Page 1

անգլիական և ամերիկյան բանաստեղծություն english and american verse

Երևան • Հեղինակային հրատարակություն • 2014


BLANK PAGE


Երևան • Հեղինակային հրատարակություն • 2014


ՀՏԴ 820-1 ԳՄԴ 84.4Անգլ-5 Ա 579

Անգլիական և ամերիկյան բանաստեղծություն/Անգլ. թարգմ.` Ա 759 Ս. Մկրտչյան.- Եր.: Հեղ. հրատ., 2014.-.286 էջ:

ՀՏԴ 820-1 ԳՄԴ 84.4Անգլ-5

ISBN 978-9939-0-1114-1 © Սամվել Մկրտչյան, թարգմանության և ձևավորման համար, 2014 © Samvel Mkrtchyan, 2014

Շապիկին` Սըր Փիթր Բլեյք (Sir Peter Blake), «Աշակերտներ», 1955թ.: Գրքում զետեղված բոլոր լուսանկարները հանրային տիրույթում են: © նշանը կրում են միայն այն լուսանկարները, որոնց արտատպելու դեպքում` հեղինակային իրավունքը կրողի անունը նշելը պարտադիր է:


անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Էնն Սեքսթըն 8 Սըր Թոմաս Ուայեթ 13 Լորընս Ֆերլինգետտի 14 Արչիբալդ ՄքԼիշ 16 Ջորջ Մաքբեթ 19 Լենգսթըն Հյուզ 20 Նիքլըս Բրեթըն 24 Սթիվըն Դոբինս 25 Օսկար Ուայլդ 28 Ֆիլիփ Հոբսբաում 33 Րոբրթ Ֆրոսթ 34 Թոմաս Հարդի 37 Թոմ Գան 38 Փըրսի Բիշ Շելլի 39 Րոբրթ Գրեյվս 40 Վանդա Քոուլմըն 44 Ջոն Քիթս 45 Վիլյամ Սարոյան 52 Դ.Հ. Լորընս 54 Շեքսպիր 57 Մերիան Մուր 66 Էդմունդ Սփենսըր 68 Րադյարդ Քիփլինգ 70 Ջոն Ուեյն 73 Էմիլի Դիքինսըն 74 Ալեն Գինսբըրգ 76 Րոբրթ Բրաունինգ 83 Բոբ Դիլըն 84 Րուփըրթ Բրուք 86 Ջոն Դոն 88 Րոջըր ՄքԳոֆ 93 Բեն Ջոնսըն 95 Դիլըն Թոմաս 96 Սեմյուիլ Թեյլըր Քոլրիջ 105 Ջոն Լենըն 107 Թեդ Հյուզ 108 Ուիսթըն Հյու Օդըն 110 Ա.Չ. Սուինբըրն 116


Ջորջ Գորդըն Բայրըն 118 Ր. Էմերսըն 119 Էդգար Ալըն Պո 121 Լուիս ՄքՆիս 132 Ջորջ Հերբըրթ 134 Է.Է. Քամինգս 135 Էնդրյու Մարվըլ 146 Ուոլթ Ուիթմըն 148 Ջոն Միլթըն 151 Սթիվըն Քրեյն 152 Թ.Ս. Էլիոթ 156 Ջոն Դրայդըն 167 Վիլյամ Բլեյք 168 Ջեյն Քորթեզ 170 Էզրա Փաունդ 172 Վիլյամ Վորդսվորթ 180 Վիլյամ Քարլըս Վիլյամս 181 Թոմաս Մուր 183 Չարլզ Բուքովսկի 186 Ֆրենք Օ’Հարա 198 Ալֆրեդ Թենիսըն 200 Գրեգըրի Քորզո 201 Հենք Մալոն 203 Հարոլդ Նորս 205 Օգդըն Նեշ 207 Վիլյամ Բաթլըր Յեյթս 210 Ուոլըս Սթիվընս 214 Մարք Նոֆլըր 217 Քարլ Սենդբըրգ 218 Էդգար Լի Մասթըրս 223 Հենրի Լոնգֆելլո 224 Էդնա Սընթ Վինսենթ Միլլեյ 225 Րոբրթ Բըրնս 229 Էդիթ Սիթուել 230 Վիլյամ Բարոուզ 232 Րոբրթ Փինսկի 234 Ֆիլիփ Լարքին 236 Սիլվիա Փլաթ 238


Ջեյմս Ջոյս 242 Մայա Անջելո 252 Ջորջ Հարիսըն 254 Ջեք Քերուաք 255 Րոջըր Ուոթըրս 256 Լենըրդ Քոհեն 258 Բիլլի Քոլինս 267 Արամ Սարոյան 268 Րիչըրդ Բրոթիգըն 272 Փիթր Բալաքյան 275 Ջիմ Մորիսըն 278 Վիլյամ Միքայելյան 280 Փոլ Վիոլի 283 Փոլ ՄքՔարթնի 285


D. H. Lawrence Դ. Հ. ԼՈՐԸՆՍ (1885-1930)

ՄՈԾԱԿԸ Ե՞րբ սկսեցիր Հնարքներ բանեցնել, Պարոն: Ինչի՞դ են պետք այդ երկար ոտքերը Ու բզկտված սրունքները, Ձերդ մեծություն: Ճի՞շտ է, որ կարող ես բարձրացնել քո ծանրության կենտրոնը Եվ անկշիռ դառնալ հարձակվելիս: Ուրվական: Ինձ վրա էլ կանգնիր անկշիռ: Մի անգամ վենետիկյան ձանձրույթի մեջ Քեզ «Թևավոր Հաղթանակ» կոչեց մի կին: Նայում ես պոչիդ ու անվերջ ժպտում: Ինչպե՞ս ես այդքան չարություն դնում Կիսաթափանց ու փխրուն Մարմնիկիդ մեջ: Տարօրինակ է՝ Բարակ թևերով ու ոտքերով ինչպե՞ս ես շարժվում Ձկնկուլի պես, դարձած մի չնչին կծիկ օդում, ոչնչություն: Ի՞նչ քամի կա քո մեջ, Չարամիտ քամի, որը գաղտագողի մոտենալով, Բթացնում է միտքը: Ահա քո հնարքն ու զզվելի կախարդանքը՝ Լինել աներևույթ անզգայացուցիչ զորությամբ, Որն սպանում է ուշքը քո հանդեպ: Հասկացա քո խաղը, Խորամանկ կախարդ: Տարօրինակ է՝ [54] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Ինչպե՞ս ես գաղտուկ շարժվում օդում, Օղակներով ու թեքումներով շրջապատում ինձ, Հոգեգեշ թևավոր, Թևավոր Հաղթանակ: Կանգնիր բարակ սրունքներիդ վրա, Նայիր, հասկանալով, որ տեսել եմ քեզ, Աննշան խայթ: Ատում եմ քեզ, երբ շրջվում ես ու օդ բարձրանում Մտքերս կարդալուց հետո: Եկ ձևացնենք, թե իրար չենք տեսնում. Այս խորամանկ խաղում ո՞վ կհաղթի, Մարդը, թե՞ մոծակը: Քեզ չեմ ճանաչում, ինձ չես ճանաչում, Սկսեցինք:

[55] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն

© D.H. Lawrence Collection La Wb

Քոնն է հաղթաթուղթը, Այո, քոնն է հաղթաթուղթը,


Բծավոր ճիվաղ, Որ դաղում ես արյունս ատելությունից. Քո զզվելի շեփորն է ականջներս մեջ: Ինչո՞ւ, չէ որ անպարկեշտություն է: Ասում են՝ այլ կերպ չես կարող: Եթե այդպես է, հավատում եմ անմեղներին Պաշտպանելու նախախնամությանը: Բայց շեփորդ հնչում է նշանաբանի պես: Ցնծության ճիչ՝ գանգամաշկս վնասելիս: Արյուն, կարմիր արյուն, Գերմոգական արգելված Հեղուկ: Նայում եմ՝ ինչպես ես մի պահ Ջղաձգվում ինքնամոռաց, Ծծում ես անպարկեշտ զմայլանքով Կենդանի արյունըԻմ արյունը: Ինչպիսի՜ անդորր, զգացմունքի ինչպիսի՜ պոռթկում, Ի՜նչ ագահություն Եվ ի՜նչ հոռի չարաշահում: Հիմա գայթում ես Ու ճոճվում մի պահ: Միայն քո անիծյալ փխրունությունն է, Միայն քո անմատչելի անկշռությունն է Քեզ փրկում իմ մոլեգին գրոհից: Ծաղրուծանակի թշվառ պեան, Կորչե՛ս դու, արյան թևավոր կաթիլ: Չեմ կարող հաղթել քեզ: Մի՞թե շատ ես դու ինձ համար, Թևավոր Հաղթանակ: Այնքան մոծակ չեմ, որպեսզի զրկեմ քեզ Մոծակությունից: Ի՛նչ էլ մեծ բիծ ես թողնում քեզնից հետո: Դու, որ ինքդ մի փոքրիկ բիծ ես: Կարծես ինքդ էլ կորչում ես Մի կեղտոտ բծի մեջ:

[56] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


William Shakespeare ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ 1564-1616 ՍՈՆԵՏՆԵՐ 6 Մի՛ թող, որ ձմռան ձեռքերը եղծեն ամառը քո մեջ. Այդ բիրտ ձեռքերը քեզ պիտի քամե՜ն մի ծաղկի հանգույն: Ի՛նքդ մի սրվակ քաղցրաբույր դարձրու, քո գանձը անշեջ Պահպանիր, որ այն երբեք չդառնա մեռած ու անգույն: Դու մի՛ համարիր այս մեկն արգելված մի վաշխառություն, Որ վճարողին դարձնում է այնպես գոհ ու երջանիկ. Զի պարտավո՛ր ես կերտել քո տեսքով մեկ այլ էություն, Որպեսզի լինես ուրախ ու խնդուն դու տասնապատիկ: Դու տասնապատիկ կգերազանցես կյանքդ նախնական, Եվ այդ տասը քո դեռ տասնապատիկ կյանքեր պիտի տա: Ի՞նչ պիտի անի քեզ մահը չնչին և անօգնական, Երբ սերունդներով ապահովում ես կյանքդ հետագա: Համառ մի՛ եղիր, քանզի չի տրված պերճությունն անմար՝ Մահին զիջելու՝ որդերին ժառանգ կարգելու համար: [57] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


