ԵՐԵՎԱՆ #63 | 2020

Page 29

Նորավանքում հավաբանար եղած կլինեք, բայց սա նույնը չէ, ինչ սովորական զբոսաշրջային այցն ավտոբուսով։ Արփա հիմնադրամն առաջարկում է օգտվել ժամանակակից ՈՒԱԶ ջիպերից և վայելել Վայոց ձորի վայրի բնությունը։ Ճանապարհին պրոֆեսիոնալ զբոսավարները կպատմեն այն ամենը, ինչ պետք է իմանալ տեղի հարուստ ֆլորայի ու ֆաունայի մասին (885 բուսատեսակ, 39 կաթնասուն, 190 թռչնատեսակ՝ նայելու բան կա)։ Իսկ պատմամշակութային հատվածը ներառում է Սմբատաբերդ ամրոցը, Նորավանքը և Սպիտակավոր եկեղեցին։ Մեկ այլ տարբերակ էլ կա՝ արշավանք Նորավանքի կիրճում, այնտեղ, ուր հնարավոր չէ հասնել մեքենաներով։ Կարելի է ընտրել երեք ուղիներից, որոնցից մեկը, օրինակ, թույլ կտա մոտիկից ծանոթանալ բեզոարյան այծերի առօրյային։

«Արփա» բնապահպանական հիմնադրամ

ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՆՈՐԱՎԱՆՔ ԱՐՓԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ

ԱՐՇԱՎԵԼ ՍԻՍԻԱՆԻՑ ՏԱԹԵՎ

ՔԱՅԼԵԼ ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿԻ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐՈՒՄ

Երիտասարդ, խանդավառ զբոսավար Կատյա Բաբայանի կողմից առաջարկվող Սիսիան-Լծեն-Տաթև երկօրյա արշավը մշակութային արժեքներին ծանոթանալու և բնության հրաշքներով հիանալու լավ հնարավորություն է։ Զբոսաշրջիկներն այդ շրջայցի ժամանակ կբացահայտեն Որոտնավանքի զարմանահրաշ լանդշաֆտները, կհանգստանան հանքային աղբյուրներով հարուստ Որոտանի կիրճում, կուսումնասիրեն տեղաբնակների ապրելակերպն ու սովորույթները` համտեսելով տարածաշրջանին բնորոշ ուտեստներ: Հաջորդ օրը՝ Տաթևի վանք այցելելուց առաջ, արշավախումբը վրանային գիշերակաց կունենա Լծեն գյուղում։ Ճանապարհին Կատյան նաև սովորեցնում է խմբին տեղական խոտաբույսերի մասին և ցանկության դեպքում հավաքում թեյ պատրաստելու համար։

Խնձորեսկի վերածննդի հիմնադրամն առաջարկում է քայլարշավներ հին բնակավայրում։ Արշավի գլխավոր նպատակը, անշուշտ, քարանձավային ավանի ուսումնասիրությունն է։ Այստեղ մարդիկ ապրել են ընդհուպ մինչև 1960-ական թվականները, երբ խորհրդային իշխանությունները ստիպել են լքել բնակավայրը և տեղափոխվել նոր կառուցվող գյուղը։ Քարանձավների բնակչությունն իր բարձրակետում հասել է 15 հազար հոգու։ Այսօր սա բացառիկ պատմական տեսարժան վայր է, որի մոտակայքում մի քանի տարի առաջ կառուցվել է կախովի կամուրջ, թանգարան և սրճարան՝ տեղակայված քարանձավային բնակարաններում։

ՔԱՅԼԱՐՇԱՎ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՆՏԱՌՈՒՄ, ՏԱՆՁԱՎԵՐ, ՍՅՈՒՆԻՔ Լինում է, որ Հայաստանից են արտագաղթում, պատահում է՝ դեպի Հայաստան են գաղթում։ Այդպես, Իսպանիայից տեղափոխված Միքայելն ու Պալոման Տանձավեր գյուղում գյուղապետի աջակցությամբ զբաղվում են տուրիզմի զարգացմամբ։ Բարեբախտաբար, Սյունիքն անփոխարինելի է քայլարշավների ու հեծանվային արշավների համար: Փորձառություններից մեկն առաջարկում է 5.5 կիլոմետրանոց քայլարշավ Կախարդական անտառով, որը land art-ի դեռևս միակ բացօթյա թանգարանն է Հայաստանում և որտեղ այցելուներն իրենք կարող են ստեղծել իրենց land art-ը: Մյուս արահետը տանում է դեպի Վանանդաբերդ ամրոց և Դավիթ բեկի ջրամբար կամ Չայզամի լիճը: Ճանապարհին քայլարշավը կարող է ուղեկցվել թռչնադիտումներով, քանի որ տարածքն ունի հարուստ թռչնաշխարհ: Արահետը հարմար է նաև հեծանվային արշավի համար, ուստի ցանկացողները կարող են այն անցնել նաև հեծանիվներով:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.