Page 1

Երևան•Անտարես•2014


ՀՏԴ 820(73)-31 Ֆոլքներ ԳՄԴ 84.7ԱՄՆ-44 Ֆ748

Ֆ 748

ՖՈԼՔՆԵՐ Վիլյամ ԱԲԻՍՈՂՈ՜Մ, ԱԲԻՍՈՂՈ՜Մ: Վեպ, ԱՐՋԸ: Վիպակ/ ՎԻԼՅԱՄ ՖՈԼՔՆԵՐ; Անգլ. թարգմ.` Սամվել Մկրտչյանը. Եր.։ Անտարես, 2014.- 444 էջ։

ISBN 978-9939-51-646-2 © 2014, Սամվել Մկրտչյան, թարգմանություն, ձևավորում: © 2014, Samvel Mkrtchyan, translation and design. William Faulkner, Absalom, Absalom! The Bear. Translated into Armenian by Samvel Mkrtchyan. www.samvelmkrtchyan.am Շապիկին` Էնդրյու Ուայեթ (Andrew Wyeth, 1917-2009), «Տրորված մոլախոտ» (Ինքնադիմանկար). 1951, տեմպերա, տախտակ (մասնավոր հավաքածու):


ՎԻԼՅԱՄ ՖՈԼՔՆԵՐ

ԱԲԻՍՈՂՈ՜Մ, ԱԲԻՍՈՂՈ՜Մ Անգլերենից թարգմանեց Սամվել Մկրտչյանը

ԱՐՋԸ ❖

Absalom, Absalom! Translated into Armenian by Samvel Mkrtchyan

The Bear


ՎԻԼՅԱՄ ՖՈԼՔՆԵՐ

ԱԲԻՍՈՂՈ՜Մ, ԱԲԻՍՈՂՈ՜Մ ❖

ԱՐՋԸ

Absalom, Absalom! The Bear


Կեռնեխին նայելու տասնչորս եղանակ «Եվ թագավորը խռովեցավ ու վեր գնաց դռան վերնատունը եւ լաց եղավ, եւ այսպես էր ասում գնալով. Որդիս Աբիսողոմ, որդիս, որդիս Աբիսողոմ, երանի թե ես մեռնեի քեզ տեղ, ով Աբիսողոմ որդիս, որդիս»։ ԹԱԳԱՎՈՐԱՑ (կամ ՍԱՄՈՒԷԼԻ) ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔԸ Իմ նպատակը ամեն ինչ մի նախադասության մեջ տեղավորելն է, ոչ միայն ներկան, այլև բովանդակ անցյալը, որից ներկան կախված է և որն անվերջ հետապնդում է ներկային՝ վայրկյան առ վայրկյան: ՎԻԼՅԱՄ ՖՈԼՔՆԵՐ


7

Հարցազրույցներից մեկում Ֆոլքներն ասել է. «Անհնար է նայել ճշմարտությանը. այն կուրացնում է: Մեկը նայում է և մի մասը տեսնում, երկրորդը՝ մյուս մասը: Բայց եթե ամբողջը միացնենք՝ կստացվի մի բովանդակ ճշմարտություն, թեպետ յուրաքանչյուրն առանձին չէր կարող տեսնել ամբողջը... Ստացվում է «Կեռնեխին նայելու տասներեք եղանակ» (Ուոլըս Սթիվընսի բանաստեղծության վերնագիրը — Ս.Մ.), իսկ ընթերցողը, բոլոր այս տասներեք տեսանկյունները ճանաչելուց հետո թող ունենա իր տասնչորսերորդ, և կուզեի մտածել՝ ճշմարիտ տեսանկյունը»: «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» վեպը (1936) խիստ ենթակայական տեսանկյունների զուգադրություն է, որտեղ խախտված է ժամանակի և իրադարձությունների հաջորդականությունը, ինչպես նաև պատումի ավանդական կանոնները. նախադասություններն, ասես, դանդաղ հոսում են, ձգվում, ընդմիջվում և լրացնում միմյանց, որպեսզի «տվյալ պահի մեջ չկորչի կյանքի ոչ մի մանրամասն»: Միտում նավոր երկարաձգված իմաստի մեթոդը Ֆոլքները հետևողականորեն իրագործում է շարունակականության (continuum) եղանակով. աշխարհը ներկայանում է որպես հակադիր տարրերի և երևույթների միասնություն և ամբողջություն: «Հրեշ–նախադասությունները», վեհաշուք պատումն ու ոճը, ակնարկներն ու շրջասություններն ամբողջացնում են պատկերային հոսքը, որն «Աբիսողոմ»–ում միաձուլված է խորը բանաստեղծականությանը (իսկ Ֆոլքները, չմոռանանք, «էպիկական բանաստեղծ է» — Մալքոլմ Քաուլի): Բառերն այստեղ գլխավորապես օգտագործված են լրացուցիչ (կոնոտատիվ) իմաստով. կարևորը ոչ թե բառերն են, այլ նրանց «միջնորդությամբ» ստեղծված պատկերները: Նույն նպատակին են ծառայում նաև անսպասելի լեյտմոտիվները՝ կատաղի, ցասում, երկաթյա, մռայլ, մթին, նախագահել, հրամանագրել, և այլն: Սա է դեպքերն ու դեմքերը նկարագրելու համար Ֆոլքների որոնած «տիեզերական չափման միավորը»՝ բառացիության փոխարեն, և, հավանաբար, ամենահարմարը՝ խորությամբ արտահայտելու զգացմունքների խելահեղ բախումն ու մարդկային հոգու աղետը: Վերադառնալով սկզբի մտքին՝ «Աբիսողոմ»–ի յուրօրինակ կառուցվածքն ընդունելու դեպքում ընթերցողը կձևավորի իր (գուցե ճշմարիտ) տեսանկյունը. հեղինակը նրան է վստահում «կեռնեխին նայելու» տասնչորսերորդ հայացքը: Ս. Մ.


«Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ»-ն առաջին անգամ լույս է տեսել 1936 թ. (Random House): 2009 թ. ճանաչվել է որպես «հարավային գոթական» լավագույն վեպ: Հայերեն թարգմանությունն առաջին անգամ լույս է տեսել 2001 թ.:


ԱԲԻՍՈՂՈ՜Մ, ԱԲԻՍՈՂՈ՜Մ 1 Սկսած ժամը երկուսից մինչև երկար անշշուկ հեղձուցիչ հոգնատանջ ու մեռյալ սեպտեմբերյան օրվա մայրամուտը նրանք նստում էին Օրիորդ Քոլդֆիլդի ասած գրասենյակում, որովհետև նրա հայրն այդպես էր անվանել. մռայլ հեղձուցիչ մի սենյակ, որի բոլոր վարագույրներն ուղիղ քառասուներեք ամառ փակ էին,– որովհետև երբ նա աղջնակ էր, մեկն ասել էր, թե լույսն ու շարժվող օդը ջերմություն են կրում, իսկ մութը միշտ սառն է,– և որի պատուհանին (երբ արևն սկսեց ձաղկել տան այդ կողմը) դեղին վարագույր հայտնվեց՝ փոշեհատիկներով լի, որոնք Քվենթինի կարծիքով մեռած հին չորացած ներկի բծերն էին, որ ներս էին փչվում շերտավարագույրներից, ինչպես քամին կարող է ներս փչվել: Այդ ամառ գլիցինիայի տունկը երկրորդ անգամ էր ծաղկում փայտե ցանկավահանի վրա՝ լուսամուտներից մեկի դիմաց, որտեղ ճնճղուկներն էին հաճախ խմբվում պատահական հողմակոծության պես, չոր, պայծառ ու փոշոտ ձայներ հանում, նախքան հեռանալը. իսկ Քվենթինի դիմաց՝ Օրիորդ Քոլդֆիլդը հավիտենական սև զգեստով, որն արդեն քառասուներեք տարի հագնում էր չգիտես քրոջ, հոր թե չեղած ամուսնու համար — ուղղաձիգ նստած չորուկ ուղղաձիգ աթոռին, որն այնքան բարձր էր նրա համար, որ ոտքերն անշարժ ու ծանր կախվում էին, կարծես ոլորքներն ու կոճերը երկաթից լինեին: Նստում էր մանկան ոտքերի անզոր ու անշարժ կատաղության կեցվածքով և խոսում մռայլ վհատ ու զարմացական ձայնով, մինչև որ լսողությունը բթանում էր, բառերը խառնաշփոթ էին դառնում, և սպասող երազկոտ ամենահաղթ փոշու միջից, որպես մի կատաղի եզրակացություն, հայտնվում էր նրա թույլ, բայց անսանձելի փլուզումը՝ անուժ և անվնաս: Նրա ձայնը ոչ թե դադարում էր, այլ՝ չքանում: Մնում էր դագաղահոտ կիսախավարը, որը քաղցրանում էր երկու անգամ ծաղկած գլիցինիայի հոտով, որն ասես պնդանում էր, զտվում ու գերզտվում սեպտեմբերյան անագորույն արևից, մինչ ճնճղուկները ծաղկունքի մեջ թևերն էին թափահարում, ինչպես պարապ տղան է ձաղկում բարակ ճիպոտով. մնում էր և տհաճ հոտը կնոջ հնացած մարմ նի, որը երկար ժամանակ զրահավորված էր կուսության մեջ, մինչ գունատ դեմքը