15 Երբ խորհում եմ, թե ինչպես աշխարհում ամեն աճող բան Կատարելության հասնում է այնպես կարճ ժամանակով, Որ աճը նրա հավասարվում է լոկ ոչնչության Եվ մեկնաբանվում աստղերի գաղտուկ մի նշանակով. Երբ խորհում եմ, որ աճում են մարդիկ ծաղիկների պես, Եվ նույն երկնքի ուրախությունն ու վիշտն է նրանց հետ, Թոշնում են շուտով, գունատվում հասուն ավշի մեջ իրենց, Եվ դուրս է ընկնում հիշողությունից պերճանքը հավետ,Անհաստատության խոհերը այդժամ քո կողմն են շրջվում, Եվ քո անաղարտ ջահելությունն է հառնում իմ առջև. Տեսնում եմ այդժամ, թե տարիներդ ինչպես են կորչում, Քո պայծառ օրվան ինչպես է հաղթում կեսգիշերը սև: Ժամանակի դեմ այսպես կռվելով հանուն քո սիրո՝ Պատրուսում եմ քեզ, որ նա չխլի ունեցածը քո: 17 Ո՞վ կհավատա իմ քերթվածներին տարիներ հետո, Թեև քո հոգու արժանիքներով կլինեն զեղուն. Եվ, Աստվա՜ծ գիտե, գուցե թե նրանք գերեզմանն են քո, Որի խավարում թաղված է հավետ շնորհքդ բեղուն: Դատարկ թղթերին եթե հանձնեի պարճանքն աչքերիդ Եվ վերածեի արժանիքներդ քերթության անմեռ, Մարդիկ կասեին. «Այս տողերն ախար սուտ են ու անմիտ. Երկրային դեմքին երկնային հմայք չի շողացել դեռ»: Եվ իմ թղթերը, որ ժամանակից կլինեն դեղնած, Անվստահելի մի ծերունու պես պիտ արհամարհվեն, Քո վեհությունը կվերագրվի իմ կրքին անսանձ, Գրվածքները այս սոսկ հնադարյան երգ կհամարվեն: Բայց թե պատահի, որ քո զավակը ողջ լինի այդժամ, Կրկնակի՛ կապրես՝ նրա մեջ և իմ երգերում արժան: 18 Կարիք կա՞ արդյոք քեզ համեմատել ամռան օրվա հետ. Ո՜չ, դու ավելի չնաշխարիկ ես, շա՛տ ավելի մեղմ: Հողմերը վայրագ կոտրում են գարնան վարդը բուրավետ, Եվ վաղանցի՜կ է չքնաղ ամառվա ժամանակը սեղմ: Հաճախ է լինում, որ աչքը երկնի շողում է պայծառ, Եվ հաճախ այնպես մթնում է նրա դեմքը հուրհրան. Գեղեցկությունը հաճախ է կորցնում էությունն իր վառ, Երբ բնությունը դյուրափոխությամբ փոխում է նրան: Հավիտենակա՛ն միայն կլինի քո ամառը պերճ, Բնավ չի կորչի հմայքը անանց քո գեղեցկության, Մահը չի ասի, թե քայլում ես իր ստվերում անվերջ, Եթե դու ապրես իմ քերթվածներում հար ու հավիտյան: [58] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Մինչ մարդիկ շնչում և աչքերը մինչ տեսնում են սրանք, Դու չես մահանա, և իմ տողերը քեզ միշտ կտան կյանք: 24 Իմ աչքերն, ինչպես հմուտ մի նաղաշ, պատկերել են քեզ՝ Քո պերճությունը անմահացնելով սրտիս կտավին. Իմ մարմինը այն շրջանակն է, ուր քո պատկերն է հեզ,Հեռանկարը հմուտ նկարչի ձիրքն է տակավին: Քանզի նրա՛ մեջ դու պիտի տեսնես հմտությունը իր, Որպեսզի գտնես այնտեղ նկարված կերպարանքդ ճիշտ, Այն, որ իմ կրծքի սենյակում կախված կտավն է ընտիր, Ուր պատուհաններն աչքերիդ լույսով ողողվում են միշտ: Տես, թե ինչ բարի գործ են կատարել աչքերն աչքերին՝ Իմ աչքերը քո պատկերն են գծել. քո աչքերը միշտ Պատուհաններ են իմ կրծքի վրա, երբ հանց քո գերին՝ Ամեն առավոտ արեգակն է քեզ նայում ակնապիշ: Բայց աչքերն իրենց հմտությամբ հանդերձ միայն կդիտեն. Պատկերում են այն, ինչ տեսնում են սոսկ - սի՜րտը չգիտեն: 31 Օ՜, քո կրծքի մեջ քանի՜ ու քանի՜ սրտեր են նիրհում, Որոնց, ինձանից հեռու լինելով, մեռած եմ կարծել, Բայց սերն է այնտեղ իր շնորհներով հավիտյան տիրում, Եվ դեմքերն անգին, որոնց մահն եմ ես անդադար լացել: Որքա՜ն անարատ ու հեզաբարո արցունք է խլել Իմ թաց աչքերից սերը ջերմեռանդ ու պատկառական, Բայց հիմա գիտեմ, որ այս աշխարհից նրանք չեն մեկնել, Այլ քո մեջ են այդ հոգիներն անտուն ու թափառական: Դու այն շիրիմն ես, ուր ապրում է միշտ սերը դամբանած, Որտեղ կախված են ննջեցյալների ավարները վես: Նրանք ինձանից քեզ փոխանցեցին շնորհներն անանց, Եվ շնորհափայլ գանձերը հիմա պատկանում են քեզ: Դեմքերն իմ սիրած քո մեջ եմ հիմա ես տեսնում միայն, Եվ դու, նրանց հետ, ունես իմ հոգու գանձերը համայն: 36 Թույլ տուր հաստատել, որ մենք երկուսով երկու կմնանք, Թեև հավիտյան մեկն է սերը մեր անբաժանելի, Եվ անարգանքի բծերը բոլոր, ուր էլ որ գնանք, Առանց քո փոքրիկ օգնության անգամ՝ ինձ հետ են էլի: Ակնածություն է միայն մնացել մեր սրտերի մեջ, Թեև մի գաղտուկ թշնամություն է տիրում մեր կյանքին, Որ, գիտեմ, թեև չի կարող փոխել մեր սերը անշեջ, Բայց խլում է նա սիրո հմայքից ժամեր թանկագին: Կարող եմ ասել բոլորին, թե դու անծանոթ ես ինձ, [59] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Որ անարգանքի սյունին չգամեն իմ մեղքերը քեզ. Կարող ես և դու չասել իմ մասին խոսքեր հարգալից, Որ քո անունից փառք ու պատիվը հանկարծ չհանես: Բայց ինչո՛ւ համար. չէ որ իմ սերը այնքան է արի, Որ երբ իմն ես դու, իմն է նաև քո համբավը բարի: 49 Ընդդեմ այն ժամի (եթե այդ ժամը գալու է մի օր), Երբ տեսնեմ, թե դու ինչպես ես խորշում իմ արատներից, Եվ երբ քո սերը փակի իր վերջին հաշիվները, որ Կոչված են միայն անխուսափելի վերստուգումից. Ընդդեմ այն ժամի, երբ օտարի պես անցնես իմ մոտով Եվ քո աչքերով (իմ արևներո՜վ) հազիվ բարևես, Երբ փոխված լինի ու էլ չկանչի սերը կարոտով, Եվ դու խստադեմ լրջության համար պատրվակ գտնես. Ընդդեմ այդ ժամի՝ փորձում եմ լինել նախապես պատրաստ, Եվ անարգելով իմ էությունը շնորհներիս հետ՝ Իմ անձի՛ դեմ եմ միայն բարձրացնում այս միտքը նվաստ, Որ ուժն օրենքի արդար ճանաչի քո անունն հավետ: Ընդդեմ թշվառիս՝ տես, օրենքն է քեզ օգնելու պատրաստ, Քանզի ես որպես սիրո ապացույց՝ չունեմ ոչ մի փաստ: 53 Ի՞նչ նյութից ես դու արարված, ասա, ի՞նչ մարմիններից, Որ բազում օտար ստվերներ են քեզ դարձել հպատակ. Յուրաքանչյուր ոք մի ստվեր ունի իր ծնված օրից, Իսկ դու կարող ես փոխ տալ ստվերներ անսահմանափակ: Դու Ադոնիսին նկարագիր, և դեմքը նրա Քեզանից հետո նմանակությո՜ւն կլինի միայն. Դու պերճությունը դիր Հեղինեի այտերի վրա՝ Նաղաշները քե՛զ պիտի պարգևեն զգեստն հունական: Գարունը հիշիր, և լիությունը, որ տարին ունի. Առաջինը քո գեղանիության ստվերն է անշեջ, Երկրորդը միայն քո լիությամբ է այդքան լիուլի,ՄԵնք քեզ ենք տեսնում բոլոր օրհնալիր պատկերների մեջ: Բոլոր արտաքին շնորհների մեջ դու քո մասն ունես, Բայց ո՛չ ոք չունի անդավաճան սիրտ, որ քո սիրտն է վես: 62 Եսասիրության մեղքն է իմ աչքում իշխում տիրաբար, Նրանն է հիմա մարմնիս ու հոգուս ամեն ելևէջ, Եվ այդ մեղքի դեմ, ես ինչ էլ անեմ, չկա ոչ մի ճար, Այնքան որ խորն է արմատավորել նա իմ սրտի մեջ: Այնպես է թվում, թե ոչ ոք չունի նմանը դեմքիս, Իմ անձն եմ բոլոր գեղեցիկներից ես գերադասում, [60] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Եվ որքան էլ վեհ շնորհներ տրված լինեն ամենքիս, Յուրաքանչյուրից՝ ի՛մ արժանիքներն եմ գերադասում: Բայց երբ հայելին ցույց է տալիս իմ պատկերն իսկական, Որ ժամանակի հնամաշ ձեռքից ծեծված է այնպես, Այդժամ հակառակ կողմն եմ ես կարդում եսասիրության, Այն է՝ փութեռանդ ինքնամոլությամբ ախտավո՜ր եմ ես: Սակայն քեզ եմ (ի՛նձ) անձն իմ կարծելով՝ անդադար երգում Եվ քո պերճությամբ ես իմ ծերության արատն եմ հերքում: 64 Երբ տեսնում եմ ես, թե ժամանակի ձեռքը անողոք Ինչպես է եղծում թաղված անցյալի արժեքը կրկին, Երբ երկնասլաց աշտարակները տապալվում են լոկ, Եվ հուշարձաններն ստրուկ են դառնում մահվան մոլուցքին. Երբ տեսնում եմ ես, թե ինչ ճիգերով ծովը սովահար Փորձում է ընկճել անխոնջ ափերի տիրությունը պերճ, Եվ ափն իր հերթին ձգտում է սանձել ալիքները հար, Շահը կորստով, կորուստը շահով բազմացնում անվերջ. Երբ տեսնում եմ, թե ինչպես է փոխվում աշխարհը համայն, Ինչպես զորավոր թագավորությունն է ընկնում անզոր, Խորտակումը այս ստիպում է ինձ մտորել միայն, Որ իմ սիրուն էլ նենգ ժամանակը կտանի մի օր: Մահվան է նման այս մտորմունքը, որ այսպես անքուն Ողբում է նրան, ում սոսկում է, թե կկորցնի կյանքում: 65 Երբ չկա ոչ հող, ոչ արույր, ոչ քար, ոչ ծով անեզերք, Այլ միայն մահու թախիծն է նրանց իշխում տիրաբար, Գեղեցկությունը ինչպե՞ս պաշտպանվի մոլուցքից այդ նենգ, Երբ ուժը նրա անզոր է ինչպես ծաղիկ դալկահար: Կարո՞ղ է արդյոք ամռան մեղրահամ շունչը դիմանալ Այս գանակոծո՜ղ օրերի անզուսպ հարձակումներին, Երբ անկարող է ժայռը նրանց դեմ անհողդողդ մնալ, Երբ պողպատաձույլ դարպասն է նրանց անսացող գերին: Դա՜ռը մտորմունք. երբ ժամանակի գոհարը ընտիր Հեռու է պահված նրա սնդուկում մարդկանց աչքերից,Ի՞նչ զորավոր ձեռք կարող է ճանկել նրա ոտքը ժիր, Կամ ո՞վ կարգելի նրան եղծանել պերճությունն անբիծ, Ո՛չ ոչ և ոչի՛նչ ,- բայց կզորանա՜ այդ հրաշքը վառ, Երբ իմ սիրելին սև թանաքի մեջ շողշողա պայծառ: 66 Հոգնած սրանցից՝ ես անդորրաբեր մահին եմ կանչում, Երբ որ տեսնում եմ արժանավորին մուրացիկ ծնված, Եվ ոչինչը սին՝ ինչպես է խինդի մեջ բարգավաճում, [61] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Եվ հավատն անբիծ՝ տարաբախտորեն խաբված ու մերժված, Եվ պատիվը թանկ՝ ուրիշին տրված անամոթաբար, Եվ կույսի պատիվն՝ անառակացած ու անկարեկից, Եվ բնօրինակ կատարելությունն՝ եղծված անարդար, Եվ զորությունը՝ հաշմված կաղոտն իշխանությունից, Եվ արվեստն անեղծ՝ իշխանապետի ձեռքով կարկամած, Եվ անխելքությունն, իբրև խրատտու, խելքին փորձելիս, Եվ պարզությունը՝ պարզամտություն սխալմամբ կոչված, Եվ չարն հաղթական՝ հպատակ բարուն շահագործելիս. Հոգնած ու զզված՝ ինչպե՜ս կուզեի թողնել ես սրանք, Եթե իմ մահով սերս չմնար աշխարհում մենակ: 81 Կա՛մ պիտի ապրեմ, որ տապանագիր գրեմ քեզ համար, Կա՛մ ինքդ կապրես, երբ իմ մարմինը նեխի հողի տակ, Բայց այսուհետև մահը չի խլի քո հուշը անմար, Թեև իմ մասին, գիտեմ, չի մնա ոչ մի հիշատակ: Կապրի այսուհետ անունդ կյանքով հավիտենական, Իմը, ես գիտեմ, աննշան մահով կկորչի անհետ. Հողը ընդամենն ինձ կարող է տալ անշուք գերեզման, Իսկ դու դամբանած կլինես մարդկանց աչքերում հավետ: Իմ քերթությո՛ւնը այդժամ կլինի հուշարձանը քո. Աչքերը, որոնք աշխարհ չեն տեսել, պիտ կարդան մի օր Եվ բյուր լեզուներ պիտի հոլովեն քո անունն հետո, Երբ թաղված լինի մեր ժամանակի ամեն շնչավոր. Դու պիտի ապրես (ա՛յս եմ իմ գրչի կոչումն համարում), Քանի դեռ կա շունչ, թեկուզ այն լինի վերջինն աշխարհում: 91 Ոմանք հպարտ են իրենց ծագումով, ոմանք հմտությամբ, Ոմանք՝ գանձերով, իսկ ոմանք՝ իրենց մարմնական ուժով, Ոմանք՝ զգեստով, թեև տոգորված անճաշակությամբ, Ոմանք՝ բազեով ու որսաշնով, ոմանք՝ նժույգով. Ամեն մի հակում իր ստորակա հաճույքը ունի, Եվ անգերազանց ուրախություն են գտնում նրա մեջ, Սակայն իմ սիրտը այդ տվյալների կարիքը չունի. Իմ երանությունն ես վեր եմ դասում նրանցից անվերջ: Քո սերն հավիտյան բարձր է ինձ համար տոհմիկ ծագումից, Գանձերից էլ թանկ և զգեստներից պերճաշուք ու վես, Նժույգ ու բազե ավելին մեծ չեն իմ վեհ հակումից, Եվ քեզ սիրելով՝ բոլոր մարդկանցից հպարտ եմ այնպես,Թշվառ՝ նրանով, որ այս ամենը թե ինձնից տանես. Ինձ այս աշխարհի ամենանկուն անբախտը կանես: [62] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


