Issuu on Google+

ՆԱՅԵԼՈՎ ՈՒ ՍՊԱՍԵԼՈՎ (Մորլի Քալահան)

Թոմաս Հիլյարդը՝ իրավաբանը, ամեն անգամ տխրում էր, երբ տեսնում էր, թե ինչպես է իր երիտասարդ կինը հասակակիցների հետ պարում։ Իրեն թվում էր՝ կինը մի այնպիսի խնդությամբ ու հրճվանքով է բռնկված, որ երբեք իր կողքին չի զգացել։ Խանդում էր, գիտեր, և այդ խանդը նաև փոքրության զգացում էր հաղորդում իրեն, կարծես անճարակ դեռահաս լիներ։ Բայց ժամանակի ընթացքում, երբ տեսավ, որ իր խոհեմությունից կնոջ ապահովության զգացումն ավելի է ամրապնդվում, դարձավ ինքնամփոփ ու լռիկ, սկսեց լրտեսել կնոջը։ Երբեմն զգում էր, որ կյանքն անտանելի է դարձնում։ Ամոթի ահավոր զգացումով էր պայքարում սեփական անհավատության դեմ, որ խաթարում էր իր հոգեկան անդորրը։ Կնոջ հետ մեկուսանալու տենչը դրդեց, որ տեղափոխվեն գյուղ և վերանորոգեն լճափին գտնվող հին տունը, ուր ծնվել էր ինքը. այդպես կարող էր կնոջը տալ իր մեջ եղած ամենայն լավը։ Երկու ահաբեկված բանտարկյալների պես ապրում էին այդ տանը, որը երեք ծեր կաղնիներով պատսպարված էր ճանապարհից։ Շաբաթվա ընթացքում միայն երեք անգամ էր քաղաք գնում, և այս պատճառով շուտով գործը տուժեց։ Մի երեկո Թոմաս Հիլյարդը մեքենայի մեջ էր դնում պայուսակը, պատրաստվում էր քաղաք վերադառնալ։ Շտապում էր. երկինքը սևանում էր, իսկ քամին լճակի հայելու վրա փոքրիկ, փրփրածայր ալիքներ էր հատել, ուր որ է անձրևելու էր։ Հանկարծահաս քամին տարուբերում էր պատուհանի բաց փեղկերը։ Լճափից եկող աղմուկից ավելի բարձր ականջին կնոջ ձայնն էր հասնում, նա կանչում էր, ասես տնից հեռացող ինչ֊որ մեկին բաղձանքով ձայն տար։ — Մի վայրկյան, Ջո,— ձայն էր տալիս նա ու արահետով վազում դեպի դարպասը։ Վազում էր, և դիմահար քամին ետ էր տանում նրա կարճ, խարտյաշ մազերը։ Դարպասի մոտ կանգնած մեքենայից մի երիտասարդ դուրս եկավ ու հին ծանոթի պես ձեռքը թափահարեց. — Ինձ հետ ե՞ք, միսս Հիլյարդ։ — Քեզ մի բան պիտի խնդրեմ,— պատասխանեց նա։ Երիտասարդը ծիծաղելով, ժպիտը դեմքին, մեքենայի ետևի դույլից մի մեծ, կանաչ պերկես հանեց ու ասաց. — Ընդամենը կես ժամ առաջ եմ որսացել։ Չե՞ք վերցնի, միսս Հիլյարդ։ — Ի՜նչ գեղեցիկն է,— ասաց նա՝ բռնելով ձկան խռիկների միջով անցկացրած հաստ ճյուղից։ — Դժվար չի՞ այսպիսի գեղեցկությունից բաժանվելը,— շարունակեց նա ծիծաղելով անկաշկանդ ու անհոգ ծիծաղով, որ քամին բերեց ու լցրեց տուն։


