Page 1

Շալվա Ամոնաշվիլի «Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու» ( հատվածներ) -Պապի՛կ, էդ ի՞նչ ես փսփսում,-հարցրեց տղան՝ նկատելով, որ պապը քնելուց առաջ ինքն իրեն ինչ-որ բան է շշնջում: - Միտքը Սրտիս եմ տալիս, փոքրի՛կ,-պատասխանեց նա: Տղան զարմացավ. -Ի՞նչ է դա նշանակում: Իմաստուն պապն ասաց նրան. - Չեմ ուզում վիճել ինձ զայրացրած հարևանի հետ, չգիտեմ՝ ինչպես վարվել: Ահա և միտքը կդնեմ Սրտի մեջ և կքնեմ, իսկ առավոտյան Սիրտը կհուշի ինչ անել: -Բա որտեղի՞ց Սիրտը գիտի, պապի՛կ: -Սիրտն ամեն ինչ գիտի, ես ամբողջ կյանքում սովորում եմ նրանից: Քեզ էլ եմ խորհուրդ տալիս՝ երբ կփնտրես որևէ դժվար խնդրի պատասխան, երբ ինչ-որ բան քեզ համար հասկանալի չի լինի, քնելուց առաջ միտքը տուր Սրտին, իսկ առավոտյան պատասխանները պարզ կլինեն: Միայն թե դա արա հավատով: *** Նստել էր ծերունին ճամփեզրին ու նայում էր ճանապարհին: Տեսնում է՝ գալիս է մի մարդ, իսկ նրա ետևից՝ փոքրիկ մի տղա: Մարդը կանգ է առնում, տղային պատվիրում ծերունուն իրենց ունեցածից հաց ու ջուր տալ: -Ի՞նչ ես անում այստեղ, ծերո՛ւկ,-հարցնում է անցորդը: -Սպասում եմ քեզ,-պատասխանում է ծերունին: Քեզ են, չէ՞, վստահել այս երեխայի դաստիարակությունը: -Ճի՛շտ է,-զարմանում է մարդը: -Ուրեմն վերցրու այս իմաստությունը.


Եթե ուզում ես մեկի համար ծառ տնկել՝ տնկի՛ր պտղատու ծառ: Եթե ուզում ես մեկին ձի նվիրել՝ նվիրի՛ր լավագույն նժույգը: Իսկ, եթե քեզ վստահել են դաստիարակության գործ, ապա հավատա՛ երեխայի թռիչքին: -Ինչպե՞ս ես կարող եմ դա անել, ծերո՛ւկ, եթե ինքս թռչել չգիտեմ,-զարմացավ մարդը: -Այդ դեպքում տղային դաստիարակության մի՛ վերցրու,-ասաց ծերունին՝ սևեռուն հայացքն ուղղելով երկինք: Անցան տարիներ: Ծերունին նստել էր նույն տեղում և նայում էր երկնքին: Տեսնում է՝ թռչում է տղան, իսկ ետևից՝ նրա ուսուցիչը: Իջնելով ծերունու մոտ՝ նրանք խոնարհվեցին: -Ծերո՛ւկ, հիշո՞ւմ ես, դու ինձ պատվիրեցիր տղային թևեր տալ: Ես գտա ճանապարհը…Տեսնո՞ւմ ես՝ ինչպես են նրա թևերը աճել,-հպարտությամբ ասաց ուսուցիչը՝ քնքշորեն նայելով իր աշակերտի թևերին: Բայց ծերունին թեթևակի հպվեց ուսուցչի թևերին, շոյեց ու շշնջաց. -Ինձ ամենաշատը ուրախացրին քո փետուրները… *** Եթե մարդիկ չեն կարողանում թռչել, թող թռչել սովորեցնեն իրենց երեխաներին: Այն էլ սովորեցնեն թռչել Բարձր, Արագ, Հեռու, Գեղեցիկ: Կգա ժամանակը, երբ երեխաները կտարածեն իրենց թևերն ու կսավառնեն: Թող մեծերը պարզապես հետևեն երեխաներին, որպեսզի վերջիններս չընկնեն: Եվ այնժամ կպարզեն, որ իրենք ևս թռչում են: Այս մեթոդը հարկավոր է կիրառել այն դեպքում, երբ մարդիկ ընդհուպ մոտեցել են անդունդի եզրին և