Page 1

* ինչի՞ ես եղա միշտ պարտված ճտերից ամենաանճոռնին և տխուր ու մենակ` քո հայկական արծվաքթի պես` անհեթեթորեն հայտնված դեմքիդ ամենակենտրոնում ինչի՞ երբ հայկական հասարակություն-կլասիցիզմի հերոսը մեծ էր ու վսեմ իսկ ես կյանքում միշտ էլ պահպանել եմ եռամիասնության օրենքը` տեղի, ժամանակի…` տուն-կրթօջախ-գրադարան ինչի՞ ծերունական հոտով օծված և նաև մանկական գիշերամիզությամբ տառապող հասարակությունը պաչեց ճակատս և չնայած գարի քյոսայանը լավ ջազմեն է …տաթևիկ հովհաննիսյանի CD-ին գրված է դաթևիկ …հայ հանճար ժանսեմի գծանկարի աղջկա զուգագուլպաներն անգամ թխած են էգոն շիլեից ինչի՞ ես գլուխս բռնած հայ պոեզիայի մեջ պատ չգտա ճակատս ջարդելու ձեռքով հենվելու օտար անկողիններում հասունացած իմ տղամարդը նոր-նոր սկսել է հաշվել սրտի զարկերը և բողոքել ցածր աշխատավարձից իսկ հաջողությունը շուն չի, որ թոկով կապես դռանդ պետք եղած ժամանակ հաչեցնես բարդույթներիդ վրա հասարակությանն էլ ասես` պաչի ճակատս, ես լավ աղջիկ եմ, չնայած ուշ եմ տուն գալիս, մեռելների հետ եմ խոսում, ճաշի մեջ աղը քիչ եմ գցում և բանաստեղծությունս էլ հեռու է «հայ պոեզիայի փրկօղակ» կոչումից ինչի ես եղա այսքան տխուր ու չհասկացված սխալ և եղանակն էլ այն չի


ես ծնվել եմ ու արդեն ուշ է ու արդեն ուշ է * ջրերի մեջ ծեծված մատներով տող գրելը կորցնելու հաջորդ քայլն է որոնեմ զքեզ, տող ու ջուրը գցեմ արած լավության պես ունենամ քեզ շատ աշխատավարձի նման և խանութները լքեմ գների տարափից չհուզված հագնեմ քեզ նոր կոշիկի պես ու մաշեմ` ընթերցողի աչքը քո վրա մանավանդ, որ գիշերն անձրև է եկել ես քնած-քնած մի տող կանաչու հետ եմ տապակել թևիցս քաշող մեկին լավ քամել-փռել եմ պարանից երրորդին դնգստել եմ ավելով` կեղտ-փոշու մեջ չճանաչելով հետո մի երկու շենք էն կողմ կուշտ ու կուռ կերած մի շուն ձենը գլուխն է գցել տողերս թողել եմ տանն ու վազել դուրս` դաս ու գործի սիրել-սիրվելու և օրն էլ ապրիլ էր` սենտիմենտով, քաղցր ու տհաճ քաղցր չարդուկված շորի պես, չծխած ծխախոտի չունեցած կրքի դառը սուրճի ու մորս լացի պես… էհ, ունենայի քեզ, տող, ու ինձ լավ զգայի բայց ես զանգում եմ մորս ու հարցնում թե եկող շաբաթ զատիկի չամչով փլավը ոնց սարքեմ սոխի կճեպով ինչքան հավկիթ ներկեմ…. ձայնս գլուխս գցած երգում եմ իմ հանրապետությունում հայտարարված է լվացք գիշերվա հազարին ոտների թաթերի վրա ներս է սողոսկում տողս ու ասում, որ սոված է,


որ ինտերնետում ոչ մի հետաքրքիր բան չկար որ վաղը գնում ենք կինո նայելու հետո մատները խրում է մատներիս մեջ ու շշնջում ականջիս, որ կսպանի ամուսնուս ես ծիծաղում եմ ու ձեռի հետ մտածում, որ եթե այսպես շարունակվի, ես կմնամ տանը, իսկ տատս չի զլանա կրկնել, որ իմ տարիքում երեք երեխա ուներ… * այսքանից հետո չապրելն ինչ իմաստ ունի երբ սառնարանը լիքն է ես սկսում եմ տխրել սովորել ու նաև լրջանալ ձեր սեռն ինձ այլևս չի հետաքրքրում իսկ անցյալ շաբաթ գնեցի աղաման, արևային ակնոց ու թեյնիկ լրջորեն հիացա փռածս լվացքով երեկ զանգեցին կորած սերերս ու սպառնացին վերադառնալ հարուստ ու հաջողակ հասարակությունահաճո բայց հատկապես ծաղկազարդից հետո հեթանոսությունը մեջս տռճիկ է տալիս ու սիրտս լրիվ աղբանոցի ապրանք է դարձել քույրս մարսելից զանգում է ու կրկնում որ խոլեստեղոլը շատ վտանգավոր է որ աղ ու յուղ քիչ օգտագործենք որ չնայած հայ ենք, առավոտները վազել, չէ, գոնե մի կանգառ արագ քայլենք դու ասում ես` մայրդ ասել է` հասմիկը նիհարել է, մի քիչ շոկոլադ տուր թող ուտի ես գազանանոցում կանգնում եմ առյուծի վանդակի առաջ ու ասում` ոնց որ նիհարել ես, այ ախպեր հենում եմ գլուխս վանդակաճաղին ինչպես կհենեի քո մազոտ կրծքին ու հարցնում` ոնց ես, է …ծաղկազարդից հետո ես չգիտեմ ուր շպրտել սիրտս արցունքներիս հնաոճությունը ու կոկորդ պատռելն էլ անիմաստ է. աշխարհում դեռ բռունցքներ կան` ուժեղ աշխարհում մարդիկ կան` ինձանից բարձր գոռացող


և ավելի հոգնած դեմքեր կան` բազմոցից սահող-ընկնող հատակին այսքանից հետո ես չգիտեմ հոդվածի պոչը բռնել, թե բանաստեղծության գլխի տակ փափուկ բարձ դնել շարունակել քեզ հետ ապրել նույն երկնքի տակ մի թաղամասում, թե սկսել աշխատանք փնտրել և գնալ թուրքերենի դասերին իսկական քրիստոնյայի պես * իտալիայում ապրում է լիանան հասարակաց տան դիմաց, օտտո դիքսն ապրում էր մի նեղլիկ նրբանցքում` պոռնիկների կողքին իմ փնթի տողեր, իմ նարինե ավետյան, հիմա դու մամա ես, անունդ` թերեզիկ և ընկերներ, շվեյցարիայում դու խնդրեցիր քո գյուղից մի ֆոտո անել, տվեցիր հասցեն` տաշիրի շրջան, գյուղ սարչապետ: ես քայլում եմ լորկայի հետ նյու-յորքյան փողոցներով, 1930 թիվն է, իսկ կուբայում սևամորթները քնել են կամ մեռել: նա մոտեցել էր չելենտանոյին և հրաշալի իտալերենով ասել, որ սիրում է նրան,

