահը կարծես խախտում են ժանրի նրբությունները: Ինչևէ, դա փոխհատուցվում է նրանց թխածի հիանալի համով: Այստեղ կա լահմաջոյի երկու տեսակ՝ մսով (450 դր.) և պանրով (700 դր.): Երկուսն էլ տեղը տեղին են մատուցվում՝ մեկ քառորդ կիտրոնով: Սակայն, եթե դուք բուսակեր եք, մի խաբվեք «պանրով» բառին. պանիրն այս պարագայում զուտ հավելում է մսին: Թանը կարելի է պատվիրել շշով (մեկ անձի համար 200 դր.) կամ կուժով (700 դր.): «Տուն լահմաջոյի» մենյուում բացի լահմաջոյից կա նաև խորովածի ու քյաբաբի 12 տեսակ (600–700 դր.) և շաուրմայի 6 տեսակ (700-1700 դր.): Բացի այդ, կան աղցաններ, խորտիկներ, առաջին և երկրորդ ճաշատեսակներ: Շեշտը, իհարկե, արևելյան խոհանոցի վրա է: Ալկոհոլային ըմպելիքները նույնպես սակավ չեն, միայն գարեջրից մատուցվում է 10 տեսակ (500-1200 դր.): Այստեղ պատրաստում են գործից հասկացողները ու համարձակորեն կարելի է պատվիրել ոչ միայն «արևելյան պիցան»: Չնայած, մյուս կողմից, գնալ «Տուն» և լահմաջո չհամտեսել նույնքան տարօրինակ է, որքան երկաթյա աթոռակի վրա տեղավորված բրոնզե տղան:

Կարինա Ղազարյան Լիլիթ Թովմասյան

8 9

Հոկտեմբեր 2012


ԵՐԵՎԱՆԸ «Կալումեում» Սեպտեմբերի ջերմ կիրակիներից մեկին ԵՐԵՎԱՆ ամսագիրը հրավիրեց իր ընթերցողներին «Կալումե» էթնիկ փաբ, նշելու հերթական՝ իններորդ համարի լույս ընծայումը: Այո, իննը բնավ հոբելյանական «կլոր» թիվ չէ, բայց լավ ուրախանալու համար մեզ առիթներ պետք չեն: Հավաքվածներին, որոնք հետաքրքրությամբ թերթում էին ամսագրի «ֆուտբոլային» համարը, ամսագրի գլխավոր խմբագիրը խոստացավ, որ ԵՐԵՎԱՆը շարունակելու է ներկայացնել հարազատ քաղաքի կյանքն իր ողջ բազմազանությամբ, իսկ «Կալումեն» ապահովեց բարձր գարեջրային տրամադրությունը:


ՔԱՂԱՔԱՄԵՋ զրից

Վանոյի հանցանքը ՀՀ ներքին գործերի նախկին նախարարի ամենամեծ սխալի, ցուրտումութի լավ կողմերի, հոմոֆոբիայի դրսևորման վառ օրինակի, մայրաքաղաքի ահռելի չափսերի և այլ թեմաների շուրջ խոսում են երևանցի տաքսիստները: Ես Մասիվի սադից, որ աջ եմ թեքվում չէ՞, ամեն անգամ հիշում եմ մեր ախպեր Կոսծյայի շան պանիխիդան: Հա-հա, շան տղա ըլնի խաբողը: Կոսծյայի շունը մեռել էր, ինքը նենց էր նեղվել, որ ամոթել ա ասել, բայց մերը մեռներ՝ տենց չլացեր երևի: Ասում էին Կոսծյայի մորքուրը մլիցայ ա եղել, հետո սպանել են ու դրանից հետո էս Կոսծյայի յանը տարել էր մի թավուր: Մորքուրի շանը պաշտում էր: Վերջը էս շունը որ մեռավ, գնացինք կարգով, ձևով պանիխիդա՝ ցավակցելու: Գիշերը մեր գյուղից լապատկա ու քլունգ բերել տվի ու սկսեցինք սադի մեջ փոս փորել: Մինչև փորինք էկանք, էս Կոսծյայի մերը էս շանը նենց ուպակովկա էր արել, սենց քառակուսի, սպիտակ տոպռակներով, կյանքում չէիր իմանա մեջը ինչա: Վերջը, վերցրինք Կոսծյայի շանը ու հանձնեցինք հողին: Է՜հ, հողը թեթև ընլի:

10 11

Հոկտեմբեր 2012

Ես ծաղկավաճառ եմ, տաքսու շոֆեռ չեմ: Իմ կարծիքով աշխարհում մի հատ լավ գործ կա ու էտ ծաղիկ ծախելն ա: Հիմա ձեզ հասարակ օրինակ բերեմ, ինձ մի հատ մասնագիտություն ասեք, ասենք նենց ֆիզիկոս-միզիկոս չես, նենց ռաբոչի, սովորական, բայց էական մասնագիտություն: Այ, տեսնում ե՞ք, ինչ էլ ասեք՝ սլեսար, զիբիլչիկ, տաքսու շոֆեռ կամ ասենք էս ժամանակակիցներից՝ դիզայներ, ինչ գիտեմ ինչ: Դրանցից ոչ մեկի արձանը Երևանում չկա: Մի հատ բանվոր կար, դրան էլ պաշտոնանկ արին: Մի հատ ծաղիկ ծախողի արձան կա սաղ Երևանում: Էտ ինչ ա՞ նշանակում: Նշանակում ա, որ էտ հարգի մասնագիտություն ա ու որ մարդիկ էնքան են խորացել դրա կարևորության մեջ, որ ծաղիկ ծախողին կանգնացրել են քաղաքի մեշտեղը: Մենք էլ չլնենք, էս քաղաքում մարդիկ կմոռանան բույս-բուսականություն: Ծաղիկները մեզնից ազնիվ են, որ ձեռք ես տալիս չէ՞, խաբել չունի, հաստատ ասում ա, քանի օրվայ ա, ինչքան կդիմանա դեռ: Ինձ որ լիներ, սաղ քաղաքը ծաղիկ կցանեի, մի օր էլ Երևանը կդառնար Ծաղկավան:

Քսան տարի ա շվի եմ նվագում, չեմ կարող թողնել՝ երաժշտությունը արյանս մեջ ա: Բայց էսօրվա Հայաստանում կարա՞ս երաժշտությամբ ապրես: Մի ժամանակ փռում էի աշխատում, հետո ինտերնետ կլուբ բացեցի: Հետո փակեցի ու սկսեցի տաքսի քշել: Լիքը ընկերներ ունեմ, որ ժամանակին փախան ստեղից, որ դրսում իրանց երաժշտությամբ զբաղվեն: Հա, Ամերիկայում նվագում են, բայց մեկը ձեռի հետ ոսկերիչ ա աշխատում, մյուսն էլ էլի տաքսի ա քշում: Բայց Ամերիկայում:

Ասում են էլի, ի՞նչ տարբերություն՝ ստեղ ե՞ս տաքսու շոֆեռ, թե՞՝ Իսպանիա: Կամ մինչև էս բանվորության վրա էի Իսպանիա, ասում են՝ թե բա արի ստեղ էտ նույնը արա, զատո քո քաղաքում կլինես: Ախր էս մեր քաղաքի բախտը չի բերել, չի բերել, եղանակի հարցում էլ չի բերել: Կամ վառվում ես կամ սառում ես: Իսկ Իսպանիայու՜մ: Պլյաժի կողը ասֆալտ էինք փռում: Ժամը մեկը խփում էր, ի՞նչ էինք անում, հայդե՝ օվկիանոս թարմանալու: Այ էտ թագավորական էր: Արդեն էնքան էինք լողցել, որ զզվել էինք, պահի տակ դաժե կարոտում էի կռուշկով լողանալուն:


Երևանը անունով ա փոքր, բայց էնքան ծակ ու ճյուղ ունի՝ հա՛ ման գաս, հա՛ չես հիշի: Մեկմեկ նենց տեղեր եմ մտնում, հետո կես ժամ չեմ կարում դուս գամ: Քաղաքի տղա չեմ, մեր գյուղում մի հատ օբշի ճամփայ ա ու մնացած փողոցները կամ դրանից աջ են կամ՝ ձախ: Ստեղի ճամփեքը, որ սաղ հիշի մարդ, ուրեմն պիտի ուղեղը հանեն տեղը չիպ ա, չիփս ա, ինչ ա, վերջը, դրանից դնեն: Հարցնելու ջանը սաղ ըլնի, մանավանդ էն կորած թաղերում միշտ բարի բիձեք են լինում, դրանք էլ որ չլինեին, դրանք են իմ քարտեզը, հիմա դրան ոնց են ասում, դե էն էլի, որ ավտոյի մեջ մի հատ աղջիկ հա ասում ա, ոնց գնաս, որ քո ուզած տեղը հայտնվես, հիմա Երևանի պարագայում էտ աղջիկը անելու բան չունի, ես թաղի բիձեքի ցավը տանեմ:

Էս որ հիմա Վանոյի մասին էսքան խոսում են, չեն հասկանում ինքը ինչքան վնաս ա տվել մեր երկրին: Ամենաահավոր բանը, որ արել ա՝ գողական համակարգն ա վարի տվել: Էն ժամանակ որ գաղափարը կար, կարգուկանոն կար, մարդիկ իրար հարգում էին, գիտեիր՝ հարցերը ոնց կարաս լուծես: Բռնեց գողերին նստացրեց, հիմա էլ սենց բարդակի մեջ ենք:

Մի օր մեկը նստավ, արդեն լավ ուշ էր: Մեկ էլ ասեց քշի քաղաքապետարան, էն այգու դեմը: Ֆռացի, նայում եմ, ոնց որ նոռմալ մուժիկ ա էրևում: Ասի լավ՝ քշեմ: Հասանք, էս մարդը, թե բա մի րոպե տեղ չգնաս: Իջավ, տեղում էլ 3 հոգի նանար են կանգնած: Դե վերջը չգիտեմ՝ տղա են, աղջիկ են, ինչ են, բայց որ դրանց պես սիրուն կնիկ չեմ տեսել, էտ հաստատ: Էս կլիենտս քաշեց սրանցից մեկին ու հո չի տփում, հո չի խփում: Քֆուր ա, որ տալիս ա, թե բա՝ էտ ո՞ւմ քաղաքում եք ձեզ լավ քուրիկի տեղ դրել, ապերնե՛ր: Էտ քուրիկն էլ՝ թե բա հա, բայց ես ի՞նչ եմ անում, ես իմ կյանքով եմ ապրում, դուք՝ ձեր: Վերջը, էս մարդուն քաշել եմ մի կողմ, ասում եմ՝ արի գնանք, հեսա միլիցա կգա, գործ չունես: Կլիենտիս քեֆն էլ մի քիչ լավ էր, ասում ա՝ չէ՛, թո՛ղ, ես պտի քաղաքիս պատիվը պահեմ: Մինչև էտ մարդուն տուն տարա, հոգիս դուս եկավ:

Հիմիկվա երգերը չեմ հասկանում, փոփ ա, ռոք ա, եսիմինչ ա՝ չեմ հասկանում ու վերջ: Նենց չի որ չեմ փորձել լսել, լսել եմ, բայց դե դրա իմաստը ասենք ո՞րն ա: Տղաս սաղ օրը ինչ-որ տենց բաներ ա լսում՝ չեմ հասկանում: Բայց ինքն էլ ջոկում ա, նորմալ բաներ էլ ա լսում: Մի օր գնացինք խորոված ուտելու ընտանիքով, ասի՝ տղես, մի հատ էս դուդուկը լսի: Բայց ոչ թե խորովածդ կեր, երգն էլ թող իրա համար գնա, այլ լսի էլի, խորացի: Հետո էլ գնացինք Թաթայի էն համերգին ստադիոնում: Այ ախպեր, էդ ովքե՞ր էին դրանից առաջ մի ժամ երգում: Ինչ-որ ջահելներ էին, գլուխս տարան իրանց անիմաստ երգերով: Ռաբիզը ուրիշ ա էլի, իմաստ կա մեջը:

Էս քաղաքի ժողովուրդը լռիվ օղբատ են: Մի հատ գյադա կա, դրա անունը 7000-նոց եմ դրել: Ուրեմն մի օր կայնած եմ, էկավ, թե բա՝ կլինի՞ կնգաս ու էրեխուս տանես Էջմիածին, ասի հա՝ 3000: Էսի թե բա՝ կնգաս մոտ 10000 ա, դու մանր ունե՞ս տաս, ասի՝ հա ունեմ, ասեց՝ դե տուր, հեսա կնիկս իջնում ա: Հանեցի տվեցի, բայց մեջս կասկած մտավ: Դե ես էլ ջանավոր եմ էլի, բարբա պարապած, ավտոյից իջա, էս գյադեն վախցավ, թե ինչ, ասեց՝ էս մանրդ վեկալ, կնիկս փոշմանել ա: Ասի՝ լավ: Անցավ մի ամիս, էս գյադեն էլի նստավ ու՝ նույն սցենարով: Ասի՝ լավ, հելե էսօր էլ սրա փողը տամ, տենամ էսօ՞ր ինչ կռուտիտ կհորինի: Էլի իմ գաբարիտներից վախցավ: Անցավ էլի մի երկու ամիս ու որ էս տղեն արդեն երրորդ անգամ նստավ իմ ավտոն, ես էլ չ��իմացա: Ասի՝ ապե՛ր, մի րոպե, ե՛ս ասեմ էլի սցենարը: Էս տղեն դառավ սովետական, գույնը թափած, տոլի կարմիր, տոլի ժանգոտ գազի բալոնի գույն ու նենց վազավ՝ ոնցոր ջայլամ:

Նե Թադևոսյան Բիայնա Մահարի


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևանը

Եվալյուցիայի տեսություն Եվա Սուջյանի երակներով երաժշտություն է հոսում. նրա հայրը Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մկրտիչ Սուջյանն է, եղբայրը՝ «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռը, ինքն էլ սեփական աստղն է վառել երևանյան ռոքային երկնքում: Բեմից դուրս նա չափազանց համեստ, նուրբ ու զգացմունքային կին է, ով ստեղծել է իր հեքիաթային Երևանն ու ապրում է այնտեղ սիրելի ամուսնու, ընտանիքի ու ընկերների հետ:

12 13

Հոկտեմբեր 2012


Մարգարյան ծննդատանն եմ ծնվել՝ առավոտյան ժամը 6-ին: Մայրս պատմում է, որ ընդհանրապես չէի լացում: Ոչինչ չէր հուշում, որ երգչուհի եմ դառնալու: Մի փոքր մեծացա ու երեխաներից մեկից լացել սովորեցի, հասկացա, որ դրա միջոցով իմ ուզածին կարող եմ հասնել: Սասունցի Դավթի արձանը, իմ կարծիքով, գլուխգործոց է: Կայարանի հարակից շենքում եմ մեծացել. ու այդ հուշարձանը միշտ ոգեշնչել է ինձ: Երբ տեղափոխվեցինք Մասիվ, սկսեցի կարոտել: Կայարանի մեր տան բակում ռոք համերգներ էինք կազմակերպում: Գոռը պղնձե ամանների վրա հարվածային գործիքներ էր նվագում: Այն ժամանակ դեռ չէր էլ կասկածում, որ երաժիշտ է դառնալու: Մեր բակում հիմնականում տղաների հետ էի խաղում, նույնիսկ ծեծում էի նրանց: Եղբորիցս տարիքով մեծ եմ ու միշտ պաշտպանի դերում էի հանդես գալիս: Բենիամին Ժամկոչյանի անվան ֆրանսիական թեքումով թիվ 119 դպրոցն եմ ավարտել: Դպրոցական տարիներից սկսեցի երգել: Բարձր գնահատական ստանալու համար ուսուցիչներս պահանջում էին, որ երգեմ: Հայոց պատմություն շատ էի սիրում, գնացի քննության: Ուսուցչուհիս ասաց, որ մի բան երգեմ: Խնդրեցի, որ դասը պատասխանեմ, որովհետև երեք օր պարապել էի: Բայց գնահատական նշանակեց միայն երբ երգեցի: Կոնսերվատորիայի այգում, դեռ դպրոցական տարիներին, նստում ու նայում էի շենքից դուրս եկող ուսանողներին: Մտածում էի՝ կգա՞ արդյոք մի օր, որ ես էլ իջնեմ այդ աստիճաններով: Երկար ժամանակ այդ երազանքով էի ապրում: Երաժշտական դպրոցում չէի սովորում ու ինձ համար անհնար էր թվում կոնսերվատորիա ընդունվելը:

Աշակերտներ ունեմ, որոնց հետ վոկալ եմ պարապում հիմա: Միշտ սիրել եմ երեխաների հետ աշխատել: Երեխաներիս հետ հաճախ կատակում եմ, բայց երբ ջղայնանում եմ… «Պապլավոկ» առաջին անգամ հայրիկիս հետ գնացի: Մինչ այդ երազում էի այնտեղ գնալ ու երաժշտություն լսել: Այդ ժամանակից ի վեր դա իմ ամենասիրելի վայրերից մեկն է մնացել: Stop ակումբում եմ սիրում ելույթ ունենալ, բայց ակումբային կյանքի սիրահար չեմ: Երբ երգում եմ, ինձ համար մի առանձին, մեկուսացված աշխարհ եմ ստեղծում և կատարումների ընթացքում ապրում եմ այնտեղ: Իսկ երբ մենակ չեմ այդ աշխարհում, դա խանգարում է ինձ: Stop-ը ճակատագրական դեր խաղաց իմ կյանքում: Այնտեղ եմ ծանոթացել այն ժամանակ դեռ ապագա ամուսնուս հետ: Ընկերուհուս ամուսնու ընկերն էր, համերգիս էր եկել: Նստել էր բեմի առջև ու ողջ համերգի ընթացքում ինձ էր նայում: Փափազյան փողոցի վրա էր գտնվում ընկերներիս տունը, որտեղ տեղի ունեցավ մեր առաջին ժամադրությունը: Ամուսնուս ծննդյան տարեդարձն էր: Այժմ մեր ժամադրության սիրելի վայրը գազանանոցն է: Իրոք շատ եմ սիրում Երևանը: Երբեմն մտքովս անցնում է, որ հեռանամ երկրից, բայց հենց այդ պահին հասկանում եմ, որ չեմ դիմանա: Շատ եմ կարոտում Երևանը, երբ նույնիսկ կարճ ժամանակով եմ բացակայում քաղաքից: Ամենից շատ կոնսերվատորիան եմ կարոտում, իմ հարազատ շենքն ու այգին: Երևանում ամենառոքային վայրը մեր տունն է: Այն ռոքի կենտրոնի է նման: Մեր հարևանները ընտրություն չունեն՝ ռոքի սիրահարներ են, բայց երբևէ չեն բողոքում:

Պատմական օր էր, երբ Գոհար Գասպարյանը լսեց իմ կատարումը: Ձեռքերս ու ոտքերս դողում էին: Երգեցի լեգենդի առջև, ու նա որոշեց, որ կպարապի ինձ հետ: Այդ ժամանակ 16 տարեկան էի:

Մասիվի մեր տան կտուրն եմ սիրում, այնտեղ է ամուսինս ինձ ամուսնության առաջարկ արել, բայց այնքան սիրահարված էինք, որ մանրամասները չեմ հիշում: Մեր հին տան կտուրից դեպի Օպերա հիասքանչ տեսարան էր բացվում:

Երևանի պետական կոնսերվատորիա ընդունվեցի երկու տարի անց: Սովորելով դասական վոկալ բաժնում՝ Գոհար Գասպարյանի ղեկավարած դասարանում, սկսեցի ռոք ոճում երգել: Գոհար Գասպարյանն իմացավ այդ մասին, նաև, որ կիթառ եմ նվագում, ջղայնացավ ու ազատեց ինձ դասերից: Մի քանի օր հետո զանգահարեց ու ասաց՝ «Կուկլա ջան, կարող ես կրկին գալ դասերին, բայց այլևս ռոք չես երգելու»: Մտածեցի, որ կգնամ, բայց կթաքցնեմ, որ ռոք եմ երգում:

Երևանն ինձ համար տարբեր բնավորության գծերի խառնարան է: Սիրում եմ Երևանի քաղցրարյունությունը, ջերմությունը: Բայց շատ են հոգնած մարդիկ, ովքեր անդադար բողոքում են ամեն ինչից, բարկանում են բոլորի վրա: Ինձ դա ցավ է պատճառում, որովհետև իրականում երևանցիները շատ բարի են: Պետք է ամեն կերպ փորձենք վերադարձնել այդ բարությունը:

Մշակույթի համալսարանում եմ կիթառ նվագել սովորել: Գոռը նայում էր, թե ինչպես եմ տանը նվագում, արդյունքում՝ ինքն էլ սովորեց: Հետո գերազանցեց ինձ: Կասկադը ամենահարազատ վայրերից է: Ջութակահարուհի ընկերուհիս, ես ու Գոռը գնում էինք Կասկադ, նվագում ու երգում էինք այնտեղ: Մարդիկ հավաքվում, լսում էին, մենք էլ մեզ աստղ էինք զգում: Կասկադը այժմ էլ «իմն է»: Վերևի մասից սիրում եմ նայել քաղաքին: Երեխաներով մաքրում էինք մեր քաղաքը՝ «Մաքուր Երևան» կազմակերպության հետ: Ավլում էինք հրապարակը, Օպերան, Կասկադը: Նույնիսկ մարզեր էինք մեկնել: Զանգու գետի մոտ էի գնում՝ գիրք կարդալու: Հաճախ Գոռը ինձ հետ էր գալիս, նրա համար «Ջելսոմինոյի արկածներն» էի կարդում՝ երգող տղայի մասին պատմությունը, ում ձայնից ջարդվում էին ապակիները: Մի անգամ էլ գիրքը գետն ընկավ՝ կյանքի գնով փրկեցինք այն: 15-րդ կվարտալում գտնվող դպրոցի նկուղում էինք հավաքվում ու բենդով փորձեր անում: 19 տարեկան էի, երբ առաջին անգամ, հենց այնտեղ, ծանոթացա խմբի երաժիշտների հետ: Տղաներից մեկը ճաղատ էր, ես էլ մտածեցի, որ ռեցեդիվիստ է ու կսպանի ինձ: Սայաթ-Նովայի վրա գտնվող Downtown ակումբում եմ արել առաջին քայլերը որպես ռոք կատարող: Այնտեղ Գոռի հետ դուետներով էինք հանդես գալիս: Ամեն ինչ հենց այդ ակումբից սկսվեց: Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ իմ առաջին համերգը: Այդ ժամանակ բեմն ինձ այնքան մեծ էր թվում, ու ես ահավոր անհանգստանում էի ելույթիս համար: Բայց, ի վերջո, համերգը հաջող անցավ:

Երևանն ինձ համար փոքր շենքերն են, փողոցները: Մեզ շրջապատում է կոպիտ ու հզոր լեռների և նուրբ ու գեղեցիկ կանաչի համադրությունը: Մեր ժողովուրդն էլ այդպիսին է՝ կոպիտ, բայց նուրբ, բողոքական, բայց ջերմ: Երևանը երբեմն տխրում է, ու ես ուզում եմ գրկել նրան: Նրա ուժերը կարծես չեն հերիքում, որ մինչև վերջ ցուցադրի իր գեղեցկությունը: Երևանը մոր նման է, բայց մայրերը իրավունք չունեն տխրեն, կամ խեղճանան, չէ՞ որ նրանք ամենաուժեղ էակներն են: Եվ ընդհանրապես, հայերը շատ ուժեղ են, որ այդքան դժվարությունների հետ մեկտեղ գոյատևում են: Կքանդեի Երևանի բոլոր բարձրահարկ շենքերն ու կարմիր կտուրներով փոքրիկ տնակներ կկառուցեի: Շատ ծառեր, ծաղիկներ կտնկեի, ցայտաղբյուրներ կկառուցեի, կվերացնեի շենքերի գորշությունն ու բազմերանգ գույներով կներկեի դրանք: Այդ ժամանակ մարդիկ էլ գունավոր կդառնային: Հեքիաթային քաղաք կստեղծեի: Երևանում չկա մի բան, որ փոփոխության չենթարկվի՝ ժամանակի հարց է: Նկատում եմ, որ արդեն շատ դրական փոփոխություններ են տեղի ունեցել: Ուղղակի պետք է հասկանանք նրան, նա դեռ բարդ անցումային շրջանում է: Երևանը չի կարող սահմանափակել իմ ազատությունը: Դա անձի խնդիրն է, ոչ թե քաղաքի: Առավոտյան շատ շուտ եմ արթնանում, այդ ժամանակ ես ու Երևանը միասին ենք լինում, մեզ է միանում մեր պատուհանից երևացող Մասիս սարը: Ամեն օր նրան ողջունելիս սիրտս թրթռում է: Արևի շողերը երբ ընկնում են վրան ու փայլեցնում ձյունը, ինձ թվում է, թե հարսի զգեստով աղջիկ է պառկած սարի վրա: Այդ պահին Աստծուն հարցնում եմ՝ «Աստված ջան, այս ի՞նչ հիասքանչ նկարիչ ես»: Երևանն ինձ համար գեղեցիկ աղջիկ է: Հետաքրքիր է, ե՞րբ է ամուսնանալու:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ սփյուռք

Առանց շտապելու Կանադահայ մինիմալիստ նկարիչ, քանդակագործ Գևորգ-Ջորջ Կասաբյանն արդեն որերորդ տարին, անփոփոխ, ամառային ամիսներն անցկացնում է Երևանում: Պատճառը միայն հայրենիքից հեռու ապրող սփյուռքահայի կարոտը չէ: Նրա խոսքով՝ թեև այստեղ դեռ կյանքի որակը զիջում է կանադական ու եվրոպական քաղաքներին, այնուամենայնիվ, Երևանում ապրելու ու ստեղծագործելու համար կա մի շատ պարզ պատճառ՝ ժամանակն այստեղ չի վազում:

Ե

րևանն իմ ոգեշնչման աղբյուրն է: Կարող եմ երկար նստել մայթին, սրճարանում, ու նոր մտքերն իրենք իրենց են գալիս, որոնք հետո օգտագործում եմ ստեղծագործություններիս մեջ: Աշխարհում սիրուն, հետաքրքիր քաղաքներ շատ կան: Օրինակ՝ խենթանում եմ Փարիզի համար, աննման քաղաք է: Բայց էնտեղ չես կարող կենտրոնանալ ու ստեղծագործել: Քաղաքն ասես վազում է, ու կյանքի արագ ռիթմը կլանում է քեզ իր մեջ: Երևանում ժամանակը դանդաղ է հոսում, չնայած աշխուժություն կա, բայց ինքդ ես իշխում ժամանակիդ և ոչ՝ հակառակը: Կյանքն այստեղ կարծես մի քանի տարով հետ լինի այն կյանքից, որին ես սովոր եմ: Տարօրինակ է, բայց այդ տպավորությունն ինձ հանգստության զգացողություն է փոխանցում:

Հալեպ-Տորոնտո-Երևան

Ծննդավայրս Հալեպն է: Դեռ փոքրուց, երբ սովորում էի նախակրթարանում, մեզ շատ էին պատմում Հայաստանի մասին ու այն մեզ համար պատկերվում էր որպես առասպելական, տիեզերական մի երկիր: Այն ժամանակ Հայաստանն ինձ համար Արամ Խաչատրյանն էր, Ալիխանյան եղբայրները, Վիկտոր Համբարձումյանը… Հայկական մշակույթի ականավոր գործիչներն ու գիտնականները, ովքեր խորհրդանիշերն էին իմ հեռավոր հայրենիքի: Նրանք մեզ համար տիտաններ էին, աստվածներ: Հայրենիքի մասին դպրոցում մեզ պատմած պատմությունները մասամբ ամբողջական էին դառնում երբեմն Երևանից ժամանած հյուրերի հետ զրույցներից: Նրանք հիմնականում գրողներ էին, արվեստագետներ, որոնց հետ շփումից մենք՝ երեխաներս, շատ էինք հուզվում, ոգևորվում, անտեսանելի հայրենիքն ավելի մոտ էինք զգում: Առաջին անգամ Երևան եկա հասուն տարիքում, երբ երկար տարիներ արդեն ապրում էի Կանադայում: 1989 թվականի ապրիլն էր: Հայաստանի համար այնքան էլ լավ ժամանակաշրջան չէր. Սպիտակի, Գյումրու երկրաշարժից մի քանի ամիս էր անցել, իսկ Երևանում փոթորկում էր ղարաբաղյան շարժումը: Տպավորություններս ու զգացողություններս հակասական էին: Ընդհանուր տնտեսական, սոցիալական դժվար պայմաններում մի բանն ինձ, սակայն, շատ հուզում ու ոգևորում էր՝ ժողովրդի զարթոնքը: Մարդկանց գիտակցությունն էր արթնացել, ու նրանք միասնաբար պայքարում էին իրենց ազատության ու ընդհանուր գաղափարների համար: Այդ ամենն ինձ նոր ծնունդ էր հիշեցնում՝ դժվար, ծանր ընթացքով, որն իր մեջ կյանքի հավերժության խորհուրդն ուներ:

14 15

Հոկտեմբեր 2012


Սկզբում շատ էի տպավորվել Երևանը շրջապատող լեռներից: Իմ տան պատուհաններից այդ լեռնաշղթաները հրաշալի են երևում: Հատկապես գիշերը դրանց նայելիս մի փոքր վախի, տագնապի զգացում էի ունենում: Նախկինում նման հզոր ու խորհրդավոր լեռների չէի հանդիպել՝ Սիրիայում, Կանադայում լեռներ չկան: Վախս անցավ միայն այն ժամանակ, երբ մոտեցա նրանց, շոյեցի փեշերը, ինչպես գեղեցիկ կնոջն ես շոյում, ու դարձանք միմյանց հարազատ, այժմ լեռներն իմ ոգեշնչման աղբյուրներից են: Մինչև Երևան գալս, քանդակներս բացառապես մետաղներից էին: Այստեղ ինձ համար բացահայտեցի հայկական լեռնաշխարհի քարերը՝ իրենց գեղեցկությամբ ու բնավորություններով: Երբ Երևանում եմ ստեղծագործում՝ նախապատվությունս տալիս եմ տուֆին, գրանիտին, բազալտին: Հիմա քարերից քանդակներ շատ ունեմ:

Խախտումների քաղաք

Այստեղ հինգ–տասը րոպե առաջ զանգում ես որևէ ընկերոջ, ու նա մի քանի ժամ սիրով տրամադրում է քեզ: Սրճարանում սուրճի գավաթի շուրջ կարող ենք երկար ու անշտապ զրուցել: Քաղաքում, որտեղ ես ապրում եմ, նման բան չկա: Այնտեղ ընկերոջ, բարեկամի հետ հանդիպման համար երկու ամիս առաջ ենք պայմանավորվում, այն էլ՝ մեկ-երկու ժամով: Ճաշում ենք, մակերեսային զրուցում ու յուրաքանչյուրս շտապում է իր գործին: Երևանը հաճելի է նաև իր բազմաթիվ սրճարաններով: Նույնիսկ Փարիզում սրճարաններն այսքան շատ չեն: Բայց պետք է նկատեմ, որ տարեցտարի գները բարձրանում են: Օրինակ՝ անցյալ տարի ես ճաշում էի 2 500 դրամով, գարեջուրն էլ ներառյալ: Այս տարի նույն ճաշը կրկնակի թանկացել է: Երևանը փոփոխական տրամադրությունների քաղաք է: Նույն տրամադրությամբ երկար չես կարող մնալ. հիմա ուրախ ես, տասը րոպե անց մտահոգ, հինգ րոպե հետո ոգևորված, այնուհետև՝ հիասթափված, բարկացած: Սա էլ է գրավում ինձ: Ներսումս կյանքն սկսում է արթնանալ, եռալ: Ստեղծագործող մարդու համար միանման, անփոփոխ տրամադրությունները լճացման են տանում: Կանադայում կյանքը շատ զարգացած է, ամեն բան ճիշտ գծագրված ուղով է ընթանում, ապրելու խոչընդոտներ գրեթե չկան: Բայց ցանկացած մարդ, ի վերջո, հոգնում է ամեն «անթերիից» և ուզում է որևէ «խախտում» իր կյանքում: Երևանը հակասությունների ու «խախտումների» քաղաք է:

Մայթերի նստարանները, բարձրակրունկ կոշիկներն ու թանկարժեք մեքենաները Այս տարի եկա, շատ ուրախացա մայթերին տեղադրված նստարանների համար: Հրաշալի գաղափար է նոր քաղաքապետի կողմից: Հաճելի է նստել, շունչ քաշել ու միևնույն ժամանակ՝ հետևել փողոցների եռուզեռին, մարդկանց անցուդարձին: Ու ոչ միայն տեղացիների համար է լավ, նաև՝ տուրիստների: Իմ դիտարկումների ժամանակ մի բան է ինձ շատ զարմացնում. ինչո՞ւ են հայուհիները սիրում իրենց այդքան տանջել: Ախր չեն տեսնո՞ւմ, որ Երևանի մայթերը բոլորովին հարմար չեն իրենց բարձրակրունկների համար: Բայց, չնայած դրան, պետք է ասեմ, որ աղջիկների մտածելակերպի մեջ դրական փոփոխություններ եմ նկատում: Ավելի անկաշկանդ ու անմիջական են դարձել: Նույնը չեմ ասի տղաների մասին, շատ նախապաշարված են, ասես 18-րդ, 19-րդ դարերում ապրեն դեռ: Շատերը չունեն սեփական բնակարան, աշխատանք, բայց վարում են վերջին մոդելների թանկ մեքենաներ: Ցուցամոլություն կա դեռ տղաների մեջ:

Անսպասելի հանդիպումների քաղաք

Մի քանի տարի առաջ ընտանիքիս հետ ճաշում էինք երևանյան սրճարաններից մեկում և նկատեցի, որ դիմացի սեղանից մի տղամարդ անընդհատ ինձ է նայում: Բնականաբար, ես էլ սկսեցի նայել ու ընթացքում նրա հայացքն ինձ ծանոթ թվաց: Տիկնոջս օգնությանը դիմեցի՝ կարծելով, որ գուցե ինքը ճանաչի անծանոթին, բայց իզուր էր: Ճաշի վերջում, չկարողանալով զսպել հետաքրքրությունս, վեր կացա և մոտեցա տղամարդուն: Նա ինքն էլ ոտքի կանգնեց ու քայլեց դեպի ինձ՝ ասելով. «Գևո՞րգ»: Հենց այդ վայրկյանին անմիջապես ճանաչեցի դասընկերոջս՝ Մայքին, ում հետ սովորել էինք Հալեպի հայկական նախակրթարանում, և ում հետ վերջին հանդիպումից հիսուն տարի էր անցել:

Ցտեսություն, Երևան

Ամեն ինչում սիրում եմ կարգ ու կանոն: Երևանյան կյանքում կարգ ու կանոնը բացակայում են: Դրա համար է, որ երեք ամսից ավելի չեմ կարողանում մնալ այստեղ: Ամեն տարի Երևան եմ գալիս մայիսի վերջին ու Կանադա եմ վերադառնում սեպտեմբերի սկզբին: Թվում է՝ պիտի վերջապես հանգստանամ Երևանի անկանոն կյանքից: Բայց ամեն անգամ արդեն դեկտեմբերին Երևանի ինքնաթիռի մայիսյան տոմսն ապահովում եմ ու սկսում վերադարձիս օրերը հաշվել: Հիմա էլ չեմ ասում՝ մնաս բարով, ասում եմ՝ ի տեսություն, Երևան…

Սաթենիկ Ավագյան Սուրեն Մանվելյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Գրողը տանի

Ժամանակակից հայ գրողները «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում են Երևան քաղաքի մասին:

ՆԱՌԱ ՎԱՐդԱՆյԱՆ ՀՀ Նախագահի՝ գրականության բնագավառում երիտասարդական մրցանակին արժանացած հեղինակի մյուս ստեղծագործությունները կարելի է կարդալ գրական մամուլում («Գրեթերթ», «Գարուն», «Ինքնագիր», «Գրական թերթ»), granish.org կայքում, ինչպես նաև «Կանաչ տետր» պատմվածքների ժողովածուում (2009թ.)

Սպառված քաղաք Անծանոթ քաղաքը վարձով խոնավ տան պատերի ներսում սովորեցնում է խոսել ճանճերի հետ, հետևել մոծակների անվտանգությանը, որովհետև «փող ա գալու», սովորեցնում է խոսել մենակության հետ: Բա առնետների հետ ճաշելը: Հղի առնետ էր: Չաղլիկ կատուներին աղբանոցներից գրկելբերել, տուն գցել է սովորեցնում, դուռը փակել, դռան տակ նստել, սպասել, սպասել, սպասել է սովորեցնում: Խոնավությունից լվացարանի տակ աճած սպիտակ թունավոր սունկի հետ ապրել է սովորեցնում, սնկի ճտերին մշակել, խնամել է սովորեցնում: Կամաց-կամաց տնտեսություն հավաքելու՝ սառնարան, վերմակ-բարձ, լվացքի մեքենա: Վարագույրներին օղակ ամրացնել: Փակել պատուհաններդ: Նորը սկսել: Չկա երկփեղկվածություն: Չկա մռայլություն: Սկիզբը դժվար է: Հարմարվիր: Դու փախել ես ապրելու: Համակարգելու կենսագրությունը, որ գրականության պես անվախ տրամաբանելով հաղթահարելու ես:

16 17

Հոկտեմբեր 2012

Փամուկն ասում էր՝ քաղաքներն անհամբեր սպասում են իրենց հերոս գրողներին, ովքեր պատմելու են նրա ճակատագիրը: Հո չե՞ս խայտառակվելու՝ ճակատագրեր հավաքի՛ր: Թափառի՛ր, Քանաքեռից Շրջանային, հետո Շինարարներ, Օպերայի գլխով պտտվիր, հաշվիր ագռավներին, ուշադիր նայիր կանաչին տվող մաքուր, փայլուն սևին, մտապահիր, Սայաթ-Նովան քո կարոտի փողոցն ա դառնալու, անհասկանալի: Որովհետև Տիկնիկային թատրոն կա, որովհետև քաղաքի հետ քեզ կապող մանկությանդ միակ պսպղացող կետ կա: Անցան տարիներ: Ձեռքերս տարածում եմ ու գոռում: Ինչ հաճելի էր քեզ տիրանալը, քաղաք, քո մեջ կորչելը: Քո հայտնությանը, քեզ ընդգրկելը, շնչելը: Քո երկնային, չքնաղ թևերիդ մեջ լցվելը, քո սիրուն գեղեցկությանը զոհվելը: Հետևիցդ քաշ գալը, քո քանդած, ավերած ճակատագրերի տիրումերն անելը, արհամարհելն ու գալ էլի մեջդ տեղավորվելը, քո

լայնաբաց աչքերը, քո փնթի տեսքը, քեզ երբեմն կարգի հրավիրելը, գեղջկական հոխորտանքով քեզ հայհոյելը, երեսդ շոյելը, քեզ տիրանալը, տիրանալը: Տներն ապրում ու մեռնում են: Անտունիի իմ բարդույթով քո մեջից չգնալը, չհեռանալը, այլասերված ցիգանությամբ պատերդ ճանկռելը, չհանձնվելը, կորանալը: Էլի Սայաթ-Նովա, էլի Տիկնիկային, այս անգամ ռոքի տակ թավալվելն ա դզում: Անցան տարիներ: Սպիտակ առավոտները դնում էի դեմքիս, քո միակ սիրունությունը. ոստրեի մեջ փաթաթում էի առավոտներդ ու դու դուրս էիր գալիս որպես մարգարիտ՝ լսած մանուշակագույն ստվերների շշունջները, թաց սավանի ճմռթոցները, հառաչները: Մայրամուտներդ տխուր են: Մայրամուտներից հետո ավելի եմ մենականում: Հիմա քեզանից փախչելու ժամանակն է, քաղա՛ք: Հիմա ինձ տուն պետք չի, ախմա'խ, հիմա աշխարհն իմ տունն է. ցավով սովորեցրիր:

Գնամ, որովհետև դու ռաբիզի ոստանն ես, որովհետև ձորի պատրոնդաշը Թումոյի պատուհաններից արձագանքում է՝ թվացումով, թե հենց Թումոյի ներսում քեֆ-ուրախություն ա, բայց գիտես էէ՜ քաղաք՝ այդ բակում Թանկյանն ա երգել, էդտեղ Վիոլետն ա աշխատում: Ցերեկը էրեխեք են կրթում, գիշերները նրանցից հազարապատիկները ձորերում «ջան ախպերի» տակ տժժում են: Գնամ, որովհետև էլ քո թափառական շան՝ Չալոյի արնակալած աչքերին նայել չի լինում: Էլի պատճառներ կան գնալու: Հիմա հատուկ խնդրում եմ՝ երանյալ ազատությանդ փուչիկը սիկտիր արա: Էլ հավատացող չկա: Չեմ ուզում ճամփորդի պես անցնել վրայովդ, ապրես, որ նվիրում ես ինձ առնետներ, կատուներ, սնկեր: Դրանք այլևս ինձ պետք չեն: Ինձ համար այլևս մարմին չունես, և իզուր էի փորձում տիրանալ քեզ: Հիմա իմպոտենտի նման թռվռում եմ վրադ՝ հրաժեշտի ձևերով:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ այլընտրանք

Սուպերմենի հայեցի արկածները «ԱրմՔոմեդի» երգիծական հեռուստանախագծի 50%-ը՝ մոլի կոմիքսասեր Նարեկ Մարգարյանը, փորձում է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ ամերիկյան գրաֆիկական էպոսի ամենահռչակավոր հերոսը, եթե մեծանար ոչ թե ԱՄՆ-ում, այլ Հայաստանում:

Գ

րող Ջերի Սիգելի և նկարիչ Ջո Շուստերի թեթև ձեռքով 1938 թվականին ԱՄՆ-ն ստացավ իր ժամանակակից էպոսի գլխավոր հերոսին՝ Սուպերմենին: Կոմիքսների այդ նոր հերոսը ոչ միայն մատչելի էր 30-ականների ճգնաժամից տառապող քաղաքացիների համար, այլև մարմնավորում էր ամերիկյան երազանքը՝ նա նույնպես էմիգրանտ էր, իհարկե, ոչ Իտալիայից կամ ասենք՝ Հայաստանից, այլ հեռավոր Կրիպտոն մոլորակից, նա կաթ-մածուն կերած Կանզասի Սմոլվիլ (Փոքրաշեն կամ Պստլավան) քաղաքում մեծացած համեստ տղա էր, ով դարձավ ամբողջ աշխարհին հայտնի հերոս: 30-ականներից սկսած՝ Կրիպտոնի վերջին որդին այնքան արկածներ ունեցավ, որ եկավ մի պահ, երբ DC Comics ընկերության հեղինակներն արդեն չգիտեին՝ ինչպիսի նոր իրավիճակի մեջ կարելի է դնել մի հերոսի, որն անգամ հասցրել էր մահանալ (1992թ. Սուպերմենը մահանում է՝ որերորդ անգամ փրկելով մոլորակը): Ամեն ինչ փորձած գրողները սկսեցին ստեղծել ալտերնատիվ աշխարհներ, և 2003 թվականին «Կարմի որդին» պատմվածքում Պողպատե մարդու տիեզերանավը վայրէջք կատարեց ոչ թե Կանզասում, այլ մեկ այլ Պողպատե մարդու ղեկավարած Ուկրաինայում: Այդ զուգահեռ աշխարհում փոքրիկ կրիպտոնացին մեծանում է կոլխոզում, այնուհետ դառնում Իոսիֆ Ստալինի պրոտեժեն՝ Կարմիր Որդին: Ճշմարտության, արդարության և ամերիկյան ուղու փոխարեն նա պայքարում է ճշմարտության, արդարության, սոցիալիզմի և Ստալինի համար, ինչի արդյունքում ԽՍՀՄ-ը գերիշխող դիրք է ձեռք բերում ամբողջ աշխարհում: Սուպերմենը անգամ զբաղեցնում է գլխավոր քարտուղարի աթոռը Ստալինի մահից հետո, ինչով զրկում է ամբողջ աշխարհին Խրուշչովի և նրա կոշիկի հայտնի ճառից: Լավ, հիմա պատկերացնենք ինչպիսին կլիներ մեր հերոսը, եթե տիեզերանավը ավելի ռազմահայրենասիրական վայրէջքի տեղ գտներ, օրինակ՝ ՀՀ Արարատի մարզի Սուրենավան գյուղում, այն էլ 90-ականներին: Մի բան հստակ է՝ տղայի ուժերը Հայաստանում գաղտնի պահել հնարավոր չէր լինի, որովհետև մենք հարևանասեր, բարեկամասեր և, ինչու ոչ, հետաքրքրասեր ժողովուրդ ենք: Նախքան հերոս դառնալը Կամո Կարապետյանը (ամերիկյան Կլարկ Քենթ անվան շատ մոտավոր թարգմանություն) կլուծեր կենցաղային հարցերը, մասնավորապես՝ գյուղում միշտ կլիներ տաք ջուր ի շնորհիվ լազերային ճառագայթների և գուցե նաև էլեկտրականություն: Սուրենավանը կդառնար ՀՀ առաջին գյուղը, որտեղ բոլորը հստակ կիմանային ինչ պատահեց Կրուզի և Իդենի հետ: Թռչող դեռահասը հեշտությամբ կկրկնապատկեր գյուղի բերքը, կավարտեր երաժշտական դպրոցը և անգամ կմասնակցեր գյուղապետի վերընտրվելու քարոզարշավին:

18 19

Հոկտեմբեր 2012

Մի գեղեցիկ օր Կամոն կլքեր հայրենի գյուղը և կտեղափոխվեր Երևան, ուր նրան միանգամից կառաջարկեին մի քանի հոյակապ աշխատանք՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սերիալի մեջի ուժեղ տղայի դեր և անգամ մականունավոր պատգամավորի «ախրանի» պետի տեղակալ (որովհետև պետը չափազանց ճոխ կլիներ): Չնայած մարզչի խոստումներին, թե մի քանի լավ մենամարտերից հետո տղային անպայման «գրին քարտ» կդասավորի, Պողպատե հայը կորոշեր չօգտագործել իր գերբնական ուժերը և ինքնուրույն հասնել հաջողության: Ինչպես և իր ամերիկացի նախատիպը, Կամոն կզբաղվեր լրագրությամբ, սակայն մի քանի ասուլիսից հետո կհասկանար, որ բավարված չէ: Կամոյին հարցազրույց տալուց կկաշկանդվեին անգամ ընտրություններին շատ ձայներ հավաքած կուսակցությունների ներկայացուցիչները, իսկ ինքը՝ Կամոն, կկաշկանդվեր նրանից, որ կարող է ավելի օգտակար լինել մարդկությանը, ինչպես նախատեսել էր իր կրիպտոնցի հայրը՝ Ջոր-էլը: Շատ շուտով Կամոն կսկսեր պայքարել հանցագործության դեմ և փրկել միջին վիճակագրական հայերի կյանքերը: Մամուլը նրան կանվաներ Հայ Մարդ և նրա մասին հոդվածները կընթերցվեին ավելի շատ, քան Քիմ Քարդաշյանի և Անժելա Սարգսյանի մասին նյութերը միասին: Ադրբեջանն իր իսկ կամքով, շառիցփորձանքից հեռու Հայաստանին կնվիրեր ևս մի 20% տարածք: Նրանց օրինակին կհետևեին նաև վրացիները և կլուծեին Ջավախքի հարցը, ավելացնելով, որ միևնույն է՝ իրենք ավելի լավ գինի ունեն: Թուրքիան կսկսեր Անթալիան անվանել արտասահման, իսկ հայերը կսկսեին բողոքել, որ թեև Անթալիան մերն է, այն ավելի թանկ է, քան արտասահմանյան Քոբուլետին: Այս ամենը տեղի կունենար ինքնաբերաբար, զուտ Հայ Մարդու հետ «չթարսվելու» նկատառումով, ինքը Կամոն կձգտեր չխառնվել քաղաքականության մեջ և հավասար փրկել բոլորին: Աստիճանաբար Հայ Մարդը կդառնար ամբողջ մոլորակի հպարտությունը՝ նա վերջ կտար բոլոր պատերազմներին, շաբաթը մի քանի անգամ կփրկեր մոլորակը, իսկ 2012 թվականի դեկտեմբերի 12-ին սխալ կհաներ մայաներին: Դրա հաջորդ օրը Հանրապետության հրապարակի դատարկ տարածքում կտեղադրվեր Կամոյի արձանը, իսկ Սուրենավանում նրա ճարպիկ համադասարանցին կբացեր Հայ Մարդու պաշտոնական տուն-թանգարանը: Մեծերի տոմսը 1000 դրամ, մինչ 7 տարեկան երեխաներինը՝ 750: Իհարկե, կգտնվեին մի քանի հոգի, որ կասեին. «Ինչի հասավ էս տղան՝ ոչ լավ մեքենա ունի, ոչ մի կարգին տուն... բա ես նրա տեղը...», բայց շատերի համար, միևնույն է, նա կլիներ բարության և արդարության խորհրդանիշը, այն լավ օրինակը, որին պետք է հետևել, ոչ միայն այդ մոգոնված ալտերնատիվ աշխարհում, այլ նաև մեր իսկական աշխարհում, որտեղ որ նրան ստեղծեցին: Ուրեմն կարիք կար:


Ֆուտբոլ սիրող Վերան Դեռ մի քանի տարի առաջ ֆուտբոլը Հայաստանում համարվում էր միայն տղամարդկանց զբաղմունք, իսկ ստադիոններում հակառակ սեռի ներկայացուցիչներ գրեթե ընդհանրապես չէին երևում: Վերջին տարիներին, սակայն, գենդերային սեգրեգացիան երկրպագուների շրջանում կտրուկ նվազեց: Մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը պատմում է, թե ինչպես է մանկուց վարակվել ֆուտբոլամոլությամբ՝ չնայած շրջապատի զարմանքին, ինչ զոհերի է գնացել սիրելի թիմի խաղերը դիտելու համար և ինչու չի պատկերացնում իր կյանքն առանց ֆուտբոլի:

Ա

սում են՝ ֆուտբոլը սուր վարակիչ հիվանդություն է: Ես վարակվեցի, երբ փոքր երեխա էի: Հայրս ֆուտբոլի մոլի երկրպագու է, և քանի որ որդի չուներ, իր սերը դեպի ֆուտբոլն ու ռոք երաժշտությունը փոխանցեց ինձ: Այն պահը, երբ ֆուտբոլ դիտելիս սիրտս սկսեց ուժեղ բաբախել, կյանքումս դարձավ բեկումնային: Դպրոցական տարիներին ամենամեծ հետաքրքրությունս ֆուտբոլն էր: Ցուրտումութին սպասում էի, թե երբ երեկոյան պետք է լույսերը տային, որպեսզի տեսաերիզների վրա տեսագրեմ շաբաթվա խաղերի ամփոփ հաղորդումները: Իմ սերը դեպի ֆուտբոլը սկսվեց այն ժամանակ, երբ 1994-ին հոլանդական «Այաքսը», սկսեց ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրել: Հայրս 70-ականներից տոտալ ֆուտբոլի և յոհան Կրոյֆի սիրահար էր: Նույն տրամադրությունը տիրում էր մեր ընտանիքում նաև 90-ականներին: Տան, անգամ խոհանոցի պատերն ամբողջությամբ փակցված էին «Այաքսի» պաստառներով: Այն հարցին, թե մեծանամ ինչ եմ դառնալու, ասում էի՝ մարզիչ: Ես բակի երեխաների հետ թիմ ստեղծեցի «Այաքս» անունով, որի ավագն էլ հենց ես էի: Բայց քիչ ժամանակ անց հասկացա, որ աղջիկները չպետք է ֆուտբոլ խաղան: Դա գեղեցիկ չէ: Նրանք պետք է պարզապես սիրեն ֆուտբոլը: Ինչպես սիրահարված մարդուն կտարբերես ամբոխի միջից, այնպես էլ իմ դեպքում բոլորը գիտեին, որ ես ֆուտբոլի երկրպագու եմ: Դպրոցում բոլորն ինձ անվանում էին «Ֆուտբոլ սիրող Վերան»: Հիմա է, որ ֆուտբոլն այնքան մասսայական է դարձել, որ անգամ հարգի է, երբ աղջիկը ֆուտբոլ է սիրում: Իսկ այն ժամանակ՝ մոտ տասնհինգ տարի առաջ, դա ծիծաղելի էր թվում շատերին: Երևի թե ես մարզադաշտ ավելի շուտ եմ սկսել հաճախել, քան գնացել եմ դպրոց: Կանայք գրեթե չէին գնում մարզադաշտ, իսկ հայրս ինձ և քրոջս տանում էր Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին, և մենք ակտիվորեն սատարում էինք մեր թիմին: Այն ժամանակ իմ մտքով անգամ չէր կարող անցնել, որ երբ աղջիկը մարզադաշտ է գնում, դա սխալ է: Միայն, երբ մի քիչ մեծացա, դպրոցական ընկերներից լսում էի, թե՝ «ստադիոնը աղջկա տեղ չէ»: Այն ամենը, ինչ կապված էր ֆուտբոլի հետ, ես ծանր էի տանում: Ինձ հաճախ ասում էին, որ շատ ծայրահեղ եմ: Հիշում եմ, երբ 1996-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Այաքսն» առաջին խաղում պարտվեց «Պանատինաիկոսին», ես հուզմունքից հիվանդացա և մի քանի օր չէի կարողանում տանից դուրս գալ: Իսկ 98-ի Աշխարհի առաջնության Հոլանդիա–Բրազիլիա կիսաեզրափակչի օրը մեքենայի տակ ընկա և կոտրեցի ուսս: Հիվանդանոցում բոլոր բժիշկները ասում էին, որ չլացեմ, ցավը կանցնի: Ես էլ նրանց ասացի, որ ցավի պատճառով չեմ լացում, այլ որ բաց եմ թողնելու այդ կարևոր հանդիպումը: Բժիշկներն ապշած էին: Միայն հայրս էր հասկանում ինձ: Որքան էլ զավեշտալի է, բայց այդ գիշեր երազումս խաղը տեսա: Հանուն ֆուտբոլի ես զոհեցի նաև իմ ավագ դպրոցի ավարտական

երեկոն: Դասարանցիներս չզարմացան, երբ ես խնջույքի կեսից դուրս վազեցի, որպեսզի հասնեմ տուն՝ Հոլանդիա– Իտալիա հանդիպումը դիտելու: Երբ Հոլանդիան չկարողացավ մասնակցել 2002-ի Աշխարհի առաջնությանը, ես որոշեցի այլևս ֆուտբոլ չդիտել: Բայց… Դարձա իրավաբան: Բայց քանի որ մեծ սեր ունեի գրելու հետ, սկսեցի զբաղվել լրագրությամբ: Մի օր էլ պատահականորեն հայտնվեցի մարզական լրագրության մեջ: Այժմ գրում եմ այն ամենի մասին, ինչը փոքրուց սիրել եմ: Հարցազրույցներ եմ վերցնում հանրահայտ ֆուտբոլիստներից: Ռադիոյով ուղիղ եթերով վարում եմ ֆուտբոլային հաղորդում: Մի երազանք էլ ունեի: Երբ դիտում էի այլ թիմերի ու հավաքականների խաղերը, մի տեսակ նախանձ էի զգում նրանց երկրպագուներին տեսնելիս: Միշտ երազում էի, որ Հայաստանում էլ լինեն կազմակերպված ֆան շարժումներ: 2007-ից ֆուտբոլասերներով որոշեցինք խաղերը միշտ դիտել Արևելյան տրիբունայի կենտրոնական մասում: Կազմակերպում էինք տարբեր ակցիաներ: Բոլորս ուսանողներ էինք, անում էինք ամեն բան, որպեսզի մեր հավաքականը մարզադաշտում իսկական աջակցություն զգա: Այժմ, ես որպես լրագրող արդեն նայում եմ FAF ֆան շարժման գործունեությանն ու մտքումս ասում՝ այս մի երազանքն էլ իրականացավ: Ֆուտբոլն ու ես անբաժան ենք: Ես շատ լավ եմ հասկանում «Լիվերպուլի» հանրահայտ մարզիչ Բիլ Շենկլիի խոսքերը, ով ասել է, թե շատերը կարծում են, որ ֆուտբոլը կյանքի և մահու խնդիր է: Նրանք սխալվում են՝ ֆուտբոլն ավելի կարևոր է:

Հակոբ Բերբերյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ պրոֆի

Ո՜ղջ լինեք «Բարո՜վ տեսանք… ո՜ղջ լինենք... մեր զույգ ծաղիկները իրար գլխից անպակաս…» ու այպես շարունակ ողջ երեկույթի ընթացքում կենացները քաղցրանում են: Իսկ դրանք քաղցրացնողը թամադան է՝ սեղանապետը կամ հանդիսավարը: Այս ծառայությունն այսօր վճարովի է ու անպակաս գրեթե բոլոր խնջույքներից: Բայց ծառայությունը մատուցողի կարծիքով թամադա լինելը ամեն մեկի խելքի ու հմտությունների բանը չէ:

Ա

րդեն 10 տարուց ավելի է, ինչ Եփրեմ Մարգարյանի համար հարսանիքի հրավերը նախևառաջ աշխատանք է, քան լիցքաթափվելու ու ուրախանալու առիթ: Մասնագիտությամբ զինվորականը երբեք չի պատկերացրել, որ մի օր թամադայի աշխատանքը դառնալու է նրա հիմնական զբ��ղմունքը: «Զորքում զորավար, ընտանիքում ղեկավար, սեղանի շուրջ սեղանավար՝ թամադա: Ոմանք ասում են հայ առաջին թամադան եղել է Հայկ նահապետը, ինչից կարելի է դատել, որ սա լուրջ գործ է ու ամեն մեկի բանը չէ», — ասում է Եփրեմը: Նրա բնութագրով՝ թամադան պետք է լինի արտիստիկ, ծանոթ լինի մեր ժողովրդական տառին ու բառին: Արդեն փորձառու թամադան կամ ինչպես ինքն է իրեն սիրում կոչել՝ սեղանավարը, մշտապես խուսափել է ուշադրության կենտրոնում լինելուց ու կենաց ասելուց: Մի անգամ ծանոթներից մեկի հարսանիքի թամադան ուշացել է, ու սեղանավարի պաշտոնը վստահել են Եփրեմին: ՙԵրեկույթի վերջում ինձնից այցեքարտ էին ուզում: Հետո սկսեցին խորհուրդ տալ, որ փորձեմ, որ այս գործը մոտս լավ կստացվի: Մոտ մեկ տարի գրելջնջել եմ, պատրաստվել եմ»: Այսօր արդեն հարսանիքը նրա համար բեմ է, որտեղ դուրս է գալիս աշխատանքի ու եթե կարյերայի սկզբում անսովոր էր բոլորի հայացքների ներքո աշխատել, հիմա արդեն Եփրեմը չի սկսում խոսել, քանի դեռ բոլորը իրեն չեն նայում: Թամադա վրացերեն է ու նշանակում է սեղանապետ: Ըստ հին ավանդույթի՝ թամադա էին նշանակում ազգի մեծին, ով բանիմաց էր: «Իսկական թամադան քայլող հանրագիտարան էր այն ժամանակ. գիտեր ամեն ինչ ու բոլորի մասին: Թամադան պետք է ամեն ինչից տեղյակ լինի, որ արարողությունը խելքի ու մտքի տոնի վերածի», — ասում է Եփրեմն ու պատմում, որ նախկինում յուրաքանչյուր հարսանիք բացի խոսքի թամադայից, ով կենացներ էր ասում,

ուներ նաև պարի թամադա, ով հոգում էր, որ հյուրերը ակտիվ պարեին ու մասնակցեին ուրախությանը: Ինչպես բազմաթիվ այլ ավանդույթներ, այս ինստիտուտն էլ բազում փոփոխությունների է ենթարկվել: Այսօր սա բիզնես է, այն էլ մեծ մրցակցություն ունեցող բիզնես: «Այս գործի մեջ չպետք է կրկնվես: Անընդհատ թարմ ու նոր գաղափարներով պետք է հանդես գաս: Եթե մի քիչ թերացար, ծուլացար ու կրկնվեցիր, քեզ այլևս լուրջ չեն վերաբերի: Այսինքն՝ անընդհատ պետք է ստեղծագործես՝ թուղթ ու գրչին մոտ լինես: Պետք է տարբերվես ուրիշներից, որովհետև պատվիրատուները միշտ յուրահատուկ, առանձնահատուկ մի բան են սպասում իրենց հարսանիքին», — մասնագիտական հմտությունների մասին կիսվում է հանդիսավարն ու ավելացնում, որ թամադան պետք է ստեղծագործական մեծ պաշար ունենա, թե չէ միայն՝ ողջ լինենք, բարով տեսանք կենացներով գործը չի ստացվի. այդպես կարող է ցանկացածը ասել: Միևնույն ժամանակ չափից անցնել էլ չի կարելի, քանի որ ստեղծագործական մտքի թռիչքները ոչ բոլորը կարող են ընդունել ու հավանել, այսինքն՝ ստանդարտ բառերով ու ծրագրով հանդես գալը տարբեր միջոցառումների արդարացված չէ, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ մի քիչ հումորով կենացը նույն կերպ կընդունվի բոլորի կողմից: «Ամնակարևորը այս գործում ուշադիր լինելն է բոլորի հանդեպ, որ ոչ ոքի աչքաթող չանես: Պիտի այնպես անես, որ բոլորի համ ու հոտով կարողանաս գնալ: Պրոֆեսինալիզմի առաձնահատկությունը հենց սրանում է: Իսկ ամենահաճելին մեր աշխատանքում ինձ համար այն է, երբ վերջում մոտենում ու շնոհակալություն են հայտնում, երբ զգում ես, որ դու գնահատված ես: Այդ պահին ես զգում եմ, որ իզուր չեմ այդքան գլուխ կոտրել: Շատ եմ սիրում առաջին պաշտոնական կենացը՝ հարս ու փեսայի կենացը խմելը, երբ իմ գրած կենացից զույգերը ժպտում են, ես ոգևորվում ու ներշնչվում եմ», — ասում

է Եփրեմը: Կենաց խմելը թամադայի պարագայում փոխաբերական երևույթ է. «Գործի մեջ խմել չկա, քանի որ ոչ մեկի հաճելի չէ գինովցած հանդիսավարի հետ գործ ունենալ»: Այս մասնագիտության առանձնահատկություններից է այն, որ թամադա չեն դառնում՝ ՙդա մարդու միջից պետք է լինի, ո՜չ դպրոցը, ո՜չ պարապելը չեն օգնի», — վստահ է սեղանապետը: Մասնագիտությունը ոսկե կանոնների ցանկ ունի՝ չստել, ներկաներից ոչ մեկի հետ չվիճել, չլինել անուշադիր և անփույթ, լինել կիրթ, չլինել անհամ, չձանձրացնել հյուրերին: Իհարկե երբեմն ծիծաղելի ու անկանխատեսելի դեպքեր լինում են. «Մի անգամ, երբ առաջարկեցի խմել սիրո կենացը, հարսի տատիկը ինձ հրավիրեց տանգոյի: Նա 60-ն անց կին էր: Պարեցինք ու վերջում նա ուզեց իմ համարը և խոստում վերցրեց, որ ոչ ոք պետք է չիմանա այդ մասին», — մասնագիտական էքստրեմալ պահերի մասին ծիծաղելով պատմում է Եփրեմը: Աշխատանքի բերումով Եփրեմը զգում է երևանցիների ուրախության զարկերակը: Նա, տարիների փորձից ելնելով, նկատում է, որ քաղաքացիների

ուրախության մեջ անկում կա: «Մարդիկ շատ են սկսել տեղ տալ ձևին, քան լիաթոք ուրախանալուն: Ես օրինակ հիշում եմ, որ առաջ շատ բան չկար, բայց մարդկանց մեջ կար ուրախություն, իսկ հիմա ամեն ինչ կա, ու գուցե դա է պատճառը, որ հարսանիքը սովորական է դարձել»: Երեկույթի ուրախ կամ ոչ այնքան անցնելուց զատ հանդիսավարի պաշտոնն այսօր պահանջարկ ունեցող մասնագիտությունների թվին կարելի է դասել: Ծառայությունն իհարկե վճարովի է, իսկ գնային սանդղակը տատանվում է 50-ից մինչև մոտ 500 հազար դրամի սահմաններում: Կնունքներն ու ծնունդներ վարելն իհարկե ավելի մատչելի է, բայց գները ճկուն են ու կարող են տարբեր լինել տարբեր հաճախորդների համար: Թամադա լինելը ավանդույթից սահուն վերածվել է մասնագիտության, որը, սակայն դեռ որևէ բուհում կամ դպրոցում չի ուսուցանվում, բայց այդպիսով այն մահացող մասնագիտություն մեր քաղաքում չի կարելի համարել, քանի դեռ քեֆ անողների քեֆը չի պակասել, խնջույք վարողների պահանջարկն էլ չի պակասում:

Նե Թադևոսյան

20 21

Հոկտեմբեր 2012


Հայտարարություններ Ձեր հայտարարությունները անվճար կտպագրվեն «ԵՐԵՎԱՆ» ամսագրում: Էլ. հասցե՝ armyerevan@e-productions.am

Վաճառում եմ մանկական մահճակալ՝ շատ հին, նույնիսկ անտիկվար՝ 1870ականներից է պահպանվել: Արտադրությունը ցարական Ռուսաստանի, ավելի ստույգ՝ Բ. Արոնովիչի մետաղյա կահույքի ֆաբրիկայի, Վարշավա: Հասկանում եք, այն ժամանակ վատ բան չէին պատրաստում: Գնի համար պետք է պայմանավորվենք: Արթուր, 094 40 29 05

Վաղուց երազել եք կատո՞ւ պահել: Այդ դեպքում ամենալավ տարբերակը հնագույն ընտանեցված կատուների ժառանգներներն են: Այդպիսիք են, օրինակ, վանա կատուները: Այդ կապակցությամբ կարող ենք առաջարկել վանա կատվի ձագեր, որոնց նախնիները բերվել են Մեծ Բրիտանիայից: Գինը տատանվում է 500-ից 700 ԱՄՆ դոլարի սահմաններում, նայած սեռի և աչքերի գույնի (տարբեր կամ միանման): Անահիտ, hayrapetyana@gmail.com

Yerevan Productions-ը փնտրում է ոչ միայն տաղանդավոր և պրոֆեսիոնալ ձևավորողների, այլև բարի համաքաղաքացիների, ովքեր պատրաստ են ազատվել տանը մնացած հին տեխնիկայից, սակայն պատրաստ չեն դրանք պարզապես աղբարկղը նետել: Մեր ընկերությունը պատրաստ է ընդունել բոլոր անպետք՝ հնարավորինս հին սարքավորումները, օրինակ՝ հայրական հեռուստացույցը, պապական ռադիոընդունիչը, տատիկի սիրելի մագնիտոֆոնը (կամ նույնիսկ պատեֆոնը): Էդուարդ, 091 11 88 00


ԹԵՄԱ Հարցազրույց

Հասարակ նրբություններ Երևան քաղաքի պատմության թանգարանի փոխտնօրեն, թանգարանագետ Գևորգ Օրբելյանը պատմում է իր մասնագիտության նրբությունների, մայրաքաղաքի թանգարանային ոլորտի խնդիրների և դրանց լուծման իր տարբերակների մասին:

Ովքե՞ր են թանգարանագետներն ու ինչպե՞ս որոշեցիք ընտրել ոչ թե իրավաբանություն կամ տնտեսագիտություն, այլ հենց թանգարանագիտություն: — Թանգարանագիտություն մասնագիտությունը բավականին արդի է հիմա ողջ աշխարհում: Ինձ մոտ այդ ընտրությունը շատ հետաքրքիր ստացվեց: Իմ ընդունվելու տարին Մանկավարժական համալսարանի մշակույթի բաժնում առաջին անգամ բացվել էր թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն բաժինը: Այնպես ստացվեց, որ դիմումը սխալ լրացրեցի ու ընդունվեցի սխալ համալսարան: Սկզբում անգամ չէի ուզում դասի գնալ, բայց կամացկամաց ինտեգրվեցի: Սա բոլորովին նոր մասնագիտություն էր մեր հասարակության մեջ: Մեզ մոտ ավելի շատ էին գործնական դասերը՝ այցելում էինք տարբեր հուշարձաններ, բոլոր մեր պրակտիկաներն անցնում էին Երևանի ու Հայաստանի թանգարաններում: Իհարկե, թանգարանի տարեց աշխատողների կողքին տարօրինակ էին նայում թանգարանով տարված երիտասարդին: Մեր կուրսում 15 հոգի էինք, այսօր բոլորս մեր մասնագիտությամբ ենք աշխատում՝ փորձում ենք ծաղկեցնել մեր թանգարանային ոլորտը: Իհարկե, այս մանագիտությունն ինտեգրվեց, բայց ճանապարհը դժվար էր, քայլ առ քայլ մարդիկ հասկացան, որ դա մի ուրիշ աշխարհ է: Թանգարանում աշխատելը հետաքրքիր հատկություն ունի, այս աշխատանքին կապվում ես ու այլևս քեզ չես պատկերացնում այլ պաշտոնում, մեկ այլ բան անելիս: Սա աշխատանք է, որ պահանջում է յուրահատուկ մոտեցում թանգարանում կատարվող ամեն մի իրադարձությանը: Որպես թանգարանագետ, ինչպե՞ս կգնահատեք մեր թանգարանների վիճակը: — Վերջին տարիներին մեր թանգարաններն սկսել են ավելի ակտիվանալ, պարզապես մեր հասարակության սխալն է, որ շատ քիչ ենք հաճախում թանգարաններ: Երևանի թանգարանները կարծես ավելի շատ զբոսաշրջիկների համար լինեն: Մինչդեռ երբ մենք գնում ենք

22 23

Հոկտեմբեր 2012

այլ երկրներ, անպայման այցելում ենք նրանց թանգարանները: Կարծում եմ, որ մարդկանց մեջ մանկապարտեզի տարիքից պետք է սերմանել թանգարան հաճախելու բնավորությունը: Թանգարաններն էլ իրենց հերթին, չպետք է լինեն այնպիսի օջախներ, որ ամեն ինչ լուռ է և սառը: Այսպիսի մթնոլորտը հոգնեցնում ու վանում է այցելուին: Երբ լինում ես դրսի թանգարաններում, այնտեղ ավելի շատ աշխուժություն է տիրում, իհարկե, ցուցադրությունները կառուցված են դասական սկզբունքով, բայց դրանք ներառում են տարբեր ակտիվացնող տարրեր: Հիմա շատ ընդունված է թանգարանային անիմացիա երևույթը: Մեզ մոտ նոր-նոր է այս մոտեցումը սկսում գործել: Օրինակ՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում այս տարի Թումանյանը հոլոգրաֆիկ պատկերով շրջում էր իր բնակարանում: Սա մեծ արձագանք բարձրացրեց, քանի որ տարածաշրջանում առաջին նման փորձն էր: Նմանատիպ ծրագրեր նախատեսում են նաև մյուս թանգարանները: Այսպիսի մոտեցումն այցելուներին տալիս է մի յուրահատուկ զգացում. նրանք և՛ տեսնում են, և՛ լսում: Միայն էքսկուրսավարի պատմելով ամեն ինչ ավելի պասիվ է ստացվում ու պետք է օգտագործել այլ օժանդակ մեթոդներ՝ ելնելով ժամանակակից տեխնոլոգիաների տված հնարավորություններից: Կարծում եմ՝ մեր քաղաքի 48 թանգարանները կամաց-կամաց իրենց լուրջ քայլերն են անում աշխ��ւժացնելու թանգարանային կյանքը: Օրինակ՝ Երևանի պատմության թանգարանն աշխատում է մի նոր ծրագրի շուրջ: Մենք ունենք Երևանի մանրակերտը և հիմա ուզում ենք այդ մանրակերտի վրա 3՝ պրոյեկցիայով, ձայնային ելևէջներով մի հետաքրքիր բան ստանալ, որ մարդիկ կարողանան տեսնել ու լսել 20-րդ դարի սկզբի կառքի ձայները, մարդկանց կերպարները: Պատկերացնու՞մ եք, տպավորություն է ստեղծվում, որ դու հայտնվում ես այդ դարաշրջանում: Շատ է խոսվում, որ երիտասարդները չեն այցելում թանգարան: Ո՞րն է ձեր կարծիքով դրա պատճառը: Թանգարանային մթնոլո՞րտը, աշխատակիցնե՞րը, թե՞ պարզապես ժամանակներն են փոխվել:

— Կարծում եմ, որ համացանցը, որտեղ երիտասարդներից շատերն անցկացնում են իրենց ժամանակի մեծ մասը, շատ է նպաստում, որ նրանք ծանոթանան թանգարաններում կատարվող փոփոխություններին, հավաքածուների թարմացմանը: Բացի այդ, այսօր շատ երկրներում ընդունված է վիրտուալ շրջագայությունը թանգարանում, արդեն մեզ մոտ էլ նման բան կա: Այս ամենը, իհարկե, արդեն թանգարան այցելել-չայցելելը դարձնում է հարաբերական: Թանգարանային աշխատակիցների վերաբերմունքն ու ընդունելությունն արդեն հարցի մյուս կողմն են: Երբ ես նոր էի սկսել աշխատել թանգարանում, միակ երիտասարդ աշխատակիցն էի, ու երբ մարդիկ իմանում էին,

որ թանգարանում եմ աշխատում, զարմանում էին՝ այսքան երիտասարդ տղա ու թանգարանո՞ւմ: Բայց այս ոլորտում էլ աշխատելու համար պետք է տիրապետես քո մասնագիտությանը, տիրապետես միջազգային փորձին: Ու երբ համեմատում եմ, հասկանում եմ, որքան հետ ենք մենք ու որքան անելիքներ կան դեռ այս ասպարեզում: Հասարակ նրբություններ կան: Թեկուզ հենց թանգարանների հսկիչները դրսում հատուկ համազգեստով են, անընդհատ իրար հետ կապի մեջ են: Հենց ոտքդ դնում ես թանգարան, մուտքից պետք է հասկանաս որտեղ ես, պետք է ժպտալով դիմավորեն, ճանապարհեն: Դրսում թանգարաններում այցելուների համար նախատեսված են սրճարաններ, հուշանվերների խանութներ: Մեզ մոտ


Թանգարանը և գրավոր հաղորդակցությունը. Ավանդույթ և նորարարություն 2012թ. հոկտեմբերի 20-ից 25-ը Երևանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում անցկացվելու է Թանգարանների միջազգային խորհրդի Կրթություն և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի (ՍԵԿԱ) տարեկան 41-րդ գիտաժողովը: «Թանգարան և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն» խորագրով գիտաժողովի նախաձեռնողներն ու կազմակերպիչներն են ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն և «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Գիտաժողովն իրականացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում: Կրթության և մշակութային գործունեության կոմիտեն ԻԿՕՄ-ի կազմի մեջ մտնող ամենահին և ամենամեծ միջազգային կոմիտեներից է, այն ունի շուրջ 1300 անդամ, որոնք աշխարհի տարբեր թանգարանների թանգարանային կրթության, մանկավարժության և մշակութային գործունեության ակնառու մասնագետներ են: Կոմիտեի տարեկան գիտաժողովները վերջիններիս համար մասնագիտական հանդիպման առիթ են, որի ընթացքում թանգարանագիտական ոլորտում առկա տարբեր հարցեր ու խնդիրներ են քննարկվում: «Թանգարանը և գրավոր հաղորդակցությունը. ավանդույթ և նորարարություն» խորագրով գիտաժողովը 5 օրով կվերածվի մի ինքնատիպ մասնագիտական հարթակի, որտեղ միջազգային մակարդակով կքննարկվեն թանգարաններում ներկայացվող տարաբնույթ տեքստերին առնչվող խնդիրներ: Տեքստը, լայն առումով, տեղեկատվության համակողմանի աղբյուրն է, որն այցելուին ներկայացվում է թանգարանային

ներս ես մտնում, քար լռություն է, պետք է շշուկով խոսես: Սակայն ամեն ինչ դեռ նոր-նոր է սկսվում: Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց ավելի մեծ աշխուժություն կնկատվի մեր թանգարաններում: Ինչպիսի՞ ն պետք է լինի թանգարանի աշխատակիցը, ով ամեն օր դիմավորում ու ճանապարհում է հարյուրավոր այցելուների: — Հիշում եմ՝ մի անգամ, դեռ փոքր էի, Ազգային պատկերասրահում շատ կոպիտ ինձ հետ վարվեց այնտեղի աշխատակիցը: Դե ինչպես գիտենք, թանգարանում երբեք չի կարելի ոչ մի բանի դիպչել, բայց, օրինակ՝ եվրոպական թանգարաններում կան հատուկ կրկնօրինակներ, որոնք հատուկ ձեռք տալու համար են նախատեսված: Իսկ աշխատակիցների բարեհամբույր լինելը միանշանակ գրավում է այցելուներին: Եթե սրճարանում մեզ լավ են սպասարկում, մենք նորից ենք գնում, այս սկզբունքը թանգարանի պարագայում էլ գործում է: Եթե ուզում ենք զբոսաշրջություն զարգացնել, մեր սպասարկումը պետք է լավը լինի յուրաքանչյուր ոլորտում, այդ թվում և թանգարաններում: Եթե որպես մասնագետ եմ նայում, թանգարանի աշխատակցի հավաքական կերպարում նախ պետք է լինի էնտուզիազմ: Վճարումները մշակութային օջախներում բարձր չեն, ու այստեղ լավ աշխատելու համար մեծ էնտուզիազմ պետք է ունենաս, այս գործին պետք է նվիրվես:

ցուցադրության մեջ ամփոփված նյութական ու հոգևոր 2 արժեքների, բացատրագրերի, պիտակների, իրականացվող կրթական ծրագրերի, գրքի, նորագույն տեխնոլոգիաների, համացանցի, սոցիալական մեդիայի և այլնի միջոցով: Գիտաժողովի շրջանակներում հայ մասնագետների համար կանցկացվեն վարպետաց դասեր, որոնք կվարեն աշխարհի հեղինակավոր թանգարանների մասնագետները: Հայաստանում այս գիտաժողովի կազմակերպումը ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի վերջին տարիների ակտիվ գործունեության արդյունքն է: Նախկինում ոլորտին առնչվող նման մասշտաբի ու կարևորության միջոցառում մեր երկրում չի կազմակերպվել: Գիտաժողովի ծրագիրը ներառում է գիտական զեկուցումներ, քննարկումներ, գործնական պարապմունքներ: Ինչպես և ճանաչողական ուղևորություններ դեպի հայաստանյան թանգարաններ ու պատմամշակութային տեսարժան վայրեր: Գիտաժողովի հիմնական զեկուցողները ճանաչված մասնագետներ են ինչպես աշխարհի հեղինակավոր թանգարաններից (Լուվր, Բրիտանական թանգարան և այլն), այնպես էլ Հայաստանից: Գիտաժողովին մասնակցելու համար Երևան է ժամանելու նաև ԻԿՕՄ–ի նախագահ Հանս Մարտին Հինզը: Գիտաժողովն անցկացվելու է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտում, իսկ գործնական պարապմունքներն ու քննարկումներն ըստ համապատասխան թեմաների կկազմակերպվեն Հայաստանի մի շարք թանգարաններում: Գիտաժողովը նաև հեռարձակվելու է online ռեժիմով համացանցում, ինչը հնարավորություն կընձեռի բոլոր ցանկացողներին հեռակա մասնակցել այս ինքնատիպ միջոցառմանը:

Միջազգային ասպարեզում այսօր կա թանգարանային բիզնես հասկացություն, մինչդեռ մեզ մոտ այս երկու բառերի համադրությունը միասին դեռ խորթ է հնչում: Այս ասպարեզում որոշակի բիզնես մոտեցումները կնպաստե՞ ն ոլորտի արագ զարգացմանը: — Թանգարանային բիզնես, թանգարանային մենեջմենթ, մարքեթինգ՝ սրանք շատ արդի խնդիրներ են մեր երկրի համար: Կարծում եմ, որ սա նաև պետությունից է կախված: Այսինքն՝ թանգարանների համար պետք է հարկային այնպիսի դաշտ ստեղծվի, որ դրանք կարողանան, կոպիտ ասած, բիզնես անել: Դրսի թանգարաններն ունեն պետության հատուկ վերաբերմունք, կրճատված հարկեր: Թանգարանը պետք է ունենա իր գրախանութը, սրճարանը, որոնք նույնպես եկամտի լավ աղբյուր են: Այս ամենին մենք դեռ պետք է հասնենք: Ես թանգարանների միջազգային խորհրդի անդամ եմ և ցուցադրությունների գծով խորհրդի անդամ: Ամեն տարի տարբեր ցուցադրություններ ու գիտաժողովներ են կազմակերպվում տարբեր քաղաքներում, և այդ փորձն ինձ ցույց է տալիս, որ մենք անպայման պետք է շփում ունենանք դրսի թանգարանների հետ, որպեսզի կարողանանք նրանց փորձը ներմուծել մեր թանգարաններ: Շա՞տ ենք հետ համաշխարհային թանգարանային թոհուբոհից: — Այն երկրները, որոնք առանձնապես բան չունեն ներկայացնելու, այնպես

են ներկայանում թանգարանում, որ բոլորը խոսում են դրանից, իսկ մենք ունենալով մեծ պատմամշակութային ժառանգություն, հիմնվում ենք միայն հնության վրա: Ես կարծում եմ, որ ներկայանալի լինելը միայն հնությունով չի որոշվում: Մենք պետք է կարողանանք տեխնիկապես հագեցած լինել, որ կարողանանք ժամանակակից աշխարհին ճիշտ մատուցել մեր ունեցածը: Շատ հետ չենք, գուցե Երևանի սահմաններից դուրս մշակութային կյանքում դեռ թերությունները շատ են, բայց մայրաքաղաքում թանգարանային կյանքի աշխուժություն նկատվում է: Սա նպաստում է, որ դրսի փորձն ավելի արագ ինտեգրվի: Բացի այդ, Երևանի տարբեր թանգարանները պետք է համագործակցեն միմյանց հետ, փոխանակեն ցուցադրություններ կամ համատեղ ցուցադրություններով հանդես գան: Շփումը շատ է օգնում զարգանալուն: Երևանի ո՞ր թանգարանում ամենից շատ կուզեիք տեսնել նոր ու թարմ փոփոխություններ և ո՞ր թանգարանն եք սիրում ամենից շատ: — Արդեն 7 տարի աշխատում եմ Երևանի պատմության թանգարանում, և սա ինքնըստինքյան իմ սիրելի թանգարանն է դարձել: Մայրաքաղաքի մյուս թանգարաններից ակտիվ են Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Ազգային պատկերասրահը: Բոլորն էլ շատ սիրելի թանգարաններ են ինձ համար, բայց կուզենայի որոշակի փոփոխություններ լինեին Հայաստանի

պատմության թանգարանում, որ ցուցադրությունն ավելի ակտիվ ու դինամիկ, ավելի անիմացիոն լիներ: Այսօր իմ բոլոր գործընկերներն էլ աշխատում են թանգարանն ավելի հյուրընկալ ու կանչող դարձնելու ուղղությամբ: Թումանյանի, Չարենցի, Սարյանի, Իսահակյանի թանգարանները փորձում են լավագույնս ներկայանալ: Իսկ դրսի թանգարաններից շատ սիրում եմ Մետրոպոլիտեն թանգարանը, դե Լուվրը համարվում է թանգարանների թանգարանը: Դուք նշեցիք, որ մենք ցուցադրելու բան շատ ունենք: Ի՞ նչ եք կարծում, մի օր երևանյան Լուվր կունենա՞նք, որ ամբողջ աշխարհից գան Երևան՝ այդ թանգարանում շրջելու: — Իհարկե, ես հավատում եմ ու կարծում եմ, որ մի օր կունենանք աշխարհահռչակ մի թանգարան, որտեղ կներկայացնենք ծովից ծով Հայաստանից մինչև մեր օրերը: Դա կլինի մի թանգարան, որտեղ կներկայացնենք մեր Արևմտյան և Արևելյան Հայաստանների ամբողջ պատմամշակութային ժառանգությունը: Քանի որ մենք ասում ենք հնագույն Հայկական լեռնաշխարհ, Արարատ լեռ, Նոյան տապան և այլն, ուրեմն պիտի անենք ամեն ինչ, որ մի օր ունենանք մի թանգարան, որը հայտնի կլինի ողջ աշխարհում: Չնայած ընդունված է ասել, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, բայց այդ ամենը միայն հնագիտական պեղումների մակարդակի վրա չպետք է մնա, պետք է դուրս գալ և ներկայացնել արժանավայել:

Նե Թադևոսյան


ԹԵՄԱ ինֆոգրաֆիկա

Հայաստանում թանգարանների նախատիպեր եղել են դեռ ուրարտական շրջանում (մ.թ.ա. IX-VI դդ.)։ Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայում և այլ քաղաք-ամրոցներում՝ Մուսասիրում, Էրեբունիում, Թեյշեբաինիում կառուցված տաճարներում հավաքվում ու պահպանվում էին ծիսապաշտամունքային առարկաներն ու արվեստի բազմաբնույթ կոթողները։ Այդպիսի ավանդատներ ունեին նաև հեթանոսական տաճարները։ Հայտնի է նաև, որ արքայական պալատներում և իշխանական դղյակներում առանձնացված հատուկ սրահներում էին պահվում նախնյաց հիշատակներն ու պաշտամունքային տարաբնույթ առարկաները, ինչպես և տեղացի ու օտար վարպետների ինքնատիպ ստեղծագործությունները: Միջնադարյան Հայաստանում գործում էր թանգարանի երեք տիպ՝ արքունի, իշխանական և եկեղեցական: Երևանում պաշտոնապես թանգարան ստեղծելու առաջին փորձը ձեռնարկել է Խաչատուր Աբովյանը՝ հիմնելով գավառական դպրոցի գրադարանին կից հնագիտական մի փոքրիկ թանգարան՝ հայկական նահանգի հնությունների պատմական ու բնապատմական արժեք ունեցող իրերն այնտեղ ցուցադրելու համար։

24 25

Հոկտեմբեր 2012


Հայաստանի պատմության պետական թանգարանը՝ գործողներից ամենահինը երկրում, հիմնադրվել է Առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով և սկզբնական շրջանում կոչվել է զգագրական մարդաբանական թանգարան-գրադարան: Կազմավորվել է Կովկասիհայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: Այցելուների համար բացվել է 1921 թ. օգոստոսի 20-ին: Այսօր պատմության թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած հավաքածու: Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում կա ավելի քան 25 000 ցուցանմուշ՝ հիմնականում հայկական, ռուսաստանյան և արևմտաեվրոպական կերպարվեստի: «Մայր Հայաստան» ռազմական թանգարանն ունի ավելի քան 30 000 ցուցանմուշ, որոնք վերաբերում են Երկրորդ համաշխարհային և Արցախյան պատերազմներին:

Թանգարանների տիպեր Գեղարվեստի Բուհական Բնագիտական Պատմական

Զինվորական Հուշային Արդյունաբերական Այլ

Մատենադարանում պահվում են 17 300 ձեռագիր մատյաններ, որոնցից 2904-ը՝ օտար լեզուներով, մնացածը՝ հայերեն: «Թանգարանային գիշեր» ակցիան սկիզբ է առել 1999 թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով՝ ֆրանսիական թանգարանում գարնանային որևէ կիրակի հասարակության համար անվճար՝ «բաց դռների» օր հայտարարելով ու անվանակոչելով «Թանգարանային գարուն»: 2001 թ. միջոցառումը դարձավ համաեվրոպական, 2005-ից նախաձեռնության միացավ նաև Հայաստանը: 2012-ին թանգարանային գիշերվան մասնակցել է 63 թանգարան ողջ հանրապետությունից, այցելուների թիվը՝ 134 436: Թանգարանային գիշերվան հաջորդող, թանգարանների միջազգային օրվա ընթացքում, երբ դռները կրկին բաց են եղել այցելուների թիվը եղել է 148 834: 2011 թվականին Հայաստանի թանգարաններում գրանցվել է 2 203 023 այցելություն, որոնցից 2 044 774-ը՝ Երևանում, այդ թվում 15 տոկոսը՝ դպրոցականներ: Համեմատության համար նշենք, որ նույն թվականին Ադրբեջանում գրանցվել է ավելի քան 2 000 000 այցելություն, Վրաստանում՝ շուրջ 2 800 000: 2012 թվականի առաջին կիսամյակում «Էրեբունի» արգելոց-թանգարանը այցելել է 9800 հաճախորդ: Փարաջանովի տուն-թանգարանը Երևանում տարեկան այցելում է 15 000-18 000 մարդ: Գառնու ամրոցն ու տաճարը տարեկան այցելում է միջինում 140 000-150 000 մարդ: Երևանի թանգարանների տոմսերի ներկայիս գները՝ միջինում 500-1000 դրամ, դպրոցականների և ուսանողների համար՝ 200-500 դրամ:

Սարգիս Անտոնյան


ԹԵՄԱ դեմքեր

Տնային պայմաններում Երևանյան տուն-թանգարանների էքսկուրսավարները, իրենց օրվա հիմնական մասն անցկացնում են հայտնի կոմպոզիտորների, բանաստեղծների, գրողների տանը, տեսնում ու նկատում են այն, ինչ անտեսանելի է մյուսների համար: Հենց նրանք են հոգ տանում մեր մեծերի անձնական իրերի՝ նամականիների, ձեռագիր նոթատետրերի, գրադարանների, զարդերի, հագուստների մասին: Իսկ երբ թանգարանի դռները փակվում են այցելուների համար, նրանք զգում ու լսում են խաչատրյանական բալետի հնչյունները, չարենցյան տողերը, սպենդիարյանական համեստությունը, սարյանական գույները, թումանյանական վեհությունն ու իսահակյանական իմաստությունը:

Կլարա Խոջումյան, Եղիշե Չարենցի տուն-թանգարան Մաշտոցի պողոտա թիվ 17 հասցեում է գտնվում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը: Չարենցն այստեղ ապրել է երկու տարի՝ 1935ից 1937 թվականը: Նրա մահից գրեթե չորս տասնամյակ անց՝ 1975ին Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի որոշմամբ այդ տանը հիմնադրվեց բանաստեղծի տուն-թանգարանը: 1987 թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության, թանգարանի տարածքը ընդլայնվեց: Շատ եմ հուզվում, որովհետև ինքս ավելի շատ եմ ապրել Չարենցի տանը, քան ինքը, կինը, աղջիկները: Ֆոնդերը տեղադրված էին իր բնակարանի խոհանոցի տարածքում, 20 տարի շարունակ հենց այդ սենյակում եմ աշխատել՝ որպես գլխավոր ֆոնդապահ, հետո էլ 9 տարի որպես էքսկուրսավար: Ինձ շատ հարազատ է Չարենցի տունը՝ իր ամեն մանրուքով: Բայց իր աշխատասենյակում գտնվող բամբուկե սեղանը, որի վրա հորից ժառանգած փոքրիկ պարսկական գորգն է դրված,

26 27

Հոկտեմբեր 2012

յուրահատուկ է ինձ համար: Նա աշխատել է այդ սեղանի վրա իր հոր, Գյոթեի, Պուշկինի, Կոմիտասի լուսանկարների ներքո: Չարենցի բնակարանի միջանցքում մի հուշաքար կար. վերևում Սարգիս Բաղդասարյանի հեղինակած Չարենցի դիմակն էր: Ամեն անգամ, երբ այցելուներին այդ մասն էի ներկայացնում ու պատմում էի, որ Չարենցը գերեզման չունի, սիրտս լցվում էր, հուզվում էի: Այժմ նույն վիճակում եմ հայտնվում, բայց գիտեմ՝ նրա գերեզմանը համայն հայության սրտում է: Շատ եմ տխրում Չարենցի համար, կարծես ընտանիքիս անդամը լինի: Ինձ ամեն վայրկյան թվում է, թե Չարենցը թիկունքիս կանգնած լսում է՝ ինչ եմ ասում իր մասին: Երբ նոր էի սկսել աշխատել, երբեմն շրջվում էի, ինձ թվում էր, թե հետևիցս է գալիս: Դժվար տարիներին, երբ մութ էր ու ցուրտ, հենց Չարենցը օգնեց ինձ գոյատևել, ապրել: Որովհետև հիշում էի, թե ինչ օրեր էր ապրել Չարենցը ու իմ իրականությունը ավելի թեթև էի տեսնում:


Անժելա Վոլչինսկայա, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը բացվել է 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Հավաքածուի համար հիմք են հանդիսացել Սարյանի նվիրաբերած իր 50 ստեղծագործությունները: Պրոֆեսիոնալ գիդ-թարգմանիչ եմ, 20 տարի «Ինտուրիստում» եմ աշխատել: Մի սեզոն այստեղ աշխատելուց հետո շարունակեցի աշխատանքս: Սկզբում մտավախություն ունեի՝ շատ ծավալուն ծրագիր է, բայց ժամանակի ընթացքում ընտելացա: Արդեն վեցերորդ տարին է այստեղ անգլերեն կամ ռուսերեն էքսկուրսիաներ եմ վարում: Ասում են, որ հոգով եմ պատմում: Սարյանը ինձ համար մեծատառով անձնավորություն է: Հանճար լինելու հետ մեկտեղ նա բարի ու պարկեշտ անձնավորություն է: Ինձ համար պատիվ է, որ նրան եմ ներկայացնում այստեղ՝ արտասահմանից ժամանած հյուրերի առջև: Տուն-թանգարանը ինձ համար պարզապես աշխատանքի վայր չէ: Ամեն անգամ այստեղ գալով՝ էներգիա եմ ստանում

ու լիցքավորվում եմ այստեղ ապրող աուրայով: Զգում եմ, որ իր կտավներից օրհնյալ լույսն է ճառագում: Վառ գույները տրամադրություն են ստեղծում և ոգեշնչում են: Մի խոսքով, վայելում եմ թանգարանում անցկացրած ժամերը: Սարյանի հետ անձամբ ծանոթ չեմ եղել, բայց այժմ այնպիսի զգացողություն ունեմ, կարծես ճանաչել եմ իրեն: Սարյանական ոգին ապրում է այստեղ՝ ոչ միայն արվեստանոցում, այլ ամենուր: Ես զգում եմ նրան. էքսկուրսիա վարելու ընթացքում, երբ կանգնած եմ նկարի կողքը, զգում եմ նրա ներկայությունը: Անբացատրելի զգացում է, պարզապես չեմ պատմում նկարչի մասին, այլ հոգով եմ սկսում խոսել: Շատ սիրելի նմուշներ ունեմ այստեղ՝ «Քայլող Կինը», «Գիշերային բնանկար» կտավները: Բայց ամենից սիրելին երկրորդ հարկում կախված «Արարատ» կտավն է, որ Սարյանը 1925 թվականին է նկարել: Ինձ չափազանց հաճելի է դուրս գալ տնից ու իմանալ, որ գալու եմ այստեղ ու մի քանի ժամ ապրելու եմ սարյանական մթնոլորտում:


ԹԵՄԱ դեմքեր

Շուշան Հյուսնունց, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան Ալեքսանդր Սպենդիարյանի թանգարանը հանրապետության առաջին տուն-թանգարանն է: Երաժիշտը այս տանը բնակվել է 1926-28 թվականներին: Այստեղ ներկայացված հավաքածուն ներառում է կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթերը, նամականին ու ձեռագրերը: Թանգարանում ցուցադրվում է նաև «Ալմաստ» օպերայի ձեռագիր պարտիտուրան և ևրևանյան առաջին բեմադրության միակ պահպանված աղդագիրը, որով 1933 թվականի հունվարի 20-ին բացվեց օպերայի և բալետի թատրոնը: Աշխատում եմ այստեղ 2010 թվականի մայիսից: Ինքս երաժշտական կրթություն ունեմ ու մինչ աշխատանքի ընդունվելը Սպենդիարյանը ինձ համար հերթական մեծ կոմպոզիտորներից մեկն էր: Բայց երբ սկսեցի անդադար շփվել իր անձնական իրերի հետ, կարդալ նամականին, նա ինձ համար դարձավ հեռավոր բարեկամ, պապիկ, ում երբևէ չեմ տեսել, բայց շատ լավ եմ ճանաչում:

28 29

Հոկտեմբեր 2012

Սպենդիարյանի ոգին ապրում է իր հուշասենյակում, ամբողջ թանգարանում և նույնիսկ հարակից փողոցներում: Սպենդիարյանը չափազանց համեստ էր ու այժմ էլ չի պարտադրում իր ներկայությունը մեզ՝ թանգարանի աշխատակիցներիս: Սպենդիարյանը իմ կյանքի մի մասնիկն է դարձել: Եթե նրա երաժշտության հնչյուններն եմ լսում, ավելի ջերմ եմ ընկալում, քան մեկ այլ, ավելի հայտնի ու սիրված ստեղծագործություն: Նա ոչ միայն ինձ, այլև թանգարանի ողջ անձնակազմին մի կարևոր դաս է տվել՝ ամեն հարցում լինել պահանջկոտ ու հնարավորինս պրոֆեսիոնալ: Նա նույնպես այդպիսին էր: Տարբեր, կենցաղային հարցերում հանկարծ հիշում եմ, որ մեծ Սպենդիարյանն է այստեղ բնակվել ու ձգվում եմ, ավելի զգոն եմ դառնում: Իմ սիրելի նմուշը՝ սպենդիարաֆոնն է: Դա հենց իր ստեղծած երաժշտական գործիքն է, որ պատրաստված է իր կաշվե գոտուց և 12 բրոնզյա զանգակներից:


Մարիամ Սոխիկյան, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Ավետիք Ի��ահակյանի տուն-թանգարանը գործում է 1963 թվականից: Բանաստեղծն առանձնատանը ապրել է կյանքի վերջին տասը տարին: Այստեղ ամեն ինչ պահպանվում է այնպես, ինչպես եղել է բանաստեղծի կենդանության օրորք: Արդեն յոթերորդ տարին է, որ այստեղ եմ աշխատում: Չսիրելով երբեք չէի աշխատի, բայց Իսահակյանին սիրեցի դեռևս աշխատանքի անցնելուց առաջ: Խորը ուսումնասիրել եմ Իսահակյանի կյանքը, ստեղծագործությունները: Սկզբում մտավախություն ունեի, որ այստեղ երկար աշխատելու դեպքում այս ամենը սովորական կդառնա ինձ համար: Բայց ամեն անգամ այցելուներին սենյակներ ուղեկցելուց միևնույն թրթիռն եմ վերապրում, կարծես առաջին անգամ լինի: Իր անձնական գրադարանի օտարալեզու գրքերի հետ եմ աշխատում, ամեն անգամ փշաքաղվում եմ, չէ՞ որ այդ դարակը հենց ինքն է բացել ու դիպչել այդ գրքերին:

Տուն-թանգարանում ինձ համար ամենահարազատը հենց այդ գրքերն են՝ հատկապես նրանք, որտեղ կան իր նշումները: Իսահակյանի շունչը ապրում է այս պատերի մեջ, բոլոր այցելուները դա զգում են: Իսահակյանը ինձ համար ոչ միայն մեծ բանաստեղծ է, այլ իմաստուն, բանիմաց անձնավորություն: Ես էլ եմ նրան վարպետ անվանում: Թանգարանից երբեք չեմ հոգնում: Նույնիսկ մեր տանը Իսահակյանին նվիրված անկյուն ունեմ՝ փոքրիկ թանգարան: Տանը հաճախ խոսքի մեջ Իսահակյանից մեջբերումներ եմ օգտագործում, հարազատներս, երբեմն, բողոքում են, բայց արդեն ընտելացել են: Երբ կոլեկտիվով էքսկուրսիա ենք մեկնում, կողքից նայողը միանգամից հասկանում է՝ Իսահակյանի հետ կապ ունենք: Երգում ենք նրա երգերը, իրեն հատուկ «թամադայություն» անում: Մենք ոչ թե սովորական, այլ իսահակյանական կոլեկտիվ ենք:


ԹԵՄԱ դեմքեր

Անահիտ Նալբանդյան, Հովհաննես Թումանյանի թանգարան Հովհաննես Թումանյանի թանգարանը բացվել է 1953 թվականի ապրիլին՝ ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով կառուցված շենքում: Թանգարանի երկրորդ հարկի առանձին սրահում ներկայացված է Թումանյանի անձնական բացառիկ գրադարանը՝ մոտ 8000 հատորով: Մեծ տպավորություն է թողնում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը: Արդեն 8 տարի է աշխատում եմ այստեղ: Ամեն օր, ամեն վայրկյան շարունակում եմ ինչ-որ բան սովորել Թումանյանից: Աշխարհը սկսել եմ տեսնել Թումանյանի աչքերով, նրա դիտակետից: Նա ինձ համար, նախևառաջ, մարդ է, հետո՝ մեծ գրող: Թանգարանի երկրորդ հարկում կառուցվել է Թումանյանի՝ Թիֆլիսի տան կրկնօրինակն ու կահավորվել, այնտեղից բերված իրերով: Ես համոզված եմ, որ իրերը հիշողություն ունեն: Գրողի շունչը, աուրան, էներգետիկան զգացվում է ամենուր, հատկապես աշխատասենյակում: Երբ նոր էի ընդունվել աշխատանքի, վախենում էի մենակ մտնել նրա աշխատասենյակ՝ այնտեղի մթնոլորտը սարսուռ էր

30 31

Հոկտեմբեր 2012

արթնացնում, ինձ անդադար թվում էր, թե նա հենց այս պահին կգա: Էքսկուրսիայի ընթացքում, կարծում էի, թե նա իր աշխատասեղանի մոտ նստած է: Ի դեպ, հենց նրա անձնական իրերն իմ սիրելին են՝ գրիչը, աթոռը, սրճեփը, գրքերը: Տանը, կենցաղում, իրեն եմ օրինակ բերում, ասում են՝ «Թումանյանը էսպես կաներ, կամ կասեր»: Նույնիսկ երեխաներս են արդեն բողոքում, որ անդադար իրենից եմ խոսում: Թումանյանի ճաշասենյակում իր սեղանը զարդարելուց յուրաքանչյուր ափսեի կողքը նա փոքրիկ ծաղկաման էր դնում կենդանի ծաղիկներով: Իմ տանն էլ փորձում եմ շարունակել այդ ավանդույթը: Ի դեպ, նունիսկ հեռախոսիս էկրանի պատկերը Թումանյանն է: Ամեն առավոտ, երբ թանգարան եմ գալիս, նայում եմ թանգարանի մուտքի մոտ փակցված Թումանյանի նկարին ու ասում եմ՝ «Բարև, Թումո ջան»: Այդ նկարին նայելու համար գլուխդ պետք է բարձրացնես, կարծես Աստծո հետ ես խոսում: Թումանյանը իմ և Աստծո միջև եղած միջնորդն է:


Ժաննա Մկրտչյան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան 1978 թվականին Հայաստանի կառավարության կողմից հրամանագիր ստորագրվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարան ստեղծելու մասին: Կոմպոզիտորը անձամբ ծանոթացել է նախագծին ու իր դիտողություններն արել: Տուն-թանգարանը բացվել է 1984 թվականի հունվարի 26-ին, կոմպոզիտորի 80-ամյակի կապակցությամբ: Արամ Խաչատրյաննը ստացել է այս տունը 1947 թվականին, որպես հայ ժողովրդի նվեր: Նրա բնակարանի իրերը բերված են մոսկովյան բնակարանից և մերձմոսկովյան ամառանոցից ու դասավորված են նույնությամբ, ինչպես իր կենդանության օրոք էր: Այս տանը բնակվել է Արամ Խաչատրյանի մայրը՝ տիկին Ղումաշը ավագ եղբոր՝ Վաղինակի ընտանիքի հետ: Տուն թանգարանում աշխատում եմ 1996 թվականի օգոստոսի 17-ից: Ավելի շատ ժամանակ եմ անցկացնում այստեղ, քան տանը: Շատ եմ սիրում աշխատանքս: Հետաքրքիր մարդկանց հետ եմ շփվում, անդադար նոր բաներ եմ հայտնաբերում: Արամ Խաչատրյանը ինձ համար արդեն ընկեր է՝ շատ մտերիմ ու հարազատ մարդ: Մոտ 16 տարի իր մասին եմ խոսում՝ իրեն շատ սիրելով ու գնահատելով: Ուսումնասիրել եմ Խաչա-

տրյանի անձնական նամակները, իր մասին գրքերն ու մեծանուն մարդկանց կարծիքները: Ես պատկերացնում եմ իրեն, գիտեմ, թե ինչպիսի շարժուձև է ունեցել, ինչ է մտածել: Այն ժամերին, երբ այստեղ մարդ չկա, այդ լռության մեջ երաժշտություն է հնչում: Դա լեգենդ չէ, ժամանակի ընթացքում բոլորն էլ լսում են: Այնպիսի տպավորություն է՝ կարծես սրահներով ինչ-որ մեկը քայլում է: Նույնիսկ մեր պահակն է ասում, որ, երբեմն, վախենում է: Խաչատրյանի անձնական իրերը իմ սիրելի նմուշներն են: Այն ամենը, ինչն անմիջապես իր ձեռքի տակ է եղել՝ գրիչները, կոստյումը, իր ձեռագրով գրված նամակները, նոտաները: Ամենահիշվող հյուրերից մեկը Մայա Պլիսեցկայան էր: Մուտքի մոտ նա հանեց կոշիկներն ու ոտաբոբիկ ներս մտավ: Խաչատրյանն այնքան մեծ ազդեցություն է ունեցել կյանքիս վրա, որ չեմ ամուսնացել: Մտածել եմ՝ ուր գնամ, որ այստեղից ավելի լավ լինի: Ճիշտ են ասում՝ թանգարանային գործը ճահիճ է, բայց ճիշտ, հաճելի ճահիճ: Քեզ ամբողջովին կլանում ու տանում է: Ուշադրությանս կենտրոնում միայն թանգարանն է:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան, Սուրեն Մանվելյան


ԹԵՄԱ արտասովոր

Պատմական խաղ

Շրջել հին Երևանով, հիշել փողոցների անունները, թաղամասերն ու տիպիկ երևանյան էլի շատ մանրուքներ, իսկ հետո կիրառել այս գիտելիքները՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում անցկացվող խաղում հաղթելու համար: Հերթական դպրոցական այցը թանգարան հենց այսպես է անցնում: «ԵՐԵՎԱՆ»-ը աշակերտների հետ շրջել է տարբեր ժամանակների Երևանով՝ մայրաքաղաքի պատմության թանգարանում:

Ի

նչպես, հավանաբար, բոլորը նկատել են, դպրոցներում և բուհերում չի դասավանդվում մայրաքաղաքի պատմության մասին առարկա: Այդ բացը փորձում են լրացնել Երևան քաղաքի պատմության թանգարանում, որտեղ հասկացել են՝ որպեսզի պատմությունը սիրելի դառնա, այն պետք է կարողանաս շոշափել: Այդ նպատակով թանգարանն ուսումնական հաստատություններին առաջարկում է իրենց սաներին բերել թանգարան՝ «Ճանաչիր Երևանը» խաղ-վիկտորինային մասնակցելու: Մենք էլ Քանաքեռ-Զեյթունի թիվ 117 դպրոցի 4-ի Ա դասարանի հետ որոշեցինք վերադառնալ մանկություն, կրկին վերապրել դպրոցական էքսկուրսիաների ոգևորությունը, դասարանով «տեղ» գնալու հաճույքն ու ուղևորվեցինք դեպի Երևանի պատմության թանգարան՝ ձեռքի հետ նաև մայրաքաղաքն ավելի լավ ճանաչելու ակնկալիքով: Հենց մուտքի մոտ մեզ դիմավորեցին ընկեր Տաթևիկն ու ընկեր Մարինան՝ երկու էքսկուրսավարները, որոնք ուղեկցեցին դեպի

32 33

Հոկտեմբեր 2012

հիմնական ցուցասրահներից մեկը: Մեր առջև բացվեց Երևան քաղաքի մանրակերտը: Պետք էր տեսնել երեխաների աչքերը՝ նրանք չէին էլ պատկերացնում, որ իրենց քաղաքը կարող է հենց այսպես փռվել իրենց առաջ՝ սեղանի վրա… Ապակե ակվարիումի մեջ են «բնակվում» Արգիշտի Ա-ի օրոք հիմնադրված Էրեբունին, մեզ ծանոթ մայրաքաղաքի հին փողոցները, շենքերը, եկեղեցիներն ու գետերը: Էքսկուրսիաները՝ խաղային տարբերակով երեխաներին ներկայացնելու ինտերակտիվ մեթոդը թանգարանում գործում է 2005 թվականից: Կրթական օջախների յուրաքանչյուր դասարան կարող է ցանկացած պահի այցելել թանգարան ու մասնակցել ծրագրին: Էքսկուրսավարը երեխաներից Երևանի վերաբերյալ նախնական որևէ տեղեկություն չի ակնկալում: Նա թանգարանում տեղադրված մանրակերտի վրա, խաղի միջոցով, ներկայացնում է մայրաքաղաքի, մասնավորապես՝ կենտրոնի, պատմությունը: Կարմիր լազերային լույսի օգնությամբ էքսկուրսավարները ցուցադրում են մանրակերտի վրա գտնվող Էրեբունու և Երևանի յուրաքանչյուր


Երևանի պատմության թանգարան Թանգարանը հիմնադվել է 1931 թվականին, որպես Կոմունալ թանգարան (քանի որ եղել է Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր), իսկ 1936 թվականին վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան: Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936-ին տեղափոխվել է Կապույտ մզկիթի շենք, որտեղ գործել է մոտ 60 տարի: 1994-ից 1997 թվականը գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքում, 1997-ից 2005-ը՝ Շահումյանի անվան թիվ 1 միջնակագ դպրոցի մասնաշենքում, ինչից հետո հանգրվանել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում: Թանգարանն այսօր շուրջ 87 հազար ցուցանմուշ ունի, որոնցից ցուցադրվում է 3000-ը:

ծանոթ ու անծանոթ հատվածներն ու պատմում դրանց պատմությունը: Մի քանի րոպե անց պատանի դպրոցականներն արդեն գիտեն ամենակարևորը մայրաքաղաքի կենտրոնի պատմությունից: Ու հենց այդ պահին էքսկուրսավարներն առաջարկում են մասնակցել «Ճանաչիր Երևանը» խաղ-վիկտորինային՝ նոր ստացած գիտելիքները ստուգելու համար: Երեխաների հետ միասին «Երևան» և «Էրեբունի» մրցակից թիմերի ենք բաժանվում: Էքսկուրսավարները վստահեցնում են՝ անհնար է սիրել այն, ինչ չգիտես կամ չես ճանաչում ու հնչեցնում հարցերը, որոնց պատասխանելու արդյունքում մեզնից մեկը «քաղաքի տիրակալը» կդառնար: Իսկ դուք, օրինակ, գիտե՞ք՝ որն է մեր քաղաքի ամենահին այգին, եկեղեցին, ամենամեծ շուկայի անվանումը, Երևանի հատակագծի առաջին փողոցը, Թումանյան փողոցի նախկին անվանումը: յուրաքանչյուր պատասխանի համար մասնակիցները, որպես միավոր, Երևանի զինանշանի պատկերով թերթիկներ ստացան: Պայքարը թեժ է, երեխաները փորձում են լավագույնս դրսևորել իրենց և գրավել երևանյան գիտելիքի ամրոցը: Թեպետ բոլորն էլ հասկանում են՝ Երևանն ու Էրեբունին անբաժան են և, ի վերջո, բոլորս էլ ապրում ենք մի քաղաքում: Ուղևորվում ենք մյուս ցուցասրահ, որտեղ Երևան քաղաքի ամրոցի բանալիներն են ցուցադրված: Դրանք «հանձնվում» են միայն իրական, երդվյալ, արիական քաղաքացիներին: Այսօրվա վիկտորինայի մասնակիցներն ապացուցեցին, որ արժանի են դրան: Բոլորը մասնակցում են երդման հանդիսավոր արարողությանը, պատասխանատու կերպով հայտարարելով. «Այցելելով Երևան քաղաքի պատմության թանգարան, խոստանում եմ սիրել, պահպանել, շենացնել համայն հայության մայրաքաղաքը»: «Վիկտորինայի հաջողության գաղտնիքը հետևյալն է՝ լավ սցենար, էքսկուրսավարի դերասանական վարպետություն, հոգեբանի, մանկավարժի և հռետորի ունակություններ: Ինֆորմացիան պետք է մատուցել կատակով, խաղի միջոցով՝ ներգրավելով բոլորին», — ասում է էքսկուրսավար Մարինա Խաչմանուկյանը, որի նախաձեռնությամբ էլ արդեն անցնում են այս ինտերակտիվ խաղերը: Ցուցասրահում հնչում է «Էրեբունի-Երևան» երգը՝ գրեթե բոլորն անգիր գիտեն երգի բառերը: Քիչ անց ցուցասրահն արդեն դատարկ է: Բայց պատանի երևանցիներն արդեն իրենց սրտերում պահում են Երևանի ամրոցի՝ այսօր վաստակած բանալիները, Արգիշտի թագավորի պատգամներն ու նվիրյալ քաղաքացի լինելու երդումը:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան


ԹԵՄԱ Խոշոր պլան

Արվեստ, Կասկադ, աստիճաններ Ոմանք կարծում են, որ «Երևանը թանգարան է բաց երկնքի տակ» արտահայտությունն այսօր հեռու է իրականությունից: Երևի կարելի էր համաձայնվել, միայն թե իրավիճակը մի փոքր փոխում է Կասկադում տեղավորված Գաֆէսճեան արվեստի կենտրոնը: Իր մոտեցումներով, սկզբունքներով ու ներկայանալու ձևով մայրաքաղաքի մյուս թանգարաններից ու ցուցասրահներից տարբերվող արվեստի կենտրոնն այն եզակիներից է, որի ցուցանմուշների հետ երևանցիների և հյուրերի նկարները պտտվում են սոցիալական ցանցերում ու մեծապես սկսել են ասոցացվել Երևանի հետ: Կենտրոնի մոտեցումերի ու սկզբունքների մասին պատմում է գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

34 35

Հոկտեմբեր 2012


***

Կան մի շարք հանգամանքներ, որոնք նպաստում են թանգարանային աշխատանքի կազմակեպված ընթացքին և ացելուների հետաքրքրության աճին, դրանք են՝ թանգարանային միջավայրն ու չափանիշները: Թանգարանի մասին խոսում են այցելուները: Կասկադն ու Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տեսարժան վայր է թե՛ զբոսաշրջիկների, թե՛ տեղացիների համար: Մեր այցելուների գրքում միշտ հիացմունքի խոսքեր են գրում ոչ միայն տեղացիները, այլ նաև հյուրերը: Իսկ հյուրերի շարքում երբեմն այնպիսի մարդիկ են լինում, որ վստահ կարող եմ ասել՝ նրանց կարծիքը չափանիշ է: Մեր թանգարանը տարբեր դարձնող մի շարք սկզբունքների նպատակը ոչ թե թանգարանը տեսանելի դարձնելն է, այլ դրա միջոցով հանրությանը որոշակի արժեքներ ներկայացնելը. մենք

«Հսկա Խոլորձ» Մայլի Քրիստի

արվեստի կենտրոն ենք ու խնդիր ունենք մատուցել արվեստը: Բոլոր տարիքային խմբերի համար ունենք կրթական ծրագրեր: Փորձում ենք մարդկանց մեջ ոգևորություն արթնացնել արվեստի հանդեպ: Այլ հարց է, թե ինչպես է այս ամենն ընկալվում ու ընդունվում հայ մշակութասեր հասարակության կողմից: Իհարկե, կանոնակարգված աշխատելաոճը միշտ էլ գրավիչ է: Մատուցման եղանակից էլ շատ բան է կախված: Թանգարանային նմուշների մատուցման մեր եղանակը ինչ-որ տեղ գալիս է արևմտյան դպրոցից, այնտեղի փորձը աշխատում ենք ինտեգրել այստեղ՝ դրանով զբաղվող հատուկ մասնագետներ էլ ունենք: Արվեստն ինքնին սուբյեկտիվ է: Եթե խոսում ենք մատուցելու ձևից և ոչ թե մատուցվող նյութից, ապա կասեմ, որ ինտեգրումը շատ հեշտ չէ, բայց առաջընթաց կա: Դրա վառ օրինակներից է մեր անդամակցության ծրագիրը: Մինչ այժմ երևանյան ոչ մի թանգարան չի օգտագործել այս ձևը: Ունենք անհատին առաջարկվող հատուկ փաթեթներ՝ ուսանողական, տարեց քաղաքացի, ընտանեկան և այլն, որոնցից յուրաքանչյուրը ենթադրում է տարեկան որոշակի ներդրում: Այսպիսով նպատակ ունենք, որ ներդրում անող այցելուները գիտակցեն՝ իրենք ներդրում են անում մշակութային կյանքի պահպանման և զարգացման մեջ: Իհարկե, անդամակցությունը առավելություններ տալիս է, բայց ամենակարևոր ուղերձն այն է, որ մարդիկ հասկանան՝ իրենց անդամակցությամբ նպաստում և խթանում են մշակութային օջախի պահպանմանը: Նույնն ունենք կորպորացիաների համար՝ կորպորատիվ անդամակցությունների շրջանակներում: Իհարկե, անդամակցության գաղափարը չեմ կարող ասել, որ ունի զանգվածային բնույթ, բայց խնդիրն այն է, որ այս երևույթը այսօր չկա մեր հանրության մեջ, ընդունված չէ որպես այդպիսին: Այստեղ կարծես բացահայտ իշխում է կարծրատիպը, թեև կան մարդիկ, ովքեր, տեսնելով այս ամենը, սկսում են իրենք իրենց նախատել, որ մինչ հիմա սրա մասին չեն իմացել ու ավելի շուտ չեն եկել: «Քաղաքի մեջ քաղաք»՝ նույնիսկ այսպիսի ձևակերպում են տվել մեզ մեր որոշ այցելուներ:

ԲՈԼՈՐ ՏԱՐԻՔԱյԻՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ՈւՆԵՆՔ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ: ՓՈՐՁՈւՄ ԵՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ ՈԳԵՎՈՐՈւԹյՈւՆ ԱՐԹՆԱՑՆԵԼ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՆԴԵՊ: ԱյԼ ՀԱՐՑ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԱյՍ ԱՄԵՆՆ ԸՆԿԱԼՎՈւՄ Ու ԸՆԴՈւՆՎՈւՄ ՀԱյ ՄՇԱԿՈւԹԱՍԵՐ ՀԱՍԱՐԱԿՈւԹյԱՆ ԿՈՂՄԻՑ

N Ford Runabout. 1906-1908


ԹԵՄԱ Խոշոր պլան Իսկ վերջերս աշխատեցինք մարդկանց ընտանիքով թանգարան բերելու վրա՝ նախաձեռնեցինք «Արվեստի ընտանիք» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր մարդկանց ընտանիքով ընդգրկել մշակութային կյանքին: Փորձում ենք կայծ ստեղծել, կրակ բորբոքել, որ մշակութային կենտրոնի նկատմամբ մարդիկ ավելի նախանձախնդիր դառնան:

***

Երևանցիների մշակութասեր լինելու աստիճանը կարող եմ ասել մեր կենտրոնի տեսանկյունից: Այստեղ միշտ մարդաշատ է լինում՝ մեր այցելուները չեն պակասում: Էլ չեմ ասում թանգարանային գիշերը. միայն այս տարի այդ օրն ունեցել ենք 40 հազար այցելու: Մեր շարժասանդուղքները գրանցում են այդ ամենը, չհաշված, իհարկե, դրսի քարե սանդուղքներով վեր բարձրացողներին: Մեր թանգարանը մեծ է՝ սկսվում է պուրակից, հետո քանդակների պարտեզ, ի վերջո՝ 50-ամյակի հարթակը, որտեղ ևս ունենք նմուշներ: Ի դեպ, դրանք շուտով համալրվելու են: Տարեկան կտրվածքով մեկ միլիոն այցելու ենք ունենում: Վստահ կարող եմ ասել, որ այս տարածքը երևանցիների սիրած տեղերից է: Չկա շատ ձևական մթնոլորտ, համադրվում է և՛ հանգիստը, և՛ օգտակարը, այսինքն՝ զուտ արվեստ ես վայելում: Մի քանի ցուցասրահ ունենք, որ անվճար են, դրանք սովորաբար լիքն են լինում: Ամեն ինչ անում ենք երևանցիների առավելագույն ինտեգրման համար: Դժվարանում եմ միանշանակ ասել, թե հատկապես որ սրահներն են սիրելի այցելուների կողմից: Օրինակ՝ «պատկերասրահ մեկը», որտեղ նաև մեր խանութն է, միշտ լեցուն է, մարդիկ հենց ներս են գալիս՝ նախ այնտեղ են մտնում: Նույն թանգարանային գիշերը հենց այդտեղից է հերթը գոյանում ու հասնում մինչև դրսի հատված: «Խանջյան» սրահը, որտեղ Գրիգոր Խանջյանի հայտնի եռանկարն է, իր ուրույն ձգողականությունն ունի: Շարժասանդուղքների հատվածը, այսպես թե այնպես, միշտ ուշադրության կենտրոնում է: Նոր համալրումներ են սպասվում, շատ ցուցանմուշներ մեր պահեստում են ու շուտով իրենց տեղը պիտի գտնեն: Բոտերոյի ծխող կինն է միանալու հեղինակի մեզ մոտ գտնվող մյուս գործերին: Երևանցիները հատուկ սեր ունեն այս հեղինակի

հանդեպ: Իհարկե, սկզբում ոչ բոլորը ընդունեցին, չնայած որ մեզ մոտ ցուցադրվող այս նմուշներն իրոք եզակի են: Առհասարակ ցուցանմուշների հանդեպ մարդկանց արձագանքները շատ տարբեր են լինում: Մարդկանց արվեստի ընկալումը տարբեր է: Օրինակ՝ Բոտերոյի կատվի վերաբերյալ մի ժամանակ տարբեր բաներ էին ասում: Սև կատվի հետ կապված նախապաշարմունքներ կային քաղաքում: Հիմա խեղճ կատվի թաթերը մաշվել են, ու տակից բրոնզը փայլում է՝ այնքան են ձեռք տվել հետը նկարվելիս: Իսկ նրանք, ովքեր ծանոթ են, գիտեն համաշխարհային արվեստի նմուշները, գնահատում են, որ իրենց քաղաքում կա քանդակների եզակի պարտեզ: Վստահ կարող եմ ասել, որ ամբողջ տարածաշրջանում նման թանգարան չկա:

ԲՈՏԵՐՈյԻ ԿԱՏՎԻ ՎԵՐԱԲԵՐյԱԼ ՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԱՐԲԵՐ ԲԱՆԵՐ ԷԻՆ ԱՍՈւՄ: ՍԵՎ ԿԱՏՎԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈւՆՔՆԵՐ ԿԱյԻՆ ՔԱՂԱՔՈւՄ: ՀԻՄԱ ԽԵՂՃ ԿԱՏՎԻ ԹԱԹԵՐԸ ՄԱՇՎԵԼ ԵՆ, Ու ՏԱԿԻՑ ԲՐՈՆԶԸ ՓԱյԼՈւՄ Է՝ ԱյՆՔԱՆ ԵՆ ՁԵՌՔ ՏՎԵԼ ՀԵՏԸ ՆԿԱՐՎԵԼԻՍ «Գլասսինատոր» Էնդրյու Քորսոն

36 37

Հոկտեմբեր 2012


Ֆերնանդո Բոտերոն և երևանցիները 2003 թվականին Կասկադում հայտնվեց Ֆերնանդո Բոտերոյի առաջին քանդակը՝ «Սև կատուն»: Երևանցի սնահավատները խառնվեցին իրար՝ «սև կատուն վատ նշան է»: Այսօր թմբլիկ փիսոն քաղաքային պեյզաժի խորհրդանիշներից է: Մերկ «Հռոմեացի զինվորին» տեղադրելիս էլ բուռն արձագանքներ եղան: Սակայն, ինչ խոսք, ամենաբուռնը երևանցիները դիմավորեցին Բոտերոյի «Ծխող կնոջը»: Հեղինակի թմբլիկ արձանների ընտանիքի նոր անդամը՝ ծխախոտը ձեռքին մերկ տիկինը, պախարակվեց ու որոշ քաղաքացիների կողմից ընկալվեց որպես անբարոյական, գռեհիկ ու Երևանի հետ անհամատեղելի արվեստի գործ: Եթե խեղճ կինը կարողանար քայլել, երևի վաղուց տոմս գնած կլիներ ու կվերադառնար հայրենի Կոլումբիա՝ իր ստեղծողի մոտ, որը համաշխարհային ժամանակակից արվեստի ամենաճանաչված

դեմքերից մեկն է: 1997թ. Փարիզի Շանզելիզե փողոցում մի քանի ամիս շարունակ ցուցադրվում էին նրա քանդակները, իսկ այսօր մի շարք թանգարաններ, անհատ կոլեկցիոներներ հետարքրքված են ձեռք բերելու Բոտերոյի աշխատանքները: 2007ին Նյու Յորքում Բոտերոյի «Պարողները» քանդակը վաճառվել է 1,7 մլն դոլարով: Նրա աշխատանքները պատկանում են ֆիգուրատիվիզմի ոճին: Նա պատկերում է չափազանցված, փարթամ և անհամաչափ տեսքով՝ քննադատական, հեգնական, հումորային մանրամասների ընդգծմամբ կերպարներ: Կսիրե՞ն երևանցիները Կասկադում իրենից գոհ փռված տիկնոջը՝ ցույց կտա ժամանակը, բայց փաստ է այն, որ Երևանը համալրվեց մի հեղինակի աշխատանքով, ում գործերն այսօր զարդարում են Ֆլորենցիայի, Նյուր Յորքի ու Փարիզի կենտրոնական փողոցները:

***

«Կատու» Ֆերնանդո Բոտերո

«Այծքաղի ցատկ» Սարաջ Գուհա

Գրավիչ դառնալու համար նախ պետք է մատուցվող նյութը գրավի մարդկանց, միևնույն ժամանակ՝ մատուցման եղանակը: Չեմ կարծում, որ մատուցվող նյութի վերաբերյալ Երևանի այլ թանգարանները խնդիրներ ունեն, քանի որ բոլորն էլ առավել քան հետաքրքիր նմուշներ ունեն: Մատուցման եղանակն արդեն հարցի մյուս կողմն է: Այսօր հասարակության կյանքը մի տեսակ փոխված է, դինամիկան ու սթրեսը շատ են, այս��նքն՝ մի շարք գործոններ կան, որոնք մարդուն հեռացնում են արվեստից: Թանգարանները պետք է ձգտեն ավելի դինամիկ լինել, ընթացքին համարժեք քայլեր անեն, որպեսզի տեսանելի լինեն հանրության համար: Իսկ ի՞նչ է պետք անել դինամիկ լինելու համար հարցին՝ կարող եմ պատասխանել կրկին ելնելով մեր փորձից: Նախ տոմսերի ստանդարտ վաճառքից և ցուցասրահներում մարդկանց հյուրընկալելուց բացի, մենք տեսանելի ենք նաև վիրտուալ աշխարհում՝ facebook, youtube: Տեսնելու արժանի գրեթե ամեն ինչ մենք հասանելի ենք դարձնում նաև վիրտուալ կերպով, որպեսզի եթե մարդը ի վիճակի չլինի հասնել թանգարան, թեկուզ վիրտուալ հնավորություն ունենա ծանոթանալու հավաքածուներին ու նմուշներին: Այսօր մարդկանց զգալի մասը համացանցում ավելի շատ է ժամանակ անցկացնում, այդ պատճառով այս դաշտը ևս պետք է օգտագործել: Շատերն այստեղ ավելի ակտիվ են, քան կյանքում: Ի դեպ, կենտրոնի ամենավերջին հարկում գտնվող հատուկ միջոցառումների սրահը նախ լավ առիթ է ստեղծում, որ այնտեղ համերգի շտապող մարդիկ անցնեն քանդակների ու մեր հետաքրքիր ցուցանմուշների կողքով, իսկ արդեն բուն սրահում մշտապես փորձում ենք լավ երաժտության երեկոներ անցկացնել: Առհասարակ երաժշտությունն արվեստի մի մասն է ու ճիշտ է, երբ թանգարանում դրան էլ է տեղ հատկացվում: Դասական երաժշտության մասով ունենք գեղարվեստական խորհուրդ՝ տարբեր մասնագետներից կազմված: Բեմ ենք տրամադրում և՛ կայացած, և՛ կայացող երաժիշտներին: Իսկ ջազ ու ռոք կատարողներից փորձում ենք ընտրել լավագույններին: Առաջիկայում մեր ամեկարևոր նպատակներից են նոր ցուցադրությունները: Մենք 5 կոնտեյներ ցուցանմուշներ ենք ստացել և ընդլայնելու ենք քանդակների պարտեզի նմուշների քանակը: Իսկ հոկտեմբերին Երևանի մասին ցուցահանդես կլինի՝ ժամանակակից և նախկին Երևանը պատկերող, կկոչվի «Երևան՝ հայացք ապագայից»: Մանրամասներ չեմ ուզում ասել:

***

Արվեստը իր գոյության ընթացքում նոր փոփոխություններ մտցնելու, նոր հորիզոններ բացահայտելու, մարդու տեսադաշտը բացելու, ինքն իրեն ճանաչելու հետ են կապել: Թանգարանները, արվեստի կենտրոնները այս առաքելության շարունակողը պետք է լինեն: Ուզում ենք, որ այս կենտրոնը իր վրա վերցնի այդ առաքելության մի մասը և դառնա արվեստի կարևոր օղակ Երևանի համար:

Նե Թադևոսյան Մարիամ Լորեցյան


ԹԵՄԱ Կարծիք

Բոտեռոր. երեք հաստլիկ՝ չհաշված հեղինակին Արձակագիր Արմեն Օհանյանը հիշում է, թե ինչպես մեկը մյուսի հետևից Երևանի կենտրոնում հայտնվեցին Ֆերնանդո Բոտերոյի երեք աղմկահարույց քանդակները և վերլուծում դրանց շուրջ՝ մայրաքաղաքացիների հնչեցրած զանազան կարծիքները: Հաստլիկ 1

Ասես մեր միջով անցավ էդ Սև կատուն՝ առաջին բոտեռորիստը, որ Երևան եկավ ու մեր վարդագույն քաղաքի սրտին ծանրացավ իր մի տոննա քաշով: Տեսանք՝ տեղը չբերեցինք: Մեր իմացածներից չէր. Աստծու թաշկինակի նման չէր, գող փիսոն էլ չէր, ոչ էլ մի մութ անկյունում նստած ունքերը կիտածը, էն մեկն էլ չէր, որ ժամանակին ճոն էր ու անգամ վանեցի չէր: Կարճ ասած, հաստատ հայ կատու չէր ու դժվար լիներ հայ ժողովրդի մեծագույն բարեկամ: Դրսի ծանոթ չաղ կատուներին փորձեցինք հիշել. չեշիրյան ժպիտ չուներ, քիփլինգյան շարժուձև՝ նույնպես, պուշկինյան ոսկե շղթայի վրա ման եկողին հեչ նման չէր, ասեցին՝ սատանան գիտի, երևի բուլգակովյան Բեգեմոտն է, բայց սրամիտ կատվի տեսք չուներ: Մի խոսքով՝ կյանքում բոտեռորիստ չտեսած երևանցու համար անծանոթ, անկապանդասակարգ չաղ կատու էր: Բայց մի օր, երբ սրա նմանակին հեղինակի հայրենի քաղաքի հրապարակից գողացել տարել էին, միջազգային լրահոսից շատերս իմացանք, որ էս կատվի գինն

ու քաշն իրար համապատասխան են, ու էդ գումարային ծանրակշիռ փաստարկն էնքան համոզիչ թվաց քաղքենուն, որ սևն աչքին ոսկեգույն երևաց, կատուն էլ՝ առյուծ, ու բոլորն իրենց պարտքը համարեցին ծառ տնկել, տուն սարքել ու տղա ունենալուց զատ՝ կատվի հետ նկարվել: Բոտերոն մեր կողմերում երրորդ ճանաչված կոլումբիացին դարձավ՝ Շակիրայից ու Գարսիա Մարկեսից հետո:

Հաստլիկ 2

Կատվակրքերը դեռ չմարած՝ մի հռոմեացի զինվոր բոտեռորիստ էլ հայտնվեց: Անգամ մակեդոնացու զորքը վախեցավ մեր լեռների բարձրությունից, իսկ սա հազարամյակներ անց, եկավ գրավեց Կասկադի բարձունքը, տռուզ ու փքված, բայց նաև զինված, ամոթաբուռը կորցրած՝ դիրքավորվեց Մայր Հայաստանի փեշերին: Ժամանակին սրա նմանները քանդեցին Տիգրան Մեծի ծովից ծովը, հետո էլ որդու՝ մեր գրող թագավոր Արտավազդի գլուխը կերան, ու թե խորանանք՝ շատ-շատ

պատմանցքերից լիքը կեղտ կհանենք ու դեմքին կշփենք: Հարցը փողը չի: Հռոմեացի զինվորը հայի հերոսը չի եղել երբեք, ոչ էլ պաշտպանն ու դարավոր բարեկամը. ոչ մի Խաչատուր չի գրել՝ «օրհնվի էն սհաթը, երբ հռոմեացու ոտը...»: Բայց էս անգամ էլ կռիվը չթեժացավ, քանի որ մինչ էդ՝ սեռահասուն տարիքի ոչ մի տղամարդքանդակ, ճուճ-պլորը բաց, քաղքի մեջ կանգած չկար: Հռոմեացու եղած-չեղածն իր մարմնի չափերի համեմատ պստիկ էր, ու մեր սեռաքաղց նաֆարը նայեցնայեց, ուրախացավ՝ համեմատելով իր ունեցածի հետ, ինքնահաստատվեց ու մերվեց: Ասում են՝ բացման օրը մեկը կատակել էր, թե՝ բանից բռնես, խեր է, ու էս փոստը բերնեբերան տարածվեց, արդյունքում՝ հռոմեացու պուպուլն էնքան քաշքշեցին, որ հիմա մաշվել ու պլպլում է: Կարճ ասած՝ մի կողմից հարազատ մի բան կար մեջը՝ կերածխմած տղու տեսք ուներ, մյուս կողմից էլ՝ պարզվեց՝ խեր է, ու հին հաշիվները մոռացվեցին: Հիմա Հռոմն արդեն կայսրություն չի, անցած-գնացած պատմություններ են, ինքն էլ թուրք չի, եվրոպացի է, ուրեմն՝ թող կանգնի:

38 39

Հոկտեմբեր 2012

Հաստլիկ 3

Երրորդ բոտեռորիստն էր, որ վերջնականապես բացեց մեր աչքերը, ու մենք վերջապես հասկացանք, որ սենյոր Ֆերնանդոյի հաստլիկները արևմտյան մութ ուժերի կողմից ներդրված ծպտյալ մշակութային ռումբեր են՝ հուշարձանացավից տառապող մեր քանդակագործության համար վտանգավոր՝ անգամ իրենց չափուձևի առումով: Ծխող կնոջ անպատկառությունից վարդագույն քաղաքի թշերն ու ականջները կարմրեցին: Մի քաղաքում, ուր, ընդհանրապես, կնոջ մերկ արձանները հատուկենտ են ու այլաբանական՝ «Սպասում», «Մեղեդի» խոսուն անուններով, կատարվածը չտեսնված բան էր, էլ չասած, որ ոչ մի կինարձան անուն-ազգանուն չունի (ոչ մի արվեստագետ, գիտնական, մտավորական, հասարակականքաղաքական կամ պատմական գործիչ կին Երևանում արձանացման դեռ չի արժանացել ): Ու սկսվեց: «Ա՜խ, — ասեցին բոտեռորի կողմնակիցները, — որ ամեն գեղամեջում մի տկլոր ծխող աղջկա արձան դրվի, Հայաստանում մշակութային հեղափոխություն


կլինի»: «Վա ՜խ, — ասեցին բոտեռորից ահաբեկվածները, — հարիր չի՛, սիրուն չի՛, հայեցի չի՛, սեքսի չի՛»: Էդ բրոնզե ճարպը մեզ էլի բաժանեց ընդդիմության ու ոչ ընդդիմության, և սեպ խրեց ազգիս միջև: «Ա՜յ, — ասեցին ծխող կնոջ երկրպագուները, — ոնց կուզենք բոլոր հրապարակներում, չէ, ամեն կանգառում, ամեն այգու ծառութփի տակից աղջիկ թե տղա, ջահել ու ահել լիքը տկլոր, չաղ ու բախտավոր արձան լինի՝ պառկած, կանգնած, չոքած, պպզած, ինչ ուզես անելիս, թեկուզ ծխել, պարել, գլուխկոնծի տալիս, ու թող մեկն իր բրոնզե հետույքով, մեկն իր մարմարի ծծերով, մեկն էլ իր բազալտե ձվերով հունից հանեն քաղքենուն»: «Վա՜յ, — հակառակվեցին նամուսով արվեստասեր-ու-գետ-ները, — հարցը ծիծը չի, ծիծ ինչքան ուզես մենք էլ ենք քանդակել, ոչ ծծմեռ ենք, ոչ էլ ծծկեր, բայց էդ պահվածքի քարոզն ու գործի վուլգարությունն ինքնին անընդունելի են: Չտեսանք պատից կախ, տեսանք՝ ճակտից կախ: Միլիոն ու կես դոլար արժի, թող ներսում դնեն՝ ում հաճելի է, գնան տեսնեն:

Սրա նմանը Մոնտե Կարլոյի մի այգում պառկած է՝ աչքից հեռու տեղ, մեկն էլ՝ Մեմֆիսի «Բրուքս» թանգարանի բակում: Բայց հենց նույն ձեր սիրելի Արևմուտքում ոչ մեկը չի տարել իր մայրաքաղաքի սրտում, իր ազգի մեծերի հարևանությամբ (Թամանյան, Կոմիտաս, Սարյան, Խաչատրյան, Սարոյան և այլք) ծխող կնոջ պառկացրել»: Ու էդպես շարունակ: Իսկ իրականում, միայն երրորդ հաստլիկի երևան գալով ակնառու դարձավ, թե ինչպես է աշխատում բոտեռորը՝ առանց ջղաձգման, մահապարտի հանգստությամբ, դանդաղեցված գործողության ռումբի նման: Փամփլիկի արածը մի բան չէր. իր համար պառկած երևանյան արևն էր վայելում, ու թքած ուներ իր շուրջը բարձրացող հույզերի փոթորկի վրա, մինչդեռ սև, ոսկի պտերով ճաղավանդակված քաղաքային միջավայրը, ուր ամեն քայլափոխի անարգանքի էլեկտրական սյուներին գրոտել են՝ «պորտդ փակիր», նրա ներկայությունից սկսեց հուզվել ու տագնապել՝ մեծ պայթունի կանխազգացողությամբ:

Հեղինակին (չհաշված)

