Issuu on Google+

Հովհաննես Թումանյան Հեքիաթներ

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր

Դպրոց -պարտեզի 2․1 դասարան Դասվար ՝ Հռիփսիմե Առաքելյան


Անհաղթ աքլորը

Լինում է, չի լինում՝ մի աքլո՛ր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն է տալի. — Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ… Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն։ Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում։ Աքլորը կանչում է. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանով ապրե՜ց… Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է. — Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը… Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին։ Աքլորն էլ կտուրն է բարձրանում.

— Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանից վախե՜ց… Թագավորը բարկանում է, իր նազիրվեզիրին հրամայում է — Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք ուտեմ, պրծնեմ դրանից։


Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ… Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի. — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՛լ… Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է. — Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ… Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է.

— Նեդ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՛ւ… Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի՝ զարկեն։ Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը էն։ Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի. — Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ… — Զարկե՛ք…— հրամայում է թագավորը։ Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են թագավորի փորը պատռում։ Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի. — Ծուղրուղո՜ւ…

Մուկիկի մահը


Ծիտիկն ու Մուկիկն ախպերացան։ Գետի ափին բուն շինեցին, մտան մեջը։ Մի օր Ծիտը գնաց քուջուջ անելու, Ետ եկավ տեսավ Մուկիկը մեռել է։ Ծնկանը զարկեց. – Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ… Օխտը ճամփի մեջտեղ նստեց, հողը փորեց, տվավ գլխին. – Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ… Ձենի վրա Լորիկն եկավ. – Ծիտիկ – միտիկ, չալփետուրիկ, Հողն ինչո՞ւ ես տալի գլխիդ։ – Թաո՜ւ, թաո՜ւ, – ասավ Ծիտը, – Ես որ չտամ, ո՞վ տա հապա.

Մուկիկի պես ախպեր մեռավ, Աշխարքն էսպես մնաց անտեր, Ես որ հողը տամ իմ գլխին, Մե՞ծ բան է… Ափսո՛ս, ափսո՛ս, – ասավ Լորը, –


Մուկիկի պես մարդը մեռավ, – Ասավ, իրեն էնքան զարկեց, Թևը կոտրեց, կախ արավ։ Ծառը ասավ. – Լորիկ քուրիկ, ճըտճըտուրիկ, Ինչո՞ւ ես մի թևըդ կոտրել։ – Բա ի՞նչ անեմ, որ չըկոտրեմ։ Մուկիկի պես մարդը մեռավ, Աշխարքն Էսպես մընաց անտեր. Ծիտը գլխին հող Է տալի, Ես որ իմ մի թեը կոտրեմ՝ Մե՞ծ բան Է…

– Ա՛խ – վա՛խ, ա՛խ – վա՛խ, – կանչեց ծառը. Մուկիկի պես մարդը մեռնի՞… Գընաց եկավ, գընաց եկավ, Իր ճյուղերը զարկեց իրար, Ջարդեց, մընաց ճըղնակոտոր։ Քարերն ասին. – Ծառիկ – մառիկ, կանաչ թառիկ, Ճյուղերդ ինչո՞ւ վեր թափեցիր։ – Վա՛հ, ձեր տունը աստված շինի, Մուկիկի պես մարդը մեռավ, Աշխարքն Էսպես մնաց անտեր. Ծիտիկն Էնտեղ հողը գըլխին, Լորը իրեն թևը կոտրած, Ի մ ճյուղերը ես որ թափեմ՝ Մե՞ծ բան Է… Հազար ափսո՛ս, – քարերն ասին.


Մուկիկի պես մարդը մեռավ, Ու գոռալեն, գըռգըռալեն Գըլորվեցին սարերն ի վար, Թափվեցին ցած՝ ջըրերի մեջ։ Զըրերն ասին.