«..և եթե երբևէ ձեզ հարկավոր լինի սիրտ, թոք կամ երիկամ, ես պատրաստ եմ տրամադրել իմը… » ոտի տակ տվեցիր քաղաքը ու գտար ֆրիդայի ականջօղերից` կտրված ձեռքեր


այսօր սեպտեմբեր 23ն է, թիվ 2009 ես` հիվանդ, գիշեր, տաքության մեջ կամ ռոքային խումհարի ասում եմ քեզ` չհիվանդանաս ու չզառանցես, թղթերդ չպատռես, եղունգներդ չկրծես, դեմքդ արյունլվիկ չանես, գլուխդ չսափրես, ավելի ուշ` հոկտեմբերյան անքնության մեջ իմ վախերից զատ իմ մերկության կենացը խմող մեկը կասի` սափրում ես գլուխդ, որ նորից ծնվես, վերածնվես, ու ես պարտվեցի, որովհետև մենք միշտ էլ նա ենք, ով հեռանում է, քնած, թե մեռած հիշողությունից ճնշված այս հայրենիքում, թե մի ուրիշ գնդակահարված մարմիններով, թե կուսական մաքրությամբ և գրողը քեզ տանի, գոնե դու չպարտվես… չպարտվես… չպարտվես… խնդրում եմ թափթփված սենյակներ.


ՓՆՏՐՎՈՒՄ Է ՀԱՎԱՔԱՐԱՐ թրեյսիի վագր ահա մի քանի տող ծխախոտի մասին մի քանի էջ բարձրաձայն նամակ Դ.Մ.-ի գրածներից դեղձի կոնյակի իտալիայի արամ պաչյանի քո իմ կանացի կտրտված ոտքերի պես գետնին թափթփված վրձիների գրքերի ու մեր մի քանի հոգանոց սերնդի մասին արվեստագետի կարիերայի արվեստագետի դերի մասին տանը և դրսում մի քանի բառ մենակության ընթերցող չունենալու միզանտրոպության մեզ դժբախտաբար սիրող մարդկանց մեր հարազատների ու հատկապես մեր ծնողների մասին գլխահակ գրվող մի քանի տող անպարտաճանաչության մասին ու մեր խեղճության մի քանի բառ տականքորեն հանճարեղների մասին որ պիկասոյի պես հարուստ էին ու աղքատ վան գոգի չափ և ահա կրկին մի քանի տող վերջացող ծխախոտի մասին դատարկ գրպանների չորացած հացի շպրտվող տոպրակի ու հնոտի արվեստի մասին և աստծո որ ինքնակամ լքել է երկինքը ու գնացել կամ իտալիա կամ փարիզ մի քանի հանգած ծխախոտ և մի լղարիկ բոհեմ * պոեզիան հաղթանդամ տղամարդու պես բռնել էր ձեռքիցս քարշ էր տալիս երկրագնդի բոլոր սենյակներով խոհանոցներից մեկում շուռ տվեց կիտրոնի թաղարը


հողը թափվեց գետնին` թթվի ամանի մոտ, վախից փորս ցավում էր, անկախ ինձնից ձեռքերս ճանկռոտում էին դեմքս, քաշքշում մազերս, իբր` ինչ ես ուզում ինձնից մայրս լացակումած խնդրում էր` բաց թող, բաց թող հայրս ու եղբայրներս փորձում էին կանգնեցնել նրան պոեզիան հրում էր բոլորին, ապտակում ու խփում, մամ, ասացի ես, թող տանի, պա, միևնույն է… արի, գոռում էր պոեզիան, ու նյարդերիս մեջ բառ-բառ խցկելով արցունքներս հողոտ ու ծակ զուգագուլպաներս գլխացավս հոգեբուժարանից փախած բույսի պես ես կծկվել էի բազմոցին ու նայում էի ընտանիքիս վախեցած անդամներին որոնց հետ պատահաբար ապրել էի երկար տարիներ պատուհանից կայծակի ձայն լսվեց պոեզիան տներից մեկի դուռը շրխկացրեց ու երկրագնդի բոլոր սենյակները ցնցվեցին


հայելին ճաք տվեց, ու ես նույն ճաքը զգացի գլխիս, հետո ոսկորներիս մեջ… հետո չէի զգում, որն է իմ ձեռքը, որը` պոեզիայինը, հետո ես շարունակ մրսում էի, պոեզիան էլ ծխում էր, հետո ես էի ծխում, պոեզիան մրսում էր, և աշուն էր երկրագնդի բոլոր սենյակներում, հոկտեմբերի վերջին կիրակի, որ բութն ու ցուցամատը ատրճանակի ձևով պահած շոյում էր քունքերս ու ճակատս, իսկ ես մրսում էի ու մրսում… * գիշերը բոբիկ ոտքերով տրորեցի թարմ ձյունը ու առավոտը բացվեց ծնկներիս մատներս ճանաչեցին քեզ դեռ հեռվից երևի գիտեին որ գալու ես գիշերով լցված ցինիզմը անտանելի հազում էր ու շարունակ փնտրում թաշկինակի չերևացող հետքերը կմոտենայի քեզ եթե կեսօրին ձյուն գար եթե անիմաստ մրսեիր ու անօգնական ոռնոցս չհասներ քեզ եթե սուրճ խմելիս օրը ծխեր քեզ հետ ու դու նմանակեիր նրան իմ անշաքար թեյը ոչ ոք չէր սիրում վախենում եմ անկրծկալ մենակությամբ շրջում եմ անկողնուց անկողին տրորում եմ աչքերս մի օր քեզ այլևս չեմ գտնի փաթեթավորում եմ քեզ առավոտվա դիզայնով ամենաբարակ ցելոֆանի մեջ տուն գնալիս կգցեմ սովետի փլուզումից այն կողմ չօգտագործվող փոստարկղը քեզ համար հեղափոխություն կանեմ


