Page 1

Աշոտ Գաբրիելյան

ԳԵՂԵՑԻԿ ԲԱՌԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ (շարք)

*** Գնացիր գեղեցիկ բառերից այն կողմ, Ու մերկացած բառերդ քեզ հետ տարար, Որ քեզ արտասվելու ժամանակ լինի… Ծիածանից այն կողմ իմ գույներն են քո աչքերի մեջ. Մեզ իրար կապող բոլոր կամարները Աշխարհից այն կողմ են…

*** Անտառելի տողն իր ռիթմով ելևէջում է իմ ներսում. Խոսքեր չեմ գտնում, Որովհետև նայում եմ Աստծու աչքերի մեջ... Ու թվում է, թե Նրա տաք աչքերի բուրվառում Առաջին բառն է ծնվում, Որի մեջ ահագնանում է սարսուռը՝ Չարարված հնչյունների թախիծով ակնամոմված... Ու հիմա առաջին մարդու նման Ուզում եմ սիրուց պոկվել ու ճչալ, Բայց կոկորդս անարձագանք է մնում... Եվ ցավը երեսս շրջում է, Իսկ ես հեռանում եմ՝ Թիկունքիցս լսելով Աստծու անբառ աղոթքները, Որոնք որոնել ու չեմ գտել...

*** Ծովի ու ցամաքի եզրին Աստծո մատն է աղակալում... Քո երկունքի ու իմ միջև


Ծովի ու ցամաքի երազն է պտղավորվում՝ Արարման օրերի ներդաշնությունը երկնելու համար... Կոնքերիդ տարփահեզ ամբարում Պահպանիր իմ հղած արարման շաբաթը Եվ քարացած արցունքներիդ միջից Հանիր բյուրեղյա բառերը, Ուզում եմ համտեսել Աստծո և իմ միջև եղած Բառերի ոգին...

*** Կոկիկ հագնված ու պինդ կոճկված Բառերի մարմիններն եմ Գծագրում իմ անշոշափ հիշողության մեջ... Եվ մատներիս կրակը Ուզում է իր բոցի մեջ առնել Նրանց ստինքների կաթնաղբյուրը... Շուրթե՛ր, մի աղոթեք Իմ համբույրի հիշողությունը Նրանց հղկված մահարձանի Ստվերներում... Իմ սիրո համար Լիզեք բառերի մերկ պտուկները Եվ դավաճանեք բոլոր սերերիս, Որոնք մի օր հաստատ Վերջին անգամ են ծննդաբերելու...

*** Երբ ԲԱՌ-ը ձայն դարձավ, Ես ու դու խլացանք Եվ չլսեցինք այլևս տիեզերքի աղմուկը... Սերը փրկելու համար Ես բանաստեղծություն գրեցի` Փորձելով ԲԱՌը վերծանել, Եվ երբ բառս գիր դարձավ՝ Մենք կուրացանք...


*** Ինձ հարկավոր չեն քո խոսքերը, Որոնց բառերը ես չեմ կարող վերծանել, Ինչպես չեմ կարող հասկանալ ձկան համրությունը... Որքան ինձ ժամանակը առաջ է մղում, Ես այնքան փոշոտվում եմ անցյալով, Որտեղ անընտել են բառերը... Իմ խոսքը վախճանին է հասնում, Իսկ բառը քո կրծքի վրա Բացվում է դեղձի ծաղկի պես Եվ ընտանի բառերը խեղդում են հիշողությունը։

*** Բոլոր բառերը մոխրացնել է պետք, Որպեսզի մերձենամ քեզ... Որոնցում ծովն է փրփրում Ու ցամաք նետում Քո պիրկ մարմինը... Բառերն այրվում են Ու չեն մոխրանում... Բառե՛ր, ո՞վ կտրեց ձեր պորտալարը Եվ նետեց ինձ... Ձեռքերս ծովին պարզած՝ Նորից հեռանում եմ քեզանից...

*** Ծովից աստղ է բարձրանում՝ Մեգանուշ Աստղիկի երազը տանելով տիեզերք՝ Մեր անտերուդուս բառերի մշուշից անդին... Ծովի վրայով մակույկս է դանդաղ հեռանում՝


Մոխրացած սերերս փռելով Ջրերի վրա... Համր ձկները կուլ են տալիս Իմ փշրված հոգին Եվ անձայն աղոթում Բառերի կորստի համար...

*** Աչքերիդ արտասուքը Հրդեհված ծովեր է մարում... Աչքերդ Կաթիլ-կաթիլ լուսավորվում են Ու ապաստան տալիս Սիրո հրեշտակներին... Թ՛ող քեզ զգամ Իմ պարանոցի Զարկերակի նման մերձ Ու հեգ առ հեգ վանկեմ Կորսված բառերի ոգին Ու շնչառությանդ հնչյուները...

*** Քամին սողոսկում է Վերակենդանանում է խոստումը Անավարտ... Ժամերը բառ չունեն... Ես հանդգնում եմ երևակայել Քո գաղտնի բառը Իմի մեջ... Մեզանից մեկը պետք է հեռանա Արցունքներ վերադարձնելու...


*** Անունդ եմ այրում թղթի վրա Եվ բառանախշ եմ փորձում կտել կոնքիդ... Արևը ծիածան է հորինում Եվ վայրկյան առ վայրկյան Կերպարանափոխում բառը, Որն իր լի շուրթերին էր... Եվ մեկ հնչյուն իսկ դեռ չդաջված՝ Հեռանում է բառն ու արտասվում կրծքերիդ, Որոնցում երկու փոքրիկ սնկեր են ծիլ տալիս...