10

Վիլյամ Ֆոլքներ

նայում էր դաստակների ու պարանոցի եռանկյունաձև ժանյակից և չափազանց բարձր աթոռից, որին նստած՝ նա խաչված երեխայի էր նման, և ձայնը, որը ոչ թե դադարում էր, այլ՝ չքանում երկար ընդմիջում ների մեջ ու դուրս գալիս առվակի նման, ինչպես չորացած ավազի պատառիկների միջև հոսող ջրի շիթ — և միշտ կար ուրվականը, ստվերոտ հնազանդությամբ մտասևեռված, կարծես այդ ձայնին էր անվերջ հետևում: Հուշիկ որոտի միջից նա (այրամարդ–ձի–դևը) փուլ կգար մի տեսարանի վրա, որը խաղաղ էր ու հանդիսավոր, ինչպես դպրոցական մրցույթում շահած ջրանկարը,– մազերը, շորերն ու մորուքը՝ ծծմբի գարշահոտով լեցուն, ետևում՝ վայրի սևամորթների, կիսավարժեցրած անասունների վայրի խումբը, որին սովորեցրել են մարդու պես ուղիղ քայլել, վայրենի ու անգործ կեցվածքով, իսկ նրանց մեջ՝ կալանդված ֆրանսիացի ճարտարապետը՝ մռայլ, խոնջ ու քրձոտ: Անշարժ, մի ձեռքը բարձրացրած՝ մորուքավոր ձիավորն էր նստել. նրա ետևում լուռ կուչ էին եկել վայրի սևամորթներն ու գերված ճարտարապետը՝ անարյուն տարիմաստությամբ ձեռքերում բռնած խաղաղ նվաճման բահերը, քլունգներն ու կացինները: Հետո առանց զարմանքի Քվենթինն ասես տեսնում էր, թե ինչպես են նրանք անցնում անխռով ու ապշահար հողի, տների ու պարտեզների հարյուր քառակուսի մղոնը, որը կատաղիորեն ծնվել էր անձայն Ոչնչից, ու խաղաքարտերի պես տիրակալի ձեռքով շարժվել՝ սեղանին արարելով Սաթփենի Հարյուրը՝ Եղիցի Սաթփենի Հարյուր, ինչպես անհիշելի ժամանակների Եղիցի Լույսը: Հետո ձայները հանդարտում էին, ու ինքն ասես հիմա լսում էր երկու տարբեր Քվենթին Քոմփսընների. այն Քվենթին Քոմփսընին, որ պատրաստվում էր Հարվարդ ընդունվել՝ Հարավում (անծիր Հարավը, որ մեռած էր 1865–ից և լցված շաղակրատ կատաղի մոլորյալ ուրվականներով), և լսում էր, ստիպված էր լսել ուրվականներից մեկին, որը հրաժարվել էր ստել, ի տարբերություն շատերի, ու պատմում էր նրան ուրվականային անցյալի մասին. և այն Քվենթին Քոմփսընին, որը դեռևս շատ էր ջահել ուրվական դառնալու համար, բայց մի օր դառնալու էր հաստատ, քանզի ծնվել ու մեծացել էր անծիր Հարավում, ինչպես այս կինը — երկու տարբեր Քվենթիններ, ուրեմն, զրուցում էին իրար հետ չեղած մարդկանց լռության մեջ, չեղած մի լեզվով, ինչպես. Այս դևը... Սաթփեն անունով... (գնդապետ Սաթփեն)... գնդապետ Սաթփենը: Որը չգիտես որտեղից բուսնեց այս երկրամասում տարօրինակ սևամորթների հետ տնկադաշտ շինեց...


Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ

11

(Կատաղիորեն շինեց, Օրիորդ Ռոզա Քոլդֆիլդն է ասում)... կատաղիորեն շինեց: Եվ ամուսնացավ իր (Օրիորդ Ռոզա Քոլդֆիլդի) քույր Էլենի հետ ու նրանից ունեցավ մի տղա ու մի աղջիկ... որը (Դաժանորեն ունեցավ, Օրիորդ Ռոզա Քոլդֆիլդն է ասում) ... դաժանորեն: Որը հոր ծերության հպարտության վահանի ու մխիթարության անգին քարը պիտի լիներ, միայն թե... (Միայն թե նրանք կործանեցին հորը կամ դրա նման մի բան կամ հայրը կործանեց նրանց կամ դրա նման մի բան: Ու մեռավ)... ու մեռավ: Առանց ափսոսանքի, Օրիորդ Ռոզա Քոլդֆիլդն է ասում... (բացի իրենից): (Ու Քվենթին Քոմփսընից) Այո: Ու Քվենթին Քոմփսընից: – Որովհետև գնում ես Հարվարդ ընդունվելու, ինչպես իմացա,– Օրիորդ Քոլդֆիլդն ասաց:– Ես չեմ կարծում, թե երբևէ կվերադառնաս ու Ջեֆերսոնի նման փոքրիկ քաղաքում կտնավորվես որպես շրջանային իրավաբան, քանի որ հյուսիսցիներն արդեն հոգ են տարել, որպեսզի Հարավում երիտասարդներին շատ քիչ բան մնա: Գուցե գրական աշխատանքով զբաղվես, ինչպես հյուսիսցի շատ պարոններ ու տիկնայք, և ով գիտե, գուցե մի օր կհիշես սա ու կգրես սրա մասին: Այն ժամանակ ամուսնացած կլինես երևի, ու կինդ նոր զգեստ կուզենա, տան համար նոր աթոռ, այնպես որ կգրես սա ու կներկայացնես ամսագրերին: Գուցե նույնիսկ բարությամբ կհիշես պառավիս, որն ամբողջ օրը քեզ ստիպեց տանը մնալ և լսել, մինչ ինքը խոսում էր այնպիսի մարդկանց ու դեպքերի մասին, որոնցից դու բախտ ունեցար փրկվելու, քանի որ ցանկացար քո հասակակից ընկերների հետ լինել: – Այո, տիկին,– ասաց Քվենթինը:– Միայն թե նա այլ բան նկատի ունի, մտածեց: Պարզապես ուզում է, որ այդ պատմությունը գրվի: Օրը դեռ նոր էր սկսվել: Փոքրիկ սևամորթ տղայի բերած երկտողը դեռ Քվենթինի գրպանում էր. Օրիորդ Քոլդֆիլդը խնդրում է այցելել իրեն — արտասովոր ու մի տեսակ ձևական խնդրանք, որն իրականում կոչնագիր էր, համարյա մեկ ուրիշ աշխարհից, չափազանց հին թուղթ և համարյա անընթեռնելի ձեռագիր — և զարմանք՝ իրենից երեք անգամ մեծ կնոջ հրավերից, որին ամբողջ կյանքում ճանաչել էր առանց մի հարյուր բառ փոխանակելու, կամ գուցե այն փաստից, որ ինքն ընդամենը քսան տարեկան էր ու չէր հասցրել դառնալ սառը, անդրդվելի ու անողոք: Քվենթինը ճաշից հետո անմիջապես ընդունեց հրավերը, քայլեց կես մղոն վաղ սեպտեմբերի չոր ու փոշոտ տապին ու մտավ Օրիորդ Քոլդֆիլդի տուն, որն ավելի փոքր թվաց իր իրական


12

Վիլյամ Ֆոլքներ

չափից. երկհարկանի էր, չներկված ու մի տեսակ խղճուկ, բայց օդը լի էր համբերանքով, կարծես տունը ստեղծվել էր համալրելու մի աշխարհ, որը մի քիչ փոքր էր այն աշխարհից, որտեղ հայտնվել էր: Այնտեղ, փակ փեղկերով սրահի կիսախավարում, որի օդն ավելի հեղձուցիչ էր, քան դրսինը, և որտեղ կարծես փակված էր, ինչպես գերեզմանում, քառասունհինգ տարի անընդմեջ կրկնվող հեղձուցիչ ժամանակի հառաչանքը, նրան սպասում էր փոքրամարմին սևազգեստ կինը, դաստակների ու պարանոցի ժանյակների գունատ եռանկյունին, և դեմքը՝ մռայլ, մտահայեցողական, համառ ու սևեռուն արտահայտությամբ: Պարզապես ուզում է, որ այդ պատմությունը գրվի, մտածեց Քվենթինը, որպեսզի մարդիկ, որոնց նա երբեք չի տեսնելու և որոնց անունները երբեք չի լսելու և որոնք երբեք լսած չկան նրա անունը ու տեսած չկան դեմքը, կարդան այդ պատմությունը և վերջապես հասկանան, թե ինչու Աստված կամեցավ, որ մենք տանուլ տանք Պատերազմը, որ միայն մեր այրիների արյամբ և մեր կանանց արցունքներով նա կարողացավ դիմանալ այդ դևին և ջնջել նրա անունն ու դեմքը երկրի երեսից: Հետո համարյա միանգամից Քվենթինը որոշեց, որ սա էլ չէր երկտողն ուղարկելու պատճառը, իսկ ուղարկելուց հետո՝ ինչո՛ւ իրեն, քանի որ եթե Օրիորդ Քոլդֆիլդի ուզածն այս պատմությունը գրելն ու նույնիսկ տպագրելն է, ապա որևէ մեկին կանչելու կարիքն ամենևին չկար, որովհետև այս կինը նույնիսկ իր (Քվենթինի) հոր ջահելության տարիներին քաղաքում հայտնի էր որպես դափնեկիր բանաստեղծուհի՝ տեղական լրագրերի սահմանափակ և աղքատիկ սյունակներին տրամադրելով իր բանաստեղծությունները, ձոները, ներբողներն ու դամբանագրերը՝ առանց կորցնելու անպարտության դառն ու անողոք գաղտնապահությունը: Միայն երեք ժամ հետո նա կհասկանար հրավերի բուն պատճառը, որովհետև մի մասը, առաջին մասը, Քվենթինն արդեն գիտեր. նույն օդը շնչելու և Սաթփեն այրամարդու մասին հոր զրույցը լսելու քսան տարվա ժառանգությունը, նույն օդի ջեֆերսոնյան ութսուն տարվա ժառանգությունը, որ այդ այրամարդն ինքը շնչելու էր 1909–ի սեպտեմբերյան երեկոյի և 1833–ի հունիսյան կիրակի առավոտի միջև, երբ նա աննշմարելի անցյալից հայտնվեց այս քաղաքում, չգիտես ինչպես ձեռք բերեց այս հողը, չեղած տեղից շինեց իր տունը, առանձնատունը, կնության առավ Էլեն Քոլդֆիլդին և երկու երեխա ունեցավ (որդի, որն այրի դարձրեց դեռևս հարսնացու չդար-


Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ

13

ձած դստերը) և իր բաժին կյանքը հասցրեց կատաղի (Օրիորդ Քոլդֆիլդն առնվազն կասեր՝ արդար) վախճանի: Քվենթինն այս ամենի մեջ էր մեծացել, անունները հերթագայելի էին և անթիվ–անհամար: Նրա մանկությունը լցված էր անուններով, մարմինը դատարկ մի սենյակ էր՝ պատված անունների հնչեղ արձագանքներով: Նա կենդանի էակ չէր, իրական գոյ. նա դեմքերի միասնություն էր, զինանոց՝ լցված ետ նայող համառ ուրվականներով, որոնք նույնիսկ քառասուներեք տարի անց, ապաքինվում էին հիվանդությունը բուժած տենդից, արթնանում էին տենդից առանց իմանալու, որ ոչ թե հիվանդության, այլ այդ տենդի դեմ են պայքարել, ետ էին նայում համառ անհնազանդությամբ տենդից անդին, և իրական ափսոսանքով՝ հիվանդության աչքերին՝ տենդից հյուծված, բայց ազատված հիվանդությունից, առանց գիտակցելու, որ այդ ազատությունը անկարողության ազատությունն է: (–Բայց ինչո՞ւ է ինձ պատմում,– ասաց նա իր հորը այդ երեկոյան, երբ տուն վերադարձավ — երբ Օրիորդ Քոլդֆիլդը վերջապես նրան բաց թողեց՝ կորզելով առավոտյան երկանիվ կառքով այցելելու խոստումը,– ինչո՞ւ է ինձ պատմում այդ ամենը: Ինձ ի՞նչ, թե հողը կամ չգիտեմ ինչը հոգնեց Սաթփենից, ի վերջո դարձավ ու կործանեց նրան: Իսկ եթե այդ կնոջ ընտանիքն էլ կործանե՞ր: Մի օր կդառնա բոլորիս կկործանի՝ Սաթփեն լինի մեր անունը, Քոլդֆիլդ թե ուրիշ բան: – Ահա,– ասաց միսթր Քոմփսընը:– Տարիներ առաջ Հարավում մենք մեր կանանց լեդի դարձրինք: Հետո Պատերազմն եկավ ու մեր լեդիներին ուրվական դարձրեց: Ուրեմն էլ ի՞նչ կարող ենք անել ջենթլմեն լինելուց և ուրվականներին լսելուց բացի:– Հետո նա ասաց.– Ուզո՞ւմ ես իմանալ իսկական պատճառը, թե ինչու քեզ ընտրեց:– Նստած էին պատշգամբում ընթրիքից հետո և սպասում էին Օրիորդ Քոլդֆիլդի նշանակած ժամին:– Որովհետև ուզում է, որ մեկնումեկը գնա նրա հետ՝ տղամարդ, ջենթլմեն, ջահել մեկը, որն ունի նրա ուզածը՝ հենց նրա ուզած ձևով: Իսկ քեզ ընտրեց, որովհետև քո պապը Սաթփենի ամենամոտ մարդն էր այս շրջանում, ու երևի կարծում է, թե Սաթփենը պապիդ պատմած կլինի իր ու այդ կնոջ մասին, գլուխ չեկած գործի մասին ու նշանադրության մասին, որը չհասավ երդման: Կարող է նույնիսկ պապիդ պատմած լինի, թե ինչու այդ կինը վերջին հաշվով հրաժարվեց ամուսնանալ իր հետ: Եվ որ պապը կարող է ինձ պատմած լինել, իսկ ես՝ քեզ: Այնպես որ, այդ գործը որոշ իմաստով, ինչ էլ որ պարզվի այսօր, կմ նա ընտանիքում. ընտանեկան


14

Վիլյամ Ֆոլքներ

գաղտնիք կմ նա, այսինքն: Հնարավոր է, որ այդ կինը մտածում է, թե Սաթփենն այստեղ հենակետ չէր ունենա, եթե չլիներ պապի մտերմությունը, ու թե չունենար այդ հենակետը, երբեք չէր ամուսնանա Էլենի հետ: Այնպես որ, երևի նա քեզ մասամբ պատասխանատու է համարում այն ամենի համար, ինչ Սաթփենը բերեց նրա ընտանիքի գլխին): Ինչ էլ որ լիներ տղային ընդունելու պատճառը՝ նպատակը, Քվենթինի կարծիքով, դեռևս չէր երևում: Ընդսմին, ասես չքացող ձայնի հակադարձ հարաբերությամբ, վկայակոչված ուրվականն այրամարդու, որին Օրիորդ Քոլդֆիլդը ոչ կարող էր ներել, ոչ էլ վրեժխնդիր լինել, ամլության ու մշտականության կերպարանք սկսեց առնել: Իրենով ամենակալ և դժոխքի ժանտահոտ գոլորշիներով ու անվերածնման սյուքով շրջափակված՝ ուրվականը խորհում էր (խորհում, մտորում դյուրազգացությամբ լցված, թեպետ զրկված անդորրից,– նա անթափանցելի էր հոգնության համար,– որը Օրիորդ Քոլդֆիլդը մերժում էր տալ նրան, վերջինս անդառնալիորեն դուրս էր այս կնոջ վնասի ու վիրավորանքի շրջանակից) բոլորովին խաղաղ, անվնաս և փոքր–ինչ անուշադիր — մարդակեր հսկան, որը, ինչպես Օրիորդ Քոլդֆիլդի ձայնը հաստատեց, տրոհվեց ու Քվենթինի աչքի առաջ դարձավ երկու փոքրիկ մարդակեր, իսկ երեքը մի ստվերոտ հեռանկար դարձավ չորրորդի համար, որը մայրն էր՝ մեռած քույր Էլենը, այս Նիոբեն առանց արցունքների, որը մղձավանջի մեջ հղիացել էր դևից, նույնիսկ կենդանության օրոք շարժվել էր առանց կյանքի, վշտացել առանց ողբի, իսկ հիմա անվրդով և անիմաց հուսահատության տեսք ստացել — ոչ թե երկար էր ապրել մյուսներից, կամ առաջինը մահացել, այլ ասես չէր ապրել ամենևին: Քվենթինին թվաց, թե տեսնում է նրանց. չորս հոգի՝ բոլորի կողմից ընդունված ընտանեկան խմբով, ձևական և անկյանք վայելչությամբ, ինչպես մի խամրած ու հին լուսանկար մեծացրած ու կախած պատից՝ ձայնի ետևում և խոսողի գլխավերևում, մինչ վերջինս անտեղ յակ է նրա ներկայությունից, կարծես նա (Օրիորդ Քոլդֆիլդը) երբևէ տեսած չկար այս սենյակը,– լուսանկար, մի խումբ, որը նույնիսկ Քվենթինին արտառոց, հակասական և օտարոտի էր թվում, ոչ լիովին ըմբռնելի կամ լիովին ճիշտ (մինչև անգամ քսան հոգու համար), մի խումբ, որի վերջին անդամն արդեն քսանհինգ տարի մահացած էր, իսկ առաջինը՝ հիսուն, և որը վերածվել էր մեռած տան հեղձուցիչ կիսախավարի միջից՝ ծեր կնոջ մռայլ ու անագորույն հիշաչարությունից և անգործունյա ջղայնու-


Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ

15

թյունից քսանամյա մի պատանու, որը նույնիսկ այդ կնոջ ձայնի մեջ ասում էր ինքն իրեն. Միգուցե մարդուն սիրելու համար հարկավոր է նրան շատ լավ ճանաչել, բայց երբ մեկին քառասուներեք տարի ատել ես՝ շատ լավ կճանաչես նրան, ուրեմն ավելի լավ է, ուրեմն հրաշալի է, որովհետև քառասուներեք տարիներից հետո ոչ ոք քեզ չի կարող զարմացնել, գոհացնել կամ խենթացնել: Եվ միգուցե դա (ձայնը, խոսքը, անհավատալի և անտանելի զարմանքը) մի ժամանակ ճիչ էր եղել, մտածեց Քվենթինը, տարիներ առաջ, երբ նա աղջիկ էր,– ջահել ու անսաստելի համառության ճիչ, կույր հանգամանքի և դաժան իրադարձության մեղադրական ճիչ,– բայց ո՛չ հիմա. հիմա մնացել էր միայն կամակոր միայնակ ծեր կնոջ մարմինը՝ քառասուներեք տարի շարունակ զրահավորված հին վրեժի և աններելիության մեջ, որն ահագնացավ վերջնական ու եզրափակիչ վիրավորանքով՝ Սաթփենի մահով: – Նա ջենթլմեն չէր, ամենևին ջենթլմեն չէր: Այստեղ եկավ ձիով, երկու ատրճանակով ու մի անունով, որ ոչ ոք երբևէ լսած չկար ու այնքան էր իրենը, որքան ձին ու ատրճանակներն էին իրենը. եկավ ու իր համար թաքստող փնտրեց, իսկ Յոքնափաթոֆան հենց իր ուզած տեղն էր: Նա փնտրեց հարգարժան մարդկանց երաշխիքը, ովքեր պիտի արգելափակեին իրեն ուրիշներից և այն օտարներից, որոնք իրենց հերթին պիտի գային ու փնտրեին իրեն, իսկ Ջեֆերսոնը տվեց այդ երաշխիքը: Հետո նա պատիվ ուզեց՝ առաքինի կնոջ զենքը, որպեսզի իր դիրքն անառիկ լինի նույնիսկ իրեն հովանավորած մարդկանց դեմ՝ այն անխուսափելի օրուժամին, երբ նրանք վիրավորանքով, ահով ու ցասումով դուրս կգային իր դեմ, իսկ իմ ու Էլենի հայրը նրան տվեց պատիվ: Ու ես չեմ արդարացնում Էլենին — կույր ռոմանտիկ հիմար, որ ներվելու համար միայն ջահելություն ու անփորձություն ուներ. կույր ռոմանտիկ հիմար, իսկ հետո կույր կին ու հիմար մայր, երբ ներվելու համար արդեն ոչ ջահելություն ուներ, ոչ անփորձություն, մինչ պառկեց մեռնելու այն տանը, որի հետ փոխանակել էր հպարտությունն ու անդորրը, ու էլ ոչ ոք չկար, միայն դուստրը, որն արդեն այրու պես մի բան էր առանց հարսնացու լինելու, իսկ երեք տարի հետո իսկական այրի էր առանց որևէ բան լինելու. և որդին, որն ուրացել էր այն տանիքը, որի տակ ծնվել էր և ուր սոսկ մեկ անգամ էր վերադառնալու նախքան իսպառ կորչելը, այն էլ՝ վերադառնալու էր որպես մարդասպան ու համարյա եղբայրասպան. իսկ նա՝ ճիվաղ սրիկա դևը, կռվում էր Վիրջինիայում, որտեղ հողի՝ նրանից