տները կմաքրեմ կդառնամ լավ աղջիկ կնստեմ կահույքի ինձ հատկացված տեղում ու լայն կժպտամ վախենում եմ վերմակի տակ կծկված զգում եմ ռոքի դառնահամը շուրթերիդ ու գիշերը ծանրանում է որովայնիս ցավի պես կմոտենայի քեզ եթե ձեռքդ դնեիր տիրոջ պես ու առավոտը իջներ աչքերիս ամենաթարմ հաղորդագրության նման որ սիրո պես կարճ է ու բառերի շատությունը խանգարում է հաճախ իսկ դու վաղուց գիտեիր աստղերի ճշգրիտ թիվը կոշիկիս համարն ու մատիս չափսը և նաև տեսել էիր գիշերվա հետքերը մարմնիս ոտքերիս մերկությունը ձյան մեջ ծնկներիս առավոտն ու ինձ որ չտեսի պես կանգնել էի հեռվում ու չգիտեի կողքինդ ես եմ թե չէ և մտածում էի մոտենալ քեզ թե սպասել որ ձյուն գար թափթփված սենյակներ. ՄԻ ՔԱՆԻ ԳԻՇԵՐ ՄԵՆԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՄԱՏՈՎ * ես վառեցի կարմիր լամպը քո գնալուց հետո որովհետև պետք է վառեի որովհետև ոչինչ չփոխվեց միայն աթոռները մտքիս մեջ քայլեցին հետո եկան այստեղ ու պառկեցին գետնին փողոցը կծկվեց իմ մեջ ես բացակայությանդ լուսամփոփը դաջեցի աչքերիս մեջ ես բաց պատուհանները ներկեցի աչքերիդ գույնով և սև ներքնազգեստով լռությունս արագ-արագ քայլեց հեծանիվի ետևից


ցուրտ է ու քառորդ դար հետո էլ իմ ձեռքերը չեն տաքանալու մարմինս առավել ևս մի գնա խնդրում եմ քո գնալուց հետո ես լապտերիկները կախ տվեցի նռնենուց պոկոտած ծաղիկների փոխարեն որոնք չէին աճում համառորեն մի գնա որովհետև հետո ստիպված ենք լինելու փնտրել իրար շշնջալ բառեր ուրիշների ականջին և ուրիշ մատների մեջ մեր մատներն ենք թողնելու իսկ իմ հասցեն փոփոխվում է շարունակ որովհետև իրականում այն չկա և ոռնոցներով լցված կոշիկներս անընդհատ բլոճներ են սատկացնում, որոնցից վախենում եմ սարսափելի իսկ ես հոգնել եմ հայացքների օտարության մեջ քեզ փնտրել-չգտնելուց սատկելուց ու ճզմվելուց ու ես հաճախ եմ վազում գժի պես քայլում ծննդատների կողքով թերթերում փնտրում եմ հարմար գներով վաճառվող տուն .............................................................................................. քո գնալուց հետո ես հասկացա որ մայրամուտին մենակ հետևելը տխուր է և հակացուցված քո գնալուց հետո լացս ջարդված աթոռները սարքեց քո գնալուց հետո ես ափսոսացի որ հեծանիվ քշել չգիտեմ քո գնալուց հետո ես վառեցի կարմիր լամպը ու պառկեցի քնելու…


* գիշերվա երկնքից երազները կաթկթում են, և առավոտյան օդը լցվում է գունավոր արցունքներով… …ես ամենուր իմ փոխարեն թողել էի վերքի պես մրմռացող ժպիտներս… …բոլորին, բոլորին…

«…Աստված իմ, գոնե մեկ օր ուզում եմ մենակ լինել,- գոռում էի հուսահատ, միևնույն է, հիմա էլ մենակ եմ ու առանց քեզ այս անիծյալ քաղաքում, որն ինձ պես շնչահեղձ է լինում իր մեջ ապրող արցունքներից… »… իմ չափահաս տխրության կոշիկների քուղերը քանդվել էին, ու նա վազելիս անընդհատ ընկնում էր… և հիմա քերծված ու արյունոտ ծնկներով եկել է քեզ մոտ, իմ սեր, ու փորձում է ժպտալ


միայն քեզ համար… …իսկ քո ձեռքերը ծխացող ճյուղեր են անբողբոջ գիշերվա ծնկներին և ի¯նչ լավն ես դու անտարբերի քո դերով, միա¯կս… դու մոտիկ ես, ինչպես գիշերաթիթեռի թևերի պես բացված դուռը և հեռու, բոլոր հեռվում գտնվողների նման… բոլոր տեսակի արցունքները հիմա ապրում են իմ մեջ, ինչպես քաղաքի կիսադեմը գիշերվա սահմանագծին և առավոտվա… …ու տխրությունս ավելի ամուր է ինձ գրկում կորցրած հարազատին գտնողի պես… * աղավնու թևեր տեսանք ճանապարհին սիրելիս աղավնու պոկված թևեր մեծ շենքեր ու մեծ մեքենաներ տեսանք սիրելիս


մեծ մեքենաները մեզ տարան լաբիրինթոսների միջով ու մենք մեծ քաղաքներ տեսանք սիրելիս և չեմ մոռանա սիրելիս ցեխոտ ու տրորված աղավնու փոքրիկ թևերը մեծ քաղաքի աղմկոտ ու բանսարկու ճանապարհի փոշում և դու էլ պատահաբար տրորեցիր ու անցար չեմ մոռանա սիրելիս և թե ինչպես գրկեցի քեզ համբուրեցի այտդ և դու գոռացիր բիս բրավո և կրկնություն պահանջեցիր չեմ մոռանա սիրելիս ես գլուխս հենել էի քո ուսին դու ոտքերդ դրեցիր քարի վրա ու ես բարկացա մարմինդ մեծ դագաղի էր նման սիրելիս ու կանչում էր ինձ ու ես շատ բարկացա սառը քամի կար պիտի որ չմրսեինք բայց մենք մրսեցինք հետո մենք անվերջ լքում էինք հին քաղաքը և ինչ լավն էր հին քաղաքը սիրելիս ամպամած այդ եղանակին միայնակ մարդու մենության պես հարազատ ու ռոմանտիկ և կապված մի շուն էլ հավես չուներ հաչալու և ոնց գլխի ընկավ այդ շունը սիրելիս որ մենք օտարներ չենք բնավ ես բարձրաձայնում էի անունդ անընդհատ