*** Երբ քունս տանի, Կշարունակես իմ կիսատ մտքերն ու երազները՝ Չթողնես սահմանին մնան, Թե չէ նորից տխուր կարթնանամ Ու ողջ օրը աչքերիդ չեմ նայի... Եթե քնով ընկնեմ, Ինձ ավելի հեռու տար, Եվ եթե հեռվից չվերադառնամ, Աչքերս չփակես, Որովհետև նրանք դեռ երկար երազելու են Քո հավերժ կիսատ արցունքները...

*** Շուտով Աստծուն կտեղավորեն համակարգչի մեջ, Իսկ պապս ծաղիկ-խոտ է հնձում՝ Նայելով գառան աչքերին, Որտեղ Աստծու աչքերն է որոնում... Ես քո կլոր բիբերի մեջ մոլորակն եմ պտտում Եվ հույսի հանգրվան փնտրում Պապուս մատաղացու աշխարհում... Ես գնում եմ որդիներիս հետքերով, Որպեսզի նրանք վերադառնան իմ չանցած ճանապարհով...


Ես հավասարապես գիտեմ բոլոր լեզուները, Որոնք հնչյուններ չունեն Եվ ապրել եմ բոլոր ժամանակները, Որոնք ինձ չեն պատկանում։ Ես քո նշաձե աչքերի միջից Իմ արցունքներն եմ քամում Քեզ չխոստացած մատաղի համար... Քո անցած ճանապարհը Անհնար է գտնել Համակարգչի արցունքոտ աչքերում...

*** Կամակատար շուրթերս Մաշել են քեզ ծանոթ բոլոր բառերը... Ժամանակը միշտ վերադառնում է քեզ մոտ, Իսկ օրերիս ստվերներր Երկարում ու ձգվում են՝ Փորձելով գտնել այն, Ինչ չկար ինձանից առաջ... Ես քո աչքերի մեջ Կանգնեցնում եմ ժամանակը, Իսկ բառե մոլորակները Շարունակում են պտտվել Եվ կործանել Քո շուրթերին հասնող Համբույրիս շշուկները...

*** Չեմ գրում` Քեզ եմ տեղավորում ասված տողերի մեջ, Եվ խոսքս դառնում է չլսված պատմություն… Սիրո մասին այլևս չեմ գրում, Գրում եմ հանուն սիրո…


Նկատել եմ արցունքներ թաքցրած աչքերդ, Որոնք իմ սրտում են արտասվում… Սիրուց պոկվելը Նման է կիսատ բանաստեղծության, Որը ոչինչ չարժե, Բացի նրանում եղած ՍԵՐ բառից… Ես այլևս չեմ գրում սիրո մասին… Ներիր, Չեմ գրում, քանզի անավարտ է մնում, Չեմ գրում, ու սերը չի ավարտվի…

*** Ես հավաքում եմ երջանկությանս բեկորները, Ինչպես քնից արթնացածն է Հավաքում երազի փշրանքները… Սպիտակ թղթի վրա պահը էլ չի դադարում, Երբ երջանկությունդ նետում ես նրա անբիծ մարմնին… Կաղ օրերը Կապկում են անցնելիք ճանապարհը Եվ չեն հասնում… Ծառը հավաքում է իր արմատները, Եվ գագաթի տերևները սրսփում են Քամուն տեսնելու վախից… Վախը թղթե արցունքներ է` Երազից արթնացածի ճիչով… Ներբաններդ են միայն, Որոնք ստվեր չունեն, Եվ նրանց հաշմությունը Ոչինչ չի չափակշռում…

*** Ես միշտ խոսել եմ քեզ հետ.


Դու չկաս… Սերը եղունգներիս տակ է, Որոնք պատսպարում եմ հայացքներից Ու սրբորեն հավատում Իմ երազներին… Ես միշտ լիաբառ եմ խոսում քեզ հետ, Երբ չես մերկացել…

*** Այսօր չեմ խմել Աստծու թասից. Մի խոսք ավել-պակաս, Ի ՞նչ նշանակություն ունի. Տիեզերքն ընդամենը մի պահ ինձ չընկալեց` Ինձ թողնելով սեփական թափանիվը խոսքի… Ես գարեջրին տված փողի Մանրադրամն եմ շարում մարմնիդ Եվ փակում եմ համբյուրից մեծացած պտուկդ Մանրադրամանոց կրքերի սիրապատրանքով… Ես երգում եմ Անհաղորդ Աստծու տռփանքին… Եվ ատում եմ աշխարհի իմաստուններին, Որովհետև Գիրն իբրև չարտաբերված Սեր Սպասում է վախճանին, Ինչպես Աստծու ձեռքից Չվերցրած թաս… Եվ, ինչպես օրերի պես աննրբանկատ, Շարժումը, Որը անվախճան մահ է, Կարոտ է պղծում ու անէանում, Ինչպես փակ աչքերով երանության սլացքը Առ երկինք… Գիրն ինչպես արցունք թող մնա աչքերիս, Որոնցից օղու համ է գալիս. Ես լավ գիտեմ քո պորտը փակող


Մետաղադրամի համը, Որը գրոշ չարժե, Եթե հարբել չուզեմ…

*** Ես առաջին տողը չեմ գրում… Միշտ զրուցում եմ քեզ հետ, Եվ ինչ իմաստ ունի անունդ… Ես մնացած բոլոր տողերն եմ գրում, Ու քեզ կստիպեմ, Որ առաջին տողս զգաս… Հիմա հաճախ Ես միտողանի բանաստեղծություններ եմ գրում Քեզ համար…


Geghecik bareric ayn koghm  

Ashor Gabrielyan-Geghecik bareric ayn koghm

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you