Մի պահ ոչինչ չէր լսում, ականջին միայն երկրորդի ձայնին խառնված կնոջ քրքջոցն էր հասնում։ Բայց կնոջ հորդացող ծիծաղից ու երիտասարդի դեմքին դրոշմված հրճվանքից վրդովվում էր հոգին։ Նա այլևս համոզված էր, որ ամիսներ շարունակ, առանց անունը տալու հենց նրա մասին է մտածել, նույնիսկ իր պայուսակը հավաքելիս ու ճանապարհի մասին խորհելիս մտքում նա էր։ Ինչո՞ւ էր առաջին անգամ այդքան ջերմ, երբ ամեն շաբաթյա գնումների գնալիս ավանի գլխավոր ճանապարհին կանգնեցրեց՝ ասելու, որ անունը Ջո Վալի է ու իրենց հարևանն է։ Սրա շուրջ շատ էր մտածել։ Ու ամեն երեկո, երբ իր մոտորանավը ափ էր հանում, կանգնում էր, հեռվից ձեռքով անում՝ երկնքի կապույտի վրա ընդգծելով իր երիտասարդ ու պիրկ մարմինը։ Կարծես այս բոլորը կուտակվել էին Թոմ Հիլյարդի մտքում, որ մի օր հանկարծ բացահայտեին կնոջ բաղձայի ծիծաղը, նրա կանչող ձայնը, երիտասարդի դեմքի հրճվանքը։ Այնպես էր հուզվել, որ սկսեց վազել դեպի դարպասը, և մինչ վազում էր, դեմքն այրվում էր ցասումից ու հուսահատությունից։ Նկատեցին նրան ու զարմացած նայեցին միմյանց։ Կինը տեսնելով, թե որքան ծեր ու կոտրված է ամուսինը, ձեռքի ձուկը գցեց փողոցի փոշու մեջ։ — Հե՜յ, դու, կանգնիր մի րոպե,— ձայն տվեց երիտասարդին, որ շվարած իր կողմն էր շրջվել։ — Ե՞ս, միսթր Հիլյարդ,— հարցրեց Ջո Վալին։ — Ի՞նչ ես ուզում,— հարցրեց Հիլյարդը։ — Պարզապես կանգնեցի, որ ձուկ առաջարկեմ ձեզ։ — Ընդամենը այդքա՞նը,— շարունակեց Հիլյարդը՝ հիմար ժպիտը դեմքին։ Երիտասարդը, որ շվարել էր, ներողության պես ինչ֊որ բան մրթմրթաց ու նստեց մեքենան։ Արագ պոկվեց տեղից. լճից փչող ուժեղ քամին դաշտերի շուրջը փոշու ամպեր էր բարձրացրել։ Հանդարտ խոսելով, ասես տարօրինակ ոչինչ էլ չի եղել, միսս Հիլյարդը հարցրեց. — Թոմ, քեզ թվում է՝ ինչ֊որ բան այնպե՞ս չէ։ Բայց անմիջապես էլ պոռթկաց՝ բղավելով. — Ինչո՞ւ այդպես վազելով այստեղ եկար։ — Լսեցի, թե ինչպես ես ծիծաղում։ — Ի՞նչ կար իմ ծիծաղի մեջ։ — Դու չե՞ս հասկանում, թե ինչու պիտի ազդեր իմ վրա։ Քեզ այնքան վաղուց այդպես ծիծաղելուց չեմ տեսել։ — Ես ընդամենը հարցնում էի՝ այս գիշեր կայարանով անցնելու է, թե ոչ։ Ուզում էի խնդրել, որ եթե մայրս գիշերվա գնացքով գալու լիներ, նրան տուն բերեր։ — Չեմ հավատում, հորինում ես,— բղավեց նա։ Առաջին անգամն էր, որ այդպես բարձրաձայն նրան ստի համար մեղադրեց, ու երբ կինը


փորձեց ծիծաղել, աչքերը լի էին սարսափով։ Ասես վերջապես գիտակցելով, որ անզոր է, հանգիստ ասաց. — Չեմ հասկանում, թե ինչու ես այդպես նայում ինձ։ Վախենում եմ։ Տանել չեմ կարող քո այդ հայացքը, և շատ վաղուց։ Մի՞թե չես հասկանում, որ մեկի հետ պիտի խոսեմ։ Շուրջս մահացու մենակություն է։ Հայացքն ուղղեց ծակող քամուն, որ ջրի կաթիլներ էր օդ հանել, հետո շրջվեց, մանկան ապշահար հայացքով նայեց ճանապարհից տունը բաժանող հսկայական կաղնիներին։ — Ես այլևս չեմ կարող այսպես ապրել,— կոտրված ու մեղմ ձայնով ասաց նա։ — Ես լավ կին էի։ Երբ նոր էինք սկսել, ի՜նչ հիացմունքով էի քեզ վերաբերվում։ Երբեք չեմ կասկածել քեզ։ Իսկ հիմա չեմ հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ։ Առաջին անգամ էր բարձրաձայն խոսում իր հոգեկան ամայության մասին։ Ու մինչ ջանում էր հասկացնել, ամուսնու աչքին նրա ժպիտը կեղծ և պաթետիկ էր թվում։ — Դու ստում ես, դու վախենում ես այն բանից, որ կարող է կատարվել,— բղավում էր ամուսինը։ — Ես վաղուց եմ նկատել, թե դու ինչպես ես նայում ինձ, ու միշտ հարց եմ տվել ինքս ինձ՝ մենք երկուսս էլ ինչի՞ ենք սպասում,— պատասխանեց կինը։ Քամին անցնելով ծառերի տերևների միջով, շխկացրեց տան կողքի լուսամուտներից մեկը, լույսի վերջին ծվենը սուզվեց լճակում, և նա բղավեց. — Օր օրի ինչի՞ ենք սպասում։ — Ես այլևս չեմ սպասում, գնում եմ, կարող ես այլևս չանհանգստանալ, քեզ նայող չկա։ Այս անգամ այլևս չեմ վերադառնա,— գոչեց նա ու կատաղությամբ մոտեցավ մեքենային։ Վազելով ետևից, կինը բղավեց. — Ես շարունակ մտածել եմ, որ մի բան պիտի փոխվի, իրավիճակը պետք է շտկել։ Ողջ գիշեր աղոթել եմ, ընդամենը ցանկացել եմ, որ դու լինես այնպիսին, ինչպիսին երեք տարի առաջ էիր։ Բայց ամուսինն արդեն մեքենայի մեջ էր. միացրեց շարժիչն ու այնպես պոկվեց տեղից, որ ստիպված էր ճանապարհից մի կողմ ցատկել։ Երբ մեքենան հաղթահարում էր արահետը, ականջին կնոջ ճիչը հասավ, բայց քամին ցրում էր բառերը։ Ետ նայեց՝ տեսավ կնոջը՝ երկու ձեռքերի մեջ գլուխն առած, քարացած կանգնած դարպասի առջև։ Մտավ մայրուղի, նպարավաճառի խանութի առջև մեքենան այնպիսի վայրագությամբ թեքեց, որ մայթին կանգնած տերը ետևից գոռաց։ Սկսեց դուրը գալ, թե ինչպես է բարձր արագությամբ մեքենան սուզվում հովտի բլուրներն ու ելնում և ինքն էլ անսասան, առանց մտածելու մեքենայի հետ վերուվար անում։ Երբ հասավ ամենաբարձր բլրին, սկսեց անձրևել։ Անձրևի առաջին կաթիլներն այնպես էին հարվածում ու դաղում դեմքը՝ ասես ուշքի եկող բռնցքամարտիկի դեմքին իջնող ապտակներ լինեին։ Ձեռքերը դողում էին, մեքենան կանգնեցրեց ու երկար ժամանակ կանգնած մնաց՝ նայելով բլուրների վրա թափվող գիշերային անձրևին, հարթավայրային,


վերջալույսի շեղբով ուրվագծվող բլրակներին, լճի շուրջը փռված ծառաշատ, բայց ամայի հովիտին, իր մանկության անձրևաթաթախ դաշտերին, լույսի պսպղուն ժապավենին, որ տանում էր դեպի գյուղ, դեպի իր կինը։ Կայծակը կիսեց երկինքը, ու մթի մեջ մի պահ լուսավորվեցին դաշտերն ու արոտավայրերը։ Հետո նրան թվաց, թե քամու մեջ կնոջ ձայնը լսեց. — Ես քեզ այնքան վաղուց եմ սպասում։ «Հիմա, այս գիշերվա մեջ մենակ, որքան վախեցած ու անօգնական կլինի»,— մտածեց նա։ Գիտեր, որ այլևս չէր կարող շարունակել։ Գորովանքից ուռչած սրտով շարունակ կրկնում էր. «Ես չեմ կարող նրան աել, ես երբեք չեմ կարողանա նրան լքել։ Հիմա կգնամ ու նրանից ներողություն կխնդրեմ»։ Վշտացավ, ամաչեց, եկած ճանապարհով դանդաղ ետ գնաց։ Մտքում մանրիկ, գեղեցիկ խոսքեր էր պատրաստում, որոնք պիտի բարձրացնեին կնոջ տրամադրությունն, ու նա պիտի ներեր իրեն։ Բայց երբ մայրուղին հատեց ու մտավ իրենց տուն տանող արահետ, հանկարծ մտածեց, որ վատ չէր լինի, եթե մեքենան մի քիչ հեռու կանգնեցներ և անձայն մտներ տուն՝ համոզվելու համար, որ այնտեղ ուրիշ մարդ չկա։ Այս մտքից սարսափելի ամոթի զգացում ունեցավ։ Մինչ մեքենան հողե ճանապարհի ակոսներում ու ջրափոսերում ցնցվում էր, և կախված ճյուղերի թաց տերևները պսպղում էին փողոցային լույսերից, մի անհաղթահարելի և դառը տխրությամբ համակվեց, ներքին զգացողությամբ համոզված էր, որ ինչքան էլ պայքարեր, չէր կարող հրաժարվել գողեգող տուն մտնելու ցանկությունից։ Մեքենան կանգնեցրեց ու հայացքը գցեց կրկնափեղկերով ծածկված լուսամուտներին, լույսը գրեթե չէր թափանցում։ «Սիրտս կարծես օձի ծոց լինի,— մրթմրթաց նա,— իսկ ես եկել եմ ներողություն խնդրելու»։ Զննելով կրկնափեղկերից սպրդող լույսի նվազ շիթերը, մտածեց, որ այնուամենայնիվ վատ չէր լինի, եթե համոզվեր, որ նա մենակ է. սա լրտեսելու վերջին փորձը կլինի։ Մեքենայից դուրս գալով, մի պահ կանգնեց տեղատարափ անձրևի տակ՝ ինքն իրեն համոզելու, որ չար ոգի դառնալու ցանկություն չունի։ Իսկ հետո, երբ ջրափոսերի մեջ ընկնելով առաջ էր գնում, գիտեր, որ կնոջ նկատմամբ հավատը վերահաստատելու ցանկության նկատմամբ անզոր է։ Ճռոցով բացեց դարպասը, անցավ կաղնու տակ աճած խոտի վրայով, անձայն կանգնեց պատշգամբի առջև ու բռնակը դանդաղ պտտեց։ Երբ համոզվեց, որ դուռը փակ է, սիրտն սկսեց անկանոն բաբախել, և որոշեց դուռն ուժով բացել։ Անասելի ճարպկացել էր. ցատկելով խոտի վրա, զգուշավոր քայլեց դեպի կողապատի լուսամուտը, գլուխը հպեց ծածկափեղկին ու ականջը սրեց։ Անձրևն իջնում էր դեմքով ու լցվում բաց բերանը։ Լսում էր կնոջ ձայնը, ու թեև բառերը չէին հասկացվում, բայց զգում էր, որ ինչ֊որ մեկի հետ լուրջ խոսում է։ Ձայնը հուզված էր, կարծես թե հեկեկում էր, սփոփանք ու մխիթարություն ակնկալում։ Սիրտն սկսեց այնքան ��արձրաձայն բաբախել, որ համոզված էր, թե նրանք կլսեն։ Փորձեց ճանկռելով բացել ծածկափեղկերը, բայց մատները քերծվեցին, ու ձեռքն սկսեց արյունել։ Տնից հեռանալով, վայրենու հայացքով սկսեց շուրջը


նայել՝ ծանր որևէ բան, երկաթի կտոր որոնելով։ Հետո հիշեց, որ դարպասի առջև, ցեխի մեջ մի հին պայտ էր ընկած։ Վազեց դեպի դարպասը, ծնկեց ու մատներով սկսեց հողը փորել, և հրճվանքից պայծառացավ, երբ ցեխի միջից գտավ հին պայտը։ Բայց երբ պայտի ծայրերը մտցրել էր ծածկափեղկի արանքն ու փորձում էր ուժով ետ տանել փեղկը, զգաց, որ կինն այլևս չէր խոսում։ Մոտենում էր լուսամուտին։ Լսեց նրա ծանր, հևասպառ շնչառությունը ու կարճ, սուր ճիչը։ Զգաց, թե ինչպես է վազքով հեռանում սենյակից։ Կնոջ հետ եղողի դեմքը տեսնելու ցանկությունն այնքան մեծ էր, որ կնոջ մասին գրեթե մոռացել էր։ «Երևի վերև, ննջարան բարձրանան։ Այնտեղ էլ կլինեն։ Կարծես