և ինչ լավ է հնչում անունդ հեթանոս հեթանոս հեթանոս իմ աստված և ինչ կրքոտ էր ու թարմ և ինչ խաղաղ ես դու իսկը քրիստոնյա և ինչքան եմ քեզ սիրում երբ դու ես ինձ սիրում և ինչ քամի էր մեծ ու բարձր քամի ու ես վավզում էի ու քամին ինձ կքշեր եթե ձեռքս չբռնեիր սիրելիս ես անչափ թեթև էի ու բաց գարնանային ու մարմինս հայրենիքն էր մահվան սիրելիս ինչ հաճելի է քեզ ասել սիրելիս և էլի սիրելիս ու անվերջ սիրելիս դու երջանիկ ես վարդան հակոբյանի ասած` բարձրախոսեցիր դու ես երջանիկ էի ես հետևում էի թե դու ոնց ես իջնում աստիճաններով ոնց մոտեցար տաքսուն ոնց նայեցիր պատուհանից ու ես ոնց ժպտացի մերկ ու անկեղծ սիրով և երկար թափահարեցի ձեռքս օդում ուր ագռավներ կային քամի կար բարձրություններից քո վախը կար և իմ ցանկությունը անընդհատ ուզում էի գոռալ ու ամաչում էի երջանիկ ես գոռալու կարիք չունես ասացիր


պոկված թևեր տեսանք ճանապարհին սիրելիս կարևոր չի ով էր մոռացել այդտեղ պոկված թևեր էին սիրելիս ու դու պատահաբար տրորեցիր և ինչ բարձր քամի էր սիրելիս բայց դու ձեռքս բռնեցիր որ քամին ինձ չքշեր * առավոտ: 07:20: անկողին: սիրային ոտանավոր` օրվա պատուհանը շրջանցող ծիծեռնակի պես, մտքերդ դանդաղ մերսող ատամնացավ, դանդաղ կյանք` մերսող մարդկանց: սկզբում` սերն էր, հետո` խղճահարությունը, հետո ամեն ինչ անորոշ էր շատ, որ կինը գնաց չստացվող գիշերներից հեռու, զարթուցիչի ձայնով սկսվող ու տեղնուտեղը վերջացող առավոտներից հեռու, ամեն ինչով գործազուրկ ամուսնուց հեռու, և դեռ հարևանուհուն էլ մի վերջին անգամ լացուկոծով բողոքեց. - քթիդ տակ մեծանում են երեխաներդ, հասնում բոյիդ, իսկ դու դեռ մտածում ես` ձվից դուրս եկան, թե… կինը գնաց: կինը մնաց կին: մնաց ծննդաբերությունից մնացած հետքերի


և օրվա հետ, որ ձգվում է քաղաքային հասունացող ողջ մելամաղձով: ինչ տարբերություն առավոտ, թե… 07:20: անկողին: օրագիր: կանգնեց, ձգեց գոտին, նստեց, ծխեց, կանգնեց, քայլեց, հետ եկավ, (ինչ-որ մեկը լվացքը հավաքեց, առավոտ է ախր, 07:28) նստեց, հայացքը գնաց հեռու, հետո ինքն էլ գնաց` հայացքը ետ բերելու ու չեկավ, կանգնեց, կանգնեց, գրկեց, բաց թողեց… լինեիր դիակ գնա մեռի, արի սիրեմ բաց թողեցիր, գնացի ու չեկա ...ու կինը մնաց... իջանք աստիճաններով, կանգառով, փողոցով, փակ ու բաց խանութների դռների կողքով, շենքի բակով… գրկիր ինձ զոմբիացած, ապշած, շոկի մեջ, խղճահարությունից դրդված, անորոշ, կշտացած հիասթափությամբ, մայթով… բաց թող ձեռքս… վտանգավոր գոտում ենք, և սոված սրտով տանը ես` նստեցի գրելու, նա` կանգնեց նկարելու,


ամբողջ գիշեր մինչև առավոտ 07:34 մեր սերերի մասին` չստացված, հետևաբար` մեզ միշտ շատ մոտ… ու կինը մնաց երկուսի փոխարեն պարտվելու: ծննդաբերությունից մնացած հետքեր` փոքրիկ ծիծեռնակների պես թափառող մարմնիդ երկնքում... դանդաղ կյանք առավոտ դանդաղ կյանք * առավոտ լողացած մարդու մարմնի պես թարմ ու առույգ երբ նախորդ օրը թարգմանվում է անցյալերեն կեսօրի պես սահուն անցում կատարելով դեպի երեկո քահանա որ եկեղեցուց դուրս հրաշալի տղամարդ է ունի ընտանիք ու երեխաներ և կենցաղային մանր-մունր հարցեր որոնք լուծվում կամ չեն լուծվում անկախ Աստծո գոյությունից նոր պարբերություն շենքերի միջից գլուխը բարձրացնող բակային հեղինակություններ և չճշտված թաղային հարցուփորձ ու ես որ սրճից սևացած սփռոցը թափ եմ տալիս դուրս ու բանաստեղծություններս ուզած-չուզած քահանայի առնական աղոթքից և մրուրի գուշակությունից թուլացած


ծաղկում են երազների պես գիշերվա պատուհաններին պարզապես առավոտ մի քիչ էլ քնելու ցանկություն սիրահարված տղա որ իրենց տնից ստիպում է ծուլորեն վերցնել հեռախոսը ու պատասխանել ռուսախոս հաղորդագրությանը նոր պարբերություն առավոտյան կատարվող պատարագ և լողացած մարդու մարմնի պես թարմ ու առույգ մեղք որ սահուն անցում է կատարում դեպի սերը աչքերիդ մեջ նայող ու չթարգմանվող ոչ մի լեզվով ԴԱՌԸ ՆՈՅԵՄԲԵՐ * այգի առ այգի աշուն առ աշուն կրակայրիչը ձեռքիս օրը ցերեկով փնտրում եմ քեզ ամիսը վերջանում է զարմանալի արագությամբ անշտապ քայլերով մի կում խմիր սուրճիցդ հագիր վերարկուդ ստուգիր գրպաններդ և… որտե՞ղ ինձ մոռացար, սիրելիս քաղաքի ափսեին սուրճի բաժակի պես շրջվում էր գիշերը (երևի կսեղմվեիր ինձ հիմա) նոյեմբերը դառն էր բայց ավելի դառն էր սուրճը ամենադառը անձրևն էր որ հետաքրքրությունից մեռնելով թափվում էր կանգառի գորշության մեջ սեղմում կատվի միզահոտը գլխացավի նորագույն տեսակն ու