փրկվելու այլևս ելք չկա: Այսինքն՝ սկսել անմիջապես: Եվ հարկավոր է գիտակցությունից ջնջել միտքը, թե «Սովորել կարող են միայն այն, ինչը սովորեցնում են»: Դա սուտ է, և այն կործանարար է: Դրա փոխարեն հարկավոր է ընդունել օրենք. «Սովորիր՝ սովորենք»: Դա է Ճիշտը, և այն փրկություն է: Միայն թե չմոռանաք այդ օրենքին հավելել հավատ, հույս, սեր, անկեղծություն, գեղեցկություն և ստեղծագործական համբերություն: *** Եթե մարդը ստեղծվել է Աստծո նմանությամբ և պատկերով, ապա այդ դեպքում ի ՞ նչ է կրթությունը: Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ: Այն մարդու հոգևոր էության իմացական ձգտումն է: Այն Անմահության ճանապարհի, Անսահմանության ճանապարհի ընբռնումն է: Այն դեպի Լույս տանող ուղի է:


Այն գիտակցության ընդլայնման միջոցով կյանքի ճանաչողություն է: Այն Երկրի վրա կյանքի վերափոխման ձգտումն է՝ վեհությունը և հանդիսավոր գեղեցկությունը: Կրթությունը համընդհանուրի բարեկեցությունն է: Կրթությունը Երկրի վրա Լույսի հաղթանակն է: Կրթությունը արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա Էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու: Իսկ ինչո ՞ ւ թռչել քայլելու փոխարեն: Որովհետև այդպես է հունցված մեր հոգևոր բնությունը, որովհետև այն ունի Տիեզերքի բոլոր հատկանիշները: Եվ նա, ով կարողանում է թռչել, ոգևորություն է հաղորդում երկրային կյանքին՝ այն դարձնելով առավել գեղեցիկ և հարուստ: Հետևաբար, երջանկացնելով և՛ իրեն, և՛ մարդկանց: *** Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու: Իսկ դրա համար հարկավոր է ոգեշնչվել մտքով: -Իսկ ի ՞նչ է միտքը: Մտածողը մեզ բացատրում է. Միտքը Տիեզերքում առկա էներգիաներից ամենահզորն է, այն ունի ինչպես ստեղծագործական, այնպես էլ կործանարար ուժ: Միտքը հոգևոր հարթակում նորածին էակ է, և այն անխորտակելի է: Միտքը կյանք է, և կյանքը մտքի արդյունք է: Միտքը կուտակվում է տարածության մեջ՝ ազդելով միջավայրի վրա: Այն ինչպես մարդկանց ընդհանուր վարքագծի, այնպես էլ առանձին անհատների վրա ազդելու ուժ ունի: Մարդն իր մտքի ուժով ունակ է ինչպես արարելու, այնպես էլ ոչնչացնելու: Միտքը ծնում է ուժեր, որոնք կարծես թարմացնում-նորացնում են Տիեզերքը: Եվ եթե ասեմ, որ մտքի արդյունք այդ էակները ներգրավված են Տիեզերքի շինարարության մեջ, հասկացեք ոչ թե փոխաբերական, այլ հենց էլ ուղիղ իմաստով: Բարի, մաքուր միտքը ձգում է գեղեցիկ ուժերին: Իսկ չար միտքը, ինչպես մեռած աղբ, թափվում է Երկրի վրա: Միտքը թռիչքի բարձրություն է: Միտքը թռիչքի հեռավորություն է: Միտքը թռիչքի արագություն է: Միտքը թռիչքի գեղեցկություն է: Մտածողը մեզ առաջադրանք է տվել՝ սովորեք մտածել գեղեցիկի մասին: Շնորհակալություն Դասի համար, Մտածո՛ղ: *** Թևեր կան: Խանդավառությունն առ թռիչք կա: Թռիչքը թռչունին բնորոշ բան է: Բայց…ախր, թռչնակը վանդակի մեջ է:


Այսպես նա մեզ դուր է գալիս. թող երգի մեզ համար, թող մեր կողքին մնա և զարդարի մեր կենցաղը: Եվ թռչնակը երգում է: Իսկ ինչի ՞ մասին: Թռչնակը ցատկում է թառից թառ և հակառակը: Սա ամենն է, ինչ մնացել է թռիչքից: Հետո կգա ժամանակ, և մենք թռչնակին դուրս կբերենք վանդակից: Բայց թռչել նա արդեն չի կարող. թևերն այլևս այն չեն լինի: Ինքն էլ կարծես չի ուզում թռչել, մոռացել է՝ ինչ է թռիչքը և ինչի համար են իրեն պետք թևերը: Եվ թռչունը կդառնա նենգ կատվի որս: Ցավակցություններս՝ նույնիսկ արցունքներն այլևս անկարող են օգնել թռչունին: Թռչունը թռչելու համար է ստեղծվել, նույնիսկ երբ դեռ մայրիկ-թռչունը թուխս չէր նստել: Բայց մենք, մեր մտքերի և «երևակայության» արդյունքում, զրկեցինք նրան թռիչքից: Մենք թռչունին պարտադրեցինք վանդակում ապրել: Այնուհետև մայրիկթռչունը ձու հանեց վանդակում, փոքրիկ թռչնակը ծնվեց վանդակում, մեծացավ վանդակում: Եվ, ի վերջո, թռչունը մոռացավ իր Ինքնության մասին՝ տարածություն նվաճելը, միջատներ ոչնչացնելն ու Արարչի համար օրհներգեր երգելը: Ինչո՞ւ ենք մենք այդպես վարվում, մարդի՛կ: Թռչունը մեր երեխան է: Ինչո՞ւ ենք մենք ազատությունը խլում երեխայից: Եվ դա ի սկզբանե անում ենք մեր մտքերի ու երևակայության օգնությամբ՝ քաշելով նրան թակարդը: Ինչ որ մեկը հենց նոր ասա՞ց. «Դուք որտե՞ղ եք տեսել, որ վանդակի մեջ երեխա են պահում: Իսկ որտե՞ղ եք տեսել մեր թակարդները»: Հեռու գնալ պետք չէ: Ամբողջ կյանքում ազատություն ենք որոնում ու չենք գտնում: Իսկ, եթե գտնում էլ ենք ազատության փշրանքներ, նույն պահին սահմանափակումներ ենք դնում, ինչ է թե ինչ-որ մեկին հանկարծ շատ բաժին չհասնի: Սա վանդակ չէ՞, սա թակարդ չէ՞: Հիմա մենք կբռնենք ու կգրենք հենց երկնքում, որպեսզի բոլորը գիտակցեն. «Երեխայի մտքի և կամքի վրա բռնություն գործադրելը ծանր հանցագործություն է»: *** Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու: Ի ՞նչ է մեզ հարկավոր, որպեսզի թևեր աճեն: Հարկավոր է ձգտում: Դուք տեսե ՞լ եք՝ ինչպես են մրջյունները մրջնանոցում աշխատում: Նրանք տքնաջան կերպով կառուցում են իրենց պետությունը: Դուք տեսե ՞լ եք՝ ինչպես են մեղունե րը փեթակ ստեղծում, ինչպես են բզզալով հավաքում մեղրը: Մեղուները ձգտում ունեն: Տեսե ՞լ եք՝ ինչպես են կռունկները սեպաձև թռչում: Կռունկները ձգտում ունեն: Իսկ ինչպես է առվակը սարն ի վար իջնո ՞ւմ: Առվակը նույնպես ձգտում է: Ոչ մի բան, նույնիսկ՝ քարը, գոյություն չունի առանց ձգտումի: Ձգտում է Բնությունը, ձգտում է Տիեզերքը: Մարդկության զարգացումը ձգտման արդյունք է:


Կանգառը մահ է, ռիթմից ընկնելը՝ սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝ նորի սկիզբ: Մեզանից յուրաքանչյուրը գիտի՝ ինչ ասել է ձգտման ուժ, իսկ մեր ներսում կա նաև այն իրագործելու ուղեցույցը: Ձգտումն է ստեղծում գեղեցկություն և ներդաշնակություն ինչպես Երկրում, այնպես էլ՝ Երկնքում: Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու: Ձեր մաքուր ձգտումները ապագայի մասին հուշումներ են մեզ համար. հասկանում ենք, թե ինչ պետք է մենք անենք: Տեսեք՝ ինչ գեղեցիկ են ասել իմաստունները: Ձգտումը Բարձրագույն Մտքի զարդն է: Ձգտումը բոլոր քարանձավների բանալին է: Ձգտումը արծվի թև է: *** Շտապեք երեխանե՛ր… Դուք եկել եք տաճար, որպեսզի աղոթե՞ք: Ո՛չ, դուք եկել եք պահանջելու: Դուք աղոթում եք ոչ հացի կտորի, ոչ էլ հիվանդ մոր համար: Դուք շորթողներ եք, կողոպտիչներ, հետն էլ հանդես եք գալիս Քրիստոսի անունից: Եվ ի՞նչ ես պատրաստվում անել թռցրածդ: Տալու ես ա՛յ այն մեկին, որ քո տերն է և քեզ է հետևում փողոցի անկյունում կանգնած: Քո աչքերում ատելություն կա: Քո ներսում կոպտություն ու զայրույթ կա: Անորոշություն ու անվստահություն էլ կա: Ո՞վ ձեզ վաճառեց սատանային, երեխանե՛ր: Գահավիժելու վտանգը մեծ է: Երկինքը աղմկում է: *** -Ուսուցի՛չ, տուր մեզ ազատ ապրելու օրինակներ, որ սովորենք: Եվ ուսուցիչն ասաց. Երբ ինչ-որ մեկը կտրում է քո ճամփան, լուռ մի կողմ քաշվիր, եթե գիտես քո անցնելիք ճանապարհը: Երբ քեզ անհրաժեշտ է կացարան գտնել, բարի եղիր քեզ հյուրընկալող տիրոջ հանդեպ: Երբ հեռանալու ժամը գա, մնացողին հաջողություն մաղթիր, անկախ ամեն ինչից: Երբ ծաղկած ծառ տեսնես քո ճանապարհին, մի՛ կոտրիր այն, հնարավոր է՝ այն ուրախություն պարգևի ուրիշներին: Երբ լսում ես ողջյունի կանչ, անտարբեր մի՛ անցիր: Երբ լսում ես երգող թռչունի, ծառը մի՛ թափահարիր: Երբ տեսնում ես, որ երեխաներ են գալիս, ասա. «Մենք սպասում էինք ձեզ»: Երբ բարի գործ ես անում, այն մի՛ գրանցիր քո նոթատետրում: Երբ մտածում ես վիրավորանքի մասին, նայի՛ր հատակին թափված աղբին: ***


Մենք հարցրինք ուսուցչին. -Ովքե՞ր են քո երեխաները: Նա պատասխանեց մեզ. -Իմ երեխանե՞րը: Նա է, ով կապված չէ նյութական իրերին և չի հիշում դրանց գները: Ով թռչուն է սիրում: Ով գնահատում է առավոտյան թարմ օդը: Նա է, ում համար գործողությունն ավելին է, քան ժամանակը: Ով հասկանում է ծաղիկներին: Ով քաջ է՝ առանց նկատելու այն: Ով չի սիրում անիմաստ շաղակրատել: Ով գնահատում է գեղեցկության ուրախությունը: Ով հասկանում է կյանքը տեսանելիից անդին: Ով զգում է, ինչ և երբ պետք է վերցնել իր իսկ Գավաթից: Ով շտապում է կատարել իր համար նախատեսվածը: Աղբյուրը՝ Амонашвили Ш.