թե լսեցի, ոնց բարձրացան»։ Գնաց ավտոտնակ, դուրս բերեց սանդուղքը, որ տունը նորոգելիս էին օգտագործում, և հենեց ննջարանի պատուհանին։ Լապտերն ամուր ձեռքում պահած՝ բարձրանում էր սայթաքուն աստիճաններով ու փայփայում այն հաճույքը, որ պիտի ապրեր նրանց աննկատ հետևելուց։ Ձայները, որ իրեն էին հասնում, մինչ ինքը աստիճանին հենված հետևում էր, տագնապով ընդհատվեցին։ Սկսեց զգալ այն վախը, որ համակել էր նրանց և սենյակից սենյակ վազելուց ավելի էր ահագնանում։ Հետո շշնջում էին, լռում, թաքնվում մթության մեջ և ուր որ է՝ բղավելու էին։ Հավանաբար նրանք պատուհանի կողմից ինչ֊որ ձայներ էին լսել, որովհետև մինչ ինքը լապտերը կվառեր, փախան սենյակից ու աղաղակով աստիճաններից իջան։ Պարզ էր. այլևս ձայնից չեն խուսափում։ Իջնում էին, կարծես թե մոտենում էին դռանն ու դուրս էին գալու։ Եթե ճիշտ ժամանակին իջներ սանդուղքից, միգուցե հանդիպեին, բայց փոխարենը ձեռքերով ու ոտքերով ամուր կառչեց թաց սանդուղքից ու սղալով հայտնվեց գետնին։ Հետո բարձրացավ կաղնու ծառը, լապտերը պահեց դռան ուղղությամբ՝ սպասելով նրանց։ Նրանք վազքով դուրս եկան տնից, ու ինքը թաքստոցից լույսն ուղղեց նրանց վրա։ Լույսի հզոր շիթը որսաց կնոջը, նա տեղում քարացավ ու ճչաց։ Ձեռքում իրենց հրացանն էր, որով աշնանը որսի էր գնում։ Մոլագարի հրճվանքով առաջ եկավ ու լույսն ուղղեց մյուսի վրա. կնոջ մայրն էր՝ սարսափից լալկվել էր։ Երկուսն էլ լույսի հորձանքից կուրացել էին ու վախից լաց էին լինում, իսկ ինքը փորձում էր մտաբերել, որ կնոջ մայրը իրենց տուն պիտի գար։ Իսկ հետո կինը մթության մեջ հրացանը մեկնեց լույսի ուղղությամբ ու կրակեց։ Ինքն անզոր բղավեց. «Մարիո՛ն...»։ Կուրծքն այրվում էր։ Լապտերը ձեռքից գցեց, ոտքերը թուլացան, ընկավ գետնին ու սկսեց հազալ։ Հետո կինը վերցրեց լապտերը, վառեց և ուղղեց դեմքին. — Ախ, Թո՛մ, Թո՛մ։ Տես ի՜նչ արեցի,— հեկեկում էր նա։


Մայրը դեռ ծնկաչոք էր, վախից քարացել էր։ Կրծքին սեղմած ձեռքը թրջվել էր տաք արյունից, գլուխը գետնին, խոտերին գցած հևասպառ ասաց մորը. — Շտապի՛ր, վազի՛ր, մեկին գտիր։ Մարիոնի համար եմ ասում։ Մեռնում եմ, ուզում եմ պատմել, թե ինչպես եղավ։ Մայրը ցնցվելով, ոտքի ելավ, քայլերն ուղղեցի դեպի արահետը։ Քամին քշում ու մարում էր նրա օգնության ճիչերը։ Կինը կքվել էր վրան, արտասվում էր, և ինքն անձրևի տակ պառկած մեռնում էր։ Ձեռքը մեկնեց ու շոյեց կնոջ գլուխը, անասելի խղճի խայթ արթնացավ՝ պատճառն իր անհավատությունն էր, այնքան պիտի ուզենար այդ մի քանի ակնթարթի ընթացքում հատուցել այն քնքշանքը, որից երեք տարի զրկված էր կինը։ — Ներիր ինձ, ես եմ մեղավոր, եթե միայն կարողանաս ներել։ Շշնջում էր՝ փորձելով մեղմել կնոջ վախը, մինչև արահետով վազելով մարդիկ կգային։


Նայելով ու սպասելով - Մորլի Քալահան