16

Վիլյամ Ֆոլքներ

ազատվելու հնարավորությունը լավագույնն էր այս արևի տակ, և այդուհանդերձ ես ու Էլենը գիտեինք, որ կվերադառնա, որ մեր բանակի զինվորը նախքան խփվելն էլ կընկնի,– նրանք էին ու ես, երեխա, նկատի առ, երեխա, չորս տարով նույնիսկ քրոջս աղջկանից փոքր, որին Էլենը խնդրեց փրկել, շրջվեց ու այդպես էլ ասաց. «Պահպանիր նրան: Գոնե Ջուդիթին պահպանիր»: Հա, կույր ռոմանտիկ հիմար, որը ոչ հարյուր մղոնանոց տնկադաշտն ուներ, որն այնքան հուզում էր մեր հորը, ոչ էլ այն մեծ տունն ու մշտական ստրուկները, որոնք հաշտեցնում էին, չեմ ասի հուզում էին, հորաքրոջը, Չէ, այդ մարդու դեմքը, որը ճար գտավ մի կերպ ինքնագոհ տեսքով նստել ձիու վրա և որը, ինչքան որ մարդիկ գիտեին (այդ թվում՝ իմ հայրը, որն իր դստերն էր տալու նրան), ոչ անցյալ ուներ, ոչ էլ, եթե ուներ, բացահայտում էր այն. մարդը, որը չգիտես որտեղից մի օր մտավ քաղաք՝ ձիու վրա, երկու ատրճանակով, վայրենիների երամակով, որին մեն–մենակ էր բռնել, որովհետև ինքն ավելի ուժեղ էր վախի մեջ՝ ինչ հեթանոսական վայրերից էլ փախած լիներ, և՝ այդ ֆրանսիացի ճարտարապետի հետ, որին իրենց հերթին նեգրերն էին բռնել. մարդ, որը փախավ ինչ–որ տեղից, եկավ ու թաքնվեց այստեղ, թաքնվեց պատվարժանության ետևում, հարյուր մղոնանոց հողի ետևում, որ չգիտես ինչպես վերցրեց հնդկացիների մի տգետ տոհմից, շինեց դատարանի շենքի չափ մի տուն, որտեղ երեք տարի ապրեց առանց պատուհանի, դռան ու մահճակալի, բայց էլի կոչեց Սաթփենի Հարյուր, կարծես իր նախապապից էր ժառանգել թագավորի ընծայագրով ու անխախտ մշտնջենությամբ — ուրեմն՝ տուն ու դիրք, մի կին ու ընտանիք, որն օգնում էր իր թաքնվելուն և որին նա ընդունեց որպես պատվարժանության մի մաս, ինչպես կընդուներ անխուսափելի անհարմարությունն ու ցավը փշոտ մացառուտի, եթե մացառուտն էր նրա փնտրած ապաստանը: Չէ, ամենևին ջենթլմեն չէր: Էլենի հետ ամուսնանար թե տասը հազար էլենների՝ էլի ջենթլմեն չէր դառնա: Ոչ էլ ուզում էր ջենթլմեն դառնալ կամ հարմարվել, չէ: Իրեն պետք չէր, քանզի իր միակ ուզածը Էլենի ու մեր հոր անուններն էին՝ ամուսնական վկայականի մեջ (կամ պատվարժանության ցանկացած արտոնագրում), որպեսզի մարդիկ նայեին ու կարդային, ինչպես կուզենար մեր հոր (կամ ցանկացած հարգարժան մարդու) ստորագրությունն ունենալ պարտամուրհակի վրա, որովհետև մեր հայրը գիտեր, թե նրա հայրը ինչ է եղել Թենեսիում, պապն ինչ է եղել Վիրջինիայում, մեր


Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ

17

հարևաններն ու ծանոթներն էլ գիտեին, որ մենք գիտենք, ու մենք գիտեինք, որ իրենք գիտեն, որ մենք գիտեինք, ու գիտեինք նաև, որ կհավատային, եթե ասեինք, թե ինքն ումոնցից է ու որտեղից, թեկուզ սուտ ասեինք, որովհետև ցանկացած մեկը կնայեր նրան ու կհասկանար, որ խաբում է, թե ումոնցից է, որտեղից է եկել և ինչու. թեպետ ինքն անկասկած ոչինչ չէր պատմելու: Իսկ պատվարժանություն ընտրելու և նրա ետևում թաքնվելու հենց փաստը անառարկելի ապացույց էր (եթե մեկնումեկն ապացույցի կարիք ունենար), որ այն, ինչից փախել էր, պատվարժանության ճիշտ հակառակն էր և չափազանց մթին՝ նրա մասին խոսելու համար: Որովհետև ինքը շատ ջահել էր: Քսանհինգ տարեկան էր, իսկ այդ տարիքում տղամարդը կամովին չի հանձնվում խոպան հողը մաքրելու և տնկադաշտ հաստատելու դժվարությանն ու զրկանքին՝ սոսկ փողի համար, այն էլ նոր երկրում. բայց ոչ ջահել տղա՝ առանց անցյալի, որի մասին չէր ուզում խոսել, Միսիսիփիում, 1833-ին, երբ գետը լիքն էր շոգենավերով, իսկ շոգենավերը՝ բեռնված հարբած տխմարներով, որոնք ոտից գլուխ ադամանդի մեջ էին ու պատրաստ էին շպրտելու իրենց բամբակն ու ստրուկներին՝ Նյու Օրլինս չհասած. և այդքանից հետո միակ խոչընդոտն ու արգելքը մյուս սրիկաներն էին, կամ ավազուտ մի կղզի իջեցվելու վտանգը, կամ, ծայրահեղ դեպքում, կախաղանը: Իսկ ինքն ինչ–որ մեկի կրտսեր որդին չէր, որին պիտի ուղարկեին Վիրջինիայի կամ Քերոլայնայի պես խաղաղ երկրամասից, լրացուցիչ նեգրերի հետ՝ նոր հողեր գրավելու, որովհետև բավական էր մի հայացք գցել այդ նեգրերի վրա ու հասկանալ, որ դրանք գալիս էին (այդպես էլ կար) Վիրջինիայից ու Քերոլայնայից ավելի հին, բայց ոչ խաղաղ երկրամասից: Բավական էր մի հայացք գցել նրա դեմքին ու հասկանալ, որ նա ավելի շուտ կընտրեր գետն ու կախաղանը, քան այն, ինչ ընտրեց, թեկուզ և վստահ լիներ, թե իր գնած հողում ոսկի է թաղված ու սպասում է իրեն: Ես ոչ Էլենին եմ արդարացնում, ոչ ինձ: Ինձ ավելի քիչ եմ արդարացնում, որովհետև տրամադրությանս տակ քսան տարի ունեի՝ Սաթփենին նայելու, իսկ Էլենը հինգ տարի ունեցավ: Նույնիսկ չնայեց հինգ տարում. այլ սրանից–նրանից լսեց նրա գործերի մասին, հազիվ կեսը լսեց, քանի որ մյուս կեսի մասին այդ հինգ տարում ոչ ոք տեղ յակ չէր, իսկ մնացած կեսի մասին ոչ մի տղամարդ չէր պատմի կնոջը, էլ չեմ ասում ջահել աղջկան. եկավ այստեղ ու էժան խեղկատականոց սարքեց, որը գոյատևեց հինգ տարի, իսկ Ջեֆերսոնը վճարեց տան զվարճանքի համար՝