А. Спешите, дети, будем учится летать, Москва 2005 «Հավատը և սերը» (հատվածներ) Մանկավարժական էսսե Դպրոցի ճշմարտությունը Ի՞նչ է կարողանում և ի՞նչ չի կարողանում Դպրոցը: Դպրոցը սիրում է և սեր է սերմանում: Բայց չի կարող ատել և ատելություն սովորեցնել: Դպրոցը հավատում է և հավատ է դաստիարակում: Բայց չի կարող դավաճանել և դավաճանություն դաստիարակել: Դպրոցը ստեղծում է և ոգեշնչվում ստեղծածով: Բայց չի կարող կործանել և ոչնչացման հրահանգ տալ: Դպրոցը պաշտպանում է երեխային և ճիշտ ուղղորդում նրա ճակատագիրը: Բայց չի կարող ոտնահարել երեխային և արհամարհել նրա ճակատագիրը: Դպրոցը բարիք է գործում և բարություն է դաստիարակում: Բայց չի կարող չարիք գործել և չարություն դաստիարակել: Դպրոցը ազնիվ է և ազնվություն է դաստիարակում: Բայց չի կարող կեղծ լինել և կեղծավորություն դաստիարակել: Դպրոցը մեծարում է մայրենի լեզուն և բարեկրթություն է դաստիարակում: Բայց չի կարող գռեհկաբանել և գռեհկություն դաստիարակել: Դպրոցը Մտքերի Թագավորություն է և դաստիարակում է ազատամտություն: Բայց չի կարող մտքերի բանտապետ լինել և ստրուկ դաստիարակել: Դպրոցը կարողանում է ընդլայնել գիտակցությունը: Դպրոցը ապրում է հոգևորով ու Հավատով: Նա մեռնում է առանց Ոգու և Հավատի:


Դպրոցը ամենայն լավն է: Բայց չի կարող ոչինչ վատ ունենալ: Դպրոցը Լուսավոր Հրեշտակ է և բերում է միայն Լույս: Ամենը, ինչ դպրոցից չէ, ուրեմն բարի չէ: Սա էլ հենց Ճշմարտությունն է Դպրոցի: Անաստվածությամբ շնչող Դպրոցում Որբանում է միտքը, Խամրում է գեղեցկությունը, Արժեզրկվում է բարոյականությունը, Նեղմտում է գիտակցությունը, Նյարդայնանում է սիրտը, Գիտելիքը դառնում է ապրանք, Հիմարանում է կարեկցանքը, Կուրանում են աչքերը վիավորանքից, Տիրապետում է սեփականության զգացումը, Գերիշխում է խավարը: Ձեզ զայրացնո՞ւմ է հասարակության անբարո վիճակը, Դա անաստվածությունից է: Ձեզ ջղայնացնո՞ւմ է հեռուստաեթերից թափվող աղբը, Դա անաստվածությունից է: Ձեզ հունից հանո՞ւմ են Համացանցի մթամած տարածքները, նույնը՝ ամսագրերում, նույնիսկ՝ գրքերո՞ւմ: Դա անաստվածությունից է: Իսկ անհարգալից վերաբերմո՞ւնքը: Իսկ տհաճ տեսարաննե՞րը: Իսկ հանցագործությո՞ւնը: Իսկ թմրամոլությո՞ւնը: Իսկ մարմնավաճառությո՞ւնը: Իսկ հարբեցողությո՞ւնը: Իսկ գողությո՞ւնը: Այս ամենը անաստվածությունից են, խավարից են: Աղանդները, կեղծ մարգարեները, մոգերը և նրանցից թունավորված միլիոնավոր հոգիները, Սովը, չքավորությունը, զրկանքը, հուսահատությունը, Նվաճողական պատերազմները, ագրեսիվությունը, ավերակ դարձած եկեղեցիներն ու