94 Նա, ով ուժ ունի չարիք գործելու, սակայն չի գործում, Ով չի անում այն, ինչ մարդկանց համար զվարճալիք է, Ով հուզում մարդկանց՝ բայց ինքը բնավ չի ալեկոծվում, Այլ քարի նման անշարժ, սառնարյուն և անառիկ է, Նա՛ է իրավամբ ժառանգում երկնի շնորհներն հզոր՝ Անպտղությունից ջատագովելով գանձը բնության: Նա՛ է իր դեմքի և իր էության տերն ամենազոր, Մնացածները ծառաներն են իր գերազանցության: Ամռան ծաղիկը անույշ բուրմունք է ամառվա համար, Թեև իր համար՝ նա գիտի ապրել ու մեռնել անտես, Սակայն երբ թոշնում և դառնում է նա մեղկ ու դալկահար, Ամենազազիր մոլախոտն անգամ պերճ է թվում մեզ: Զի չարաշահված քաղցրությունն այնպես դառն է ու անհաճ, Թոշնած շուշանը զազրահոտ է, քան արոսը կանաչ: 106 Երբ կարդում եմ ես անցած դարերի մագաղաթներում Նկարագիրներն՝ ձոնված անցյալի գեղեցիկ մարդկանց, Ինչպես պերճությունն հավերժացնում է հին քերթվածներում Քաջ ասպետներին և հիշատակը գեղեցիկ կանանց, Այդժամ, թերթելով հեռու անցյալի ներբողներն անանց, Ուր երգել են միշտ աչքեր ու ձեռքեր, շուրթեր ու ճակատ, Համոզվում եմ ես, որ հնամենի գրիչը նրանց Քե՛զ է պատկերել և չքնաղ տեսքիդ պերճանքն անարատ: Այդպես այդ գովքը եղել է միայն մարգարեություն՝ Կանխատեսելով քեզ և աչքերիդ հուրը կաթոգին, Բայց նրանց դյութված աչքերն ունեցան սոսկ մի թերություն, Այն է՝ որ նրանք չկարողացան երգել քո հոգին. Եվ չէ որ մենք էլ տեսնում ենք դեմքիդ պերճությունն անմար, Նայում ենք անվերջ, բայց լեզու չունենք գովեստի համար: 107 Ո՛չ, երկյուղը իմ և ո՛չ էլ ոգին մարգարեական, Որ այս աշխարհում տեսնում են գալիք օրերը բոլոր, Չեն նախաձայնի իմ սիրո ժամկետն հավիտենական, Այլ պիտի կարծեն, թե մեռած է նա, կործանված, մոլոր: Բայց օրհասական լուսնի խավարումն անցել է անհետ, Եվ մարգարեներն իրենց իսկ ձայնած բոթն են ծանակում, Անհավատությունն հավատի թագով պսակվեց հավետ, Ճյուղը ձիթենու խաղաղություն է արդ նշանակում: Հանգստացուցիչ այդ ժամանակի կաթիլների հետ՝ Թարմ է սերը իմ, և Վախճանը ինձ ոչինչ չի անի. Ի հեճույս նրան՝ կապրեմ այս աղքատ երգերում հավետ, Մինչ մահը պիտի անբարբառ ու բութ մարդկանց կործանի: [63] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Քո հուշարձանը դու այս տողերում կգտնես միայն, Զի արքաների գերեզմաններից երկար կապրի այն: 116 Ես չեմ ընդունի սիրող սրտերի միության հանդեպ Դավաճանություն ու խոչընդոտներ. սեր չէ այն սերը, Որ փոխվում է միշտ, երբ բախտի կամոք փոփոխում է պետք, Թեքվում, երբ նրան թեքում են բախտի անգութ ձեռքերը: Երբե՛ք ու երբե՛ք. իսկական սերը փարոս է անմար, Որ միշտ կնայի փոթորիկներին և չի երերա, Պայծառ աստղ է նա ծովում մոլորված նավերի համար, Եվ անհայտ արժեք, թեև հայտնի է բարձունքը նրա: Նա Ժամանակի խեղկատակը չէ, թեև վարդագույն Այտերն ու շուրթերն ապրում են նրա կոր մանգաղի մեջՍերը չի փոխվում, իր կարճ ժամերից չի դառնում դժգույն, Այլ տոկում է նա անգամ կործանման ցավը մինչև վերջ. Եթե մեղք է սա, և ինքս թշվառ մեղսավոր եմ լոկ, Չեմ գրում սրանք, և այս աշխարհում չի սիրել ոչ ոք: 121 Նախընտրելի է անպատիվ լինել, քան ենթադրվել, Երբ չլինելով՝ մարդ անպատվության ամոթն է կրում, Երբ հաճույքն արդար ոչ թե սեփական հույզերն են մարել, Այլ աչքն ուրիշի, որ, ուր էլ լինես, քեզ են հետևում: Եվ ինչո՞ւ նրանց կեղծ ու վավաշոտ աչքերը տեսնեն Զգացմունքներիս ուրախ ու կայտառ խաղերն անդադար. Իմ թուլություններն ինչո՞ւ ունենան մեղսոտ լրտեսներ, Որոնց կարծիքով նվաստ է այն, ինչ վեհ է ինձ համար: Ես այն եմ, ինչ կամ, իսկ նրանք, ովքեր փորձում են եղծել, Ամեն քայլը իմ, հաշվում են անթիվ մեղքերը իրենց: Ես ուղիղ եմ միշտ, իսկ նրանց աստված ծուռ է ստեղծելՕ՜, նրանց պագշոտ մտքերի կողքին չլինե՜լ անկեղծ. Չարը քանի դեռ ապրում է ազատ, և չկա բարին, Չարագործ մարդի՛կ սոսկ կտիրանան այս խեղճ աշխարհին: 129 Տարփանքը՝ հոգու զեխ ու ձեռնբաց ամոթն է նկուն, Հավետ սպառում - և մինչև կրկին նոր վատնում բերի՝ Երդմնադա՛վ է նա, արյունո՛տ, մեղսո՛տ, ոճրագո՛րծ, փքո՛ւն, Վայրենի՛, անգո՛ւթ, ծայրահե՛ղ, կոպի՛տ, անվստահելի՛. Ուշ դարձած հաճույք, և արհամարհանք՝ հար ու հավիտյան, Միշտ հետապնդած, բաղձած խելքից դուրս, բայց ուշ ձեռք բերված, Խելքից դուրս ատած, և կուլ գնացած մի խայծի նման [64] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Խևելո՛ւ համար նպատակավոր սարքած ու դրված, Խենթ՝ հետևելիս, և վայելելիս, նույն հիմարը միշտ, Եվ տիրանալու որոնումներում՝ անհա՜ս, անամո՜ք, Խնդություն փորձված, իսկ ճաշակելիս՝ տխրություն ու վիշտ, Առաջ՝ նպատակ, իսկ հետո՝ միայն երազ ու ցնորք: Մարդիկ սա գիտեն, սակայն ոչ մեկը չի կարողանում Խույս տալ դրախտից, որ նրան դեպի դժոխք է տանում: 130 Ո՛չ, իմ սիրուհու աչքերն արևին նման չեն բնավ, Մարջանը այնքան կարմիր է նրա գունատ շուրթերից, Թե ձյունն է ճերմակ՝ լանջքը սիրուհուս թուխ է ինչպես կավ, Եվ, լարերի պես, նրա վարսերը սև են թվում ինձ: Ես շատ եմ տեսել դամասկյան վարդեր՝ կարմիր, սպիտակ, Բայց նման վարդեր չեմ տեսնում նրա այտերին վաղուց: Իսկ անուշահոտ ջրերը ունեն առավել հմայք, Քան հոտը շնչի, որն արձակվում է միշտ իմ սիրուհուց: Սիրում եմ լսել բառերը նրա, բայց և լավ գիտեմ, Որ ավելի մեղմ հնչյուններ ունի քնքուշ մեղեդին. Չեմ տեսել երբեք՝ ինչպես են քայլում աստվածուհիներն, Քանզի սիրուհիս քայլելիս անվերջ դոփում է գետնին. Բայց, Աստված վկա, իմ սերն իմ աչքին անգին է ու պերճ. Այն կնոջ նման, ում բաղդատությամբ խաբել են անվերջ:

[65] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Marianne Moore ՄԵՐԻԱՆ ՄՈՒՐ (1887-1972)

ԼՌՈՒԹՅՈՒՆ Հայրս ասում էր. «Նրբակիրթ մարդիկ երբեք երկար այցելություններ չեն անում. Բավական է նրանց ցույց տալ Լոնգֆելլոյի գերեզմանը, կամ ապակե ծաղիկները Հարվարդում: Ինքնավստահ, ինչպես կատուն (որն իր զոհի հետ սիրում է առանձնանալ` մկան փափուկ պոչը կոշկակապի պես բերանից կախված), Նրանք գիտեն վայելել մենությունը, և խոսքերը, որոնք երբեմն գերել են նրանց, կարող են նրանց կողոպտել: Ամենախոր զգացմունքը միշտ լռության մեջ է ի հայտ գալիս: Այսինքն` ոչ թե լռության, այլ ինքնամփոփության»: Ոչ էլ կեղծում էր նա` ասելով. «Զգացեք ձեզ իմ տանն ինչպես հյուրանոցում»: Ախր հյուրանոցը մշտական բնակատեղի չէ:

[66] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Ի՞ՆՉ ԵՆ ՏԱՐԻՆԵՐԸ Ի՞նչ է մեր անմեղությունը, Ի՞նչ է մեր մեղքը: Ամեն ինչ մերկ է, ոչինչ` ապահով: Որտեղի՞ց քաջությունըանպատասխան հարց, կասկած անսասան (համրորեն կանչող և խուլորեն լսող), որ դժբախտության մեջ, նույնիսկ մահվան, հուսադրում է մարդկանց, և ձախողվելիս, նրանց հոգին մղում դեպի զորություն: Նա է խորապես ուրախ, ով անվերջ ընդունում է մահկանացություն և ծառս է լինում այս բանտարկության մեջ ինքն իր դեմ ինչպես գետը խորունկ ձորում, որն ապարդյուն մաքառում է հանուն ազատության, և հանձնվելով գտնում իր ճամփան: Նա է ճիշտ, ով գիտի խորը զգալ: Թռչունը գիշեր ու զօր երգելով է միայն իր մարմինը կոփում: Թեկուզ վանդակում՝ նրա երգը հզոր ասում է՝ բավարարումը գռեհիկ է շատ, մինչդեռ որքան մաքուր է երջանկությունը: Սա է մահկանացությունը. հավերժականը սա է:

[67] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Edmund Spenser ԷԴՄՈՒՆԴ ՍՓԵՆՍԸՐ (1552-1599) ՍՈՆԵՏՆԵՐ 15 Վաճառականներ, որ հոգնած ու խոնջ Որոնում եք միշտ զարդեր թանկարժեք. Ոտքի տակ տված հողագունդն ամբողջ՝ Ի՞նչ եք թափառում դուք աշխարհով մեկ. Սիրելի՛ս ունի այդ գանձերը սեգ, Աշխարհիս բոլոր զարդերը անգին,Շափյուղա՞ է պետք՝ աչքերին նայեք, Ատամներ գոհար չունի մեկ այլ կին. Փղոսկր է նրա ճերմակ ճակատը, Ոսկի ծամերը վայել են թագին, Շողում են ձեռքերն, ինչպես արծաթը, Աշխարհի գանձերն են նրա հագին. Բայց ամենաթանկն, ինչքան էլ փնտրում՝ Միայն նրա վեհ հոգո՛ւմ եմ գտնում: 26 Ի՜նչ լավն է վարդը, բայց փշերն են վատ, Ի՜նչ լավն է գիհին, բայց շիվերը՝ սուր, Քա՜ղցր է մասրենին, բայց ծակում է շատ, [68] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Անո՜ւշ է սոճին, բայց ճյուղերն՝ անդուր, Ի՜նչ լավն է ուռին, բայց կեղևն՝ անբույր, Քա՜ղցր է ընկույզը, պատիճը՝ լեղի, Լա՜վն է ջրուռին, բայց այնքան թթու, Լա՜վն է սխտորը, արմատն՝ անգեղի. Այսպես քաղցրը միշտ դառնություն ունի Ու առավե՛լ է այդպես հմայում, Իսկ ոմանք հաճախ, այնքա՜ն անտեղի, Դյուրին բաներին ուշք չեն ընծայում: Արդ, չնչին ցավից ինչո՞ւ դժգոհեմ. Նրա հաճույքից ես անչա՜փ գոհ եմ: 64 Երբ համբուրեցի շուրթերը նրա, Ինձ թվաց, թե մի պարտեզում եմ ես. Ի՜նչ անուշահամ բուրմունք ուներ նա, Այդպիսի բուրմունք չի պատահել ձեզ: Նրա շուրթերը շահպրակներ են հեզ, Կարմիր այտերը՝ իսկական վարդեր, Ճերմակ ճակատը շիկատակ է վես, Իսկ աչքերը՝ նոր բացված մեխակներ, Լանջքը ելակի մի թուփ է անմեռ, Պարանոցը մի ջրընկալ է բաց, Կրծքերը՝ երկու անուշ շուշաններ, Պտուկներն՝ երկու հասմիկներ ծաղկած: Այս ծաղիկները միշտ դյութել են ինձ, Բայց բույրն իմ սիրո քա՜ղցր է նրանցից: 81 Չքնաղ է սերս, երբ վարսերը վառ Մեղմիկ զեփյուռից ծածանվում են հեզ, Երբ վարդն է շողում այտերին պայծառ, Ու սերն աչքերում վառվում է կարծես. Երբ նրա կուրծքը աշնան ճյուղի պես Բացում է հանկարծ պտուկներն ընտիր, Կամ հպարտության թուխպը չարատես Ցրում է անվերջ ժպտով սիրալիր: Անզուգակա՜ն է, երբ բացում է իր Շուրթերն այդ սուտակ ու գոհարազարդ, Քաղցր բառերի հեղեղն է անծիր Դուրս բերում նրա հոգին անաղարտ: Մնացյալն այս է՝ բնության զարմանք, Իսկ այս մեկն՝ անբիծ սրտի հնարանք: [69] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


William Strang, 1898

Rudyard Kipling ՐԱԴՅԱՐԴ ՔԻՓԼԻՆԳ (1865-1936) ԹԵ...