18

Վիլյամ Ֆոլքներ

իրենց կանանց նրա գործի մասին գոնե չպատմելով: Բայց ես ամբողջ կյանքս ունեի՝ նրան նայելու, Աստված հարմար չգտավ հրապարակել, իսկ իմ կյանքը դատապարտված էր ավարտվելու այն ապրիլին, քառասուներեք տարի առաջ, որովհետև այն, ինչ ապրել են կոչում, այլևս ինձ չի վերաբերել: Ես տեսա, թե ինչ պատահեց Էլենին՝ քրոջս: Տեսա, թե ինչպես նա համարյա ճգնավոր դարձավ. խնամեց երկու դատապարտված երեխաներին, որոնց փրկել նա չէր զորում: Տեսա, թե ինչ գնով վճարեց այդ տան և հպարտության համար, տեսա հպարտության, գոհության ու անդորրի պարտամուրհակը և այն ամենը ինչի տակ նա իր ստորագրությունն էր դրել, երբ այդ իրիկուն եկեղեցի մտավ. ու այդ բոլորը փլվեց հերթով: Տեսա, թե ինչպես արգելվեց Ջուդիթի ամուսնությունը, առանց պատճառի ու ներման, տեսա Էլենի մահը, երբ միայն ինքս էի նրա կողքին, երբ նա դարձավ ինձ՝ երեխայիս, ու խնդրեց պահպանել մնացած զավակին. տեսա, թե ինչպես Հենրին ուրացավ իր տունն ու ծնունդը, հետո վերադարձավ ու քրոջ սիրեցյալի արյունոտ դիակը համարյա փռեց հարսնաշոր հագած քրոջ ոտքերի տակ. Սաթփենի վերադարձն էլ տեսա (չարի այդ աղբյուրը, որն իր զոհերից երկար էր ապրել, որը երկու երեխա էր ստեղծել, որոնք ոչ միայն իրենց էին կործանելու ու նրա կյանքը, այլև իմ տոհմը.– բայց ես համաձայնեցի նրան կնության գնալ: Ոչ: Ես ինձ չեմ արդարացնում: Ես ջահելությունը պատճառ չեմ բերում, քանզի ո՞վ Հարավում 1861–ից սկսած, տղամարդ, կին նեգր թե ջորի, ոչ միայն ջահել լինելու ժամանակ ու հնարավորություն չի ունեցել, այլև չի լսել մեծերից, թե ինչ ասել է ջահել լինել: Ես մերձավորությունը պատճառ չեմ բերում. այն փաստը, որ ես (ջահել մի կին ամուսնանալու պատրաստ, այնպիսի ժամանակներում, երբ ջահելների մեծ մասն ընկավ կամ կորավ ռազմաճակատներում) երկու տարի ապրեցի նրա հարկի տակ: Ես պատճառ չեմ բերում նյութական կարիքը, այն փաստը, որ ես (որբ կին, մուրացիկ) բնականորեն ոչ թե ապավինություն ունեցա, այլ ապրուստ և ուտելիք՝ իմ միակ ազգականի, մեռած քրոջս ընտանիքի համար. բայց ես արհամարհում եմ ինձ մեղադրողներին — քսանամյա որբ, առանց միջոցների ջահել մի կին, որը պիտի երազեր ոչ միայն արդարացնել իր դրությունը, այլև պահել պատիվը մի ընտանիքի, որի կանանց բարի անունը երբեք չէր աղավաղվել. ահա թե ինչու նա ընդունեց ամուսնության օրինավոր առաջարկը մի մարդուց, որի ձեռքին էր նա ստիպված նայում: Եվ ամենից


Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ

19

շատ՝ ես ի՛նձ պատճառ չեմ բերում. աղետից փրկված ու ծնողների ապահովությունից զրկված ջահել մի կին, որը տեսավ, թե ինչպես է կյանքը փլվում մի քանիսի ոտքերի տակ, ովքեր մարդու կերպարանք ունեին, որին կյանքը շպրտեց դեպի այդ տունը, ամեն օր ու ամեն ժամ շփվելու այդ մարդկանցից մեկի հետ, որը, անկախ իր անցյալից ու անկախ այդ կնոջ ենթադրածից և գիտցածից, չորս տարի պատվով կռվել էր այդ հողի, ավանդույթների ու երկրի համար, որտեղ այդ կինն էր ծնվել: Իսկ այդ ամենի միջով անցած մարդը, թեև դիմակավորված սրիկա է, թեկուզ միայն հերոսների զուգորդությամբ կնոջ աչքերում հերոսի կերպարանք ու հասակ է առնում: Նա էլ էր դուրս գալիս այն նույն աղետի միջից, որտեղ կինն էր տառապել ու չէր տեսնում ապագա, այլ միայն իր մերկ ձեռքերն ու թուրը, որը նա երբեք վայր չէր դրել, և քաջության գովասանագիրը իր պարտված հրամանատարից: Հա, նա խիզախ էր: Այդ մեկը երբեք չեմ ուրացել: Բայց մեր ամեն ինչը, կյանքը, ապագայի հույսերն ու անցյալի հպարտությունը նետվեցին այդպիսի մարդկանց, որպեսզի սրանք լինեին մեր նեցուկը. մարդիկ, ովքեր ունեին քաջություն և ուժ, բայց չունեին խիղճ ու պատիվ: Զարմանալի՞ է, որ Աստված կամեցավ մեր պարտությունը: – Ո՛չ, տիկին,– ասաց Քվենթինը: – Բայց ո՞վ կմտածեր, որ դա մեր հայրը կլինի, իմ ու Էլենի հայրը բոլորի միջից, բոլոր նրանց միջից, ում հետ նա դուրս էր գալիս, խմում, թուղթ խաղում և ովքեր դիտում էին նրա կռիվը վայրի նեգրերի հետ, որոնց դուստրերին նա երևի շահել էր թղթախաղով: Ինչպե՞ս կարող էր նա մոտենալ հայրիկին, ի՞նչ իրավունքով: Ի՞նչ կարող էր լինել նրանց միջև քաղաքավարությունից զատ, ինչպես երկու մարդ հանդիպում են փողոցում — անհայտությունից եկած, անցյալը թաքցնող մեկի ու հայրիկի միջև, ի՞նչ կարող էր լինել այդպիսի մարդու և հայրիկի միջև, որը մեթոդիստական եկեղեցու գանձապահն էր, վաճառական, որը հարուստ չէր և որը ոչ միայն անզոր էր այս արևի տակ բարգավաճել, այլև երևակայություն անգամ չուներ իր ուզածին տիրանալու, նույնիսկ եթե դա ճամփին ընկած մի բան էր. մարդ, որը ոչ հող ուներ, ոչ ստրուկ, բացի այն երկու սպասավորներից, որոնց գնելուն պես ազատ արձակեց. որը ո՛չ խմում էր, ո՛չ որս անում, ո՛չ թուղթ խաղում — ի՞նչ ընդհանուր բան կարող էր լինել նրանց միջև, երբ նրանցից մեկը, որքան գիտեմ, կյանքում երեք անգամ էր Ջեֆերսոնի եկեղեցում եղել (առաջին անգամ, երբ հանդիպեց Էլենին, երկրորդ


20

Վիլյամ Ֆոլքներ

անգամ, երբ փորձեցին հարսանիքը, երրորդ անգամ, երբ իսկապես հարսանիք արեցին). մարդ, որին նայողը կհասկանար, որ սովոր է փող ունենալուն (եթե նույնիսկ չունենար), մտադիր է հարստանալ ու ոչնչի առաջ կանգ չի առնի. և այդ մարդը Էլենին հանդիպեց եկեղեցում: Եկեղեցում, նկատի առ, կարծես մեր ընտանիքի ճակատագիրն ու չար բախտն էր, ու Աստված ինքն էր հոգ տարել, որ ամեն ինչ այդպես կատարվի՝ մինչև վերջ և ցմրուր: Այո, Հարավի ու մեր ընտանիքի ճակատագիրն ու չար բախտը, կարծես մեր նախահայրերից մեկը վճռել էր սերունդ հաստատել արդեն դատապարտված ու անիծված երկրամասում. ի՞նչ մեղք ուներ ընտանիքը, որ մեր հոր հայրերն իրենց վրա էին վերցրել անեծքը, շատ տարիներ առաջ, ու բռնադատվել ի վերուստ հաստատվելու արդեն անիծված տարածության ու ժամանակի մեջ: Այնպես որ ես, այնքան փոքր, որ խելքս բան չէր կտրում, թեպետ Էլենն իմ քույրն էր, իսկ Հենրին ու Ջուդիթը՝ իմ քրոջ զավակները, ես, ուրեմն, անգամ դուրս գալու իրավունք չունեի բացի այն ժամանակներից, երբ հայրիկի կամ հորաքրոջ հետ էի. միայն տանն իրավունք ունեի խաղալ Հենրիի ու Ջուդիթի հետ (ոչ այն պատճառով, որ Ջուդիթից չորս տարով փոքր էի, իսկ Հենրիից՝ վեց տարով. չէ որ ի՛նձ դարձավ Էլենը մահից առաջ ու խնդրեց. «Պահպանիր նրանց»). նույնիսկ մի ժամանակ մտածում էի, թե ի՛նչ մեղք են գործել իմ հայրն ու նրա հայրը, որ Էլենն ու ես պիտի քավենք, ու դեռ էլի քավելու բան մնա. ի՛նչ հանցանք են գործել, որ մեր ընտանիքն անիծվեց ու դարձավ գործիք՝ ոչ միայն այդ մարդու, այլև մեր կործանման համար: – Այո, տիկին,– ասաց Քվենթինը: – Այո,– ասաց հանգիստ ձայնը անշարժ ու աղոտ ժանյակի ետևից. հիմա, խորհուն և վայելուչ ուրվականների միջից Քվենթինը ասես զանազանեց փոքրիկ աղջնակի տարրալուծվող մարմինը՝ խստաբարո կիսաշրջազգեստն ու մանկան կիսավարտիքը, չափավոր ու ողորկ հյուսքը՝ մեռած ժամանակի մեջ: Նա կարծես կանգնել էր, դարան մտել, միջին դասին հատուկ բակի կոկիկ ցանկապատի ետևում, նայում էր անխռով գյուղի մարդակեր աշխարհին, դեմքին՝ այնպիսի արտահայտություն, որը հատուկ է ուշ ծնված երեխաներին, ովքեր դատապարտված են ծանրութեթև անելու մարդկային վարքը՝ մեծերի խրթին ու ավելորդ հիմարությունների միջով — Կասանդրայի հայացք, իրական տարիների հանդեպ՝ անժպիտ, խստադեմ ու խորապես մարգարեական. հայացք մի մանկան, որը երբեք մանուկ չի եղել:– Որովհետև ես շատ ուշ ծնվեցի:


Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ

21

Քսաներկու տարի ուշ ծնվեցի. երեխա, որի համար, մեծերի՝ պատահաբար լսած զրույցի միջից, հարազատ քրոջս ու նրա երեխաների դեմքերը մարդակերների մասին հեքիաթի դեմքեր էին դարձել, և որին թույլատրեցին նրանց հետ խաղալ, երբ բավականաչափ հասուն էր, և որին նույն քույրը դարձրեց պաղատագին հայացքը, երբ պառկեց մեռնելու ու երբ երեխաներից մեկն անհետացել էր ու դատապարտված էր մարդասպան դառնալու, իսկ մյուսը դատապարտված էր այրի լինելու, երբ դեռ հարսնացու էլ չէր, դարձավ ու ասաց. «Պահպանիր նրան. գոնե Ջուդիթին փրկիր»: Այո, երեխա, բայց ո՞ւմ երեխայի արժանի բնազդը կտար այն պատասխանը, որը տարեցների հասուն ողջամտությունն անզոր էր տալու. «Պահպանե՞մ նրան: Ումի՞ց, ինչի՞ց: Նրանց հայրն արդեն նրանց կյանք է տվել, այլևս չի վնասի: Նրանք մեզնի՛ց կարիք ունեն փրկվելու»: Երեկո պիտի լիներ, ուշ երեկո, բայց փոշոտ արևաշողի դեղին շերտերը չէին բարձրանում կիսախավար անշոշափելի պատից, որը բաժանում էր նրանց. արևն ասես տեղից չէր շարժվել: Այս ամենը (խոսքը, ձայնը) թվաց (նրան՝ Քվենթինին) թե դարձել է դատողություն ու խելք ծաղրող մի երազ, մեռելածին ու կատարյալ, որը քնածին մի ակնթարթ է հայտնվում, բայց այնպիսի երազ, որից կախված է երազողին (ճշմարտանմանությունը) դեպի դյուրահավատություն (սարսափ, հաճույք կամ զարմանք) տանող ընթացքը. նաև ձևական ճանաչումն ու ընդունումը անցած և տակավին անցնող ժամանակի՝ ինչպես երաժշտություն կամ տպագրված պատմություն: – Այո, ես շատ ուշ ծնվեցի: Երեխա, որը պիտի հիշեր այդ երեք դեմքերը (նրա՛նն էլ, նրա՛նն էլ) ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ տեսավ կառքում, այն կիրակի առավոտ, երբ այս քաղաքը վերջապես հասկացավ, որ նա Սաթփենի Հարյուրից մինչև եկեղեցի ձգվող ճամփան դարձրել է ձիարշավարան: Այն ժամանակ երեք տարեկան էի, իհարկե, տեսել էի նրանց առաջներում, պե՛տք է որ տեսած լինեի: Բայց չեմ հիշում: Նույնիսկ չեմ հիշում, թե տեսել էի Էլենին մինչև այդ կիրակի առավոտը: Կարծես այն քույրը, որին երբեք չէի տեսել և որը նախքան իմ ծնվելը ոտք էր դրել մարդակերի կամ ջինի ամրոցը, այժմ մի օրով վերադառնում էր դեպի այն աշխարհը, որից հեռացել էր, իսկ ես, երեքամյա երեխաս, վաղ էի արթնացել, հագնվել ու զարդարվել կարծես Սուրբ Ծնունդի համար, մի առիթով, որն ավելի լուրջ էր, քան Սուրբ Ծնունդը,


22

Վիլյամ Ֆոլքներ

քանզի վերջապես այդ մարդակերը թե ջինը կնոջ ու երեխաների սիրույն համաձայնել էր ոտք դնել եկեղեցի, թույլատրել էր նրանց գոնե մոտենալ փրկությանը, Էլենին առնվազն մի հնարավորություն էր տվել մարտնչելու իր հետ այդ երեխաների հոգիների համար՝ մի ռազմադաշտում, որտեղ նրա (Էլենի) պաշտպանը ոչ միայն Երկինքն էր, այլև իր հարազատներն ու իրպեսները. այո, սոսկ մի ակնթարթ հանձնվեց գրավաթափմանը, կամ եթե ոչինչ չկար գրավաթափելու՝ սոսկ մի պահ ասպետ գտնվեց, թեպետ՝ տակավին անբարեփոխ: Ես հենց սա էի ակնկալել: Հենց սա տեսա, մինչ կանգնած էի եկեղեցու առջև հայրիկի ու մեր հորաքրոջ միջև, ու սպասում էի, թե երբ կառքը կանցնի տասներկու մղոնն ու կհասնի մեզ: Ու թեպետ մինչ այդ պետք է որ տեսած լինեի Էլենին ու երեխաներին, սա՛ է առաջին հիշողությունը, որ գերեզման կտանեմ ինձ հետ. պատկեր, որն ասես թաթառի առաջամասը լիներ՝ կառքը, Էլենի սպիտակ դեմքը, այդ դեմքի երկու փոքրիկ կրկնօրինակները, որոնք ասես թևահար գնդակոծում էին նրան, իսկ առջևի նստարանին վայրի սևամորթի դեմքն ու ատամ ները, և ինքը՝ դեմքը ճիշտ սևամորթի դեմքի նման բացի ատամներից (սա էլ իհարկե մորուքի պատճառով) — բոլորը՝ խորահայաց ձիերի, փոշոտ քառարշավի, պտտահողմի ու կատաղության մեջ: Շատերն էին դրդում ու պաշտպանում նրան, որպեսզի ամուսնությունը արշավի վերածվի. կիրակի առավոտ էր, ժամը տասը, կառքը երկու անիվների վրա սրարշավում էր մինչև եկեղեցու դուռը, քրիստոնյայի շորերով սևամորթն ասես վարժեցրած վագր լիներ, որի վրա փոշեթիկնոց էին գցել ու գլխարկ դրել, և Էլենը՝ ճեփ–ճերմակած, գրկել էր երկու երեխաներին, որոնք չէին լալիս ու գրկվելու կարիք էլ չունեին, այլ նստել էին նրա երկու կողմերում, հանգիստ նստել էին, իսկ դեմքերին՝ մանկական հրեշավոր հանցագործության նշանը, որն այն ժամանակ չէինք հասկանում: Այո, շատերն էին օգնում ու դրդում նրան, որովհետև ինքն առանց մրցակցի ձիարշավորդ չէր դառնա: Որովհետև հասարակական կարծիքը չէ, որ ետ էր պահում նրան, ոչ էլ այրերը, որոնց կանայք ու երեխաները գուցե կառքերի մեջ էին ու կարող էին աղետի ենթարկվել, այլ քահանան ինքը, ով խոսեց Ջեֆերսոնի ու Յոքնափաթոֆայի կանանց անունից: Ուստի նա չեկավ եկեղեցի, կառքի մեջ այդ առավոտ միայն Էլենն էր ու երեխաները, ու մենք գիտեինք, որ գոնե այս անգամ գրազ չի լինի, քանզի ոչ ոք վստահ չէր՝ իսկակա՞ն է այդ ձիարշավը, թե՞ ոչ, նրա դեմքը


Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ

23

բացակա էր, ներկա էին միայն վայրի սևամորթի խորհրդավոր դեմքն ու պսպղուն ատամ ները, ու ի՞նչ իմանայինք՝ արշա՞վ էր դա, թե՞ փախուստ, ու եթե կար ցնծություն, ապա միայն Սաթփենի Հարյուրում գտնվող դեմքին, տասներկու մղոն հեռու ա՛յն մարդու դեմքին, որը չբարեհաճեց տեսնել կամ ներկա գտնվել: Ու միայն սևամորթն էր, ճամփի կառքերը վազանցելիս, խոսում իր և ուրիշների ձիերի հետ (առանց բառերի էր խոսում. երևի բառեր պետք չեն մեկի համար, որը քնում էր ճահճի ցեխերում, հենց այնտեղից էր նա գտել նրանց ու այստեղ բերել), փոշին, թաթառը, կառքը սուրացին դեպի եկեղեցու դուռը, մինչ կանայք ու երեխաները ճչացին ու դեսուդեն ընկան, իսկ տղամարդիկ կառչեցին մյուս ձիերի երասաններից: Սևամորթն, ուրեմն, Էլենին ու երեխաներին օգնեց իջնել ու կառքը ձիակապարան տարավ ու ծեծեց ձիերին, որոնք փորձում էին փախչել. մի հիմար էլ կար, որը փորձեց միջամտել, իսկ սևամորթը ճիպոտով վրա պրծավ նրան ու ատամ ները ցույց տվեց. «Պարոնը ինձ է պատվիրել, հասկացա՞ր: Գնա հարցրու»: Այո: Նրանի՛ց: Ու այս անգամ քահանան էլ չէր, այլ Էլենը: Մեր հորաքույրն ու հայրիկը զրուցում էին. ես ներս մտա ու հորաքույրն ասաց. «Դուրս գնա՝ խաղա», թեպետ եթե չլսեի դռան միջով, էլի խոսակցությունը նույնությամբ կկրկնեի. «Քո դուստրը, քո հարազատ դուստրը»,– ասաց հորաքույրը, և հայրիկը. «Այո, իմ դուստն է: Երբ իմ միջամտության կարիքն զգա՝ ինքը կասի»: Որովհետև այդ առավոտ, երբ Էլենն ու երեխաները դուրս եկան առաջնամուտքից, կառքն այնտեղ չէր, այլ Էլենի ֆայտոնն ու պառաված ձին, որ ինքն էր քշում, և ախոռապան տղան, որին Սաթփենը գնել էր սևամորթի փոխարեն: Ջուդիթը մի հայացք գցեց ֆայտոնին, ամեն ինչ հասկացավ ու սկսեց ծղրտալ, ծղրտում էր ու ոտքերը թափահարում, մինչ նրան նորից տուն տարան ու պառկեցրին մահճակալին: Ոչ, Սաթփենը էլի չկար: Ոչ էլ ասում եմ, թե դարան մտած ցնծում էր վարագույրի ետևից: Հավանաբար նա էլ նույնքան կզարմանար, քանզի հասկացանք, որ մեր տեսածն ավելին է, քան երեխայի զայրույթի պոռթկումն ու ջղագարությունը, որովհետև նրա դեմքն ամբողջ ժամանակ կառքի մեջ էր եղել, որովհետև հենց Ջուդիթը՝ վեց տարեկան այդ աղջնակն էր հրահրել ու հեղինակազորել սևամորթին՝ թույլ տալու ձիերին փախչել: Ո՛չ Հենրին. նկատի առ, ոչ տղան, որն ավելի ջղային երեխա էր, քան Ջուդիթը՝ աղջիկը: Հենց որ ես ու հայրիկը ներս մտանք դարպասից ու արահետով