հին ընկերների չերևացող տարբերակները այգի առ այգի աշուն առ աշուն փողոցի կոնքերն ի վար ես գծում եմ անունդ ոտքերով ուսերիս գցիր ցուրտը և աղոթիր մոտակա կանգառում որովհետև ես միակ աղջիկը չեմ ով կրակայրիչը ձեռքիս փնտրում է քեզ և պատրաստվում է դաժանորեն ժպտալ թե` որտե՞ղ ինձ մոռացար, սիրելիս թե` կսեղմվեիր ինձ հիմա ինչպես բոբիկ ոտնամատերդ սեղմող կոշիկներում և բարձը չքնելուց զզված աչքերիդ կսեղմվեիր ինձ եթե ևս մի անգամ համարձակությունդ կարոտեր ինձ sms-եիր ինձ ու կրկին անհետանայիր ես սովոր եմ արդեն քո քառակուսի հումորների ճաղերի ետևից որսալ ծիծաղիս պատռված գուլպաները նոյեմբերի սրճահամ ցեխաջրերն ու գիշերվա սառչող հմայքները առավոտվա ապակիներին կսեղմվեիր ինձ` կրակայրիչը ձեռքիս օրը ցերեկով քեզ փնտրող ինձ` ավելի դառը, քան նոյեմբերը ինձ` ավելի մենակ, քան մենությունը երևի հիմա անշտապ քայլելով մի կում խմիր սուրճիցդ ծխիր բոլոր մտքերդ և հանգիստ թող աստծուն` կանգառի գորշության մեջ փոքրացած և մի’, մի’ սեղմվիր ինձ ինչպես բոբիկ ոտնամատերս սեղմող կոշիկներում և բարձը չքնելուց զզված աչքերիս որովհետև ես միակ աղջիկը չեմ ով ժպտում է կրակայրիչը ձեռքին և այգի առ այգի աշուն առ աշուն այրում հերթական տերևների չորացած ընկերախումբը զարմանալի, զարմանալի արագությամբ… որտե՞ղ ինձ մոռացաք, սիրելիներ…


* երկու րոպե հետո աշունը կվերջանա աշունը կլքի քաղաքը դռների մոտ կանգնած տղամարդիկ կօրորեն գլուխները ու կանայք ավելի տաք կհագնվեն ես շուռումուռ կգամ անկողնում անձրևից փայլող փողոցում ետ ու առաջ կանեմ կարթնանամ ու կքնեմ ջրափոսի մեջ կլվանամ կոշիկներս մեռելների հետ սեր կանեմ կծխեմ գերեզմանաթմբին գլխահակ ու տխուր իսկ երկու րոպե հետո աշունը կվերջանա ու դռանս մոտ կանգնած տղամարդը կօրորի գլուխը ու ես ավելի տաք հագնված չեմ իմանա ինչպես ապրել այլևս այս ծերացող քաղաքում ում վաղուց լքել են հեթանոս աստվածները * և հեթանոս աստվածները զգուշացրեցին` կգան օրեր թռչունները կթռչեն հեռվում ծառերը կանաչ կլինեն երեխաներ կպառկեն հողի վրա և մատներով կճզմեն ցանկությունները ծնողների և ծնողները ուշացած կողբան օրերի հեռվում


և օրերի հեռվում աշուն կլինի ես չգիտեմ ինչպես ապրել, աղջիկ այս քաղաքում ուր մոլեգնում է նոյեմբերի թախիծը պատուհանիս տակ հարբած ուրվականները թափառում են ձմռանը և մեռելներն ինձ ուղեկցում են մինչև շենքի բակ աղջիկ ես, կին ես, ինչ ես, լսում ես, ես մենակ եմ հիմա… ես միայն մի առասպել գիտեմ պատուհաններից կթռչեն մարդիկ` թարգմանելու քաղաքը խոնավ փողոցներով կվազեն գժանոցից փախած հիվանդները և դեղահաբերի հոտից թմրած ծառերը կքայլեն ես միայն մի առասպել գիտեմ այս քաղաքում մոլեգնում է սխալ բանաստեղծությունը ու ես գիտեմ, որ մարդիկ թռչում են բայց չեմ հիշում ոնց գժերը թավալվում են ձյուների մեջ ես ոտքերով դոփում են գետնին նոյեմբեր է թախիծ է ու տոն ու ես չգիտեմ ինչպես ճիշտ ապրել աղջիկ ասաց չար ձայնով ուրիշ քաղաքի մի հին ուրվական քո խելքի բանը չի պոեզիան էսօր տոն է, արի գինի խմենք ու մեռցնենք ևս մի օր


այս քաղաքում այս քաղաքի սեղանների տակ շարվում են դատարկ շշերը իմ սիրած մեռելը պառկեց մերկ աղջկա կողքին ու ես հեծկլտում եմ մինչև շենքի բակ ու սեղմում բռունցքներս ճակատիս մենակությունս` գինեհոտ ու կեղտոտ ու՞մ գլխին ջարդեմ ես հիմա… քաղաքում մոլեգնում է իմ սիրտը` դատարկ շիշ, ուր որ է կբացեմ պատուհանը և նոյեմբերյան անձրևը կներծծվի ոտքերիս մեջ ուժեղ, շատ ուժեղ կթափահարեմ թևերս և հինգերորդ հարկից քաղաքը ավելի հին կթվա քաղաքին թարգմանելը` դժվար բայց ես ուժեղ, շատ ուժեղ կթափահարեմ թևերս որովհետև գիտեմ որ թևեր ունեմ և մարդիկ թռչում են հետո ի՞նչ, որ չեմ հիշում ոնց նոյեմբեր է, թախիծ է ու… * ես մի օր կվազեմ գրադարանների աստիճաններն ի վար կարևոր գործից ուշացողի նման բազրիքներից կառչելով ու ընկնելով գրքերի հոտից խեղդվելով մի օր աստիճաններով


կիջնեմ ու կփորձեմ փրկվել չար վհուկ-գրականությունից դռների մոտ ինձ կսպասեն ագռավները ագռավները` սև, մեծ ճանկերով, կտցահարելու պատրաստ սրված կտուցներով ագռավները որոնց երբեք չեն սիրում բայց ես կասեմ` ագռավներ, ուշադրություն ես չեմ ատում ձեզ ավելին, սիրում եմ որովհետև, ուշադրություն, ես ագռավ եմ` սև, մեծ եղունգներով, կտցահարելու պատրաստ լեզու-բերան-ատամներով և, ահավասիկ, իմ պոեզիան` ամենաիսկական թռչող ավել, բաց արեք դռներն այս, հարազատներս, որ միայն կակազել գիտեն դրսի աշխարհի մասին ու եկեք միասին թռչենք փողոցները բաժանող շենքերի վրայով արևից խեղդվող սրճարանների պարապության միջով դեպի տաք, տաք, տաք երկրներ ուր մենք ջազ կլսենք ուր արևի մեջ ձիերի վարգ կլինի


