Դեկտեմբեր 2012, #12 (12)

Page 61

Սարյան 11 Սարյան 11-ի դռնից ներս 83 տարին է բոլորել ՀՀ վաստակավոր արտիստ, ժողովրդական նկարիչ Սլավիկ Պարոնյանը: Թամանյանի նախագծի համաձայն՝ քաղաքի այս մասում միայն նկարիչներ ու ճարտարապետներ պետք է ապրեին: Հասարակ գյուղացուց մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ, մինիստրներ, նախագահներ, արվեստագետներ, ո՜վ ասես՝ չի մտել Սարյան 11-ի դռնից ներս՝ Անդրեյ Միրոնով, Լարիսա Գոլուբկինա, Պարույր Սևակ, Սիլվա Կապուտիկյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Սոս Սարգսյան, Ռաֆայել Իսրայելյան… Հենց Սարյան 11-ի դռան հետևում է, որ մի օր Անդրեյ Միրոնովը հերթական կերուխումի ժամանակ, երբ համտեսել է Սլավիկ Պարոնյանի տիկնոջ՝ բալետի պարուհի տիկին Անժելա Կապրիելովա Պարոնյանի պատրաստած թխեմալին ու բացականչել՝ Вы знаете что есть у меня? У меня есть друг Славик и тхемали…

Սարյան 13 Դռան՝ «Ճարտարապետ Վարազդատ Հարությունյան» ցուցանակը վկայում է Թամանյանի նախագծի հաջողման մասին: Այսինքն՝ Սարյան 11-ն ու Սարյան 13-ը բախտակից դռներ են և՛ տանտերերի մասնագիտությամբ, և՛ ընդունած հյուրերի թանկ անուններով:

Մհեր Մկրտչյան 6 Նախկին Ալավերդյան, Հանրապետության, հիմա արդեն Մ. Մկրտչյան 6-ի դռնից են ներս մտել ու կոմսոմոլ կամ կոմերիտական դարձած դուրս եկել խորհրդային Երևանի քաղաքացիները: 1950-ականներից դռան ներսում Չիթչյանների ընտանիքն է կյանք սկսել: Տանտիկնոջ ջանքերով դռան փայտյա կոպտությունը միայն ամռան սեզոնին է հնարավոր քողարկել փարթամ կանաչի տակ:

Պուշկինի 10 Ցավոք, Պուշկինի 10-ի դուռը շա՜տ ամուր էր փակված որևէ տեղեկություն հավաքելու համար: Չնայած ասում են, որ դռան ներսում ապրողներ կան:

Սասունցի Դավթի 50 «1930-ականներին մեր դուռը Մայակովսկի 50-նն էր, վերջերս դարձավ Ս. Դավթի 50: Բայց բոլորը որպես Բութանիա գիտեն: Ես 73 տարեկան եմ ու ինչքա՜ն հիշում եմ ՝ էս դուռը կա», — պատմում է Մարիամ տատը, — «Սա մշեցու դուռ ա, սա շեն, բայց ոչ հարուստ տան դուռ ա եղել միշտ: Դրա գաղտնիքն էն ա, որ էս դուռը երբեք փակ չի եղել ո՛ չ ներսից, ո՛չ էլ դրսից: Դռնից ներս հի՜ն թթի ծառ կա. ես եմ տնկել, երբ 5 տարեկան էի: Դռնից ներս ուրախ ու տխուր առիթներ շատ են եղել: 3 տղա եմ ունեցել: 3 հարս ու 6 թոռ եմ էս դռնից ներս բերել: Նամակների տեղը տեսա՞ք դռան վրա: Փոստատարը թաղի բոլոր նամակներն էն ժամանակ մեր դռնից էր ներս գցում, որովհետև մեր դռան ներսում միշտ մարդ կար: Մեր դռան ներսում ամուսնուս շնորհիվ, միշտ աղավնիներ են ճախրել: Էս դռան աղավնիներին ո՜ւր ասես, ո՜վ ասես՝ չի եկել-տարել նկարահանումների»:

Եզնիկ Կողբացու 50ա 1920-30-ականներին այս դռնից ներսուդուրս է արել «Հայհամերգը», իսկ 2-րդ համաշխարհայինի տարիներին եղել է զինվորական հոսպիտալի, ավելի ուշ՝ դպրոցի, հետո՝ ծննդատան դուռ: 1991-ից դուռը ծառայում է «ՍԻՄ» կուսակցությանն ու «Իրավունք» թերթին:

Մոսկովյան 24 1930-ականներին քաղաքական գործիչ, Երևանի քաղաքապետ Բադալ Մուրադյանը շատերից մեկն է եղել, ով բացել է այս դուռը: Նախկինում դուռը միայն բնակիչների, այսօր նաև գրասենյակի տերերի առաջ է բացվում: 30-ականներից մինչև հիմա դուռը մազաչափ փոփոխություն չի կրել:

Արամի 13 Տիկին Կլարան 1935թ. նորածին էր, երբ իր առաջ բացեցին նախկին Սպանդարյան, ներկայիս Արամի 13 հասցեում գտնվող այս դուռը: Ավելի վաղ դռան տեղում եղել է Ամո Խառատյանի ավտոտնակի դուռը կամ, ինչպես ժամանակակիցներն էին ասում, «Ամոյի գառաժը»: Ամոն թատերական գործիչ է եղել և 2 մեքենա է ունեցել, որոնք ծառայել են իր թատերախմբին: Ավելի ուշ «Ամոյի գառաժի» դուռը դարձել է տիկին Կլարայի պապիկի ձիանոցի դուռ:

Պուշկինի 4 Այսօր տիկին Էմման է բացում այս «սպիտակ տան» պատմության դուռը: 1898թ. մինչև հիմա դուռը ծառայել ու ծառայում է տարբեր տերերի: 1920-30 թթ. դռան հետ «դրացիություն է արել» ներկայիս բնակչուհի տիկին Էմմայի սկեսրայրը, նրանից առաջ՝ Բունիաթյանը և դերասանուհի Անիկ Մկրտչյանը: 1937-38 թթ. Բունիաթյանին հենց այս դռնից են աքսորել:

Սոնա Խաչատրյան Սուրեն Մանվելյան


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.