24

Վիլյամ Ֆոլքներ

շարժվեցինք դեպի տուն, ես իսկույն զգացի: Կարծես այդ կիրակի օրվա անդորրի մեջ մանկան ծղրտոցը դեռևս հնչում էր ու մնում օդում, ոչ արդեն որպես հնչյուն, այլ ինչ–որ բան, որը մաշկն էր զգում և գլխի մազերը: Բայց միանգամից չհարցրեցի: Այն ժամանակ չորս տարեկան էի, նստել էի երկանիվ կառքում հայրիկի կողքին, ինչպես որ այն առաջին կիրակին կանգնել էի նրա ու մեր հորաքրոջ միջև եկեղեցու դիմաց, երբ հագել կապել էի առաջին անգամ քրոջս ու նրա երեխաներին տեսնելու համար,– նստել էի, ուրեմն, ու նայում էի այդ տանը: Իհարկե արդեն եղել էի այդ տանը, բայց երբ առաջին անգամ տեսա, ամեն ինչ ծանոթ թվաց, ինչպես որ ծանոթ թվացին Էլենի, Ջուդիթի ու Հենրիի դեմքերը՝ նախքան կտեսնեի նրանց, ինչպես միշտ հիշում եմ՝ առաջին անգամ: Ոչինչ չհարցրեցի, այլ պարզապես նայեցի այդ ահռելի տանն ու ասացի. «Հայրիկ, ո՞ր սենյակում է Ջուդիթը պառկած»՝ անբացատրելին ընդունելու մանկան անխռով պատրաստակամությամբ, թեպետ հիմա գիտեմ, որ այն ժամանակ մտածում էի, թե ինչ տեսավ Ջուդիթը, երբ դուրս եկավ դռնից ու կառքի փոխարեն ֆայտոնը տեսավ, իսկ վայրի սևամորթի փոխարեն՝ ձեռնասուն ախոռապան տղային. թե ի՛նչ տեսավ ֆայտոնում, որ մեզ այդքան անմեղ թվաց, կամ ավելի վատ՝ ի՛նչ չտեսավ, երբ նայեց ֆայտոնին, ու սկսեց ծղրտալ: Այո, այսօրվա պես շոգ ու անդորր կիրակի էր. հիշում եմ նաև այդ տան բացարձակ անդորրը, երբ ներս մտանք. անդորր, որից հասկացա, որ Սաթփենը ներսում չէ, առանց իմանալու, որ նա խաղողի որթերով պատված տաղավարում խմում է Ուոշ Ջոնսի հետ: Միայն հասկացա, երբ շեմից ներս մտանք, որ նա ներսում չէ: Համարյա ամենագետ համոզվածությամբ հասկացա, որ նրան պետք չէր ներսում լինել և դիտել իր հաղթանակը,– և այն, որ գալիքի հետ համեմատած, սա չնչին մի բան էր և կարելի էր չնկատել: Ուրեմն, անդորր ու կիսախավար սենյակն էր, վարագույրները փակված, հովհարը ձեռքին սևամորթ մի կին էր նստած մահճակալի մոտ, և Ջուդիթի սպիտակ դեմքը՝ բարձի վրա, ճակատին՝ կամֆորայի թրջոց. քնած էր, ինչպես ինձ թվաց այդ ժամանակ (երևի քնած էր կամ կարելի էր քնած համարել) և Էլենի դեմքը՝ սպիտակ, անվրդով, ու հայրիկն ասաց. «Դուրս գնա, գտիր Հենրիին ու խնդրիր, որ խաղա քեզ հետ, Ռոզա», ու ես կանգնեցի դռան մոտ, անդորր միջանցքում, որովհետև վախենում էի հեռանալ, որովհետև այդ տան անդորրը փոթորկից էլ ահեղաձայն էր, ավելի ահեղաձայն, քան ցնծության ծիծաղը:


Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ

25

«– Երեխաների մասին մտածիր»,– հայրիկն ասաց: «– Մտածե՞մ,– ասաց Էլենը,– իսկ ի՞նչ եմ անում: Էլ ի՞նչ եմ անում գիշերն արթուն պառկելուց ու նրանց մասին մտածելուց բացի»: Ո՛չ հայրիկը, ո՛չ էլ Էլենը չասացին. «Տուն գնանք»: Ոչ, դեռ տարածված չէր, որ սխալներն ուղղելու միջոցը սխալներից շրջվելն ու փախչելն է: Պարզապես երկու ձայն հանգիստ խոսում էին, ասես ամսագրում տպված ինչ–որ հոդված էին քննարկում, ու ես, մի երեխա, դռան մոտ կանգնած, որովհետև վախենում էի ներս մտնել ու ավելի վախենում հեռանալ, ուրեմն, անշարժ կանգնել էի դռան մոտ, ասես փորձում էի ձուլվել դռան գորշ փայտին ու քամելեոնի պես աներևութանալ, լսել այդ տան կենդանի ոգուն ու ներկայությունը, քանի որ Էլենի կյանքից ու շնչից ինչ–որ մասնիկ արդեն անցել էր նրանց, ինչպես որ անցել էր Սաթփենի շնչից, որը հաղթության ու հիասթափության, ցնծության և սարսափի չեզոք ձայնն ուներ: «– Դու սիրո՞ւմ ես էս...»,– հայրիկն ասաց: «– Հայրի՛կ»,– Էլենն ասաց: Ու էլ ոչինչ: Բայց ես տեսնում էի նրա դեմքն այնքան հստակ, որքան հայրիկն էր տեսնում՝ նույն արտահայտությունն ու հայացքը, որ տեսա այն առաջին կիրակի օրը: Հետո ծառան եկավ ու ասաց, որ մեր կառքը պատրաստ է: Այո։ Իրենցի՛ց: Ոչ իրենից, որևէ մեկից, ինչպես որ ոչ ոք նրանց չէր զորում փրկել, նույնիսկ ինքը: Որովհետև ինքը հիմա մեզ ցույց տվեց, թե ինչու այդ հաղթանակը չէր արժանացել նրա ուշադրությանը: Էլենի՛ն ցույց տվեց, ոչ ինձ: Ես այնտեղ չէի. վեց տարի էր անցել, ու ես նրան կարգին չէի էլ տեսել: Մեր հորաքույրն այլևս չկար, ու ես տնային գործերն էի անում հայրիկի համար: Գուցե տարին մեկ անգամ ես ու հայրիկը նրանց տանն էինք ճաշում, գուցե տարին չորս անգամ Էլենն ու երեխաները գալիս էին ու մեզ հետ անցկացնում օրը: Բայց ոչ նա. որքան գիտեմ, ամուսնությունից հետո նա մեր տուն ոտք չդրեց: Այն ժամանակ փոքր էի: Նույնիսկ այնքան փոքր, որ հավատում էի, թե պատճառը համառությունն է, կամ նույնիսկ խղճի խայթը: Բայց հիմա գիտեմ: Պատճառն այն էր, որ հայրիկը նրան կին ու հարգարժանություն էր տվել, իսկ նրան հայրիկից այլևս ոչինչ պետք չէր, և ոչ մի երախտագիտություն, եթե չասեմ ձևական կողմի պահպանում, չէր ստիպի նրան զանց առնել իր սեփական հաճույքը՝ իր կնոջ հարազատների հետ ճաշելու համար: Այնպես որ, նրանց համարյա չէի տեսնում: Հիմա խաղալու ժամանակ էլ չունեի, եթե