ձիեր… ռունգերում` կիրք ու անապատի տաք փոշի աչքերում` կրակ ու անապատ, անապատ ու կրակ տաք, տաք, տաք երկրներում փողոցային շները կկռվեն ու մենք մեր անթերի կռռռռոցով խղճուկ մարդկանց սրտերը կլցնենք վախով, պոեզիայով ու սարսափով… ագռավներ ես վազել եմ գրադարանների աստիճաններն ի վար բազրիքներից կառչելով ու ընկնելով գրքերի հոտից խեղդվելով երկար շատ երկար ժամանակ վազել եմ խնդրում եմ փրկեք ինձ այս չար վհուկ-գրականությունից բաց արեք դռներն ու պատուհանները որ միայն կակազում են դրսի աշխարհի մասին և ոչինչ չգիտեն տաք, տաք, տաք երկրներից ագռավներ եկեք իմ ետևից ու կռռռռացեք որովհետև, ուշադրություն, ես աղջիկ եմ ու պոետ… ագռավ եմ բզկտենք միասին մարդկանց սրտերը


պոեզիայի չարագուշակ կռռռռոցով… գրադարան, ես քեզ չեմ մոռանա և նաև քեզ, երկիր մոլորակ և ներեք իմ սխալները, որովհետև ես ներել եմ ձերը և սիրեք ինձ, ես ձեզ էլ չեմ ատում ագռավներ, դե բացեք դռները… նամակ իմ մոլորակում նստած սպասում եմ քեզ սիրելիս ես մեն-մենակ եմ այս մոլորակում ոչ ոք չկա երկրագունդը լքելիս մի կատու ոտքս լիզեց մտածեցի ինձ սիրում է երկար ժամանակ իմ մոլորակում նստած ես մլավում էի և կատուն հասկանում էր որ ես սպասում եմ քեզ այստեղ մի փոքրիկ օվկիանոս կա բայց լողալ չիմանալու պատճառով փորձում եմ մտածել որ ոչ մի փոքրիկ օվկիանոս էլ չկա այստեղ տներ չկան փողոց չկա և շենքեր էլ չկան և ինչպես սկզբում ասացի մեն-մենակ եմ վերջին անգամ տուն սարքել եմ փոքր ժամանակ ցեխով հետո լեգոյով հետո… մեծացա երկրագունդը լքելիս երբ ոչ մի կատու դեռ ոտքս չէր լիզել որոշեցի ձուկ պահել գնացի «անտառային ձայներ»


և քանի որ փող չունեի և քանի որ վերջին անգամ էի երկրագնդում ես երկար նայեցի ձկներին ու դուրս եկա փոքրիկ օվկիանոսին հեռվից նայելիս աչքերիս մեջ ձկներ են հայտնվում ու ես սկսում եմ ավելի շատ քեզ սպասել իմ մոլորակը ես կատուն աչքերիս միջի ձկները գիտենք որ մեր օրերը դռներ են որի ետևում դու չես կանգնելու օվկիանոսին նայելիս ես հիշում եմ լոգարանն ու իմ գրքերը կարոտում եմ քաղաքի ձայնը հոտը գույնը …Աստծուն մոլորակը հասկանում է ինձ կեսգիշերից անց ոչ ոք չի խոսի ինձ հետ ես պառկում եմ մոլորակին կծկվում ու սպասում մինչև որ մայրս հարևան մոլորակից կանչում է ինձ տուն և այստեղից սովորաբար սկսվում է պոեզիան որը լրիվ ուրիշ բանաստեղծություն է… Պոեզիան… …և այնտեղ, որտեղ սովորաբար սկսվում է պոեզիան և որը հենց այս բանաստեղծություն է մայրս սեղանին երեքի փոխարեն մի թաս լվացած խնձոր է դնում փողոցներում սպիտակ սքեյթով ասպետներ են հայտնվում և վերջապես ՙԱվանգարդ՚ի հերթական փարթիներից մեկը լքելիս ես կոշիկս մոռանում եմ աստիճանին և քանի որ մինչև կեսգիշեր դեռ մի քանի ժամ կա անհույս սպասում եմ դեղին գրեթե ղափամայի հոտով հրաշքների.


այն է` դեղին տաքսուց դեղին դդում մետամորֆոզների քիչ ավելի ուշ ջինսով ոչ այնքան իմ, բայց արքայազնը նկատում է կոշիկս ու զարմանում որովհետև իմ 38 ու մոխրոտիկյան դոգմայացած 35 համարի միջև տարբերությունն իրոք զարմանալի է և մինչ նրա զարմանքը երկարում է փողոցի լայնությամբ ես հասնում եմ տուն թեթևացած շունչ քաշում և իմ լոգարանում անձրևներ են սկսվում հետո ջրհեղեղներ են լինում ես գլխաբաց ու մերկ ընդունում եմ ցնցուղից իջնող իմ մոլորակի ձայնը հոտը գույնը …Աստծուն ես կանգնում եմ զուգարանակոնքին և ձեռքերս ձգվում են առաստաղից անդին գրեթե հպվում եմ իմ մոլորակին մայրս թակում է դուռը և խնդրում արագացնել ոչ ոք չի հասկանում ինձ կեսգիշերից անց է ես պառկում եմ լոգասենյակի սառը հատակին ու մատով շոյում մոլորակիս որը հիմա մեն-մենակ է ու որտեղ հիմա ոչ ոք չկա… ես այստեղ սովորաբար սկսում եմ լացել վերջում աղոթել իսկ պոեզիան կանգնում է դռան ետևում և խնդրում արագացնել * Նոր տարի է շուտով կմոտենա ինձ Ձմեռ պապին` ավանդական կարմիր հագուստով, կոշտուկոպիտ, մազմզոտ ու ծակող պարանը ձեռքին, բացող պարկը` լցված ավանդական խաղալիքներով, կմոտենա ու կասի` քաշքշիր իմ մորուքը` կոշտուկոպիտ, մազմզոտ ու ծակող, ինչպես պարանն այս`