Թե կարող ես դու դիմանալ, երբ քո շուրջը մշտապես Մարդիկ իրենց մեղքի համար քեզ մեղավոր են ընտրում. Թե կարող ես քեզ վստահել, կասկածում են երբ որ քեզ, Կասկածելու համար անգամ թույլտվություն են խնդրում. Թե կարող ես դու սպասել ու չհոգնել դրանից, Հազար ու մի սուտ լսելով՝ մնալ ազնիվ ու շիտակ, Թե կարող ես հեռու մնալ ատելության խարանից, Ոչ չափազանց համեստ լինել, ոչ պարծենկոտ մի գիտակ. [70] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Թե կարող ես դու երազել, բայց չգերվել երազին, Թե կարող ես դու մտածել, բայց մտքերով չհարբել. Թե կարող ես դիմակայել խինդն ու վիշտը միասին Եվ այդ երկու խարդախների հանդեպ լինել անտարբեր. Թե կարող ես դու համբերել, երբ քո խոսքերը արդար Խարդախ մարդիկ շուռ են տալիս, որ թակարդը գցեն քեզ, Ու տեսնելով, որ փլվում է քո շինածը անդադար, Կարողանաս հին գործիքով նորը կերտել մշտապես. Թե կարող ես քո շահածը դարձնել փողի չնչին կույտ, Ունեցածդ գրավ դնել ու տանուլ տալ հավիտյան. Թե կարող ես դու տանուլ տալ, հետն էլ ասել, թե՝ ի՛նչ փույթ, Եվ ոչ մեկին չտրտնջալ, թե կորցրել ես ինչ-որ բան. Թե կարող ես այնպես անել, որ քո սիրտն ու մկանը Շարունակեն քեզ ծառայել, երբ ապրելն է անհնար, Եվ դիմանա՛լ, երբ թվում է, թե հասել է քո ժամը, Եվ գերազոր կամքն է միայն հրամայում ողջ մնալ. Թե կարող ես ամբոխի հետ լինել ազնիվ ու բարի, Արքաների հետ ոտք մեկնել ու միշտ մնալ հասարակ, Թե քեզ երբեք չվնասեն բարեկամ ու թշնամի, Այլ միշտ քեզ հետ հաշվի նստեն (բայց ո՛չ ամեն ստահակ). Թե կարող ես անագորույն րոպեն դարձնել ամեն օր Երկարաձիգ, իմաստալից ու վեց տասնյակ ակնթարթ, Քո՛նն է այդժամ ողջ աշխարհը և բարիքները բոլոր, Եվ ամենից կարևորը՝ դու կլինես, որդիս, Մա՛րդ:

ԹՈՄԻ Ես գինետուն մտա մի օր, որ գարեջուր խմեմ, Մեկ էլ էն միկիտանը, թե՝ ես քեզ ծառա հո չե՞մ: Իսկ աղջկերքն հո չե՜ն փռթկում, մեռնում են ծիծաղից, Պոչս քաշի ու շիլ ընկած՝ ասում եմ ինքս ինձ. Այ քեզ, Թոմի, վա՜յ քեզ, Թոմի, միշտ՝ «Ռադ եղի քո բույնը», Բայց՝ «Դո՞ւք եք, միսթր Օթքինս», երբ լուրջ է դրությունը: Երբ լուրջ է դրությունն, ախպերս, երբ լուրջ է դրությունը, Ասում են՝ «Միսթր Օթքինս», երբ լուրջ է դրությունը: Մի օր թատրոն գնացի ես, սթափ ու գեղեցիկ, Կատարը տաք քաղաքացուն պարտեր տվին, ինձ՝ չիք: Բալկոն տվեցին ինձ, ախպերս, էն էլ հո զոռով, Բայց հենց որ բանն հասնի կռվին՝ պարտե՛ր ու թիկնաթո՛ռ: [71] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Ա՜յ քեզ Թոմի, վա՜յ քեզ, Թոմի, անցավ քո ժամանակը, Բայց՝ «Օթքինսին՝ հատուկ գնա՛ցք», երբ նեղն ընկնի բանակը: Երբ նեղն ընկնի բանակն, ախպերս, երբ նեղն ընկնի բանակը, «Օթքինսին՝ հատուկ գնա՛ցք», երբ նեղն ընկնի բանակը: Հա ձե՜ռ առեք խեղճ զինվորին, որ ձեր պահակն է միշտ, Էդ հեշտ է, քան ծաղրել նրան, ով սով կտա ու վիշտ, Ու քեֆը լավ թրև եկող զինվորը լավ է, քան Կռվից առաջ զինավորված շքերթը ռազմական: Ա՜յ քեզ Թոմի, վա՜յ քեզ Թոմի, միշտ՝ «Թրջվե՜լ է մուկը», Բայց՝ «Մեր զո՛րքն հերոսական», երբ որ զարկեն թմբուկը: Երբ որ զարկեն թմբուկն, ախպերս, երբ որ զարկեն թմբուկը, Կասեն՝ «Մեր զո՛րքն հերոսական», երբ որ զարկեն թմբուկը: Հերոսական բանակ մենք չենք, որ էլ ծառա ենք ձեզ, Զինվոր ենք մենք անտիրական, մարդիկ ենք ճիշտ ձեզ պես, Ու թե մեկ-մեկ անտաշ ենք մենք, ու ձեր ճաշակն է նուրբ, Զորանոցում հո չե՞ք կարծում, թե մարդ դառնում է սուրբ: Այ քեզ Թոմի, վա՜յ քեզ Թոմի, միշտ՝ «Թոմի, ե՛տ մնա», Բայց՝ «Սը՛ր, առաջ անցեք, խնդրեմ», երբ որ վտանգը գա: Երբ որ վտանգը գա, ախպերս, երբ որ վտանգը գա, Կասեն՝ «Խնդրեմ, առա՛ջ անցեք», երբ որ վտանգը գա: Դուք լավ ճառել գիտեք մենակ՝ կրակ, սնունդ, դպրոց, Մեր փայը ի՞նչ՝ օրապարեն, հետն էլ ստամոքսի խոց, Մեզ մետք չէ ձեր կեղտաջուրը, դուք դեռ ապացուցեք, Որ հանդերձանքը ձեր Այրու մեր ծաղրը չէ երբեք: Այ քեզ Թոմի, վա՜յ քեզ Թոմի, միշտ՝ «Դո՛ւրս, կորի՛ր, զեռուն», Բայց՝ «Մեր փրկի՜չն հայրենիքի», կռիվն է երբ եռում: Այ քեզ Թոմի, վա՜յ քեզ Թոմի, դե ա՛ռ քեզ, բայց այնինչ՝ Թոմին շշմած հիմար հո չէ՜, տեսնո՛ւմ է ամեն ինչ:

[72] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


ՋՈՆ ՈՒԵՅՆ (1925-1994)

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Ներիր ինձ, որ ես գովքդ չեմ երգում: Իզուր չեմ դառնում բառերին գերի: Ձեռքերի հպումն անդորր կբերի: Ներիր, որ խոսքս աղքատ է, դժգույն: Ժամանակը չէ ճարտասանության: Զգացմունքն է լոկ տերը լռության: Մենք ասում են այն, ինչ հազիվ գիտենք: Եվ ո՞ւմ համար է խոսքը ծանրումեծ: Քո սերն է, որ ինձ թևեր պարգևեց: Բանտած խոսքերով սեր չես մատուցի: Դու լեզուս տարար վախի հետ մեկտեղ: Ներիր, որ անձայն կանգնել եմ այստեղ: Դատարկ բառերով պարտք չես հատուցի: [73] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն

© Mark Gerson / National Portrait Gallery, London

John Wain


Emily Dickinson ԷՄԻԼԻ ԴԻՔԻՆՍԸՆ (1830-1886)

ՓՈԽԵ՞Լ ԿՆՈՋ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ Փոխե՞լ կնոջ զգացմունքըԵրբ ուղեղս գցեն դուրս, Կտրեն պեպենոտ իմ կուրծքը, Դեմքիս դնեն թավ մորուս: Շիկնի՛ր, ոգիս, քո ամրոցում, Շիկնի՛ր, փոշի իմ անհայտ. Ճշմարտության այն յոթ տարին Կնությունից թանկ է շատ: Սեր, որ չանցավ իր խոռոչը, Հավատ՝ ցավի որջում նեղ, Կրակն է նրա պարգևը, Ցավը չունի ոչ մի դեղ: Ես կրել եմ միշտ իմ բեռը, Ոչ ոք թագս չի տեսել. [74] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Մինչ մայրամուտ փուշ եմ հագնում, Հետո՝ թագս ոսկեթել: Իմ խորհուրդը պատանքավոր, Որ կմնա միշտ այսպես, Մինչև մի օր նրա տերը Գերեզմանով գա դեպ քեզ:

ԲԱԽՏԸ ՔԱՂՑՐ Է ՆՐԱ ՀԱՄԱՐ Բախտը քաղցր է նրա համար, Ում բախտը չի բերել երբեք. Քաղցր հյութն զգալու համար Մեծ պապակ է պետք: Հաղթողներից և ոչ մեկը, Ում դրոշը ցոլաց անթարթ, Չգիտե, թե ինչ ասել է Լինել միշտ անպարտ: Մեռնող պարտվածն այն լավ գիտե, Ում ականջին հեռվում պայթեց Ցավոտ, սակայն այնպես հստակ Հաղթանակը մեծ:

ՀՈՒՅՍԸ ԵՐԳՈՂ ՄԻ ԹՌՉՈՒՆ Է Հույսը երգող մի թռչուն է, Թափառում է նա հոգում՝ Ու գեղգեղում առանց բառի, Երբեք նա չի հոգնում: Անուշ է երգը սյուքի հետ, Մրրիկն՝ անգութ այնպես, Որ սառեցնում է թռչնակին, Որ տաքացնում էր մեզ: Լսել եմ երգը ցուրտ երկրում, Եվ ծովերում անտակ, Բայց նա երբեք վհատվելիս Ինձնից չուզեց փշրանք: [75] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Allen Ginsberg ԱԼԵՆ ԳԻՆՍԲԸՐԳ

© 1963 Richard Avedon

(1926-1997)


ՈՌՆՈՑ (հատվածներ) Տեսա թե ինչպես լավագույն մտքերն իմ սերնդի կործանվեցին խենթությունից, սովյա՛լ, փրփրաբերան և մե՛րկ, Թափառելով լուսաբացին նեգրական փողոցներում ու վայրենացած թմրադեղի որոնումներից, Հրեշտակագլուխ հիփսթերներ ովքեր այրվում են աստղազարդ մեքենայի հետ երկնային կապի համար կեսգիշերվա մեխանիզմի մեջ... ովքեր հեռացվեցին ակադեմիաներից զանգի պատուհաններին խենթ ու զազրելի ձոներ գրելու համար... ովքեր կրակ կերան ներկված հյուրանոցներում... կամ մաքրեցին իրենց իրանները ամեն գիշեր, երազներով, թմրադեղերով, արթուն մղձավանջներով, ալկոհոլով, արվամոլությամբ ու վերջ չունեցող երեկույթներով... ովքեր թափառեցին կեսգիշերային կայարաններում չգիտենալով թե ուր գնալ և գնացին առանց կոտրված սրտեր թողնելու, ովքեր իրենց միայն մտագար կարծեցին երբ Բալթիմորը շողաց գերբնական էքստազով... ովքեր իրենց ձեռքերին հանգցրեցին ծխախոտը որպես բողոք կապիտալիզմի հաշիշային և ծխախոտային մշուշի դեմ, ովքեր կծեցին խուզարկուների պարանոցները և ոստիկանական մեքենաների մեջ ճչացին զմայլանքից ոչ մի հանցանք չգործելու համար բացի իրենց հարբեցողությունը և արվապղծությունը վայրի... ում սիրած տղաներին խլեցին ճակատագրի երեք պոռնիկները, միաչքանի պոռնիկը երկսեռ դոլարի և միաչքանի պոռնիկը ով աչքով է անում արգանդից... ովքեր շնության ելան Քոլորադոյում գողացած ավտոմեքենաներով... ովքեր քայլեցին ամբողջ գիշեր, մինչև կոշիկները արյունոտվեցին, սպասելով որպեսզի բացվի Իսթ Ռիվերի դուռը դեպի մի սենյակ գոլորշիով և ափիոնով լի, ովքեր երեք անգամ անընդմեջ անհաջող կտրեցին իրենց երակները, հետո թողեցին, անտիկ իրերի խանութ բացեցին ուր կարծեցին, թե ծերանում են ու լաց եղան... ովքեր նետվեցին Բրուքլինյան կամրջից... ովքեր հուսահատ երգեցին պատուհաններից, դուրս թռան մետրոյի վագոններից, հարձակվեցին սևամորթների վրա, բղավեցին փողոցում և ոտաբոբիկ պարեցին գինու [77] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