– Ի՞նչ պատահեց, ա՛յ գիժ քարեր, Չէ՞ դուք ձեր տեղն անժաժ Էիք, Ի՞նչ եք էդպես ցած գըլորվում։ էլ ի՞նչ անժաժ, բա չե՞ք ասիլ, Մուկիկի պես մարդը մեռավ, Աշխարքն էսպես մը նաց անտեր. Ծիտիկն էնտեղ հողը գըլխին, Լորիկն իրեն թևը կոտրած, Ծառը մընաց ճըղնակոտոր, Մենք մեր տեղից որ գըլորվենք՝ Մե՞ծ բան է… – Վաշ – վի՜շ, վա՛շ – վի՜շ, ի՞նչ իմացանք, Մուկիկի պես մարդն էլ մեռնի՞… Ջըրերն ասին, խաոնվեցին, Ու գնացին պըղտոր – մըղտոր։

Էն կողմերից տըմտըմրալով Պառավն եկավ։ Էս որ տեսավ. – Ա՛յ գըլգըլան ջըրեր, – ասավ, Դուք պարզ Էիք միշտ ու մարմանդ,


Ինչո՞ւ Էսօր պըղտորվեցիք։ – Վա՜յ քու տունը քանդվի, պառա՛վ, Բա չե՞ս լըսել՝ ինչ Է եղել. Մուկիկի պես մարդը մեռավ, Աշխարքն Էսպես մընաց անտեր, Ծիտը Էնտեղ հողը գըլխին, Լորը իրեն թևը կոտրած, Ծաոը եղավ ճըղնակոտոր, Քարերը ցած գըլտոր – մըլտոր, Մենք պղտորվենք՝ մե՞ծ բան Է… – Հողն իմ գլխին, – պառավն ասավ, Մուկիկի պես մարդը մեռնի՞… Զարկեց իրեն ու ծըվատեց, Երեսն արավ արյունլըվիկ, Մազաքձուձ՝ գյուղը վազեց։ Գյուղում ասին. – Պառավ տատիկ, ի՞նչ պատահեց, Ինչո՞ւ երեսդ արյունլըվիկ։ – Վա՛յ, քոռանամ, մի՛ խոսեցնեք։ Մուկիկի պես մարդը մեռավ, Աշխարքն էսպես մընաց անտեր. Ծիտը Էնտեղ հողը գըլխին, Լորը իրեն թևը կոտրած, Ծառը եղած ճըղնակոտոր, Քարերը ցած գըլտոր – մըլտոր, Ես իմ երեսն արյունոտեմ՝ Մե՞ծ բան է… – Ափսո՛ս, ափսո՛ս, հազար ափսոս, Որ էն տեսակ մարդը մեռավ… Ափսոսացին էն գյուղացիք, Սև կապեցի՛ն, սուգ նստեցին. – Վա՜յ, ո՞վ ասավ, ո՞վ ասավ… – Հողագըլուխ Ծիտիկն ասավ, Թևը կոտրած Լորիկն ասավ, Ճըղնակոտոր Ծառիկն ասավ, Գըլտոր – մըլտոր Քարիկն ասավ, Պըղտոո – մըղտոր Ջըրիկն ասավ,


Մազաքձուձ Պառվիկն ասավ, Մեր Մուկիկը մեռել է՜… էլ ո՞վ մընաց էս աշխարքում, էլ ի՞նչ ապրենք էս աշխարքում…։ էսպես ասին Ու միասին Լացով, կոծով, ճիչ – գոռոցով Հավաքվեցին ու գընացին, Քարիցն ընկան կոտորվեցին։

Կիկոսի մահը


Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։ Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն-իրեն միտք է անում. — Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի… — Վա՛յ, Կիկոս ջան, վա՜յ… Տեղն ու տեղը ծառի տակին նստում է՝ սկսում է սուգ անել. Գընացի մարդի, Ունեցա որդի, Գըդակը պոպոզ, Անունը Կիկոս. Վեր ելավ ծառին, Ցած ընկավ քարին… Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան…

Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում։ Ասում է. — Գնա՛ մի տե՛ս, քույրդ ընչի՛ ուշացավ։ Միջնեկ աղջիկն է գնում։ Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է՝ ձենն ավելի է բարձրացնում։ — Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ։ — Ի՞նչ Կիկոս։ — Բա չես ասիլ՝ Գընացի մարդի, Ունեցա որդի, Գըդակը պոպոզ,


Անունը Կիկոս. Վեր ելավ ծառին, Ցած ընկավ քարին… Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան… — Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ,— գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել։ Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում։ Ասում է. — Աղջի՛, մի գնա տես քույրերդ ի՞նչ եղան։ Գնացին, ետ չեկան։ Հիմի պստիկ աղջիկն է գնում։ Գնում է տեսնում՝ երկու քույրերն էլ աղբրի գլխիննստած լաց են լինում — Քա՛, ընչի՞ եք լաց ըլում։ Մեծ քույրը թե՝ բա չես ասիլ՝ Գընացի մարդի, Ունեցա որդի, Գըդակը պոպոզ, Անունը Կիկոս. Վեր ելավ ծառին, Ցած ընկավ քարին… Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան…


— Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ;— սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն-ձենի տալիս։ Մերն սպասում է, սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում։ Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ՝ երեք աղջիկն էլ կանչում են. — Արի , արի՛, անբախտ տատի, տե՛ս թոռանդ գլուխն ինչ է եկել։ — Ի՞նչ թոռ, ա՛յ աղջկերք, ի՞նչ է պատահել։ Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ մեր՝ Գընացի մարդի, Ունեցա որդի, Գըդակը պոպոզ, Անունը Կիկոս. Վեր ելավ ծառին, Ցած ընկավ քարին… Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան… — Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան,— մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել։ Մարդը տեսնում է՝ կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ։ Ասում է՝ մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը։


Վեր է կենում գնում։ Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի. — Արի , արի՛, անբախտ պապի, արի տես քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել… վա՜յ քու Կիկոսին… — Ի՞նչ Կիկոս, ի՞նչ եք ասում,— զարմանում է մարդը։ Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ հեր՝ Գընացի մարդի, Ունեցա որդի, Գըդակը պոպոզ, Անունը Կիկոս. Վեր ելավ ծառին, Ցած ընկավ քարին… Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան… — Վա՜յ, Կիկոս ջա՜ն,— ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու ադջկերք։ Սրանց միջի խելոքը հերն է լինում։ Ասում է. — Ա՛յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի։ Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք։ Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա։ Դու մի՛ ասիլ՝ սրանց ունեցած-չունեցած չորսոտանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր։ Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են։


Երկինքը փուլ է գալիս Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ: Էս Ճստիկ- ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին:

Ճստիկ- ճուտիկը վախեցած դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է ՀավիկՄարիկին: - Վա ˚յ, Հավիկ- Մարիկ,-կանչում է հետվից,- երկինքը փուլ է գալիս: - Ա’յ, Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար,-հարցնում է Հավիկ- Մարիկը: - Օ˚, ես իմ աչքովը տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ: - Դե, արի փախչենք,-ասում է Հավիկ- Մարիկը: Վազում են, վազում, հասնում են ԲադիկՏատիկին: - Վա ˚յ, Բադիկ- Տատիկ,-կանչում է Հավիկ- Մարիկը,- երկինքը փուլ է գալիս: - Ա’յ, Հավիկ- Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար: - Ճստիկ- ճուտիկն է ասում: - Ա’յ, Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար: - Օ ˚, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ: - Դե, եկեք փախչենք,-ասում է Բադիկ-Տատիկը: Վազում են, վազում, հասնում են ՍագիկԽաթունին: - Վա ˚յ, Սագիկ-Խաթուն,-կանչում է Բադիկ-Տատիկը,- երկինքը փուլ է գալիս: - Ա’յ, Բադիկ-Տատիկ, էդ որտեղի˚ց իմացար: - Հավիկ-Մարիկն է ասում: - Ա’յ, Հավիկ-Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար: - ��ստիկ- ճուտիկն է ասում: - Ա’յ, Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար: - Օ ˚, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ: - Դե, եկեք փախչենք,-ասում է Սագիկ- Խաթունը: Վազում են, վազում, հասնում են ՀնդուԹնդուին:


- Վա ˚յ, Հնդու- Թնդու,-կանչում է Սագիկ- Խաթունը,- երինքը փուլ է գալիս: - Ա’յ, Սագիկ- Խաթուն, էդ որտեղի˚ց իմացար,-հարցնում է Հնդու- Թնդուն:

- Բադիկ-Տատիկն է ասում: - Ա’յ, Բադիկ- Տատիկ, էդ որտեղի˚ց իմացար: - Հավիկ- Մարիկն է ասում: — Ա’յ, Հավիկ- Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար: - Ճստիկ- Ճուտիկն է ասում: - Ա’յ, Ճստիկ –Ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար: - Օ˚, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ: – Դե, եկեք փախչենք,-ասում է Հնդու- Թնդուն: Վազում են, վազում, հասնում են Աղա- Աղվեսին: - Աղա- Աղվես, Աղա- Աղվես,-կանչում է Հնդու- Թնդուն, երկինքը փուլ է գալիս: - Ա’յ, Հնդու- Թնդու, էդ որտեղի˚ց իմացար,-հարցնում է Աղա- Աղվեսը: - Սագիկ- Խաթունն է ասում: - Ա’յ, Սագիկ- Խաթուն, էդ որտեղի˚ց իմացար: - Բադիկ –Տատիկն է ասում: - Ա’յ, Բադիկ- Տատիկ, էդ որտեղի˚ց իմացար: - Հավիկ- Մարիկն է ասում: - Ա’յ, Հավիկ- Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար: - Ճստիկ- Ճուտիկն է ասում: - Ա’յ, Ճստիկ- Ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար: - Օ˚, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտոր էլ դեռ պոչիս ընկավ: – Էդ ի˚նչ եք ասում,-ասում է Աղա- Աղվեսը, – եկեք ձեզ տանեմ իմ տուն, որ երկինքը ձեր գլխին փուլ չգա: Ճստիկ- Ճուտիկը, Հավիկ- Մարիկը, Բադիկ- Տատիկը, Սագիկ- Խաթունը, Հնդու- Թնդուն բոլորը միասին ընկնում են Աղա – Աղվեսի ետևից և մտնում են նրա որջը: Մտնում են նրա


որջն ու էն մտնելն էր, որ մինչև էսօր էլ դեռ չեն դուրս եկել:

Չարի վերջը Լինում է մի սար, Էն սարում՝ մի ծառ, Էն ծառում՝ փչակ, Փչակում՝ մի բույն, Բնում՝ երեք ձագ, Ու վրեն կկուն: -Կու՜կու՜, կու՜կու՜, ի՛մ կուկուներ, Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր, Թռչե՜ք, գնա՜ք, Ուրախանա՛ք… Երգում էր մարիկ կկուն, Մին էլ, ըհը՜, աղվեսն եկավ. -Էս սարն ի՛մն է, Էս ծառն ի՛մն է, Ծառում փչակ կա,


Փչակում` մի բույն,

Էս ո՞վ է եկել Տիրացել թաքուն: Ա՛խ, դու՛, կկու՛, հիմա՜ր կկու, Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու: -Երեք հատ ձագ, աղա՜ աղվես: -Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ: Ու չե՞ս ասել, դու, անամո՛թ, Մինը ծառա ղրկես ինձ մոտ: Ձգի՛ր շուտով մի հատը ցած, Թե չէ` կացինս հրեն սրած, Գնամ բերեմ, Ծառը կտրեմ… -Վա՛յ, չկտրե՛ս, Աստված սիրես, Էս մինն, ահա՛,


Տա՛ր քեզ ծառա, Միայն թե էսպես Մի ՛ջնջիր մեզ` Բնով, տեղով, Ամբողջ ցեղով: Խնդրեց մարիկ կկուն և ձագերից մինը ձգեց ներքև: Աղվեսը` հա՛փ, առավ գնաց: -Վա՜յ-վա՜յ, դու՜-դու՜, Իմ լա՛վ կուկու, Ո՞ր սև սարում, Ո՞ր անտառում, Ո՞ր թփի տակ Կորար մենակ: Վա՜յ-վա՜յ, դու՜-դու՜, Իմ խե՛ղճ կուկու… Լաց էր լինում մարիկ կկուն, մին էլ, ըհը՜, աղվեսը հետ եկավ: -Էս սարն ի՛մն է, Էս ծառն ի՛մն է, Ծառում փչակ կա, Փչակում` մի բույն, Էս ո՞վ է եկել Տիրացել թաքուն: Ա՛խ, դու՛, կկու՛, հիմա՜ր կկու, Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու: -Երկու հատ ձագ, աղա՜ աղվես: -Երկու հատ ձագ ցույց կտամ քեզ: Ա՜խ, չարամիտ դու ավազակ, Ի՜նչ խաբար է, երկու՜ հատ ձագ, Ի՜նչ, ուզում ես էստեղ զոռով Լցնել ամբողջ կկուներո՞վ… Ձգի՛ր շուտով մի հատը ցած, Թե չէ` կացինս հրեն սրած, Գնամ բերեմ, Ծառը կտրեմ… -Վա՜յ, չկտրե՛ս, Աստված սիրես, Էս էլ ա՛ռ տար Ու թող դադար` Վերջինը գեթ Մնա ինձ հետ… Աղաչեց մարիկ կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև: Աղվեսը` հա՛փ, էս էլ առավ ու գնաց: -Վայ՜-վա՜յ, վու՜յ-վու՜յ,