պարկը բացող, հոտոտիր գույնն իմ մուշտակի, որ բուրում է այլմոլորակային պրոբլեմներով, և սիրիր ինձ, ես քո հյուրն եմ, և խմած եմ մի քիչ և ուշ նկատեցի հաղորդագրությունդ… շուտով, շուտով կմոտենա ինձ Ձմեռ պապին փուչիկներ, չպայթեք, խնդրում եմ, ես զարդարում եմ մեր տունը, տոնածառի լույսեր, հանկարծ չփչանաք, ես այլևս գումար չունեմ նորը գնելու համար, և խոզի միս, կամ ավելի ստույգ` ողնաշարի կարմրացված հատված, նաև սնկով սալաթ` մայոնեզով ու լոբով, չթունավորեք իմ հյուրերին, ես սիրում եմ նրանց, ինչպես իմ պրոբլեմներն` ինձ օ իմ պրոբլեմներ, դուք երկար ժամանակ սոված եք մնացել, ներեք ինձ և կերեք ինձ հում-հում, եթե ուզում եք, չնայած, ասում են, դառն եմ օ իմ պրոբլեմներ, դուք միայն իմ վզին եք սազում, ինչպես փայլփլուն այս բիժուտերիաները` որ ձգվում եմ դեպի ինձ խանութ առ խանութ, ցուցափեղկից ցուցափեղկ և անփող գրպաններից մինչև ապագա միլիոնատիրուհի… օ իմ սքանչելի պրոբլեմներ, բայց դուք ինչքան եք իմ վզին սազում, ինչպես նաև ներկա պարանն այս` կոշտուկոպիտ, մազմզոտ ու ծակող… իսկ ես չեմ հասցնի լողանալ, վարսավիրանոց գնալ ժամը 8-ին, արհեստական եղունգներ կպցնել, ներկել կարմիր և կատվային իմ հմայքով գերել Ձմեռ պապին, որ շուտով, շատ շուտով կմոտենա ինձ, և…


մնաք բարով, իմ տասներկու երազանք… Նոր տարի է ոչ ոք չի մոտենում ինձ, որովհետև կապված աչքերով իսկապես չեմ տեսնում, թե ով է մոտենում ինձ, չնայած Նոր տարի է անհաջող Ձյունանուշ եմ խաղում և հետո տգեղ եմ ու ինչպես ասում են` դառը, չեմ կարողանում չնկատել ինձ նայող երեխաներին, նրանց ծնողներին ու կարմիր հոտով մուշտակի կոճակները արձակած, չխնամված մորուքով հերթական հարբած տղամարդուն, որ Ձմեռ պապ է խաղում մնաք բարով, իմ տասնմեկ երազանք… Նոր տարի է… կշտանանք երկուսով դու` թռչուն երկնքի, ես` բույս` աճած երկրի վրա, ցած իջիր, կտցահարիր ինձ, սիրիր, մի տես` թերթիկներս բացել եմ վայրի քնքշանքով, մի տես` ինչ ուժգին եմ բուրում, մի տես` ինչ գունավոր եմ ես ու իսկը քեզ համար, ցող ունեմ քեզ համար` առավոտից պահած, ծաղկափոշի` հանց մանանա` մի տես` քանի մեղու ու բզեզ խորտակվել են իմ մեջ, ճաշակիր մեղվիկներին ցերեկվա ճաշին և բզեզով ընթրիք արա`


ճոխ ու հագեցած… համբարձում յայլա, յայլա ջան, յայլա, ճոխ ու հագեցած… այ չաչանակ երկնքի, այ կաչաղակ իմ սիրած, թե չսիրես` ես կթոշնեմ, կցամաքեմ թփիս վրա, հարս ու աղջիկ` ձեռ-ձեռ տված, սար-ձոր պտտելիս ինձ էլ կտեսնեն, կպոկեն-կտանեն ու թաքուն-թաքուն չեմ ասի, թե որ գրքի մեջ կդնեն, խելոք-խելոք բաներ կսովորեմ, կդառնամ ուսանող, ասպիրանտ, թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր, էնքան կխելոքանամ, ինձ ու ինձ դեղահաբ կդառնամ, կընկնեմ չոլերը, դու` սոված ծիտ, կգաս ու ինձ կճանաչես, չես ուտի, կարհամարհես, կզզվես ինձնից, կասես` յա’խք, թու-թու-թու, կտուցով երեք անգամ փետին կխփես, ես` փորուփոշման, թախծոտ ու անիմաստ, հենց էնպես,


ուղղակի թակարդ կդառնամ, կպառկեմ կիևյան կամրջի տակ` ջրերի մեջ, որ խորտակվեմ, սատկեմ, որ ուրիշ բույսերի հռհռոցը չլսեմ, դու` բանից անտեղյակ թռչուն, կգաս ու կընկնես մեջս, քեզ գտած կգրկեմ քեզ, կսիրեմ, կպաչպչեմ թակարդ-ուռկանավարի` փաթաթված կտուցիդ, դու թևերդ կչփչփացնես ջրի մեջ, կխռխռաս ու աչքերդ կփակես, թափ-թազա ռոմեո-ջուլետի, տրիստան-իզոլդի, լեյլուն-մեջնունի, հս-ի ու իր պես ջրերի տակ կանցնենք, ախր ասում էի քեզ` ցած իջիր, կեր ինձ, կշտանանք երկուսով… ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ Այս աշունը մեր տան ամենացուրտ եղանակն էր. լվացքի պարանին շորերը չէին չորանում, ու ստիպված մենք էինք չորանում հագուստների մեջ… - ծեծից մարդիկ տաքանում են, գլուխս ձեռքերով պաշտպանած մտածում էի ես ու թերթում Աստվածաշունչը, որտեղ տաքանալու մասին ոչինչ չկար գրված… - կյանքում հերդ ինձ մատով չի կպել, կրկնեց մայրս


ու ավլեց արցունքները, որ անխնա թափել էինք բոլորս… …և երաժշտության հետ կտրատված կանաչին աղցան չէր դառնում, իսկ աշունը բնավ էլ դեղին չէր, և արև կար, որ անհասանելի էր դոլարների պես ու կապի… հայրս ծխում էր… մտովի ստացած ապտակներից տաքացած գլուխս չբարձրացրեցի… - անցեք քնելու, - ասաց հայրս, և դժվար էր հասկանալ` նա էր ծխախոտ ծխում, թե ծխախոտը` նրան… …և աշունը բնավ էլ դեղին չէր, կանաչը ամենուր էր և շատ, մեր գրպաններից բացի, ու աշունը, գլուխը ձեռքերով պաշտպանած, թերթվում էր Աստվածաշնչի պես ապտակներից տաքացած ու նյարդային դողով… * ակորդեոնի պես բացվող-փակվող աշունների միջից ես գտա իմը մազերը թրջվեցին անձրևից իսկ պարտությունից ձյան հոտ էր գալիս ես աղոթում էի ձեռքերս գրպանները դրած քայլ առ քայլ աշունը հեռանում էր կանգառից անձրևի չոր հազը կոկորդովս կուլ չէր գնում ու լացը ինչ-որ չէր ստացվում…