26

Վիլյամ Ֆոլքներ

նույնիսկ ցանկանայի: Այդպես էլ չսովորեցի խաղալ, ոչ էլ նույնիսկ սովորելու պատճառ էի տեսնում, եթե նույնիսկ ժամանակ ունենայի: Վեց տարի էր անցել, ուրեմն, թեպետ Էլենի համար ոչ մի գաղտնիք չկար, որովհետև նույնն էր եղել այն օրից ի վեր, երբ Սաթփենը տան վերջին մեխը խփեց, միակ տարբերությունը նրա այժմվա և այն ժամանակվա ամուրիության միջև այն էր, որ հիմա նրանք ձիերն ու ջորիները թամբում էին ախոռից քիչ հեռու գտնվող անտառակում ու մոտենում էին արոտից, որը տնից չէր երևում: Որովհետև տանը միշտ մարդիկ էին լինում, ասես Աստված կամ սատանան օգտվել էին նրա արատներից, որպեսզի վկաների ներկայությամբ հանեին անեծքը ոչ միայն մերպեսներից, այլև խուժանից ու ստահակներից, որոնք ոչ մի դեպքում ոտք չէին դնի մեր տունը, նույնիսկ ետնադռնից: Այո, Էլենն ու այդ երկու երեխաները՝ մեն–մենակ այդ տան մեջ, քաղաքից տասներկու մղոն հեռու, իսկ ախոռում՝ դեմքերի սնամեջ քառակուսին, լամպի լույսի տակ, երեք կողմերում՝ սպիտակ դեմքերը, մի կողմում՝ սևերը, իսկ մեջտեղում՝ երկու կռվող վայրի ու մերկ սևամորթներ, որոնք ոչ թե սպիտակամորթների պես են կռվում, կանոններով ու զենքով, այլ ինչպես նեգրերն են կռվում՝ միմյանց որքան հնարավոր է արագ ու խորը վերք պատճառելու ցանկությամբ. Էլենը գիտեր այս մասին, կամ կարծում էր, թե գիտի՝ կարևոր չէ: Նա ընդունում էր սա (չէր հաշտվում՝ ընդունում էր), կարծես զայրույթի մեջ շնչառության մի աստիճան կա, որտեղ ամեն ինչ համարյա թե երախտագիտությամբ են ընդունում, քանի որ կարող ես ասել ինքդ քեզ Փառք Աստծո, վերջ, գոնե ամեն ինչ գիտեմ հիմա. մտածում էր, ուրեմն, այդ մասին, մտքից դուրս չէր գալիս, երբ մի գիշեր վազելով մտավ ախոռ, մինչ ետնամասից գաղտագողի սողոսկած մարդիկ ետ քաշվեցին նրանից (գոնե պարկեշտության չնչին հատիկ դեռ կար) ու Էլենը տեսավ ոչ թե սպասած երկու սևամորթ գազաններին, այլ մի սպիտակամորթի ու մի սևամորթի, երկուսն էլ մինչև գոտկատեղը մերկ ու իրար աչք հանելիս, կարծես ոչ միայն նույն գույնը պիտի ունենային, այլև մորթով պիտի ծածկված լինեին: Այո՛: Իսկ երբեմն, երեկոյան կողմ, որպես դիտարժան տեսարանի փառավոր ավարտ կամ որպես գերիշխանության պահպանման ստույգ ապացույց, նեգրերից մեկի հետ մրցաբեմ էր մտնում նա ինքը: Այո՛: Հենց դա՛ տեսավ Էլենը՝ իր ամուսնուն, իր երեխաների հորը, որը մերկ կանգնած հևում էր, մինչև գոտկատեղը արյան մեջ կորած, այն տարբերությամբ, որ


Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ

27

նեգրի արյունն ասես ճարպ ու քրտինք լիներ: Էլենը վազել էր մի օր տնից բլուրն ի վեր, գլխաբաց, լսել էր, ուրեմն, ձայնը, ծղրտոցը, ու լսում էր դեռ մթնում վազելիս ու նախքան դիտորդները կիմանային նրա ներկայությունը, լսում էր՝ նախքան նրանցից մեկն ականջ էր դրել ու ասել. «Ձի է», հետո. «Կնիկ է», հետո. «Երեխա է, այ մարդ» — ներխուժել էր, ուրեմն, ու դիտորդները ետ էին քաշվել, ու ինքը տեսել էր նեգրերի միջից դուրս պրծնող Հենրիին, որին բռնել էին, մինչ երեխան ծղրտալիս ու ործկալիս էր եղել — ու ոչ մի դադար, նույնիսկ ետ քաշվող դեմքերին չէր նայել, այլ չոքել էր ախոռի կեղտի մեջ՝ Հենրիին բարձրացնելու համար: Հենրիին էլ չէր նայել, այլ նրան, որ կանգնած՝ նույնիսկ մորուքի միջից ատամ ներն էր ցույց տալիս, մինչ նեգրը պարկով սրբում էր արյունը նրա մարմ նից: «Ներող եղեք, պարոններ»,– ասել էր Էլենը: Բայց սրանք արդեն հեռանալիս էին եղել, նեգր թե սպիտակամորթ, գաղտագողի հեռացել էին ինչպես որ գաղտագողի ներս էին մտել, ու Էլենը հիմա նրանց չէր նայում, այլ կեղտի մեջ չոքած (մինչ Հենրին կառչել էր նրան) լալիս էր, ու ինքը՝ դեռևս այդտեղ կանգնած, մինչ մեկ ուրիշ նեգր բզում էր տիրոջ վերնաշապիկն ու բաճկոնը, ասես բաճկոնը փայտի կտոր էր, իսկ տերը՝ դարան մտած օձ: «Որտե՞ղ է Ջուդիթը, Թոմաս»,– Էլենն ասաց: – Ջուդի՞թը,– ասաց նա: Ոչ, նա չէր խաբում, սեփական ցնծությունն առաջ էր ընկել նրանից, արատի մեջ նա ավելի շատ էր առաջ գնացել, քան հույս ուներ:– Ջուդի՞թը: Քնած չէ՞: – Մի խաբիր ինձ, Թոմաս,– ասաց Էլենը:– Ես կարող եմ հասկանալ Հենրիին այստեղ բերելու պատճառը, ուզեցել ես, որ Հենրին տեսնի այս ամենը: Ես կփորձեմ այս մեկը հասկանալ, այո, կստիպեմ ինձ փորձել հասկանալ: Բայց ո՛չ Ջուդիթը, Թոմաս: Ո՛չ աղջիկս, Թոմաս: – Ես քեզնից հասկանալ չեմ ակնկալում,– ասաց նա:– Որովհետև դու կին ես: Բայց Ջուդիթին այստեղ չեմ բերել: Նրան չեմ բերի: Չեմ էլ սպասում, որ հասկանաս: Բայց երդվում եմ: – Երանի հավատայի քեզ,– Էլենն ասաց:– Ես ուզում եմ հավատալ քեզ:– Հետո նա լաց եղավ:– Ջուդիթ,– կանչեց նա հանգիստ, քաղցր և հուսահատ ձայնով:– Ջուդիթ, սիրելիս, քնելու ժամանակն է: Բայց ես այնտեղ չէի: Այնտեղ չէի, որպեսզի տեսնեի Սաթփենի երկու դեմքերը,– մեկը Ջուդիթի, մյուսը նեգր աղջնակի կերպարանքով,– որոնք քառակուսի դռան միջով նայում էին խոտանոցին:


2

Գլիցինիայի ամառ էր: Աղջամուղջը լցված էր գլիցինիայի ու Քվենթինի հոր գլանակի հոտով, մինչ իրենք նստած էին առջևի պատշգամբում, ընթրիքից հետո, և սպասում էին Քվենթինի մեկնելու ժամին. ծածկապատշգամբի տակ փռված խռիվ մարգագետնում լուսատտիկներն էին առկայծում — հոտ ու բուրմունք, որը հինգ ամիս հետո միսթր Քոմփսընի նամակը տանելու էր Միսիսիփիից և նյու–ինգլենդյան երկաթյա ձյան վրայով հասցնելու էր Քվենթինի հարվարդյան սենյակը: Նաև՝ լսելու օր էր. 1909–ին լսածը հիմ նականում արդեն գիտցածի մասին էր, քանզի Քվենթինն այստեղ էր ծնվել ու շնչել նույն օդը, որտեղ եկեղեցու զանգերն էին հնչել 1833–ին, այն կիրակի առավոտյան, իսկ բոլոր կիրակիներին լսել էր յուրօրինակ երեք ղողանջը այն նույն զանգակատանը, որտեղ նույն աղավնիների հետնորդներն էին վեհակերպ տեսքով քայլում, մրմնջում և օդում կարճ պտույտներ տալիս, ասես ամառային մեղմ երկնքում ներկի բաց բծեր լինեին: Հունիսյան այդ կիրակի առավոտ երբ զանգերը դողդոջում էին խաղաղ, տիրական ու փոքր–ինչ աններդաշնակ (դավանությունները համաձայնեցված էին, բայց ոչ դաշնաձայն), կանայք ու երեխաները դուրս եկան հովանոց ու ճանճ քշելու ավել բռնած սևամորթ ծառաների և նույնիսկ մի քանի տղամարդկանց հետ (կանայք պարտադիր օղագոտիներ ունեին, որոնք աչքի էին ընկնում փոքրիկ տղաների մահուդի ու աղջնակների կիսավարտիքների մեջ, իսկ շրջազգեստները պատկանում էին այն ժամանակներին, երբ կանայք ոչ թե քայլում էին, այլ լողում) մինչ Հոլսթըն Հաուսի ճաղաշարքին նստած մյուս տղամարդիկ բարձրացրեցին հայացքներն ու տեսան անծանոթին։ Նա արդեն կիսով կտրել–անցել էր հրապարակը, երբ տեսավ նրան՝ ծանրաշարժ ու խայտագորշ ձիու վրա — մարդն ու կենդանին ասես երկնքից էին իջել ու հայտնվել անդորր ամառվա արևի լույսի մեջ՝ հոգնած պարի մեջտեղում,– դեմք և ձի, որ ոչ ոք նախկինում չէր տեսել, անուն, որ ոչ ոք նախկինում չէր լսել, ծագում և նպատակ, որոնք շատերն այդպես էլ չէին իմանալու: Այնպես որ՝ հաջորդ չորս շաբաթվա ընթացքում (Ջեֆերսոնն այն ժամանակ գյուղ էր. Հոլսթըն Հաուսը, դատարանի շենքը, վեց խանութ, մի դարբնոց ու վճարովի ախոռ, խորտկարան, ուր հաճախում էին նախրապաններն ու շրջիկ մանրավաճառները, երեք եկեղեցի ու մի երեսուն տուն) ան-


Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ

29

ծանոթ անունը շրջում էր գործունյա ու անգործ բոլոր տեղերում՝ մեներգի ու խմբերգի պես. Սաթփեն: Սաթփեն: Սաթփեն: Սաթփեն:

Գիրքը ձեռք բերելու համար` զանգեք 055 48 81 80

Faulkner Preview  

Absalom, Absalom! The Bear

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you