Ինչի՞ համար Եկա ես սար Բույն շինեցի, Ձագ հանեցի… Աղվեսն եկավ, Տարավ կերավ Երկու, երկու, Կուկու… կուկու… Լաց էր լինում մարիկ կկուն: Էս միջոցին` ղա՜, ղա՜, ղա՜, ագռավն անց էր կենում էդ կողմերով: Լսվեց կկվի լացի ձայնը: -Էդպես տխուր ու զարհուրիկ Ի՞նչ ես լալիս, կկու՛ քույրիկ: -Ինչպե՞ս չլամ, ա՜ սանամեր. Աղվեսն եկավ էն սրտամեռ, Գլխիս էսպես փորձանք բերավ, Ձագուկներս տարավ, կերավ: -Վու՜յ իմ աչքին, անխե՛լք կկու, Ինչպե՜ս իզուր խաբվել ես դու Սուտ խոսքերից չար աղվեսի… Ո՞նց թե սարը իմն է` կասի: Ո՞վ է տվել էն լրբին սար, Սարն ամենքիս է հավասար… Ո՞վ կթողնի վեր կենա նա, Ամբողջ սարին գա տիրանա, Անունը տա սրած կացնի, Սրան նրան սուտ վախեցնի, Ու մինն էսօր, մյուսը` երեկ, Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ… Սև գրողի էն տարածին Ո՞վ է տվել սրած կացին: Մին էլ որ գա ու սպառնա, Մի՛ վախենա, քշի` գնա: Էսպես ասավ ագռավն ու թռավ գնաց: Ահա կրկին աղվեսն եկավ. -Էս սարն ի՛մն է, Էս ծառն ի՛մն է… Հազիվ էր ասել, կկուն բնից գլուխը հանեց. -Սո՛ւտ ես ասում, դու խաբեբա՛, Անխիղճ գազա՛ն, անկո՛ւշտ, ագահ: Ո՞վ է տվել էստեղ քեզ սար, Սարն ամենքիս է հավասար… Ի՞նչ ես եկել սուտ տեր դարձել,


Ես էլ հիմար` ճիշտ եմ կարծել, Ձագուկներս տվել եմ քեզ… Կորի՛, գնա՛, դու չա՛ր աղվես, Հերի՛ք, ինչքան սուտ ես ասել, Հիմի գիտեմ, չեմ վախենում էլ. Կացին չունես` ծառը կտրես: -Ո՞վ ասաց քեզ: -Ագռավն ասավ: -Ագռա՞վը: Լա՜վ: Ու ագռավի վրա բարկացած` աղվեսը պոչը քաշեց, հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվեց, վեր ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց` իրավ սատկել է, թռավ, եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի: Աղվեսը` հա՛փ, հանկարծ բռնեց: -Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜, Աղվես աղա… -Ա՛յ դու կռավան չարալեզու, Ո՞նց թե կկվին ասել ես դու, Թե ես կացին չունեմ սրած… Կացին չունե՜մ…Դե՛, հիմի կա՜ց… -Վա՜յ, քեզ մեղա՛, Աղվե՛ս աղա, Ե՛ս եմ ասել, չեմ ուրանում, Ինձ քրքրի՛ր, ինձ կե՛ր հում-հում, Տու՛ր ինչ պատիժ սիրտդ կուզի, Բայց մի վերջին խոսքս լսի: Ես էն սարում, հենց դեմուդեմ, Էնպես մի թանկ պահուստ ունեմ, Որ չես գտնի դու քո օրում Ո՛չ մի թառում կամ անտառում: Ինչի՞ համար էն ահագին Գանձը կորչի հողի տակին: Արի՛ գնանք, հանեմ տամ քեզ, Էնքան ուտե՜ս, էնքա՜ն ուտես… Թե չլինի ու սուտ դուրս գամ, Ես հո էստեղ միշտ կամ ու կամ… -Գնա՛նք,- ասավ աղվեսը,- թե կլինի, շատ լավ, թե չի լինի, էլի քեզ կուտեմ: Գնացին: Վերևից թռչելիս ագռավը նկատել էր, որ մի թփում պառկած էր գյուղացու շունը: Աղվեսին տարա՜վ, տարա՜վ, դուրս բերեց ուղիղ էն թփի վրա: -Ա՛յ,- ասավ,- էս թփումն է իմ պահուստը: Աղվեսն ագահ վրա ընկավ թփին: Շունը վեր թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը խեղդվելով սկսեց խռխռալ. -Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս… Զգույշ աղվես…