սինագոգները, մզկիթներն ու թանգարանները, դպրոցը, մշակութային արժեքները, Ամեն, ամենը անաստվածությունից են: Աթեիզմի ցանցում հայտված դպրոց: Մարդն առանց Ճշմարտության կորած մարդ է: Կեղծ Ճշմարտությամբ մարդը՝ չար ու վատ մարդ: Տվե՛ք ինձ ձեր շնորհը Ուսուցիչները խորհրդակցությունից հետո եկան հետևյալ եզրահանգման. որպեսզի կարողանան բարին սերմանել, հարկավոր է, որ սովորողները բացեն իրենց Սրտերը: Բայց ինչպե՞ս հասել դրան: -Գուցե գիտությո՞ւնը մեզ օգնի,- ասացին նրանք և սկսեցին հաճախել վերապատրաստման դասընթացների:


Այնտեղ պրոֆեսորը բացատրեց սկզբունքներ, մեթոդներ, ուսուցման ձևեր, խոսեցին նպատակի և կրթական մեթոդների մասին, ներկայացվեցին կրթական չափորոշիչներ, բարեփոխումների ծրագրեր: Հետո տվեցին մասնագիտական զարգացման վկայագրերն ու ասացին. «Խիզախե՛ք»: Ուսուցիչներն իրենց ստացած գիտելիքները կիրառեցին, բայց սովորողներն իրենց Սրտերը չբացեցին նրանց առաջ: -Մեզ չեն բավականացնում հոգեբանական գիտելիքները, -որոշեցին նրանք: Եվ շտապեցին ստանալ երկրորդ մասնագիտություն: Զինվեցին հոգեբանական հասկացություններով և սկսեցին դաս անել: Բայց սովորողները, միևնույն է, չէին բացում իրենց Սրտերը՝ թույլ չտալով ներս նայել: -Հավանաբար, կօգնի Արևմուտքը: Եվ հրավիրեցին «նոր կրթական տեխնոլոգիաների» մասնագետ արտասահմանցի փորձագետների: Նրանք ստանձնեցին մենթորի իրենց դերը՝ ուսուցանելով մշուշոտ «ինտերակտիվ տեխնոլոգիաներ», որոնք, ինչպես վստահեցնում էին, գերժամանակակից՝ անգամ ապագայից էին: Բայց այդ գերնորույթ համարվող տեխնոլոգիաները նույնպես չաշխատեցին: Տխրեցին ուսուցիչները, որ չեն կարողանում գտնել իրենց սովորողների Սրտերը տանող ուղին, որպեսզի բարու սերմը ցանեն: -Գուցե Մտածո՞ղը փրկի,-ասացին նրանք: Եվ գտան քարայրում նստած Մտածողին: -Օ՜, Մտածո՛ղ,-պաղատեցին նրանք,-մեզ ցույց տուր մեր սովորողների Սրտերը տանող ուղին, որպեսզի կարողանանք ցանել բարության սերմեր, թե չէ սերունդը գնալով դաժան է դառնում: Մտածողն ասաց նրանց. -Կասեմ՝ որն է սովորողների Սրտերը տանող ուղին, բայց դրա փոխարեն դուք ինձ պիտի տաք ձեր շնորհները: Ուսուցիչները նայեցին միմյանց. ի՞նչ շնորհ է իրենցից պահանջում Մտածողը: Այդժամ Մտածողն ասաց. -Եթե ինչ-որ մեկն ունի անհանգստություն, Տո՛ւր ինձ անհանգստություն, -Եթե ինչ-որ մեկն ունի զայրույթ, Տո՛ւր ինձ զայրույթ, Եթե ինչ-որ մեկն ունի դաժանություն, Տո՛ւր ինձ դաժանություն, Եթե ինչ-որ մեկն ունի կոպտություն, Տո՛ւր ինձ կոպտություն, Եթե ինչ-որ մեկն ունի կասկածներ, Տո՛ւր ինձ կասկածամտություն, Եթե ինչ-որ մեկն ունի ատելություն, Տո՛ւր ինձ ատելություն, Եթե ինչ-որ մեկն ունի չարություն,