կոտրված բաժակների վրա... ովքեր ծնրադիր աղոթեցին անհույս եկեղեցիներում միմյանց փրկության լույսի և կրծքերի համար մինչև հոգին մի պահ լուսավորեց իր վարսերը: *** Ի՞նչ ցեմենտե և այլումինե սֆինքս փշրեց նրանց գանգերն ու հոշոտեց ուղեղ և երևակայություն: Մողո՜ք: Միայնությո՜ւն: Ապականությո՜ւն: Գարշատեսությո՜ւն: Փոշի և անմատչելի դոլարներ: Աստիճանների տակ լացող երեխաներ: Բանակում հեկեկացող պատանիներ: Զբոսայգիներում արտասվող ծերունիներ: Մողո՜ք: Մողո՜ք: Մողոքի՜ մղձավանջ: Մողոք սիրազո՛ւրկ: Մողոք անգութ դատավո՛ր մարդկանց: Մողոք անմատչելի՛ բանտ: Մողոք Կոնգրես: Մողոք ում շենքերը դատաստան են: Մողոք հսկա քար պատերազմի: Մողոք բթացած կառավարություններ: Մողոք ում միտքը մաքուր մեխանիզմ է: Մողոք ում արյունը հոսող մետաղադրամ է: Մողոք ում մատերը տասը բանակներ են: Մողոք ում կուրծքը մարդակեր դինամոմեքենա է: Մողոք ում ականջը ծխացող գերեզման է: Մողոք ում աչքերը հազարավոր կույր պատուհաններ են: Մողոք ում երկնաքարերը կանգնած են անծիր փողոցներում ինչպես անանց Եհովաներ: Մողոք ում գործարանները անրջում են ու կռավում մշուշի մեջ: Մողոք ում ծուխը, երկաթներն ու անտենաները ծածկում են քաղաքները: Մողոք ում սերը անվերջ նավթ ու քար է: Մողոք ում ճակատագիրը անսեռ ածխածինն է: Մողոք ում անունը Միտք է: Մողոք ում մեջ նստած եմ միայնակ: Մողոք ում մեջ ես հրեշտակներ եմ երազում: Խե՛նթ Մողոքի մեջ: Արվամո՛լ Մողոքի մեջ: Անսեր և տղամարդկությունից զուրկ Մողոքի մեջ: Մողոք որ վաղ մտավ հոգիս: Մողոք ում մեջ ես գիտակցություն եմ առանց մարմնի: Մողոք որ իր սարսուռով սպանեց իմ բնական հաճությունը: Մողոք ում ես լքում եմ և արթնանում նրա մեջ: Երկնքի՜ց հոսող լույս: Մողո՜ք: Մողո՜ք: Ռոբոտների բնակարաննե՜ր: Անտեսանելի՜ արվարձաններ: Կո՜ւյր մայրաքաղաքներ: Կմախքների՜ գանձարաններ: [78] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Հրեշ-արդյունաբերություննե՜ր: Ուրվական-ազգե՜ր: Անհա՜ղթ գժանոցներ: Որձաքարե՜ առնանդամներ: Հրեշային ռումբեր: Տեսիլքնե՜ր, մարգարեություննե՜ր, զգայախաբություննե՜ր, հրաշքնե՜ր, էքստազնե՜ր... հոսո՜ւմ են Ամերիկայի գետն ի վար... Պոռթկումնե՜ր գետի վրա: Հարվածնե՜ր և խաչելություննե՜ր: Ջրհեղեղն ի վա՜ր... Խենթացած սերունդ որ գահավիժում է ժայռերից ժամանակի: Սո՜ւրբ ծիծաղ գետում: Տեսե՞լ են այդ ամենը: Վայրի՜ աչքեր: Սո՜ւրբ աղաղակներ: Հրաժե՜շտ են մաղթում: Ցատկո՜ւմ են տանիքներից: Դեպի միայնությո՜ւն: Թափահարելով ծաղիկներ բռնած ձեռքերը: Գետն ի վա՜ր: Դեպի փողո՜ց:

ԱՄԵՐԻԿԱ (հատված) Ամերիկա ես քեզ տվել եմ ամեն ինչ ու հիմա ոչինչ եմ: Ամերիկա երկու դոլար քսանյոթ սենթ հունվարի 17, 1956: Ես չեմ կարող կախված լինել իմ մտքից: Ամերիկա ե՞րբ կվերջացնենք մարդկային պատերազմը: Գրողի ծոցը գնա քո ատոմային ռումբով: Ես վատ եմ զգում հանգիստ թող ինձ: Չեմ գրի բանաստեղծությունս մինչև որ ուշքի չգամ: Ամերիկա մենք ե՞րբ կդառնանք հրեշտակային: Դու ե՞րբ կհանես քո շորերը: Ե՞րբ կնայես ինքդ քեզ գերեզմանի միջով: Ե՞րբ արժանի կլինես քո միլիոնավոր տրոցկիստներին: Ամերիկա ինչո՞ւ են քո գրադարանները արցունքով լի...

ՀԱՆԿԱՐԾԱՍՏԵՂԾՈՒՄ ԲԵՅՑԶԻՆՈՒՄ Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև անգլերեն բառի ոգեշնչումը լատինական Spiritus-ն է՝ շունչը, ես ուզում եմ ազատ շնչել: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Ուոլթ Ուիթմենը աշխարհին թույլ տվեց անկեղծորեն խոսել: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Ուոլթ Ուիթմընը բացեց պոեզիայի բանատողը հանուն անարգել շնչի: [79] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Էզրա Փաունդը, թեպետ փղոսկրյա աշտարակում էր ապրում և գրազ բռնում սխալ ձիու վրա, թույլ տվեց բոլոր բանաստեղծներին խոսել մայրենի բարբառով: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Էզրա Փաունդը պատվիրեց Արևմուտքի ջահել բանաստեղծներին նայել չինական քերթվածներին ու նկարներին: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Ռուդերֆորդում ապրող Վիլյամ Քարլըս Վիլյամսը գրեց Նյու Ջըրզիի լեզվով «Տամ աչքդ հանեմ» և հարցրեց՝ ո՞նց եք չափում սա հնգոտնյա յամբով: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև հայրս բանաստեղծ էր մայրս կոմունիստ էր Ռուսաստանից ու մեռավ գժանոցում: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև իմ բարեկամ Գարի Սնայդերը նստեց զննելու իմ մտքերը որպես Երևութային Աշխարհի մի մաս 1955 թվի համաժողովի ժամանակ: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև տառապում եմ, ծնվել եմ մեռնելու համար, երիկամիս մեջ քարեր ունեմ, արյան ճնշում. բոլորն էլ տառապում են: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև չգիտեմ թե ինչ են մտածում ուրիշները: Գրում եմ որովհետև պոեզիան կարող է բացահայտել մտքերս, բուժել ինչպես իմ այնպես էլ ուրիշների պարանոյան: Ես բնաստեղծություն եմ գրում որովհետև միտքս թափառում է սեքս-քաղաքականությունից մինչև Բուդհադհարմա-մտավարժանք: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև վերցրել եմ Բոդհիսաթվայի Չորս Ուխտերը: Ազատագրվելու պատրաստ զգայուն արարածները տիեզերքում անհամար են, խոցելու պատրաստ ագահությունս զայրույթս ու տգիտությունս՝ անորոշ, իրադրությունները որոնցում հայտնվում եմ՝ անհաշիվ, մինչև անվերջ է արթնացած մտքի արահետը: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև այս առավոտ արթնացա դողալով սարսափից թե ինչ կարող եմ ասել Չինաստանում: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև ռուս բանաստեղծներ Մայակովսկին ու Եսենինը անձնասպան եղան. ուրեմն մեկ ուրիշը պետք է խոսի: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև հայրս արտասանում էր անգլիացի Շելլիի ու ամերիկացի [80] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Վեյչըլ Լինդսիի գործերը և օրինակ բերում - ահա մի ոգեշնչում քամու նման հզոր: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև սեքսի մասին գրվածքները գրաքննվում էին Միացյալ Նահանգներում: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև միլիոնատերերն արևելքից արևմուտք Րոլս Րոյս են քշում, իսկ աղքատները փող չունեն ատամները բուժելու համար: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև իմ գեներն ու քրոմոսոմները սիրահարվում են ոչ թե ջահել կանանց, այլ ջահել տղաներին: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև օրերի առջև չունեմ անառարկելի պատասխանատվություն: Ես բանաստեղծություն եմ գրում Ուիթմընին պատասխանելու, մի տասնամյակ առաջվա ջահելների հետ խոսելու, Նյուարքում (Նյու Ջըրզիի նահանգ) դեռևս ապրող ծեր հորաքույրներիս և հորեղբայրներիս հետ խոսելու համար: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև 1939 թվին ռադիոյով սևամորթների բլյուզ եմ լսել՝ Լեդբելի և Մա Րեյնի: Ես բանաստեղծություն եմ գրում՝ ոգեշնչված պատանի ու զվարթ Բիթլզի հասուն երգերից: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Չուան Ցզին չգիտեր՝ ինքը թիթեռ է թե մարդ, Լաո Ցզին ասում էր՝ ջուրը հոսում է սարից, Կոնֆուցիուսն ասում էր՝ պատվիր քեզնից մեծին. ես ուզեցի պատվել Ուիթմընին: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև կուշտուկուռ խոտերն ու նախիրները Մոնղոլիայից մինչև ամերիկյան վայրի Արևմուտք փչացնում են նորածիլ խոտը իսկ հողի քայքայումը անապատներ է ծնում: Ես բանաստեղծություն եմ գրում կենդանու մորթուց կարած կոշիկներ հագած: Ես բանաստեղծություն եմ գրում որը միշտ ասում է. «Առաջին միտքը լավագույն միտքն է»: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև բոլոր գաղափարներն անմատչելի են բացառությամբ երբ արտահայտված են իրական առարկաներում. ահասավիկ Վիլյամ Քարլըս Վիլյամսի կարգախոսը. «Իրերից դուրս չկա գաղափար»: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև տիբեթական Լամա Գուրուն ասում է. «Իրերն իրենք իրենց խորհրդանշանն են»: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև լրագրերի [81] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