Փորձանքի մեջ Ընկնեմ էսպե՛ս… Ա՜խ, անիրա՛վ… Դու սև ագռա՛վ… -Ինչքան էլ որ զգույշ լինես, Չարի համար թե՛ վաղ, թե՛ ուշ` Է՛դ է պահված, աղվե՛ս աղա… Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜… Պատասխանեց ագռավն ու թռավ:

Ճամփորդները

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի: Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ. դիմացի սարը խանգարում էր:


-Քուչի´ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,- հարցրեց վերևից բակում պառկած շանը: -Ես էլ չգիտեմ,- պատասխանեց Քուչին: -Հապա մինչև ե՞ րբ պետք է այսպես մնանք. արի´ գնանք մի տեսնենք` աշխարհումս ինչ կա, ինչ չկա: Շունն էլ համաձայնեց: Խոսքը մին արին ու փախան: Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ: Գիշերը մնացին էնտեղ: Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին: Լուսադեմին աքլորը կանչեց` ծուղրուղո՜ւ… Մի աղվես լսեց աքլորի ձայնը: -Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,- մտածեց աղվեսը ու վազեց: -ՎարիԲ լուս, սանահեր աքլոր: Ի՞նչ ես շինում էս կողմերը: -Գնում ենք աշխարհ տեսնելու,- պատասխանեց աքլորը: -Օ՜, ինչ լավ բան եք մտածել,- խոսեց աղվեսը: – Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի: Ի՞նչ լավ էր` պատահեցինք: Դե՜, ցած արի, որ չուշանանք: -Ես համաձայն եմ,- ասավ աքլորը.- տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ` գնանք: Ո՞րտեղ է ընկերդ: -Էն թփի տակին: «Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի. էս էլ իմ ճաշը» մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը: Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՞նց փախավ: -Կա´ց. աղվե´ս ախպեր, մի´ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,- ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը:

Բարեկենդանը


Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում:Էս մարդ ու կնիկ իրար հավանելիս չեն լինում: Մարդը կնկան է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում: Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն: Կնիկը բարկանում է. -Ա՛, որ ասում եմ հիմար ես, չես հավատում. էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել. հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում: -Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՞նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է: Կնիկը հանգստանում է, տանում է պահում: Անց է կենում մի առժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի: Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում: Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի. -Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի: Տղեն կանգնում է. -Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս: Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է` հա° ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի: -Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում: -Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք: Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞… չես ամանչո՞ւմ: Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում… -Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում: -Դե արի տար:


Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը ծալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը: Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է. -Հա՛, էն բարեկենդանը եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ: -Ի՞նչ բարեկենդան… ի՞նչ բաներ… -Ա՛յն էն եղն ու բրինձը… Մին էլ տեսնեմ` վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի. կանչեցի, մի լավ խայտառակ արի, շալակը տվի տարավ: -Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես – հիմար ես էլի… Ո՞ր կողմը գնաց: -Այ էն կողմը: Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից: Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անու, տեսնում է` մի ձիավոր քշած գալիս է: Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի: Գալիս է հասնում իրեն: -Բարի օր, ախպերացու: -Աստծու բարին: -Հո էս ճամփովը մարդ չի անցկացավ: -Անցկացավ: -Ի՞նչ ուներ շալակին: -Եղ ու բրինձ: -Հա, հենց էդ եմ ասում: Ի՞նչքան ժամանակ կլինի: -Բավականին ժամանակ կլինի: -Որ ձին քշեմ` կհասնե՞մ: -Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով: Մինչև քու ձին չորսը ոտը կփոխի – մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս – նա երկու ոտով` մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտշուտ կգնա, անց կկենա: -Բա ի՞նչպես անեմ: -Ինչպես պետք է անես. ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես: -Հա՜, էդ լավ ես ասում: Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում: Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում: Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է չհասավ, ետ է դառնում: Ետ է դառնում, տեսնում` ձին էլ չկա: Գալիս է տուն: Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրինձի համար, կնիկը` ձիու: Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ: Սա նրան է ասում հիմար, նա` սրան, բարեկենդանը լսում է ու ծիծաղում:


Hovhannes tumanyan