Ծանր է, երբ չորս տարեկանում հորդ կորցնում ես ու մի տուն լիքը երեխեքով մնում եք խեղճուկրակ, կար անող մորդ վզին, գավառական մաֆիոզ մի քաղաքում, որ թմրակարտելի մաս է կազմում: Ծանր է, երբ գիտակցում ես, որ նկարիչ դառնալու երազանքիդ հետևից գնալու համար պիտի կտրվես քո հողուջրից, պիտի գնաս հեռու մի տեղ, որ պաշտելի Գոյայի, Վելասկեսի, Դելակրուայի արվեստը գրքերում ու ալբոմներում չտեսնես միայն: Ծանր է, երբ ոճերի ու փորձերի բազմազանության մեջ կորցնում ես քոնը, տարիներ շարունակ ստեղծագործական որոնումներում չես գտնում քեզ: Ծանր է, երբ բաժանվում ես կնոջիցդ, երեք երեխաներիդ մորից, որ հետո պիտի Կոլումբիայի մշակույթի նախարար դառնա, իսկ դու ամբողջ կյանքում քո արվեստով ծաղրել ես պաշտոնյաներին ու բյուրոկրատներին: Ծանր է, երբ առաջնեկիդ՝ մեծ որդուդ, որին հայրենիքի նվիրյալ էիր համարում, հեռացնում են պաշտպանության նախարարի պաշտոնից ու բանտարկում հինգ տարով՝ միլիարդավոր դոլարների չարաշահման, թմրաբիզնեսի ու զենքի առուվաճառքի հետ կապված խայտառակ մի գործով, իսկ դու քո արվեստով միշտ պայքարել ես մաֆիայի դեմ: Շատ ծանր է, երբ փոքր տղադ՝ ընդամենը վեց տարեկան, ավտովթարից մահանում

է հենց քո ձեռքերին, իսկ դու մնում ես ողջ, մնում ես, քո իսկ խոսքերով՝ «ամենակոլումբիացի նկարիչը», մնում ես էստեղ, որ շարունակես աշխարհը ծանրաբեռնել ու լիցքավորել քո ուռած-փքված կերպարներով: Ծանր է, երբ արդեն ութսուն տարեկան ես, որից վաթսունն անընդմեջ լցրել ես գոյության ձանձրույթի և ունայնության փոսեր, փքել, ուռացրել, կլորացրել, փչել, պայթելու աստիճան լիցքավորել ամեն բան, ինչպես մանդոլինը՝ հիսունհինգ թվին, որ ինտուիտիվ, քեզնից անկախ հսկա չափերի ստացվեց, բայց դու միանգամից հ��սկացար, որ դա հասարակ մանդոլին չի, որ պայթյունավտանգ է, որովհետև գերհագեցած է քեզնով, որ բոտեռորիստ ես ստեղծել՝ աշխարհը փոխելու քո առաջին հաջողված գործիքը, ու հետո՝ հազարներն են դուրս գալու քո ձեռքի տակից: Ծանր է, բայց դու պիտի լցնես ամեն դատարկ բան մինչև վերջին շունչդ, պետք է փքես, պետք է ուռացնես, կլորացնես, փչես, պայթելու աստիճանի լիցքավորես տղամարդկանց, կանանց, ձիերին, կատուներին, միրգ ու ծաղիկ, կահ-կարասի՝ ինչ պատահի. ողջ աշխարհը պիտի փուչիկի պես լցվի հովվերգական խաղաղությամբ, մարկեսյան վեպերի մոգական հանգստությամբ, կոլումբիական կոլորիտով, որ դիմանա ծանրությանը կամ էլ՝ պայթի:

Մարիամ Լորեցյան


ԹԵՄԱ Հուշեր

Թանկ հուշեր Երևանցիները պատմում են մայրաքաղաքի թանգարանների հետ իրենց առաջին շփումից մնացած տպավորությունները: Անի, 24 տարեկան

Ծնողական ժողովին երկար որոշում էին, թե մեզ որ թանգարան տանեն: Արդեն մայիսն էր, ու շուտով արձակուրդները պետք է սկսվեին: Ոմանք պնդում էին, որ ապրիլն անցավ, ու էրեխեքը Ծիծեռնակաբերդում չեղան: Մի խոսքով հիշում եմ այդ առավոտը, որ լուրջ դեմքով հավաքվեցին դպրոցի մոտ, ծնողկոմիտեի վարձած «պազ» ավտոբուսով հասանք Ծիծեռնակաբերդ: Մեզ ասացին, որ թանգարան ենք մտնելու ու որ մեզ լավ պահենք: Ամեն մեկիս մեկական մեխակ տվեցին ու ճանապարհ ընկանք: Ճանապարհին մտածում էի, որ, փաստորեն, թանգարան գնալիս պետք է ծաղիկներով գնալ: Հասանք, կրակի շուրջ կանգնեցինք, ծաղիկը դրեցինք ու մտանք թագարան: Փաստորեն սխալ էի ենթադրել՝ ծաղիկները թանգարան չհասան: Սկզբում բան չէի հասկանում, բայց հիշում եմ, որ լուսանկարների ու մյուս նմուշների դաժանությունը ինձ վրդովեցնում էր: Քար լռություն էր, ու միայն էքսկուրսավարի ձայնն էր արձագանքում ողջ սրահով: Հազիվ էինք հասել թանգարանի մեջտեղը, ես շրջվեցի ու վազելով դուրս եկա: Մինչ դասարանցիներս կավարտեին պտույտը, որոշեցի, որ ես չեմ սիրում թանգարաններ գնալ, որ դրանք դաժան են ու ինձ դրանից հետո երկար էին համոզում, որ ոչ բոլոր թանգարաններն են կապված Եղեռնի և մարդկային դաժանության այլ դրսևորումների հետ:

Աշոտ, 55 տարեկան

Նախապես կարմիր վզկապները կապելով՝ մեզ տարան Հայաստանի պատմության թանգարան: Դե, ի՞նչ պիտի լիներ սովետի թվի պատմության թանգարանում. միայն սուտ-սուտ բաներ: Հետաքրքիրն այն է, որ առաջին թանգարանային այցիցս միայն սովն եմ հիշում: Առավոտից բան չէինք կերել, քանի որ հազիվ քնաթաթախ վազել

Պատմական այց Էրեբունի արգելոց-թանգարան

էինք դպրոց: Աննկարագրելի սով էր մեզ տանջում, իսկ այդ սրահի նմուշների ծայրը չէր երևում: Էքսկուրսավարն էլ անդադար ու նույն տոնով խոսում ու խոսում էր: Մի մեծ երկաթե առարկա էր դրված, արդեն չեմ հիշում ինչ էր, ձեռք տվեցին, այնպես բղավեց՝ ականջներս զրնգացին: Մինչև հիմա, որ հիշում եմ այդ թանգարանային այցս, սովածանում եմ:

Ռուզաննա, 50 տարեկան

Մայրս սիրում էր հարևանություն անել ու մեր մուտքի բոլոր հարևանները նրա ընկերուհիներն էին: Մեր դիմացի հարևան Լուսյա ծյոծյայի ծանոթն արտասահմանից պիտի գար, և ասում էին՝ ինձ համար ծամոն ու սիրուն շոր պիտի բերի: Վերջապես մի օր արթնացա ու իմացա, որ սպասված արտասահմանցի հյուրը եկել է: Ասացին, որ նրան պետք է տանենք մեր Էրեբունի թանգարանը ցույց տալու: Ոնց էի հրճվում, երբեք թանգարանում չէի եղել, այդ ժամանակ դեռ դպրոց էլ չէի գնում: Հագա մեր շենք եկած հյուրի բերած նոր շորերը, խնամքով բացեցի նրա բերած ծամոնն ու ընկանք ճանապարհ: Մայիսի մեկն էր, փողոցները մարդաշատ էին: Մինչև տեղ կհասնեինք, փորձում էի պատկերացնել ինչպիսին կարող է լինել թանգարանը: Երբ հասանք տեղ, բոլոր պատկերացումներս զրոյացան: Սարի գլխին էր, լիքը աստիճան բարձրացանք: Քանդուքարափ պատեր, հող ու փոշի՝ իմ մանկական երևակայությամբ թանգարանը փոքր-ինչ ուրիշ էր՝ հին ու գեղեցիկ պալատ, որի ներսում կան լիքը գեղեցիկ ու թանկարժեք իրեր: Ի՞նչ իմանայի, որ երկու հազար յոթ հարյուր եսիմինչքան տարիների ընթացքում լավ չէր պահպանվել: Վերջում էլ ոտքս քարին դիպավ, ընկա, ծնկիցս արյունը հոսեց, շորս պատռվեց: Մի խոսքով՝ մինչև դպրոց գնալս թանգարան երբ ասում էին, ես հեռու էի փախչում:

Տաթև, 24 տարեկան

Առաջին անգամ ինձ Թումանյանի թանգարան տարան, բայց դա հաշիվ չէ, քանի որ ես այնտեղից հիշում եմ միայն ջղայն ծյոծյայի հայացքը, որն առանց խոսքերի սաստում էր ու վախեցնում: Առաջին թանգարանային հիշողություններս Իսահակյանի տուն-թանգարանի հետ են կապված: Այնտեղ այցից հետո դեռ երկար զգացողություն ունեի, որ շոշափել եմ իսահակյանյան հոգին: Հետաքրքիրն այն է, որ ոչ մի նմուշ առանձին չի տպավորվել, բայց տպավորվել է ներսում տիրող տրամադրությունը, հոգին, շունչը: Հիշում եմ, ինչ լուրջ դեմքով էի քայլում սենյակներով, կարծես Իսահակյանը բռնել էր ձեռքս ու անձամբ էր հետս պտտվում:

Նանե, 20 տարեկան

Մեր գրականության ուսուցչուհին Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրենն էր ու մի անգամ հայտարարեց, որ գնալու ենք էքսկուրսիա: Արդեն մեծ էինք ու սկսեցինք նվվալ՝ ի՞նչ էքսկուրսիա էս տարիքում: Մենք ընդհանրապես տեղյակ չէինք, որ Երևանում Դեմիրճյանի տուն-թանգարան կա: Հավաքվեցինք մի օր ու գնացինք: Դրանից առաջ դասարանով էլի էքսկուրսիաներ գնացել էինք, բայց ոչ մեկը մեզ այդքան չէր տպավորել: Հենց ներս մտանք, բոլոր շշուկները դադարեցին, այնպիսի տպավորություն էր, որ Դեմիրճյանը ներսի սենյակից հիմա դուրս կգա ու մեզ կդիմավորի. տանը պահպանվել էր նրա շունչը: Իրերը դրված էին հենց այնպես, ինչպես իր կենդանության օրոք: Կարմիր փայտե հատակը ճռռում էր, իսկ հյուրասենյակի հին սերվանտի բազմազան իրերից յուրաքանչյուրն առանձին պատմություն ուներ՝ շաքարամանը, թեյնիկը: Կենտրոնի մեծ, օվալաձև սեղանին դրված էր գրողի ափսեն, պատառաքաղն ու գդալը, որն ամենից շատ տպավորեց ինձ: Գդալի ծայրը մաշված էր, մտածեցի՝ տեսնես որքա՞ն է օգտվել դրանից, որ այն մաշվել է, բայց էքսկուրսավարն ասաց, որ դա Դեմիրճյանի պապի գդալն է եղել: Նրա աշխատասեղանը, հին լամպը, թանաքի մեջ թաթախվող գրիչները լրացնում էին տանը տիրող դեմիրճյանական մթնոլորտը: Երկու սենյակների պատի մեծ ժամացույցները, թերևս, միակ իրերն էին, որոնք հուշում էին, որ 2006 թվականն է, սլաքները ցույց էին տալիս Դեմիրճյանի մահվան ժամը: Երբ դուրս եկանք, դեռ երկար այնպիսի տպավորություն ունեի, որ Դեմիրճյանն ինձ իր տանն է դիմավորել, նրա ներկայությունն եմ վայելել: Այս այցից հետո մի շնչով կարդացի «Վարդանանքն» ու գրականությանս քառորդը հինգ փակեցի:

Նարեկ, 28 տարեկան

Հերթական անգամ չկարողացանք ծլկել դասից՝ պահակը դուռը չբացեց ու, ստիպված, կյանքը հայ գիր ու գրականությանը նվիրած ընկեր Հովաննիսյանի հետ գնացինք էքսկուրսիա՝ Մատենադարան: Բայց ես նախորդ դասին չէի նստել, երբ Հովհաննիսյանը բացատրել էր, թե ով է Մաշտոցը, երբ են ստեղծվել գրերը: Հասանք տեղ ու ինձ համար միշտ շատ բարձր և մեծ թվացող շենքի մոտ: Մուտքի մոտի մորուքով ձյաձյան խիստ թվաց ինձ, իսկ երբ տեսա նրա ոտքերի մոտ ծնկի եկած երիտասարդին՝ սարսափեցի, մտածեցի երևի ընկեր Հովհաննիսյանը մեզ այստեղ է բերել, որ ցույց տա՝ ինչ կանի մեզ հետ, եթե հաջորդ անգամ դասից թռնենք: Ներս մտանք. գուցե ես էի շատ փոքր, այդ պատճառով էր շուրջբոլորս ամեն ինչ այդքան մեծ թվում: Հիշում եմ, որ տեսանք հաստափոր ու շատ նիհար գրքեր: Մեզ հետ շրջող կինն ինձ այնքան բանիմաց էր թվում, մտածում էի՝ երևի դպրոցում գերազանցիկ է եղել: Արդեն դուրս էինք գալիս, դռների մոտ մեզ կանգնեցրեց աղոթագրքեր վաճառող տղան: Հիշում եմ, որ այդ օրը 500 դրամ ունեի, դա մեծ իրադարձություն էր: Մտածեցի, որ չեմ ծախսի, 400 դրամի պաղպաղակ կուտեմ, 100-ով էլ տուն կհասնեմ, բայց դասարանցիներս սկսեցին առնել այդ աղոթագրքից, ես էլ, որ հետ չմնամ, գնեցի ու օրերով կուտակած 500 դրամը վարի տվեցի:

Սերգեյ, 32 տարեկան

1991 թվին մի գեղեցիկ օր պիտի դասարանով գնայինք Ազգային պատկերասրահ: Էն էլ չգիտեմ ոնց եղավ, հիվանդացա, ու բոլորը գնացին առանց ինձ: Ահավոր նեղվել էի, որովհետև մինչև էդ թանգարան երբեք չէի գնացել: Մի քանի օր հետո չդիմացա ու որոշեցի մենակ գնալ: Որոշեցի, դասից թռա ու գնացի Ազգային պատկերասրահ: Մտա, ինձանից գոհ-գոհ պտտվեցի սրահներով, նայեցի նկարներին, ոչ մի բան չհասկացա՝ ոչ հետս իմացող մարդ կար, ոչ էլ տեղի աշխատողներն էին միայնակ տասը տարեկան երեխայի վրա ուշադրություն դարձնում: Էնպես չի, որ շատ մեծ հաճույք ստացա, բայց պարտքս համարեցի կատարած ու վերադարձա դպրոց: Նույն օրը, իհարկե, պատժվեցի, որովհետև փախել էի մաթեմի դասից, իսկ մաթեմի դասատուն ահավոր խիստ էր ու իրան հեչ չէր հետաքրքրում՝ ինչի եմ փախել: Իսկ հետո արդեն կյանքն էնպիսին էր, որ ի՞նչ թանգարանի մասին է խոսքը: Դրանից տասը տարի հետո նոր սկսեցի ակտիվ պտտվել թանգարաններով, էն էլ Դենվերի՝ բոլորը անգիր գիտեմ: Հիմա վերադարձել եմ, բայց մի տեսակ էստեղ գնալս չի գալիս, չգիտեմ էլ ինչի:

Նե Թադևոսյան

40 41

Հոկտեմբեր 2012


Թանգարանային խոստովանություններ Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը տարիների հեռվից խոստովանում է, որ ոչ թե ինքն է իր ուսանողներին տարել երևանյան տարբեր թանգարաններ, այլ իրականում նրանք են իր համար բացահայտել այդ ինքնատիպ ու հետաքրքիր աշխարհը:

Դ

պրոցական տարիներին հեռավոր մեր գյուղից Երևան ընկնելու դեպքում իմ երազանքը գազանանոցն էր, Մանումենտի կարուսելներն ու ատրակցիոններն էին, գույնզգույն ու փայլփլուն ամեն ինչը, ու հիմա եմ հասկանում, որ ուսուցիչներիս երազանքն էլ նույնն է եղել, ու երբ դասարանով էինք Երևան գալիս, մեր «տուրիստական մենյուն» անընդհատ կրկնվում էր, ու ուսուցիչները մեզնից ավելի հրճվանքով էին նետվում դեպի Մանումենտի կարուսելները… Ու Թումանյանը, Չարենցը, Իսահակյանն ու մյուսները մնում են միայն որպես դասերի թեմաներ ու գրքերի հեղինակներ, ու Երևանը այդ տարիներին երբեք չասոցացվեց որպես քաղաք, ուր թանգարաններ էլ կան՝ Երևանը գազանանոցն էր, Երևանը՝ Մանումենտն էր… Հետո եղավ Երևան-համալսարանը, բայց ապրելը շատ դժվար էր, ֆակուլտետում մի ժամանակ, գոնե տղաների շրջանում, տարօրինակ բարքեր կային, երբ քննությունից կտրվելն ավելի պատվաբեր էր, քան քննությունից գերազանց ստանալը, ու թանգարան գնալն էլ «կայֆավատի» թեմա կարող էր լինել, իսկ ես դրանից խուսափում էի ամեն կե��պ, առանց այն էլ՝ գյուղացու իմ ամաչկոտությունը, շփվելու դժվարությունները, բարձր հասակս, որ խանգարում էր աննկատ մնալ, արդեն իսկ լիուլի հնարավորություն էին տալիս դրա համար, իսկ անընդհատ անփող վիճակն ավելի էր խորացնում բարդույթներս: Հետո դասախոս էի, ու երևի իմ ուսանողներից շատ քչերը, հնարավոր է՝ ոչ ոք չգիտի, որ գրողների ու արվեստագետների՝ երևանյան թանգարաններում լինելու իմ երազանքները իրենց հետ եմ իրականացրել: Չգիտեն, որովհետև դասախոս լինելու իմ բարձրությունից ես դա անկարող էի խոստովանել, մանավանդ որ՝ նրանց «թասիբի գցելու» նպատակով իբր այսքա՜ն տարի որևէ գրողի թանգարանում եղած չլինելու թերացման համար ամոթանք տալու անհրաժեշտություն կար: Չգիտեմ՝ իրենք հիշում են, թե չէ այդ հրաշալի չորեքշաբթիները, որ մենք նվիրեցինք թանգարաններ այցելելուն, բայց դա ինձ համար անմոռաց

մի շրջան է: Ցավալին այն է միայն, որ իմ՝ իբր առնվազն մեկ անգամ այդ թանգարաններում արդեն եղած լինելու պարագան, իբր ամեն ինչ իմացողի համբավը հոգեբանորեն թույլ չէին տալիս նույն հետաքրքրությամբ ու հափշտակությամբ նայել ցուցադրությունները, լսել ուղեկցողների բացատրությունները… Առաջինը Եղիշե Չարենցի տուն-թանգարանն էր: Մուտքի դռանը փակցված գրություններից ինձ համար պարզեցի, որ ուսանողների խմբին ուղեկցող դասախոսների համար մուտքն անվճար է, բայց այդ անգամ չհասցրեցի օգտվել դրանից ու վայելել դասախոս լինելու առավելություններս, որովհետև ուսանողներս նախօրոք վճարել ու վերցրել էին տոմսերը, և ինձ մնում էր պատեհ-անպատեհ խառնվել ուղեկցողի բացատրություններին կամ էլ՝ «էդ գիտեմ, տեսել եմ» հերթապահ խոսքն ասել՝ իմ առավելությունը ցույց տալու համար: — Խանգարում եք, երիտասարդ, — ասաց ուղեկցողը: — Դուք էլ ե՞ք այս կուրսից: — Ես նրանց դասախոսն եմ, — ասացի: — Չէ մի, — քմծիծաղ տվեց նա, և դա տրամաբանական էր, որովհետև ընդամենը 2-3 տարի էի մեծ ուսանողներիցս ու հագած-կապածս էլ հեչ դասախոսի չէր: — Լուրջ, — փորձեցի իրավունքներս պաշտպանել ես: — Սա Չարենցի հայրն է՝ Աբգար աղան, — շարունակեց ուղեկցորդուհին՝ դիմելով խմբին: Թումանյանի թանգարանում փորձեցի միանգամից լրացնել բացերը: — Ինձ տոմս չվերցնեք, — ասացի ուսանողներիս: Բայց հետո այդպես էլ չկարողացա համոզել, որ դասախոս եմ: — Չես էլ ամաչում, — ասացին, — 500 դրամի համար սուտ ես ասում: Ստիպված տոմս գնեցի ու ընկած տրամադրությամբ միացա ուսանողներիս՝ անտարբեր հետևելով նրանց տեղաշարժերին: — Դու ինչո՞ւ ես եկել թանգարան, — հիմա էլ կպավ ուղեկցորդուհին, — եթե քեզ ոչ մի բան չի հետաքրքրում:

— Էդ դրվագը որ պատմում եք, ես էլ եմ իրենց պատմել, ես նրանց դասախոսն եմ: Ուղեկցորդուհին փռթկաց: — Ուզո՞ւմ ես ասեմ, թե այս աղջիկներից որ մեկին ես սիրահարված: — Էդ ի՞նչ կապ ունի: — Որովհետև ընկել հետևից եկել ես այստեղ ու ուզում ես նրա ու նրա համակուրսեցիների մոտ քեզ ցույց տաս: Դասախո՜ս: Չէի հասկանում, թե ի՞նչ տարօրինակ բան կար դրանում, և ինչո՞ւ ինձ չէին հավատում: Երվանդ Քոչարի տուն-թանգարանում «Դուք էլ ե՞ք այս կուրսից» հարցին միանգամից պատասխանեցի՝ «Հա՜, ախպեր, հա՜», ու ամեն ինչ լավ անցավ: Հաջորդ չորեքշաբթիներին նույն կարգավիճակն էի պահպանում, և դա օգնում էր իսկապես վայելել թանգարանային հարստությունները, ու թե մի քիչ էլ շարունակվեր, արդեն պատրաստ էի խոստովանել, որ ամենուր, որտեղ գնում ենք, առաջին անգամ եմ լինում, որ իսկապես իրենցից մեկն եմ, որ առաջին անգամ իրենց հետ ես էլ տեսա Չարենցի աշխատասենյակը, Իսահակյանի արձանիկների հավաքածուն, Թումանյանի գրադարանը, Քոչարի նկարները, հայ գրողների անձնական իրերը Գրականության և արվեստի թանգարանում, Պարույր Սևակի գերեզմանը և այլն, և այլն, բայց հերթական մի չորեքշաբթի ամեն ինչ ավարտվեց: Գնացել էինք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան ու հանկարծ պարզվեց, որ այն այցելուներ չի ընդունում հենց չորեքշաբթի օրերը: Փորձեցինք ուրիշ օր գնալ, չստացվեց: Հետո էլ ես չուզեցի, որովհետև չէի ուզում խոստովանել, որովհետև չէի ուզում պատմել իմ՝ գյուղացի մանկան երազանքները գազանանոցի ու Մանումենտի մասին, համալսարանական կյանքի բարդույթների մասին, և, վերջապես, չէի ուզում խոստովանել, որ, գրողը տանի, ես իսկապես սիրահարված էի իրենցից մեկին… Հիմա եմ խոստովանում, ու եթե՝ այս խոստովանությունը նրանք կարդան հենց չորեքշաբթի մի օր, հրաշալի կլինի…

Վիլյամ Կարապետյան


ԹԵՄԱ նախագիծ

Թանգարան դարձած իմ ամրոց Բոլորս շատ լավ գիտենք, որ ապրում ենք ոչ թե սովորական Երևանում, այլ Երևան դարձած Էրեբունիում: Գիտենք նաև, որ քաղաքը սկիզբ է առել շատ վաղուց՝ Էրեբունի ամրոցից: Ամրոցը գտնվում է համանուն թաղամասում: Բայց հաճա՞խ ենք այնտեղ լինում: Իսկ զբոսաշրջիկնե՞րը: Փաստ է՝ այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը չափազանց պասիվ է ներգրավված տուրիստական ծրագրերի մեջ: Բնական է, որ միայն թանգարանի էքսպոզիցիան դիտելու համար տուրիստներին դժվար է համոզել հասնել քաղաքի արվարձան: Yerevan Productions ընկերության մշակած նախագիծը ենթադրում է այս իրավիճակի փոփոխություն:

42 43

Հոկտեմբեր 2012


Ա

րգելոց-թանգարանն այսօր իր տարածքում չունի ակտիվ գործող տուրիստական ենթակառուցվածք: Մինչդեռ ժամանակակից տուրիզմն առաջադեմ է, պահանջկոտ և խիստ մրցակցային: Նոր նախագիծը ենթադրում է «Էրեբունու» տարածքում զբոսաշրջիկների համար ստեղծել գրավիչ պայմաններ, որոնք հնարավորություն կընձեռեն իսկապես անմոռանալի ժամանակ անցկացնելու, լսողական և տեսողական անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, օրիգինալ հուշանվերներ ձեռք բերելու, մասնակցելու դրանց ստեղծմանը, թեկուզ կարճ ժամանակով սուզվելու Ուրարտուի դարաշրջանի մթնոլորտի մեջ: Կարևոր է, որ ներկայացվող հայեցակարգը չի դիտարկում ամրոցի տարածքում ոչ մի շինարարություն կամ այլ միջամտություն, որը կարող է վնաս հասցնել հնագիտական օբյեկտին: Բոլոր շինությունները ժամանակավոր են և անհրաժեշտության դեպքում կարող են արագ ապամոնտաժվել: Առավել ևս, որ հատուկ տուրիստական գոտու ստեղծման համար ընտրվել է արգելոց-

թանգարանի տարածքի այն հատվածը, որը հնագիտական տեսակետից հետաքրքրություն չի առաջացնում: Այսօր, ցավոք, բացի թանգարանի շենքից և շքամուտքի աստիճաններից, մնացած տարածքը ոչ մի հատուկ ձևավորում չունի: Մասնավորապես՝ գոյություն ունի լուրջ խնդիր տարածքի ցանկապատման և ավտոմեքենաների և ավտոբուսների մուտքի հետ: Դաշտենցի փողոցի կողմից արգելոց-թանգարանի տարածք մտնող ավտոճանապարհն այսօր պարզապես անմխիթար վիճակում է, նույնիսկ դժվար է հասկանալ, թե որտեղ է սկսվում արգելոց-թանգարանի տարածքը: Ներկայացվող նախագծով այն հատվածում, որտեղ արգելոց-թանգարանի տարածքը սահմանափակված է Դաշտենցի փողոցով, կտեղադրվի դեկորատիվ ցանկապատ, իսկ ավտոմեքենաների մուտքը կձևավորվի դարպասի տեսքով, որը խորհրդանշելու է յուրահատուկ մուտք դեպի այլ դարաշրջան: Դրան կավելանան նաև դարաշրջանին հատուկ ոճով պատրաստված նստարաններ, աղբամաններ, լուսավորության սյուներ և այլն:

ՑԱՎԱԼԻ Է, ԲԱյՑ ՓԱՍՏ՝ ԱյՍՕՐ, ԲԱՑԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԻՑ ԵՎ ՇՔԱՄՈւՏՔԻ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻՑ, ՄՆԱՑԱԾ ՏԱՐԱԾՔԸ ՈՉ ՄԻ ՀԱՏՈւԿ ՁԵՎԱՎՈՐՈւՄ ՉՈւՆԻ:


ԹԵՄԱ նախագիծ

Թվային եռաչափ մոդել

Հնարավոր չէ ամբողջովին վերականգնել կամ վերակառուցել Էրեբունի ամրոցը և նրա շինությունները: Փոխարենը 21-րդ դարում դա կարելի է անել վիրտուալ տարածքում: Ավելի ճիշտ՝ համատեղել իրական շինությունները եռաչափ մոդելի հետ: Այդ հնարավորությունն այցելուներին կընձեռվի հատուկ էլեկտրոնային-օպտիկական սարքերի միջոցով: Սարքերը սկզբում կլինեն ստատիկ՝ ֆիքսված կետերում, իսկ հետագայում նաև շարժական՝ սովորական ակնոցի տեսքով: Սարքը համատեղում է տեղանքի ռեալ պատկերը և թվային եռաչափ մոդելը: Էկրանին դիտողը կտեսնի ամրոցը կամ նրա մի հատվածը՝ վերականգնված վիճակում և ռեալ մասշտաբով: Սարքը հնարավորություն ունի շրջվելու հորիզոնական և ուղղահայաց հարթություններում: Հորիզոնական հարթությունում շրջման անկյունը կազմում է մոտ 120, իսկ ուղղահայած հարթությունում՝ մոտ 30 աստիճան: Այս տեխնոլոգիան և նման կարգի