առաջնորդողները սև անցք են մեր համակարգության կենտրոնում. մենք ազատ ենք այդ ամենը նկատելու համար: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև եղավ Առաջին աշխարհամարտ, Երկրորդ աշխարհամարտ, միջուկային ռումբ, և կլինի Երրորդ աշխարհամարտ եթե ցանկանանք, բայց ես չեմ ուզում: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև իմ առաջին պոեմը՝ «Քեդիշը», փառաբանում էր գժանոցում մահացած մորս: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Հիտլերը վեց միլիոն հրեա ջարդեց, իսկ ես հրեա եմ: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև ըստ Մոսկվայի Ստալինը 20 միլիոն հրեա և մտավորական աքսորեց Սիբիր, որոնցից 15 միլիոնը այդպես էլ չվերադարձան Սանկտ-Պետերբուրգի «Անտեր շուն» սրճարանը: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև երգում եմ երբ մենակ եմ զգում: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Ուոլթ Ուիթմընն ասել է. «Ես հակասո՞ւմ եմ ինձ: Հրաշալի է, ես հակասում եմ ինձ: Ես ընդարձակ եմ, ես բազմություններ եմ պարունակում»: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև միտքը հակասում է ինքն իրեն, այս պահին Նյու Յորքում է, հաջորդին՝ դինարական Ալպերում: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև գլխումս մտքերի բազմություններ կան՝ ուղիղ՝ 10000: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև չկա պատճառ չկա որովհետև: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև սա լավագույն միջոցն է՝արտահայտելու մտքումս եղածը 6 րոպեում կամ ամբողջ կյանքում:

[82] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Robert Browning ՐՈԲՐՏ ԲՐԱՈՒՆԻՆԳ (1812-1889)

ԿՈՐԱԾ ՏԻՐՈՒՀՈՒՍ Վերջացավ... Ի՞նչ է ճշմարտությունըԴառնություն ու կսկիծ. Ահա ծիծառն էլ հյուսեց իր բույնը, Ու երգն է ծորում կրծքից: Կոկոններն ահա բացվում են արդեն, Նորից վարարեց առուն, Եվս մեկ օր, ու նրանք կպայթեն. Կարմիրը գորշ է դառնում: Վաղը կտեսնեմ քեզ նորից, անգին, Թույլ կտա՞ս ձեռքդ գրկել. Ընկերներ ենք արդեն, այն էլ՝ թանկագին, Եվ... անզոր ենք իրար փրկել: Քո սև աչքերի հայացքը պայծառ Ի՞նչ ջանքերով վանեմ. Գեղգեղուն ձայնիդ ելևէջը կայտառ Ինչպե՞ս հոգուցս հանեմ: Ընկերոջ նման հարցեր կտամ ես, Չեմ հիշի, որ սեր կար. Ձեռքդ կգրկեմ բարեկամի պես, Կամ էլ... մի քիչ երկար: [83] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Š Richard Avedon


Bob Dylan ԲՈԲ ԴԻԼԸՆ (1941)

ԵՍ ԽՂՃՈՒՄ ԵՄ ԳԱՂԹԱԿԱՆԻՆ Ես խղճում եմ գաղթականին, որն իր տունն է կարոտում, Որն ուզում է չարիք գործել, բայց իրեն է պոկոտում. Նա խաբում է իր մատերով, խորամանկում է ահից, Կրքոտությամբ իր կյանքն ատում ու վախենում իր մահից: Ես խղճում եմ գաղթականին, որն ինքն իրեն է լափում, Նրա դրախտը հարամ է, նա արցունք է միշտ թափում. Ուտում է, բայց չի կշտանում, լսում է, բայց աչք չունի, Նա սիրում է հարստություն ու դիզում է գողունի: Ես խղճում եմ գաղթականին, որ ցեխի մեջ է ապրում, Ծիծաղում է նա ու իր իսկ արյունով է միշտ հարբում. Նրա իղձը փշրվում է ինչպես փխրուն ապակի. Ես խղճում եմ գաղթականին, որ տխուր է կրկնակի:

Ե՞ՐԲ ԹՈՂԻՐ ԴՐԱԽՏԸ Էդ ե՞րբ թողիր դրախտը Քեզ ո՞նց ազատ թողին Դրախտում ապրելը ո՞նց էր Երնեկ ապրողի՞ն: Ինչի՞ փոխիր դրախտը Երկրի հետ էս ավեր Որտե՞ղ ես թաքցրել դու Լուսապսակ, թևեր Քեզ դեռ հետ չե՞ն կանչում Կապրե՞ս նորից էնտեղ Եթե պաչեմ քո թուշը Կհամարվի՞ դա մեղք: Ես պարզ մի երկրավոր եմ Իսկ դու` աստվածային Էդ ե՞րբ թողիր դրախտը Հրեշտակդ իմ: [85] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Rupert Brooke ՐՈՒՓԸՐԹ ԲՐՈՒՔ (1887-1915)

ՓՈՇԻ Երբ մարի մեր մեջ այս բոցը ճերմակ, Ու տանուլ տանք մենք վայելքները պերճ Ու այս աշխարհում մնանք մեն-մենակ՝ Փոշիանալու մութ գիշերվա մեջ, Երբ ժիր վարսերդ մահը ննջեցնի, Շուրթերի միջով կործանումն անկյանք Հանդարտի նաև տքնանքն իմ շնչի, Երբ փոշիանանք, երբ փոշիանա՜նք, Դեռ կփայփայենք իղձերը անմեռ, Զգոն կլինենք ու այնպես անբավ, Կճախրենք օդում, կշողանք մենք դեռ Այն վայրերում, ուր մահը մեզ գտավ: Կպարենք, ինչպես փոշին է պարում, Անբռնազբոսիկ ու թեթևաքայլ, Ու կթափառենք մենք այս աշխարհում, Որպես հողմերի բանբերներ բարձրյալ: Եվ ամեն հյուլե կանցնի օրեցօր, Կսուրա փայլով գալիք օրն ի վար, Կշրջի որպես գաղտուկ ուխտավոր Ու կանցնի հերթով ճամփաներ երկար: Չի լինի ճամփին հանգիստ ու դադար, Մինչև ինչ-որ տեղ, հեռու, շա՜տ հեռու, Իմ հատիկ փոշին կգտնի հանկարծ Փոքրիկ մի հատիկ, որ եղել ես դու: Հետո պարտեզում մի գողտրիկ ու պերճ Իրիկնամուտի լույսերի ներքո Սիրահարները ծաղիկների մեջ Կգտնեն անուշ և օտար մի գոյ,[86] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Եվ ի՜նչ պերճություն՝ երազանքից վեր, Ի՜նչ խաղաղություն և ինչպիսի՜ լույս. Կգտնեն այնտեղ սիրո վեհ երգեր Եվ արևավառ զմայլանք ու հույս, Եվ չեն գիտենա՝ հո՞ւր է այն, թե՞ ցող, Հողածի՞ն է այն, թե՞ երկնից իջած, Ե՞րգ է այն, բուրմո՞ւնք, թե՞ բոցերի քող, Թե՞ երկու էակ՝ լույսերով անցած, Որ բարձրանում են անվերջ առ երկինք... Բայց կհասկանան դժբախտներն այդժամ Զմայլանքն հրե, ի՛նչ ասել է կիրք, Ու կայրվեն նրանց սրտերը դաժան, Ու կնվաղեն հրաշք-ցոլքի մեջ՝ Մինչև խավարը սփռի բյուր թևեր, Ու կհասկանան թշվառները խեղճ Սոսկ մի՛ ակնթարթ՝ ինչ ասել է սեր:

Brooke by Sherrill Schell © reserved; collection National Portrait Gallery, London, April 1913.


National Portrait Gallery, London (անհայտ նկարիչ)

John Donne ՋՈՆ ԴՈՆ (1572-1631) ՄՏԱՎԱՐԺԱՆՔ 17

Այժմ նրանք (զանգերը) ասում են մեղմիկ ղողանջով՝ Դու պիտի մեռնես:

Նա, ում համար ղողանջում է այս զանգը, կարող է այնքան տկար լինել, որ չիմանա, թե իր համար է այն ղողանջում: Եկեղեցին կաթողիկ է և համընդհանուր: Նույնպիսին են և նրա բոլոր գործերը. այն ամենն, ինչ նա անում է, ամենքին է պատկանում: Երբ նա երեխա է մկրտում, այդ բանը վերաբերում է ինձ, քանզի երեխան այդկերպ է միանում այն Ձեռքին, որը նաև իմ ձեռքն է: Երբ նա մարդ է թաղում, այդ բանը վերաբերում է ինձ: Համայն մարդկությունը մի հեղինակի արարում է և մի հատոր է. երբ մարդ մահանում է, գրքից մի գլուխ չի պատռվում, այլ թարգմանվում է մեկ ուրիշ, առավել ընտիր լեզվի, և ամեն գլուխ պետք է թարգմանվի նմանապես: [88] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Աստված բազում թարգմանիչներ ունի. ոմանց թարգմանում է ծերությունը, ոմանց՝ հիվանդությունը, ոմանց՝ պատերազմը, ոմանց՝ արդարությունը. բայց Աստծո ձեռքն է ամեն թարգմանության մեջ: Նմանապես՝ քարոզի կանչող զանգը չի ղողանջում միայն քարոզչի համար. այս զանգը բոլորիս է կանչում: Ո՞վ ականջ չի դնի զանգին, ինչ առիթով էլ այն ղողանջելիս լինի: Ո՞վ անհաղորդ կմնա ղողանջին, որն աշխարհին է հանձնում իր մասնիկը: Ոչ մի մարդ կղզի չէ, լիովին ինքն իր մեջ: Յուրաքանչյուր ոք նշխար է մայրցամաքի և մասնիկ երկրի: Եթե ցամաքից ծովը մի բուռ հող է տանում, Եվրոպան նվազում է: Նույնն է և հրվանդանը, նույնն է և ձեր բարեկամի, կամ ձեր սեփական կալվածքը: Յուրաքանչյուր մարդու մահը նվազեցնում է ինձ, քանզի ես մտահոգված եմ մարդկությամբ: Հետևապես՝ բնավ ոչ մեկին մի ուղարկիր իմանալու, թե ում մահն է գուժում զանգը. նա քո՛ մահն է գուժում:

ՍՈՆԵՏ Մի՛ պարծենա, Մա՛հ, թեև ոմանք քեզ Զորեղ են կոչել. ո՛չ, զորեղ չես դու, Զի նրանք, ում դու տարել ես հեռու, Չեն մեռնում, թշվա՜ռ,- չեմ մեռնի և ես: Հանգստից, քնից հաճույք ենք առնում, Քեզնից՝ առավե՛լ, դու ա՛յդ ես տալիս. Լավագույն մարդիկ քեզ հետ են գալիս, Եվ հոգիներն են հավիտյան հառնում: Բախտի, արքայի, լքվածների ճորտ, Քեզ ընկեր են ախտ, պատերազմ ու թույն, Ափիոն ու հիպնոս ուժը ունեն նույն,Էլ մի պարծենա, գոռոզամի՛տ որդ. Երբ կարճ քունն անցնի, մենք չենք մահանա, Իսկ դու կմեռնես, դու չես լինի, Մա՛հ:

ՏԵՆԴ Ա՛խ, մի՛ մահանա, քանզի ես կատեմ Աշխարհն ու կանանց, երբ դու հեռանաս. Մտորմունքներում ես քեզ կդատեմ, Որ միակն էր քո էությունն անհաս: [89] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Սակայն դու, գիտեմ, չես մեռնի երբեք, Կյանքը՝ վաղանցիկ, բայց մահն է հավետ, Իսկ եթե լքես կյանքը վշտաբեկ, Արար աշխարհը կմեռնի քեզ հետ: Կամ երբ դու գնաս, աշխարհի ոգի, Միգուցե միայն մարմինդ մնա. Չքնաղ կինն այդժամ ուրվական է մի, Արժանավորը մի որդ կդառնա: Դպրոցներն ահա վիճում են, թե ինչ Հուր պիտի բերի վախճանն աշխարհի, Բայց չեն հասկանում, չգիտեն ոչինչՆրա՛ տենդը պիտ հողագունդն այրի: Բայց նա այդ հրով չի կորչի հավերժ, Եվ չի տառապի նա, որովհետև Քայքայումը այդ շատ է անհրաժեշտ, Որպեսզի տենդը լինի հարատև: Օդերևույթ են բռնկումներն այդ, Եվ քո մեջ նրանց նյութը կսպառվի. Գեղեցկությունդ անփոփոխ է արդ, Հանց երկնակամար՝ երբեք չի վառվի: Բայց քեզ տիրացողն իմ միտքն է դաժան, Կարճ է կյանքը այդ, ժամանակավոր. Կուզեի քո տերը ես լինել մի ժամ, Քան թե աշխարհի տերը ամեն օր:

ԶՄԱՅԼԱՆՔ Որտեղ գետն հղի, բարձի պես, հանդարտ Ուռչում էր, ասես, շոյելու համար Թույլ մանուշակի գլուխը հիվանդ՝ Նստեցինք, երկու կրքոտ սիրահար: Ձուլվել էին մեր ձեռքերը ամուր, Անբաժան էին մեր ափերը թաց, Շողշողում էին մեր աչքերը լուռ, Մի կետի էր մեր հայացքը հառած: Ձուլված ձեռքերը առայժմ միակ Միջոցն էր, որ մենք լինենք միասին,

[90] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Ու մեր աչքերի պատկերներն անտակ Նոր պիտ ծնվեին՝ դառնային մարմին: Թե կռվեն երկու զորեղ բանակներ, Բախտին է տրվում հաղթանակն արնոտ: Մեր հոգիները ելան աներեր Ու կախվեցին մեր մարմինների մոտ: Մինչ հոգիները մնացին օդում, Պառկեցինք շիրմի արձանների պես, Անշարժ պառկեցինք այդ ստորոտում Ու պապանձվեցինք հավիտյան, կարծես: Թե ինչ-որ մեկը, սիրուց մաքրված, Անաղարտ հոգու լեզուն հասկանա, Եվ մաքուր սիրուն ողջ հոգով տրված, Սիրուհուց հեռու կանգնի, ապա նա (Ո՞ւմ հոգին խոսեց՝ նա չի իմանա, Քանզի երկուսն էլ նույն բանն են ասում) Ավելի զտված այդժամ կդառնա Ու կհեռանա մաքուր ու հասուն: Այս Զմայլանքը բացում է աչքեր, Պատմում, թե իրոք ինչ կա մեր սրտում. Մենք չգիտեինք, որ սա հեշտանք չէր, Ու չգիտեինք՝ ինչն է մեզ դրդում: Բայց հոգիները սիրահար մարդկանց Խորհուրդ են, որ չենք հասկանում երբեք. Սերը խառնում է վերստին նրանց, Ու երկուն այդպես նա դարձնում է մեկ: Զի փոխատնկված մի մանուշակին Ուժը, մեծությունն ու գույները պերճ (Այն, ինչ որ չկար իր ժամանակին) Կրկնապատկում են, բազմացնում անվերջ: Թե միահյուսի սերը կաթոգին Երկու հոգիներն իրար հավիտյան, Ապա ավելի ընդունակ հոգին Կազատվի ցավից մենակեցության: Եվ մենք, որ այս նոր հոգին ենք, գիտենք՝ Ինչից է շինված յուրաքանչյուր մարդ. [91] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Բաղադրիչները, որ կազմում ենք մենք, Հավետ անփոփոխ հոգիներ են արդ: Սակայն ինչո՞ւ ենք մեր մարմնից անբավ Մենք հրաժարվում այսքան տարիներ. Նա մերն է, սակայն մենք նա չենք բնավ, Մենք հոգին ենք, նա մոլորակն է մեր: Երախտապարտ ենք հավիտյան նրան, Քանի որ նա մեզ տվեց արարմունք Եվ հոգուն տվեց ուժը մարմնական. Նա մնացորդ չէ, այլ պիտանի հումք: Չեն փոխում այսպես աստղերը մարդուն, Այլ՝ օդաոգու միջոցով միայն. Հոգին հոգու մեջ այսպես է հորդում, Թեև նախ մարմնի մոտ է գնում այն: Իսկ մեր արյունը տքնում է անդուլ Եվ ծնում այդ կերպ ոգիներ հանդարտ, Նուրբ մատեր են պետք, և ոչ թե ամուլ, Որպեսզի հյուսեն այս հյուսվածքը՝ մարդ: Արդ, հոգին մաքուր մի սիրահարի Պիտի իջնի դեպ ուժ և զգացմունք, Դատողությանը նա պիտի հարի, Որ չդառնա սերն ստերջ զգացմունք: Դառնում ենք մարմնին. այս կերպ ճանաչում, Այս պահին է լոկ սրբանում կիրքը, Սիրո խորհուրդը հոգում է աճում, Սակայն մարմինն է նրա սուրբ գիրքը: Թե սիրահարներն հետևել են մեզ, Թե այս խոսքերը լսել են նրանք, Կտեսնեն, որ մենք չենք փոխվի երբեք, Երբ մարմիններին մեր վերադառնանք:

[92] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Roger McGough ՐՈՋԸՐ ՄՔԳՈՖ (1937)

ԵԹԵ ԿՅԱՆՔԸ ՁԱՆՁՐԱԼԻ ԿԻՆՈՆԿԱՐ Է, ԻՆՉՈ՞Ւ ՉԹՈՂՆԵԼ ՈՒ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԿԵՍԻՑ Շատ մի հոգա մի օր կինոսարքը լքված կգտնենք Լույսերը հանգած Պահարանները կողպած Տոմսերը պատռված Անվավեր տոմսերի մեջ իսկ մեխանիկին՝ իր տնային մղձավանջին Վերադարձած: Շատ մի հոգա այդ նկարը դեռ կշարունակվի (այն մեկը՝ մայրամուտի մասին) երկու ձիեր կգտնենք առջևի շարքից կապված [93] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


կհեծնենք ու կսլանանք հեռու դեպի մեր երջանիկ ավարտը:

ԻՄ ԿԱՏՈՒՆ ՈՒ ԵՍ Աղջիկներին շատ ենք սիրում Իմ կատուն ու ես, Ու շատ ենք տխրում, երբ ամեն անգամ Նրանք լքում են մեզ: Դիտում ենք ինչպես են հարդարում իրենց (Իսկ դրա համար ժամանակ է պետք) Չնայած շատ ենք սպասում, սակայն Միայն ժպտում ենք: Ու դռնից տխուր ճամփում ենք նրանց, Ասում ենք՝ դե ինչ, կկարոտենք քեզ: Հետո էլ նստում անցյալն ենք հիշում Իմ կատուն ու ես:

ՈՂՋԱԿՅԱՑԸ Ամեն օր մտածում եմ մահվան մասին: հիվանդության, սովամահության, բռնության, ահաբեկչության, պատերազմի, աշխարհի վերջի մասին: Այսպիսով կարողանում եմ միտքս շեղել կյանքի լուրջ բաներից:

[94] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն


Ben Jonson ԲԵՆ ՋՈՆՍԸՆ (1572-1637)

ՍԵԼԻԱՅԻՆ Խմիր կենացս աչքերով միայն, Ու ես կխմեմ աչքերով իմ լուռ, Կամ գավի ծայրին թող համբույրը այն, Որ ամեն գինուց քաղցր է ու մաքուր: Ու որքան էլ ես տենչամ հագեցում, Թող որ ծարավը հոգիս խողխողի, Քանզի նեկտարի գավն անգամ լեցուն Քո համբույրի հետ երբեք չեմ փոխի: Քեզ ուղարկեցի վարդերի մի փունջ, Նվիրեցի քեզ հույսով անհատակ, Որ կտաս նրանց ջերմություն ու շունչ, Որ չեն թառամի քո խնամքի տակ: Իսկ դու շնչեցիր բույրը վարդերի, Ետ ուղարկեցիր փունջն իմ նվիրած. Նրանք չունեի՜ն բույրը վաղեմի. Միայն բուրմունքդ վարդերից մնաց:

Գիրքը ձեռք բերելու համար` զանգեք 055 48 81 80

[95] անգլիական և ամերիկյան բանաստեղծություն

Poetry Preview  

English and American Verse

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you