Տո՛ւր ինձ չարություն, Եթե ինչ-որ մեկն ունի վախեր, Տո՛ւր ինձ վախկոտություն, Եթե ինչ-որ մեկը դավաճանում է, Տո՛ւր ինձ դավաճանություն, Եթե ինչ-որ մեկն ունի սնահավատություն, Տո՛ւր ինձ սնահավատություն, Եթե ինչ-որ մեկն ունի կպչուն մտքեր, Տո՛ւր ինձ մտասևեռունություն, Իսկ եթե տալիս եք մի բուռ վատ սովորություններ, Ես այն կընդունեմ որպես փոշոտ ու դատարկ զնգոցներ, Բայց չմոռանաք՝ ինչ արժանիք ունի նա Ում համար գոնե մեկ անգամ նվիրաբերվել է այս ամենը: Եվ այսպես, ես ընդունեցի ձեր Սրտի բոլոր արատները, Եվ այն դարձավ մաքուր: Ես Ձեզ բացում եմ Իմաստություն. Աշակերտի սիրտը տանող ուղին ուսուցչի մաքուր Սիրտն է: Հոգեկան էներգիա Մի ուսուցչի մոտ այս կամ այն մեթոդը, ուսուցման այս կամ այն ձևը ստացվում է, մյուսների մոտ՝ ոչ: Առաջինները եզրակացնում են` այդ մեթոդը, ուսուցման այդ ձևը լավն է: Մյուսներն էլ ասում են՝ դրանք բանի պետք չեն: Ո՞րն է խնդիրը: Ուսուցման ոչ մի մեթոդ, կրթական ոչ մի համակարգ չի կարելի գնահատել առանց այն իրականացնող ուսուցչի: Ուսուցչի ներքին բնույթը, հոգեկան աշխարհը կարող է ձգել երեխաներին, նրանց հոգեկան աշխարհը և երեխաները ընդունեն նրան՝ այդ ուսուցչին: Առաջանում է համատեղելիության նման մի բան: Սա այն է, ինչ չի տեղավորվում «մեթոդ», «ընդունելություն», «համակարգ», «ծրագիր» հասկացությունների մեջ: Այն, ինչի մասին խոսում ենք՝ ուսուցչի հոգեկան էներգիան է: Հենց այդ էներգիային էլ պիտի հարցնենք. «Էդ ինչպե՞ս է պատահում, որ երեխան հայտնվում է մանկավարժական բարերար ազդեցության տակ, հը՞ն»: Բայց հոգեկան էներգիան լինում է դրական և բացասական: Մանկավարժական մեթոդներն ու համակարգերը գտնվում են հոգեկան էներգիայի տիրույթում և դառնում են պիտանի կամ անպետք՝ կապված ուսուցչի դրական և բացասական էներգիայի բնույթից: Եթե դու ինձ օգնեիր… Հավատավոր մարդն իր շրջապատում տեսնում էր անհավատ մարդկանց և տառապում էր, որ նրանք իրենց հոգիները կործանում էին: Չկարողանալով տանել այդ ամենը՝ նա դարձավ ճգնակյաց: Տեղավորվեց քարայրում և սկսեց պաղատել Աստծոն. -Տե՛ր, այնպես արա, որ ամեն մի մարդ իր Սրտում տեսնի Քեզ՝ Աստծոն: Անցնում էին տարիներ, բայց նա Աստծոն իր աղոթքն էր ուղղում անհոգնել: Հասավ աշխարհից հեռանալու ժամանակը:


Հավաքելով իր վերջին ուժերը՝ նա աղոթեց. - Տե՛ր, այնպես արա, որ ամեն մի մարդ իր Սրտում տեսնի Քեզ՝ Աստծոն: Եվ իր ներսից լսեց ձայն. -Եթե դու Ինձ օգնեիր, որ գոնե մի մարդ իր Սրտում տեսներ Ինձ… Ասել է թե՝ «Հավատքն առանց գործերի մեռած է»: Աղբյուրը՝ Амонашвили Ш.А. Вера и любовь. М., 2009. Թարգմանիչ՝ Նունե Մովսիսյան

Amonachvili  
Read more
Read more
Similar to
Popular now
Just for you