44 45

Հոկտեմբեր 2012

սարքերն արդեն օգտագործվում են որոշ երկրներում, և գնալով դրանց որակը զգալիորեն աճում է: Որպես օրինակ կարելի է հիշատակել Չինաստանում Պեկինից ոչ հեռու գտնվող յուանմինյուան թագավորական համալիրի փլատակների դիտման համար օգտագործվող ստատիկ սարքը, որը նույնպես աշխատում է եռաչափ թվային մոդելի հետ: Շարժական ակնոց-սարքերը հասանելի կդառնան առաջիկա տարիների ընթացքում՝ այդ տեխնոլոգիան այս պահին ակտիվ զարգացման փուլում է: Սարքը կրելով՝ հնարավոր է տեղանքի վրա կոնկրետ կետերում ստանալ իրական և վիրտուալ պատկերների համատեղումը, պահպանելով դիտման անկյունը և նույնիսկ լուսավորությունը: Այսինքն՝ ակնոց կրողը կարող է տեղաշարժվել Էրեբունի ամրոցի տարածքով՝ տեսնելով ամրոցի ոչ թե իրական պատկերը, այլ թվային եռաչափ մոդելը՝ վերականգնված և դետալացված ամրոցը:

ՍԱՐՔԸ ՀԱՄԱՏԵՂՈւՄ Է ՏԵՂԱՆՔԻ ՌԵԱԼ ՊԱՏԿԵՐԸ ԵՎ ԹՎԱյԻՆ ԵՌԱՉԱՓ ՄՈԴԵԼԸ: ԷԿՐԱՆԻՆ ԴԻՏՈՂԸ ԿՏԵՍՆԻ ԱՄՐՈՑԸ ԿԱՄ ՆՐԱ ՈՐԵՎԻՑԵ ՀԱՏՎԱԾԸ


Թատերականացված ներկայացումների բեմադրում Այսօր բավականին տարածված է պատմական վայրերում և հուշարձանների տարածքում թատերականացված շոու-ներկայացումների կազմակերպումը զբոսաշրջիկների համար: Թատերականացված շոու-ծրագրերն առաջարկվում է իրականացնել անմիջապես ցիտադելի տարածքում: Շոու-ծրագրերին մասնակցելու են պրոֆեսիոնալ դերասաններ և կամավորներ, օգտագործվելու է ուրարտական հագուստ, զենք և զրահ, սպասք:


ԹԵՄԱ նախագիծ Արհեստանոցներ Բրուտի արհեստանոց Այս արհեստնոցում նախատեսվում է արտադրել կավե իրեր, որոնք կկրկնեն ուրարտական քաղաքների պեղումների ժամանակ հայտնաբերված խեցեղենը՝ գավաթներ, կարասներ, բաժակներ, ծիսական ամաններ և այլն: Բացի այդ, այստեղ կպատրաստվեն հուշանվերներ կավից՝ դեկորատիվ սալիկներ, ուրարտական սեպագրությամբ սալիկներ և այլն: Ողջ արտադրանքը, այդ թվում նաև հուշանվերները, կցուցադրվի և կվաճառվի նույն արհեստանոցում, ինչպես նաև կուղարկվի վաճառքի քաղաքի հուշանվերների խանութներ: Այստեղ պատրաստվող կավե սպասքը կօգտագործվի նաև թոնրատանը: Դարբնոց Այստեղ կիրականացվի ուրարտական զենքի, զրահի, սպառազինության տարրերի արտադրությունը և վերանորոգումը: Այդ զենքը և՛ վաճառվելու է, և՛ տրամադրվելու է զբոսաշրջիկներին՝ լուսանկարվելու համար, և՛ օգտագործվելու է արգելոց-թանգարանի տարածքում (և այլ վայրերում) կազմակերպվող պատմական թատերականացված շոուների ժամանակ: Կարի արհեստանոց Այստեղ նախատեսված է հազուստի, «վարպետների ավանի» աշխատանքային համազգեստների, թանգարանի տարածքում անցկացվող ներկայացումների մասնակիցների համազգեստների արտադրություն և վերանորոգում: Բացի այդ, արհեստանոցում նախատեսվում է արտադրել, կարել անհրաժեշտ իրեր բոլոր մյուս արհեստանոցների համար, մասնավորապես՝ սփռոցներ, անձեռոցիկներ, վարագույրներ, սրբիչներ, և, իհարկե, տարատեսակ հուշանվերային արտադրանք: Թոնրատուն Թեև չկան ստույգ տեղեկություններ, թե ինչպիսին էր հացի արտադրությունը Ուրարտուի ժամանակաշրջանում, սակայն ակնհայտ է, որ բոլոր ժամանակներում ամենապարզ տեխնոլոգիայով պատրաստվել են բլիթներ: «Վարպետների ավանի» տարածքում առաջարկվում է վերարտադրել բրոնզե դարի թոնրատուն, ուր կթխվեն բլիթներ ու լավաշ, որոնք հենց տեղում կարող են հանդիսանալ հյուրասիրություն այցելուների և զբոսաշրջիկների համար ՝ լավաշի մեջ կարելի է փաթաթել բանջարեղեն, միս և այլն: Ատաղձագործի արհեստանոց «Վարպետների ավանի» կառույցներից է լինելու նաև ատաղձագործի արհեստանոցը, որը նույնպես կհոգա և՛ «վարպետների ավանի», և՛ ողջ արգելոց-թանգարանի կարիքները: Այն ամենը, ինչ արգելոց-թանգարանի համար պետք է արտադրվի փայտից, հարմար կլինի պատրաստել հենց այդ արհեստանոցում: Բացի այդ, այստեղ նույնպես կկազմակերպվի հուշանվերների արտադրություն և վաճառք, օրինակ՝ փայտից պատրաստված տարբեր տեսակի քանդակների՝ ուրարտական զինվորների, թագավորների, աստվածների:

46 47

Հոկտեմբեր 2012


յՈւՐԱՔԱՆՉյՈւՐ ԱյՑԵԼՈւ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹյՈւՆ ԿՈւՆԵՆԱ ՈՉ ՄԻԱյՆ ՀԵՏԵՎԵԼ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ, ԱյԼԵՎ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Կարմիր երթուղի

Խնդիրներից մեկը, որի հետ առնչվում են զբոսաշրջիկները պատմահնագիտական հուշարձաններ այցելելիս, տարածքով ճիշտ երթուղու ընտրությունն է, ինչը ուղղորդի բացակայության դեպքում հաճախ դառնում է լուրջ խնդիր: Որպեսզի ցանկացած զբոսաշրջիկի համար տեղաշարժումը Էրեբունիի տարածքով լինի նպատակային և հետաքրքիր, առաջարկվում է ամրոցի տարածքով անցկացնել այսպես կոչված՝ «կարմիր երթուղի»: Երթուղին բառացիորեն գծված կլինի հենց հատակին՝ կարմիր սալիկներով և կունենա հերթականությամբ համարակալված կետեր, որոնցում զբոսաշրջիկը կարող է կանգ առնել և լսել աուդիոտեղեկատվություն, տեսնել տեսահոլովակներ սմարթֆոնի կամ պլանշետի էկրանին, դիտել շրջակայքը 3D ձևաչափով՝ վերոնշյալ օպտիկական սարքերի օգնությամբ և այլն:

Հատուկ տուրիստական գոտի

Քանի որ արգելոց-թանգարանն այցելուների համար կարող է դառնալ նաև ժամանցային վայր, նախատեսվում է ստեղծել հատուկ տուրիստական գոտի՝ փոքրիկ «վարպետների ավան»: Դա մեկ հարկանի շինություններից կազմված փոքր համալիր է, որի ստեղծման հիմքում

ընկած է այդ կառույցները ժամանցային, ուսուցողական, կիրառական և կոմերցիոն նպատակներով օգտագործման գաղափարը: Ավանը առաջարկվում է կառուցել հարթակում, որը գտնվում է ցիտադելի գլխավոր մուտքից մի փոքր ցած, դեպի ցիտադելի մուտք տանող ավտոճանապարհի կողքին: Ավանում կլինեն բրուտի, կարի, ատաղձագործի արհեստանոցներ, դարբնոց և թոնրատուն: Նշված օբյեկտներից յուրաքանչյուրը ծառայելու է ինչպես արգելոց-թանգարանի տարածքում զբոսաշրջիկների ժամանցը կազմակերպելու, այնպես էլ՝ արգելոց-թանգարանի առօրյա կարիքները հոգալու համար: Բացի այդ, արհեստանոցներում հենց զբոսաշրջիկների աչքի առաջ պատրաստվելու են հուշանվերներ, որոնք կվաճառվեն «վարպետների ավանի» տարածքում, թանգարանի տարածքում, ինչպես նաև Երևան քաղաքի հուշանվերների խանութներում: յուրաքանչյուր այցելու հնարավորություն կունենա ոչ միայն հետևել վարպետների աշխատանքին, այլև ակտիվ մասնակցել գործընթացին, օգնել վարպետին, փորձել իր ուժերը, սեփական ձեռքերով պատրաստել խեցեղեն, զենք, հուշանվերներ:

Արեգ Դավթյան Վիլյամ Կարապետյան, Սեդրակ Վելիկոդնի, Առնոս Մարտիրոսյան, Սարգիս Անտոնյան


ԹԵՄԱ այնտեղ

Մենք ձեզ ցույց կտանք Հայտնվելով մի որևէ օտար քաղաքում և պլանավորելով մշակութային ծրագրերը՝ հյուրերը սովորաբար ընդգրկում են դրանցում դասական թանգարանները՝ Լուվր, Պրադո, Բրիտանական, Եգիպտոսի պատմության և այլն: Եվ շատ հաճախ կադրից դուրս են մնում գողտրիկ, փոքր, ոչ շատ հայտնի, շատ արտասովոր և ըստ այդմ շատ հետաքրքիր այլ թանգարաններ:

Զուգարանի թանգարան Նյու Դելի, Հնդկաստան Զուգարանի (ավելի ճիշտ՝ զուգարանակոնքերի) թանգարանը Հնդկաստանի ամենաայցելվող տուրիստական վայրերից մեկն է: Հետաքրքրասերներն այստեղ կարող են ծանոթանալ այդ հույժ կարևոր երևույթի էվոլյուցիային՝ սկսած հնադարյան նմուշներից մինչ մեր օրերը: Այդ թվում կարելի է տեսնել Լյուդովիկոս XII-ին և Վիկտորյա թագուհուն պատկանող զուգարանակոնքերի կրկնօրինակները: Հարկ է նշել, սակայն, որ նմանատիպ ուղղվածության թանգարաններ կան նաև Անգլիայում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում և Գերմանիայում:

Թաղման կառքի թանգարան Բարսելոնա, Իսպանիա Աշխարհի ամենամեծ նմանատիպ հավաքածուն գտնվում է Կատալոնիայի մայրաքաղաքի սգո ծառայություններից մեկի տարածքում և ներառում է բազմաթիվ նմուշներ XVIII դարից մինչև 1950-ական թվականները: Այստեղ կարելի է տեսնել, օրինակ, երեխաների և կույսերի համար նախատեսված սպիտակ կառքեր:

Վատ արվեստի թանգարան Բոսթոն, ԱՄՆ 1994-ին բացված այս թանգարանը միակն է, որ նվիրված է կերպարվեստի իսկապես ամենավատ նմուշներին (թեպետ ճաշակին ընկեր, միևնույնն է՝ չկա): Թանգարանային ֆոնդերում կա ավելի քան 600 հարյուր նկար, սակայն ցուցադրվում է միայն 5070-ը՝ ոչ թե այցելուների հոգեկանը խնայելու համար, այլ սահմանափակ տարածքի պատճառով:

48 49

Հոկտեմբեր 2012


Շնակապի թանգարան Մեյդսթոուն, Մեծ Բրիտանիա Լիդսի ամրոցում տեղակայված այս թանգարանի հավաքածուն թեպետ այդքան էլ մեծ չէ, սակայն առավել քան հետաքրքիր՝ մոտ հարյուր հատ շնակապերը թվագրվում են XIII-ից XVII դարեր: Հավաքածուն (նախկինում՝ անհատական) տեղ է գտել ամրոցում 1979 թվականին:

Օղու թանգարան Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան Հյուսիսային մայրաքաղաքի Թանգարանային թաղամասում տեղակայված այս թանգարանի ցուցադրության գլխավոր մասը կազմում են շշեր, գավաթներ և XIX դարի նման այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ էին օղին պատրաստելու և համտեսելու համար: Վերջում էլ կարելի է հատուկ կահավորված սենյակում փորձել իսկական ռուսական վոդկա՝ իսկական «զակուսկիի» ուղեկցությամբ:

Բրենդերի թանգարան Լոնդոն, Մեծ Բրիտանիա Այստեղ կարելի է տեսնել այն ամենը, ինչ կապված է բրենդավորման հետ՝ տարբեր ժամանակների գովազդային պաստառներ, պիտակներ, խաղալիքներ և այլն և այլն, ընդհանուր առմամբ շուրջ 12000 նմուշ: Վերջին ցուցադրություններից են, օրինակ, բրիտանական ամենահայտնի կինոբրենդի՝ Ջեյմս Բոնդի հետ կապված հավաքածուն և Էլիզաբեթ թագուհու գահակալության հիսնամյակի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսը՝ նվիրված անցյալի նմանատիպ իրադարձություններին:

Բոբ Ռիդդելի հեռախոսների թանգարան Վավինա, ԱՄՆ Եթե երևանյան Կապի թանգարանի գաղափարը ծնվել է հսկայական ընկերությունում («Բիլայն»), ապա ԱՄՆ ամենամեծ նմանատիպ թանգարանի ձեռնարկողը և միակ աշխատողը Բոբ Ռիդդելն է: Թանգարանում ներկայացված հարյուրավոր հեռախոսները իր իսկ սեփական հավաքածուի նմուշներն են:


ԹԵՄԱ այնտեղ

Տառատեսակ թանգարան ԽՍՀՄ փլուզումից հետո քսան տարի շարունակ երևանցիները տեսնում էին քաղաքի փողոցներում արդեն վաղուց գոյություն չունեցող սրճարանների, վարսավիրանոցների և խանութների ցուցանակները: Մի կողմից փնթիության տպավորություն էր ստեղծվում, մյուս կողմից՝ ցուցանակների մեծ մասը յուրահատուկ գեղեցկություն էր տալիս մայրաքաղաքին: Բոլորովին վերջերս քաղաքապետարանը, այդուհանդերձ, սկսեց դրանց ապամոնտաժումը: Տառերն ու տարատեսակ ֆիգուրները կոտրվեցին և վերածվեցին սովորական մետաղաջարդոնի: Բեռլինում դարաշրջանի այդ վառ վկաներին վերաբերում են մի փոքր այլ կերպ:

Տ

առերի թանգարանի (Buchstabenmuseum) գաղափարը ծնվել է 2005 թվականին: Դիզայներ Բարբարա Դեկանտը և թանգարանային մասնագետ Անյա Շուլցը արդեն երեք տարի անց հավաքեցին հավաքածուի առաջին մասը, իսկ 2010ին թանգարանը տեղափոխվեց քաղաքի կենտրոն: Փողոցային ցուցանակները կամ դրանց մասնիկները այստեղ բերվելուց հետո վերականգնվում են և ուսումնասիրվում՝ տարիների ընթացքում փոխվել են ոճերն ու պատրաստման տեխնոլոգիաները: Այս պահին թանգարանում կա հինգ հարյուրից ավելի նմուշ: Դրանց մեծ մասը ժամանակին զարդարել է Բեռլինի կամ հարևան շրջանների փողոցները:

50 51

Հոկտեմբեր 2012

Ապագայում պլանավորվում է նաև ցուցադրել ռուսատառ, արաբատառ և այլ՝ ոչ լատինատառ ցուցանակներ: յուրահատուկ նմուշներից մեկը՝ առաջին հայացքից ոչ մի բանով աչքի չընկնող E տառն է: Դա Կվենտին Տարանտինոյի «Անփառունակ վիժվածքները» ֆիլմի դեկորացիայի մասնիկն է: Տառը կարելի է հանդիպել ժապավենում հանդիպող կինոթատրոնի ցուցանակին: Իսկ ամենահին ցուցանմուշը 1947 թվականի՝ «Կաշվե իրերի» (Lederwaren) խանութի նեոնային ցուցանակն է: Թանգարանին կից գործում է ոչ կոմերցիոն կազմակերպություն, որի հիսուն անդամները փնտրում են նոր նմուշներ և ապահովում ֆինանսավորումը:


«Անփառունակ վիժվածքների» կինոթատրոնի ցուցանակը և դրանից պահպանված միակ տառը

Արեգ Դավթյան


ՔԱՂԱՔ Կարծիք

Ապակենտրոնացման ճամբար Մոսկվացի ճարտարապետ, դասախոս, «Ստրելկա» մեդիայի, ճարտարապետության և դիզայնի ինստիտուտի ուսումնական ծրագրերի ղեկավար Յուրի Գրիգորյանը խոսում է քաղաքային միջավայրի, մշակութային ժառանգության և դրանց հետ կապված Երևանի հեռանկարների մասին: իսկ բիզնեսը ուզում է հնարավորինս շատ քառակուսի մետրեր և եկամուտ: Կառավարությունն էլ, թեպետ կարծես թե պետք է ելնի հասարակության շահերից, սովորաբար ընտրում է բիզնեսի կողմը:

Կարևոր մանրուք

Ամեն մի նախագիծ՝ թեկուզ ամենափոքրն ու առաջին հայացքից աննշանը, կարող է ունենալ մեծագույն նշանակություն քա��աքի զարգացման համար: Մոսկովյան «Ստրելկան» ծնվեց ի պատասխան այն խայտառակ վիճակի, որը տիրում է քաղաքային կյանքի տարբեր ոլորտներում: Եվ թվում էր, թե այդ ոչ կոմերցիոն, ըստ էության՝ նվերը քաղաքացիներին, այնքան փոքր նախագիծ է Մոսկվայի համար, որ ոչ էլ կնկատվի: Բայց այնպես ստացվեց, որ այսօր «Ստրելկան» իրոք մեծ դեր է խաղում հասարակության համար՝ այնտեղ տեղի են ունենում կարևոր քննարկումներ, ձևավորվում է կարծիք, դաստիարակվում է մասնագետների մի սերունդ, որը վաղը կխաղա որոշիչ դեր մայրաքաղաքի կյանքում:

Օսմանյան տարբերակ

Եռամիասնություն

Ճարտարապետությունը կամ ավելի ճիշտ՝ կառուցապատումը, միշտ որոշակիորեն բռնություն է: Ցանկացած կառույցի շինարարություն ենթադրում է որոշակի տարածքի «բռնազավթում», մինչդեռ այդտեղ կարող էր լինել, ասենք, զբոսայգի կամ մեկ այլ հանրային բաց տարածություն: Է՛լ ավելի բարդ իրադրություն է ստեղծվում, երբ նախատեսվում է արդեն գոյություն ունեցող շենքի քանդումը և նորի կառուցումը: Նման դեպքում այն բանից, թե ինչ է անում քաղաքը, հասարակությունը և ճարտարապետը՝ կախված է քաղաքի զարգացման ճանապարհը: Այս գործընթացի հիմնական մասնակիցները երեքն են՝ պետությունը, բիզնեսը և հասարակությունը՝ մասնագետների հանրությունը, որն էլ պետք է ձևավորի մնացած հասարակական կարծիքը: Ահա այս երեքը պետք է գտնեն կոմպրոմիս քաղաքի զարգացման համար, իսկ ճարտարապետն իրականացնի: Մյուս կողմից՝ քաղա՛քն էլ որպես տարածք ունի ձայնի իրավունք: Եվ ճարտարապետի համար, եթե նայենք գլոբալ, ապա պատվիրատուն քաղաքն է: Սակայն երբեմն հասարակական կարծիքը կուլ է գնում բիզնեսին, քանի որ այդ հատվածի ներկայացուցիչները շատ ավելի ակտիվ ու նպատակասլաց են, հատկապես այսօր: Ճարտարապետը նախ և առաջ ներկայանում է արվեստի և քաղաքի կողմից: Բայց հասարակությունը չի ուզում ոչ մի բան, քանի որ ոչ ոքի չի հավատում,

Մոսկովյան «Ստրելկա» ինստիտուտը

52 53

Հոկտեմբեր 2012

Հին շենքերի պահպանությունը, ի դեպ, ոչ միայն Երևանում է խնդիր: Դրա հետ բախվում են գրեթե բոլոր հետխորհրդային քաղաքները: Երևանը պատրաստ չէ շինարարության այն ծավալներին, որոնք առկա են այսօր: Եվ այստեղ, նախ և առաջ, հասարակության ձայնն է որոշիչ: Պետք է չհանձնվել և պահանջել պետությունից, որպեսզի, օրինակ, Փակ շուկան վերադարձվի քաղաքին:

Ի դեպ, հետաքրքիր է, որ մշակութային ժառանգություն հասկացությունը բավական երիտասարդ է, ձևավորվել է միայն 1960-ականներին: Դրանից առաջ նորմալ բան էր քանդել մի ամբողջ շերտ, կառուցել նորը և այդպես շարունակ: Ամենավառ օրինակն Օսմանյան Փարիզն է, երբ բարոն Ժորժ Օսմանը հիմնովին վերացրեց միջնադարյան քաղաքը: Պահպանվեցին հատուկետ շենքեր, փոխարենը կառուցվեց նոր քաղաք: Նման մի բան տեղի ունեցավ Մոսկվայում Ստալինի օրոք, Երևանում՝ 1920-ականներին: 1960-ականներին շեղումը դեպի նորը այնքան անցավ չափերը, որ հասարակությունը վերջապես անհանգստացավ: Մոսկվայում կա բավական լավ փորձ ճարտարապետական ժառանգության պահպանման գործում: Առավել ակտիվ է «Արխնադզոր» հասարակական կազմակերպությունը, որը գործում է արդեն մի քանի տարի՝ շատ ակտիվ և բավական մեծ հաջողությամբ, օգտվելով ինտերնետի հնարավորություններից: Նրանց պես պետք է օգտագործել բոլոր հնարավոր լծակները: Պետք է անել այնպես, որպեսզի բիզնեսի մարդիկ հասկանան՝ մեր դարում շահույթը կախված չէ միայն քառակուսի մետրերի քանակից, վերջիվերջո, կա ընկերության համբավ կոչվածը: Հետաքրքիր դեպք վերջերս տեղի ունեցավ Գերմանիայում: Երկրի Արևելյան մասում մնացել էին բազմաթիվ հինգ հարկանի բնակելի շենքեր՝ բավական տխուր խարխուլ վիճակում: Ռուսաստանում ու Հայաստանում նման դեպքերում առանց որևէ համակարգման այդ շենքերի մի մասը կքանդեին ու կկառուցեին որևէ տարօրինակ ու նույնքան


Ճարտապետական արժեքների ոչնչացման դեմ պաստառ, ԽՍՀՄ, 1980-ականներ

Փարիզի վերակառուցումը բարոն Օսմանի օրոք

անորակ մի հսկա շենք, մյուսները կշարունակեին քայքայվել: Իսկ ահա գերմանացիները պարզ հաշվարկ կատարեցին, որից հասկացան, որ այդ բնակելի շենքերի վերանորոգումն ու տեսքի բերումը գրեթե կրկնակի ավելի էժան կնստի, քան ապամոնտաժումը, բեկորների տեղափոխումը և նոր շենքերի կառուցումը: Ու վերանորոգեցին:

Շղթայված

Ճարտարապետությունը չափազանց լայն հասկացություն է: Քաղաքի պայմաններում դա մի ամբողջ շղթա է: Առաջին տեղում քաղաքաշինությունն է: Գլոբալ նախագծման մեջ ներգրավվում են սոցիոլոգներ, տնտեսագետներ, տրանսպորտի մասնագետներ, լոգիստներ և այլն: Կա քաղաքային դիզայն՝ urban design եզրույթը, երբ ավելի մանրամասն նախագծվում է առանձին թաղամաս կամ փողոց: Եվ այստեղ արդեն գալիս է ճարտարապետության՝ որպես մի կոնկրետ շենքի կառուցման տարբերակը: Ճարտարապետն այս դեպքում արդեն զբաղվում է արվեստով՝ նախագծում է գեղեցիկ ու հարմար շենք, ընտրում ճիշտ նյութեր և այլն: Շատ կարևոր է այս շղթան պահպանել: Ոչ մի շենք իրավունք չունի իրականացվել առանց հաշվի առնելու միջավայրը և ընդհանուր քաղաքաշինական նախագիծը, ծնվել «օդից»: Այլապես դա դառնում է, այսպես կոչված, կետային շինարարություն, որը բխում է ոչ թե քաղաքի, այլ ինչ-որ մեկի բիզնեսի շահերից:

Քաղաքային կյանք

Երբեմն ավելի հետաքրքիր է ուսումնասիրել ոչ թե բուն շենքերը, այլ դրանց միջև ընկած տարածքները: XX դարի կեսերից սկսած հանրային տարածքը դարձել է քաղաքաշինության կարևորագույն տարրը: Շենքը, մեծ հաշվով, անձնական, փակ տարածք է, իսկ փողոցները, հրապարակները, զբոսայգիները, եկեղեցիները, նաև խանութները հասանելի են բոլորին: Դա այն միջավայրն է, որտեղ ծնվում է քաղաքային կյանքը: Շատ կարևոր է, որ Երևանում արդեն իսկ կա քաղաքային կյանքին բնորոշ լավ ավանդույթ՝ մարդիկ զբոսնում են, նստում են սրճարաններում, շատ ժամանակ են անցկացնում հանրային վայրերում: Եթե համեմատենք Մոսկվան Երևանի հետ, ապա ամենամեծ տարբերություններից մեկը, որը մեծ դեր է խաղում ուրույն քաղաքային կյանք ունենալու գործում, եղանակն է: Այո, Երևանում էլ է ցուրտ լինում, բայց ձմեռն այստեղ տևում է երեք ամիս, իսկ Մոսկվայում՝

վեց: Այդ պայմաններում հանրային կյանքի պահանջն այստեղ շատ ավելի մեծ է: Ուրիշ հարց է, թե ինչով է լրացվում այդ պահանջը: Կարելի է բացել բազմաթիվ խանութներ ու ռեստորաններ, բայց կարևոր է, որ մարդիկ իրենք հասկանան, թե ինչպես են ուզում անցկացնել իրենց ժամանակը, բարձրացնեն հարցեր ու վարեն բանավեճեր, նոր գաղափարներ առաջարկեն: Եվ երիտասարդությունը պետք է դառնա դրա գլխավոր շարժիչ ուժը:

Ապակենտրոնամետ

Ի տարբերություն Մոսկվայի, Երևանում կա հսկայական հնարավորություն՝ զբաղվելու քաղաքային պլանավորմամբ: Մասնավորապես, հիանալի ժամանակ է քաղաքն ապակենտրոնացնելու համար: Լավ օրինակ են Փարիզն ու Բրյուսելը: 1920-ականներին՝ արդյունաբերական դարաշրջանի ծաղկման նախօրեին, դրանք գրեթե նույն չափի քաղաքներ էին: Ու եթե Փարիզը ընտրեց կենտրոնացման ճանապարհը, ավելի ճիշտ՝ շարունակեց մինչ այդ արդեն բռնած ուղին, ապա Բրյուսելի իշխանությունները որոշեցին զարգացնել քաղաքին սահմանակից փոքր շրջանները: Եվ շատ հետաքրքիր է այսօր ուսումնասիրել այդ երկու քաղաքների գլխավոր հատակագծերը: Փարիզը Մոսկվայի պես յուղի լաքայի է նման՝ պարզապես ավելի լավ կառուցված, իսկ Բրյուսելը փրփուր է՝ հավասարաչափ բաշխված շրջաններով: Բրյուսելի պես արվարձաններում գրավիչ տարածքներ ստանալու համար, և խոսքը բնավ թանկարժեք շինարարության մասին չէ, պետք է հասկանալ, թե ում շահերից է դա բխում: Բնական է, որ շահագրգռված պետք է լինեն բոլորը, բայց այսօր կարևոր դերը բիզնեսինն է: Իսկ բիզնեսը հոսում է այնտեղ, ուր ստանում է որոշակի արտոնություններ: Պետք են քննարկումներ: Ամեն օր բոլորը պետք է քննարկեն մեծ, փոքր նախագծեր: Այս ուղղությամբ կարծես արդեն շարժվում է Թբիլիսին: Երևանը ամեն դեպքում ունի լավ հնարավորություն ճիշտ ուղղությամբ տանել քաղաքի զարգացումը, և հասարակական կարծիքը կարող է այստեղ խաղալ որոշիչ դեր: Պետք է միայն բարձրաձայնել, ցույց տալ, որ հենց մարդիկ են հետաքրքրված դրանում, ցույց տալ, որ նրանց հետաքրքիր չեն այն նախագծերը, որոնք բարիք են միայն կոնկրետ անձանց համար: Որքան շատ բան տաս քաղաքին, այն նույնքան ավելի լավը կդառնա:

Արեգ Դավթյան Սուրեն Մանվելյան


ՔԱՂԱՔ միջավայր

Ժպտացող պատերի քաղաք Փողոցային արվեստի առաջին դրսևորումները ծնվել են օվկիանոսից այն կողմ, այսօր, սակայն, այս արվեստի երևանյան նմուշները զարդարում են մեր քաղաքի դալանները, հատակն ու պատերը: Ոմանց համար սա շարունակում է անհասկանալի մնալ, իսկ ոմանք էլ Երևանն արդեն պատկերացնում են փողոցային արվեստի յուրօրինակ թանգարան բաց երկնքի տակ: Մայրաքաղաքին սթրիթ արտի առաջին նմուշները պաշտոնապես պարգևած պիոներները կիսվում են արվեստի իրենց գլուխգործոցների ու սպասվող նախագծերի մասին:

Քաղաքի պատերին հայտնվում են գրողների դիմանկարները

Հռիփսիմե Հովակիմյան,

BB Media, PR մենեջեր 2012-ին Երևանը դարձավ գրքի մայրաքաղաք ու հենց այդ ժամանակ էլ միտք ծագեց գրքային մի հետք թողնել Երևանում: Որոշեցինք այդ հետքը սթրիթ արտի տեսքով թողնել, ու ծնվեց գրողների դեմքերը քաղաքի տարբեր պատերին նկարելու գաղափարը: Նախ արվեցին էսքիզները, հետո հավաքեցինք մի խումբ երիտասարդ, ուսանող նկարիչների ու սկսեցինք աշխատանքները: Հիմնականում նպատակ ունեինք կոչ անելու, որ գիրքը մնայուն արժեք է: Ընտրեցինք հենց սթրիթ արտը, քանի որ վերջերս «ինչո՞ւ Երևանում սթրիթ արտ չունենք» հարցը շատ էր քննարկվում թե՛ ֆեյսբուքում, թե՛ առհասարակ: Երևանցիները սիրեցին այս նախագիծը, նրանց արձագանքները դրական էին: Երևանին նոր երանգներ են անհրաժեշտ ու սթրիթ արտն այդ երանգների թվում է: Թե սթրիթ արտային ինչ նախագծեր են մեզ մոտ հիմա քննարկվում, չեմ ասի, բայց նոր գլուխգործոցներ հաստատ լինելու են: Երևանցիները սպասում են դրանց: Երևանի տարբեր հատվածներում տեղադրված երազանքի պատերը ցույց տվեցին, որ երևանցիներից շատերի երազանքը քաղաքում եռաչափ

54 55

Հոկտեմբեր 2012

պատկեր ունենալն էր: Իհարկե, Երևանի առաջին եռաչափ պատկերի մասին կարծիքները բազմազան եղան: Հիմա սոցցանցերը շատ են նպաստում, որ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերում եղած փողոցային արվեստի նկարներ տեսնեն, համեմատեն ու որոշակի ��ատկերացում կազմեն փողոցային արվեստի մասին:

Էդուարդ Քանքանյան,

BB Media, արտ-տնօրեն Սթրիթ արտը այն ուղղությունն է, որը մեզ հետաքրքրում է, ու մենք ցանկանում ենք մի բան անել այդ ոլորտում: Իհարկե, դա մեր գործունեության ոչ թե կոմերցիոն, այլ հավես մասն է: Հաջորդ մեր նախագիծը, որն այժմ քննարկվում է ու ամենայն հավանականությամբ կհաստատվի, կրկին եռաչափ է, սակայն այս անգամ պատկերը կլինի մի քանի հարթության վրա: Հիմա մեր աշխատակիցները դրա վրա են չարչարվում, անընդհատ էսքիզներ են փորձում: Ուզում ենք հետաքրքիր մի բան ստանալ, թույլտվությունը ստանալ քաղաքապետարանից ու անել:


Եռաչափ գրաֆիտին Ազնավուրի հրապարակում

Երևանում սթրիթ արտ անելու առաջին դրդապատճառներից է այն, որ մենք ինքներս մեր քաղաքում ուզում ենք նման մի բան տեսնել: Ունենք նաև ոչ թե ներկերով, այլ ճեպանկարով իրագործվող նախագծեր: Մի խոսքով՝ Երևանին փորձելու ենք տալ այն գույները, որ ինքներս ուզում ենք տեսնել մեր քաղաքում: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնց դա դուր չի գա, բայց մենք դրան նորմալ ենք վերաբերում:

Լիա Մխիթարյան

Eiva-ի առաջին նախագծի ծնունդը

Eiva ծրագրի ղեկավար Eiva-ն սկսվեց այս տարվա սկզբից: Չնայած ընկերներով վաղուց ունեինք Երևանում փողոցային արվեստը զարգացնելու գաղափար ու մտածում էինք՝ ինչպես իրագործել: Մտածում էինք անգամ սթրիթ արտ անել ոչ միայն նկարելով, այլ ինչ-որ տարբեր ինստալացիաներով: Հետո դրամաշնորհ ստացանք, որպեսզի արվեստը օգտագործենք որպես մեդիայի այլընտրանքային գործիք, այսինքն՝ պետք է փորձեինք սոցիալական ու մի շարք այլ խնդիրներին առնչվող հարցերի շուրջ խոսել նոր ձևով: Արդյունքում ծնվեց Eiva-ն: Eiva ոչինչ չի նշանակում, պարզապես լավ հնչող տառերի միություն է: Դեռ շատ նոր ենք՝ ընդամենը մի քանի ամիս: Փողոցային արվեստի դեռևս ամենամեծ աշխատանքը, որ արել ենք, Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) դիմաց է. փիղ ու նրա մեջքի վրայով վեր բարձրացող պելիկան, ում մենք պիլմենգո են կոչում, քանի որ այն իրականում մի քանի կենդանու խառնուրդ է: Այս նկարը թվում է թե որևէ ասելիք չունի: Բայց տարբեր մարդիկ նրանում տարբեր փիլիսոփայություն կարող են տեսնել: Երևանում տարբեր իրադարձություններ են կատարվում, ֆեյսբուքում տարբեր թեմաներ են քննարկվում, ու մենք վերցրեցինք մի թեմա, որը այս պահին ոչ մի տեղ ու ոչ մեկի կողմից չի լուսաբանվում՝ ընկերներ. փիղ ու պելիկան, որոնք հավաքական կերպարներ են: Երևանի հատակին հարմարված մեր հերոսները երիտասարդ են, արկածախնդիր: Հանկարծ ՆՓԱԿ-ի կողքով անցնելիս աղմուկ են լսում կտուրից, փորձում են նայել՝ ինչ կա այնտեղ, բայց ոչ մի կերպ չի հաջողվում: Սակայն լուծում են գտնում, որ պելիկանը, փղի վրա կանգնելով, բարձրանա կտուր: Իսկ ի՞նչ կա կտուրին՝ մենք կնկարենք այլ վայրում և արդյունքում մի պատմության տարբեր դրվագները տեղ կգտնեն քաղաքի տարբեր հատվածներում: Անկեղծ ասած՝ մեզ համար կենտրոնը երբեք թիրախ չի եղել: Նկարչությունը մեզ համար նաև լրատվության գործիք է, և մենք ուզում ենք կենտրոնանալ քաղաքի ծայրամասերի վրա: Զուգահեռ նաև սկսեցինք քաղաքը գունավորելու նախագիծը և դա նույնպես շարունակելու ենք: Քաղաքի անգույն հատվածները ուզում ենք գունավորել թելերով: Բայց դա հսկա աշխատանք է, գուցե ակցիա անենք ու շատերին ընդգրկենք այդ աշխատանքում: Սա քաղաքը գունավորելու շատ հարմար տարբերակ է: Այս պահին բանակցություններ են գնում մի քանի տարածքների հետ, որ այնտեղ


ՔԱՂԱՔ միջավայր սկսենք գունավորումները: Իսկ փղիկի և պիլիգրինի սցենարը մոտավոր կա, ու առաջիկա նկարազարդումը շատ չի ուշանա: Փողոցային արվեստում շատ եմ սիրում մեծ ու անսպասելի վայրերում դրված արձաններ: Հուսամ, որ մեր ծրագրի շրջանակներում մենք Երևանում նմանատիպ բաներ կտեղադրենք: Մենք նույնիսկ գաղափար ունեինք մեծ օրիգամիներ ստեղծել ու տեղադրել քաղաքի տարբեր հատվածներում: Իսկ անընդհատ բողոքողների համար, որ ոչ մի հնարավորություն չկա այս քաղաքում, մտածում ենք դռներ դնել քաղաքի տարբեր հատվածներում: Ընդ որում տարբեր՝ բաց, փակ, արդեն խոտերով ծածկված. գուցե սա մարդկանց միտք տա, որ դռներ կան, պարզապես պետք է դրանք բացել: Մենք նախընտրում ենք մնայուն բաներ անել ու նվիրել մեր Երևանին: Ասենք՝ փիղն ու պիլիգրինը ընդմիշտ չեն, բայց արձանները կմնան: Ես շատ ներշնչվում եմ Նյու յորքի, Ամստերդամի փողոցային արվեստից: Սթրիթ արտը Երևանին նոր շունչ կտա, նոր տրամադրություն: Վստահ եմ, որ Երևանն ու սթրիթ արտը համատեղելի են ու կարծում եմ՝ եթե սրա շուրջ որոշ արվեստագետներ համախմբվեն, կարելի է բացօթյա թանգարանի նման մի բան ստանալ: Որքան փողոցային արվեստը շատ լինի, այնքան ավելի լավ՝ այն գեղեցիկ է, գունավոր: Եվրոպական շատ քաղաքներում օդանավակայանից կենտրոն ճանապարհը գրաֆիտիներով հարուստ է, ու դա գրավիչ է: Գույներն ու ժպիտը վարակիչ են, կարծում եմ՝ հենց սրանով է պայմանավորված Երևանում վերջին տարիներին սթրիթ արտի աճը: Այս երևույթը իրոք կարծես ժպտացնում է Երևանը, ու դա դառնում է վարակիչ: Փաստորեն, նման գործիքը՝ սթրիթ արտը, կարելի է շատ լավ օգտագործել մարդկանց լավ վարակներ ներարկելու համար:

Լուսինե Մոսոյան

«Մանե Թայլս» ընկերության գործադիր տնօրեն «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում հայտարարվել էր մրցույթ, որին ներկայացրած 3 առաջարկներիցս 2-ը հավանության արժանացան: Առաջինը Տիկնիկային թատրոնի ճակատային հատվածն էր: Առաջարկեցի երեխաների աչքերով նայել Տիկնիկայինին: Երբ մի երեխա անցնի Տիկնիկայինի շենքի կողքով, իմանա՝ դա ինչ թատրոն է, նայի ու հասկանա, որ դա իրենն է: Թատրոնի խճանկարում օգտագործել եմ հենց երեխաների նկարները՝ իրենց հորինած կերպարները: Էսքիզում ընդգրկել եմ նաև տիկնիկայինից վեր բարձացող 16 հարկանի շենքի մեջտեղի բետոնապատ հատվածն էլ թայլերով գունավորելու առաջարկ: Հիմա Երևանը ներկում են, այդ ամենը, իհարկե, լավ է, բայց դա ունի կարճատև կյանք, վաղ թե ուշ էլ չի լինելու: Թայլերի դեպքում սրանից խուսափում ենք: Մի անգամ արտահայտություն լսեցի, որ ոմանք չեն ուզում, որ Երևանը Բարսելոնա դառնա՝ լցվի խճանկարներով: Կարծում եմ՝ այդպես չի կարող լինել, եթե այն ճիշտ տեղում ու ճիշտ ձևով ներկայացվի: Այսինքն՝ մենք չեն ուզում Բարսելոնայի մշակույթը բերել Երևան: Կարելի է դրսից գեղեցիկը վերցնել ու այստեղ այն յուրովի ներկայացնել: Եթե չափի մեջ ես անում, ճիշտ գույների մեջ ես ընդօրինակում, երբեք տգեղ ու օտար չի նայվի քաղաքում: Մյուս

Տիկնիկային թատրոնի շքամուտքի ձևավորումը

56 57

Հոկտեմբեր 2012


կողմից՝ եթե մի բան անում ես, պիտի օգտակար էլ լինի: Օրինակ՝ Տիկնիկայինի պարագայում, մինչև խճանկարի այնտեղ հայտնվելը, ճակատային մասը մի տեսակ գորշ էր, անշուք: Հիմա հիշողության մեջ այն կմնա որպես գունազարդ մի բան: Արձագանքներն այնքան դրական են, որ մտածում ենք էլի փոքր բաներ անել թատրոնի տարածքում: Հավանության արժանացած երկրորդ նախագիծս Աբովյան փողոցի վրայի Անահիտ Սիմոնյանի հեղինակած արձանն է՝ փոքր ջրավազանը, ներսում կնոջ արձանով: Այն անշուք է, անգույն, իսկ Աբովյանը քաղաքի կարևորագույն փողոցներից է՝ զբոսաշրջիկներին ներկայանալու տեսանկյունից: Առաջարկել եմ գունավոր թայլերով երեսպատել այդ արձանն իր փոքրիկ ավազանով: Հետո նախագիծս մի քիչ թեթևացրի, որպեսզի այն շատ թանկ չլինի: Հիմա առաջարկս ընթացքի մեջ է: Ես կարծում եմ նաև, որ Երևանը աղքատ է այգիներով. սա ակտուալ թեմա է: Այգում թայլերի միջոցով կարելի է շատ գեղեցիկ մի բան ստանալ: Որոշ էսքիզներ արել եմ ու սպասում եմ արձագանքի, դա իմ երազանքն է: Վերջին տարիներին այստեղ չեմ ապրել, ու Տիկնիկայինի նախագիծս երբ ընդունվեց, ես շատ երջանիկ էի, որ մի բան արել եմ իմ քաղաքի համար: Հաջորդ երազանքս այգում հետք թողնելն է: Մինչև այդ «Ժպտա, Երևան» նախագիծը «Մանե Թայլսի» նախկին սեփականատիրոջ գաղափարն է եղել ու համագործակցելով քաղաքապետարանի հետ՝ մի քանի հետք թողել է մայրաքաղաքում: Օրինակ՝ նոտաներով շենքը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում: Չեմ ասի, որ չեմ հավանում դալանները ու դեմ եմ դրանց նկարազարդմանը, բայց իմ կարծիքով՝ գրաֆիտին մայրաքաղաքի բան չէ: Իհարկե, ճիշտ չափի մեջ, ճիշտ ձևի մեջ ամեն ինչ էլ կարող է գեղեցիկ նայվել մեր Երևանում: Օրինակ՝ նույն թայլերով նկարչությունը, շատ գեղեցիկ է, բայց եթե դա դառնա համատարած, արդեն կկորչի գեղեցկությունը՝ չպետք է կորցնել չափի զգացումը: Երևանն ինքն իրենով յուրահատուկ է, եթե այդ յուրահատկության մեջ էլ սթրիթ արտային նմուշներ մտցնենք, հաստատ շատ մարդիկ կգան Երևանը տեսնելու: Կարևոր է նաև քաղաքին մոտենալու կոնցեպտը: Ամեն մեկը կարծում է, որ ինքը ճաշակով է, բայց քաղաքի հարցում պիտի դրսևորվի ոչ թե բոլորի, այլ մեկի ճաշակը կամ տարբեր ճաշակները պետք է համահունչ լինեն: Ամեն ինչ պետք է լինի հարմոնիկ: Այս ամենը իրոք ժպտացնում է Երևանը: Մեր քաղաքն իրոք կարիք ունի նման փոքր, գունավոր հպումների:


ՔԱՂԱՔ միջավայր Աշխարհի ամենամեծ ալպոնան Այս տարվա ապրիլին բենգալյան ամանորին ընդառաջ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում նկարվեց աշխարհի ամենամեծ ալպոնան՝ տեղական ավանդական հատակային նկարազարդում: 5 նկարիչների ստեղծած պատկերը Մանիկ Միա պողոտայի վրա փոխանցեցին 220 երիտասարդ նկարիչներ, որոնք վեց ժամում օգտագործեցին 3600 լիտր ներկ, պատելով պողոտան գրեթե ամբողջությամբ՝ մեկ կիլոմետր:

Երկու նկարազարդած աստիճաններ չիլիական Վալպարաիսո քաղաքում:

Նշանավոր նշաններ 46-ամյա ֆրանսիացի նկարիչ-դիզայներ Քլեթ Աբրահամի ամենահայտնի գործերը սթրիթ արտի ոլորտում իտալական Ֆլորենցիայի փողոցային նշանների ձևավորումն է: Սովորաբար միայն չոր տեղեկատվություն հաղորդող նշանները նրա շնորհիվ դարձել են քաղաքի այցեքարտերից մեկը: Ոչ բոլոր քաղաքներում կարելի է հանդիպել քաղաքական, կրոնական, փիլիսոփայական ենթատեքստ ունեցող կամ էլ պարզապես զվարճալի փողոցային նշաններ: Այսօր դրանք կարելի է հանդիպել նաև եվրոպական մի շարք այլ քաղաքներում (Միլան, Հռոմ, Բոլոնյա, Լոնդոն, Փարիզ և այլն):

Escadaria Selarón հանրահայտ աստիճանները Ռիո դե Ժանեյրոյում: Չիլիացի նկարիչ Ժորժի Սալերոնը սկսել է ձևավորել իր տան մոտ գտնվող աստիճանը դեռ 1990 թվականին: Այսօր աշխարհի 60 երկրներից բերված ավելի քան 2000 սալիկներով պատված են 125 մետր երկարություն ունեցող 250 աստիճաններ:

Էյլին Բարրի և Քոլեթ Քրաթչերի՝ սալիկներով ձևավորած աստիճանները Սան Ֆրանցիսկոյում

Գերմանացի նկարիչ Հորսթ Գլեսքերը ծիածանի գույներով նկարազարդել է Վուպերտալ քաղաքում գտնվող աստիճանները, ավելացնելով դրանց վրա նաև մարդկային հույզերը բնութագրող բառեր

Dihzahyners խմբի նկարազարդած փողոցային աստիճանները Բեյրութում, Լիբանան

58 59

Հոկտեմբեր 2012


Թումանյանի դաշնամուրը Այս տարվա օգոստոսին երևանյան սթրիթ արտը լրացվեց ևս մի ստեղծագործությամբ, սակայն այս անգամ՝ ոչ արտոնագրված: Հեղինակները իրենց գործն արեցին գիշերով և առանց բացահայտվելու: Ինչպես պնդում են նրանք (չցանկանալով ներկայանալ), Թումանյանի թանգարանի հարևանությամբ գտնվող գողտրիկ աստիճանը, որը վերածվել էր դաշնամուրի ստեղնաշարի, պարզապես շատ հարմար էր տարբեր տեխնիկական պատճառներով, «ու մեզ շատ դուր եկավ այն, որ ինքը մի տեսակ թաքնված աստիճան է»: Ձևավորման տարբերակն էլ որևէ խորհուրդ իր մեջ չունի. «Ուղղակի տեսել էինք նման բաներ ուրիշ քաղաքներում ու մեր քաղաքի տեղը նախանձել»: Ի դեպ, անանունության մասին: Սթրիթ արտիստները նշում են, որ քաղաքապետարանի հետ համաձայնեցնել փորձել էին, սակայն ապարդյուն. «կամ պետք է տխրեինք ու չանեինք , կամ էլ ինկոգնիտո հանգիստ նկարեինք: Ընտրեցինք երկրորդ տարբերակը: Իսկ հետագայում կլինեն շատ ավելի մասշտաբային և հետաքրքիր նախագծեր: Հենց իրականացնենք, հաստատ կիմանաք դրա մասին, Երևանը փոքր է, առանձնապես բան չես թաքցնի»:

Գագա Ամատունի,

Երևան քաղաքի գլխավոր դիզայներ Ամեն ինչ մի օր սկսում է՝ սթրիթ արտն էլ հասավ Երևան ու սկսեց թափ առնել մեր քաղաքում: Ես միշտ ողջունել եմ Երևանում սթրիթ արտ ունենալու միտքը, անգամ երբ քաղաքի գլխավոր դիզայները չէի: Փառք Աստծո, ինձ ի պաշտոնե հնարավորություն ընձեռվեց, որպեսզի իմ երազանքներից մեկը մեր քաղաքում կարողանամ իրականություն դարձնել: Ինձ համար սթրիթ արտը շատ հետաքրքիր ու գեղեցիկ է: Կարծում եմ, որ փողոցային արվեստը Երևանի հետ ավելի քան համատեղելի է: Երևանը վերջերս փոքր-ինչ փոփոխությունների է ենթարկվել՝ շենքերի բազմազանության առումով, նմանատիպ սթրիթ արտային լուծումներով կարելի է հետաքրքիր նոր երանգներ մտցնել փոփոխված Երևանի մեջ: Չեմ ցանկանում անդրադառնալ փոփոխություններին, դա առանձին թեմա է, միայն կասեմ, որ շատ բաներ այլևս չի լինի քանդել, իսկ փողոցային արվեստը կօգնի, որ նոր շենքերի բազմազանությունից բողոքող քաղաքացիների ուշադրությունը շեղվի գեղեցիկ ու գունավոր երևանյան պատկերներով: Ինչ վերաբերում է գրաֆիտիին, ես անձամբ դեմ եմ դրան, որովհետև, օրինակ՝ նույն արտասահմանյան երկրներում այն արվում է ավելի կոռեկտ կերպով: Երբ նայում եմ մեզ մոտի նման աշխատանքներին՝ պատկերն այլ է: Դա ես չեմ համարում արվեստ, դա խուլիգանություն է: Իսկ դալանները չնկարազարդեցինք գրաֆիտիի տարբերակով, քանի որ այդ ոճը ծայրամասային տպավորություն է ստեղծում: Սթրիթ արտը քաղաքն ավելի տպավորիչ է դարձնում: Մյուս կողմից՝ փողոցային արվեստի գլուխգործոցը ցանկալի է, որ լավը լինի ոչ միայն տեսքի, այլ նաև ուսուցողական տեսանկյունից: Երևանյան փողոցային արվեստին վերաբերող նոր նախագծեր կան, բայց ավելի մանրամասն չեմ ուզում ասել, որ հաճելի անակնկալ լինի երևանցիների համար: Միայն կասեմ, որ դա կապված է լինելու մայրաքաղաքի աստիճանավանդակների հետ: Վերջերս Գերմանիայից եմ վերադարձել, այնտեղ նկատեցի փողոցային

արվեստի դրսևորումներ հենց շենքերի վրա: Լուսանկարեցի այդ աշխատանքները, վերադառնալուց հետո ցույց տվեցի քաղաքապետին, նա էլ շատ հավանեց և կարճ ժամանակ անց մենք էլ կունենանք նմանատիպ լուծումներ: Իսկ գրաֆիտին մեծ քաղաքների համար է, որ, ասենք՝ ծայրամասի մի թաղամասում նկարես ու քաղաքացիներից շատերը այդ թաղամասով կյանքում էլ չանցնեն: Մեր քաղաքի պարագայում ամեն ինչ այլ է. սթրիթ արտն այստեղ պետք է լինի աչքին հաճելի, հյուրընկալ, քանի որ Երևանը փոքր քաղաք է: Ամենակարևորը դիզայնի մեջ ոչ թե տեսքն է, այլ էմոցիան: Մեր քաղաքին այսօր սթրիթ արտը պետք է: Սթրիթ արտով մենք կարող ենք կոլորիտ ստանալ, քաղաքային ոճ: Մենք Երևանում ունենք մոտ 300 կամարանցումներ, որոնցից կարելի է ասել միայն շուրջ 130-ն են հարմար փողոցային արվեստի նմուշ դառնալու համար: Մնացածները տուֆային ծածկ ունեն: Նախ վերանորոգում ենք կամարանցումը, այնուհետև նկարիչներին տալիս ենք խնդիր՝ ներկայացնել կոնկրետ էսքիզներ: Ես դրանցից ընտրում եմ որոշները, որից հետո սկսվում են աշխատանքները: Դալանների նկարազարդողների հայտարարություն չենք տալիս, ես մեծ շրջապատ ունեմ, գիտեմ շատ նկարիչների: Ի դեպ, կարող ես լինել շատ լավ նկարիչ, բայց սթրիթ արտով չկարողանաս զբաղվել, որովհետև փողոցում բոլորովին այլ չափեր են: Նախորդ փորձից ելնելով՝ այս անգամ չեմ ուզում վստահել միայն երիտասարդ, ուսանող նկարիչներին, քանի որ նրանք ներկերն այդքան էլ արդյունավետ չեն օգտագործում: Այս պահին նկարազարդված է մոտ 80 դալան, ևս 60 նկարազարդված կամարանցում քաղաքում կլինի մինչև հոկտեմբերի 14-ը: Ուրիշ որևէ երկրում չեմ տեսել նկարազարդված դալաններ: Շատ ուրախ եմ, որ այս առումով գուցե մենք ենք պիոներ: Կլինեն, իհարկե, կամարանցումներ ինչ-որ քաղաքներում, որ նկարազարդված են, բայց չեմ կարծում, որ դրանք համատարած կլինեն, ինչպես մեզ մոտ: Գուցե մի օր Երևանը ոմանց համար հիշվի որպես նկարազարդ դալանների քաղաք:

Նե Թադևոսյան Սուրեն Մանվելյան, Մարիամ Լորեցյան, Բիայնա Մահարի, BB Media ընկերության արխիվ


ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

Կասկադ, 1960-ականներ

Դեռ 1920-ականներին Երևանի հատակագիծը ստեղծելիս Ալեքսանդր Թամանյանը ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից: Սակայն մի քանի տասնամյակ բլուրը, որին այսօր գտնվում է Կասկադը, եղել է պարզապես չխնամված մի տարածք՝ մի քանի տասնյակ ծառերով: Այս վայրի արտաքին տեսքում փոփոխություն մտցվեց միայն 1960 թվականին, երբ բլրի ստորին մասում Վարդան Հյուսյանի նախագծով կառուցվեց շատրվան, որի այցեքարտը քանդակագործ Դերենիկ Դանիելյանի հեղինակած խճանկարն էր: 1963-ին շատրվանը նույնիսկ հայտնվեց մեծ էկրաններին՝ «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի տեսարաններից մեկում դրա մոտ զբոսնելով գալիս է Լեոնիդ Ենգիբարովի հերոսը: Սակայն երբ 1970ականների սկզբին սկսվեց Կասկադի շինարարությունը, շատրվանը չինտեգրվեց նոր կառույցի մեջ՝ խճանկարը ապամոնտաժվեց և այսօր նույնիսկ հայտնի չէ՝ պահպանվե՞լ է այն արդյոք, թե՞ ոչ:

«Армения» գրքից («Планета» հրատարակչություն 1982 թ.), Գաֆէսճեան արվեստի կենտրոնի արխիվից

60

Հոկտեմբեր 2012



Հոկտեմբեր 2012, #10 (10)