հուսահատությունը փորձում էր գրկել ուսերը ես նայում էի հեռուն ու ոչինչ չէի տեսնում քայլ առ քայլ քայլ առ քայլ քայլ առ քայլ բացվող-փակվող ակորդեոն ու աշուն փողոցներով անիմաստ մարդիկ քայլում էին չորացած նոտաների վրայով երևի չգիտեին որ մազերս թրջվել էին անձրևից երևի չգիտեին որ պարտությունիցս ձյան հոտ էր գալիս երևի չգիտեին որ հեռվում մոլորակներ կան և աշնան հոտով եղանակներ և անտարբեր փողոցներ որտեղ թափառում են բանաստեղծ-աղջիկները և նրանց ետևից տող առ տող պոկվում են տերևները և անտուփ ակորդեոնները ձգվում են փողոցից փողոց ցնցուղից տաք շիթով իջնում են անձրևները և ծուլորեն մեռնող մատները բարձրանում են թռչունների պես քայլ առ քայլ քայլ առ քայլ քայլ առ քայլ… երկիր մոլորակի ամենասովորական եկեղեցիներից մեկում ես աստծուն ներկայանում էի ամենատխուր աղոթքով և նոր սանրվածքով (որը տուն մտնելուց առաջ վերջնականապես կործանվելու էր) դիմացի աղջիկը սրբում էր քիթը ինձանից առաջ երկու հոգի որոշել էին բոլոր մոմերը գնել ես ձեռքերս դրել էի գրպանս և զանգի էի սպասում… քայլ առ քայլ քայլ առ քայլ քայլ… * - կմրսես, - հիշեցրեց մայրս, ու գիշերը նրա հետ հեռացավ քնելու, իսկ սենյակում մնացին ծուխն ու


լացի մի տեսակը, որի անունը չգիտեի… …ծխապատ բիբերիս միջից մորս հիշեցումը երբեմն - երբեմն մրսում էր, ու ջարդված ապակիների` գլխի պես ցավոտ ձայնը թարթում էր աչքերը, հարևան հիվանդ ու միայնակ կնոջ պես, որին շտապ օգնության մեքենան հեռացրեց, ու փողոցում նրանց ետևից ձգվեց գիշերը` ավելի սև ու ավելի երկար… - Աիդա տատիկին տարան, ասաց մայրս` փակելով դուռը, և օրերը դատարկ մանիկյուրների նման խոսում էին սեղանի մյուս անկյունից. հեռացող մարդկանց չուն ձգվում էր երկնքի բացված պատուհանից… - կկարոտեմ, - հողի ձայնը տաք էր… …ու ես մրսում էի, միջիս մենակությունը ոռնում էր,


և գիշերվա ատամների մեջ զսպված քրքիջ կար, ես այն քաշքշում էի սանձի պես, ու ծխապատ բիբերիս մեջ լացի մի տեսակ կար, որի անունը չգիտեի… * օրերի կլիմայական միապաղաղությունը արագ-արագ թարթում է աչքերը մահապարտի նման որ կում-կում խմում է ազատությունը… տարօրինակ մարդկանց խոնավություն կա ամենուր հիմա փողոցը կրծում է եղունգները ես ամեն կերպ թաքցնում եմ թուլացած ձեռքերս անօգնական գրպաններիս անհայացք խորության մեջ մամ ապտակիր ինձ ես հավես չունեմ ուղղակի ապրելու քո ուզած դստեր չափած-ձևած քնապարկում մեր խոհանոցի պատերի սպիտակության մեջ քո հողաթափերի քստքստոցը ավելի իրական է քան իմ չգրած բանաստեղծությունը և առավել իրական է ձանձրույթը որ բարեկամաբար ձեռքը թփթփացնում է ուսիս շոյում այտս ու հարցնում ցավազրկի թե ոչ շների ցից ոսկորներով ոռնոցը փշաքաղվում է երկնքի խոռոչում գիշերը փչացած ատամնաշարի պես նեխահոտը շպրտում է երեսիս ես արագ-արագ թարթում եմ աչքերս և կում-կում խմում թեյս որից բնավ էլ ազատության համ չի գալիս գիշերը ուղղակի գիշեր էր փակիր դուռը մամ Աղոթք ակվարիումային քաղաք բացիր թևերդ


ինձ նման և ինչպես ֆիլմի դանդաղեցված կադր դեմքիդ անփույթ կհալվի արցունքների պաննոն բոբիկ ոտքերդ կիջեցնես ջրի մեջ և Հիսուսը երկրորդ անգամ կքայլի ջրերի վրայով և ցանցը ցանցում ձկնորսների կհայտնվես դու հեքիաթային երկար մազերով առանց պոչի իսկական ջրահարս ակվարիումային քաղաք բացիր թևերդ և ընդունիր քո գիրկը անառակ քո դստերը շիկացած տանիքների լռության մեջ վազող և փողոցների` գոլորշու պես բարձրացող տաք աղմուկը հեքիաթային երկար մազերին 38 համարի կոշիկի մեկը կորցրած կիսափուչիկ վարդագույն վերարկուով անառակ քո դստերը ընդունիր քո գիրկը քաղաք և հեռացիր պատուհաններից դրանք նետվելու համար չեն տանիքները հորիզոնով ծանրացած տանիքներին թող քո վազքը և ցանցը քամուց փռփռացող ցանցը մարմնիդ, որ դեռ հավատում է հրաշքների գոռա բարձրաձայն բոլոր մեռյալների անունից դանակ-գդալների նման իրար կողք քնած մարդկանց ստիպիր արթնանալ ստիպիր շոշափել միմյանց դեմքերին անփույթ հալվող արցունքների պաննոն և վերջապես աղբարկղը նետիր մանկական հիստերիաների պես կրկնվող գիշեր-ցերեկը տոների ծերացնող հերթափոխը սատկած թռչուններին ձկների փշերը մարմնիցդ քամված մեղքն ու դեղին տերևները… ակվարիումային քաղաք բացիր թևերդ և ընդունիր քո գիրկը անառակ քո դստրերին հեքիաթային երկար մազերով


38 համարի կոշիկի մեկը կորցրած վերարկուով կամ անցանց…

Hasmik Simonyan  

Taphtphvac senyakner

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you